2018 թ. ապրիլ-մայիսյան թավշյա հեղափոխությունից հետո տարբեր ոլորտներում ծավալվեցին քննարկումներ՝ բարեփոխումներ կատարելու և քաղաքականություններ մշակելու ուղղությամբ։ Կրթության ոլորտը ևս անմասն չմնաց թե՛ քննարկումներից, թե՛ սպասվող ու կատարվող բարեփոխումներից։ Այս բաժնում խոսելու ենք ֆորմալ կրթության 2 հիմնական աստիճանների՝ նախադպրոցական և հանրակրթական ոլորտների բարեփոխումներից և նախագծերից։ 

 

Նախադպրոցական կրթության ոլորտի բարեփոխումներ

Նախարարության կողմից նախադպրոցական կրթության ոլորտի բարեփոխումներին անդրադարձ կատարվեց ավելի ուշ (հանրակրթական ոլորտում տարբեր քննարկումներ ծավալվեցին և օրենսդրական նախաձեռնություններ մշակվեցին 2018-ի ամռանը)։ Դեռևս 2019 թ. սեպտեմբերին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը կառավարության հերթական նիստի ժամանակ հայտարարել էր, որ այս ոլորտում ևս առկա են խնդիրներ, և ավելացրել, որ «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը միտված էր հենց այս խնդիրների մի մասը լուծելուն։ 

Նախադպրոցական կրթության ոլորտի առաջին առաջարկվող բարեփոխումը կապված էր «Նախադպրոցական կրթության այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելների ներդրման» ծրագրի նախագծի հետ, որը հանրային քննարկման դրվեց 2018 թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին։ 2020 թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ԿԳՄՍ նախարարությունը հանդես եկավ վերոնշյալ նախագծի ավելի ընդարձակ տարբերակով, որի մեջ ներառվում էին ոչ միայն ծախսարդյունավետ մոդելները, այլ նաև դրանց ներդրումը։

2020 թ․ մայիսին ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը հանրային քննարկման էր դրվել ավելի վաղ՝ 2019 թ.-ի գարնանը։ Օրենսդրական այս փոփոխության արդյունքում սահմանվեցին տվյալ բնագավառում պետության քաղաքականության սկզբունքները, որոշակիորեն հստակեցվեցին նախադպրոցական ուսումնական հաստատությունների կազմակերպական-իրավական հնարավոր ձևերն ու ֆինանսատնտեսական հիմքերը, փորձ արվեց ապահովել բոլորի համար հավասար նախադպրոցական կրթության իրավունքի իրացումը և այլն։

2020 թ․ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին քննարկման ներկայացվեց նաև կառավարության՝ «Հայաստանի Հանրապետության նախադպրոցական կրթության ոլորտում համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման գործողությունների պլանը և ժամանակացույցը հաստատելու մասին» որոշման նախագիծը, որով համընդհանուր ներառականության գաղափարը պիտի տարածվի նաև նախադպրոցական կրթության վրա։ 

Ներկայումս ԿԳՄՍՆ-ի կողմից հանրային քննարկման են ներկայացվել «Հայաստանի Հանրապետության նախադպրոցական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորման կարգը սահմանելու մասին» ու «Պետական և համայնքային  նախադպրոցական  ուսումնական հաստատությունների վարչական, մանկավարժական և ուսումնաօժանդակ կազմի վարձատրության խմբերի դասակարգման չափանիշներն ու գործակիցները սահմանելու մասին» կառավարության որոշման նախագծերը (այս նախագծերը դեռևս գտնվում են հանրային քննարկման փուլում)։ Վերոնշյալ օրենսդրական և քաղաքականության փոփոխություններին զուգահեռ, 2021 թվականին մշակվեց և հանրային քննարկման հանձնվեց «Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով քայլ է կատարվում նախադպրոցական կրթությունը հանրակրթության և հանրակրթության պետական չափորոշիչների հետ կապելու ուղղությամբ։

 

Հանրակրթական ոլորտի բարեփոխումներ

2018 թ. մայիս-հունիս ամիսներին կրթության և գիտության նախարարության (հետագայում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍՆ)) կողմից հայտարարվեց, որ օպտիմալացման գործընթացը դադարեցվում է։ Հայտարարվեց կրթության ոլորտի ֆինանսավորման շեշտակի ավելացման և հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման բանաձևերի փոփոխության մասին (ֆինանսավորման նոր բանաձևի մասին որոշման նախագիծը հանրային քննարկման դրվեց  2020 թ. օգոստոսին)։ Oրենսդրական կարևոր նախաձեռնություններից մյուսը հանրակրթական ուսումնական հաստատությունների կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի ձևավորման կարգում հստակեցումների կատարումն էր, որի նպատակն էր ոչ միայն որոշարկել խորհուրդների իրավասությունների շրջանակը, այլ նաև առավել ազդեցիկ դարձնել դպրոցի մանկավարժների և սովորողների ծնողների ձայնը տնօրենի ընտրության գործընթացում։ Ի հավելումն սրան, նախարարությունը որոշում կայացրեց նաև փոփոխություններ կատարել տնօրենների ընտրության կարգի մեջ՝ համապատասխանեցնելով այն ՀՀ «Հանրակրթության մասին» օրենքին (այս որոշման նախագիծը հանրային քննարկման դրվեց e-draft կայքում 13.05.2019-ին)։ 2019 թ. օգոստոսին հայտարարվեց նաև ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման և նվազագույն աշխատավարձի շեմի բարձրացման մասին, որով սեպտեմբեր ամսից ուսուցիչների աշխատավարձը բարձրացվեց 10 տոկոսով, իսկ 2020-ի հունվարից նվազագույն աշխատավարձ էր սահմանվում 108,000 դրամը։

Դեռևս 2020 թ․ սեպտեմբեր ամսին նախարարությունը հանրային քննարկման դրեց ուսուցիչների կամավոր ատեստավորման համակարգի փորձնական ներդրման մասին կառավարության որոշման նախագիծը, իսկ 2021 թ․ հունվարին այն հաստատվեց կառավարության կողմից։ Այս ծրագրով նախատեսվում է բարձրացնել կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների աշխատավարձը։ Փոփոխություններ կատարվեցին նաև ուսուցիչների թափուր տեղի համար անցկացվող մրցույթի անցկացման կարգում։ Ինչպես նաև փոփոխություն կատարվեց ուսուցիչների տարակարգի շնորհման և որակավորման բնութագրիչների մեջ։

Նախարարության նախաձեռնությամբ վերանայվեց նաև հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում երկարօրյա ուսուցման կազմակերպման կարգը, որը հանրային քննարկման ներկայացվեց 2020 թ․ օգոստոսին և հաստատվեց նույն թվականի հոկտեմբերին։

2020 թվականին ԿԳՄՍՆ-ն հանրային քննարկման է դրել կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգը, որի նպատակն է ստեղծել երեխաների բացահայտման և ուղղորդման (կրթության մեջ ներառման) գործուն համակարգ, որը հենված կլինի բոլոր շահագրգիռ և պատասխանատու կառույցների համագործակցության վրա (որոշումն ընդունվել է 12/02/2021)։

Դեռևս 2018 թ․ ամռանը հայտարարվեց, որ կրթության ոլորտում սպասվող մեծ փոփոխություններից մեկը հանրակրթության ոլորտում պետական և առարկայական չափորոշիչների մշակումն ու վերջիններիս փիլիսոփայության փոփոխությունն է։ 2020 թ․ ամռանը հանրային քննարկման ներկայացվեցին թե՛ հանրակրթության պետական չափորոշիչը, թե՛ առարկայական չափորոշիչները (հանրակրթության պետական չափորոշիչը հաստատվեց 2021 թ․ փետրվարին, իսկ առարկայական չափորոշիչները դեռևս հաստատման փուլում են)։ Չափորոշիչների փոփոխության հետ է կապվում նաև հանրային մեծ հնչեղություն ստացած հանրակրթական ուսումնական հաստատություններում գնահատման նոր համակարգի ներդնումը, համաձայն որի՝ 1-ից մինչև 5-րդ դասարանի առաջին կիսամյակի սովորողները չեն ստանալու թվային գնահատական, այլ միայն՝ ձևավորող (ձևավորող (ուսուցանող) գնահատումն իրականացվում է սովորածը առավել ամրապնդելու, ուսուցանված թեմայի բացթողումները գրանցելու, դրանք շտկելու նպատակով: Ձևավորող գնահատումը միավորային չէ, բնութագրական և խոսքային է: Ձևավորող գնահատումը կիրառվում է թեմայի ուսումնասիրության ընթացքում և միավորային գնահատումից առաջ

Հանրակրթության ոլորտի քաղաքականության մշակման կարևոր նախաձեռնություններից էր պետական հանրակրթական ուսումնական հաստատության զարգացման ծրագրի պահանջների, մեթոդաբանության և ձևաչափի հաստատման մասին որոշումը, որը հանրային քննարկման դրվեց 2020 թ․ նոյեմբեր ամսին (նախագիծը հաստատվեց 2021 թ․ հունվարին)։

Հայաստանի Հանրապետությունում կրթական ոլորտի բարեփոխումների մասին (մասնավորապես՝ նախադպրոցական կրթության ոլորտի խոցելիության, բացթողումների, խախտումների, քաղաքականության և օրենսդրական բարեփոխումների բացակայության, հանրակրթության ոլորտում առկա մի շարք խնդիրների, այդ թվում՝ կոռուպցիայի, բարեվարքության, կրթության բովանդակության, մատչելիության և հասանելիության մասին) ահազանգում էին քաղաքացիական հասարակության տարբեր կազմակերպություններ, ներկայացուցիչներ, միջազգային կազմակերպություններ, ինչպես նաև այդ մտահոգություններն արտացոլված էին կատարված հետազոտություններում և տարբեր ինդեքսներում։ Դեռևս 2014 թ․-ին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից հրապարակված զեկույցում մատնանշված էին կրթության ոլորտում առկա այնպիսի բացեր ու հիմնախնդիրներ, ինչպիսիք էին.

  • դրամահավաքությունը, կրթական գործընթացում առկա և սովորողների նկատմամբ ցուցաբերվող տարբերակված մոտեցումը, կրթական հաստատությունների քաղաքականացվածությունը,
  • ներառական կրթության ոլորտում և ներդրման գործընթացում առկա բացերը ու խախտումներն ու թերի իրականացումը,
  • դպրոցների կոմունալ պայմանների բացակայությունը (ոչ միայն մարզերում, այլ նաև Երևանում),
  • հանրակրթական ուսումնական հաստատություններում տնօրենների ընտրության կարգի խնդրահարույց լինելը և այլն։
Ընդհանուր տեղեկություններ այնպիսի գործելակերպերի մասին,
որոնք համարվում են բարեվարքության խախտուﬓեր կրթության ոլորտում:
(Նախադպրոցական կրթության բարեվարքությունը Հայաստանում․ INTES գնահատում)
Կրթության իրավունքի հասանելիության և հավասարության հիմնախնդիրները ՀՀ հանրակրթության ոլորտում

Կրթության ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերին, բարեվարքության, հասանելիության և մատչելիության խնդիրներին էին անդրադառնում նաև Բաց հասարակության հիմնադրամների և գործընկեր կազմակերպությունների կողմից հրապարակված մի շարք զեկույցներ։

ՀՀ կրթության զարգացման 2011-2015 թթ. պետական ծրագրում անդրադարձ էր կատարվում կրթության ոլորտում առկա մի շարք խնդիրների, որոնցից էին. 

Ըստ կրթության համակարգի արդյունավետության ցուցանիշների` էական տարբերություններ կան մարզերի միջև: Առավել խոցելի են Սյունիքի, Վայոց ձորի և Արագածոտնի մարզերը, որը պայմանավորված է այդ մարզերում փոքրակազմ դպրոցների մեծ թվով: Այս հանգամանքը հանգեցնում է նշված մարզերում մեկ աշակերտի համար կատարվող ծախսի զգալի մեծացմանը` մյուս մարզերի համեմատ: Տարածքների համաչափ զարգացման նպատակով անհրաժեշտ է մշակել համահարթեցման հասցեական քաղաքականություններ:
  • կրթության ոլորտի մատչելիության և հասանելիության հատվածում ամենախոցելին համարվում էր նախադպրոցական կրթությունը (մոտ 400 համայնքում չկային նախադպրոցական կրթական հաստատություններ),
  • սոցիալապես անապահով կամ աղքատ և ոչ աղքատ բնակչության ընդգրկվածությունը անհավասար էր ավագ դպրոցում (ինչն էլ հանգեցնում էր կրթությունից դուրս մնացող երեխաների թվի աճին),
  • ներառական կրթության ներդրման ոլորտում առկա էին բացեր,
  • մանկավարժական կադրերի կրթական որակի խնդիրը (այնինչ նույն ծրագրում նշվում էր, որ մանկավարժների պակաս, քանակական առումով, չկար),
  • ֆինանսական հատկացումների նվազումը։            

Այսպիսով, ակնհայտ է, որ առկա խնդիրներին պետք էր տալ համակարգային լուծում՝ համագործակցելով քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, հաշվի առնելով նրանց կատարած հետազոտություններն ու դրանց արդյունքները։ Վերոնշյալ խնդիրներին համակարգային լուծումներ տալու անհրաժեշտության մասին ավելի շատ խոսվեց 2018-ի ապրիլ-մայիս ամիսներից հետո, երբ նախկինում քաղաքացիական հասարակության ակտիվ ներկայացուցիչները, որոնք բարձրաձայնում էին ոլորտային խնդիրների մասին, տեղ զբաղեցրին որոշումների կայացման սանդղակի առավել բարձր դիրքերում։

 

Նախադպրոցական ոլորտի բարեփոխումներ

Կրթության ոլորտում առկա խնդիրներից անմասն չէր մնում նաև նախադպրոցական կրթության ոլորտը։ Այս ոլորտում քաղաքական և օրենսդրական բարեփոխումների առաջին ալիքի մասին հայտարարվեց 2019 թ.-ին: Առաջին նախագծով առաջարկվում էին նախադպրոցական կրթության այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելների ներդրման տարբերակներ՝ նպատակ ունենալով նախադպրոցական կրթությունը հասանելի դարձնել նաև հասարակության խոցելի խմբերի համար (ծրագիրը ստեղծվել էր Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակի, «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության և «Աստղացոլք» ՀԿ-ի համատեղ կատարված ծրագրի օրինակի վրա, որով հնարավորություն էր ստեղծվում ընդլայնել նախադպրոցական կրթության մեջ երեխաների ընդգրկվածությունը և ստեղծել նախադպրոցական կրթության ծախսարդյունավետ մոդելներ ու մեխանիզմներ)։ Վերոնշյալ ծրագրով առաջարկվում էին հինգ ծախսաարդյունավետ մոդելներ, որոնք ունեին նաև հաշվարկված բյուջե հիմնադրման և պահպանման համար (մանրամասները՝ այստեղ

Այնուամենայնիվ, հանրային քննարկման դրված փաստաթուղթը լրամշակման ենթարկվեց, քանի որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն ու կազմակերպություններն իրենց մտահոգությունն էին հայտնել այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք էին առաջարկված մոդելների լիցենզավորումը, մոդելների միջև եղած տարբերությունների հստակեցումը, չափորոշիչ-մոդել կապի հստակությունը և այլն։ Այս նախագիծը երկրորդ անգամ լրամշակված տարբերակով ևս մեկ անգամ դրվեց հանրային քննարկման 2020 թ.-ին, որն էլ և հաստատվեց նախարարության կողմից։ Ըստ այս կարգի՝ առանձնացվեցին 8 հիմնական մոդելներ՝ հաշվի առնելով երեխաների տարիքային խմբերը, երեխաների քանակը, համայնքի խոշորացված լինել-չլինելը (մանրամասները՝ այստեղ).

