Մարդու իրավունքների պաշտպանությունը՝ որպես պետության գերակա պարտականություն
Մարդու իրավունքների պաշտպանության ու իրավունքի գերակայության ապահովումը յուրաքանչյուր ժողովրդավարական հասարակության զարգացման հիմքն է: Մարդու արժանապատվության հարգումը, քաղաքացի-պետություն հարաբերություններում մարդակենտրոն մոտեցումը նաև երկրի ժողովրդավարացման աստիճանի ու մարդու իրավունքների համակարգի կայացվածության ցուցիչ են:
Հայաստանի Հանրապետության հիմնական օրենքի՝ Սահմանադրության 3-րդ հոդվածը հռչակում է`
«1. Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է:
- Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են:
- Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք»:
Մարդու իրավունքների պաշտպանությունը պետք է լինի պետական ողջ համակարգի գործունեության առանցքը: Հետևաբար, մարդու իրավունքները հարգելու ու պաշտպանելու պետության պարտականությունը չի սահմանափակվում միայն առանձին փաստաթղթերով ամրագրված կոնկրետ գործողություններով ու ժամանակահատվածներով:
Միևնույն ժամանակ, մարդու իրավունքների ու ազատությունների առաջնահերթությունները հստակեցնելու, խնդիրների լուծմանն ուղղված կոնկրետ միջոցառումներ ու դրանց իրականացման հստակ ժամկետներ նախանշելու, պատասխանատու մարմինների համար կոնկրետ պարտավորություններ սահմանելու հրամայականն առաջ բերեց մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարություն ու դրանից բխող միջոցառումների ծրագիր ընդունելու անհրաժեշտություն:
Այլ կերպ ասած, մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունները կոնկրետ ժամանակահատվածի համար մարդու իրավունքների օրակարգի առաջնահերթությունները նախանշող, դրանց իրագործմանն ուղղված քայլերը հստակեցնող փաստաթղթեր են:
Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունները: Փուլային նկարագիր
Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի ռազմավարական փաստաթղթի անհրաժեշտությունն ամրագրվեց ՀՀ նախագահի 2012 թ․ հոկտեմբերի 29-ի «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը հաստատելու մասին» ՆԿ-159-Ն կարգադրությամբ:
Կարգադրությամբ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության ընդունումը պայմանավորվեց հետևյալի անհրաժեշտությամբ՝
1) ունենալ միասնական մեկ քաղաքական փաստաթուղթ, որը կհամակարգի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում տարվող հիմնական քաղաքականությունը,
2) մարդու իրավունքների պաշտպանության տարբեր բնագավառներում առկա խնդիրներին տալ թիրախային լուծումներ` քաղաքականության շարունակականություն ապահովելու նպատակով:
Որպես ռազմավարության սկզբունքներ՝ ամրագրվեցին՝
1) պետության մասնակցությունը,
2) միջազգային պարտավորությունների լիարժեք կատարումը,
3) մարդու իրավունքների փոխադարձ կապը և կախվածությունը,
4) մարդու իրավունքների առաջնահերթության սահմանումը,
5) հանրության մասնակցությունը,
6) մոնիտորինգն ու գնահատումը,
7) մարդու իրավունքների վերաբերյալ կրթությունը:
Ռազմավարությամբ ամրագրվեցին հետևյալ գերակայությունները`
- քաղաքացիական և քաղաքական իրավունքների ոլորտում
1) կյանքի իրավունք,
2) անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունք,
3) մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունք,
4) անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք,
5) արդար դատաքննության իրավունք,
6) ազատ կամքի արտահայտման իրավունք,
7) ազատ ընտրության և հանրաքվեի իրավունք,
8) խաղաղ հավաքների ազատության իրավունք,
9) խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ մարդու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի չենթարկվելու իրավունք:
- տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների ոլորտում
1) առողջության պահպանման իրավունք,
2) կրթության իրավունք,
3) աշխատանք ընտրելու ազատության իրավունք,
4) սեփականության իրավունք,
5) բավարար կենսամակարդակի իրավունք,
6) սոցիալական ապահովության իրավունք:
Որպես թիրախային խմբեր՝ ռազմավարության մեջ նախանշվեց հետևյալ խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությունը`
1) երեխաները,
2) կանայք,
3) տարեցները,
4) հաշմանդամները,
5) զոհված ազատամարտիկների ընտանիքները,
6) ազգային փոքրամասնությունները,
7) ՀՀ-ում ապաստան հայցող, ապաստան ստացած, ինչպես նաև փախստականի կարգավիճակ ունեցող անձինք,
8) բռնադատվածները:
Ըստ ռազմավարական առաջնահերթությունների ու թիրախային խմբերի՝ կարգադրությամբ հաստատված՝ մարդու իրավունքների պաշտպանության (ՄԻՊ) ռազմավարությամբ սահմանվեցին իրավունքների պաշտպանության ռազմավարական ուղղությունները:
Միևնույն ժամանակ, նախագահի ՆԿ-197-Ն կարգադրությունը ոչ միայն իրավական հիմք ծառայեց ՄԻՊ ազգային ռազմավարության հաստատման համար, այլև ամրագրեց, որ ռազմավարության ընդունումից հետո ՀՀ կառավարության կողմից կմշակվի ՄԻՊ ազգային ռազմավարությունից բխող գործողությունների ծրագիր՝ նախատեսելով միջոցառման պատասխանատու մարմիններին, կատարման ժամկետները, ֆինանսավորման աղբյուրները և կատարողականի ցուցանիշները:
Արդյունքում, ՀՀ կառավարությունը 2014 թ․ փետրվարի 27-ի N303-Ն որոշմամբ հաստատեց մարդու իրավունքների ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագիրը:
Ծրագրով նախատեսվեցին 119 միջոցառումներ՝ ուղղված խոշտանգման ու վատ վերաբերմունքի արգելքի, առանձին խումբ անձանց իրավունքների, մշակութային իրավունքների երաշխավորմանը, բարենպաստ շրջակա միջավայրի իրավունքի, սեփականության ու տնտեսական իրավունքների, արդար դատաքննության իրավունքի, զինծառայողների ու զորակոչիկների իրավունքների, անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքի, մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմի կատարելագործմանը:
Այս գործընթացի շարունակականությունն ապահովվեց հաջորդիվ ռազմավարությունների ու գործողությունների ծրագրերի մշակմամբ ու ընդունմամբ:
Այսպես, հիմք ընդունելով նախագահի ՆԿ-159-Ն կարգադրությամբ հաստատված ազգային ռազմավարությունը՝ կառավարությունը 2017 թ․ մայիսի 4-ի N 483-Ն որոշմամբ հաստատեց 2017-2019 թթ․ գործողությունների ծրագիրը, որը ներառում էր 96 գործողություններ՝ սահմանելով դրանց ակնկալվող արդյունքը, կատարման վերստուգելի չափանիշը, պատասխանատու մարմինը և համակատարողները, կատարման ժամկետը և ֆինանսավորման աղբյուրը:
Հարկ է նկատել, որ 2017-2019 թթ․ գործողությունների ծրագրի իրականացման հաշվետվողականության ու թափանցիկության կառուցակարգ նախատեսեց համակարգող խորհրդի ստեղծումը, որը՝
1) լսում և քննարկում էր պատասխանատու հանրապետական գործադիր մարմինների և օրենքով ստեղծված պետական մարմինների կողմից ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ եռամսյակային զեկույցները,
2) ուսումնասիրում և քննարկում էր պատասխանատու հանրապետական գործադիր և օրենքով ստեղծված պետական մարմինների կողմից ծրագրով նախատեսված գործողությունների կատարման վերաբերյալ կիսամյակային գրավոր հաշվետվությունները,
3) կազմակերպում էր պատասխանատու հանրապետական գործադիր մարմինների և օրենքով ստեղծված պետական մարմինների կողմից ծրագրով նախատեսված գործողությունների կատարման վերաբերյալ կիսամյակային գրավոր հաշվետվությունների հանրային քննարկումներ,
4) պատասխանատու հանրապետական գործադիր մարմինների և օրենքով ստեղծված պետական մարմինների հաշվետվություններն ուսումնասիրելուց և քննարկելուց հետո կարող էր ներկայացնել առաջարկություններ՝ ծրագրի կատարման արդյունավետությունը խթանելու և կատարմանը նպաստելու համար:
Ըստ կառավարության վերոնշյալ N 483-Ն որոշման՝ յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո 5-օրյա ժամկետում գործողությունների պատասխանատու մարմինները ՀՀ կառավարության աշխատակազմ և ՀՀ արդարադատության նախարարություն են ներկայացնում գրավոր հաշվետվություններ՝ հաշվետու ժամանակահատվածում ծրագրի շրջանակներում նախատեսված գործողությունների կատարման ընթացքի մասին:
Համակարգող խորհուրդը, իր հերթին, յուրաքանչյուր եռամսյակ անցկացնում էր նիստեր, որոնց ընթացքում ներկայացվում էին գերատեսչությունների կողմից կատարված աշխատանքները, իսկ կիսամյակային կտրվածքով կազմակերպում էր հանրային քննարկումներ՝ հնարավորություն ընձեռելով շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին ներկայացնելու ծրագրի ընթացքի վերաբերյալ իրենց դիրքորոշումներն ու առաջարկությունները:
Մարդու իրավունքների պաշտպանության ընթացիկ ռազմավարական փաստաթուղթը կառավարության 2019 թ․ դեկտեմբերի 26-ի «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թթ․ ծրագիրը հաստատելու մասին» N 1978-Լ որոշումն է:
Մարդու իրավունքների պաշտպանության 2020-2022 թթ. ազգային ռազմավարությունը նախանշում է մարդու իրավունքների ու ազատությունների ապահովմանն ուղղված պետության առաջնահերթություններն ու առաջիկա քայլերը: Հետևաբար, այն մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում պետության գերակա ուղղություններն ամրագրող փաստաթուղթ է:
Այն նախորդ ռազմավարական փաստաթղթերի տրամաբանությամբ ներառում է՝
- բուն ռազմավարությունը՝ փաստաթուղթ, որը պարունակում է առկա վիճակի գնահատումը, փաստաթղթի մշակման մեթոդաբանությունը, մարդու իրավունքների պաշտպանության գերակայությունները՝ ըստ առանձին իրավունքների՝ խնդիրների նկարագրությամբ ու դրանց լուծման ուղղությունների մատնանշմամբ: Ռազմավարությունը, առանձին ոլորտների կամ իրավունքների անդրադարձ կատարելով, մատնանշում է նաև դրանցից յուրաքանչյուրի կապը ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների հետ:
- ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագիրը, որն արդեն առավել կոնկրետությամբ ամրագրում է կատարման ենթակա գործողությունը, ակնկալվող անմիջական արդյունքը, ակնկալվող ազդեցությունը, պատասխանատու մարմին(ները), համակատարող մարմին(ները), վերջնաժամկետը, ֆինանսավորումը:
Գործողությունների ծրագիրը նախատեսում է 89 գործողություններ հետևյալ իրավունքների ապահովման ոլորտում՝
- կյանքի իրավունք,
- խոշտանգումների արգելք,
- գործի արդար քննության իրավունք,
- իրավահավասարություն, խտրականության արգելք,
- առողջության պահպանման իրավունք,
- հավաքների ազատություն,
- կրթության իրավունք,
- կարծիքի արտահայտման ազատություն,
- սեփականության իրավունք,
- աշխատանքի իրավունք,
- սոցիալական ապահովության, նվազագույն կենսապայմանների իրավունք,
- երեխայի իրավունքներ,
- տնտեսական գործունեության ազատություն:
Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունները, ի թիվս այլնի, նախատեսել են նաև մարդու իրավունքների պաշտպանության առանձին ոլորտների համապարփակ իրավական ակտերի մշակման և ընդունման միջոցառումներ:
Օրինակ՝ 2014-2016 թթ․ միջոցառումների 23-րդ կետը նախատեսում էր ««Անհատական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում` Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի ընդունած չափանիշներին համապատասխան»:
Արդյունքում, Ազգային ժողովը 2015 թ․ մայիսի 18-ին ընդունեց «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքը, որն ուժի մեջ մտավ 2015 թ․ հուլիսի 1-ից:
Միևնույն ժամանակ, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում դեռևս առկա են համակարգային օրենսդրական կանոնակարգման կարիք ունեցող հարցեր, որոնք, թեև Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարություններով թիրախավորվել են, սակայն վերջնական լուծում չեն ստացել: Իբրև այդպիսի օրինակ՝ կարելի է վկայակոչել իրավահավասարության ապահովման մասին համապարփակ օրենսդրության ընդունման ու իրավունքների պաշտպանության արդյունավետ կառուցակարգերի ներդրման հարցը:
Բանն այն է, որ դեռևս մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության 2014-2016 թթ․ միջոցառումների 8-րդ կետն ամրագրում էր հետևյալ միջոցառումը՝
«Ուսումնասիրել ՀՀ օրենսդրության համապատասխանությունը խտրականության արգելմանը վերաբերող միջազգային իրավական նորմերին:
Քննարկել «Խտրականության դեմ պայքարի մասին» առանձին օրենք ընդունելու նպատակահարմարության հարցը»:
Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թթ․ գործողությունների ծրագրի 77-րդ կետը, իր հերթին, որպես միջոցառում ամրագրում էր հետևյալը՝ «Ստեղծել օրենսդրական կառուցակարգեր ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավահավասարության ապահովման համար»՝ սկզբնապես իբրև վերջնաժամկետ սահմանելով 2017 թվականի չորրորդ եռամսյակը, իսկ այնուհետև՝ 2019 թվականի երրորդ եռամսյակը:
Մինչդեռ, ՄԻՊ ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թթ. գործողությունների ծրագրով 2019 թ. երկրորդ կիսամյակի ընթացքում ՀՀ ԱՆ իրավասությանն առնչվող կետերի կատարման վերաբերյալ հաշվետվության համաձայն՝ ՀՀ արդարադատության նախարարությունը 2019 թ. դեկտեմբերի 13-ին ՀՀ վարչապետի աշխատակազմ է ներկայացրել «Իրավահավասարության ապահովման մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթի լրամշակված տարբերակը:
Միևնույն ժամանակ, նշվել է, որ սույն միջոցառումը նախատեսվել է նաև ՄԻՊ ռազմավարությունից բխող 2020-2022 թթ. գործողությունների ծրագրի 39-րդ կետով, որով նախատեսվում է օրենսդրորեն սահմանել խտրականության հասկացությունը, տեսակները, դրանից պաշտպանության միջոցները և մեխանիզմները, իրավահավասարության հարցերով զբաղվող մարմնի կազմավորման, գործունեության երաշխիքները` միջազգային չափանիշներին համապատասխան:
Գործողության վերջնաժամկետ էր սահմանվել 2020 թ. առաջին կիսամյակը:
ՀՀ արդարադատության նախարարության՝ 2020 թ․ հուլիսի 14-ի և 2021 թ․ փետրվարի 12-ի հաշվետվությունների համաձայն՝ նախարարության 2020 թ. փետրվարի 17-ի գրությամբ օրենքի նախագիծը ներկայացվել է ՀՀ վարչապետի աշխատակազմ։ ՀՀ վարչապետի աշխատակազմը 2020 թ. մայիսի 22-ին հանձնարարել է լրամշակել օրենքի նախագիծը, որն այժմ գտնվում է լրամշակման փուլում:
Մարդու իրավունքների ազգային ռազմավարության հարթակը
Որպես մարդու իրավունքների վերաբերյալ հանրային իրազեկման և հանրության տեղեկացվածության ապահովմանն ուղղված կառուցակարգ՝ ՄԻՊ 2020-2022 թթ. ռազմավարությունը նախատեսում է ռազմավարության և գործողությունների ծրագրերի հաղորդակցության պլանի մշակման անհրաժեշտությունը:
Հաղորդակցության պլանի նպատակներն են՝
- ռազմավարության և գործողությունների ծրագրերի հանրայնացումը,
- ռազմավարության և գործողությունների ծրագրերի հաշվետվողականության և թափանցիկության ապահովումն ու ամրապնդումը,
- մարդու իրավունքների վերաբերյալ կրթության ապահովումը տարբեր մակարդակներում,
- մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացումը:
Վերը նշված նպատակների իրագործման համար ներկայում գործարկվել է էլեկտրոնային հարթակ (Մարդու իրավունքների ազգային ռազմավարության հարթակ http://www.e-rights.am), ինչը հնարավորություն է ընձեռում ապահովել ռազմավարությանը ու գործողությունների ծրագրերին առնչվող բոլոր գործընթացների թափանցիկությունը ու հաշվետվողականությունը: Հարթակի վերաբերյալ տեղեկատվական տեսահոլովակը ներկայացվում է ստորև՝ ակտիվ հղմամբ։
Այսպիսով, հարթակը հնարավորություն է ընձեռում առցանց ծանոթանալ՝
Մարդու իրավունքների ազգային ռազմավարության հարթակը պարունակում է ռազմավարության ծրագրից բխող յուրաքանչյուր միջոցառման նկարագրությունը՝ միջոցառման անվանումը, պատասխանատու և համակատարող մարմինը (մարմինները), կատարման վերջնաժամկետը, ինչպես նաև կապը մարդու իրավունքների և ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների հետ:
Հարթակը նախատեսում է գործողությունների որոնման գործիք՝ «Կարգավիճակը», «Պատասխանատու մարմին», «Վերջնաժամկետ» զտիչներով:
Գործողությունների ծրագրից բխող միջոցառումների կատարման ընթացքի վերաբերյալ տեքստային տեղեկատվությունից զատ, հարթակն առավել պատկերավոր նախատեսում է ինֆոգրաֆիկաների միջոցով ամփոփված տեղեկություններ՝ ըստ հետևյալ ցուցանիշների՝
Մասնավորապես, ինֆոգրաֆիկաները հնարավորություն են տալիս ընդհանուր պատկերացում կազմելու, թե ՄԻՊ 2020-2022 թթ․ ռազմավարությունից բխող քանի միջոցառում է վերաբերում այս կամ այն իրավունքին կամ ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակին, որոնք են պատասխանատու պետական մարմինները և քանի միջոցառման համար:
Ըստ ներկայացված ցուցանիշների՝ միջոցառումների ծրագիրը հետևյալ պատկերն ունի:
Մարդու իրավունքների ազգային ռազմավարությամբ ամրագրված միջոցառումները գործնականում կյանքի կոչելու տեսանկյունից կարևոր են նաև ստանձնած պարտավորությունների կատարման հաշվետվողականությունը և հասարակության մասնակցությունն ու տեղեկացվածությունը:
Այս նպատակով էլ ՄԻՊ 2020-2022 թթ. ազգային ռազմավարությունը նախատեսեց Համակարգող խորհրդի ստեղծումը, որը համակարգում և մշտադիտարկում է ռազմավարության և գործողությունների ծրագրի իրականացումը:
Համակարգող խորհուրդը կազմված է հանրային իշխանության մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից։ Վերջիններս խորհրդի կազմում ընդգրկվում են մրցութային կարգով, որի վերաբերյալ հայտարարությունը նախապես հրապարակվում է ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական www.moj.am կայքում:
Խորհրդի գործունեությունն իրականացվում է պարբերաբար անցկացվող նիստերի միջոցով, որոնց ընթացքում քննարկված հարցերի վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է լինում Մարդու իրավունքների ազգային ռազմավարության հարթակում («Համակարգող խորհուրդ» բաժնում) և հրապարակվում է Արդարադատության նախարարության պաշտոնական https://www.moj.am կայքում:
Պատասխանատու մարմինները միջոցառումների կատարման ընթացքի վերաբերյալ հաշվետվությունները ներկայացնում են կիսամյակային և տարեկան կտրվածքով:
Այսպես, գործողությունների ծրագրով սահմանված յուրաքանչյուր միջոցառման համար պատասխանատու պետական մարմինը սահմանված կարգով յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո՝ 10 աշխատանքային օրվա ժամկետում, արդարադատության նախարարություն և վարչապետի աշխատակազմ է ներկայացնում հաշվետվություն:
Յուրաքանչյուր տարվա ավարտից հետո՝ 10 աշխատանքային օրվա ժամկետում, պատասխանատու մարմինները արդարադատության նախարարություն և վարչապետի աշխատակազմ են ներկայացնում գործողությունների իրականացման տարեկան հաշվետվություններ, որոնք մեկամսյա ժամկետում ամփոփվում են Արդարադատության նախարարության կողմից, քննարկվում Համակարգող խորհրդում և հավանության արժանանալուց հետո հրապարակվում Արդարադատության նախարարության կայքէջում և միասնական էլեկտրոնային հարթակում՝ տարեկան ամփոփ հաշվետվության տեսքով։
Ազգային հարթակում այս պահին հրապարակված են 2020 թ․ առաջին կիսամյակի հաշվետվությունը, 2020 թ․ երկրորդ կիսամյակի հաշվետվությունը և 2020 թ․ տարեկան հաշվետվությունը:
Ռազմավարության կատարման վիճակի համապարփակ դիտարկման տեսանկյունից կարևոր են ռազմավարության և միջոցառումների ծրագրով նախատեսված միջոցառումների կատարման վերաբերյալ պետական մարմինների տարեկան և կիսամյակային հաշվետվություններին այլընտրանքները՝ անկախ մշտադիտարկման զեկույցները:
Այս առումով, հարթակում հասանելի աղբյուրներ են՝
|
- «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության 2020 թ. հունվարի 1-ից մինչև օգոստոսի 31-ը իրականացված մշտադիտարկման արդյունքները 2020-2022 թթ. գործողությունների ծրագրի պաշտպանական ոլորտի գործողությունների վերաբերյալ
|
|
- Իրավաբանների հայկական ասոցիացիայի՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության 2020-2022 թթ․ ազգային ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի 2020 թ․ առաջին կիսամյակի մոնիթորինգի արդյունքները
|
Հարթակը, բացի տեղեկատվական նպատակներից, նաև հնարավորություն է տալիս այցելուին մեկնաբանություններ ներկայացնելու միջոցառումներից յուրաքանչյուրի վերաբերյալ՝ այդպիսով ապահովելով նաև հասարակության անդամների մասնակցայնությունն ու ռազմավարության կատարման ընթացքի ներառականությունը:
Այսպես, գործողության վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությունը հասանելի է «Տեսնել ավելին» ակտիվ հղմամբ, որը հասանելի է դարձնում կոնկրետ գործողության ակնկալվող անմիջական արդյունքն ու ակնկալվող ազդեցությունը, կապը ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների հետ, ինչպես նաև գործողության կատարման վերաբերյալ հաշվետվությունները:
ՄԻՊ ռազմավարությունների կապն այլ ոլորտային ռազմավարությունների հետ
Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարություններով չէ, որ սահմանափակվում են մարդու իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները: Դրանք փոխկապակցված են նաև ոլորտային այլ ռազմավարություններով, որոնք ուղղակիորեն և անուղղակիորեն վերաբերում են մարդու իրավունքների պաշտպանությանն ու միտված են հատկապես պետական մարմինների հետ հարաբերություններում քաղաքացիների իրավունքների իրացման երաշխիքների ամրապնդմանն ու ստեղծմանը:
Այսպես, օրինակ, ՀՀ նախագահի 2012 թ․ հոկտեմբերի 29-ի «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը հաստատելու մասին» ՆԿ-159-Ն կարգադրությունը նախատեսում էր, որ գործողությունների ծրագիրը մշակելիս, ի թիվս այլնի, պետք է հաշվի առնվեն վաղօրոք ընդունված ազգային ծրագրերը, ռազմավարություններն ու հայեցակարգային փաստաթղթերը, այդ թվում՝ «Գենդերային քաղաքականության 2011-2015 թթ. ռազմավարական ծրագիրը», «Ընդդեմ գենդերային բռնության 2011-2015 թթ. ռազմավարական ծրագիրը», «Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանության 2004-2015 թթ. ազգային ծրագիրը», «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության 2006-2015 թթ. ռազմավարությունը», «Հայաստանի Հանրապետությունում 2010-2012 թթ. ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը»:
Հարկ է նկատել, որ Մարդու իրավունքների պաշտպանության 2019-2022 թթ. ազգային ռազմավարության հետ մեկտեղ ընդունվել են ոլորտային մի շարք այլ ռազմավարական փաստաթղթեր ևս, որոնցով սահմանված միջոցառումները ևս ուղղակի կամ անուղղակի առնչվում են մարդու իրավունքների համակարգի ամրապնդմանը ու մարդու իրավունքների պաշտպանության բարելավմանը: Մասնավորապես, մարդու իրավունքներին ու ազատություններին վերաբերող միջոցառումներ են ամրագրված ներկայում գործող ռազմավարական փաստաթղթերում, ինչպիսիք են, մասնավորապես՝