Հայաստանում կրթական ոլորտի խնդիրների մասին խոսվում էր դեռևս 2018 թ․ ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած հեղափոխությունը։ Քաղաքացիական հասարակության ոլորտի ներկայացուցիչների, փորձագիտական համայնքների ու միջազգային տարբեր կազմակերպությունների զեկույցներում նշվում էր մի շարք բարեփոխումների ու ոլորտային հիմնարար փոփոխությունների մասին։ Բարեվարքության խնդրին էին անդրադառնում մի շարք միջազգային կազմակերպություններ, ինչպես, օրինակ, Համաշխարհային բանկի SABER զեկույցում, որ հրապարակվել է 2019 թ․ հոկտեմբերին: Այնտեղ նշում էր, որ բարձրագույն կրթության ոլորտում առկա են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են բարձրագույն կրթության ռազմավարության բացակայությունը, բարձրագույն կրթության կառավարման տեղեկատվական համակարգերի առկայությունն ու դրանց չկիրառեիլությունը, բարեվարքության ու գրագողության հետ կապված խնդիրները և այլն (https://bit.ly/3yzNfld)։
Կրթության ոլորտում առկա բարեվարքության հետ խնդիրներին էր անդրադառնում նաև Բաց հասարակության հիմնադրամների զեկույցը (https://bit.ly/3bRdlq7)։
Սրանից զատ, հաճախ մատնանշվող խնդիրներից էր բուհերի քաղաքականացվածությունը, պրոֆեսորադասախոսական կազմի վրա ազդեցությունը, ինչպես նաև ոլորտային բարեփոխումների խիստ անհրաժեշտությունը։ Նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտում հրատապ անհրաժեշտություն կար ոլորտի արդիականացման ու աշխատաշուկայի հետ համագործակցությունների ու կապերի ստեղծման տեսանկյունից:
Բացի այդ, կարևոր խնդիրներից մյուսը կրթական այս աստիճանը սովորողների համար ավելի գրավիչ դարձնելն էր, շարունակականության ապահովումն ու ըստ անհրաժեշտության միջին մասնագիտական կրթության ու բարձրագույն կրթության միջև կապերի ամրապնդումը։
Չնայած բարձրագույն կրթության ոլորտում ռազմավարության ստեղծման մասին դեռևս հստակ որևէ բան հայտնի չէ (և տեսլականի հստակության տեսանկյունից սա խնդիր է), իսկ միջին մասնագիտական կրթության ոլորտում այն առկա է դեռ 2017 թ․-ից, կրթական այս երկու աստիճաններում բարեփոխումներ կատարվել ու կատարվում են թե՛ քաղաքականության մշակման, թե՛ օրենսդրական մակարդակներում։
Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտի բարեփոխումներ
Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտում առկա խնդիրներն անդրադառնում էին թե՛ բովանդակությանն ու գործընթացների կազմակերպմանը, թե՛ օրենսդրության ու քաղաքականության մշակմանը։
Բովանդակային տեսանկյունից կարևոր խնդիր էր համարվում այն հանգամանքը, որ միջին մասնագիտական կրթական հաստատություններում, ինչպես և կրթական այլ մակարդակներում հիմնական կրթական գործընթացը սահմանափակվում է տեսական գիտելիքի փոխանցմամբ՝ առանց փորձնական և փորձառական բաղադրիչի։
Հատկանշական է, որ աշխարհի շատ զարգացած երկրներում, ինչպես, օրինակ, Գերմանիայում, միջին մասնագիտական կրթությունը համարվում է տնտեսության շարժիչ ուժը, սակայն հայկական միջավայրում նախնական և միջին մասնագիտական կրթությունը դեռևս վերաարժևորման ու վերափոխման կարիք ունի։ Կրթության այս աստիճանն արդիականացնելու համար անհրաժեշտ են կապեր ու համագործակցություն աշխատաշուկայի հետ՝ ոչ միայն կրթությունից աշխատաշուկա անցումը հարթ կատարելու համար, այլ նաև բուն կրթական գործընթացում գործատուի մասնակցությունն ապահովելու համար։ Հենց այս նպատակով դեռևս 2017 թ.-ից ձեռնարկվեցին քայլեր դուալ կրթական համակարգը ներդնելու համար։
Այս ծրագիրը իրականացվել և իրականացվում է GIZ կազմակերպության աջակցությամբ։ Այս ծրագրի շրջանակում համագործակցություններ են հաստատվել մի շարք միջին մասնագիտական և արհեստագործական քոլեջների ու աշխատաշուկան ներկայացնող տարբեր կազմակերպությունների հետ։ Բացի այդ, համագործակցություն է հաստատվել նաև ՀՀ և տարբեր երկրների, օրինակ՝ Շվեյցարիայի միջև (https://escs.am/am/news/6056): 2020 թ. արդյունքներով 11 հաստատություններում իրականացվում են դուալ կրթության 13 երկարաժամկետ և 3 կարճաժամկետ դասընթացներ։ Ընդհանուր առմամբ, 700 ուսանող է ընդգրկված այդ ծրագրերում։
Կրթության շարունակականությունը խթանելու համար 2021 թ. ապրիլին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Համաձայն այս փոփոխության՝ մինչև 20 տարեկան ՀՀ քաղաքացին (մինչև 20 տարեկան դառնալու օրը), որը կրթություն է ստանում նախնական կամ միջին մասնագիտական կրթական հաստատությունում, կարող է մեկ անգամ տարկետում ստանալ (https://bit.ly/3bREQA1)։ Այս բարեփոխման հիմնական նպատակն է հնարավորություն տալ սովորողին ավարտել կրթական հաստատությունը (նախկինում տարկետումը տրվում էր մինչև 19 տարեկան անձանց):
Կրթության շարունակականությունը խթանող, միջին մասնագիտական ու բարձրագույն կրթությունն իրար կապող հաջորդ բարեփոխումը կապված էր ՄՄՈՒՀ-ում բարձր առաջադիմություն ունեցող սովորողների կրթությունը բուհում համապատասխան կրթությամբ շարունակելու հետ։ Այդ գործընթացը կանոնակարգող՝ ՀՀ կառավարության 2020 թվականի մայիսի 27-ի թիվ 856-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն՝ ՄՄՈՒՀ-ն ավարտող սովորողը, որն ունի «լավ» կամ «գերազանց» առաջադիմություն, 2020/2021 ուսումնական տարում կարող է կրթությունը շարունակել համապատասխան բուհի բաժնում: Ըստ վերը նշված կարգի դրույթների. ՄՄՈՒՀ բարձր առաջադիմություն ցուցաբերած (միայն «Լավ» և (կամ) «Գերազանց» գնահատականներ ունեցող) շրջանավարտները (այսուհետ` հավակնորդ) 2020/2021 ուսումնական տարում կարող են կրթությունը շարունակել բուհում՝ համապատասխան մասնագիտությամբ՝
1) եթե հավակնորդի ուսումնառած և նախընտրած մասնագիտության ուսումնական պլաններով նախատեսված առարկաների (մոդուլների) առարկայական տարբերությունների (առարկայական տարբերություն է համարվում նախընտրած մասնագիտության ուսումնական պլանով հաստատված, սակայն հավակնորդի կողմից չուսումնասիրված, չգնահատված առարկաների ժամաքանակների կամ մոդուլային ուսումնական ծրագրի բովանդակության համեմատությամբ առնվազն 30 և ավելի տոկոս կազմող տարբերությունը) քանակը չի գերազանցում 8-ը, ապա՝ ա. մինչև 2014 թվականը ՄՄՈՒՀ ընդունված հավակնորդների դեպքում՝ առկա կամ հեռակա ուսուցմամբ երկրորդ կուրսում,
բ. 2014 թվականից սկսված ՄՄՈՒՀ ընդունված հավակնորդների դեպքում` միայն հեռակա ուսուցմամբ երկրորդ կուրսում, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ բարձրագույն կրթության մասնագիտությունների գծով հեռակա ուսուցման կրթության ձևը նախատեսված չլինելու դեպքում՝ երկրորդ կուրսում` առկա ուսուցմամբ,
2) վճարովի հիմունքով` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնություններ ունեցող հավակնորդի` այդ նույն կարգով կրթությունը շարունակելու դեպքի» (https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142900)։
2020 թ. դեկտեմբերին ընդունվեց ՄՄՈՒՀ դասախոսների ու արտադրական ուսուցման վարպետների մրցույթով ընդունման կարգը։ Հարկ է նշել, որ նմանատիպ կարգավորում օրենսդրական դաշտում նախկինում չի եղել։ Համաձայն այս կարգի՝ մրցույթն անցկացվում է բանավոր` հարցազրույցի միջոցով, յուրաքանչյուր մասնակցի հետ առանձին` նախապես կազմված առաջադրանքներից, որոնք առնչվում են դասավանդվելիք առարկային (մոդուլին) և մանկավարժական գործունեությանը:
Հարցերի պատասխանները գնահատվում են «ճիշտ» կամ «սխալ» (https://bit.ly/3hHP8X8)։
Նախնական և միջին մասնագիտական կրթության հասանելիությունն ու մատչելիությունը ապահովվելու համար 2020-ի մայիս ամսին ԱԺ պատգամավորներ Մխիթար Հայրապետյանը, Նաիրա Զոհրաբյանը, Հարություն Բաբայանը հանդես եկան օրենսդրական նախաձեռնությամբ, որի նպատակն է հնարավորություն ընձեռել հիմնական ընդհանուր կրթությամբ դիմորդներին լիազոր մարմնի կողմից ուսումնական հաստատությանը հատկացված անվճար տեղերից ավել դիմորդների դեպքում ընդունվել ուսումնական հաստատություն` վճարովի ուսուցման համակարգ: Այս նախագծով սահմանվում է, որ այն մասնագիտությունները, որոնք պահանջված չեն աշխատաշուկայում կամ լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով, ապա հաստատությանը հատկացված անվճար տեղերից ավել դիմած դիմորդները հնարավորություն կունենան մասնագիտական կրթություն ստանալ վճարովի համակարգում (https://bit.ly/3bPs1WO):
ՄՄՈՒՀ տնօրենների ընտրության ընթացակարգի բարեփոխման շրջանակներում ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման դրեց ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգը հաստատելու մասին» N 1494-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ Այս կարգով որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել տնօրենների ընտրության գործընթացում, մասնավորապես՝ սահմանվել է, որ մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվում այն հավակնորդը, որը հավաքել է խորհրդի անդամների ընդհանուր թվի մեծամասնության կողմ ձայները (չնայած՝ գործող կարգով սահմանվում է, որ մրցույթի հաղթող է ճանաչվում այն թեկնածուն/թեկնածուները, որը/որոնք հավաքել էր/էին քվեարկությանը մասնակցած խորհրդի անդամների ընդհանուր թվի մեծամասնության կողմ ձայները։ Այս կարգը սովորաբար ստեղծում էր մի իրավիճակ, որի պատճառով ընտրվում էին երկու թեկնածուներ, և այդ դեպքում լիազոր մարմնի ղեկավարն էր լիազոր մարմինն այդ թեկնածուներից մեկին և նրա հետ էր կնքում պայմանագիր): Ներկայիս կարգով միայն մեկ թեկնածու է ընտրվում և/կամ ընդհանրապես չի ընտրվում, որի արդյունքում էլ հայտարարվում է նոր մրցույթ: Մյուս կարևոր փոփոխությունն այն է, որ ընտրության օրը դիտորդական առաքելությամբ մրցույթին կարող են մասնակցել զանգվածային լրատվության միջոցներն ու հասարակական կազմակերպությունները, նախապես՝ մինչև մրցույթի փաստաթղթերի հանձման վերջին օրը, դիմելով լիազոր մարմին՝ իրենց ներկայությունը հայտագրելու համար (https://bit.ly/2TiiWj3)։
Բարձրագույն և հետբուհական կրթության ոլորտի բարեփոխումներ
Բարձրագույն և հետբուհական կրթության ոլորտում 2018 թ.-ից օրենսդրական ու քաղաքական մակարդակում տեղի ունեցան տարբեր բարեփոխումներ։ Չնայած բարեփոխումների մշակման և հանրային քննարկումների փուլերին մասնակցում էին հանրության լայն շերտեր, սակայն քիչ չէր նաև դժգոհողների թիվը։
Բարձրագույն կրթության ոլորտում ամենախոշոր փոփոխությունը «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» օրենքի նախագիծն էր, որը բազմաթիվ հանրային քննարկումներից հետո հաստատվեց Ազգային ժողովի կողմից, սակայն նախագահ Արմեն Սարգսյանը, չստորագրելով այդ օրենքը, ուղարկեց այն Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանն այդ օրենքի համապատասխանությունը որոշելու համար (Սահմանադրական դատարանի եզրակացության հրապարակման համապատասխան նիստը կկայանա 20.07.2021): Չնայած օրենքը դեռևս ուժի մեջ չի մտել և դրված չէ կիրառման մեջ, բայց այն ունի ոլորտի համար նախատեսված մի շարք նորամուծություններ ու հիմքային փոփոխություններ: Մասնավորապես.
—Անցում կկատարվի բարձրագույն կրթության որակավորումների եռաստիճան համակարգին՝ բակալավր-մագիստրոս-դոկտոր։ Ներկայիս համակարգը երկաստիճան է, իսկ ասպիրանտական աստիճանը համարվում հետբուհական։ Այնինչ եվրոպական մի շարք երկրներում երրորդ աստիճանն ավարտողը արդեն իսկ ստանում է «դոկտորի կոչում»։ Օրենքի նախագիծը նախատեսում է ներկայիս ասպիրանտական ծրագրերի աստիճանական փոփոխություն՝ դրանք ընդգրկելով բարձրագույն կրթության համակարգում որպես որակավորման երրորդ՝ դոկտորական աստիճան (PhD)։ Սա էլ հնարավորություն կտա միջբուհական համագործակցություն իրականացնել ոչ միայն երկրի ներսում այլ նաև երկրից դուրս (https://www.e-draft.am/projects/2981)։
—բուհերի ուսումնառությունն առաջարկվում է իրականացնել լրիվ կամ մասնակի բեռնվածությամբ։ Ներկայումս կրթությունն իրականացվում է հեռակա և առկա տարբերակով։ Ուսանողին առաջարկվում է, որ նա ինքը կարգավորի իր ծանրաբեռնվածությունը` պայմանավորված ընդունակություններով, զբաղվածության աստիճանով և ֆինանսական հնարավորություններով:
—Կիրականացվեն օտար լեզուներով կրթական ծրագրեր ու դասընթացներ։ Ներկայիս օրենքը սահմանում էր, որ կրթությունը բուհերում պետք է լինի հայերենով, բացառությամբ այն դեպքերի, երբ օտար լեզուն կրթական ծրագրի մասնագիտական ուղղվածությունն է։ Սա հավելյալ խնդիր է հանդիսանում ՀՀ բուհերի միջազգայնացման համար։ Նոր օրենքով հայերենը՝ որպես հիմնական լեզու, շարունակում է պահպանվել, բայց առաջարկվում է որոշ դասընթացներ ու մոդուլներ դասավանդել օտար լեզուներով։
—Նոր օրենքով սահմանվում է նաև բուհերի հավատարմագրման նոր կարգ, որով բուհերի կրթական ծրագրերը պետք է անցնեն պարտադիր հավատարմագրում։ Ինչպես նաև երկու և ավելի բուհերին առաջարկվում է մշակել և հանդես գալ համատեղ ծրագրերով։
—Կառավարման արդյունավետությունը բարձրացնելու համար առաջարկվում է բուհերի կառավարման խորհուրդների կազմը սահմանափակել 12-ով։ 12-ից 6-ին առաջադրելու է բուհը (այդ թվում՝ մեկը ուսանող), իսկ մյուս 6-ը լինելու են գործարար շրջանակներից, հասարակական հատվածից, կրթության, գիտության և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներից։ Բացառվելու է պետական կամ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց ներառումը բուհի կառավարման խորհրդում (https://escs.am/am/news/7510)։
—Ընդունելության քննությունների մեջ պարտադիր է դառնալու «Հայոց լեզու» առարկան, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր մասնագիտության դեպքում սովորողը կամ ընդունվողը պետք է հանձնի քննությունը «Հայոց լեզու» առարկայից։
Շրջանառության ընթացքում օրենքի նախագծի վերաբերյալ նախարարության և Ազգային ժողովի կողմից բազմիցս կազմակերպվել են հանրային քննարկումներ, ինչպես նաև տարբեր շահառու խմբերի հետ առանձին հանդիպումներ: Օրինակ՝ ԿԳՄՍ նախարարը հանդիպումներ է ունեցել բուհերի ռեկտորների, առանձին բուհերի անձնակազմերի ու գիտական շրջանակը ներկայացնող անձանց հետ։ Դեռևս 2018 թ․ ապրիլ-մայիս ամիսներին կատարված փոփոխություններից առաջ և հետո բարձրագույն կրթության ոլորտում խնդիրներից մեկը տարկետման կարգի փոփոխության հետ էր կապված։ 2017 թ․ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ուսանողական ակցիաներ տեղի ունեցան, որոնք ուղղված էին տարկետման կարգի վերացման հետ (https://www.azatutyun.am/a/28983340.html)։
Որոշակի հանդիպումներից հետո 2018 թ․ հունվարին e-draft համակարգում տեղադրվեց վերանայված տարբերակը, որը, սակայն, ուներ բացեր։ Ըստ առաջարկված նախագծի՝ կրթության և գիտության նախարարի (2018 թ․-ին նախարարությունը դեռևս չէր վերակազմակերպվել) կողմից ձևավորվելու էր հանձնաժողով, որը պետք է եզրակացություն տար, թե ով էր արժանի տարկետում ստանալ, իսկ ով՝ ոչ: Ապա՝ արդեն այդ եզրակացության հիման վրա, կառավարությունը որոշում էր կայացնելու։ Այդ հանձնաժողովը կազմված էր լինելու 11 անդամից և գնահատելու էր թեկնածուներին 100 բալանոց համակարգով, իսկ տարկետում տրվելու էր պետության կողմից գերակա ճանաչված ոլորտներում։ 2018-ի ամառային զորակոչի ժամանակ կարգը, այնուամենայնիվ, գործարկվեց՝ որոշակի փոփոխություններ կրելով։ Սակայն 2020 թ․ ԿԳՄՍ նախարարությունը հանդես եկավ այդ կարգում փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ։ Ըստ այս նախագծի՝ կատարվելու էին հետևյալ փոփոխությունները․
—Քաղաքացիները հնարավորություն են ստանում տարկետում ստանալ գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումների համար։ Նախորդ կարգը սահմանում էր, որ առողջական խնդիրների պատճառով ստացված տարկետման ավարտից հետո միայն կարելի է դիմել նվաճումներով պայմանավորված տարկետման համար։ Կարգում փոփոխվել է այն դրույթը, որ եթե տարկետում տվող հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումների համար, ապա այն ուժի մեջ է մտնում մյուս տարկետման ավարտից անմիջապես հետո։
—Առաջարկվող նախագծով նույն կրթական ծրագրով տարկետում կտրվի օլիմպիադաներում նվաճումներ ունեցող կամ համապատասխան գիտական հոդվածների, գիտական զեկույցների և ՄՈԳ-ի գնահատման արդյունքում տարկետում ստացած քաղաքացիներին աշխարհի լավագույն 50 բուհերի ցանկում գտնվող որևէ հաստատություն ընդունվելու դեպքում։ Նախորդ կարգը սահմանում էր, որ յուրաքանչյուր կրթական ծրագրով ուսումնառության համար տարկետում կարող էր տրվել մեկ անգամ։
—Նախագծով առաջարկվում էր, որ տարկետում կտրվի նաև այն դեպքերում, երբ քաղաքացին սահմանված բուհերից մեկում ուսանելիս ընդունվում է ավելի բարձր վարկանիշ ունեցող կրթական հաստատություն (հետևելով համապատասխան ընթացակարգին` փաստաթղթերի հանձնում, հանձնաժողովի դրական եզրակացություն) (https://www.e-draft.am/projects/2232)։
Այս կարգը կառավարության կողմից հաստատվեց 2020 թ․ օգոստոսին (https://www.e-gov.am/gov-decrees/item/34568/):
Նախարարության առաջարկած փոփոխություններից մյուսը կապված էր ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության գործող կարգի վերանայման ու ներկայիս իրավիճակում համապատասխան դաշտի կարգավորման հետ։
—Համաձայն առաջ քաշված նախագծի՝ հայտագրումն ու փաստաթղթերի հանձնումը տեղի է ունենալու առցանց եղանակով՝ ընդունելության քննությունները կազմակերպող և անցկացնող Գնահատման և թեստավորման կենտրոնի կայքի միջոցով (այնինչ նախորդ կարգով փաստաթղթերը հանձնվում էին համապատասխան ընտրված բուհում, https://bit.ly/349iTbi)։
—Մյուս փոփոխությունը կապված է մասնագիտության հայտագրման հետ, ըստ որի՝ հայտագրումը կանցկացվի 2 փուլով՝ առաջին և երկրորդ, իսկ բուհերի ընդունելության մրցույթը՝ հիմնական և լրացուցիչ փուլերով։
—Կփոփոխվեն նաև հայտագրման ժամկետներն ու կարգը։ Կարգի մեջ փոփոխություններից մեկի համաձայն՝ մրցույթը կանցկացվի մեկ մասնագիտություն, մեկ բուհ սկզբունքով․ «Դիմորդն ընդունելության դիմում-հայտում պետք է լրացնի բուհերի բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով առկա ուսուցման մասնագիտությունների և ընդունելության քննությունների՝ ցանկով նախատեսված մեկ բուհի և մեկ մասնագիտության անվանումը, տվյալ մասնագիտությամբ սովորելու համար սահմանված ընդունելության քննությունները հանձնելով: Ընդունելության քննությունների հիմնական փուլի մրցույթի արդյունքները հաստատվելուց հետո, բուհերում թափուր տեղերի առկայության դեպքում, ընդունելության քննություններից դրական միավորներ ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները հուլիսի 19-26-ը կարող են մասնակցել լրացուցիչ՝ թափուր տեղերի մրցույթին՝ առցանց եղանակով լրացնելով դիմում-հայտ: Լրացուցիչ փուլի մրցույթը անցկացվում է մեկ կամ ավելի բուհի մինչև վեց մասնագիտության հայտագրմամբ, եթե տվյալ մասնագիտությունների առարկա(ներ)ից դիմորդն ունի դրական գնահատական(ներ) և այդ մասնագիտություններում (անվճար և վճարովի) առկա են թափուր տեղեր» (https://bit.ly/3ugLSV6)։
Սրանով փորձ է կատարվում խույս տալ պատահական կամ չնախատեսված սկզբունքով մասնագիտություններ ընտրելուց կամ տվյալ մասնագիտության սահմանված բաժինն ընդունվելուց։ 2021 թ․ ապրիլին նախագիծը հաստատվեց կառավարության կողմից (https://bit.ly/3ffvpfD)։
Այս փոփոխությունների հետ ուղիղ առնչություն ունեցող մյուս փոփոխությունը կապված է ընդունելության քննությունների հետ։ Դեռևս 2020 թ․ նոյեմբերին կառավարության կողմից հաստատվեց ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 2021/2022 ուսումնական տարվա մասնագիտությունների ու ընդունելության քննությունների ցանկը (https://bit.ly/3fFhLBJ): Փոփոխություն կատարվեց նաև այն մասնագիտությունների ընդունելության համար, որոնք պահանջում էին 3 մրցութային քննություն հանձնել։ Այդ մասնագիտությունների դիմորդներն այժմ կհանձնեն երկու քննություն՝ նախկին երեքի փոխարեն, որոնցից մեկը սահմանված է որպես պարտադիր առարկա, իսկ երկրորդ քննությունը դիմորդն առաջարկվող առարկաներից կընտրի իր ցանկությամբ (https://bit.ly/2SmhJqe)։ Ավելին, առանձնացվել են մասնագիտություններ, որոնց դիմորդները, վճարովի ուսուցման համակարգում թափուր տեղերի առկայության դեպքում, 2-րդ քննության գնահատականը կարողանալու են փոխանցել նախորդ աստիճանի ավարտական փաստաթղթից (ատեստատ կամ դիպլոմ)։
Աշխատող ուսանողների համար կրթության հասանելիությունն ապահովելու նպատակով 2020 թ․ մարտին Հարկային օրենսգրքում կատարվեց փոփոխություն, համաձայն որի՝ 2020/2021 ուսումնական տարուց սկսած՝ աշխատող ուսանողները կարող են ուսման վարձը վճարել եկամտահարկի հաշվին։ Փաստաթղթի նախագծային տարբերակում հստակեցված չէր, թե որ աստիճաններում է գործելու տվյալ կարգը, իսկ արդեն փոփոխված տարբերակում սահմանվեց, որ այս կարգից կարող են օգտվել ՀՀ կառավարության կողմից 2020 թ․ հունիսի 18-ի N 1035-Ն որոշմամբ հաստատված մասնագիտություններով առկա ուսուցմամբ, ՀՀ-ում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և օրդինատուրայի ուսանողները (https://bit.ly/3wlJ22K)։ Առանձնացվել են հետևյալ բնագավառները՝ ֆիզիկամաթեմատիկական գիտություններ, կենսաբանական գիտություններ, տեխնիկական գիտություններ, բժշկական գիտություններ, արվեստագիտություն, գիտություններ երկրի մասին (ամբողջական ցանկը տես՝ https://bit.ly/3ff7Zaj)։
2021 թ․ մայիսի 13-ին կառավարությունը հաստատել է գիտաշխատողի նվազագույն աշխատավարձը և գիտության ոլորտում աշխատողների վարձատրության նորմավորման սանդղակը։ Հաստատված սանդղակի համաձայն՝ 2022-2025 թթ․ նախատեսվում է աշխատավարձերի աստիճանական բարձրացում։ Աշխատավարձի բարձրացման համար դիտարկվելու է գիտնականների ատեստավորում (ատեստավորման կարգը կմշակվի ապագայում)։ Համաձայն կարգի՝ «գիտական կադրերի պաշտոնային դրույքաչափի նվազագույն չափի հաշվարկի համար որպես բազային աշխատավարձ 2022 թվականի հունվարի 1-ից կսահմանվի 66 հազար 140 դրամ, որի նկատմամբ կիրառելով համապատասխան գործակիցներ` տվյալ տարվա համար սահմանված գործակցի և բազային աշխատավարձի արտադրյալով կհաշվարկվի գիտական աշխատողների աշխատավարձը» (https://bit.ly/34bdqRh , https://bit.ly/3bPmHm6)։ Աղյուսակ 1․
Հարկ է նշել, որ 2010 թ․-ից ի վեր գիտաշխատողների բազային աշխատավարձի վերանայում տեղի չի ունեցել։
2021 թ․ ապրիլին հանրային քննարկման ներկայացվեց ևս մեկ նախագիծ՝ մի շարք պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների կառավարման խորհուրդների ձևավորման կարգը փոփոխելու վերաբերյալ։ Այս փոփոխությունը կապված է մասնավորապես 3 բուհերում (Երևանի պետական համալսարան, Շիրակի պետական համալսարան, Խ․ Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարան) առկա խնդիրները կարգավորելու և ճգնաժամային իրավիճակից դուրս գալու հետ։ Տվյալ նախագծով առաջարկվում է միասնականացնել հոգաբարձուների բոլոր խորհուրդների թվակազմը՝ սահմանելով այն «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով նվազագույն շեմին (20 հոգի) համապատասխան (ներկայումս այս թիվը որոշ դեպքերում 32, իսկ որոշներում 24 է)։ Համաձայն կարգի սահմանել հետևյալ անդամների բաշխվածությունը․ «հիմնադրի կողմից 55 տոկոս կամ 11 հոգի, պետական կառավարման լիազոր մարմնի կողմից` 10 տոկոս կամ 2 հոգի, բուհի պրոֆեսորադասախոսական կազմից՝ 10 տոկոս կամ 2 հոգի, ուսանողական համակազմի ներկայացուցիչներից՝ 25 տոկոս կամ 5 հոգի» (https://bit.ly/2TimSjP):
Տարբեր կառույցների/բուհերի կողմից հնչել են բողոքներ այս փոփոխության վերաբերյալ առ այն, որ փոփոխության արդյունքում պետության դերն ու ձայնը որոշիչ է դառնում կառավարման խորհրդում։ Սրան ի պատասխան՝ ԿԳՄՍ ներկայացուցիչների կողմից շեշտվել է այն փաստը, որ նախագծով փորձ է արվում պետության վրա դնել պատասխանատվություն՝ բուհերի հետագա զարգացման գործում նպաստ ունենալու տեսանկյունից։ Ավելին, այս բարեփոխումը գալիս է նվազեցնելու՝ բուհերի, որոշակի խմբերի շահարկումներին և շահերին ծառայելու փաստը, որը հանգեցնում է խորհուրդների նախագահների և ռեկտորների ընտրության գործընթացի արգելափակմանը։