Տարբերակ 1. Ծառայությունները 3,5-4 ժամ տևողությամբ են, առանց ցերեկային քնի ապահովման: Խմբում երեխաների առավելագույն քանակը` 30։ Նպատակահարմար է կիրառել, եթե բնակավայրում առկա է գործող համայնքային հաստատություն (համայնքապետարան, մշակույթի կենտրոն)։

Տարբերակ 2. 8 ժամյա ծառայությունը կիրառելի է, եթե երեխաների թիվը փոքր է՝ 15-20 երեխա, և համայնքն ունի միջոցներ ամբողջ օրով նախադպրոցական կրթություն տրամադրելու համար։

Տարբերակ 3. 4-4,5 ժամ տևողությամբ ծառայությունը կիրառելի է, եթե համայնքում երեխաների թիվը մինչև 15 է, և չկա մյուս մոդելներն իրականացնելու հնարավորություն։ Նպատակահարմար է կիրառել, եթե բնակավայրում առկա է համապատասխան պայմաններ ունեցող տուն։ Համայնքը կարող է համակարգել մինչև 3 տան պայմաններում մատուցվող ծառայությունը։

Տարբերակ 4. 8 ժամ տևողությամբ ծառայությունը կիրառելի է, եթե նախադպրոցական կրթական ծառայության կազմակերպման համար համայնքն ունի միջոցներ, սակայն չունի համապատասխան շինություն։ Նպատակահարմար է կիրառել, եթե համայնքում առկա է մինչև 15 երեխա ընդունելու համար նախատեսված տուն։

Տարբերակ 5. Կիրառելի է բացառապես խոշորացված բազմաբնակավայր համայնքներում՝ տվյալ համայնքում արդեն գործող նախադպրոցական ուսումնական հաստատության` համապատասխան բնակավայրում մասնաճյուղ ստեղծելու միջոցով, կամ առանց որևէ մասնաճյուղ ստեղծելու կամ իրավաբանական անձի վերակազմակերպում իրականացնելու՝ համայնքի տարբեր բնակավայրերում գործունեություն իրականացնելու միջոցով:

Տարբերակ 6. Դպրոցներում 1-ամյա նախադպրոցական կրթական ծրագրերի իրականացում 5-6 տարեկանների համար: Այս դեպքում դպրոցի դասասենյակներից մեկը կվերածվի նախադպրոցական խաղասենյակ-դասարանի:

Տարբերակ 7. Դպրոցներում երեքամսյա նախապատրաստական նախադպրոցական կրթական ծրագրերի իրականացում՝ 5-ից 6 տարեկան երեխաների համար:

Տարբերակ 8. Նպատակահարմար է, եթե համայնքի երեխաների թիվը մինչև 15 է, և նախադպրոցական կրթությունը կազմակերպելու համար կա մասնագետների խնդիր։ Ենթադրում է, որ մասնագիտական թիմը 1 օրվա ընթացքում առնվազն 2-3 համայնքում կմատուցի նախադպրոցական ծառայություններ։

Նախադպրոցական կրթության ոլորտում իրականացված հաջորդ բարեփոխումն առնչվում էր «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքին։ 2019 թ. գարնանն օրենքի նախագիծը, որով գործող օրենքն ամբողջությամբ շարադրվում էր նոր խմբագրությամբ, դրվեց հանրային քննարկման, և 2020 թ. մայիսին ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց այն։ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ԱԺ-ում քննարկման ժամանակ նշել էր, որ ակնկալվող փոփոխություններն իրենց տեսակի մեջ հեղափոխական են և վերաիմաստավորելու են նախադպրոցական կրթության ոլորտը։ Սույն օրենքի շրջանակներում և արդյունքում (մանրամասները՝ այստեղ).

  • Սահմանվում են նախադպրոցական կրթության տարիքային խմբերը՝ 0-ից մինչև 2 տարեկան (վաղ մանկության տարիք), կրտսեր նախադպրոցական տարիք` 2-ից մինչև 4 տարեկան, միջին նախադպրոցական տարիք՝ 4-ից մինչև 5 տարեկան, ավագ նախադպրոցական տարիք` 5-ից մինչև 6 տարեկան,
  • ստեղծվում են համապատասխան պայմաններ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ներառման համար՝ ամրագրելով և ներդնելով համընդհանուր ներառականության սկզբունքը,
  • վերանայվում են ՆՈՒՀ-ում սննդի կազմակերպմանը և բուժսպասարկմանը վերաբերող հոդվածները,
  • շեշտադրվում է նախադպրոցական կրթության դերը՝ որպես ծնողավարման հմտություններ փոխանցող ոլորտ,
  • հստակեցվում են նախադպրոցական կրթության ոլորտում տարբեր մարմինների լիազորություններն ու գործառույթները, ինչը էապես կնպաստի ոլորտի համակարգված գործառնությանը,
  • ներդրվում են համապատասխան մեխանիզմներ կադրերի շարունակական վերապատրաստման և ոլորտի չափորոշիչների ներդրման ու որակի ապահովման համար, 
  • գործարկվում է ներքին և արտաքին գնահատումը։ 

Սույն օրենքը նախատեսում է կապ ստեղծել հանրակրթական համակարգի հետ՝ հարմարեցնելով նախադպրոցական կրթությունը հանրակրթականի հետ։ Օրենքը ամբողջությամբ կիրարկելու համար նախարարությունը համագործակցելու է նաև միջազգային կազմակերպությունների հետ։

Այս փոփոխությանը զուգահեռ, 2020 թ. աշնանը ներկայացվեց նախագիծ, որով հաստատվում են նախադպրոցական կրթության ոլորտում համընդհանուր ներառականության համակարգի ներդրման պլանն ու ժամանակացույցը։ Համաձայն այս պլանի և ժամանակացույցի՝ մինչև 2023 թվականը ՀՀ-ում նախադպրոցական կրթության ոլորտում նախատեսվում է ներդնել ամբողջական ներառականության սկզբունքը (մանրամասները՝ այստեղ

 

 

Հաստատության անձնակազմի ամսական աշխատավարձային ֆոնդը (ԱԱֆ-ն) հաշվարկվում է Կառավարության կողմից սահմանված պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների վարչական, մանկավարժական և ուսումնաօժանդակ կազմի վարձատրության խմբերի դասակարգման չափանիշներին համապատասխան՝ Հաստատության վարչական, մանկավարժական և ուսումնաօժանդակ կազմի վարձատրության խմբերի մեկ դրույքի համար բազային աշխատավարձի նկատմամբ կիրառելով հետևյալ գործակիցները․

Ներկայում նախարարության կողմից հանրային քննարկման է հանձնվել 2 նախագիծ, որոնցից առաջինը պետք է կարգավորի նախադպրոցական ուսումնական հաստատությունների` մեկ սանի հաշվարկով ՀՀ պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման հետ կապված հարաբերությունները, այդ թվում՝ կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների ապահովման համար անհրաժեշտ ֆինանսավորման բարձրացված չափաքանակը (մանրամասները՝ այստեղ)։ Այդ նախաձեռնության կարևորությունն այն է, որ մինչ այս չեն եղել միասնական իրավակարգավորումներ, և ուսումնական հաստատությունները նույն ծառայությունը մատուցելիս ստացել են միմյանցից տարբերվող ֆինանսավորում։ Սա էլ, իր հերթին, կապված է նրա հետ, որ նախադպրոցական ուսումնական հաստատությունները հիմնականում գործում են համայնքների ենթակայությամբ, իսկ համայնքներն էլ, իրենց հերթին, ունեն սահմանափակ ֆինանսական հնարավորություն։ Ներկայում ֆինանսավորման կարգը սահմանվում է երկու հիմանական ձևով.

  1. երեխաների փաստացի միջին հաճախումների թիվը,
  2. հաստատության տարիֆիկացիայով հաստատված պլանային թիվը։

 Նախագիծն առաջարկում է ՆՈՒՀ-ի ֆինանսավորումը կատարել հետևյալ բանաձևով. 

ՀՏֆ = (ԱԱֆ + ԲԼլ) x 12 + Պծ + ՍԳ

որտեղ՝ ՀՏֆ-ն հաստատության տարեկան ֆինանսավորման չափն է, ԱԱֆ-ն հաստատության անձնակազմի ամսական աշխատավարձային ֆոնդն է, ԲԼլ-ն բարձրլեռնային բնակավայրերի շարքին դասվող բնակավայրերում տեղակայված հաստատությունների աշխատողներին բարձրլեռնային վայրերում աշխատելու համար տրվող լրավճարն է, Պծ-ն հաստատության պահպանման տարեկան ծախսերն են, ՍԳ-ն սննդի տարեկան գումարն է:

Նախադպրոցական հաստատության անձնակազմի ամսական աշխատավարձի ֆոնդը հաշվարկվում է կառավարության սահմանած պետական և համայնքային նախադպրոցական հաստատությունների վարչական, մանկավարժական և ուսումնաօժանդակ կազմի վարձատրության չափանիշներին համապատասխան՝ մեկ դրույքի բազային աշխատավարձի նկատմամբ կիրառելով 1-1․3 գործակիցներ:

Վարչական, մանկավարժական և ուսումնաօժանդակ կազմի վարձատրության մեկ դրույքի համար բազային աշխատավարձը հաշվարկվում է 93,300 ՀՀ դրամ: 5 և ավելի խումբ ունեցող հաստատության տնօրենի մեկ դրույք աշխատավարձի համար կիրառելի են 1․15, իսկ 10 և ավելի խումբ ունեցողի համար՝ 1․3 գործակիցները: 10 և ավելի խումբ ունեցող հաստատության գլխավոր հաշվապահի և բուժքույրի մեկ դրույք աշխատավարձի համար կիրառելի է 1․15 գործակիցը։

Իսկ բարձր լեռնային բնակավայրերի համար առաջարկվում է նախատեսել լրավճար: 

Երկրորդ նախագիծը, որը դրվեց հանրային քննարկման 2021 թ. մարտին, «Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծն էր, որի անհրաժեշտությունն առաջացավ հանրակրթության պետական չափորոշիչների հաստատումից հետո։ Ըստ փաստաթղթի՝ բարեփոխման ակնկալվող արդյունքը հետևյալն է. «Նորացված չափորոշիչները հնարավորություն կտան թե՛ վաղ մանկության զարգացման ոլորտին առնչվող տարբեր մասնագետներին, թե՛ ծնողներին նախադպրոցական տարիքի երեխաների աճի, զարգացման և կրթության համար ողջամիտ և հիմնավոր ակնկալիքներ ունենալ, որոնք հիմնված կլինեն ավելի վավեր և հուսալի չափորոշիչների վրա» (մանրամասները՝ այստեղ)։ Հատկապես կարևոր է, որ տվյալ փաստաթուղթը և դրա ճիշտ կիրառումը կնպաստի նախադպրոցական կրթական գործընթացների որակի և արդյունավետության գնահատմանը։ 

 

Հանրակրթության ոլորտի բարեփոխումներ

Հանրակրթության ոլորտի խնդիրները շեշտվում էին և դրանց անդրադարձ կատարվում էր թե՛ հեղափոխությունից առաջ, թե՛ հեղափոխությունից հետո։ Հատկապես կարևոր է այն հանգամանքը, որ հանրակրթության ոլորտը մշտապես գտնվում էր քաղաքացիական հասարակության ուշադրության կենտրոնում։ 

2018 թվականին՝ հեղափոխությունից հետո, հանրակրթության ոլորտը և դրանում առկա խնդիրները թիրախավորվեցին նաև նախարարության կողմից։ Առաջին քննարկումներն ընթացան դպրոցների օպտիմալացման վերաբերյալ․ նախարարությունը հայտարարեց, որ ամբողջությամբ դադարեցվում է հանրակրթական դպրոցների օպտիմալացման գործընթացը։

Հիշեցնենք, որ այս գործընթացը սկսվել էր 2017 թ. մայիսի 17-ին կառավարության հերթական նիստի ընթացքում՝ ազդարարելով, որ քաղաքի և մարզերի տարբեր համայնքներում որոշակի դպրոցներ փակվելու են։ Հարկ է նշել, որ կառավարությունն ուղիղ կերպով չէր հայտարարում, որ դպրոցները փակվելու են, այլ ներկայացնում էր դա որպես վերակազմակերպման գործընթաց (օպտիմալացումը ենթադրում էր դպրոցներում ադմինիստրատիվ, տնտեսական և մանկավարժական անձնակազմի կրճատում)։ Համաձայն այս որոշման, նախատեսվում էր, որ առաջիկայում միավորվելու են քաղաքներում գործող մինչև 300 աշակերտ ունեցող դպրոցները, իսկ հետագայում՝ նաև մինչև 450 աշակերտ ունեցող քաղաքային դպրոցները: Հայաստանում մինչև 300 աշակերտ ունեցող 985 դպրոց կա, ինչը առկա ընդհանուր 1421 դպրոցի շուրջ 70 տոկոսն է կազմում (մանրամասները՝ այստեղ):

Այս որոշումը հակասության մեջ էր ոչ միայն տեղական օրենքների՝ կրթության մասին օրենքի, ՀՀ կրթության զարգացման 2011-2015 թթ. պետական ծրագրի դրույթների, այլ նաև ՀՀ-ի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների հետ (մասնավորապես, Կրթության բնագավառում խտրականության դեմ կոնվենցիայի առաջին հոդվածն արգելում է որևէ անձի կամ անձանց խմբի՝ ցանկացած տեսակի կամ մակարդակով կրթություն ստանալու հնարավորությունից զրկելը, ինչպես նաև կրթությունը ցածր ստանդարտով սահմանափակելը)։ Հեղափոխությունից հետո նախարարության ներկայացուցիչները հայտարարեցին, որ օպտիմալացման գործընթացը դադարեցվում է, իսկ դպրոցները ստանում են նաև այլ գործառույթներ (նշվում էր, որ դպրոցները դառնալու են նաև համայնքի համայնքային կենտրոնները՝ կենտրոնացնելով այնտեղ որոշակի գործառույթներ)։

Հանրակրթության ֆինանսավորման բանաձևը ևս խնդրահարույց էր. այն կարգը, որով պետական ֆինանսավորում էին ստանում հանրակրթական ուսումնական հաստատությունները, սահմանվում էր աշակերտների թվով և խնդիրներ էր ստեղծում մասնավորապես փոքր, թերկոմպլեկտավորված դպրոցների դեպքում։ 2019 թ. հուլիս-օգոստոս ամիսներին նախարարությունը հանրային քննարկման ներկայացրեց դպրոցների ֆինանսավորման բանաձև՝ դպրոցների ծախսերի պլանավորման համար: Նախագծի հիմնավորման մեջ նշվում էր. «Դասարանի փոքր միջին խտություն ունեցող դպրոցների համար պլանավորված միջոցները չեն համապատասխանում հանրակրթական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ կարիքներին: Ընդ որում, 10-ից փոքր դասարանի միջին խտություն ունեցող դպրոցները կազմում են ընդհանուր դպրոցների թվի շուրջ 30 տոկոսը: Միաժամանակ, մեծաթիվ աշակերտական համակազմ ունեցող դպրոցները ստանում են իրենց փաստացի ծախսերը զգալիորեն գերազանցող գումար, ինչը ստեղծում է անհավասար պայմաններ: Դպրոցների ֆինանսավորման բանաձևի վերանայումը պայմանավորված է նշված խնդիրների կարգավորման և հանրային միջոցների թափանցիկ, արդյունավետ և արդարացի բաշխման անհրաժեշտությամբ»:

Այս նախագծով առաջարկվում էր ֆինանսավորման հետևյալ բանաձևը. մինչև 73 սովորող ունեցող տարրական, մինչև 163՝ հիմնական, մինչև 208՝ միջնակարգ հանրակրթական դպրոցները և մինչև 136 սովորող ունեցող վարժարանները և ավագ դպրոցները՝

Ըգ = Սթ x Սգ1 + (ՏԴթ x ՏԴր + ՄԴթ x ՄԴր + ԱԴթ x ԱԴր) x ՈՒՆա x 12 + ՀԴծ.

73 և ավելի սովորող ունեցող տարրական, 163 և ավելի՝ հիմնական, 208 և ավելի՝ միջնակարգ հանրակրթական դպրոցները և 136 և ավելի սովորող ունեցող վարժարանները և ավագ դպրոցները՝

Ըգ = Սթ x Սգ2 + ՀԴծ,

որտեղ`

Ըգ-ն մեկ տարվա համար դպրոցին հատկացվող ընդամենը գումարն է,

Սթ դպրոցի սովորողների թիվն է,

Սգ1, Սգ2-ը մեկ սովորողին ընկնող տարեկան գումարն է,

ՏԴթ-ն, ՄԴթ և ԱԴթ համապատասխանաբար՝ տարրական, միջին և ավագ դպրոցում դասարանների թիվն է,

ՏԴր-ն, ՄԴր և ԱԴր-ն համապատասխանաբար՝ տարրական, միջին և ավագ դպրոցում միջին հաշվով մեկ դասարանին ընկնող ուսուցչական դրույքների թիվն է՝ համաձայն հանրակրթական դպրոցի օրինակելի ուսումնական պլանի,

ՈՒՆա ուսուցչական մեկ դրույքի համար սահմանված նվազագույն աշխատավարձի չափն է,

ՀԴծ-ն համադպրոցական ծախսն է, որը ներառում է հաստատության պահպանման ծախսերը և ոչ ուսուցչական անձնակազմի աշխատավարձի տարեկան ծախսերը» (մանրամասները՝ այստեղ):

Այս նախագծի վերաբերյալ որոշակի մտավախություններ հնչեցին, մասնավորապես՝ ինչպե՞ս է միայն ԿԳՄՍ նախարարությունը կարողանալու կատարել իր վրա դրվող պարտականությունները՝ հանելով այն Ֆինանսների նախարարության պարտավորությունների շրջանակից, ինչպե՞ս է բալանսավորվել ֆինանսավորումը փոքր, միջին  և մեծ դպրոցներում՝ նույնիսկ բանաձևի գործարկումից հետո և այլն։ 

2020 թ․ օգոստոսին նախարարությունը հանրային քննարկման դրեց ֆինանսավորման նոր բանաձև, որը ուժի մեջ է մտնելու 2021-ի հունվարից.

«Ըգ = Սթ x Սգ1 + (ՏԴթ x ՏԴր + ՄԴթ x ՄԴր + ԱԴթ x ԱԴր) x ՈՒՆա x 12 + ՀԴծ, 

որտեղ`

Ըգ-ն մեկ տարվա համար հաստատությանը հատկացվող ընդամենը գումարն է,

Սթ-ն հաստատությունում սովորողների թիվն է,

Սգ1-ը մեկ սովորողին ընկնող տարեկան գումարն է, 27,506.3 դրամ

ՏԴթ-ն, ՄԴթ-ն և ԱԴթ-ն համապատասխանաբար՝ տարրական, միջին և ավագ դպրոցներում դասարանների թիվն է,

ՏԴր-ն, ՄԴր-ն և ԱԴր-ն համապատասխանաբար՝ տարրական, միջին և ավագ դպրոցներում միջին հաշվով մեկ դասարանին ընկնող ուսուցչական դրույքների թիվն է՝ համաձայն հաստատության օրինակելի ուսումնական պլանի,

ՏԴր=1.1136, ՄԴր=1.4909,  ԱԴր=1.5455

ՈՒՆա-ն ուսուցչական մեկ դրույքի համար սահմանված նվազագույն աշխատավարձի չափն է՝ 108,800 դրամ

ՀԴծ-ն համադպրոցական ծախսն է, որը ներառում է հաստատության պահպանման ծախսերը և, աշակերտների թվից ելնելով, ոչ ուսուցչական անձնակազմի (այդ թվում՝ մանկավարժական հաստիքների) աշխատավարձի տարեկան ծախսերը։

73 և ավելի սովորող ունեցող տարրական, 163 և ավելի սովորող ունեցող հիմնական, 208 և ավելի սովորող ունեցող միջնակարգ հանրակրթական դպրոցների և 136 և ավելի սովորող ունեցող վարժարանների ու ավագ դպրոցների դեպքում՝

Ըգ = Սթ x Սգ2 + ՀԴծ,

որտեղ՝

Ըգ-ն մեկ տարվա համար հաստատությանը հատկացվող ընդամենը գումարն է,

Սթ-ն հաստատությունում սովորողների թիվն է,

Սգ2-ը մեկ սովորողին ընկնող տարեկան գումարն է,

ՀԴԾ-ն` մինչև 100 սովորող ունեցող դպրոցների համար` 14,273.2 հազ. դրամ, 101-ից մինչև 300 սովորող ունեցող դպրոցների համար` 17,224.8 հազ. դրամ, 301 և ավելի սովորող ունեցող դպրոցների համար` 22,374.0 հազ. դրամ:

Որպես դպրոցի սովորողների թիվ (Սթ) և դասարանների թիվ (ՏԴթ, ՄԴթ, ԱԴթ) ընդունվում է սովորողների և դասարանների փաստացի թվաքանակը 2020 թվականի հունվարի մեկի դրությամբ, որը ենթակա է ճշտման ուսումնական տարվա սկզբին՝ հաշվի առնելով դասարանների փաստացի կոմպլեկտավորումը թվաքանակի միջին տարեկան մեծության հաշվարկման նպատակով:

Սգ2-ը` 73 և ավելի սովորող ունեցող տարրական, 163 և ավելի՝ հիմնական, 208 և ավելի՝ միջնակարգ հանրակրթական դպրոցներում և 136 և ավելի սովորող ունեցող վարժարաններում և ավագ դպրոցներում մեկ սովորողին ընկնող տարեկան գումարը՝ 1,082,82.06 դրամ: Սա տարրական մակարդակում մեկ սովորողին ընկնող տարեկան գումարն է: Միջին մակարդակում պետք է  բազմապատկել 1․3388 գործակցով, այսինքն՝ 144,968 դրամ, միջնակարգ մակարդակում՝ 1․6653 գործակցով, այսինքն՝ 180,322 դրամ: Առանձին գործող ավագ դպրոցների համար 1․2 գործակցով՝ 21,6386 դրամ» (մանրամասները՝ այստեղ և այստեղ)։ 

Նույն որոշմամբ, ֆինանսավորման նոր կարգով, ինչպես նաև նախկինում արված հայտարարությունների հիմքով սահմանվեց նաև ուսուցչական մեկ դրույքի համար նվազագույն աշխատավարձի չափը։ Ըստ այդմ, մեկ դրույքի համար նվազագույն աշխատավարձ է սահմանվում 108,000 դրամը, սակայն բյուջետային հետագա հաշվարկների արդյունքում այդ թիվը կարող է բարձրանալ մինչև 125 հազար դրամի: Ամեն տարի 10 տոկոսով աշխատավարձի բարձրացում ունենալու դեպքում` 4 տարի անց, ուսուցչի աշխատավարձի հարաբերակցությունը մեկ շնչին ընկնող Համախառն ներքին արդյունքի հաշվով էականորեն կբարելավվի: Քննարկվել ու հստակեցվել են նաև հանրակրթական ուսումնական հաստատության մյուս անձնակազմին հատկացվող դրույքաչափերը․ ըստ այդմ՝ 24 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում տնօրենի աշխատավարձի նկատմամբ կիրառելի է 1․18 գործակիցը, փոխտնօրենների աշխատավարձի նկատմամբ՝ 1․12 գործակիցը, 36 և ավելի դասարանների դեպքում տնօրենի աշխատավարձի գործակիցը կդառնա 1․32, իսկ փոխտնօրեններինը՝ 1․21։ 48 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում տնօրենի և փոխտնօրենի աշխատավարձի նկատմամբ կկիրառվեն համապատասխանաբար 1․42 և 1․3 գործակիցներ»։ Ի պատասխան հարցումների, նախարարությունը պատասխանել է, որ 2019 թ. տվյալներով ՀՀ-ում կա 31,371 ուսուցիչ, որոնցից միայն 11,800-ն է աշխատում մեկ ամբողջ դրույքով։

Հեղափոխությունից հետո հանրակրթության ոլորտում կարևոր իրադարձություններից և որոշումներից մեկը, որը կայացվեց, հանրակրթության պետական և առարկայական չափորոշիչների փոփոխությունն ու վերանայումն էր։ 2019 թվականին սկսվեց պետական և առարկայական չափորոշիչների վերանայման գործընթացներում և խմբերի փորձագետների ներառման մրցույթը (մի կողմից մրցույթը բաց էր, իսկ մյուս կողմից փորձագետների ընդգրկման և հավաքագրման փուլում կային որոշակի խնդիրներ)։ Այնուամենայնիվ, 2020 թ. ամռանն այն դրվեց հանրային քննարկման (հարկ է նշել, որ այս և առարկայական չափորոշիչները կրթության ոլորտում ամենաշատ քննարկված փաստաթղթերն էին, ավելին՝ առցանց հանդիպումներ եղան փաստաթղթի կիրառման և ներդրման հետ կապ ունեցող տարբեր շահագրգիռ կողմերի հետ)։ 2021 թ. փետրվարի 4-ին կառավարության կողմից հաստատվեց հանրակրթության պետական չափորոշիչը, որը կսկսվի փորձնական (պիլոտային) կիրառության մեջ դրվել 2021 թ․ սեպտեմբերից, իսկ ամբողջական ուժի մեջ կմտնի 2023 թ.-ից։ Չափորոշչի բերած փոփոխություններից են.

Հանրակրթական պետական ծրագրի ծավալները պետք է համապատասխանեն պետական պարտադիր բաղադրիչի ժամաքանակին: Ուսումնական բնագավառներին հատկացված տարեկան նորմատիվային ժամաքանակները պետք է համապատասխանեն կրթական աստիճանին հատկացված ամբողջ ժամաքանակին և տոկոսային արտահայտմամբ կազմում են.
  • չափորոշչով սահմանվում են ուսումնական բնագավառներ և նախագծային ուսուցում՝ խուսափելով այս պահին գործող առարկայակենտրոն մոտեցումներից,
  • շեշտադրում է կատարվում գիտելիքի, հմտության, դիրքորոշման և արժեքային համակարգերի վրա,
  • աշակերտը կկարողանա իր կարիքից ելնելով ձևավորել իր ուսումնական ծրագիրը,
  • տարրական դպրոցում մինչև 5-րդ դասարանի առաջին կիսամյակ կլինի միայն ձևավորող գնահատում՝ հրաժարվելով քանակական/թվանշանային գնահատման ձևից,
  • դպրոցներին տրվելու է ազատություն՝ հասնելու սահմանված վերջնարդյունքներին (մանրամասները՝ այստեղ)։ 

Փորձագետները նշում են, որ փաստաթուղթը դատապարտված է ձախողման․ քանի դեռ այն չի կիրառվել և չի ծառայել իր ստեղծման ընթացքում առանձնացված նպատակին, բարեփոխումներին կարելի է հասնել միայն երկխոսության և ներգրավման միջոցով։

Դեռևս 2019 թ.-ից նախարարությունը հանդես էր գալիս հանրակրթական դպրոցական հաստատությունների տնօրենների ընտրության, լիազորությունների ու կառավարման խորհուրդների՝ նրանց ընտրման մեջ ունեցած դերի մասին օրենսդրական և քաղաքականությունների փոփոխությունների նախագծերով։ 2021 թ. փետրվարի 11-ի կառավարության նիստում ամփոփվեցին տնօրենների ընտրման կարգում կատարվող և ամրագրվող փոփոխությունները, մասնավորապես (մանրամասները՝ այստեղ).

  • նախկին տնօրենը չի կարող նշանակվել պաշտոնակատար,
  • դպրոցի կառավարման խորհուրդը թափուր տեղի համար մրցույթի որոշում է կայացնում 3 օրվա ընթացքում,
  • մրցույթի մասնակիցների հայտերն ընդունվում են հայտարարության հրապարակման օրվանից սկսած` 15 աշխատանքային օրվա ընթացքում,
  • հայտերի ընդունումն ավարտվում է մրցույթ անցկացնելու օրվանից 10 աշխատանքային օր առաջ,
  • սահմանվում է, որ հայտերի բացակայության դեպքում փաստաթղթերի ընդունման ժամկետը երկարաձգվում է մեկ անգամ՝ տասնհինգ աշխատանքային օրով: Եթե երկարաձգված ժամանակահատվածում ևս դիմող չի լինում, ապա հայտարարվում է նոր մրցույթ,
  • փոփոխվել է ծնողական և մանկավարժական համայնքի ձայների արձանագրումը (հանդիպում պետք է լինի տնօրենի թեկնածու հետ, եթե վերջինս չի ներկայանում, ապա չի կարող մասնակցել մրցույթին։ Ընտրությունը կատարվում է փակ քվեարկությամբ։ Եթե վերոնշյալ խորհուրդները միաձայն որոշում չեն կայացնում, ապա ընտրության օրը ազատ են քվեարկել իրենց նախընտրած թեկնածուին),
  • վերջին նորությունն այն է, որ տնօրենն ընտրվում է բաց քվեարկությամբ, խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Բացակա խորհրդի անդամի ձայնը չի փոխանցվում:

Փոփոխություններ են կատարվել նաև դպրոցի զարգացման պլանի ներկայացման կարգում։ Եթե նախկինում հանրակրթական դպրոցի տնօրենների թեկնածուներն այս պլանները կազմելիս առաջնորդվում էին իրենց սեփական ձևաչափով, ապա ներկայիս կարգով սահմանվում են զարգացման պլանի միասնական ձևաչափ և պահանջներ։ Ըստ կարգի՝ ծրագրում պարտադիր պետք է արտացոլված լինեն հետևյալ քայլերը՝ «հաստատության առաքելության սահմանումը, առկա իրավիճակի վերլուծությունը, դպրոցի ուժեղ և թույլ կողմերի բացահայտումը, հիմնախնդիրների ձևակերպումը, դրանց լուծման համար անհրաժեշտ ռեսուրսների նկարագրությունը, յուրաքանչյուր խնդրի իրականացման գործողությունները, դրանց պատասխանատուները, ժամկետները, ակնկալվող արդյունքները, զարգացման ծրագրի ֆինանսավորման մեխանիզմները և իրականացման ռիսկերը, դրանց ազդեցության նվազեցմանն ուղղված գործողությունները, ինչպես նաև զարգացման ծրագրի մշտադիտարկման, վերահսկողության մեխանիզմները և դրա արդյունավետության գնահատման ցուցանիշները» (մանրամասները՝ այստեղ):

Կարևոր նախաձեռնություն էր նաև դպրոցների խորհուրդների ընտրության և դրանց լիազորությունների հստակեցմանն ուղղված նախաձեռնությունը, որը հանրային քննարկման դրվեց 2019 թ․ գարնանը։

Ըստ հին կարգի՝ «սահմանվում էր խորհրդի անդամների համամասնությունը՝ ըստ առաջադրող մարմինների: Նշված կարգավորումների համաձայն՝ լիազորված մարմնի և Կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչների համամասնությունը 3+1 է՝ ըստ դպրոցի ենթակայության, իսկ մանկավարժական և ծնողական խորհուրդների կողմից առաջադրվում էին խորհրդի 2-ական անդամներ: Ընդհանուր խորհուրդը ձևավորվում է 8 անդամից», իսկ նոր կարգով «առաջարկվում է Խորհրդի անդամների թիվը հասցնել 9-ի, բացի այդ առաջարկվում է փոխել համամասնությունը հօգուտ մանկավարժների և ծնողների՝ նրանց համար սահմանելով 3-ական անդամներ, իսկ լիազորված մարմնի և Կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչների համամասնությունը նվազեցնել՝ սահմանելով 2+1՝ ըստ ենթակայության: Նշված կարգավորումը առավել ազդեցիկ կդարձնի խորհրդի որոշումների կայացման և տնօրենի ընտրության գործընթացի ժամանակ մանկավարժների և ծնողների ձայնը» (մանրամասները՝ այստեղ)։ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հայտարարեց, որ 2021 թ. ապրիլի մեկից նոր կարգ է ներդրվելու, համաձայն որի՝ կառավարման խորհուրդների համակարգում կտրուկ փոփոխություն է նախատեսվում: Մասնավորապես, ներմուծվում է դպրոցների միացյալ և առանձին խորհուրդների գաղափարը, որը նոր մոտեցում է: Համաձայն կարգի` հանրակրթական ուսումնական հաստատության խորհուրդը ձևավորվում է 3 տարի ժամկետով` իբրև առանձին հաստատության խորհուրդ` առնվազն 3000 բնակչություն ունեցող բնակավայրերում գործող դպրոցների դեպքում, իբրև միացյալ խորհուրդ` առավելագույնը երեք հաստատության համար: Առանձին խորհուրդը կազմվում է 9 անդամից, միացյալ խորհուրդը կարող է ունենալ առավելագույնը 19 անդամ (խորհրդի անդամներին առաջադրում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը, լիազորված մարմինը (մարզպետարաններ, Երևանի քաղաքապետարան), մանկավարժական և ծնողական խորհուրդները, տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարը):

Նախարարությունը հանդես եկավ մեկ այլ նախաձեռնությամբ 2020 թ.-ի աշնանը, որը կապված էր ուսուցչի թափուր տեղի համար հայտարարված մրցույթի կազմակերպման և անցկացման կարգի հետ (այն հանրային քննարկման դրվեց հենց աշնանը)։ 2021 թ․-ին նախարար Վահրամ Դումանյանը նշեց, որ արդեն իսկ հաստատված կարգում հստակեցվել են մրցույթի հայտարարման պայմանները, ժամկետները, ընթացակարգը: Հիմնական նորույթներից մեկն այն է, որ մրցույթ է հայտարարվում միայն այն դեպքում, երբ նույն դպրոցում աշխատող համապատասխան առարկայի մասնագետն ապահովված է առնվազն 22 դասաժամ ծանրաբեռնվածությամբ կամ առկա է նրա գրավոր հրաժարվելու փաստը: Սահմանվել է նաև հրապարակման և հանրային իրազեկման բարձր պահանջ (մանրամասները՝ այստեղ):

Հաստատվել է նաև «Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում երկարօրյա ուսուցման կազմակերպման կարգը հաստատելու մասին» կարգը, որի նպատակն է ստեղծել մեխանիզմներ դպրոցահասակ երեխաներին արդյունավետ, ապահով և որակյալ ուսումնական գործընթացում ընդգրկելու համար: Կրթական հաստատությունում երկարօրյա խմբերի կազմակերպման հիմնական խնդիրներն են (մանրամասները՝ այստեղ).

1) տնային պայմաններում երեխայի կրթական աջակցության անհնարինության դեպքում` հաստատության ուսումնանյութական բազայի հիման վրա այդ գործընթացների կազմակերպումը, այդ թվում՝ այլ հանրակրթական ուսումնական հաստատություններ հաճախող սովորողների համար,

2) արտադասարանական աշխատանքներին սովորողների ակտիվ մասնակցության ապահովման միջոցով երեխայի ստեղծագործական ընդունակությունների զարգացմանն անհրաժեշտ պայմանների ստեղծումը,

3) կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների, այդ թվում՝ ցածր առաջադիմությամբ, լրացուցիչ կրթական ծառայություններ մատուցելը:

Երկարօրյա խմբում դասապատրաստմանն օրական հատկացվում է 1-4-րդ դասարաններում՝ մինչև 2, 5-9-րդ դասարաններում՝ մինչև 3 ակադեմիական դասաժամ:

Հարկ է նշել, որ նախագծի վերաբերյալ քաղաքացիական հասարակության և շահագրգիռ կողմերի մտահոգություններից մեկն այն է, որ 25 հոգանոց երկարօրյա խմբերն արդեն իսկ իրատեսական չեն, որպեսզի կարիքի վրա հիմնված կրթական ծառայություններ մատուցվեն։ Հարցեր են բարձրացվում նաև խմբավարի կրթական ցենզի և վերջինիս ու ուսուցչի վճարման կարգերի մասին։

2020-ի աշնանը հանրային քննարկումների փուլով անցած և  2021-ի հունվարին հաստատված հրամաններից մեկը վերաբերում է ուսուցիչների կամավոր ատեստավորմանը։ E-draft կայքում դրված նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ մինչ այս գործող ատեստավորման համակարգը չի արտացոլում ուսուցիչների որակական հատկանիշները և հիմնված չէ արդյունքի գնահատման վրա: Այն փաստացի ոչ թե գնահատում է ուսուցչի համապատասխանությունը մասնագիտությանը, այլ արձանագրում է վերապատրաստմանը մասնակցության փաստը: Սեփական նախաձեռնությամբ ատեստավորումն անցկացվելու է թեստավորման եղանակով, կամավոր ատեստավորման հանձնաժողովի կողմից` ատեստավորվողի` նախարարությանն ուղղված դիմումի հիման վրա: Կամավոր ատեստավորումն իրականացվելու է պարտադիր ատեստավորմանը զուգահեռ՝ հնարավորություն ընձեռելով ատեստավորումն անցած ուսուցիչներին ստանալ աշխատավարձի բարձրացում։ Ատեստավորումը նախատեսվում է իրականացնել հետևյալ ժամանակացույցով (մանրամասները՝ այստեղ

Կամավոր ատեստավորման արդյունքում`

  • 90 տոկոս և ավելի արդյունավետություն ցուցաբերած ուսուցիչները կհամարվեն ատեստավորումն անցած, կստանան հավելավճար՝ 50 տոկոսի չափով, որի պարագայում ուսուցչի միջին աշխատավարձը կմոտենա երկրի միջին աշխատավարձին,
  • 80 տոկոս և ավելի արդյունավետություն ցուցաբերած ուսուցիչները կհամարվեն ատեստավորումն անցած, կստանան հավելավճար՝ 30 տոկոսի չափով, որի պարագայում ուսուցչի միջին աշխատավարձը կմոտենա երկրի միջին աշխատավարձին,
  • 60-79 տոկոս արդյունք ապահոված ուսուցիչները կհամարվեն ատեստավորումն անցած, աշխատավարձը կպահպանվի,
  • 0-59 տոկոս արդյունքի դեպքում ուսուցիչը ենթակա է պարտադիր վերաատեստավորման՝ մեկ տարի անց: Երկրորդ տարում վերաատեստավորումը չանցած ուսուցչի դասավանդման իրավունքը կկասեցվի՝ մինչև իր հայեցողությամբ հաջորդ վերապատրաստմանը մասնակցելը և վերաատեստավորման դրական արդյունք ունենալը: 

Հարկ է նշել, որ այս թեմայով նախարարությունը նաև կազմակերպել էր հասարակական խորհրդի հանրային քննարկում, որի վերջում խորհուրդը կողմ քվեարկեց առաջարկվող նախագծին։

2021 թ․ փետրվարի 11-ին ՀՀ կառավարության նիստում հաստատվեց պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգը։ Հարկ է նշել, որ ՀՀ-ում 12-ամյա կրթությունը պարտադիր է, սակայն տարիներ շարունակ պատշաճ քաղաքականություն չի ներդրվել այդ երեխաներին կրթություն հետ բերելու և նրանց շարունակական կրթությունը վերականգնելու համար։ Այս կարգի կարևոր ձեռքբերումներից մեկն այն է, որ սահմանվել է, թե որ երեխան կամ սովորողը կարող է համարվել կրթությունից դուրս մնացած, ըստ այդմ՝ «պարտադիր կրթությունից դուրս մնացած են համարվում 6-18 տարեկան այն երեխաները, որոնք.

  • չեն հաճախել դպրոց, որևէ ուսումնական հաստատությունում երբևէ հաշվառված չեն եղել,
  • հաշվառված, սակայն վեց աշխատանքային օր անընդմեջ կամ ամսվա մեջ ավելի քան 10 օր չհաճախած երեխաները,
  • հիմնական ընդհանուր կրթության հիմքի վրա նախնական (մասնագիտական) կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում սովորած և տվյալ ուսումնական հաստատությունից դուրս մնացած մինչև 18 տարեկան երեխաները,
  • ուսումնական հաստատություն հաճախած, սակայն ծնողի/նրա օրինական ներկայացուցչի/ դիմումի հիման վրա ուսումն անավարտ թողած երեխաները,
  • տնային ուսուցման համակարգում հաշվառված երեխաները, եթե ՀՀ կրթության տեսչական մարմնի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ տնային ուսուցում փաստացի չի իրականացվում» (մանրամասները՝ այստեղ):

Կրթությունից դուրս մնացած երեխաներին պարտադիր կրթություն հետ բերելու համար առանձնացվել են հետևյալ երեք փուլերը.

  • դպրոցահասակ երեխաների հաշվառում և ուսումնական հաստատությունից դուրս մնալու պատճառների բացահայտում,
  • ըստ անհրաժեշտության երեխայի (ընտանիքի) համար սոցիալական աջակցության ծրագրի իրականացում,
  • երեխայի կրթական կարիքների գնահատում և ըստ անհրաժեշտության անհատական ուսուցման պլանի մշակում, ուղղորդում համապատասխան ուսումնական հաստատություն:

Այս փաստաթղթով ևս մեկ անգամ ամրագրվել է, որ համաձայն «Կրթության մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքների՝ դպրոցական տարիքի երեխային ուսումնական հաստատություն ընդգրկելու համար պատասխանատու է ծնողը։

Փաստաթղթեր

Հղումներ

ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ

Ե­րե­խայի ի­րա­վունք­նե­րի ի­րա­վի­ճա­կի վեր­լու­ծու­թյուն. Հա­յաս­տան
Դիտել
Save the Children...
Կրթության ոլորտի խնդիրները` ըստ օմբուդսմենի
Դիտել
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան...
«Ինչպես հիմնել այլընտրանքային նախադպրոցական ծառայություններ ՀՀ փոքր բնակավայրերում»
Դիտել
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակ...
Հայաստանի Հանրապետությունում դպրոցների օպտիմալացման գործընթացի մասնակցային մոնիտորինգ
Դիտել
USAID, INSTITUTE OF PUBLIC POLICY, Պահանջատեր հասարակություն...
Ներառական կրթության ռազմավարություններ
Դիտել
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակ...
Նախադպրոցական կրթության բարեվարքությունը Հայաստանում. INTES գնահատում
Դիտել
Միհայլո Միլովանովիչ, Սիմոնե Բլում...
Սոցիալական արդարությունը` Հայաստանի կրթության համակարգում
Դիտել
Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան...
Կրթության բյուջետային ծախսերի արդյունավետ գնատահատում
Դիտել
Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան...
Հանրակրթության նոր չափորոշիչների մասին քննարկում
Դիտել
Ժաննա Անդրեասյան, Սոֆյա Հովսեփյան, Աննա Կոստանյան, Լուսինե Խ...
Հանրակրթության չափորոշիչներ․ որտե՞ղ է մանիպուլյացիան, որտեղ՝ իրականությունը
Դիտել
Սերոբ Խաչատրյան, Արտաշես Թորոսյան, Վահրամ Թոքմաջյան, Վահրամ ...
Մանկապարտեզները ստիպված կլինեն աշխատել օրենքով
Դիտել
Արայիկ Հարությունյան, Սոֆյա Հովսեփյան, Նիկոլ Փաշինյան...
Նախադպրոցական կրթության նոր չափորոշիչը ներառում է նաև մեդիագրագիտություն
Դիտել
Թեհմինե Կարախանյան, Սոսե Խաչիբաբյան...
Հանրակրթության նոր չափորոշիչների մասին քննարկում
Դիտել
Ժաննա Անդրեասյան, Սոֆյա Հովսեփյան, Աննա Կոստանյան, Լուսինե Խ...
Հաստատվել է Հանրակրթության պետական չափորոշիչը
Դիտել
Ժաննա Անդրեասյան...
Որակյալ հանրակրթությունը Հայաստանում շարունակում է մնալ անհասանելի․ մասնագետները՝ պատճառների մասին
Դիտել
Սերոբ Խաչատրյան, Արտաշես Թորոսյան...
Ի՞նչ փոփոխություններ են լինելու դպրոցների ֆինանսավորման գործընթացում
Դիտել
Հերմինե Ուլիխանյան, Արտաշես Թորոսյան, Արտակ Քյուրումյան, Սեր...
Ի՞նչ է փոխում հանրակրթության նոր չափորոշիչը
Դիտել
Նարեկ Մանուկյան...

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

1. Յուրաքանչյուր ոք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ ստանալու և փաստաթղթերին ծանոթանալու իրավունք:

2. Տեղեկություններ ստանալու իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրային շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

3. Տեղեկություններ ստանալու կարգը, ինչպես նաև տեղեկությունները թաքցնելու կամ դրանց տրամադրումն անհիմն մերժելու համար պաշտոնատար անձանց պատասխանատվության հիմքերը սահմանվում են օրենքով: