Հայաստանի Հանրապետությունում անկախացումից ի վեր հանրային վստահության առումով ոստիկանության ընկալումը տարբեր աստիճաններ է արձանագրել։ 

Սա պայմանավորված է եղել մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքների համադրությամբ, մասնավորապես՝ մի կողմից՝ խորհրդային ժամանակաշրջանի կարծրացած ընկալումներով և արդեն անկախ պետության ոստիկանության կողմից նույն խորհրդային միլիցիայի գործելակերպին բնորոշ ասպեկտների պահպանման պրակտիկայով, իսկ մյուս կողմից՝ անվտանգության ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու և դրանք հասցեագրելու անբավարար կարողություններով, թերի ֆինանսավորմամբ և որպես արմատական պատճառ՝ ոստիկանության մասնագիտական կրթական և պատրաստման համակարգի արժեքային փոփոխությունների դանդաղությամբ, իսկ որոշ ուղղություններով՝ այդ փոփոխությունների իսպառ բացակայությամբ։ 

Նկատի ունենալով Հայաստանում հանցավորության աստիճանի համեմատաբար ցածր մակարդակը՝ ոստիկանության բարեփոխումների անհրաժեշտությունն առաջին հերթին պայմանավորված է ժողովրդավարական պետությանն ու հասարակությանը բնորոշ ոստիկանության ծառայություն ունենալու իրական անհրաժեշտությամբ, ոստիկանության գործունեության արդյունավետության բարձրացմամբ, տարիներ ի վեր բարձրաձայնված հանրային պահանջով և անկեղծ քաղաքական կամքի առկայությամբ։ 

Ոստիկանության զարգացման ռազմավարության հիմնական նպատակներից է հասարակությանը նոր ոստիկանի կերպարով նոր ոստիկանություն ներկայացնելը։ Այս համատեքստում, նկատի ունենալով առաջարկվող բարեփոխումների ծավալը, անհրաժեշտ է ապահովել նոր կադրերի ներգրավումը ծառայություն, ինչպես նաև գործող անձնակազմի վերապատրաստումը կոնկրետ ծառայությունների ուղղությամբ։ Բարեփոխման յուրաքանչյուր ուղղությամբ անհրաժեշտ կլինի իրականացնել իրավիճակի առավել մանրամասն ուսումնասիրություն, մասնավորապես՝ նկատի ունենալով ոլորտային օրենսդրական ակտերի, նյութական և տեխնիկական ապահովվածության (ներառյալ՝ տվյալների բազաների և տեղեկատվական համակարգերի) աուդիտը։ Նախատեսվում են բարեփոխումներ հետևյալ հիմնական ուղղություններով՝ 

  • ոստիկանությունում կառուցվածքային փոփոխություններ և գործառույթների հստակեցում,
  • պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման կենտրոնի ստեղծում,
  • նախաքննության արդյունավետություն, 
  • հասարակական կարգի պահպանություն/ոստիկանության զորքերի ապառազմականացում,
  • ոստիկանությունում ծառայության գրավչություն, կադրերի պատրաստում և մասնագիտական զարգացում,
  • մարդու իրավունքների պաշտպանության զգայուն հարցեր, 
  • թափանցիկություն և հանրային հաշվետվողականություն:

Ոստիկանության բարեփոխումների նպատակը ժամանակակից մարտահրավերներին դիմակայող, մասնագիտացված ու տեխնիկապես հագեցած, բարեվարք և հարգանքի արժանի ոստիկանության ու ժողովրդավարական իրավակարգին բնորոշ նոր ոստիկանի կերպարի ստեղծումն է։

Բարեփոխումների փաթեթը ներառում է հետևյալ հիմնական ուղղությունները.

Կառուցվածքային փոփոխություններ 

Նախկինում գործելով որպես Ներքին գործերի նախարարություն, ինչպես նաև Ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարություն՝ ՀՀ ոստիկանությունը 2002 թվականից ձևավորվեց այն կառուցվածքով, ինչպիսին առանձին փոփոխություններով պահպանվել է մինչև այսօր։ 2002 թվականից նախարարությունը վերակազմակերպվեց ծառայության՝ պահպանելով նույն կառուցվածքը, որը, մեղմ ասած, չի կարող ապահովել արդյունավետ գործունեություն, ավելին՝ փաստացիորեն մասնագիտական ծառայությունը ծանրաբեռնված է ոստիկանությանը ոչ բնորոշ գործառույթներով (անձնագրերի և վիզաների տրամադրում, ավտոտրանսպորտային միջոցների հաշվառում, վարորդական վկայական ստանալու քննությունների ընդունում, վարորդական վկայականների տրամադրում և այլն)։ 

Ելնելով կառուցվածքային այնպիսի լուծման անհրաժեշտությունից, որը հնարավորություն կտա հստակ տարանջատել քաղաքացիական բնույթի ծառայության իրականացումը ոստիկանական գործառույթների իրականացումից, Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությամբ նախատեսվում է ստեղծել միասնական նախարարություն։ Որպես ոստիկանության արդյունավետ գործունեության մոդել՝ առաջարկվում է այն համապատասխան ինքնուրույն կարգավիճակով նախատեսել նախարարության կառուցվածքում՝ սահմանելով նախարարությանը ոստիկանության ենթակայությունը, դրա կառուցակարգերը, և համապատասխանաբար՝ փոփոխելով ոստիկանության կառուցվածքն ու հստակեցնելով գործառույթները։ Ներկայիս ոստիկանության որոշ ստորաբաժանումներ, որոնց գործառույթները հիմնականում հանգում են հանրությանը ծառայությունների մատուցմանը, դուրս կգան ոստիկանության կառուցվածքից և կներառվեն նախարարության կառուցվածքում։ 

Կանոնակարգման և տարանջատման կարիք ունի նաև ոստիկանության գործունեության վերահսկողությունը և ներգերատեսչական հսկողությունը։ «Ոստիկանության մասին» օրենքի 42-րդ հոդվածի համաձայն՝ ոստիկանության գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է վարչապետը։ Ոստիկանության՝ նախարարության կառուցվածքում լինելու պայմաններում նման գործառույթի իրականացումը կվերապահվի նախարարին, որպիսի պայմաններում վերջապես կլինի այնպիսի անձ, որն իր անմիջական լիազորությունների իրականացման կապակցությամբ քաղաքական պատասխանատվություն կկրի ոստիկանության գործունեության համար։ 

Պարեկային ծառայության և մեկ միասնական Օպերատիվ կառավարման կենտրոնի (ՕԿԿ) ստեղծում 

Հասարակական անվտանգության ապահովման ոլորտում, ինչպես նաև հասարակություն-ոստիկան առողջ կապ ունենալու համատեքստում ոստիկանության առջև ծառացած են մի շարք մարտահրավերներ 

Մինչ բարեփոխումների մեկնարկը, ոստիկանության արտաքին ծառայությունն իրականացվում էր Ճանապարհային ոստիկանության և Պարեկապահակակետային ծառայության միջոցով, որոնք թե´ հանցագործությունների կանխման, նախականխման և թե´ դրանց հակազդման տեսանկյունից ունեին տարբեր և միմյանց հետ չկապակցված արձագանքման մեթոդներ ու գործողությունների ոչ բավարար մակարդակի համակարգում, ուստի և արտաքին ծառայությունների անբավարար արդյունավետություն։ Բացի դա, այս երկու արտաքին ծառայությունների գործելակերպում հստակորեն բացակայում է ժամանակակից ոստիկանությանը բնորոշ քաղաքացիակենտրոն ծառայություն մատուցելու մոտեցումը, որի պատճառներն արմատավորված են հիմնականում մասնագիտական կրթության և շարունակական վերապատրաստման ծրագրերի մեջ։ Արտաքին այս ծառայությունների միավորմամբ կլուծվի նաև մեկ կենտրոնից ռեսուրսների ծախսարդյունավետ կառավարման խնդիրը։ Նշված հաշվառմամբ նոր Պարեկային ծառայությունը կիրականացնի հասարակական կարգի և հասարակական անվտանգության ապահովումը, ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգության ապահովումը, տուժած անձանց անհետաձգելի բժշկական օգնության և հոգեբանական աջակցության ցուցաբերումը, ինչպես նաև օրենքով սահմանված այլ գործառույթներ:

Արդյունքում, նոր Պարեկային ոստիկանության ստեղծմամբ և ամբողջ հանրապետությունում գործարկմամբ կրճատվելու են Ճանապարհային ոստիկանությունն ու ՊՊԾ ստորաբաժանումները։ 

Ոստիկանության պարեկային ստորաբաժանման առանցքային ենթակառուցվածքը միասնական Օպերատիվ կառավարման կենտրոնն է

Օպերատիվ կառավարման կենտրոնը հանդիսանում է իրավախախտումների և պատահարների վերաբերյալ հաղորդումներ ընդունող օպերատոր, որն այդ հաղորդումների բնույթի վերլուծության հիման վրա ապահովում է նաև պարեկային ոստիկանության ուժերի և միջոցների կառավարումը: Կենտրոնին հասանելի են լինելու հասարակական վայրերում տեղադրված բոլոր տեսանկարահանող սարքերը, ոստիկանության և այլ մարմինների տեղեկատվական այն շտեմարանները, որոնք անհրաժեշտ են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու համար: Կենտրոնն ունենալու է փրկարար ծառայության (911) և շտապ օգնության (1-03) օպերատիվ կենտրոնների մշտական հենակետեր:

Օպերատիվ կառավարման կենտրոնի խնդիրներն են լինելու քաղաքացիներից ստացված ահազանգերի սպասարկումը, Պարեկային ծառայության օպերատիվ կառավարումը, ոստիկանական ծառայությունների տեղեկատվական-վերլուծական ապահովումը և ոստիկանության ուժերի համատեղ գործողությունների համակարգումը:

Ոստիկանության զորքերի ապառազմականացում   

Ի թիվս հիմնական ոստիկանական գործառույթների, ոստիկանության զորքերի առջև դրված է նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելու խնդիր: Այսպիսով, ոստիկանության զորքերին բնորոշ է արտաքին անվտանգության և իրավակարգի ապահովման պետական ֆունկցիաների (համապատասխանաբար արտաքին և ներքին) զուգակցում, որը բացարձակ չի բխում ոստիկանության առջև օրենքով դրված խնդիրներից: Ոստիկանության զորքերում ծառայություն անցնելու կարգը գտնվում է ռազմաիրավական օրենսդրության տիրույթում, մասնավորապես, լինելով ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանում՝ ծառայությունն իրականացվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով և դրանից բխող ենթաօրենսդրական ակտերով: Ըստ էության, ոստիկանության զորքերը Զինված ուժերի մաս են և այս իմաստով՝ ոստիկանության ռազմականացման հիմնական նախադրյալը: 

Նկատի ունենալով ոստիկանության զորքերի հնարավորությունների օգտագործման առանձնահատկությունները՝ առաջարկվում է օրենքով այն նախատեսել որպես ոստիկանական ստորաբաժանում, որի կազմակերպման և գործունեության կարգն այլևս չի կարգավորվելու ռազմական օրենսդրական ակտերով: Նման փոփոխությունը պահանջելու է կառուցվածքային և օրենսդրական շտկումներ, բայց և արդյունքում փոխելու է հանրություն-ոստիկանություն հարաբերությունների էությունը՝ ոստիկանության զորքերն ավելի մոտեցնելով թափանցիկ ու պատասխանատու գործելակերպի և պահանջվող զգայունության՝ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի նկատմամբ: Այսպիսով, ոստիկանության ապառազմականացումը տեղի է ունենալու նախ և առաջ ոստիկանության զորքերի կարգավիճակի փոփոխությամբ

Հասարակական կարգի պահպանություն

Ոստիկանության զորքերում համապատասխան աուդիտի անցկացումից հետո, եթե պարզվի, որ անհրաժեշտ է ունենալ որոշակի թվով բազմության վերահսկողության (հասարակական կարգի պահպանության) ջոկատներ, ուրեմն պետք է ոստիկանության զորքերի մի մասին վերապատրաստել և ուղղորդել այս հատված: Հաշվի առնելով, որ բազմության վերահսկողությունն ու հասարակական կարգի պահպանումը դարձել են առավելապես ոչ բռնի գործողություններ, այս կադրերի պատրաստման գործում կարևոր տեղ են զբաղեցնում մտավոր պատրաստվածությունը, սցենարների զարգացման, արագ արձագանքման, բանակցությունների և այլ հմտությունների տիրապետումը:

Նոր քրեական ոստիկանության մոդելը

Ի տարբերություն հետաքննության այլ մարմինների` Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, հանդիսանալով հետաքննության հիմնական մարմին, լիազորված է հետաքննություն իրականացնել Քրեական օրենսգրքով նախատեսված արարքներ կատարելու բոլոր դեպքերով: Այս հանգամանքը փաստում է այնպիսի ոստիկանություն ունենալու ձգտման մասին, որը բավարար ռեսուրսների է տիրապետում ենթադրյալ հանցագործությունների որոշ դեպքերով օբյեկտիվ ճշմարտությունը վեր հանելու գործում: Հաճախ ենթադրյալ հանցագործության մի շարք դեպքերի վերաբերյալ քննություն կատարելիս Քննչական կոմիտե փոխանցված գործերով քննիչը մեխանիկական կերպով կրկնում է նույն գործողությունները, որոնք մինչ այդ կատարվել են ոստիկանության հետաքննիչների կողմից, այդ թվում՝ անձինք հավելյալ ստիպված են լինում ներկայանալու իրավապահ մարմին։

 

Ոստիկանության տրամադրության տակ եղած ռեսուրսների արդյունավետ կիրառման նպատակով, ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը նախատեսում է քրեական ոստիկանության ծառայողներին ապահովել բավարար լիազորություններով՝ հանցագործությունների ամբողջական քննության համար։ Ընդ որում, քննարկման առարկա կարող է դառնալ միջազգայնորեն ոստիկանության կողմից քրեական գործերի քննության երկու մոդել։

Մոդելների ընտրության հարցը կարող է պայմանավորվել քննչական մարմինների քանակով և իրավապահ համակարգում դրանց դասավորվածությամբ։ Մի դեպքում ոստիկանությունում կարող է վերականգնվել քննիչների գործառույթը և քննչական ստորաբաժանումը, ինչը իրավապահ դաշտում ևս մեկով կավելացնի նախաքննական մարմինների թիվը։ Նման մոտեցումը տրամաբանորեն կշարունակի Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի այն տրամաբանությունը, որ քրեական գործերի քննության լիազորությամբ օժտված են լինելու միայն քննիչները։ Որպես այլընտրանք՝ կարող է դիտարկվել ոստիկանության ծառայողների կողմից գործող Քրեական դատավարության օրենսգրքի շրջանակներում հետաքննությամբ քրեական գործի ամբողջական քննությունը և դրա ընթացքը լուծելը։

Համայնքային ոստիկանության վերաիմաստավորում

Համայնքային ոստիկանության գործառույթների ոչ ճիշտ կազմակերպման արդյունքում քաղաքացու վստահությունը վայելող ինստիտուտը չստացվեց կայացնել և համայնքային ոստիկանությունը, ըստ էության, գործառութային իմաստով հիմնականում նույնացավ խորհրդային ժամանակի միլիցիայի կազմում գործող նախկին թաղային տեսուչների գործառույթների հետ։ Բացի այս, գործնականում համայնքային ոստիկանության գործառույթները որոշ դեպքերում կրկնում կամ մասամբ համընկնում են  ոստիկանության մյուս ծառայությունների գործառույթների հետ, ինչի արդյունքում համայնքային ոստիկանն արդյունավետորեն չի կատարում իր առջև դրված խնդիրները։

Ոստիկանության բարեփոխումների արդյունքում համայնքային ոստիկանության հիմնական գործառույթները կազմելու են`

  • սպասարկվող վարչական տարածքում իրավախախտումների հայտնաբերումը, վարչական իրավախախտումների քննությունը,
  • օրենքով նախատեսված դեպքերում և կարգով` անհատական պրոֆիլակտիկ միջոցների կիրառումը,
  • աջակցությունը ոստիկանության օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող, հետաքննչական և այլ ստորաբաժանումներին,
  • ամենօրյա կապը համայնքի բնակչության հետ, սերտ համագործակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Առաջարկվող գործառույթների իրականացումը հնարավոր է ներդրվող Պարեկային ծառայության և նոր պարեկային ոստիկանի կողմից ծառայության իրականացման ընթացքում։ 

 Միջազգային համագործակցություն

Հաշվի առնելով միջազգային հանցավորության բնույթն ու այս ոլորտի այլ առանձնահատկությունները՝ ոստիկանության ոլորտի բարեփոխումները պահանջում են հստակ համակարգում ու փոխգործելիություն ինչպես տեղական դերակատարների, այնպես էլ միջազգային գործընկերների հետ:

Այս համատեքստում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում ՀՀ ոստիկանության՝ միջազգային համագործակցության շրջանակի ընդլայնումը մի շարք միջազգային կառույցներում ու կազմակերպություններում։ ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման և ընդհանրապես ԵՄ և ԵՄ անդամ պետությունների հետ բազմաոլորտ համագործակցությունը կարևոր նշանակություն կունենա թե´ փորձի փոխանակման և թե´ մասնավորապես կազմակերպված  հանցավորության դեմ արդյունավետ պայքար իրականացնելու համար։ 

Զուգահեռաբար, անհրաժեշտ է երկկողմ մակարդակում խորացնել համագործակցությունը ՌԴ ներքին գործերի նախարարության հետ՝ ՌԴ ներքին գործերի նախարարության և Ոստիկանության միավորված կոլեգիայի ֆորմատով, ինչպես նաև համագործակցությունը ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարությունների հետ՝ ԱՊՀ ՆԳՆ Խորհրդի շրջանակներում: 

Միևնույն ժամանակ, հարկ է խորացնել երկկողմ և բազմակողմ համագործակցությունն այլ օտարերկրյա պետությունների գործընկեր կառույցների և միջազգային կազմակերպությունների հետ, մասնավորապես՝ Միգրացիայի միջազգային կազմակերպության, Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի, ՆԱՏՕ-ի, ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, Եվրոպական ոստիկանական քոլեջի (CEPOL) և այլ միջազգային կազմակերպությունների հետ: 

Առանձնապես կարևորվում է նաև ԱՄՆ Դաշնային հետաքննությունների բյուրոյի, նահանգային իրավապահ և ոստիկանական կառույցների և, հատկապես, ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի հետ համագործակցության խորացումը։

Ռազմավարության և գործողությունների ծրագրի լիարժեք և արդյունավետ իրագործումն ապահովելու նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Ոստիկանության բարեփոխումների համակարգող խորհուրդը (Խորհուրդ), որը ղեկավարվում է վարչապետի կողմից և ներառում ոլորտը համակարգող փոխվարչապետին ու բոլոր շահագրգիռ պետական մարմիններին, քաղաքական ուժերի ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին: 

Ռազմավարության և գործողությունների ծրագրի ընթացքի մշտադիտարկումը և գնահատման գործառույթներն իրականացնում է ոստիկանությունը, իսկ Ներքին գործերի նախարարության ձևավորումից հետո՝ նախարարությունը (Խորհրդի քարտուղարություն), որը յուրաքանչյուր տարվա վերջում մշտադիտարկման ու գնահատման արդյունքները ներկայացնում է Խորհրդին՝ հիմք ստեղծելով քաղաքական քննարկումներ մեկնարկելու ռազմավարության ու գործողությունների ծրագրի ընթացքի վերաբերյալ:

Փաստաթղթեր

Հղումներ

ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ

ԵՄ Թայեքս ծրագրի գնահատման առաջարկություններ
Դիտել
European Commission, TAIEX...
Հայաստանում Ոստիկանության բարեփոխումների տեսլականը և օրակարգը հետհեղափոխական Հայաստանում
Դիտել
Դավիթ Ամիրյան, Հովհաննես Քոչարյան, Արթուր Սաքունց, Հայկուհի ...
Ոստիկանության բարեփոխումներ. «Ըստ էության»
Դիտել
Արթուր Սաքունց, Գարեգին Միսկարյան, Արմեն Խաչատրյան, Քրիստինե...

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

1. Յուրաքանչյուր ոք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ ստանալու և փաստաթղթերին ծանոթանալու իրավունք:

2. Տեղեկություններ ստանալու իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրային շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

3. Տեղեկություններ ստանալու կարգը, ինչպես նաև տեղեկությունները թաքցնելու կամ դրանց տրամադրումն անհիմն մերժելու համար պաշտոնատար անձանց պատասխանատվության հիմքերը սահմանվում են օրենքով: