Ընտրական օրենսգրքում արմատական փոփոխությունների կատարման անհրաժեշտության մասին երկար տարիներ բարձրաձայնվում էր ինչպես օրվա իշխանությունների ու քաղաքական ընդդիմության, այնպես էլ միջազգային կազմակերպությունների ու քաղաքացիական հասարակության կառույցների կողմից։ Դեռևս 2015 թվականին ընդունված Սահմանադրության փոփոխությամբ նախատեսվեց գործող Ընտրական օրենսգիրքը նորացված Սահմանադրությանը համապատասխանեցնելու պահանջ (հոդված 210)՝ դրա ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանելով 2016 թվականի հունիսի 1-ը: Այդ շրջանում քաղաքացիական հասարակությունը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ ամրագրվում էին Ընտրական օրենսգրքի փոփոխությունների 5 հիմնական սկզբունքները․ 

  1. Ընտրողների կողմից ստորագրված և լրացված ընտրական ցուցակների հրապարակում,
  2. Ընտրողների ցուցակների «մաքրում»՝ հարևան Վրաստանի մոդելով․ մասնավորապես՝ պարզել հանրապետությունից բացակայող անձանց և ընտրողների ցուցակների մեջ այդ անձանց անվան դիմաց նշում կատարել՝ հանրապետությունից բացակայելու մասին,
  3. Ազգային ժողովի ընտրությունների անցկացում համամասնական ընտրակարգով՝ համապետական պարզ (փակ) համամասնական ընտրացուցակներով՝ բացառելով տարածքային ու վարկանիշային ցուցակների կիրառումը,
  4. Ընտրական տեղամասերում քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման ողջ գործընթացի տեսանկարահանում առնվազն 5 տեսախցիկներով՝ որպես պետության պարտականություն, 
  5. Ընտրողներին մատնահետքերով նույնականացնելու համակարգի կիրառում կամ մատների թանաքոտման (այդ թվում՝ անզեն աչքով չերևացող թանաքով) կարգի ներդրում։

Քաղաքացիական հասարակությունը համոզված էր, որ միայն վերը թվարկված մեխանիզմների ներդրմամբ հնարավոր կլինի հասնել ընտրական գործընթացի որակական փոփոխության։ Այնուհետև, վերոհիշյալ պահանջներին միացավ նաև քաղաքական ընդդիմությունը, որով էլ հիմք դրվեց «4+4+4» ձևաչափով իշխանություն- ընդդիմություն-քաղաքացիական հասարակություն բանակցություններին։

Արդեն հունիսին Ազգային ժողովն ընդունեց նոր Ընտրական օրենսգիրքը, որում վերոնշյալ պահանջներից միայն երկուսն էին ներառված։ Նշված հանգամանքն առաջացրեց քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դժգոհությունը, որի վերաբերյալ վերջիններս հանդես եկան հայտարարությամբ։ 

2018 թվականին տեղի ունեցած հեղափոխությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձևավորած կառավարությունն արդեն որպես իշխանություն էր արձանագրում ընտրական բարեփոխումների անհրաժեշտությունը՝ համարելով այն արտահերթ ընտրությունների նախապայմաններից։ Ընտրական բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունն ամրագրվեց կառավարության ծրագրով, և ստեղծվեց վարչապետին կից ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողով՝ կազմված 12 անդամից, որոնցից 6-ը՝ քաղ․ հասարակության կառույցների ներկայացուցիչներ։ Հանձնաժողովը նախագահում էր առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, իսկ հանձնաժողովի քարտուղարը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից Դանիել Իոաննիսյանն էր։     

Կառավարության ծրագրով ամրագրված ընտրական համակարգի բարեփոխումները պետք է ապահովեին հիմնականում հետևյալը․

  • Հրաժարվել ռեյտինգային ընտրական համակարգից և անցնել լիարժեք համամասնական ընտրակարգի, 
  • Ձևավորել նոր՝ իրական պատկերն արտացոլող ընտրական ցուցակներ, որոնք հետագայում կթարմացվեն ինքնաշխատ եղանակով, 
  • Բացառել կրկնաքվեարկության հնարավորությունը՝ քվեարկած ընտրողների մատնահետքերի համաժամանակյա և ինտեգրված ստուգման ցանց ստեղծելու կամ համարժեք այլ եղանակով, 
  • Օրենքով երաշխավորել ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին անվճար և վճարովի հիմունքներով տրամադրվող եթերաժամերի տեղադրումը ամենադիտվող ժամերին, 
  • Բացառել քաղաքացիների կամարտահայտման վրա ապօրինի ազդեցությունների գործադրումը, ճնշումներն ու ընտրակաշառքը։ Այդ նպատակով իրավապահ համակարգում ստեղծել ընտրողների կողմնորոշման վրա ստիպողաբար կամ սպառնալիքներով գործադրվող ազդեցության, ընտրակաշառքների և օրենքով արգելված նյութական նվիրատվությունների, ծառայությունների մատուցման, ապօրինի խոստումների և ընտրարշավի ապօրինի ֆինանսավորման դեմ պայքարի ստորաբաժանում, 
  • Իրականացնել Ընտրական օրենսգրքի՝ ընտրողների ազատ կամարտահայտումը երաշխավորող այլ փոփոխություններ։ Արտահերթ խորհրդարանական ընտրություններն անհրաժեշտ է անցկացնել առավելագույնը մեկ տարվա ընթացքում։

Աշխատանքային խումբն օգոստոսին արդեն մշակել էր ընտրախախտումների դեմ պայքարի փաթեթ, որը ներառում էր նաև փոփոխություններ Վարչական իրավախախտումների վերաբերյալ և Քրեական օրենսգրքերում։ Այդ փոփոխություններն ընդունվեցին Ազգային Ժողովի կողմից, որի արդյունքում քրեականացվեց բարեգործության հետ միաժամանակ նախընտրական կամ հանրաքվեի քարոզչություն իրականացնելը, տուգանք սահմանվեց ընտրական տեղամասային կենտրոնում գտնվելու կանոնները խախտելու համար: Ընդլայնվեցին ՀԿ-ների հնարավորություններն իրավախախտումների դեմ պայքարելիս: Մասնավորապես, դիտորդական ՀԿ-ները ստացան իրավունք, անկախ ընտրական հանձնաժողովի կամքից, միանգամից դիմել դատարան՝ ընտրական գործընթացում իրավախախտում թույլ տված անձին պատասխանատվության ենթարկելու պահանջով: 

Կառավարությունը հոկտեմբերին հավանություն տվեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթին և ուղարկեց այն Ազգային ժողով։ Ազգային ժողովը, սակայն, չընդունեց այն (դրան կողմ քվեարկեցին անհրաժեշտ 63-ից 62 պատգամավորներ):

Այսպիսով, 2018 թվականի սեպտեմբերի 23-ին Երևանի ավագանու և դեկտեմբերի 9-ին Ազգային ժողովի ընտրությունները տեղի ունեցան չփոփոխված Ընտրական, բայց փոփոխված Քրեական և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերով:

2019 թ-ին կառավարությունը կրկին վերադարձավ Ընտրական օրենսգրքի փոփոխություններին։ 2019 թ․ հոկտեմբերին ՀՀ կառավարությունն ընդունեց ՀՀ դատաիրավական բարեփոխումների 2019-2023 թթ․ ռազմավարությունը, որով ամրագրվեց, որ իր առաջնահերթություններում շարունակում են մնալ Ընտրական օրենսգրքի բարեփոխումները։ Այս անգամ առանձնակի շեշտադրում էր արված հետևյալ ռազմավարական ուղղությունների վրա․ 

  • թեկնածուների տարածքային ցուցակների վերացում, պարզ համամասնական ընտրակարգի ընդունում, 
  • կուսակցական բազմակարծության ապահովման նպատակով ընտրվելու նվազագույն շեմի իջեցում, 
  • կոալիցիաների ձևավորման կարգի բարեփոխում, 
  • ընտրական գործընթացների նկատմամբ վերահսկողության հնարավորությունների բարձրացում, այդ թվում` ընտրական հանձնաժողովների որոշումների, գործողությունների և անգործության բողոքարկման ընթացակարգի վերանայում,
  • ընտրագրավի գումարի չափի վերանայում,
  • հաշմանդամություն ունեցող անձանց համար ընտրական գործընթացի մատչելիության ապահովում,
  • ընտրողների ցուցակների կազմման և վարման գործընթացի արդյունավետության բարձրացում, 
  • բանավեճի և լուսաբանման վերաբերյալ կարգավորումների բարեփոխում, 
  • դիտորդական գործունեությամբ ընտրական գործընթացների վերահսկողության բարեփոխում:

2020 թ․ մայիսին Ազգային ժողովն ընդունեց «Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների փաթեթը, որը հիմնականում վերաբերում էր ՏԻՄ ընտրություններին, իսկ օգոստոսին արդեն Ազգային ժողովի ընտրական բարեփոխումների աշխատանքային խումբն առցանց ձևաչափով սկսեց Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի հանրային քննարկումները։ Խմբի աշխատանքները համակարգում էր խորհրդարանական մեծամասնության՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը։

Ըստ նրա՝ նախագծի համար հիմք են հանդիսացել 2018 թվականի հոկտեմբերի 1-ին ընդունված ընտրական օրենսդրության բարեփոխումների հայեցակարգը և դրա հիման վրա ներկայացված Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը:

Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նոր փաթեթն ամբողջական տեսքով հանրության քննարկմանը ներկայացվեց 2021 թ․-ի մարտի 9-ին։ 

2016թ․ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ԲԱՐԵՓՈԽՄԱՆ ՊԱՀԱՆՋԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ և ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

Ընտրական օրենսգրքի (այսուհետև՝ ԸՕ) փոփոխությունների անհրաժեշտության մասին հեղափոխությունից առաջ խոսում էր թե՛ ընդդիմությունը՝ 2018-ին իշխանության եկած քաղաքական թիմը, այն համարելով արտահերթ ընտրությունների նախապայմաններից, և թե՛ քաղաքացիական հասարակությունը: Վերջինս ԸՕ-ի թերի լինելու և դրա փոփոխության պահանջ ձևակերպել էր դեռ 2016 թ․ մարտին՝ առաջ քաշելով ներքոհիշյալ հիմնական մեխանիզմերը, որոնք պետք է տեղ գտնեին նոր ԸՕ-ում․

Photo: Photolure
  1. Ընտրողների կողմից ստորագրված և լրացված ընտրական ցուցակների հրապարակում,
  2. Ընտրողների ցուցակների «մաքրում»՝ հարևան Վրաստանի մոդելով․ մասնավորապես, պարզել հանրապետությունից բացակայող անձանց, և ընտրողների ցուցակների մեջ այդ անձանց անվան դիմաց նշում կատարել՝ հանրապետությունից բացակայելու մասին,
  3. Ազգային ժողովի ընտրությունների անցկացում համամասնական ընտրակարգով՝ համապետական պարզ (փակ) համամասնական ընտրացուցակներով՝ բացառելով տարածքային ու վարկանիշային ցուցակների կիրառումը,
  4. Ընտրական տեղամասերում քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման ողջ գործընթացի տեսանկարահանում առնվազն 5 տեսախցիկներով՝ որպես պետության պարտականություն, 
  5. Ընտրողներին մատնահետքերով նույնականացման համակարգի կիրառում կամ մատների թանաքոտման (այդ թվում՝ անզեն աչքով չերևացող թանաքով) կարգի ներդրում։

Պահանջներին միացավ ընդդիմությունը, և դրանք հիմք դարձան «4+4+4» ֆորմատով իշխանություն-ընդդիմություն-քաղ. հասարակություն բանակցություններին, որոնց արդյունքում վերոնշյալ պահանջներից օրենսգրքում տեղ գտան միայն 1-ինն ու 4-րդը: Արդյունքում, նախագիծը քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դժգոհության պատճառ դարձավ, ինչի վերաբերյալ վերջիններս հանդես եկան հայտարարությամբ

