Հայաստանի Հանրապետությունում իրականացվող բարեփոխումների շրջանակներում առանձնակի կարևորվում է քրեական պատիժների ոլորտում անձանց իրավունքների և օրինական շահերի արդյունավետ պաշտպանությունը, դրանց լիարժեք իրացման երաշխիքների ստեղծումը:

Այս համատեքստում հարկ է ընդգծել այն հանգամանքը, որ ՀՀ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտում դեռևս արդիական են մնում կալանավորված և դատապարտված անձանց իրավունքների իրացմանն ուղղված արդյունավետ կառուցակարգերի ներդրման, վերասոցիալականացման և հասարակությունում վերաինտեգրման, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտում որակյալ կադրերի ապահովման խնդիրները: Կարևորվում է, որ նշված խնդիրներն իրենց լուծումները ստանան ոչ թե պատժողական քաղաքականության արմատավորման, այլ վերականգնողական արդարադատության գաղափարախոսության ամրապնդման ուղիով:  

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Ազգային ժողովի 2019 թ․ փետրվարի 14-ի ԱԺՕ-002-Ն որոշմամբ հավանության արժանացած ՀՀ կառավարության ծրագրի «Ազատ, արժանապատիվ և երջանիկ քաղաքացի» վերտառությամբ 4-րդ բաժնի «Օրենքի առջև բոլորի հավասարությունը, արդարադատությունը և մարդու իրավունքների պաշտպանությունը» վերտառությամբ 4.1-րդ գլխում ևս շեշտադրված է այն հանգամանքը, որ ՀՀ կառավարությունը վճռական է վերականգնողական արդարադատության սկզբունքների արմատավորման հարցում: Միաժամանակ, կարևորելով ազատությունից զրկված անձանց իրավունքների անխոչընդոտ իրացումը՝ ընդգծվել է, որ պետք է շարունակական քայլեր ձեռնարկվեն ազատությունից զրկված անձանց հիմնական իրավունքների երաշխավորման, այդ թվում՝ արտաքին աշխարհի հետ կապի ամրապնդման, պահման պայմանների բարելավման, նրանց տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման որակի բարձրացման, վերասոցիալականացման գործընթացի արդյունավետության բարձրացման նպատակով: 

Հատկանշական է, որ մինչև ՀՀ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թթ․ ռազմավարության ընդունումն առկա չէր որևէ փաստաթուղթ (ռազմավարություն, գործողությունների ծրագիր կամ հայեցակարգ), որով համապարփակ կերպով անդրադարձ կկատարվեր քրեակատարողական և պրոբացիայի համակարգի խնդիրներին և կնախանշվեին այդ խնդիրների լուծմանն ուղղված ուղիները, որպիսի պայմաններում ոլորտային բարեփոխումները որոշ դեպքերում կարող էին հատվածային բնույթ կրել:

Հիմք ընդունելով ՀՀ քրեական նոր օրենսգրքով պատժի նպատակների վերաբերյալ որդեգրված հայեցակարգային նոր մոտեցումները, հաշվի առնելով Խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի առաջարկությունները և ԽԿԿ զեկույցներում (այդ թվում՝ ՀՀ կատարած այցերի վերաբերյալ) տեղ գտած դիտարկումները, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները (այդ թվում՝ ընդդեմ Հայաստանի կայացված), ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցները, այդ թվում՝ որպես Կանխարգելման ազգային մեխանիզմ ներկայացված դիրքորոշումները, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի հրատապ, ընթացիկ և տարեկան հաշվետվությունները, ոլորտային հասարակական կազմակերպությունների կողմից բարձրացված խնդիրները, ինչպես նաև ելնելով քրեակատարողական և պրոբացիայի համակարգի արմատական, կայուն և շարունակական բարեփոխումն ապահովելու, համակարգն ամբողջությամբ արդիականացնելու հրատապությունից՝ անհրաժեշտ էր համապարփակ կերպով, մեկ ռազմավարական փաստաթղթի տեսքով սահմանել առանցքային այն ուղղություններն ու դրանցից բխող միջոցառումները, որոնց արդյունավետ իրագործումը լուծելու է ոլորտի առջև ծառացած կարևորագույն խնդիրները: 

Հայաստանի Հանրապետությունում քրեական արդարադատության և պատիժների համակարգում հիմնարար բարեփոխումների փուլի սկիզբը հիմնականում դրվեց վերջին ժամանակների իրավական և դատական բարեփոխումներով: 

Այդ բարեփոխումների համար առանցքային նշանակություն ունեցավ Հայաստանի Հանրապետության նախագահի 2012 թ․ հունիսի 30-ի «ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2017 թվականների ռազմավարական ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՆԿ-96-Ա կարգադրության (այսուհետ՝ Ծրագիր) ընդունումը: Ծրագիրն ուղղված էր Հայաստանում իրավունքի գերակայության և ժամանակակից իրավական պետության չափանիշներին համապատասխանող իրավական համակարգի ամրապնդմանը: 

Այդ հիմնական նպատակի իրագործման համար Ծրագիրը նախատեսում էին բարեփոխումներ մի շարք ուղղություններով, այդ թվում՝ քրեական արդարադատության և քրեական պատիժների համակարգի արդյունավետության բարձրացում: Նշված հիմնական ուղղություններով իրականացված միջոցառումների արդյունքում, մասնավորապես՝ 

  1. ընդունվել է «Պրոբացիայի մասին» օրենքը,
  2. օրենսդրական մակարդակում բարեփոխվել է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու ինստիտուտը, 
  3. օրենսդրական մակարդակում հստակեցվել են պատժի կրման հետ անհամատեղելի համարվող հիվանդությունների ցանկն ու դրանց չափորոշիչները և համապատասխանեցվել են հիվանդությունների միջազգային դասակարգման տասներորդ վերանայված տարբերակին:

Այդուհանդերձ, հարկ է փաստել, որ Ծրագրի շրջանակներում իրականացված քայլերն արձանագրեցին առաջընթաց միայն օրենսդրական հարթությունում՝ ամբողջ ծավալով չապահովելով դրանց գործնական կիրառումը: 

ՀՀ կառավարության ծրագրում շեշտադրվել է, որ շարունակական քայլեր են ձեռնարկվելու ազատությունից զրկված անձանց հիմնական իրավունքների երաշխավորման, այդ թվում՝ արտաքին աշխարհի հետ կապի ամրապնդման, պահման պայմանների բարելավման, նրանց տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման որակի բարձրացման, վերասոցիալականացման գործընթացի արդյունավետության բարձրացման նպատակով: Կառավարությունը վճռական է վերականգնողական արդարադատության սկզբունքների արմատավորման հարցում: Այս համատեքստում կառավարությունը միջոցներ է ձեռնարկելու նաև ազատազրկման այլընտրանք հանդիսացող պատիժների և կալանավորմանն այլընտրանք հանդիսացող խափանման միջոցների կիրառման համար անհրաժեշտ օրենսդրական երաշխիքների նախատեսման, դրանց գործնական կիրառման համար անհրաժեշտ միջոցների ապահովման ուղղությամբ, ինչպես նաև քաջալերելու նման միջոցների կիրառումը: 

Հարկ է նշել, որ  միջազգային իրավական մի շարք փաստաթղթերով ևս ամրագրվել է (մասնավորապես` «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիա, «Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման մասին» եվրոպական կոնվենցիա, «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» ՄԱԿ-ի կոնվենցիա, Բանտարկյալների հետ վարվեցողության նվազագույն ստանդարտ կանոններ, Եվրոպական բանտային կանոններ և այլ միջազգային փաստաթղթեր) միջազգային չափանիշներին համահունչ քրեակատարողական և պրոբացիայի համակարգ, ինչպես նաև կալանավորված անձանց և դատապարտյալների իրավունքների պաշտպանության ապահովման պատշաճ համակարգ ունենալու անհրաժեշտության պահանջ: 

Այս համատեքստում հատկապես մեծ կարևորություն ունեն Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (այսուհետ՝ ԽԿԿ) զեկույցներում արձանագրված խնդիրների գործնական լուծումը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների իրացման ուղղությամբ հստակ միջոցառումների իրականացումը: ԽԿԿ-ն Հայաստանի վերաբերյալ իր վերջին՝ 2015 թվականի զեկույցում առաջարկել է Հայաստանի Հանրապետությանը շարունակել ձեռնարկել արդյունավետ միջոցներ, որպեսզի ապահովի ազատությունից զրկված անձանց պահելու պայմանների՝ մարդու իրավունքների միջազգային ստանդարտների, այդ թվում՝ ՄԱԿ-ի՝ Բանտարկյալների հետ վարվեցողության նվազագույն ստանդարտ կանոնների (Նելսոն Մանդելայի կանոններ) ամբողջական կատարումը, մասնավորապես՝

1) քրեակատարողական հիմնարկներում ուժեղացնել կյանքի պայմանները բարելավելուն ուղղված ջանքերը և այլ խնդիրների շարքում լուծել կյանքի անհավասար պայմանների խնդիրը, ապագայում ուժեղացնել գերծանրաբեռնվածությունը կանխարգելելուն ուղղված միջոցները, մասնավորապես՝ ազատությունից զրկելու հետ չկապված միջոցները՝ որպես ազատազրկման այլընտրանք ավելի լայնորեն կիրառելու միջոցով՝ ազատությունից զրկելու հետ չկապված միջոցների վերաբերյալ ՄԱԿ-ի նվազագույն ստանդարտ կանոնների (Տոկիոյի կանոններ) լույսի ներքո,

2) բարելավել առողջապահության, այդ թվում՝ հոգեբուժական օգնության մատչելիությունը և որակը բոլոր ազատազրկման վայրերում, այդ թվում՝ ցմահ ազատազրկման դատապարտված բանտարկյալների համար, տրամադրել համապատասխան բժշկական սարքավորումներ, ավելացնել մասնագիտական բժշկական անձնակազմի թիվը կալանավորվածներին պահելու բոլոր վայրերում և ապահովել նրանց անկախությունն ու անկողմնակալությունը,

3) արդյունավետորեն իրականացնել պրոբացիայի իրավական և ինստիտուցիոնալ կարգավորումը, ընդունել դատապարտյալների՝ առողջության հիմքով վաղաժամկետ ազատման հստակ ընթացակարգ, ապահովել նման խնդրանքների պատշաճ ուսումնասիրությունը համապատասխան հանձնաժողովի կողմից, սահմանել վաղաժամկետ ազատման, պայմանական վաղաժամկետ ազատման պահանջների ուսումնասիրության համար պատասխանատու հանձնաժողովների բացասական որոշումների դեմ բողոքարկելու հնարավորություն և հասցեագրել նրանց անկախությունը և անկողմնակալությունը՝ ի թիվս այլոց ապահովելով այդ հանձնաժողովների ավելի հավասարակշռված անդամակցություն, մշակել և շարունակել ամրապնդել սոցիալական վերականգնմանը և ազատմանը նախապատրաստելուն ուղղված գործող ծրագրերը՝ ազատումից հետո դատապարտյալների սոցիալական վերաինտեգրումն ապահովելու նպատակով:

ՀՀ քրեական արդարադատության համակարգում առկա խնդիրներին հաճախ անդրադարձ է կատարվում նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Հայաստանի Հանրապետությանը վերաբերող մի շարք վճիռներում, որոնք վերաբերում են կալանավորված անձանց և դատապարտյալների իրավունքների և ազատությունների պաշտպանության պատշաճ երաշխավորմանը՝ նրանց պահման պայմաններին, բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելուն և այլն:

 Մասնավորապես, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ «Աշոտ Հարությունյանն ընդդեմ Հայաստանի», «Դավթյանն ընդդեմ Հայաստանի» վճիռներով մատնանշվում է ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման, մասնավորապես՝ ֆիզիկական անձեռնմխելիության, այդ թվում՝ անհրաժեշտ բժշկական օգնություն տրամադրելու, անհրաժեշտ դեղամիջոցների առկայությունը երաշխավորելու միջոցով նրանց պաշտպանելու պարտականության ապահովման անհրաժեշտությունը, իսկ «Կիրակոսյանն ընդդեմ Հայաստանի»,  «Կարապետյանն ընդդեմ Հայաստանի», «Թադևոսյանն ընդդեմ Հայաստանի» գործերով Մարդու իրավունքների եվրոպական դատարանն անձնական նվազագույն տարածքի բացակայության առնչությամբ արձանագրել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում:

ՀՀ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թթ․  ռազմավարության շրջանակներում ՀՀ կառավարության նպատակն է օրենսդրական բարեփոխումներից զատ կատարելագործել քրեակատարողական և պրոբացիայի ոլորտում առկա պրակտիկան՝ հիմքում ունենալով դատապարտյալների և պրոբացիայի շահառուների իրավունքների պաշտպանությունը և նրանց վերասոցիալականացումը, քրեական ենթամշակույթի հաղթահարումը, կրկնահանցագործության նվազեցումը, կոռուպցիայից զերծ մշակույթի ձևավորումը: 

Քրեակատարողական և պրոբացիայի համակարգում իրավիճակը բարելավելու, ինչպես նաև քրեական պատիժների նպատակային իրագործումն առավել արդյունավետ դարձնելու համար ՀՀ կառավարությունը՝ ՀՀ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թթ․  ռազմավարության շրջանակներում որոշեց, որ պետք է թիրախավորվեն հետևյալ առանցքային նպատակները՝ 

1) միջազգային չափանիշներին համահունչ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության մեխանիզմների կատարելագործումը, 

2) դատապարտյալների պահման պայմանների բարելավումը,

3) անչափահաս դատապարտյալների պահման պայմանների բարելավումը, 

4) քրեակատարողական հիմնարկներում գտնվող հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի պայմանների ապահովումը,

5) քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց բժշկական օգնության և սպասարկման պայմանների բարելավումը,

6) դատապարտյալների և պրոբացիայի շահառուների վերասոցիալականացումը,

7) քրեակատարողական հիմնարկների օպտիմալացումն ու արդիականացումը,

8) քրեակատարողական ծառայության և քրեակատարողական հիմնարկների կառավարման մոդելի և կադրային քաղաքականության կատարելագործումը,

9) կոռուպցիայից զերծ մշակույթի ձևավորումը, 

10) պրոբացիայի ծառայության գործունեության արդյունավետության բարձրացումը,

11) կադրային քաղաքականության վերանայումը:

Վերոգրյալի արդյունքում քրեակատարողական և պրոբացիայի համակարգում բարեփոխումների ձեռնարկման վերջնական նպատակներն ու ակնկալվող արդյունքներն են լինելու պատժի նպատակների արդյունավետ իրացումը, քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության գործուն երաշխիքների առկայությունը, վերասոցիալականացմանն ուղղված համալիր և արդյունավետ միջոցառումների շարունակական իրականացումը, քրեակատարողական հիմնարկներում անձանց պահման պայմանների էական բարելավումը, կառավարման արդյունավետ համակարգի առկայությունը, քրեակատարողական և պրոբացիայի ծառայողների համար սոցիալական ապահովության բավարար երաշխիքների առկայությունը:  

Առավել մանրամասն կարելի է տեսնել ՀՀ կառավարության 2019 թ․ նոյեմբերի 28-ին «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարությունը, դրա իրականացման 2019-2023 թվականների միջոցառումների ծրագիրը, ծրագրի ֆինանսական գնահատականը և ծրագրի կատարումը համակարգող խորհրդի ձևավորման և գործունեության կազմակերպման կարգը հաստատելու մասին» N 1717-Լ որոշման հավելվածներում։

Իսկ ՀՀ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քառամյա ռազմավարության 2020 թ․ մանրամասն տարեկան հաշվետվությունը կարող եք դիտել հետևյալ հղման ներքո։

Documents

Links

ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ

Փորձագիտական կարծիք, դիտողություններ և առաջարկություններ «ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» նախագծի վերաբերյալ
See the original
Իրավաբանների հայկական ասոցիացիա, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռո...
«Մենք պետք է ունենանք ոչ ավել, քան երեք քրեակատարողական հիմնարկ․ բանտային բարեփոխում անելիս, նոր հիմնարկ չի կառուցվում»
See the original
Արշակ Գասպարյան...
Բանտային առողջապահության ոլորտի զարգացմանն ուղղված նոր ծրագիր
See the original
Սրբուհի Գալյան, Նատալյա Վուտովա...
Պրոբացիայի ծառայությունը Հայաստանի Հանրապետությունում
See the original
Հել­սինկ­յան ա­սո­ցիա­ցիա, HUMAN RIGHTS POWER, Եվրասիա համագ...

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

1. Յուրաքանչյուր ոք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ ստանալու և փաստաթղթերին ծանոթանալու իրավունք:

2. Տեղեկություններ ստանալու իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրային շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

3. Տեղեկություններ ստանալու կարգը, ինչպես նաև տեղեկությունները թաքցնելու կամ դրանց տրամադրումն անհիմն մերժելու համար պաշտոնատար անձանց պատասխանատվության հիմքերը սահմանվում են օրենքով: