Միջին մասնագիտական և բարձրագույն կրթություն
Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթություն
Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության (այսուհետ՝ ՄԿՈՒ) ոլորտն անմասն չմնաց փոփոխություններից և նոր ծրագրերի ներդրումից՝ չնայած մինչև 2018 թ.-ն արդեն իսկ շրջանառվում էր ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և ուսուցման 2017-2021 թթ. բարեփոխումների ծրագրի նախագիծը, որը հետագայում հավանության էր արժանացել ՀՀ կառավարության կողմից և դրվել գործածության մեջ։
Այնուամենայնիվ, ՄԿՈՒ ոլորտում բարեփոխումներն ընթացան հիմնական 2 ուղղություններով՝ խթանելով տարբեր ոլորտների, երկրների և մասնագիտական կրթության մեջ համագործակցությունն ու հանդես գալով օրենսդրական և քաղաքականությանը վերաբերող փոփոխություններով։
Հարկ է նշել, որ նախնական և միջին մասնագիտական կրթությունն աշխարհի շատ զարգացած երկրներում համարվում է տնտեսության շարժիչ ուժը, և հենց այս օրինակին հետևելով՝ դեռևս 2017 թվականից 11 միջին մասնագիտական կրթական հաստատությունում ներդրվել էր դուալ կրթական մոդելը։ Այս ծրագիրն աջակցություն է ստացել GIZ (Deutsche Gesellschaft für Internationale Zusammenarbeit GmbH) կազմակերպության կողմից (կրթական այս գործընթացներում նախատեսվում է, որ ուսուցման 70 տոկոսն անցնում է պրակտիկ մակարդակում՝ գործատուի կազմակերպությունում)։
Մեկ այլ կարևոր նախաձեռնություն էր միջին մասնագիտական ուսումնական հաստատություններից բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթությունը շարունակելու ընթացակարգում 2020-2021 թթ․ ուսումնական տարվա համար որոշակի փոփոխություններ/առանձնահատկություններ սահմանելու վերաբերյալ ՀՀ կառավարության որոշումը։ Համաձայն այդ որոշման՝ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները հնարավորություն են ստանում ուսումը շարունակել համապատասխան բուհում նշված մասնագիտությամբ՝ երկրորդ կուրսում առկա ուսուցմամբ, եթե նույն մասնագիտությամբ հեռակա ուսուցում նախատեսված չէ (https://bit.ly/2RG4TDj, https://bit.ly/2TgEoVt )։
2020 թ. դեկտեմբերին ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվեց նոր կարգ, համաձայն որի՝ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություններում առարկաները (մոդուլները) դասավանդող մանկավարժի` դասախոսի (բացառությամբ` զինվորական ղեկավարի), ինչպես նաև արտադրական ուսուցման վարպետի թափուր տեղը համալրվելու է մրցույթով (https://bit.ly/3oLc4Gz):
Մեկ այլ նախաձեռնությամբ 2020-ի մայիս ամսին հանդես եկան ԱԺ պատգամավորներ Մխիթար Հայրապետյանը, Նաիրա Զոհրաբյանը, Հարություն Բաբայանը։ Այս նախագծի նպատակը միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում վճարովի համակարգի ներդրումն էր՝ ելնելով նրանից, որ շատ մասնագիտություններ ունեն բավականին մեծ պահանջարկ (https://bit.ly/2SnqxMs, https://bit.ly/3i28yGv)։
2021 թ. Ապրիլին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հանրային քննարկման է դրվել ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգը հաստատելու մասին» N 1494-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը (https://bit.ly/3yzA2sQ)։ Այս նախագծով հստակեցվում են նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կազմակերպման և անցկացման աշխատանքները, ինչպես նաև տվյալ ուսումնական հաստատության կառավարման խորհրդին ընձեռնվում է հնարավորություն ընտրել մեկ թեկնածու։ Կրթական գործընթացի շարունակականությունն ապահովելու նպատակով 2021 թ. ապրիլին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (https://bit.ly/3ugqa3M):
Բարձրագույն և հետբուհական կրթություն
Բարձրագույն կրթությունը ևս անմասն չմնաց փոփոխություններից: Այս ոլորտում բարեփոխումներն ու դրանց շուրջ ստեղծված հանրային դիսկուրսը ոչ միշտ է եղել միանշանակ՝ ապահովելով ոլորտի բարեփոխումների վերաբերյալ բազմակարծություն ու փոփոխություններին ուղղված գործընթացներում հանրային ավելի լայն ընդգրկվածություն։
Ոլորտային բարեփոխումներից մեկն իրականացվել է 2019 թ. առաջին կիսամյակում Գիտության պետական կոմիտեի կողմից. գործարկվել է «Գիտական և գիտատեխնիկական գործունեության ընթացքում ստացված գիտական արդյունքների ներկայացման միասնական համակարգը» (https://orgs.scs.am/), որը նպատակ ունի ստեղծել ՀՀ պետական բյուջեի հաշվին գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող կազմակերպությունների վերաբերյալ համապարփակ բազա, ինչն էլ կօգնի գնահատել հետևյալ կազմակերպությունների գործունեությունը (http://escs.am/am/news/4654)։
2019 թ.-ին հանրային քննարկումներ սկսվեցին «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի աշխատանքային և հետո՝ նախագծային տարբերակների վերաբերյալ։ 2020 թ.-ին հանրային լսումներ կազմակերպվեցին բոլոր շահառու խմբերի մասնակցությամբ՝ չնայած օրենքը և հարակից օրենքների փաթեթը հաստատվեցին Ազգային ժողովի կողմից, նախագահը չստորագրեց այն և դիմեց Սահմանադրական դատարան (https://bit.ly/3oKAdg7)։ Բարձրագույն կրթության ոլորտին զուգահեռ, օրենքի նախագծի հետ նաև եկավ հետբուհական կրթական աստիճանում բարեփոխումներ կատարելու և այն միջազգային կրթական աստիճաններին համապատասխան դարձնելու տեսլականը (PHD)։
Փոփոխություններ կատարվեցին նաև պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգի և պայմանների վերաբերյալ որոշման մեջ, որը հաստատվեց 2019 թ. հոկտեմբերի 3-ի նիստում: Փոփոխության հիմնական նպատակներն են կրթության և գիտության բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին աշխարհի լավագույն բուհերում ուսանելու հնարավորություն տալն ու «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով նախատեսված այլ հիմքերով տարկետում ստացած քաղաքացիներին գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունենալու համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալը մերժելու դեպքերը բացառելն է (https://bit.ly/2SkOLar, https://bit.ly/3fcv4KG)։
2020 թ.-ից ՀՀ 5 բուհերում ներդրվելու է քաղաքացիական կրթության բաղադրիչ` «Ներգրավված քաղաքացի» դասընթացի շրջանակում։ Այս ծրագիրը հաջողությամբ ներդրվել է Վրաստանի և Ուկրաինայի ավելի քան 55 բուհում (https://bit.ly/3fWdslJ)։
2021 թ. ապրիլին կառավարությունը հաստատեց պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում առկա ուսուցման ընդունելության նոր կարգը։ Մասնագիտությունների մրցույթն անցկացվում է ընդունելության դիմում-հայտի առաջին տողով ընտրված մասնագիտության՝ անվճար և վճարովի ուսուցման հայտի գերակայությամբ (https://bit.ly/3wnV7V0):
Մյուս նախաձեռնությունը կապված է 2021-2022 թթ. ուսումնական տարիների մասնագիտությունների ու ընդունելության քննությունների ցանկի հետ: Համաձայն այս որոշման՝ բոլոր մասնագիտություններով առկա, թե հեռակա քննությունները հիմնականում կլինեն երկուսը (https://bit.ly/3wxobJE)։
Հաջորդ կարևոր նախաձեռնությունը ասպիրանտների կրթաթոշակների բարձրացնումն էր, որը կառավարությունը հաստատեց 2020 թ. ապրիլին. ըստ գիտական բնագավառի՝ կրթաթոշակների չափը բարձրացվել է մոտավորապես 2 անգամ։ 2020 թ. հունիսին կառավարության N1035-Ն և N1125-Ն որոշումներով ընդունվեցին մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և օրդինատուրայի այն մասնագիտությունները, որոնցից որևէ մեկով առկա ուսուցմամբ սովորողի (ուսանողի) աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով հաշվարկված եկամտային հարկը վերադարձվում է՝ ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով (https://escs.am/am/news/7174)։
2021 թ. ապրիլ-մայիս ամիսներին հանրային քննարկման է դրվել բուհերի կառավարման խորհուրդների ձևավորման կարգը փոփոխելու նախագիծը, որի նպատակն է բարձրացնել բուհերի կառավարման արդյունավետությունը (https://bit.ly/2QM44IJ)։
Հայաստանում կրթական ոլորտի խնդիրների մասին խոսվում էր դեռևս 2018 թ․ ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած հեղափոխությունը։ Քաղաքացիական հասարակության ոլորտի ներկայացուցիչների, փորձագիտական համայնքների ու միջազգային տարբեր կազմակերպությունների զեկույցներում նշվում էր մի շարք բարեփոխումների ու ոլորտային հիմնարար փոփոխությունների մասին։ Բարեվարքության խնդրին էին անդրադառնում մի շարք միջազգային կազմակերպություններ, ինչպես, օրինակ, Համաշխարհային բանկի SABER զեկույցում, որ հրապարակվել է 2019 թ․ հոկտեմբերին: Այնտեղ նշում էր, որ բարձրագույն կրթության ոլորտում առկա են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են բարձրագույն կրթության ռազմավարության բացակայությունը, բարձրագույն կրթության կառավարման տեղեկատվական համակարգերի առկայությունն ու դրանց չկիրառեիլությունը, բարեվարքության ու գրագողության հետ կապված խնդիրները և այլն (https://bit.ly/3yzNfld)։
Կրթության ոլորտում առկա բարեվարքության հետ խնդիրներին էր անդրադառնում նաև Բաց հասարակության հիմնադրամների զեկույցը (https://bit.ly/3bRdlq7)։
Սրանից զատ, հաճախ մատնանշվող խնդիրներից էր բուհերի քաղաքականացվածությունը, պրոֆեսորադասախոսական կազմի վրա ազդեցությունը, ինչպես նաև ոլորտային բարեփոխումների խիստ անհրաժեշտությունը։ Նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտում հրատապ անհրաժեշտություն կար ոլորտի արդիականացման ու աշխատաշուկայի հետ համագործակցությունների ու կապերի ստեղծման տեսանկյունից:
Բացի այդ, կարևոր խնդիրներից մյուսը կրթական այս աստիճանը սովորողների համար ավելի գրավիչ դարձնելն էր, շարունակականության ապահովումն ու ըստ անհրաժեշտության միջին մասնագիտական կրթության ու բարձրագույն կրթության միջև կապերի ամրապնդումը։
Չնայած բարձրագույն կրթության ոլորտում ռազմավարության ստեղծման մասին դեռևս հստակ որևէ բան հայտնի չէ (և տեսլականի հստակության տեսանկյունից սա խնդիր է), իսկ միջին մասնագիտական կրթության ոլորտում այն առկա է դեռ 2017 թ․-ից, կրթական այս երկու աստիճաններում բարեփոխումներ կատարվել ու կատարվում են թե՛ քաղաքականության մշակման, թե՛ օրենսդրական մակարդակներում։
Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտի բարեփոխումներ
Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտում առկա խնդիրներն անդրադառնում էին թե՛ բովանդակությանն ու գործընթացների կազմակերպմանը, թե՛ օրենսդրության ու քաղաքականության մշակմանը։
Բովանդակային տեսանկյունից կարևոր խնդիր էր համարվում այն հանգամանքը, որ միջին մասնագիտական կրթական հաստատություններում, ինչպես և կրթական այլ մակարդակներում հիմնական կրթական գործընթացը սահմանափակվում է տեսական գիտելիքի փոխանցմամբ՝ առանց փորձնական և փորձառական բաղադրիչի։
Հատկանշական է, որ աշխարհի շատ զարգացած երկրներում, ինչպես, օրինակ, Գերմանիայում, միջին մասնագիտական կրթությունը համարվում է տնտեսության շարժիչ ուժը, սակայն հայկական միջավայրում նախնական և միջին մասնագիտական կրթությունը դեռևս վերաարժևորման ու վերափոխման կարիք ունի։ Կրթության այս աստիճանն արդիականացնելու համար անհրաժեշտ են կապեր ու համագործակցություն աշխատաշուկայի հետ՝ ոչ միայն կրթությունից աշխատաշուկա անցումը հարթ կատարելու համար, այլ նաև բուն կրթական գործընթացում գործատուի մասնակցությունն ապահովելու համար։ Հենց այս նպատակով դեռևս 2017 թ.-ից ձեռնարկվեցին քայլեր դուալ կրթական համակարգը ներդնելու համար։
Այս ծրագիրը իրականացվել և իրականացվում է GIZ կազմակերպության աջակցությամբ։ Այս ծրագրի շրջանակում համագործակցություններ են հաստատվել մի շարք միջին մասնագիտական և արհեստագործական քոլեջների ու աշխատաշուկան ներկայացնող տարբեր կազմակերպությունների հետ։ Բացի այդ, համագործակցություն է հաստատվել նաև ՀՀ և տարբեր երկրների, օրինակ՝ Շվեյցարիայի միջև (https://escs.am/am/news/6056): 2020 թ. արդյունքներով 11 հաստատություններում իրականացվում են դուալ կրթության 13 երկարաժամկետ և 3 կարճաժամկետ դասընթացներ։ Ընդհանուր առմամբ, 700 ուսանող է ընդգրկված այդ ծրագրերում։
Կրթության շարունակականությունը խթանելու համար 2021 թ. ապրիլին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Համաձայն այս փոփոխության՝ մինչև 20 տարեկան ՀՀ քաղաքացին (մինչև 20 տարեկան դառնալու օրը), որը կրթություն է ստանում նախնական կամ միջին մասնագիտական կրթական հաստատությունում, կարող է մեկ անգամ տարկետում ստանալ (https://bit.ly/3bREQA1)։ Այս բարեփոխման հիմնական նպատակն է հնարավորություն տալ սովորողին ավարտել կրթական հաստատությունը (նախկինում տարկետումը տրվում էր մինչև 19 տարեկան անձանց):
Կրթության շարունակականությունը խթանող, միջին մասնագիտական ու բարձրագույն կրթությունն իրար կապող հաջորդ բարեփոխումը կապված էր ՄՄՈՒՀ-ում բարձր առաջադիմություն ունեցող սովորողների կրթությունը բուհում համապատասխան կրթությամբ շարունակելու հետ։ Այդ գործընթացը կանոնակարգող՝ ՀՀ կառավարության 2020 թվականի մայիսի 27-ի թիվ 856-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն՝ ՄՄՈՒՀ-ն ավարտող սովորողը, որն ունի «լավ» կամ «գերազանց» առաջադիմություն, 2020/2021 ուսումնական տարում կարող է կրթությունը շարունակել համապատասխան բուհի բաժնում: Ըստ վերը նշված կարգի դրույթների. ՄՄՈՒՀ բարձր առաջադիմություն ցուցաբերած (միայն «Լավ» և (կամ) «Գերազանց» գնահատականներ ունեցող) շրջանավարտները (այսուհետ` հավակնորդ) 2020/2021 ուսումնական տարում կարող են կրթությունը շարունակել բուհում՝ համապատասխան մասնագիտությամբ՝
1) եթե հավակնորդի ուսումնառած և նախընտրած մասնագիտության ուսումնական պլաններով նախատեսված առարկաների (մոդուլների) առարկայական տարբերությունների (առարկայական տարբերություն է համարվում նախընտրած մասնագիտության ուսումնական պլանով հաստատված, սակայն հավակնորդի կողմից չուսումնասիրված, չգնահատված առարկաների ժամաքանակների կամ մոդուլային ուսումնական ծրագրի բովանդակության համեմատությամբ առնվազն 30 և ավելի տոկոս կազմող տարբերությունը) քանակը չի գերազանցում 8-ը, ապա՝ ա. մինչև 2014 թվականը ՄՄՈՒՀ ընդունված հավակնորդների դեպքում՝ առկա կամ հեռակա ուսուցմամբ երկրորդ կուրսում,
բ. 2014 թվականից սկսված ՄՄՈՒՀ ընդունված հավակնորդների դեպքում` միայն հեռակա ուսուցմամբ երկրորդ կուրսում, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ բարձրագույն կրթության մասնագիտությունների գծով հեռակա ուսուցման կրթության ձևը նախատեսված չլինելու դեպքում՝ երկրորդ կուրսում` առկա ուսուցմամբ,
2) վճարովի հիմունքով` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնություններ ունեցող հավակնորդի` այդ նույն կարգով կրթությունը շարունակելու դեպքի» (https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142900)։
2020 թ. դեկտեմբերին ընդունվեց ՄՄՈՒՀ դասախոսների ու արտադրական ուսուցման վարպետների մրցույթով ընդունման կարգը։ Հարկ է նշել, որ նմանատիպ կարգավորում օրենսդրական դաշտում նախկինում չի եղել։ Համաձայն այս կարգի՝ մրցույթն անցկացվում է բանավոր` հարցազրույցի միջոցով, յուրաքանչյուր մասնակցի հետ առանձին` նախապես կազմված առաջադրանքներից, որոնք առնչվում են դասավանդվելիք առարկային (մոդուլին) և մանկավարժական գործունեությանը:
Հարցերի պատասխանները գնահատվում են «ճիշտ» կամ «սխալ» (https://bit.ly/3hHP8X8)։
Նախնական և միջին մասնագիտական կրթության հասանելիությունն ու մատչելիությունը ապահովվելու համար 2020-ի մայիս ամսին ԱԺ պատգամավորներ Մխիթար Հայրապետյանը, Նաիրա Զոհրաբյանը, Հարություն Բաբայանը հանդես եկան օրենսդրական նախաձեռնությամբ, որի նպատակն է հնարավորություն ընձեռել հիմնական ընդհանուր կրթությամբ դիմորդներին լիազոր մարմնի կողմից ուսումնական հաստատությանը հատկացված անվճար տեղերից ավել դիմորդների դեպքում ընդունվել ուսումնական հաստատություն` վճարովի ուսուցման համակարգ: Այս նախագծով սահմանվում է, որ այն մասնագիտությունները, որոնք պահանջված չեն աշխատաշուկայում կամ լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով, ապա հաստատությանը հատկացված անվճար տեղերից ավել դիմած դիմորդները հնարավորություն կունենան մասնագիտական կրթություն ստանալ վճարովի համակարգում (https://bit.ly/3bPs1WO):
ՄՄՈՒՀ տնօրենների ընտրության ընթացակարգի բարեփոխման շրջանակներում ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման դրեց ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգը հաստատելու մասին» N 1494-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ Այս կարգով որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել տնօրենների ընտրության գործընթացում, մասնավորապես՝ սահմանվել է, որ մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվում այն հավակնորդը, որը հավաքել է խորհրդի անդամների ընդհանուր թվի մեծամասնության կողմ ձայները (չնայած՝ գործող կարգով սահմանվում է, որ մրցույթի հաղթող է ճանաչվում այն թեկնածուն/թեկնածուները, որը/որոնք հավաքել էր/էին քվեարկությանը մասնակցած խորհրդի անդամների ընդհանուր թվի մեծամասնության կողմ ձայները։ Այս կարգը սովորաբար ստեղծում էր մի իրավիճակ, որի պատճառով ընտրվում էին երկու թեկնածուներ, և այդ դեպքում լիազոր մարմնի ղեկավարն էր լիազոր մարմինն այդ թեկնածուներից մեկին և նրա հետ էր կնքում պայմանագիր): Ներկայիս կարգով միայն մեկ թեկնածու է ընտրվում և/կամ ընդհանրապես չի ընտրվում, որի արդյունքում էլ հայտարարվում է նոր մրցույթ: Մյուս կարևոր փոփոխությունն այն է, որ ընտրության օրը դիտորդական առաքելությամբ մրցույթին կարող են մասնակցել զանգվածային լրատվության միջոցներն ու հասարակական կազմակերպությունները, նախապես՝ մինչև մրցույթի փաստաթղթերի հանձման վերջին օրը, դիմելով լիազոր մարմին՝ իրենց ներկայությունը հայտագրելու համար (https://bit.ly/2TiiWj3)։
Բարձրագույն և հետբուհական կրթության ոլորտի բարեփոխումներ
Բարձրագույն և հետբուհական կրթության ոլորտում 2018 թ.-ից օրենսդրական ու քաղաքական մակարդակում տեղի ունեցան տարբեր բարեփոխումներ։ Չնայած բարեփոխումների մշակման և հանրային քննարկումների փուլերին մասնակցում էին հանրության լայն շերտեր, սակայն քիչ չէր նաև դժգոհողների թիվը։
Բարձրագույն կրթության ոլորտում ամենախոշոր փոփոխությունը «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» օրենքի նախագիծն էր, որը բազմաթիվ հանրային քննարկումներից հետո հաստատվեց Ազգային ժողովի կողմից, սակայն նախագահ Արմեն Սարգսյանը, չստորագրելով այդ օրենքը, ուղարկեց այն Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանն այդ օրենքի համապատասխանությունը որոշելու համար (Սահմանադրական դատարանի եզրակացության հրապարակման համապատասխան նիստը կկայանա 20.07.2021): Չնայած օրենքը դեռևս ուժի մեջ չի մտել և դրված չէ կիրառման մեջ, բայց այն ունի ոլորտի համար նախատեսված մի շարք նորամուծություններ ու հիմքային փոփոխություններ: Մասնավորապես.
—Անցում կկատարվի բարձրագույն կրթության որակավորումների եռաստիճան համակարգին՝ բակալավր-մագիստրոս-դոկտոր։ Ներկայիս համակարգը երկաստիճան է, իսկ ասպիրանտական աստիճանը համարվում հետբուհական։ Այնինչ եվրոպական մի շարք երկրներում երրորդ աստիճանն ավարտողը արդեն իսկ ստանում է «դոկտորի կոչում»։ Օրենքի նախագիծը նախատեսում է ներկայիս ասպիրանտական ծրագրերի աստիճանական փոփոխություն՝ դրանք ընդգրկելով բարձրագույն կրթության համակարգում որպես որակավորման երրորդ՝ դոկտորական աստիճան (PhD)։ Սա էլ հնարավորություն կտա միջբուհական համագործակցություն իրականացնել ոչ միայն երկրի ներսում այլ նաև երկրից դուրս (https://www.e-draft.am/projects/2981)։
—բուհերի ուսումնառությունն առաջարկվում է իրականացնել լրիվ կամ մասնակի բեռնվածությամբ։ Ներկայումս կրթությունն իրականացվում է հեռակա և առկա տարբերակով։ Ուսանողին առաջարկվում է, որ նա ինքը կարգավորի իր ծանրաբեռնվածությունը` պայմանավորված ընդունակություններով, զբաղվածության աստիճանով և ֆինանսական հնարավորություններով:
—Կիրականացվեն օտար լեզուներով կրթական ծրագրեր ու դասընթացներ։ Ներկայիս օրենքը սահմանում էր, որ կրթությունը բուհերում պետք է լինի հայերենով, բացառությամբ այն դեպքերի, երբ օտար լեզուն կրթական ծրագրի մասնագիտական ուղղվածությունն է։ Սա հավելյալ խնդիր է հանդիսանում ՀՀ բուհերի միջազգայնացման համար։ Նոր օրենքով հայերենը՝ որպես հիմնական լեզու, շարունակում է պահպանվել, բայց առաջարկվում է որոշ դասընթացներ ու մոդուլներ դասավանդել օտար լեզուներով։
—Նոր օրենքով սահմանվում է նաև բուհերի հավատարմագրման նոր կարգ, որով բուհերի կրթական ծրագրերը պետք է անցնեն պարտադիր հավատարմագրում։ Ինչպես նաև երկու և ավելի բուհերին առաջարկվում է մշակել և հանդես գալ համատեղ ծրագրերով։
—Կառավարման արդյունավետությունը բարձրացնելու համար առաջարկվում է բուհերի կառավարման խորհուրդների կազմը սահմանափակել 12-ով։ 12-ից 6-ին առաջադրելու է բուհը (այդ թվում՝ մեկը ուսանող), իսկ մյուս 6-ը լինելու են գործարար շրջանակներից, հասարակական հատվածից, կրթության, գիտության և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներից։ Բացառվելու է պետական կամ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց ներառումը բուհի կառավարման խորհրդում (https://escs.am/am/news/7510)։
—Ընդունելության քննությունների մեջ պարտադիր է դառնալու «Հայոց լեզու» առարկան, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր մասնագիտության դեպքում սովորողը կամ ընդունվողը պետք է հանձնի քննությունը «Հայոց լեզու» առարկայից։
Շրջանառության ընթացքում օրենքի նախագծի վերաբերյալ նախարարության և Ազգային ժողովի կողմից բազմիցս կազմակերպվել են հանրային քննարկումներ, ինչպես նաև տարբեր շահառու խմբերի հետ առանձին հանդիպումներ: Օրինակ՝ ԿԳՄՍ նախարարը հանդիպումներ է ունեցել բուհերի ռեկտորների, առանձին բուհերի անձնակազմերի ու գիտական շրջանակը ներկայացնող անձանց հետ։ Դեռևս 2018 թ․ ապրիլ-մայիս ամիսներին կատարված փոփոխություններից առաջ և հետո բարձրագույն կրթության ոլորտում խնդիրներից մեկը տարկետման կարգի փոփոխության հետ էր կապված։ 2017 թ․ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ուսանողական ակցիաներ տեղի ունեցան, որոնք ուղղված էին տարկետման կարգի վերացման հետ (https://www.azatutyun.am/a/28983340.html)։
Որոշակի հանդիպումներից հետո 2018 թ․ հունվարին e-draft համակարգում տեղադրվեց վերանայված տարբերակը, որը, սակայն, ուներ բացեր։ Ըստ առաջարկված նախագծի՝ կրթության և գիտության նախարարի (2018 թ․-ին նախարարությունը դեռևս չէր վերակազմակերպվել) կողմից ձևավորվելու էր հանձնաժողով, որը պետք է եզրակացություն տար, թե ով էր արժանի տարկետում ստանալ, իսկ ով՝ ոչ: Ապա՝ արդեն այդ եզրակացության հիման վրա, կառավարությունը որոշում էր կայացնելու։ Այդ հանձնաժողովը կազմված էր լինելու 11 անդամից և գնահատելու էր թեկնածուներին 100 բալանոց համակարգով, իսկ տարկետում տրվելու էր պետության կողմից գերակա ճանաչված ոլորտներում։ 2018-ի ամառային զորակոչի ժամանակ կարգը, այնուամենայնիվ, գործարկվեց՝ որոշակի փոփոխություններ կրելով։ Սակայն 2020 թ․ ԿԳՄՍ նախարարությունը հանդես եկավ այդ կարգում փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ։ Ըստ այս նախագծի՝ կատարվելու էին հետևյալ փոփոխությունները․
—Քաղաքացիները հնարավորություն են ստանում տարկետում ստանալ գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումների համար։ Նախորդ կարգը սահմանում էր, որ առողջական խնդիրների պատճառով ստացված տարկետման ավարտից հետո միայն կարելի է դիմել նվաճումներով պայմանավորված տարկետման համար։ Կարգում փոփոխվել է այն դրույթը, որ եթե տարկետում տվող հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումների համար, ապա այն ուժի մեջ է մտնում մյուս տարկետման ավարտից անմիջապես հետո։
—Առաջարկվող նախագծով նույն կրթական ծրագրով տարկետում կտրվի օլիմպիադաներում նվաճումներ ունեցող կամ համապատասխան գիտական հոդվածների, գիտական զեկույցների և ՄՈԳ-ի գնահատման արդյունքում տարկետում ստացած քաղաքացիներին աշխարհի լավագույն 50 բուհերի ցանկում գտնվող որևէ հաստատություն ընդունվելու դեպքում։ Նախորդ կարգը սահմանում էր, որ յուրաքանչյուր կրթական ծրագրով ուսումնառության համար տարկետում կարող էր տրվել մեկ անգամ։
—Նախագծով առաջարկվում էր, որ տարկետում կտրվի նաև այն դեպքերում, երբ քաղաքացին սահմանված բուհերից մեկում ուսանելիս ընդունվում է ավելի բարձր վարկանիշ ունեցող կրթական հաստատություն (հետևելով համապատասխան ընթացակարգին` փաստաթղթերի հանձնում, հանձնաժողովի դրական եզրակացություն) (https://www.e-draft.am/projects/2232)։
Այս կարգը կառավարության կողմից հաստատվեց 2020 թ․ օգոստոսին (https://www.e-gov.am/gov-decrees/item/34568/):
Նախարարության առաջարկած փոփոխություններից մյուսը կապված էր ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության գործող կարգի վերանայման ու ներկայիս իրավիճակում համապատասխան դաշտի կարգավորման հետ։
—Համաձայն առաջ քաշված նախագծի՝ հայտագրումն ու փաստաթղթերի հանձնումը տեղի է ունենալու առցանց եղանակով՝ ընդունելության քննությունները կազմակերպող և անցկացնող Գնահատման և թեստավորման կենտրոնի կայքի միջոցով (այնինչ նախորդ կարգով փաստաթղթերը հանձնվում էին համապատասխան ընտրված բուհում, https://bit.ly/349iTbi)։
—Մյուս փոփոխությունը կապված է մասնագիտության հայտագրման հետ, ըստ որի՝ հայտագրումը կանցկացվի 2 փուլով՝ առաջին և երկրորդ, իսկ բուհերի ընդունելության մրցույթը՝ հիմնական և լրացուցիչ փուլերով։
—Կփոփոխվեն նաև հայտագրման ժամկետներն ու կարգը։ Կարգի մեջ փոփոխություններից մեկի համաձայն՝ մրցույթը կանցկացվի մեկ մասնագիտություն, մեկ բուհ սկզբունքով․ «Դիմորդն ընդունելության դիմում-հայտում պետք է լրացնի բուհերի բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով առկա ուսուցման մասնագիտությունների և ընդունելության քննությունների՝ ցանկով նախատեսված մեկ բուհի և մեկ մասնագիտության անվանումը, տվյալ մասնագիտությամբ սովորելու համար սահմանված ընդունելության քննությունները հանձնելով: Ընդունելության քննությունների հիմնական փուլի մրցույթի արդյունքները հաստատվելուց հետո, բուհերում թափուր տեղերի առկայության դեպքում, ընդունելության քննություններից դրական միավորներ ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները հուլիսի 19-26-ը կարող են մասնակցել լրացուցիչ՝ թափուր տեղերի մրցույթին՝ առցանց եղանակով լրացնելով դիմում-հայտ: Լրացուցիչ փուլի մրցույթը անցկացվում է մեկ կամ ավելի բուհի մինչև վեց մասնագիտության հայտագրմամբ, եթե տվյալ մասնագիտությունների առարկա(ներ)ից դիմորդն ունի դրական գնահատական(ներ) և այդ մասնագիտություններում (անվճար և վճարովի) առկա են թափուր տեղեր» (https://bit.ly/3ugLSV6)։
Սրանով փորձ է կատարվում խույս տալ պատահական կամ չնախատեսված սկզբունքով մասնագիտություններ ընտրելուց կամ տվյալ մասնագիտության սահմանված բաժինն ընդունվելուց։ 2021 թ․ ապրիլին նախագիծը հաստատվեց կառավարության կողմից (https://bit.ly/3ffvpfD)։
Այս փոփոխությունների հետ ուղիղ առնչություն ունեցող մյուս փոփոխությունը կապված է ընդունելության քննությունների հետ։ Դեռևս 2020 թ․ նոյեմբերին կառավարության կողմից հաստատվեց ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 2021/2022 ուսումնական տարվա մասնագիտությունների ու ընդունելության քննությունների ցանկը (https://bit.ly/3fFhLBJ): Փոփոխություն կատարվեց նաև այն մասնագիտությունների ընդունելության համար, որոնք պահանջում էին 3 մրցութային քննություն հանձնել։ Այդ մասնագիտությունների դիմորդներն այժմ կհանձնեն երկու քննություն՝ նախկին երեքի փոխարեն, որոնցից մեկը սահմանված է որպես պարտադիր առարկա, իսկ երկրորդ քննությունը դիմորդն առաջարկվող առարկաներից կընտրի իր ցանկությամբ (https://bit.ly/2SmhJqe)։ Ավելին, առանձնացվել են մասնագիտություններ, որոնց դիմորդները, վճարովի ուսուցման համակարգում թափուր տեղերի առկայության դեպքում, 2-րդ քննության գնահատականը կարողանալու են փոխանցել նախորդ աստիճանի ավարտական փաստաթղթից (ատեստատ կամ դիպլոմ)։
Աշխատող ուսանողների համար կրթության հասանելիությունն ապահովելու նպատակով 2020 թ․ մարտին Հարկային օրենսգրքում կատարվեց փոփոխություն, համաձայն որի՝ 2020/2021 ուսումնական տարուց սկսած՝ աշխատող ուսանողները կարող են ուսման վարձը վճարել եկամտահարկի հաշվին։ Փաստաթղթի նախագծային տարբերակում հստակեցված չէր, թե որ աստիճաններում է գործելու տվյալ կարգը, իսկ արդեն փոփոխված տարբերակում սահմանվեց, որ այս կարգից կարող են օգտվել ՀՀ կառավարության կողմից 2020 թ․ հունիսի 18-ի N 1035-Ն որոշմամբ հաստատված մասնագիտություններով առկա ուսուցմամբ, ՀՀ-ում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և օրդինատուրայի ուսանողները (https://bit.ly/3wlJ22K)։ Առանձնացվել են հետևյալ բնագավառները՝ ֆիզիկամաթեմատիկական գիտություններ, կենսաբանական գիտություններ, տեխնիկական գիտություններ, բժշկական գիտություններ, արվեստագիտություն, գիտություններ երկրի մասին (ամբողջական ցանկը տես՝ https://bit.ly/3ff7Zaj)։
2021 թ․ մայիսի 13-ին կառավարությունը հաստատել է գիտաշխատողի նվազագույն աշխատավարձը և գիտության ոլորտում աշխատողների վարձատրության նորմավորման սանդղակը։ Հաստատված սանդղակի համաձայն՝ 2022-2025 թթ․ նախատեսվում է աշխատավարձերի աստիճանական բարձրացում։ Աշխատավարձի բարձրացման համար դիտարկվելու է գիտնականների ատեստավորում (ատեստավորման կարգը կմշակվի ապագայում)։ Համաձայն կարգի՝ «գիտական կադրերի պաշտոնային դրույքաչափի նվազագույն չափի հաշվարկի համար որպես բազային աշխատավարձ 2022 թվականի հունվարի 1-ից կսահմանվի 66 հազար 140 դրամ, որի նկատմամբ կիրառելով համապատասխան գործակիցներ` տվյալ տարվա համար սահմանված գործակցի և բազային աշխատավարձի արտադրյալով կհաշվարկվի գիտական աշխատողների աշխատավարձը» (https://bit.ly/34bdqRh , https://bit.ly/3bPmHm6)։ Աղյուսակ 1․
Հարկ է նշել, որ 2010 թ․-ից ի վեր գիտաշխատողների բազային աշխատավարձի վերանայում տեղի չի ունեցել։
2021 թ․ ապրիլին հանրային քննարկման ներկայացվեց ևս մեկ նախագիծ՝ մի շարք պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների կառավարման խորհուրդների ձևավորման կարգը փոփոխելու վերաբերյալ։ Այս փոփոխությունը կապված է մասնավորապես 3 բուհերում (Երևանի պետական համալսարան, Շիրակի պետական համալսարան, Խ․ Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարան) առկա խնդիրները կարգավորելու և ճգնաժամային իրավիճակից դուրս գալու հետ։ Տվյալ նախագծով առաջարկվում է միասնականացնել հոգաբարձուների բոլոր խորհուրդների թվակազմը՝ սահմանելով այն «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով նվազագույն շեմին (20 հոգի) համապատասխան (ներկայումս այս թիվը որոշ դեպքերում 32, իսկ որոշներում 24 է)։ Համաձայն կարգի սահմանել հետևյալ անդամների բաշխվածությունը․ «հիմնադրի կողմից 55 տոկոս կամ 11 հոգի, պետական կառավարման լիազոր մարմնի կողմից` 10 տոկոս կամ 2 հոգի, բուհի պրոֆեսորադասախոսական կազմից՝ 10 տոկոս կամ 2 հոգի, ուսանողական համակազմի ներկայացուցիչներից՝ 25 տոկոս կամ 5 հոգի» (https://bit.ly/2TimSjP):
Տարբեր կառույցների/բուհերի կողմից հնչել են բողոքներ այս փոփոխության վերաբերյալ առ այն, որ փոփոխության արդյունքում պետության դերն ու ձայնը որոշիչ է դառնում կառավարման խորհրդում։ Սրան ի պատասխան՝ ԿԳՄՍ ներկայացուցիչների կողմից շեշտվել է այն փաստը, որ նախագծով փորձ է արվում պետության վրա դնել պատասխանատվություն՝ բուհերի հետագա զարգացման գործում նպաստ ունենալու տեսանկյունից։ Ավելին, այս բարեփոխումը գալիս է նվազեցնելու՝ բուհերի, որոշակի խմբերի շահարկումներին և շահերին ծառայելու փաստը, որը հանգեցնում է խորհուրդների նախագահների և ռեկտորների ընտրության գործընթացի արգելափակմանը։
Փաստաթղթեր
- ՀՀ օրենքը․ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում և փոփոխություն: 2021/04/19
- Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների՝ 2020-2021 ուսումնական տարում բարձրագույն ուսումնական հաստատություններում համապատասխան մասնագիտությամբ կրթությունը շարունակելու կարգը հաստատելու մասին ՀՀ Կառավարության որոշում: 2020/06/04
- «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 8-ի N 752-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: 2020/05/12
- «Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի կազմակերպման և անցկացման կարգը հաստատելու մասին» հրաման: 2020/12/24
- «ՀՀ կառավարության 2013 թվականի նոյեմբերի 28-ի N 1330-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»: 2020/07/01
- «ՀՀ կառավարության 2000 թ․ հունիսի 15-ի N 320 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ: 2018/08/25
- «ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1494-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ; 2021/05/21
- «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենք: 2021/02/04
- «ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին»: 2020/08/06
- ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի կրթական 21 ծրագրի) կարգը հաստատելու և ՀՀ կառավարության 2011 թվական ապրիլի 28-Ի N 686-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին Կառավարության որոշում: 2012/05/24
- «ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-Ի N 597-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» կառավարության որոշման նախագծի վերաբերյալ: 2021/03/05
- Ցանկ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2021/2022 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննություններ: 2020/12/01
- Վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը սահմանելու մասին կառավարության որոշում: 2020/07/07
- ՀՀ կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին: 2021/05/14
- ՀՀ կառավարության 2007 թվականի նոյեմբերի 29-ի N 1403-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին կառավարության որոշում: 2020/09/01
- ՀՀ պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ ասպիրանտների և դոկտորանտների կրթաթոշակների չափերը սահմանելու և ՀՀ կառավարության 2006 թվականի մարտի 23-ի N 396-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին»: 2008/01/01
Հղումներ
- Հայաստան․ Բարձրագույն կրթություն
- Առաջարկություններ բարձրագույն կրթության մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
- Արմատական փոփոխություններ` բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում: 2020/12/03
- Դժվար է կրթության հետ համագործակցող գործատուներ գտնել [Միջին մասնագիտական կրթություն, խնդիրներ, աշխատաշուկա․ ՄԱՍ 1-ին]: 2019/07/15
- Նախնական և միջին մասնագիտական կրթություն․ Յուլյա Ստակյան: 2020/07/06
- Մասնագիտական կրթությունը և ուսուցումը Հայաստանում | Նորիկ Թունյան: 2018/10/27
- Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթություն: 2019/07/02
- Պետությունն ավելացնում է միջին մասնագիտական հաստատությունների պետպատվերի տեղերը, թարմացվում է մասնագիտությունների ցանկը: 2019/06/04
- Միջին մասնագիտական կրթությունը՝ նոր «փաթեթավորմամբ»: 2019/03/12
- Մեծանում է հետաքրքրությունը միջին մասնագիտական կրթության նկատմամբ. Նախարար: 2019/10/29
- Առաջարկում ենք հրաժարվել դպրոցների, քոլեջների, ուսումնարանների ԺՊ-ների ինստիտուտից. Ժաննա Անդրեասյան: 2021/05/10
- Միջին մասնագիտական ուսհաստատությունների ուսանողներին հնարավորություն կընձեռվի բուհում ուսումը շարունակել 2-րդ կուրսում, առկա ուսուցմամբ: 2020/04/24
- Գիտաշխատողի աշխատավարձը 90 հազար դրամից կդառնա միջինը 276 հազար դրամ. նոր նախագիծ: 2021/05/13
- Մեկ բուհ, մեկ մասնագիտություն. ընդունելության նոր կարգը պարզաբանում են մասնագետները: 2021/04/06
- Տարկետման կարգը սահմանող Կառավարության որոշման նախագիծը «պետք է դրվի հանրային քննարկման»: 2018/01/18
- Մեկ բուհ, մեկ մասնագիտություն. կառավարությունը հաստատել է բուհերի ընդունելության նոր կարգը: 2021/04/01
- Փոփոխություններ ընդունելության քննությունների ցանկում: 2021/02/19
- Աշխատավարձերի բարձրացման, գիտությամբ զբաղվելու ավելի գրավիչ մեխանիզմ է գործարկվում, որն իր դրական ազդեցությունը պետք է ունենա ոչ միայն գիտության ոլորտի, այլև ամբողջ տնտեսության համար. Նիկոլ Փաշինյան: 2021/05/13
- Քոլեջների ավարտական կուրսերում սովորողները մեկ անգամ տարկետում կստանան` մինչև 20 տարին լրանալը: 2021/04/20
- Կառավարությունը հաստատել է գիտաշխատողների աշխատավարձերի հաշվարկի սանդղակը 2022-25 թվականների համար Գիտություն: 2021/05/13
- «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագիծը քննարկվել է ռեկտորների խորհրդի նիստում: 2021/02/17
- ԱԺ-ն ընդունեց Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի նախագիծը: 2021/03/24
- «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը քննարկվել է ԳԱԱ նախագահության անդամների հետ: 2021/02/15
- Մեկ բուհ, մեկ մասնագիտություն. քննությունների նոր կարգի վերաբերյալ հանրային քննարկումներն ավարտվել են: 2021/03/09
- Հայաստանն ու Շվեյցարիան կհամագործակցեն ՄԿՈՒ ոլորտում: 2020/02/21
- Շարունակվում է դուալ կրթական համակարգի փորձարկումը Կրթություն: 2019/09/23
- Քննարկվեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, եղան առաջարկություններ: 2019/10/03
- Մամուլի ասուլիս՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: 2020/12/09
- Մեկնարկել է հանրային քննարկումների շարք՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: 2020/12/05
- Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծ. ի՞նչն այն չէ, ինչո՞ւ է ուշանում»: 2019/11/21
ՔՆՆԱՐԿՎԵՑ «ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ, ԵՂԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ օրակարգային և ընթացիկ հարցերի սպառումից հետո գիտխորհուրդը քննարկեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն ասաց, որ քննարկման ընթացքում կներկայացվեն դիտարկումներ, կլինեն ելույթներ, բացի դրանից՝ բոլորը կարող են հանդես գալ գրավոր առաջարկություններով մինչև վաղը՝ ժամը 12:00-ը. «Բոլոր առաջարկությունները կհամակարգվեն և կներկայացվեն ամսի 5-ին տեղի ունենալիք ռեկտորների խորհրդի նիստին: Այսինքն՝ ոչ միայն գիտխորհրդի միասնական կարծիքն է ներկայացվելու, այլև անհատների առաջարկները»:
«Նախքան նախագծի վերաբերյալ առաջարկությունները ներկայացնելը՝ ուզում եմ սկզբունքային հանգամանք շեշտել: Ըստ իս՝ օրենք գրելուց առաջ պետք է քննարկել հիմնական սկզբունքները, այսինքն՝ համաձայնության գալ ընդհանուր հայեցակարգի շուրջ, այնուհետև հանձնարարել մասնագետների խմբին, որոնք պրոֆեսիոնալ ձևով օրենք կգրեն: Իհարկե, դրանից հետո էլ կարող են քննարկումներ և առաջարկներ լինել, բայց դրանք արդեն թեթև խմբագրական բնույթ կունենան: Օրենքի այս նախագիծն արդեն երրորդ տարին է շրջանառվում, դրույթներ կան, որ ներառվում են, հետո հանվում: Պարզ չէ, թե որ պահին պիտի ամրագրենք, որ ընդունելի լինի գիտակրթական հանրությանը: Միակ հիմնարար նոր դրույթը, որ այսօր կա այս նախագծում, գիտության ներառումն է»,- ասաց Գեղամ Գևորգյանը:
Նա նշեց, որ օրենքի այս նախագծի համաձայն՝ Գիտությունների ազգային ակադեմիայի դերը գրեթե զրոյացվել է, սակայն առաջարկեց դրա վերաբերյալ քննարկում չծավալել այսօր՝ հույս հայտնելով, որ դրա հետ կապված առանձին քննարկում կկազմակերպվի:
Գեղամ Գևորգյանը գիտխորհրդին ներկայացրեց այն դրույթները, որոնք առարկելի են: Մասնավորապես՝ առաջին նկատառումը վերաբերում էր օրենքի նախագծի գլուխ 1-ի այն դրույթին, ըստ որի՝ անցում է կատարվում գիտական մեկ աստիճանի համակարգին:
«Բազմիցս քննարկվել է այս հարցը: Ես առաջարկում եմ նախագծում ներդնել դոկտորի գիտական աստիճանը, որը տրվում է գիտակրթական ծրագրերի իրականացման և դոկտորական ատենախոսության պաշտպանության արդյունքում: Թե որ աստիճանն ինչ գիտական չափորոշիչների պետք է համապատասխանի, դա թող որոշվի»,- ասաց Գեղամ Գևորգյանը:
Որպես հիմնավորում՝ նա փաստեց, որ այն պնդումը, թե արևմտյան բոլոր երկրներում գործում է մեկ աստիճան, սխալ է. «Գրեթե բոլոր երկրներում կա երկրորդ աստիճանը: Չկա ԱՄՆ-ում, բայց դրա փոխարեն այնտեղ կա լուրջ ֆինանսավորում: Այսինքն՝ տարբերակում են՝ ըստ ստացած գումարի: Բացի դրանից՝ գաղտնիք չէ, որ շատ երիտասարդներ այս կամ այն կերպ պաշտպանել են թեկնածուական ատենախոսությունը, և կան երիտասարդներ, որոնք հաջողությամբ պաշտպանել են այն և նույնիսկ՝ դոկտորական ատենախոսությունը: Հիմա նրանց բոլորին մեկ հարթության մեջ դիտարկելը սխալ է»:
Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի հաջորդ դիտարկումը վերաբերում էր օրենքի նախագծի այն դրույթին, որով պարտադիր են սահմանվում ինստիտուցիոնալ ու ծրագրային հավատարմագրման գործընթացները. «Եթե ծրագրային հավատարմագրումը պարտադիր լինի, այն ֆինանսական լուրջ բեռ կդառնա համալսարանի համար, քանի որ մենք ունենք 50-ից ավելի բակալավրիատի և 120-ից ավելի մագիստրոսական ծրագրեր: Այն պահանջելու է նաև աշխատանքային լուրջ ռեսուրս: Ես առաջարկում եմ ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացը լինի պարտադիր, իսկ ծրագրային հավատարմագրումը՝ կամավոր»:
Անցնելով հաջորդ դիտարկմանը՝ Գեղամ Գևորգյանն առաջարկեց ավելացնել, որ բուհն ինքնուրույն է որոշում նաև բոլոր տարակարգերի աշխատավարձերը, հաստիքացուցակը, վարձավճարների չափը, ընդ որում՝ առանց վերևից սահմանափակման. «Այսօր օրենքով վարձավճարի չափը սահմանափակված է վերևից: Եթե լիներ ներքևից, գուցե հասկանալի լիներ այն իմաստով, որ կասկածի տեղիք տար տրամադրվող կրթության որակը: Սակայն վերևից սահմանափակումը սխալ է, մանավանդ որ բոլոր բուհերը չեն ենթարկվում դրան: Մեր դեպքում վերևից սահմանափակումը կազմում է 1 մլն դրամ, իսկ, օրինակ, ՀԱՀ-ինը՝ 1.5-2 մլն դրամ»:
«Հոդված 10-ի 5-րդ կետը սահմանում է, որ բուհերում դասավանդման լեզուն գրական հայերենն է: Սակայն Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանի հավաստմամբ, արևմտահայերենը նույնպես համարվում է գրական լեզու: Այսինքն՝ ճշգրտման կարիք կա»,- ասաց Գեղամ Գևորգյանը: Ծավալված կարճ քննարկումից հետո, սակայն, Գ. Գևորգյանը հրաժարվեց այս առաջարկից:
Նրա հաջորդ առաջարկը վերաբերում էր օրենքի նախագծի հոդված 10-ի 13-րդ և 14-րդ կետերին, ըստ որոնց՝ համապատասխանաբար նշվում է, որ ՀՀ բարձրագույն կրթության համակարգում բոլոր կրթական մակարդակների աստիճանաշնորհող ծրագրերում ուսանողի տարեկան ուսումնական բեռնվածությունը առավելագույնը 60 կրեդիտ է, և լրիվ բեռնվածությամբ ուսումնառող ուսանողը պարտավոր է բուհի տվյալ կրթական ծրագրով սահմանված ուսուցման համար նախատեսված ժամկետում կուտակել տարեկան ուսումնական բեռնվածության առնվազն 75 տոկոսին համապատասխան գումարային կրեդիտներ, իսկ մասնակի բեռնվածությամբ ուսումնառող ուսանողը՝ տարեկան ուսումնական բեռնվածության առնվազն 50 տոկոսին համապատասխան գումարային կրեդիտներ. «Չի նշվում, թե ինչի 75 տոկոսը կամ ինչի 50 տոկոսը»:
«Վիճահարույց է նաև 15-րդ կետը, ըստ որի՝ մասնակի բեռնվածությամբ ուսումնառող ուսանողի ուսումնառության ընդհանուր տևողությունը բակալավրի համար առավելագույնը 8, իսկ մագիստրոսի համար՝ 4 ուսումնական տարի է: Եթե ուսանողն ընդունվել է պայմանով, որ պետք է սովորի 8 տարի, իսկ այդ ընթացքում 4 տարվա ուսումնական ծրագրում եղել է փոփոխություն, ապա ինչպե՞ս պետք է նա ավարտի: Հնարավո՞ր է՝ նրան ստիպեն հանձնել բոլոր փոփոխությունները: Պետք է նշել մեխանիզմները»,- պարզաբանեց Գեղամ Գևորգյանը և ասաց, որ դրանք անորոշ են և հստակեցման կարիք ունեն:
Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն առաջարկեց նաև խմբագրել հոդված 18-ի 10-րդ կետի վերջին նախադասությունը. «Այդ կետը սահմանում է, որ բարձրագույն կրթության առաջին մակարդակի ընդունելության կարգը, ընդհանուր պահանջները և մրցույթի անցկացման ընդհանուր չափանիշները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Դրանց հիման վրա բուհը հաստատում և հրապարակում է մրցույթի կարգը և չափանիշները: Առաջարկում եմ ավելացնել, որ բուհը նաև իրականացնում է մրցույթ»:
Անդրադառնալով հոդված 19-ի 2-րդ կետին՝ Գեղամ Գևորգյանն ասաց, որ մեծ երևակայություն է պետք նման սահմանում գրելու համար. «Ըստ այդ դրույթի՝ դասախոսները և գիտական աշխատողները, օրենսդրությամբ սահմանված կարգով, կարող են կամավոր հիմունքներով ստեղծել հասարակական միավորումներ, ներառյալ` ակադեմիական, գիտական, գիտատեխնիկական ընկերություններ, միություններ, որոնք նպատակաուղղված գործունեություն են ծավալում գիտության համապատասխան բնագավառի զարգացման ուղղությամբ: Ստացվում է՝ վերջում դրվում են սահմանափակումներ, որոնք խախտում են մարդու սահմանադրական իրավունքները: Օրինակ՝ մենք կարող ենք հավաքվել և ստեղծել շրջանավարտների միավորում՝ հավաքվելու և զրուցելու: Ստացվում է, որ չի՞ կարելի: Առաջարկում եմ հանել այդ կետը»:
Գեղամ Գևորգյանը անդրադարձավ օրենքի նախագծի գլուխ 4-ի հոդված 22-ին՝ առաջարկելով սահմանել բուհերի տեսակները: Հոդված 23-ի 1-ին կետի երկրորդ ենթակետի վերաբերյալ էլ նա առաջարկեց «ակադեմիական խորհուրդը» փոխարինել «գիտական խորհրդով»:
Հոդված 30-ի 4-րդ կետը, Գեղամ Գևորգյանի փոխանցմամբ, արդեն մի քանի տարի է, ինչ քննարկվում է. «Ո՞վ է գիտական խորհրդի նախագահը: Ստացվում է, որ յուրաքանչյուր ոք՝ բացի ռեկտորից, պրոռեկտորներից, վարչական աշխատողներից: Այդ կետով սահմանվում է, որ բուհի ռեկտորը և բուհում վարչական պաշտոն զբաղեցնող (կամ ռեկտորի կողմից ակադեմիական խորհրդում նշանակված) անձը չեն կարող ընտրվել ակադեմիական խորհրդի նախագահ: Սա ոչ մի լավ բան չի բերի բուհին: Առաջարկում եմ՝ նշվի, որ գիտական խորհրդի նախագահը ռեկտորն է»:
«Այդ նույն հոդվածի 7-րդ կետով էլ սահմանվում է, որ Ակադեմիական խորհրդի որոշման վրա բուհի ռեկտորն ունի արգելք դնելու իրավունք, եթե այն հակասում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և բուհի կանոնադրությանը: Մեկամսյա ժամկետում նույն որոշումն ակադեմիական խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով ընդունվելու դեպքում, այն համարվում է ակադեմիական խորհրդի կողմից ընդունված և պարտադիր բուհի ուսումնական գործընթացի բոլոր մասնակիցների համար: Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանի հետ երկար քննարկում էինք, թե ինչպես կարելի է անվանել այս սահմանումը, բայց համապատասխան անուն չգտանք: Առաջարկում եմ այս կետն ընդհանրապես հանել»,- պարզաբանեց Գեղամ Գևորգյանը:
Անդրադառնալով հոդված 31-ի 2-րդ կետին, որը սահմանում է, որ հանրային բուհի ռեկտորի պաշտոնում կարող է ընտրվել այն քաղաքացին, ով ունի գիտական աստիճան և բուհում դասավանդման կամ գիտական կամ վարչական աշխատանքի առնվազն 5 տարվա ստաժ, գիտական աստիճան և բարձրագույն կրթության կամ գիտության ոլորտի առնվազն 5 տարվա փորձ, Գեղամ Գևորգյանը խնդրեց պարզաբանել, թե որն է ստաժի և փորձի տարբերությունը:
«Իմ կարծիքով, համալսարանի մասին խոսելիս 5 տարին քիչ է: Առաջարկում եմ հետևյալը. քանի որ բուհերը տարբեր են, և եթե պահպանում են երկաստիճան համակարգը, ապա բուհի ռեկտորին առաջադրվող չափանիշները պետք է ամրագրել բուհի կանոնադրության մեջ: Կարող է լինել բուհ, օրինակ՝ արվեստի բուհերը, որի ռեկտորի վաստակավոր կոչում ունենալը բավարար է»,- ասաց Գեղամ Գևորգյանը:
Օրենքի նախագծի հոդված 31-ի 8-րդ կետով սահմանվում է, որ բուհի պրոռեկտորները (մասնաճյուղի տնօրենի տեղակալները) և դեկանները նշանակվում են ռեկտորի (մասնաճյուղի տնօրենի) կողմից, և նրանց հետ կնքվում է աշխատանքային պայմանագիր Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
«Իմ կարծիքով, այստեղից պետք է հանել դեկաններին: Նրանք նշանակովի լինել չեն կարող: Գուցե փոքր բուհում՝ այո, բայց ոչ մեր բուհում: Ես առաջարկում եմ ոչ միայն դեկաններին հանել այս կետի սահմանումից, այլև նրանց և ամբիոնների վարիչների համար սահմանել դրույթ, ըստ որի՝ նրանք ընտրվում են ֆակուլտետներում և վերջ՝ առանց վերահաստատումների և քննարկումների»,- նշեց Գեղամ Գևորգյանը:
«Չափազանց շատ են դրույթները, որոնք պետք է ամրագրված չլինեն օրենքով: Օրինակ՝ հաշվետությունների վերաբերյալ դրույթները, դրանք պետք է կարգավորվեն կամ Կառավարության, կամ նախարարության որոշումներով»,- նախքան մյուս դիտարկմանն անցնելը՝ ասաց ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը:
Գեղամ Գևորգյանի համար առարկելի էր նաև հոդված 34-ի 3-րդ կետը, որով նշվում է, թե հանրային բուհի կամ գիտական կազմակերպության աուդիտ իրականացնող կազմակերպությունը պարտավոր է եզրակացություն ներկայացնել պետական ֆինանսական կառավարման ու կրթության և գիտության օրենսդրությանը բուհի կամ գիտական կազմակերպության գործունեության համապատասխանության վերաբերյալ: Եզրակացությունը պետք է ներառի «արժեք փողի դիմաց» գնահատականը, որը պետք է անդրադառնա բուհի կամ գիտական կազմակերպության գործունեության նպատակայնությանը և արդյունավետությանը, ինչպես նաև ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործմանը և խնայողությանը:
«Բացի նրանից, որ այս կետն օրենքին չի համապատասխանում, մեզ՝ բոլորիս, հայտնի է, որ կան մասնագիտություններ, որոնց ուսուցումն ավելի թանկ է արժենում, քան մենք ստանում ենք պետությունից և ուսանողից: Եվ կա հակառակը: Մենք միասնական բուհ ենք, միասնական քաղաքականություն ենք վարում: Մենք չենք կարող ասել, թե այս մասնագիտությունը գումար չի բերում, ուրեմն մեզ պետք չէ: Այս երկրին, օրինակ, երկրաբաններ հաստատ պետք են: «Արժեք փողի դիմաց» սահմանումը սխալ է և ավելորդ»,- պարզաբանեց Գեղամ Գևորգյանը և ասաց, որ օրենքի նախագծի լավ դրույթներից մեկն այն է, որ տարածքի վարձակալման շահույթը մնում է բուհին:
Նրա համար քննարկման նյութ էր նաև հոդված 36-ի 1-ին կետը, ըստ որի՝ բուհերը կարող են սահմանել կրթական ծառայություններ մատուցելու համար ըստ կրթական ծրագրերի ուսման վարձի չափը: Պետական բյուջեից բարձրագույն կրթության տրամադրման ծառայությունների համար ֆինանսավորում ստացող բուհերը պարտավոր են լիազոր պետական մարմնին ներկայացնել կրթական ծրագրերի ուսման վարձի մեծության հաշվարկը: Պետական բյուջեից ֆինանսավորվող կրթական ծրագրերի ուսման վարձի մեծության հաշվարկի մեթոդաբանությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
«Շուկայական պայմաններում, իսկ մենք ապրում ենք այդ պայմաններում, որոշելու մի ձև կա՝ առաջարկ-պահանջարկ բանաձևը: Մնացած բոլոր հիմնավորումները մեր գործն է, բայց հաշվետվություն տալ, թե գինն այսքան է, որովհետև ծախսերն այսքան են, կստացվի «արժեք փողի դիմաց» գնահատականով շարժվել: Դրա համար կարծում եմ՝ հիմնավորման կարիք չկա»,- մեկնաբանեց Գեղամ Գևորգյանը:
Նա հայտնեց, որ օրենքի նախագծի 6-րդ գլխի հոդված 37-ում բաց է մնացել ՈՒԳԸ-ի մասը. «Այն տարրալուծվել է ՈՒԽ-ի մեջ, բայց իմ կարծիքով դրանք երկու կարևոր, բայց տարբեր կառույցներ են: Դրանք պետք է տարանջատել»:
Գեղամ Գևորգյանն ասաց, որ հոդված 38-ի 10-րդ կետով էլ նշված են բուհի ընտրովի պաշտոնները, որտեղ պետք է ավելացնել նաև դեկաններին:
«Նույն հոդվածի 13-րդ կետով էլ սահմանվում է, որ բուհում ակադեմիական կազմի թափուր պաշտոնների տեղակալումն իրականացվում է բաց մրցութային կարգով՝ 5 տարի ժամկետով: Ինձ թվում է՝ ճիշտ կլինի առաջին անգամ սահմանել մինչև 5 տարի, քանի որ ունենում ենք դեպքեր, երբ դասախոսական հմտությունների տեսանկյունից անհայտ մարդիկ են շահում մրցույթը, և նրանց հետ միանգամից 5 տարի ժամկետով պայմանագիր կնքելը ճիշտ չէ»,- ասաց ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը:
Նա անդրադարձավ նաև նույն հոդվածի 15-րդ կետին, ինչը սահմանում է՝ բուհում (մասնաճյուղում) վարչական պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում վարչական կամ գիտական ստորաբաժանման (ամբիոն) ղեկավարի պաշտոնում նշանակված (ընտրված) անձի լիազորությունները դադարեցվում են ռեկտորի որոշմամբ, եթե լրացել է նրա տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը:
«Այսինքն՝ եթե լրանում է ամբիոնի վարիչի 65 տարեկանը, ապա նա պետք է դուրս գա: Եթե այդ մոտեցումն ինչ-որ առումով ընդունելի է ռեկտորի կամ դեկանների պարագայում, ապա այս դեպքում լրիվ անընդունելի է: Մենք այդքան հարուստ չենք կադրերով, և ամբիոնի վարիչի գործն էլ, ի վերջո, վարչական աշխատանք չէ»,- ասաց ռեկտորի ժ/պ-ն:
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի հոդված 39-ի 1-ին կետը սահմանում է՝ պետությունը հանրային բուհում և գիտահետազոտական գիտական կազմակերպությունում գիտական և գիտատեխնիկական գործունեության առնվազն 30 տարվա ստաժ ու գիտական աստիճան ունեցող անձանց` 70 տարին լրանալու ու պետական գիտական և գիտատեխնիկական ծրագրերում ընդգրկված չլինելու դեպքում, տալիս է ամենամսյա դրամական վճար` ՀՀ պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական ծրագրերում ընդգրկված գիտական աստիճան ունեցող գիտական աշխատողներին գիտական աստիճանի համար տրվող ամենամսյա հավելավճարների չափով. «Ես առաջարկում եմ, որ ամենամսյա դրամական վճարը հատկացնել ոչ թե 70 տարին, այլ կենսաթոշակային տարիքը լրանալու դեպքում»:
Գեղամ Գևորգյանը չանդրադարձավ անցումային դրույթներին, քանի որ եթե ներկայացվող առաջարկություններն ընդունվեն, ապա այդ դրույթների մեծ մասն ավելորդ կդառնան, մյուս կողմից՝ եթե չընդունվեն առաջարկությունները, դրանք շատ վիճելի կլինեն:
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի համար օրենքի նախագծի ամենավիճահարույցը հոդված 26-ն էր, որով սահմանվում է հանրային բուհի կառավարման խորհրդի ձևավորումը:
«Նախ վիճելի է, թե ինչու է տարբերություն դրվում ուսանող անդամի և ոչ ուսանող անդամի միջև. հատուկ շեշտվում է, թե ուսանողության ներկայացուցիչը երկու անգամ անընդմեջ չի կարող նշանակվել նույն բուհի կառավարման խորհրդի անդամ: Պետք է հստակ բոլորի համար գրել»,- հոդվածի վերաբերյալ առաջին դիտարկումը ներկայացրեց Գեղամ Գևորգյանը:
«Այս հոդվածը, ըստ էության, բուհի գործառույթների վերաբերյալ վերահսկիչ փաթեթ ունենալու մասին է: Բոլոր հիմնարկներում հիմնադիրն ունենում է վերահսկիչ փաթեթ, դա այդպես է: Այստեղ ևս դա իրագործելու համար, իմ կարծիքով, սխալ ձևով է իրականցվում: Ըստ էության՝ այդ փաթեթն այստեղ ռեկտոր ընտրելու համար է: Կարող եմ փաստել, որ համալսարանի 100 տարվա ընթացքում երբևէ ռեկտոր չի ընտրվել: Ես էլ չեմ ընտրվել, նախորդն էլ չի ընտրվել: Եվ դա բնական է՝ ըստ իս: Եթե կա հիմնադիր մարմին, ապա նա էլ պետք է նշանակի»,- ասաց Գեղամ Գևորգյանը:
Նրա կարծիքով, բոլոր ռեկտորներն առաջին հերթին պետք է կայանան համալսարանական միջավայրում, որպեսզի կարողանան համալսարանն առաջ տանել. «Ես չեմ պատկերացնում ռեկտոր, որ պիտի գա, և համալսարանի կամքին հակառակ կարողանա ինչ-որ բան անել: Դրա համար առաջարկում եմ ռեկտորին նշանակել, բայց նա հաշվետու լինի խորհրդի առաջ»:
Խոսելով հոգաբարձուների խորհրդի կազմի մասին՝ Գեղամ Գևորգյանն ասաց, որ այն պետք է բաղկացած լինի ոչ միայն ՈւԽ, այլև ՈՒԳԸ անդամներից, դասախոսական կազմը պետք է ներկայացված լինի 4 անդամով, իսկ կազմի մնացած մասը, որը պետք է նշանակի նախարարը, ըստ Գ. Գևորգյանի, պետք է բաղկացած լինի գործատուներից և համալսարանի նախկին վարչական աշխատակիցներից. «Անտեսել վերջիններիս փորձը և գիտելիքը, կարծում եմ, ճիշտ չէ: Ընդ որում՝ նրանք կարող են լինել այլ բուհերի աշխատակիցներ»:
«Եթե ռեկտորի ընտրության հարցը հանենք հոգաբարձուների խորհրդի գործառույթից, ապա կունենանք խորհուրդ, որն իսկապես կզբաղվի բուհի հարցերով: Ես գրեթե վստահ եմ, որ առաջարկս չի ընդունվի, բայց ազնվորեն ասացի իմ կարծիքը»:,- փաստեց Գեղամ Գևորգյանը:
Հոդվածի վերաբերյալ ԵՊՀ գիտխորհրդի նիստի ժամանակ ծավալվեց քննարկում, որի ընթացքում անդամները հայտնեցին իրենց մտահոգությունները, դիտարկումները և առաջարկները, որոնք ևս կներառվեն միասնական դիրքորոշման մեջ: Մասնավորապես՝ քննարկվեց բուհի գործունեության ժամանակ հիմնադիր մարմնի ներգրավվածության հարցը, որը, ըստ Գեղամ Գևորգյանի, միանգամայն բնական է:
Այնուհետև ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացրեց ընդհանուր բնույթի դիտողություններ:
Նա մասնավորապես ասաց, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը, ինչպես օրենսդրական տեխնիկայի, այնպես էլ բովանդակային ասպեկտներով չի համապատասխանում սահմանադրությամբ և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով ամրագրված բազում առանցքային նորմերին:
«Այն լրջագույն աղերսներ ունի նաև միջազգային իրավական չափանիշների, ինչպես նաև միջազգային փորձի հետ: Օրինագիծը, ըստ էության, որևէ էական նորամուծություն չի բովանդակում՝ մեկ-երկու բացառություններով՝ ընդունելության կարգ և կառավարման առաջարկվող մոդել: Այն դեռևս տարիներ առաջ մշակվել և դարձել է մասնագիտական շրջանակում քննարկման առարկա, որի արդյունքներով պարզ էր դարձել, որ այն ոչ միայն իրավաչափ լուծումներ չի առաջադրում, այլև գոնե մասնակիորեն չի վայելում մասնագետների հավանությունը»,- ասաց Գագիկ Ղազինյանը:
Նա փոխանցմամբ, այդպիսի օրինակներից է օրինագծի 1-ին հոդվածի 3-րդ մասը, որը ոչ միայն չի համապատասխանում սահմանադրությամբ ամրագրված որոշակիության սկզբունքին (6-րդ հոդվածի 2-րդ մաս), այլև հակասում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի՝ իրավական կոլիզիաների դեպքերի համար սահմանված իրավակիրառման կանոններին (39-40-րդ հոդվածներ):
«Նույն հոդվածի 4-րդ մասը հավուր պատշաճի չի համապատասխանում սահմանադրությանը, բնորոշ է այն, որ նպատակների շարքում անգամ անտեսված է ակադեմիական ազատության երաշխավորման անհրաժեշտությունը: Փոխարենը՝ նախապատվությունը տրվել է հրապարակախոսական, մասամբ էլ՝ վերացական բնութագրիչներին՝ «ստեղծել արդյունավետ իրավական հենք», «բարձրացնել ուսումնական հաստատությունների հանրային պատասխանատվությունը» և այլն: Բացի դրանից՝ սահմանադրությամբ «անվճար բարձրագույն և այլ մասնագիտական կրթության զարգացումը» ամրագրված է՝ որպես պետության քաղաքականության հիմնական նպատակ, որի մասին Օրինագծում ամրագրված նպատակների ցանկում անգամ ակնարկ չկա»,- ասաց Գագիկ Ղազինյանը:
Նրա փոխանցմամբ, հայեցակարգային ասպեկտով օրինագծում առկա է մեծ շփոթ, մասնավորապես՝ հաշվի չեն առնվում արդեն իսկ ձևավորված կրթական համակարգում ռեկտորների և այլ ստորաբաժանումների ղեկավարների կարգավիճակն ու առաքելությունը, ինչի արդյունքում նրանք արհեստականորեն նույնացվում են, այսպես կոչված, մենեջերների հետ, որոնք արհեստավարժ կառավարիչներ են զուտ կառուցակարգային կառավարման և ֆինանսատնտեսական հատվածի կազմակերպման ոլորտներում:
«Ինչ խոսք, սրանք չափազանց կարևոր ոլորտներ են, սակայն գիտակրթական հաստատության առանցքը բացառապես կրթության և գիտության բարդ համակարգերի կառավարումն է, որոնք ընդհանուր աղերսներ չունեն զուտ կառուցակարգային և ֆինանսատնտեսական ոլորտների հետ: Փոխարենը՝ ռեկտորը պետք է ձերբազատվի ընթացիկ վարչարարությունից և զբաղվի հիմնականում կրթական և գիտական ծրագրերի արդյունավետության բարելավմամբ: Օրինագծում այն անհիմն մեկնակետն է առաջադրվում, որ ռեկտորը և մյուս ստորաբաժանումների ղեկավարները պետք է շարունակեն զբաղվել ինչպես նշված հարցերով, այնպես էլ տնտեսավարությամբ ու վարչարարությամբ, ինչի արդյունքում էլ հանգել են այն հետևության, որ հարկ է սահմանել տարիքային սահմանափակումներ, որոնք բնորոշ են այդ գործառույթների իրականացմանը: Մինչդեռ հարկ է մտածել աշխատակազմի արդյունավետ կառավարման մասին, ոչ թե ռեկտորին ընկալել որպես աշխատակազմի ղեկավար: Ավելին՝ ռեկտորը նույնիսկ բուհի ակադեմիական (գիտական) խորհրդի նախագահ կարող է չլինել»,- մեկնաբանեց Գագիկ Ղազինյանը:
Նրա կարծիքով, սա խոսում է նաև երկակի ստանդարտների մասին, քանզի, օրինակ, հանրային ծառայության այն ներկայացուցիչներին, որոնք պատասխանատու են քաղաքականություն մշակելու համար, իսկ կրթական համակարգում հիշյալ ղեկավարները հենց քաղաքականություն մշակելու համար են կոչված, չի սահմանվում որևէ տարիքային սահմանափակում, մինչդեռ այդ քաղաքականությունն իրագործելու համար պատասխանատու հանրային ծառայողների համար սահմանվում են նշված սահմանափակումները:
«Հաջորդ հայեցակարգային խնդիրն այն է, որ ակնհայտ թերի է օրինագծի կարգավորման առարկայի շրջանակը, ներկայացված տեսքով այն պարզապես ունակ չէ ապահովելու իրավական կարգավորման համալիր ու ամբողջական որակները: Օրինագծի ողջ տեքստը միտված է գիտակրթական հաստատությունների իրավական կարգավիճակին, գործառույթներին և խնդիրներին, սակայն որևէ անդրադարձ չկա այն հարցադրումներին, թե թվարկված խնդիրներն ինչպես են իրագործվելու, ինչ կոնկրետ պարտավորություններ են սահմանվելու հանրային իշխանության մարմինների համար»,- ասաց Գագիկ Ղազինյանը:
Նա փաստեց, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի վերտառությունը, ինչպես նաև նախագծի կարգավորման առարկան ցույց են տալիս, որ մեկ իրավական ակտի շրջանակում փորձ է արվել միավորել բարձրագույն կրթության և գիտության ոլորտները. «Ներկայումս բարձրագույն կրթության և գիտության ոլորտները ունեն փոխկապակցվածության բարձր մակարդակ, սակայն, միևնույն ժամանակ, առանձին զարգացող և ինքնուրույն գործառող ոլորտներ են, որի արդյունքում դրանց միավորումը մեկ օրենքում արդարացված չէ»։
Գագիկ Ղազինյանի փոխանցմամբ, նախագծի ընդունման անհրաժեշտության հիմնավորման բացակայությունը հնարավորություն չի տալիս վերջնականորեն ընկալելու նախագծի հեղինակների կողմից որդեգրված մոդելի հիմքում դրված տրամաբանությունը. «Նախագծում բացակայում է դրա հստակ ամրագրված նպատակը, նախագիծը կաղում է նաև համակարգվածության տեսանկյունից, այն ավելի շատ առանձին իրավակարգավորումների արհեստական համակցություն է, քան համակարգված և որոշակի տրամաբանությամբ կառուցված փաստաթուղթ»։
Նրա կարծիքով, նախագծի բովանդակության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ոլորտների միավորումը կրում է արհեստական բնույթ, քանի որ նախագծի առավել մեծ մասը նվիրված է բարձրագույն կրթության հատվածին, իսկ գիտության մասով, ըստ էության, կարգավորումները բավականին քիչ են և թերի։
Իրավագիտության ֆակուլտետի դեկանի հավաստմամբ, օրինագծի լրջագույն թերություններից է սահմանադրությամբ ամրագրված լիազորող նորմերի որոշակիության սկզբունքից ակնհայտ շեղման բազում դեպքերի առկայությունը: Հատկապես բնորոշ է այն, որ օրինագծում մեծ քանակ են կազմում այն նորմերը, որոնցում օգտագործված են «համապատասխան մարմիններ և կազմակերպություններ», «համապատասխան նորմատիվ իրավական ակտերը» և այլ նմանաբնույթ արտահայտությունները. «Բացի դրանից, նախագծում առկա է տերմինաբանական շփոթ՝ կապված գիտական աշխատող, ակադեմիական կազմ, դասախոս հասկացությունների իմաստի և դրանց կիրառման հետ»։
Նախագծի համաձայն՝ գիտական աշխատող է համարվում բուհում կամ գիտական կազմակերպությունում գիտահետազոտական աշխատանք իրականացնող և գիտական արդյունք ստեղծող անձը. «Նախ պետք է նշել, որ գիտահետազոտական աշխատանք եզրույթը նախագծում մեկնաբանված չէ, նախագիծն օգտագործում է նաև «գիտահետազոտական գործունեություն» եզրույթը և տալիս է դրա սահմանումը, սակայն պարզ չէ, թե արդյոք գիտահետազոտական աշխատանք և գիտահետազոտական գործունեություն եզրույթները նույնանում են»։
«Բացի դրանից՝ «գիտական աշխատող» հասկացության սահմանումից ստացվում է, որ բուհում գիտահետազոտական աշխատանք կատարող և գիտական արդյունք ստեղծող ցանկացած անձ կհամարվի գիտաշխատող։ Բայց չէ՞ որ ակադեմիական պաշտոն զբաղեցնող անձը ևս կարող է զբաղվել գիտահետազոտական գործունեությամբ և դրա արդյունքում չի կարող համարվել գիտական աշխատող։ Նախագծի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ գիտական աշխատողը միանշանակորեն չի մտնում ակադեմիական կազմի մեջ։ Նախագիծն օգտագործում է նաև դասավանդող կազմ եզրույթը, սակայն չի տալիս դրա սահմանումը. արդյո՞ք այն նույնանում է ակադեմիական կազմի հետ, թե դրա մաս է կազմում»,- ասաց Գագիկ Ղազինյանը։
Նրա փոխանցմամբ, նախագծի 5-րդ հոդվածը չունի նորմատիվային կարգավորում, անհասկանալի է դրա նորմատիվային բեռը, այն ավելի շատ նախագծի՝ այս տեսքով ընդունման հիմնավորում է, հիշեցնում է նախընտրական ծրագրային փաստաթուղթ. «Այն արմատապես հարկ է վերանայել և փորձել հստակ սահմանել այն իրավական հիմքերը, որոնք պետք է կարգավորեն բարձրագույն կրթության և գիտության ոլորտում ինտեգրման պետական քաղաքականությանն առնչվող հարաբերությունները: Եվ ընդհանրապես, նախագիծը խիստ ծանրաբեռնված է տարաբնույթ նպատակներով և խնդիրներով, որոնք չունեն նորմատիվային հիմք և ծանրաբեռնում են նախագիծը։ Ավելին, եթե սահմանվում են այսքան շատ նպատակներ, խնդիրներ և գործառույթներ, ապա անհրաժեշտ է ապահովել նպատակ-խնդիր-գործառույթ-լիազորություն միասնական շղթայի տրամաբանական հաջորդականությունը։ Այսինքն՝ որքանով են դրված խնդիրները օգնում հասնելու սահմանված նպատակներին, որքանով են գործառույթները լուծում խնդիրները, և արդյոք սահմանված լիազորությունները համապատասխանում են գործառութային բովանդակությանը»:
Գ. Ղազինյանի հավաստմամբ, նախագծում նշված սկզբունքը չի պահպանվել, ավելին՝ նպատակներն ու խնդիրները շատ դեպքերում միահյուսված են, իսկ որոշ դեպքերում խնդիրները չեն համապատասխանում հետապնդվող նպատակներին, իսկ նպատակները՝ սկզբունքներին։
Նրա դիտարկմամբ, բավականին մտահոգիչ է օրինագծով առաջարկվող հանրային բուհի կառավարման մոդելը, քանի որ այն տանում է ոչ թե ակադեմիական ազատություններից բխող ինքնավարության ու ինքնակառավարման, այլ գործադիր բյուրոկրատական կառավարման մարմիններից կախվածության ու կենտրոնացման, ինչը հղի է լրջագույն վտանգներով:
«Առաջարկվող մոդելը ուղղահայաց կառավարման համակարգ է, որը, փաստացի, հնարավորություն է տալիս լիազոր մարմնին նշանակելու ընդհուպ դեկաններին։
Օրինագծով առաջարկվում է հանրային բուհի կառավարման խորհրդի այնպիսի կազմ, որում առնվազն 6-ը, այսինքն՝ ուղիղ կեսը պետք է լինեն համապատասխան նախարարի ներկայացուցիչներ: Սա համահունչ չէ միջազգային փորձին, մասնավորապես պետական բուհերում երբեք կառավարության ներկայացուցիչները չեն կազմում խորհրդի կեսը, պարզապես ապահովվում է որոշակի խելամիտ ներգրավվածություն՝ կառավարության քաղաքականությունը ներկայացնելու և վերահսկողություն ապահովելու նկատառումով: Առավել ևս բացառվում է, որ այդ անդամներից որևէ մեկը լինի խորհրդի նախագահ»,- ասաց Գագիկ Ղազինյանը:
Նրա փոխանցմամբ, նախագծի 26-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հանրային բուհի կառավարման խորհուրդը գործում է 5 տարի ժամկետով, որի կազմը հաստատում է համապատասխան լիազոր մարմինը. «Լիազոր մարմինը և՛ նշանակում է խորհրդի անդամների կեսին, և՛ հաստատում է կազմը: Նախկինում, ինչպես հիշում եք, համալսարանի կառավարման խորհուրդը կազմված էր 72 (ի տարբերություն մնացած բուհերի) անդամներից, որոնք համամասնաբար ընտրվում էին Կառավարության, լիազոր մարմնի, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության կողմից: Հետագայում՝ հիմնադրամ դառնալուց հետո, կազմը դարձավ 32՝ նույն համամասնությամբ, այսօր արդեն 12, և այստեղ բացակայում է կառավարության մասնակցությունը»:
«Նշված կարգավորումը նախատեսում է պետական միջամտություն բուհի ինքնավարության մաս կազմող ինքնակառավարման գործառույթի իրացմանը։
Միաժամանակ, նախագիծը չի կարգավորում այն հարցը, թե արդյոք լիազոր մարմինը կարող է չհաստատել բուհի կառավարման խորհրդի կազմը, թե հաստատելը նրա պարտականությունն է»,- ասաց Գ. Ղազինյանը։
Բացի դրանից, ըստ նրա, էականորեն նվազեցվել է կառավարման խորհրդի անդամների թիվը՝ ընդամենը տասներկու հոգի. «Ընդ որում՝ խորհրդի անդամների կեսին նշանակում է լիազոր մարմինը, ինչը ևս ուղղակի միջամտություն է բուհական ինքնավարությանը։ Մասնավորապես՝ նախագիծը չի կարգավորում խորհրդում որոշումների ընդունման կարգը, ինչը ենթադրում է, որ դա թողնված է բուհի կանոնադրությանը, որի արդյունքում, եթե բուհի կանոնադրությամբ չնախատեսվեն որոշումների ընդունման այնպիսի մեխանիզմներ, որոնք կբացառեն անդամների կեսի քվեարկելու դեպքում որոշումների ընդունումը, ապա ստացվում է, որ լիազոր մարմինը էականորեն ազդելու է որոշումների ընդունման գործընթացի վրա»։
Օրենքի նախագծի քննարկման ընթացքում մասնակիցների ուշադրության առանցքում էր նաև հոդված 36-ի 6-րդ կետը, որը սահմանում է՝ ՀՀ կառավարությունն իր կողմից տրամադրվող ուսանողական կրթաթոշակները բուհին է հատկացնում յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով նախատեսված միջոցների սահմաններում, ըստ բուհերի և կրթական ծրագրերի: Ուսանողական կրթաթոշակ ստացած ուսանողը այն ստանում է տվյալ մակարդակում կրթության ամբողջ ժամանակահատվածի համար և կարող է դրանից զրկվել չորս կիսամյակ (բարձրագույն կրթության երկրորդ և երրորդ մակարդակների դեպքում՝ երկու կիսամյակ) անընդմեջ տվյալ կրթական ծրագրի համար բուհի կողմից սահմանված միջին որակական գնահատականի 20 տոկոսից պակաս ունենալու դեպքում: Ինչը նշանակում է, որ վերանում է ռոտացիոն մեխանիզմը:
Տես ավելին՝ http://www.ysu.am
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ ասուլիս ԿԳՄՍՆ-ում
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ ասուլիս ԿԳՄՍՆ-ում
Տես ավելին՝ https://www.youtube.com
«Ժամանակ ենք կորցնում»․ քննարկում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի աշխատանքային տարբերակը սեպտեմբերին ներկայացվել է ուսումնական հաստատությունների քննարկմանը։ Սպասվող փոփոխությունները դեռևս քննարկման փուլում են, այնուամենայնիվ՝ նախագծի աշխատանքային տարբերակը հասցրել է բուռն քննարկումների տեղիք տալ մասնագիտական շրջանակներում։
Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանն այսօր հրավիրված քննարկմանը ընդգծեց․
«Բարձրագույն և հետբուհական կրթության մասին գործող օրենքը 2004 թվականին է ընդունվել, ասինքն՝ 15 տարի առաջ։ Բարձրագույն կրթության համակարգում էական փոփոխություններ են կատարվել։ Օրենքը ընդունվել է 2004 թվականին, 2005 թվականին մենք միացել ենք Բոլոնիայի գործընթացին»։
Նրա խոսքով՝ մեր գործող օրենքը չի արտացոլում նոր իրողությունները։
Գիտական հաստատությունների և բուհերի միացման շուրջ հնչող քննադատությունները նախարարի խորհրդականը շատ պարզունակ հետևություն է համարում․
«Գիտական կազմակերպությունները ադմինիստրատիվ որոշումներով միացնել բուհերին, սա մի ոճ է, որը հավանաբար ընդունված է եղել տարիներ շարունակ, բայց այս օրենքի ամբողջ գաղափարախոսությունը ազատականությունն է, ինքնավարությունն է թե՛ կրթական գործի, և թե՛ հետազոտությունների առումով, հետևապես՝ այդպիսի մտավախություն չկա»։
«Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանին չի բավարարում հետհեղափոխական Հայաստանի կրթության ոլորտում կատարվող փոփոխությունների որակն ու արագությունը․
«Չեմ կարծում, թե որևէ մեկը հստակ կարող է ասել, թե բարձրագույն կրթության մասին օրենքը երբ կընդունվի, բայց ժամանակը գնում է, մենք ժամանակ ենք կորցնում»։
Հանրային քաղաքականության ինստիտուտի կրթական ծրագրերի համակարգող Աննա Գևորգյանի համոզմամբ՝ օրենքը մեկ քայլ առաջ է այն առումով, որ արտացոլում է այն հիմնական կետերը, որոնց ուղղությամբ մեր բարձրագույն կրթության համակարգը փորձում է առաջ գնալ․
«Այս օրենքի ամենամեծ նպատակը գիտությունը և կրթությունը միավորելն է, այսինքն՝ փորձել համապատասխանեցնել այս երկուսի համահունչ գործունեությունը»։
Խոսելով հանրային բուհերի կառավարմանն առնչվող փոփոխությունների մասին՝ Աննա Գևորգյանն ընդգծեց․
«Ես կուզեի, որ մենք լայն քննարկման դնենք այն մեխանիզմը, որով ձևավորվում է հոգաբարձուների կառավարման խորհուրդը և տեղ է տալիս հանրային բուհերի կառավարման համար»։
Նա անդրադարձավ նաև կրթության մատչելիությանն ու հասանելիությանը առնչվող խնդիրներին․
«Հիմնական խոսքը գնում է այն մասին, որ պետական աջակցություն տրամադրվում է այն ուսանողներին, ովքեր ընդունվել են մրցութային կարգով, առանց ծնողական խնամքի մնացած ուսանողներ են, հաշմանդամություն ունեցող անձինք են և այլն, բայց այստեղ մեծագույն մի խումբ բացակայում է, խոսքը սոցիալ–տնտեսական մեծագույն խնդիրներ ունեցող խմբի մասին է, որովհետև երբ մենք տարբեր թվեր ենք նայում, տարբեր զեկույցներ ենք ուսումնասիրում, տեսնում ենք, որ աղքատությունը մեծագույն խոչընդոտ է ուսանողների համար՝ շարունակելու բարձրագույն կրթությունը»։
Տես ավելին՝ https://a1plus.am
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՒ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ․ ՄԱՍ 1-ԻՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրապարակել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը։ Նախագծի վերաբերյալ հանրային ակտիվ քննարկումներ կան։ Օրենքի նախագծի և առհասարակ բարձրագույն կրթության ու գիտության կազմակերպաիրավական խնդիրների մասին բանավիճում են ԿԳՄՍ նախարարի խորհրդական, բարձրագույն կրթության փորձագետ Սամվել Կարաբեկյանը և ԵՊՀ դասախոս, իրավաբան Արսեն Թավադյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:
Տես ավելին՝ https://www.shoghakat.am
Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծ. ի՞նչն այն չէ, ինչո՞ւ է ուշանում»
Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծ. ի՞նչն այն չէ, ինչո՞ւ է ուշանում»
Տես ավելին՝ https://www.youtube.com
Միջին մասնագիտական կրթությունը Հայաստանում
Միջին մասնագիտական կրթությունը Հայաստանում
Տես ավելին՝ https://www.facebook.com/watch