2018թ․ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԸՆՏՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՇՈՒՐՋ

2018 թ․-ին հեղափոխության արդյունքում վարչապետ ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը խոսում էր արտահերթ ընտրությունների՝ իրենց համար որպես առաջնահերթություն լինելու և այդ համատեքստում ԸՕ-ի փոփոխության մասին։ 

Օրեր անց՝ հունիսի 1-ին ընդունված կառավարության ծրագրի 2-րդ կետով ամրագրվեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների  անհրաժեշտությունը, և ընտրությունների՝ հանրության կողմից չվիճարկվող արդյունքներ արձանագրելու նպատակով անհրաժեշտ էր համարվում իրականացնել ԸՕ-ի և ընտրական համակարգի էական բարեփոխումներ, մասնավորապես․

  • Հրաժարվել ռեյտինգային ընտրական համակարգից և անցնել լիարժեք համամասնական ընտրակարգի, 
  • Ձևավորել նոր՝ իրական պատկերն արտացոլող ընտրական ցուցակներ, որոնք հետագայում կթարմացվեն ինքնաշխատ եղանակով, 
  • Բացառել կրկնաքվեարկության հնարավորությունը՝ քվեարկած ընտրողների մատնահետքերի համաժամանակյա և ինտեգրված ստուգման ցանց ստեղծելու կամ համարժեք այլ եղանակով, 
  • Օրենքով երաշխավորել ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին անվճար և վճարովի հիմունքներով տրամադրվող եթերաժամերի տեղադրումը ամենադիտվող ժամերին, 
  • Բացառել քաղաքացիների կամարտահայտման վրա ապօրինի ազդեցությունների գործադրումը, ճնշումներն ու ընտրակաշառքը։ Այդ նպատակով իրավապահ համակարգում ստեղծել ընտրողների կողմնորոշման վրա ստիպողաբար կամ սպառնալիքներով գործադրվող ազդեցության, ընտրակաշառքների և օրենքով արգելված նյութական նվիրատվությունների, ծառայությունների մատուցման, ապօրինի խոստումների և ընտրարշավի ապօրինի ֆինանսավորման դեմ պայքարի ստորաբաժանում, 
  • Իրականացնել Ընտրական օրենսգրքի՝ ընտրողների ազատ կամարտահայտումը երաշխավորող այլ փոփոխություններ։ Արտահերթ խորհրդարանական ընտրություններն անհրաժեշտ է անցկացնել առավելագույնը մեկ տարվա ընթացքում։

Նշենք, որ ընտրական բարեփոխումների անհրաժեշտության մասին էին խոսում նաև ընտրական հարցերով մասնագիտացած միջազգային կազմակերպությունները, մասնավորապես՝ Վենետիկի հանձնաժողովը և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը, ինչպես նաև դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպությունները։

Ընտրական բարեփոխումների մշակման նպատակով 2018 թ․ հունիսի 19-ին վարչապետի որոշմամբ ստեղծվեց վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողով՝ կազմված 12 անդամներից, որոնցից 6-ը՝ քաղաքացիական հասարակության կառույցների ներկայացուցիչներ։ Հանձնաժողովը նախագահում էր առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, իսկ հանձնաժողովի քարտուղարը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից Դանիել Իոաննիսյանն էր։

Դրան զուգահեռ՝ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի առաջարկով Ազգային ժողովում ներկայացված 4 խմբակցությունները (ՀՀԿ, «Ծառուկյան», «ԵԼՔ» և ՀՅԴ) հայտարարեցին, որ ձևավորում են աշխատանքային խումբ՝ ԸՕ-ի փոփոխությունների շուրջ քննարկումների նպատակով, և պատրաստակամ էին համագործակցել ՀՀ կառավարության աշխատանքային խմբի հետ։ Թեև նախնական փուլում երկու աշխատանքային խմբերն ունեցան հանդիպումներ, սակայն փոփոխությունների հայեցակարգն ու նախագիծը գեներացվում էին վարչապետին կից աշխատանքային խմբում:

Օգոստոս ամսին այդ աշխատանքային խումբն արդեն մշակեց ընտրախախտումների դեմ պայքարի փաթեթը (Վարչական իրավախախտումների վերաբերյալ և Քրեական օրենսգրքերի փոփոխություններով), որը սեպտեմբերի 7-ին ընդունվեց Ազգային ժողովի կողմից: Փաթեթով խստացվեցին պատիժները մի շարք ընտրական հանցագործությունների համար, քրեականացվեց բարեգործության հետ միաժամանակ նախընտրական կամ հանրաքվեի քարոզչություն իրականացնելը, տուգանք սահմանվեց ընտրական տեղամասային կենտրոնում գտնվելու կանոնները խախտելու համար: Փաթեթով, սակայն, ընդլայնվեցին ՀԿ-ների հնարավորություններն իրավախախտումների դեմ պայքարելիս: Մասնավորապես, դիտորդական ՀԿ-ները ստացան իրավունք, անկախ ընտրական հանձնաժողովի կամքից, միանգամից դիմել դատարան՝ ընտրական գործընթացում իրավախախտում թույլ տված անձին պատասխանատվության ենթարկելու պահանջով:

2018 թվականի սեպտեմբերի 28-ին վարչապետին առընթեր այդ հանձնաժողովը հաստատեց ԸՕ-ի բարեփոխումների հայեցակարգը, որից շաբաթներ անց՝ նաև օրենսգրքի փոփոխությունների նախագիծը: Հայեցակարգը հիմնականում ենթադրում էր

  • Կանանց ներկայացվածության քվոտայի բարելավում

Հայեցակարգը նաև անդրադառնում էր խորհրդարանում սեռերի բաշխվածությանը՝ նշելով, որ 2017 թվականին տարածքային ցուցակներով ընտրված 49 պատգամավորներից միայն 2-ն է եղել իգական սեռի ներկայացուցիչ։ 

Հայեցակարգը տարբեր սեռերի առավել հավասարակշռված ներկայացվածությունը խրախուսելու նպատակով առաջարկում էր, որ յուրաքանչյուր ընտրական ցուցակի առաջին մասում, 1-ին համարից սկսած, ցանկացած ամբողջ թվով եռյակներում (1-3, 1-6, 1-9 և այդպես շարունակ՝ մինչև ցուցակի ավարտը) յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 70 տոկոսը: Դա երաշխավորում էր, որ ցուցակներում որևէ սեռի ներկայացվածությունը 30 տոկոսից պակաս չէր լինի։

  • Կուսակցական համակարգի զարգացման և տեղական մակարդակում քաղաքական մշակույթի ձևավորման նպատակով համամասնական ընտրակարգի սահմանում համայնքի ավագանու ընտրության համար
    (ավելի մանրամասն տես՝ ՏԻՄ ԸՆՏՐԱԿԱՐԳԸ)

  • Ընտրողների ցուցակների կազմման և վարման գործընթացի արդյունավետության բարձրացում

    • Սահմանափակել վավերականության ժամկետը լրացած՝ անձը հաստատող փաստաթղթով քվեարկելու իրավունքը՝ ապահովելով վավեր անձնագրեր Հայաստանում գտնվող բոլոր ընտրողների համար և ցուցակներում թողնելով առնվազն վերջին մի քանի տարվա ընթացքում անձը հաստատող վավեր փաստաթուղթ ունեցող ընտրողներին:
    • Ի լրումն ստորագրված ցուցակների, որպես կրկնակի ստուգման միջոց, առցանց հրապարակել տեխնիկական սարքավորումների միջոցով գրանցված մասնակիցների ցանկը՝ որոնման հնարավորությամբ, առանց ընտրողների անձնագրային տվյալների։
  • Ընտրողների իրազեկվածության բարձրացում

    • Օրենսդրորեն ամրագրել համապետական ընտրությունների ժամանակ Հանրային հեռուստատեսությամբ հեռուստաբանավեճերի կազմակերպումը՝ դրանցից առնվազն մեկը նախատեսելով կուսակցությունների համամասնական ցուցակի առաջին համարների մակարդակով, ինչպես նաև անվճար հնարավորություն տալով այլ լրատվամիջոցներին վերահեռարձակելու այդ հեռուստաբանավեճերը: 
    • Էապես ավելացնել Հայաստանի հանրային ռադիոյով և հեռուստատեսությամբ անվճար եթերաժամանակի քանակը և նախատեսել կուսակցությունների նախընտրական ծրագրերի լուսաբանում: 
    • Կիրառել վերգետնյա հեռուստատեսությունների վրա տարածվող կարգավորումները նաև կաբելային և առցանց հեռուստատեսությունների նկատմամբ՝ հարգելով վերջիններիս բիզնես շահերը: 
    • Ապահովել զանգվածային լրատվության միջոցներով ոչ միայն քարոզարշավի, այլև ընտրություններին մասնակցող թեկնածուների, կուսակցությունների ու դրանց ծրագրերի առավել հավասար լուսաբանման կարգավորումը՝ հարգելով խոսքի ազատությունն ու բազմակարծության իրավունքը: 
    • Խստացնել քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելու դեպքերում քրեական պատժի տեսակն ու չափը։
  • Քվեարկության գործընթացի մատչելիության ապահովում

    • Սահմանել ընտրատեղամասերի մատչելիության կարգը, կատարել ընտրատեղամասերի գույքագրում և ընտրություններից առաջ հրապարակել hենաշարժական հաշմանդամություն և տեղաշարժման սահմանափակում ունեցող ընտրողների համար մատչելի տեղամասային կենտրոնների ցուցակը։ 
    • Հենաշարժական հաշմանդամություն և տեղաշարժման սահմանափակում ունեցող ընտրողներին հնարավորություն տալ ժամանակավոր հաշվառվել ԿԸՀ-ի կողմից հայտարարված՝ տեղաշարժման համար մատչելի, գտնվելու վայրի մոտակա ընտրատեղամասում։ 
    • Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին) վիճակահանությամբ տրված համարները և կուսակցությունների անվանումը քվեաթերթիկի վրա տպագրել այնպիսի մեծությամբ, որ ընթեռնելի լինի թույլ տեսողություն ունեցող ընտրողների համար։ 
    • Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ԿԸՀ-ն տեղամասային ընտրական հանձնաժողովներին տրամադրի քվեաթերթիկի կաղապարներ՝ կույր ընտրողների ինքնուրույն քվեարկությունը ապահովելու նպատակով։
  • Զինծառայողների քվեարկության նկատմամբ վերահսկողության բացառում

    • Զինվորականների քվեարկության ընթացքում արգելել վերադաս սպայի գտնվելը տեղամասային կենտրոնում։ 
  • Ընտրական գործընթացների նկատմամբ վերահսկողության հնարավորությունների բարձրացում

    • Կրճատել ՀԿ-ները հավատարմագրելու վերջնաժամկետը՝ սահմանելով հավատարմագրման իրականացման համար ողջամիտ ժամկետ, և նորարարական տեխնոլոգիական լուծումներով՝ պարզեցնել ԿԸՀ-ի կողմից իրականացվող գործընթացները: 
    • Վերացնել դիտորդների և ԶԼՄ ներկայացուցիչների գումարային թիվը տեղամասում սահմանափակելու հանձնաժողովի իրավունքը: 
    • Սահմանել միջազգային և օտարերկրյա դիտորդական կազմակերպություններին հրավեր ուղարկելու ընթացակարգը: 
    • Ամրագրել տեղական դիտորդական կազմակերպությունների կողմից 3-ամսյա ժամկետում իրենց զեկույցները հրապարակման համար ԿԸՀ ներկայացնելու պահանջ։ Զեկույցում պետք է նշվի դիտորդական կազմակերպության ֆինանսավորման աղբյուրը: 
    • Ներդնել օրենսդրական սահմանափակումներ այն հաշվառմամբ, որ դիտորդական կազմակերպության ղեկավար մարմիններում չեն կարող լինել ընտրություններին մասնակցող կուսակցությունների ցուցակներում ընդգրկված թեկնածուները:
    • Վերանայել ընտրական հանձնաժողովների որոշումները, գործողությունները և անգործությունը բողոքարկելու ժամկետները, բողոքարկման առարկայի և սուբյեկտների շրջանակը 
    • Իրավունք վերապահել կուսակցություններին, թեկնածուներին և դիտորդական առաքելություն իրականացնող ՀԿ-ներին վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու համար հայցով դիմելու դատարան:
  • Վերանայել ընտրական գործընթացների վարչարարությունը

    • Ամրագրել, որ տարածքային ընտրական հանձնաժողովը չի նշանակում տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներ, եթե տվյալ տեղամասային հանձնաժողովն արդեն ունի գործառույթների իրականացման համար բավարար թվով անդամներ: 
    • Փոփոխել տարածքային ընտրական հանձնաժողովների ձևավորման կարգը՝ սահմանելով, որ անդամներից 3-ին նշանակում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, և մեկական անդամ նշանակում են Ազգային ժողովում ներկայացված խմբակցությունները: 
  • Ընտրակարգերին վերաբերող մի շարք այլ հարցերի վերաբերյալ   

Կառավարությունը հոկտեմբերի 16-ին հավանություն տվեց ԸՕ-ի փոփոխությունների փաթեթին և ուղարկեց Ազգային ժողով։ Հոկտեմբերի 22-ին Ազգային ժողովում ձախողվեց առաջին ընթերցմամբ ԸՕ-ի փոփոխությունների ընդունումը։ Կառավարությունը նախագիծը կրկին ուղարկեց Ազգային Ժողով, և հոկտեմբերի 28-ին Ազգային ժողովը կրկին տապալեց ԸՕ-ի փոփոխությունների նախագիծը (դրան կողմ քվեարկեց անհրաժեշտ 63-ից 62 պատգամավոր): Փոփոխությունների նախագիծը 3-րդ անգամ Ազգային ժողով չբերվեց:Այսպիսով, 2018 թվականի սեպտեմբերի 23-ին Երևանի ավագանու և դեկտեմբերի 9-ին Ազգային ժողովի ընտրությունները տեղի ունեցան չփոփոխված Ընտրական, բայց փոփոխված Քրեական և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերով:

 

2020 Թ․ ՄԱՅԻՍ․ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՈՎ

(ավելի մանրամասն տես՝ ԱԺ ԸՆՏՐԱԿԱՐԳԸ և ՏԻՄ ԸՆՏՐԱԿԱՐԳԸ)

2020թ․ ՕԳՈՍՏՈՍ․ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ․ «ԵՐԿՐՈՐԴ ՓՈՐՁ»

2019 թ․ հոկտեմբերին ՀՀ կառավարությունը հաստատեց ՀՀ դատաիրավական բարեփոխումների 2019-2023 թթ ռազմավարությունը, որով ամրագրվեց, որ իր առաջնահերթություններում շարունակում են մնալ ԸՕ-ի բարեփոխումները։ Առանձնակի շեշտադրում էր արված հետևյալ ռազմավարական ուղղությունների վրա․

  • թեկնածուների տարածքային ցուցակների վերացում, պարզ համամասնական ընտրակարգի ընդունում, 

  • կուսակցական բազմակարծության ապահովման նպատակով ընտրվելու նվազագույն շեմի իջեցում, 

  • կոալիցիաների ձևավորման կարգի բարեփոխում, 

  • ընտրական գործընթացների նկատմամբ վերահսկողության հնարավորությունների բարձրացում, այդ թվում` ընտրական հանձնաժողովների որոշումների, գործողությունների և անգործության բողոքարկման ընթացակարգի վերանայում,

  • ընտրագրավի գումարի չափի վերանայում,

  • հաշմանդամություն ունեցող անձանց համար ընտրական գործընթացի մատչելիության ապահովում,

  • ընտրողների ցուցակների կազմման և վարման գործընթացի արդյունավետության բարձրացում, 

  • բանավեճի և լուսաբանման վերաբերյալ կարգավորումների բարեփոխում, 

  • դիտորդական գործունեությամբ ընտրական գործընթացների վերահսկողության բարեփոխում:

2020 թ․ օգոստոսին արդեն Ազգային ժողովի ընտրական բարեփոխումների աշխատանքային խումբն առցանց ձևաչափով սկսել էր «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի հանրային քննարկումները։

Աշխատանքային խմբում ներգրավված էին Ազգային ժողովի երեք խմբակցությունների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և Արդարադատության նախարարության ներկայացուցիչներ, ինչպես նաև տարբեր հասարակական կազմակերպությունների անդամներ, իսկ խմբի աշխատանքները համակարգում էր ԱԺ քաղաքական մեծամասնության՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը։

Ըստ նրա՝ նախագծի համար հիմք են հանդիսացել 2018 թվականի հոկտեմբերի 1-ին ընդունված ԸՕ-ի բարեփոխումների հայեցակարգը և դրա հիման վրա ներկայացված ԸՕ-ի փոփոխությունների նախագիծը:

Օրենսգրքի նախագծի մշակման ընթացքում տեղի ունեցան մի շարք հանրային քննարկումներ IFEC-ի աջակցությամբ, որտեղ աշխատանքային խմբի շրջանակներում իրենց առաջարկություններն էին ներկայացնում «Իրազեկ քաղաքացիների միավորումը», Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը և Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը

ԸՕ-ի փոփոխությունների նոր փաթեթն ամբողջական տեսքով հանրությանը ներկայացվեց 2021 թ․-ի մարտի 9-ին ։ Այն ուղարկվեց Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողով՝ փորձաքննության։ 

Նախագիծն իր մեջ ներառում էր մի շարք փոփոխություններ հետևյալ ուղղություններով․

Ընտրությունների անցկացումը ռազմական և արտակարգ դրության պայմաններում։

Սահմանադրությամբ արտակարգ և ռազմական դրության պայմաններում արգելվում է Ազգային ժողովի ընտրությունների անցկացումը։ Ընտրական օրենսգիրքն այդ արգելքը տարածում է նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վրա։ COVID-19 համավարակով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով 2020 թվականին հետաձգվեցին բոլոր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։ Սակայն ակնհայտ է, որ համավարակի պայմաններում առանձին համայնքներում ընտրությունները կարող էին իրականացվել՝ հակահամաճարակային կանոնների պահպանմամբ։

Նախագծով կարգավորում է նախատեսվել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար։ Մասնավորապես՝ եթե արտակարգ դրություն է հայտարարվել Հայաստանի հանրապետության ամբողջ տարածքում, ապա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ չեն անցկացվում։ Եթե արտակարգ դրությունը հայտարարվել է միայն Հայաստանի Հանրապետության տարածքի մի մասում, ապա արտակարգ դրություն չհայտարարված տարածքներում չի արգելվում ընտրությունների անցկացումը։

Ընտրությունների հրապարակայնություն։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայք։

Տեղամասային կենտրոններում տեսախցիկների տեղադրումը, ընտրողների գրանցման սարքերի ներմուծումը և հատկապես քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակների հրապարակումը մեծամասամբ կատարեցին իրենց դերը ընտրախախտումները կանխելու և ընտրություններն ավելի թափանցիկ դարձնելու հարցում։ Այդուհանդերձ, դեռևս մնում են մտահոգություններ նաև վարչարարության մասով, ինչը միշտ հնարավոր է բարելավել ժամանակակից տեխնոլոգիական լուծումների դարաշրջանում։ Անհրաժեշտ է շարունակաբար օպտիմալացնել և արդյունավետ դարձնել ընտրական գործընթացներում ներգրավված դերակատարների աշխատանքը և թափանցիկ դարձնել ընտրական ողջ գործընթացը։ Թե՛ համավարակով պայմանավորված, թե՛ ընդհանուր վարչարարության արդյունավետության բարձրացման տեսանկյունից առցանց գրանցման և տեղեկատվության փոխանակման հարթակներն առավել արդյունավետ են։ Միաժամանակ, օգտագործվող վերահսկող գործիքների հնարավորինս ավտոմատացումը կօգնի ապահովելու օրենսդրության արդյունավետ կիրառումը։

Նախատեսվում է ընտրությունների վերաբերյալ տեղեկատվության հրապարակման, թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների, առաջադրման և գրանցման, դիտորդների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հավատարմագրման, վստահված անձանց և տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների առցանց գրանցման համար արդիականացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքը։

Ընտրական ցուցակներ։ Ընտրողների ցուցակների հետ կապված հիմնական խնդիրները վերաբերում են դրանցում տեղ գտած անճշտություններին, Հայաստանից դուրս գտնվող անձանց անունների ներառման հիմքով դրանց հնարավոր օգտագործման հետ կապված ռիսկերին։ 

Հանրապետությունից դուրս բնակվող անձանց անունները, որոնց թիվը, ըստ ՀՀ ոստիկանության 2018 թ․ տվյալների, հասնում էր մոտ 200․000-ի, շարունակաբար տեղ են գտնում ընտրացուցակներում։ Մի կողմից, դա պարունակում է ռիսկ՝ նրանց քվեների հնարավոր ապօրինի օգտագործման առումով, մյուս կողմից հիմք է տալիս անհարկի վարչարարության (օրինակ՝ ծանուցման) համար, այդ թվում՝ հանգեցնելով ավելորդ ծախսերի։

Նախատեսվում է ընտրական ցուցակներում ընդգրկել այն ընտրողներին, որոնք քվեարկության օրվան նախորդող 6 ամսվա ընթացքում ունեցել են անձը հաստատող վավեր փաստաթուղթ։ Սակայն դա վերջիններիս չի զրկում քվեարկելու հնարավորությունից. անձը հաստատող վավեր փաստաթուղթ չունեցող քաղաքացիները կարող են ընդգրկվել ընտրողների լրացուցիչ ցուցակներում և մասնակցել քվեարկությանը։

Նախընտրական քարոզարշավ և նախընտրական քարոզչություն։ Նախընտրական քարոզարշավի կարգավորումները պետք է նպատակաուղղված լինեն ընտրապայքարին մասնակցող բոլոր քաղաքական միավորների՝ թեկնածուների, կուսակցությունների, դաշինքների համար հավասար հնարավորությունների ստեղծմանը, վարչական ռեսուրսի չարաշահման բացառմանը, հանրության առջև թափանցիկ և հաշվետու գործունեությանը, գաղափարների մրցակցությանը, ընտրողների՝ իրազեկ ընտրություն կատարելու և ազատ կամարտահայտման պայմանների ապահովմանը։

Նախագծով առաջարկվում է «նախընտրական քարոզչություն» եզրույթի փոխարեն օգտագործել «նախընտրական քարոզարշավ» հավաքական եզրույթը համապատասխան գործողությունների ոչ սպառիչ ցանկի թվարկմամբ, որն առավել ընդգրկուն կերպով կարտացոլի ընտրապայքարում ներդրվող հնարավոր միջոցներն ու միջոցառումները, ներառյալ՝ ինչպես բուն քարոզչության, այնպես էլ դրա նախապատրաստական գործողությունները։ 

Նախատեսվում է նախընտրական քարոզարշավի մեկնարկը սահմանել ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների և թեկնածուների գրանցման համար սահմանված ժամկետի վերջին օրվան հաջորդող 5-րդ օրը։

Նախընտրական քարոզչությունը զանգվածային լրատվության միջոցներով։  Նախատեսվում է վերգետնյա հեռուստաընկերությունների վրա տարածվող կարգավորումները կիրառել նաև կաբելային կապով հեռուստառադիոհեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների և առցանց/համացանցային հեռարձակում իրականացնող կազմակերպությունների նկատմամբ։ Սահմանվել է Հանրային հեռուստաընկերության կողմից հեռուստաբանավեճեր կազմակերպելու պահանջ։ Երևանի ավագանու ընտրությունների դեպքում նախատեսվում է կազմակերպել առնվազն երկու հեռուստաբանավեճ, իսկ 70,000-ից ավելի բնակչություն ունեցող այլ համայնքների ավագանու ընտրությունների դեպքում՝ առնվազն մեկական հեռուստաբանավեճ։

Նախընտրական քարոզչությունը համացանցում։  Կարգավորվել է քարոզչությունը համացանցում գովազդի միջոցով՝ սահմանելով համացանցում, ներառյալ՝ լրատվական կայքերում նախընտրական քարոզչությանը վերաբերող գովազդային նյութերի և տեսանյութերի տեղադրման հնարավորությունը միայն թեկնածուի, կուսակցության կամ նրա ներկայացուցչի հետ կնքված պայմանագրի հիման վրա՝ նախընտրական հիմնադրամի միջոցների հաշվին։ 

Ընտրակաշառքի կանխարգելում։ Երրորդ անձինք։Նախատեսվում է վերացնել ընտրակաշառքի մասին հայտնելու՝ Քրեական օրենսգրքի խրախուսող նորմով սահմանված եռօրյա ժամկետը՝ չսահմանափակելով պատասխանատվությունից ազատելու հիմքի կիրառումը կոնկրետ ժամկետում դիմելու պայմանով։ Արգելվել է ասոցացվող կազմակերպությունների կողմից բարեգործական գործունեության իրականացումն այն համայնքներում, որտեղ անցկացվում են ընտրություններ, որոնց մասնակցում են այդ թեկնածուները, կուսակցությունները կամ նրանց առաջադրած թեկնածուները՝ ընտրությունների օրվա նշանակման պահից մինչև արդյունքների ամփոփումը։ 

Վարչական ռեսուրսի չարաշահման արգելք։ Սահմանվել է վարչական ռեսուրսի օգտագործման արգելք նախընտրական քարոզչության իրականացման նպատակով, այդ թվում՝ նախատեսվել են սահմանափակումներ ընտրություններ նշանակելուց հետո մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումն ընկած ժամանակահատվածում պետական կամ համայնքային բյուջեն տնօրինելու առումով՝ արգելելով կոնկրետ ժամանակահատվածում աշխատավարձերի ու կենսաթոշակների բարձրացումը, նպաստների ավելացումը և նախապես չնախատեսված միջոցառումները։ Սահմանվել է պահանջ, որ հանրային ծառայողները նախընտրական քարոզչության մեջ ներգրավվեն բացառապես ոչ աշխատանքային ժամերին և օրերին կամ չվճարվող արձակուրդ վերցնելու պայմաններում։ Արգելվել է նաև պաշտոնական գործուղումների համատեղումը նախընտրական քարոզչության հետ։

Ընտրությունների ֆինանսավորում։  Ընտրությունների ֆինանսավորման կարգավորումները պետք է նպատակաուղղված լինեն «մաքուր» ընտրությունների կազմակերպմանը, ընտրապայքարին մասնակցող բոլոր քաղաքական միավորների գործունեության, թափանցիկության ու հաշվետվողականության, հավասար հնարավորությունների ապահովմանը, կուսակցությունների կայունության խթանմանը։

Նախագծով ամրագրվել են նախընտրական քարոզարշավ իրականացնելու հետ կապված բոլոր հիմնական ծախսերը: Ֆինանսական թափանցիկություն ապահովելու նպատակով սահմանվել է, որ կուսակցությունների/դաշինքների նախընտրական հիմնադրամում մուծումներ կատարած անձինք պետք է նշեն նաև իրենց անունը, ազգանունը և անձը հաստատող փաստաթղթի համարը։ Սահմանվել է, որ նախընտրական ծախսերը կատարվում են անկանխիկ եղանակով։ Նախընտրական հիմնադրամից կանխիկ կատարվող վճարումների ընդհանուր գումարը չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի 400-ապատիկը։ 

Հայտարարագրման ենթակա չէ կուսակցության օգտին կատարվող կամավոր աշխատանքը, և դրա արժեքը չի հաշվարկվում նախընտրական ծախսերի սահմանաչափում։ Սակայն նախատեսվում է, որ կամավոր աշխատանքը ենթակա է հաշվառման, եթե դրա տևողությունը գերազանցում է շաբաթական 20 ժամը։

Դիտորդներ և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ։ Նախագծով վերանայվում են վերջիններիս հավատարմագրման ժամկետները (քվեարկության օրվանից 10 օր առաջ) և սահմանվում է, որ այդ գործողություններն իրականացվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքի միջոցով։ 

Նախագծով սահմանվել է, որ հանձնաժողովի գործողությունը, որոշումը կամ անգործությունը կարող է բողոքարկել նաև տեղական դիտորդական առաքելությունը։ Իսկ տեղամասում քվեարկության արդյունքների վիճարկման իրավունք է վերապահվում նաև քվեարկության սենյակում կամ արդյունքների ամփոփման նիստին ներկա գտնված դիտորդներին։

Ընտրական հանձնաժողովներ։  Նախագծով սահմանվում է, որ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամն իր պաշտոնավարման ընթացքում չի կարող զբաղեցնել ղեկավար պաշտոններ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում: Իսկ հրապարակային ելույթներում նրանք պետք է ցուցաբերեն քաղաքական զսպվածություն և չեզոքություն: Ընտրական հանձնաժողովի անդամների՝ պաշտոն զբաղեցնելու պահանջները խստացվել են՝ սահմանելով, որ հանձնաժողովի անդամ չեն կարող լինել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված դիտավորյալ հանցագործության համար, ներառյալ՝ Քրեական օրենսգրքի 149-154.15-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների համար դատապարտված անձինք՝ անկախ դատվածությունը հանված կամ մարված լինելու հանգամանքից։ 

Ազգային ժողովի ընտրակարգ։ 

Տես՝ ԱԺ ԸՆՏՐԱԿԱՐԳԸ 

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ 

Տես՝ ՏԻՄ ԸՆՏՐԱԿԱՐԳԸ

Նախագծով վերացվել է բազմաբնակավայր համայնքներում համամասնական ընտրություններ անցկացնելու մասին պարտադիր նորմը։

Մեծամասնական ընտրակարգով ընտրվող համայնքի ավագանու ընտրություններ։ 

Նախագծով հնարավոր է համարվել համայնքի ղեկավարի ընտրությունը նաև մեկ թեկնածուի մասնակցությամբ։ Իսկ համայնքի ավագանու ընտրությունը համարվում է չկայացած, եթե գրանցումից հետո թեկնածուների թիվը նվազում է Ընտրական օրենսգրքով սահմանված՝ համայնքի ավագանու անդամների թվի երկու երրորդից։ 

Համամասնական ընտրակարգով ընտրվող համայնքի ավագանու ընտրություններ։ Նախագծով սահմանվել է, որ ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների թիվը չպետք է պակաս լինի համայնքի ավագանու անդամների՝ Ընտրական օրենսգրքով սահմանված մանդատների թվի 1/3-ից։ Եթե ընտրություններում առաջադրվել է միայն մեկ կուսակցություն (կուսակցությունների դաշինք), ապա նրան հնարավորություն է տրվում մինչև Ընտրական օրենսգրքով` ընտրական ցուցակների գրանցման համար սահմանված ժամկետի ավարտը համալրելու թեկնածուների ցանկը, եթե նրանց թիվը պակաս է տվյալ համայնքի ավագանու անդամների՝ Ընտրական օրենսգրքով սահմանված թվից։

 Իսկ եթե ընտրություններում առաջադրված կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների ընդհանուր թիվը պակաս է Ընտրական օրենսգրքով սահմանված՝ համայնքի ավագանու անդամների թվից, ապա նրանց հնարավորություն է տրվում մինչև օրենսգրքով` ընտրական ցուցակների գրանցման համար սահմանված ժամկետի ավարտը համալրելու թեկնածուների ցանկը։ 

Միաժամանակ, բազմաբնակավայր համայնքի բնակիչների՝ հնարավորինս հավասար ներկայացվածությունը համայնքի ավագանու կազմում ապահովելու համար սահմանվել է, որ բազմաբնակավայր համայնքի ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում պետք է ընդգրկվեն տվյալ համայնքը կազմող բնակավայրերի առնվազն ½-ը ներկայացնող թեկնածուներ։ 

Նախագծով նախատեսվում է ավագանու կողմից համայնքի ղեկավարի գաղտնի քվեարկությամբ ընտրությունը փոխարինել բաց քվեարկությամբ։

 

Մարտի 18-ին վարչապետ Փաշինյանը հայտարարեց հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրությունների մասին, իսկ օրեր անց ԱԺ-ում իր ելույթի ժամանակ խոսեց Ընտրական օրենսգրքի պարզ փոփոխությունների՝ համամասնական ընտրակարգի կարևորության մասին, որով և պետք է անցկացվեն արտահերթ ընտրությունները։  

Արդեն մայիսի 25-ին Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց, որից հետո խորհրդարանը երկու անգամ չընտրեց վարչապետ, ինչի արդյունքում խորհրդարանն արձակվեց օրենքի ուժով։ Նախագահի հրամանագրով արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակվեցին հունիսի 20-ին։ 

Մինչ արտահերթ ընտրությունների օրը, խորհրդարանն ընդունեց ընտրական, քրեական, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքներ։ Այդ փոփոխությունների մի մասն արդեն ուժի մեջ է մտած լինելու հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Դրանցից գլխավորը, թերևս, անցումն էր լրիվ համամասնական ընտրակարգի։ Պետք է նշել, որ խորհրդարանի կողմից ընդունված օրենքի նախագծերը տարբերվում էին Ընտրական օրենսգրքի այն փաթեթից, որը արժանացել էր Վենետիկի հանձնաժողովի դրական գնահատականին։  

Documents

Links

ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ

«ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՄԱՅԱԿԱՆ»․ Ընտրական օրենսգիրք․ ՄԱՍ 2
See the original
Թագուհի Ղազարյան, Կարեն Սիմոնյան, Վահագն Մարտիրոսյան, Վարուժ...
«ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՄԱՅԱԿԱՆ»․ Ընտրական օրենսգիրք․ ՄԱՍ 1
See the original
Համազասպ Դանիելյան, Գևորգ Գորգիսյան, Գարեգին Միսկարյան, Դանի...
Քաղաքացիական հասարակության կարծիքը 2016թ․-ին ընդունված ընտրական օրենսգրքի վերաբերյալ
See the original
Քաղաքացիական հասարակություն...
Նարինե Դիլբարյան. Արտահերթ ընտրությունների արդյունավետությունը հնարավոր կլինի ապահովել միայն նոր Ընտրական օրենսգրքի պարագայում. «Ժամանակ»
See the original
Նարինե Դիլբարյան...
Ընտրական օրենսգրքի վերաբերյալ մեր տեսլականը․ Էդմոն Մարուքյան
See the original
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն...

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

1. Յուրաքանչյուր ոք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ ստանալու և փաստաթղթերին ծանոթանալու իրավունք:

2. Տեղեկություններ ստանալու իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրային շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

3. Տեղեկություններ ստանալու կարգը, ինչպես նաև տեղեկությունները թաքցնելու կամ դրանց տրամադրումն անհիմն մերժելու համար պաշտոնատար անձանց պատասխանատվության հիմքերը սահմանվում են օրենքով: