Կուսակցությունները յուրաքանչյուր ժողովրդավարական հասարակության գոյության և զարգացման անհրաժեշտ և կարևոր բաղադրիչ են: Վերջիններս ապահովում են ոչ միայն քաղաքացիների` հասարակության և պետության քաղաքական կյանքին մասնակցությունը, այլ դրանով նպաստում են ժողովրդի քաղաքական կամքի ձևավորմանն ու արտահայտմանը: Ուստի, քաղաքական կուսակցությունների ազատ և արդյունավետ գործունեության իրականացման համար անհրաժեշտ իրավական նախադրյալների ստեղծումը կարևոր նախապայման է ժողովրդավարական հասարակության կայուն զարգացման համար:

Խորհրդային Միության 70-ամյա միակուսակցական համակարգի փլուզումից հետո 1990թ Անկախության հռչակագրի ընդունմամբ  սկիզբ դրվեց ժողովրդավարական, իրավական համակարգի արմատավորմանը՝ նախանշելով բազմակուսակցական համակարգի ձևավորման նախադրյալները։ Բազմակուսակցական համակարգի ձևավորման մեկնարկը տեղի ունեցավ ՀՀ Գերագույն խորհրդի կողմից 1991 թվականի փետրվարի 26-ին ընդունված «Հասարակական-քաղաքական կազմակերպությունների մասին» օրենքի ընդունմամբ, որն ամրագրում էր կուսակցությունների ձևավորման և գործունեության հիմնադրույթները։ Հիշյալ օրենքով կարգավորվում էր կուսակցությունների հիմնադրումն ու գրանցումը, կուսակցությունների ֆինանսական գործունեության նկատմամբ սահմանվում էր պետական վերահսկողություն, կուսակցությանը ներկայացվում իր ֆինանսական գործունեության մասին տարեկան հաշվետվություն ներկայացնելու պահանջ։ Օրենքը կարգավորում էր նաև հասարակական-քաղաքական կազմակերպությունների գործունեության կասեցման և արգելման հետ կապված հարաբերությունները։ Հասարակական-քաղաքական կազմակերպությունների գործունեության նկատմամբ վերահսկողությունը վերապահվում էր Արդարադատության նախարարությանը։

«Հասարակական-քաղաքական կազմակերպությունների մասին» օրենքի ընդունումից հետո մեկ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում գրանցվեցին շուրջ 20 կուսակցություններ (տե՛ս էջ 111), որոնք արդեն ձևավորվել և փաստացի գործում էին մինչև օրենքի ուժի մեջ մտնելը։ 

Հետագայում՝ 1995 թվականի Սահմանադրության ընդունմամբ կուսակցությունների իրավական կարգավորումը բարձրացվեց սահմանադրական մակարդակի։ Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետությունում ճանաչվեց բազմակուսակցական համակարգ, ամրագրվեց յուրաքանչյուր քաղաքացու՝ այլ քաղաքացիների հետ կուսակցություն ստեղծելու և անդամագրվելու իրավունքը։ Միաժամանակ, Սահմանադրությամբ (տե՛ս հոդվածներ 7 և 25) սահմանվեց կուսակցությունների ֆինանսական գործունեության հրապարակայնության պահանջ։

Ընդհանուր առմամբ, անկախությունից ի վեր Հայաստանի Հանրապետությունում շարունակաբար իրականացվել են կուսակցությունների կարգավիճակի և գործունեության կարգավորմանն ուղղված զգալի օրենսդրական փոփոխություններ։ 2002 թվականի հուլիսի 3-ին «Հասարակական-քաղաքական կազմակերպությունների մասին» օրենքը փոխարինվեց «Կուսակցությունների մասին» նոր օրենքով, որն առավել համապարփակ կարգավորումներ էր նախատեսում կուսակցությունների կազմակերպման և գործունեության վերաբերյալ։  «Կուսակցությունների մասին» 2002 թվականի օրենքով առաջին անգամ կուսակցության պետական գրանցման համար սահմանվեց կուսակցության անդամների նվազագույն քանակ (200 անդամ) և տարածքային ներկայացվածության պահանջ։ Սահմանվեցին կուսակցության գույքի ձևավորման աղբյուրները (հոդվ. 24)։ Արգելվեց նվիրատվությունը օտարերկրյա պետություններից, օտարերկրյա քաղաքացիներից և իրավաբանական անձանից, միջազգային կազմակերպություններից, անանուն անձանցից և մի շարք այլ աղբյուրներից (հոդվ. 25)։ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող և օրենքով սահմանված շեմը հաղթահարող կուսակցությունների համար երաշխավորվեց պետական ֆինանսավորում (հոդվ. 27)։ Սահմանադրությանը համապատասխան՝ սահմանվեց տարեկան ֆինանսական հաշվետվություն ներկայացնելու պարտադիր պահանջ։ Կուսակցության գործունեությունն արգելելու իրավասությունը վերապահվեց բացառապես Սահմանադրական դատարանին։ Սակայն ի տարբերություն «Հասարակական-քաղաքական կազմակերպությունների մասին» օրենքի՝ «Կուսակցությունների մասին» 2002 թվականի օրենքին ի սկզբանե չէր նախատեսում կուսակցության գործունեության կասեցման ինստիտուտ։ Այն նախատեսվեց հետագայում՝ 2015 թվականին կատարված փոփոխություններով (տե՛ս հոդված 4)՝ նախատեսելով, որ կուսակցության գործունեությունը կարող է կասեցվել կամ արգելվել միայն Սահմանադրական դատարանի որոշմամբ՝ Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի կամ Կառավարության դիմումի հիման վրա։

Կուսակցությունների վերաբերյալ հաջորդ խոշոր փոփոխությունը տեղի ունեցավ 2015 թվականի դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխությունների շրջանակներում. Սահմանադրության 2015 թվականի փոփոխությունները նախատեսում էին մի շարք սահմանադրական օրենքների ընդունում, այդ թվում՝ «Կուսակցությունների մասին» նոր սահմանադրական օրենքը։ Ուստի Սահմանադրության փոփոխությունների և «Սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովման գործընթացի կազմակերպման մասին» ՀՀ Նախագահի 2016 թվականի փետրվարի 10-ի ՆՀ-170-Ա հրամանագրի հիման վրա՝ 2016 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունվեց «Կուսակցությունների մասին» գործող սահմանադրական օրենքը։ 

Փոփոխությունները պայմանավորված էին նաև կուսակցությունների մասին օրենսդրությունը միջազգային փաստաթղթերով կուսակցությունների կազմակերպման և գործունեության վերաբերյալ ներպետական իրավակարգավորումներին առաջադրվող պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ։ 

Վերը նշված և մի շարք այլ խնդիրների լուծման նպատակով 2016 թվականին Կառավարության կողմից պատրաստվեց «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի նախագիծը։ Մինչև օրենքի ընդունումը նախագիծը ներկայացվեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և Ժողովրդավարություն իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողովի կարծիքին (Վենետիկի հանձնաժողով), որի արդյունքում ներկայացված առաջարկությունների մի մասն իրացվեց նախագծում։ 

Չնայած տարիների ընթացքում կատարված բազմաթիվ փոփոխություններին՝ ըստ էության, անցած երեսուն տարիների ընթացքում կենսունակ և մրցակցային բազմակուսակցական համակարգ ձևավորելու խնդիրը հնարավոր եղավ լուծել միայն մասնակիորեն։ Հայաստանի Հանրապետությունում ստեղծվեցին բազմաթիվ կուսակցություններ, սակայն այդ կուսակցությունների գործունեության համար հավասար մրցակցային հնարավորությունների դաշտը այդպես էլ չկայացավ։ 

Գործող օրենքում առկա էին նաև մի շարք այլ բացեր և թերություններ, որոնք կանխարգելում էին բազմակուսակցական համակարգի ու գաղափարական բազմակարծության պատշաճ զարգացմանը, հակասում կուսակցությունների գործունեության ազատության սահմանադրական սկզբունքի գործնական իրացմանը, ինչի մասին են վկայում մի շարք փորձագիտական եզրակացություններ, այդ թվում՝ միջազգային չափորոշիչների համապատասխանության վերաբերյալ միջազգային կառույցների հրապարակած կարծիքները (ի թիվ այլոց՝ Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի կողմից հրապարակված կարծիքը 2016 թվականի «Կուսակցությունների մասին» օրենքի նախագծի վերավերյալ, Ազգային ժողովի Ընտրական բարեփոխումների աշխատանքային խմբի առաջարկով ներկայացված ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի 2019 թվականի հոկտեմբերի 11-ի կարծիքը գործող օրենքի վերաբերյալ և այլն)։

Հայաստանում 2018 թվականի ժողովրդավարական ոչ բռնի թավշյա հեղափոխությունից հետո առաջնային դարձավ կուսակցական համակարգի բարեփոխումը, բոլոր կուսակցությունների գործունեության համար ազատ, նպաստավոր և մրցակցային դաշտի ստեղծման համար օրենսդրական պատշաճ կարագավորումների սահմանումը։ Այս նպատակով 2019-2020թթ. մշակվեց «Կուսակցությունների մասին» օրենքում և հարակից մի շարք այլ օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթը։ 

Նախագծերի փաթեթը մշակվել է Ազգային ժողովի ընտրական բարեփոխումների աշխատանքային խմբի կողմից: Աշխատանքային խմբի նախաձեռնած քննարկումներին մասնակցել և նախագծի պատրաստման գործընթացում մասնագիտական աջակցություն են տրամադրել մի շարք պետական հաստատություններ (Արդարադատության նախարարություն, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, Կենտրոնական ընտրական հանձնաժողով, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով), հասարական կազմակերպություններԹրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոն, Իրազեկ քաղաքացիների միավորում, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ), միջազգային կազմակերպություններ (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ, Եվրոպայի խորհրդի՝ Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողով (Վենետիկի Հանձնաժողով), Ընտրական համակարգերի միջազգային հաստատության Հայաստանյան մասնաճյուղ (IFES), Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամ)։

Նախագծերի փաթեթն ընդգրկում է ծավալուն փոփոխություններ, որոնք բարձր են գնահատվել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և Վենետիկի հանձնաժողովի կողմից։ Մասնավորապես՝ պարզեցվել են կուսակցության հիմնադրման և պետական գրանցման պայմանները։ Նախատեսվել են օրենսդրական գործիքներ քաղաքական գործունեության մեջ կանանց ներգրավման, հատկապես՝ կուսակցության ղեկավար մարմիններում կանանց բավարար ներկայացվածությունն ապահովելու համար։ Կոռուպցիան բացառելու և բիզնեսի ազդեցությունը քաղաքականության վրա սահմանափակելու համար արգելվել են նվիրատվություններն իրավաբանական անձանց կողմից։ Միջազգային փորձի հիման վրա տրվել է «նվիրատվություն» եզրույթի առավել ամբողջական սահմանում։ Էապես ավելացվել է կուսակցությունների հանրային ֆինասնավորումը։ Կուսակցական գործունեության ներառականությունը խթանելու նպատակով նախատեսվել է պետական նպատակային ֆինանսավորում։ Հաշվի առնելով Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից կուսակցության ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմնի ինստիտուցիոնալ կարգավիճակի հստակեցման անհրաժեշտության վերաբերյալ տարիներ շարունակ ներկայացվող դիտողությունները՝ փոփոխվել է կուսակցությունների ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինը՝ այդ գործառույթը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունից փոխանցելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։ Կուսակցությունների հաշվետվությունների աուդիտի կազմակերպումը ևս վերապահվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։ Հիմնվելով Սահմանադրական դատարանի 2006թ դեկտեմբերի 22-ի ՍԴՈ-669 որոշմամբ արտահայտված դիրքորոշման, ինչպես նաև Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունների վրա՝ կարգավորվել և պարզեցվել են նաև կուսակցության գործունեությունը կասեցնելու հիմքերը։ Կուսակցությունների գործունեության թափանցիկությունն ամբողջական դարձնելու նպատակով սահմանվել է նաև կուսակցությունների ղեկավար մարմնինների անդամների գույքի և եկամուտների հայտարարագրման պահանջ։

Բացի «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելուց, փոփոխություններ են կատարվել նաև մի շարք այլ օրենքներում, ներառյալ՝ Ընտրական օրենսգրքում, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում, Քրեական օրենսգրքում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում։ 

Նախագծերի փաթեթն Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2020 թվականի դեկտեմբերի 29-ին՝ քաղաքական լայն կոնսենսուսի արդյունքում՝ 99 կողմ և  1 դեմ ձայների հարաբերակցությամբ։ Օրենքի փոփոխությունների մի մասն ուժի մեջ  է մտել պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից, իսկ փոփոխությունների մի մասը, որոնք վերաբերում են պետական ֆինանսավորմանը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի լիազորություններին և մի շարք այլ հարցերի, որոնց կիրառման համար անհրաժեշտ է բավարար ժամանակ, ուժի մեջ կմտնեն 2022 թվականի հունվարի 1-ից։

Ի տարբերություն ՀԽՍՀ 1978 թվականի Սահմանադրության (տե՛ս հոդված 6), որն ընդգծում էր Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության ղեկավար դերը պետության և հասարակության կյանքում՝ 1990 թվականի օգոստոսի 23-ին Անկախության հռչակագրի ընդունմամբ ազդարարվեց իրավական և ժողովրդավարական պետություն ստեղծելու առաջնահերթությունը՝ դնելով բազմակուսակցական համակարգի ստեղծման և կուսակցությունների իրավահավասարության ապահովման իրավական հիմքերը։ Դրան հաջորդեց Գերագույն խորհրդի կողմից 1991 թվականի փետրվարի 26-ին «Հասարակականքաղաքական կազմակերպությունների մասին» օրենքի ընդունումը, որն ամրագրում էր կուսակցությունների ձևավորման և գործունեության վերաբերյալ նվազագույն պահանջները։ Այս օրենքով կուսակցությունը բնորոշվում էր որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիների միավորում, որն ընտրությունների միջոցով մասնակցում է պետական իշխանության մարմինների կազմավորմանն ու գործունեությանը։ «Հասարակականքաղաքական կազմակերպությունների մասին» օրենքը կարգավորում էր կուսակցությունների հիմնադրումն ու գրանցումն՝ առանց անդամների նվազագույն թիվ սահմանելու, նախատեսում կուսակցությունների ֆինանսական գործունեության նկատմամբ պետական վերահսկողություն, սահմանում իր ֆինանսական գործունեության մասին տարեկան հաշվետվություն ներկայացնելու կուսակցության պարտականությունը։ Հասարակական-քաղաքական կազմակերպությունների գործունեության նկատմամբ վերահսկողությունը վերապահվում էր Արդարադատության նախարարությանը։ Օրենքը կարգավորում էր նաև հասարակական-քաղաքական կազմակերպությունների գործունեության կասեցման և արգելման հետ կապված հարաբերությունները։ Մասնավորապես՝ ՀՀ օրենսդրության խախտումների դեպքում կուսակցության գործունեությունը կարող էր կասեցվել մինչև վեց ամիս ժամկետով՝ Գլխավոր դատախազի կամ Արդարադատության նախարարության դիմումի հիման վրա՝ Գերագույն դատարանի որոշմամբ, իսկ երկրորդ անգամ գործունեությունը կասեցնելու և մեկ տարվա ընթացքում նոր խախտում թույլ տալու դեպքում նախատեսվում էր կուսակցության գործունեության արգելում՝ կրկին նույն ընթացակարգով։ 

1995 թվականի Սահմանադրության ընդունմամբ մեկնարկեց կուսակցությունների մասին օրենսդրության բարեփոխման նոր փուլ։ Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետությունում ճանաչվեց բազմակուսակցական համակարգը, ամրագրվեց յուրաքանչյուր քաղաքացու՝ այլ քաղաքացիների հետ կուսակցություն ստեղծելու և անդամագրվելու իրավունքը։ Սահմանադրությամբ ձևակերպվեց կուսակցության հիմնական բնութագրիչը, այն է՝ կուսակցությունները նպաստում են ժողովրդի քաղաքական կամքի ձևավորմարմանն ու արտահայտմանը։ Միաժամանակ, Սահմանադրությամբ (տե՛ս հոդվածներ 7 և 25) սահմանվեց կուսակցությունների ֆինանսական գործունեության հրապարակայնության պահանջ։ 

Սակայն 1995թ. Սահմանադրության ընդունմանն անմիջապես չհաջորդեցին օրենսդրական բարեփոխումները։ Միայն տարիներ անց՝ 2002 թվականին ընդունվեց «Կուսակցությունների մասին» նոր օրենքը՝ փոխարինելով «Հասարակական-քաղաքական կազմակերպությունների մասին» օրենքին։ «Կուսակցությունների մասին» նոր օրենքը հնարավորինս համապարփակ կարգավորում էր կուսակցությունների կազմավորման և գործունեության հետ կապված հարաբերությունները։ 

Նոր օրենքով կուսակցության պետական գրանցման համար նախատեսվում էր առնվազն 200 անդամ ունենալու պահանջ։ Պարտադիր էր համարվում նաև Հայաստանի Հանրապետության մարզերի առնվազն 1/3-րդ ում, ներառյալ Երևանում, տարածքային ստորաբաժանումների առկայությունը (հոդվ. 5)։ 

Հետագայում՝ 2002 դեկտեմբերի 8-ին կատարված փոփոխություններով (տե՛ս հոդված 1), այս թիվը ընդլայնվեց՝ պետական գրանցումից հետո կուսակցության հետագա գոյությունը պայմանավորելով առնվազն 2000 անդամով՝ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր մարզերում ոչ պակաս, քան 100 անդամ սկզբունքով, և սահմանվեց տարածքային ստորաբաժանումների առկայության պահանջ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում, ներառյալ Երևանում։ 

 «Կուսակցությունների մասին» 2002թ. օրենքում 2012 թվականին կատարված փոփոխություններով (տե՛ս հոդված 6) առաջին անգամ նախատեսվեց կուսակցության հաշվետվության աուդիտի պարտադիր պահանջ նախ այն կուսակցությունների համար, որոնց ակտիվների արժեքը գերազանցել է նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկը, իսկ հետագայում (տե՛ս հոդված 1) նաև այն դեպքերում, երբ պետական բյուջեից ֆինանսավորումը հաշվետու տարում գերազանցել է նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկը։

«Կուսակցությունների մասին» 2002 թվականի օրենքով կարգավորվում էին նաև կուսակցության գործունեության կասեցման և արգելման հետ կապված հարցերը։ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությանը համապատասխան՝ օրենքում (տե՛ս հոդված 4) նախատեսվեց, որ կուսակցության գործունեությունը կարող է կասեցվել կամ արգելվել միայն Սահմանադրական դատարանի որոշմամբ՝ Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի կամ Կառավարության դիմումի հիման վրա։ 

Որպես կուսակցության գործունեության արգելման մեկ այլ՝ անուղղակի եղանակ հանդես էր գալիս կուսակցության հարկադիր լուծարումը՝ ընտրություններին չմասնակցելու կամ մասնակցության արդյունքում ոչ բավարար արդյունքների հիմքերով։ Այն ոչ միայն սահմանափակում էր միավորվելու՝ անձանց սահմանադրական իրավունքը, այլև շրջանցում էր կուսակցության գործունեությունը Սահմանադրական դատարանի որոշմամբ արգելելու վերաբերյալ Սահմանադրության (տե՛ս հոդված 100, կետ 9) պահանջը։ Մասնավորապես՝ ըստ օրենքի 31-րդ հոդվածի՝ նախատեսվում էր, որ կուսակցությունը ենթակա է լուծարման, եթե՝

1) Ազգային ժողովի իրար հաջորդող ցանկացած երկու ընտրություններում համամասնական ընտրակարգով ընտրություններին չի մասնակցել,

2) Ազգային ժողովի իրար հաջորդող ցանկացած երկու ընտրություններից յուրաքանչյուրում ստացել է քվեարկությանը մասնակցած բոլոր կուսակցությունների ընտրական ցուցակների օգտին կողմ տրված ձայների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի մեկ տոկոսից պակաս ձայն,

3) չի մասնակցել Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով մեկ ընտրության, իսկ դրան նախորդող կամ հաջորդող ընտրության ժամանակ ստացել է քվեարկությանը մասնակցած բոլոր կուսակցությունների ընտրական ցուցակների օգտին կողմ տրված ձայների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի մեկ տոկոսից պակաս ձայն»:

Այսպիսի կարգավորումը, ըստ էության, հանդիսանում էր կուսակցության գործունեությունը արգելելու մի ուրույն եղանակ, որի սահմանադրականությունը հետագայում վիճարկվեց Սահմանադրական դատարանում և արդյունքում ճանաչվեց հակասահմանադրական։ Խնդիրը նրանում է, որ կուսակցությունները կարող են մասնակցել հասարակության քաղաքական կյանքին նաև խորհրդարանից դուրս և, ընդհանրապես, առանց ընտրություններին մասնակցելու։ Վերջիններս իրենց քաղաքական ակտիվությամբ կարող են նպաստել ժողովրդի քաղաքական կամքի ձևավորմանն ու արտահայտմանը։ Այս առումով արդարացված չէ կուսակցությունների գործունեության դադարեցումը ընտրություններին չմասնակցելու հիմքով։ Կուսակցությունները ազատ են իրենց իրավաչափ գործունեության եղանակները, մեթոդները և ձևերը որոշելիս, և պետական ներկայացուցչական մարմինների ընտրություններին մասնակցելը կուսակցությունների իրավունքն է և ոչ թե պարտականությունը։

Կուսակցությունների վերաբերյալ օրենսդրության բարեփոխման հաջորդ փուլը հաջորդեց 2015 թվականի դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխություններին։ Սահմանադրության 2015 թվականի փոփոխությունները պահանջում էին ընդունել մի շարք սահմանադրական օրենքները, որոնց շարքում էր նաև «Կուսակցությունների մասին» նոր սահմանադրական օրենքը։  2016 թվականի փետրվարի 10-ին ՀՀ նախագահի կողմից ընդունվեց «Սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովման գործընթացի կազմակերպման մասին» ՆՀ-170-Ա հրամանագիրը, որի հիման վրա Արդարադատության նախարարության կողմից մշակվեց և 2016 թվականի դեկտեմբերի 16-ին Ազգային ժողովի կողմից ընդունվեց «Կուսակցությունների մասին» գործող սահմանադրական օրենքը։ 

Սակայն փոփոխությունները պայամանավորված չէին միայն սահմանադրական բարեփոխումներով։ Անհրաժեշտ էր օրենքը համապատասխանեցնել նաև միջազգային փաստաթղթերով կուսակցությունների կազմակերպման և գործունեությանը ներկայացվող պահանջներին։ Խնդիրը նրանում է, որ միջազգային պրակտիկայում կուսակցությունների պետական գրանցման նպատակով ներկայացվող պահանջները, հատկապես անդամների թվաքանակի մասով բավականին մեղմ են: Պետական գրանցման համար անդամների նվազագույն քանակը սահմանելիս, որպես կանոն, հաշվի է առնվում նաև տվյալ երկրի բնակչության կամ ընտրողների թվաքանակը: Կուսակցության պետական գրանցման համար անդամների չափից մեծ քանակի վերաբերյալ պահանջի սահմանումը համարվում է էական խոչընդոտ նոր կուսակցությունների ստեղծման համար: Երկրի ամբողջ մասշտաբով կուսակցությունների տարածքային ներկայացվածության վերաբերյալ ևս Վենետիկի հանձնաժողովը բազմիցս արտահայտել էր իր բացասական դիրքորոշումը: Վերջինս նշում է, որ կուսակցության` երկրի  ամբողջ տարածքում տարածքային ստորաբաժանումներ ունենալու պահանջը արգելափակում է տարածքային մակարդակում կուսակցությունների գործունեությունը: Ինչպես նշվեց, «Կուսակցությունների մասին» 2002 թվականի օրենքը ևս նախատեսում էր, որ պետական գրանցման պահից ոչ ուշ, քան վեց ամիս հետո, կուսակցությունը պետք է ունենա տարածքային ստորաբաժանումներ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում, ներառյալ` Երևան քաղաքում: Ուստի նոր օրենքի նպատակը նաև կուսակցությունների հիմնադրման և գործունեության հետագա ազատականացումն էր և կուսակցությունների ներքին ժողովրդավարությունը խթանող դրույթների ամրագրումը:

«Կուսակցությունների մասին» 2002 թվականի օրենքը չէր նախատեսում կուսակցությունների գործունեության կասեցման առանձին ինստիտուտ, թեև Սահմանադրությունը հիշատակում էր այդ մասին։ Օրենքը միայն նախատեսում էր, որ կուսակցության գործունեությունը կարող է կասեցվել կամ արգելվել Սահմանադրական դատարանի որոշմամբ: Կուսակցության գործունեության կասեցման կամ արգելման հարցով օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված հիմքերով Սահմանադրական դատարան կարող էին դիմել Հայաստանի Հանրապետության Նախագահը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը կամ Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Իսկ գործող օրենքի 9-րդ հոդվածը վերաբերում էր այն կուսակցությունների ստեղծման և գործունեության արգելքին, որոնց նպատակները կամ գործունեությունն ուղղված են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության բռնի փոփոխությանը, զինված կազմավորումների ստեղծմանը, ազգային, ռասայական, կրոնական ատելության բորբոքմանը, բռնություն և պատերազմ քարոզելուն:

«Կուսակցությունների մասին» 2002 թվականի օրենքը չէր կարգավորում նաև կուսակցության գործունեության արգելման դեպքում պատգամավորի մանդատի պահպանման հարցերը։ Այս և մի շարք այլ խնդիրների լուծման նպատակով 2016 թվականին Արդարադատության նախարարության կողմից պատրաստվեց «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի նախագիծը։ 

Մինչև օրենքի ընդունումը նախագիծը ներկայացվել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և Ժողովրդավարություն իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) կարծիքին։ Վենետիկի Հանձնաժողովը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ողջունեցին օրենքի նախագիծը՝ նշելով, որ այն համապատասխանում է սահմանադրական հանձնարարականներին և ընդունվելու դեպքում կազատականացնի Հայաստանում կուսակցությունների ձևավորումը և գրանցումը: Միաժամանակ, առաջարկվել է դիտարկել կուսակցության ներքին կառուցվածքում գենդերային հավասարությունը և ընդհանրապես բազմազանությունը խթանելուն ուղղված լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու հարցը, հստակեցնել կուսակցության գործունեությունը կասեցնելու հիմքերը, նվազագույնի հասցնել կուսակցությունների ներքին գործունեությանը միջամտող օրենսդրական կարգավորումները, բարելավել նվիրատվություններին վերաբերող կանոնները, ոչ կուսակցական թեկնածուներին հնարավորություն տալ ընդգրկվելու կուսակցության ընտրական ցուցակում, հստակեցնել Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ինստիտուցիոնալ կարգավիճակը։ Կարծիքում ներկայացված առաջարկությունների մի մասն իրացվել է նախագծում։

«Կուսակցությունների մասին» սահմանադրական նոր օրենքով կուսակցության պետական գրանցման համար անհրաժեշտ անդամների թվաքանակը սահմանափակվեց 800-ով, որոնք ներկայացնում են Երևան քաղաքը կամ Հայաստանի Հանրապետության մարզերի առնվազն 1/3-ը կամ Երևան քաղաքի և Հայաստանի Հանրապետության մարզերի առնվազն 1/4-ը (նախագծի նախնական տարբերակում նախատեսված էր առնվազն 1000 անդամի պահանջ, որը Վենետիկի հանձնաժողովի կողմից քննադատության ենթարկվելուց հետո իջեցվեց 800-ի):

Պետական գրանցման պահին կուսակցությունը պետք է ունենար նաև տարածքային ստորաբաժանումներ՝ Երևան քաղաքում առնվազն երեք ստորաբաժանում կամ Հայաստանի Հանրապետության մարզերի առնվազն 1/3-ում կամ Երևան քաղաքում և Հայաստանի Հանրապետության մարզերի առնվազն 1/4-ում` յուրաքանչյուրում առնվազն մեկ ստորաբաժանում սկզբունքով: 

Որպես կուսակցության գործունեության կասեցման հիմք նախատեսվեց գործունեության ընթացքում օրենքի կոպիտ խախտում թույլ տալը: Որպես օրենքի կոպիտ խախտում հանդես է գալիս կուսակցության կողմից նվիրատվությունների տնօրինման կամ կուսակցության տարեկան հաշվետվությունների հրապարակման կամ օրենքով սահմանված փաստաթղթերը պետական լիազոր մարմնին տրամադրելու`օրենքով սահմանված կարգը խախտելը և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված կարգով պատասխանատվության ենթարկվելուց հետո` երեսնօրյա ժամկետում խախտումը չվերացնելը, ինչպես նաև կուսակցության հիմնադրման կամ պետական գրանցման ժամանակ օրենքի այնպիսի խախտում թույլ տալը, որը եթե հայտնի լիներ պետական գրանցման պահին, կուսակցությունը չէր գրանցվի: 

Չնայած Սահմանադրական դատարանի ՍԴՈ-669 որոշման պահանջներին, համաձայն որի՝ կուսակցություններն ազատ են իրենց իրավաչափ գործունեության եղանակները, մեթոդները և ձևերը որոշելիս, և պետական ներկայացուցչական մարմինների ընտրություններին մասնակցելը կուսակցությունների իրավունքն է և ոչ թե պարտականությունը, որն անհամաչափորեն սահմանափակում է միավորումներ կազմելու անձանց իրավունքը, այդուհանդերձ, որպես կուսակցության գործունեությունը կասեցնելու առանձին հիմք նախատեսվեց նաև «ինքնուրույն կամ կուսակցությունների դաշինքի կազմում կամ այլ կուսակցության ընտրական ցուցակի կազմում երկու անգամ անընդմեջ Ազգային ժողովի կամ Երևան, Գյումրի, Վանաձոր քաղաքների ավագանիների ընտրություններին չմասնակցելը»: Ընդ որում, այս նորմն ի սկզբանե ընդգրկված չէր օրենքի նախագծում և չի ներկայացվել Վենետիկի հանձնաժողովի կարծիքին։ 

Նոր սահմանադրական օրենքով Սահմանադրությանը և միջազգային փորձին համապատասխան սահմանվեցին նաև կուսակցությունների գործունեության արգելման հիմքերը։ Արգելվեց այն կուսակցությունների գործունեությունը, որոնք քարոզում են սահմանադրական կարգի բռնի տապալում կամ բռնություն են  կիրառում սահմանադրական կարգը տապալելու նպատակով: Ամրագրվեց նաև, որ կուսակցության գործունեության արգելումը հիմք չէ այդ կուսակցության առաջադրմամբ ընտրված պատգամավորի, Երևանի, Գյումրու, Վանաձորի ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու համար։

Տարիների ընթացքում կատարված այս փոփոխությունները պետք է նպաստեին կուսակցությունների ստեղծման և գործունեության համար առավել բարենպաստ պայմանների ստեղծմանը, գաղափարական հենք ունեցող կուսակցությունների ձևավորմանն ու կայացմանը, բազմակուսակցական համակարգի զարգացմանը։ Թեև գործող սահմանադրական օրենքի ընդունմամբ կուսակցությունների ստեղծման և գրանցման կարգավորումները ենթարկվեցին զգալի փոփոխությունների, որոնք առավելապես դիտվել են որպես օրենսդրության ազատականացում, մասնավորապես՝ շնորհիվ կուսակցությունների հիմնադրման և հետագայում նաև գրանցման պայմանների դյուրացման, այդուհանդերձ, տարիների փորձը վկայում էր, որ օրենսդրական այս փոփոխությունները աչքի չեն ընկել բավարար արդյունավետությամբ, իսկ բազմաթիվ կարգավորումներ եղել են թերի։ Օրենքի կարգավորումից դուրս էին մնացել մի շարք առանցքային հիմնահարցեր, որոնց օրենսդրական կարգավորման բացերը խոչընդոտ էին հանդիսանում կուսակցությունների ու կուսակցական համակարգի կայացման ու կայունացման ճանապարհին։ 

Ավելին, Հայաստանի Հանրապետության քաղաքական համակարգն այս ընթացքում աչքի է ընկել անձակենտրոն, ապագաղափարական, ներքին ժողովրդավարության ակնհայտ պակաս ունեցող կուսակցությունների առատությամբ, որոնց գործունեության հիմքում հաճախ գերակշռել են առանձին անհատների տնտեսական կամ մասնավոր շահերը և այդ շահերը սպասարկելու համար ներդրված կարողությունները։ 

Ուստի, Հայաստանում 2018 թվականի ժողովրդավարական ոչ բռնի թավշյա հեղափոխությունից սկիզբ առած և դրա նպատակների առանցքը կազմող արմատական քաղաքական փոփոխություններին համընթաց՝ օրակարգային դարձավ ժողովրդավարական հաստատությունների ամրապդնմանն ուղղված բարեփոխումների իրականացումը։ Կուսակցությունների գործունեության կարգավորման հիմնական թիրախը հանդիսացավ կուսակցական համակարգի կայունացումը՝ խաղի նոր՝ հավասար կանոնների արմատավորման, բոլոր կուսակցությունների համար՝ ժողովրդի կամքը արտահայտելու նպատակով քաղաքական պայքարին ու ընտրություններին մասնակցությանը նպաստող պայմանների ստեղծման, կուսակցական գործունեության հաշվետվողականության և թափանցիկության ապահովման իրական պայմանների, ինչպես նաև կուսակցությունների ներքին ժողովրդավարության ու ներառականության խթանման միջոցով։ Կուսակցությունների և կուսակցական համակարգի կայունացումը ժողովրդավարության արմատավորման (կոնսոլիդացիայի) կարևորագույն նախադրյալ է, և դրան ուղղված միջոցները, այդ թվում՝ հանրային օժանդակության տրամադրումը, Հայաստանում ժողովրդավարության զարգացումն ամրապնդելու կարևորագույն հրամայական։ 

Այս նպատակով Ազգային ժողովի ընտրական բարեփոխումների աշխատանքային խմբի կողմից 2019-2020թթ. մշակվեց «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որն ընդունվեց Ազգային ժողովի կողմից 2020թ. դեկտեմբերի 29-ին։ Այն նախատեսեց մի շարք առանցքային կարգավորումներ։

Հիմնադրում և պետական գրանցում։ «Կուսակցությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածը որպես կուսակցության պետական գրանցման պարտադիր նախապայման սահմանում էր կուսակցության անդամների տարածքային ներկայացվածություն, ինչպես նաև սահմանում որոշ թվաքանակով տարածքային ստորաբաժանումներ  ունենալու պահանջ։ Խնդիրը նրանում է, որ կուսակցության անդամության տարածքային բաշխվածության, ինչպես նաև տարածքային ստորաբաժանումների պարտադիր առկայության պահանջները, հատկապես ժամանակակից հաղորդակցության միջոցների զարգացման պայմաններում ոչ միայն չեն հետապնդում որևէ արդարեցված նպատակ, այլև բավականին դժվարեցնում են կուսակցություն ստեղծելու գործընթացքը՝ անհարկի սահմանափակելով կուսակցությունների ստեղծման հնարավորությունը։ Տարածքային ներկայացվածության պահանջից խուսափելու առաջարկություն առկա է նաև 2016թ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի նախագծի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի և  ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից ներկայացված համատեղ կարծիքում (տե՛ս կետ 24)։  Մասնավորապես՝ նշում է, որ «կուսակցության անդամների աշխարհագրական բաշխվածության պահանջը կարող է դիտարկվել որպես տեղական և մարզային մակարդակով քաղաքական մասնակցության խիստ սահմանափակում, ինչն անհամատեղելի է միավորումներրի ազատության հետ։ Ավելին, ինչպես նշվում է Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի համատեղ կարծիքում, ՄԻԵԴ-ն իր նախադեպային իրավունքում մտահոգություն է հայտնել կուսակցությունների տարածքային ներկայացվածության պահանջի վերաբերյալ (Տե՛ս ՄԻԵԴ-ի՝ Ռուսաստանի Հանրապետական կուսակցությունն ընդդեմ Ռուսաստանի գործով 2011 թվականի ապրիլի 12-ի վճիռը, թիվ 12976/07, 124- 131-րդ պարբերություններ)։

Հաշվի առնելով բազմակուսակցական համակարգի կայացման տեսանկյունից կուսակցությունների ստեղծման խոչընդոտների վերացման անհրաժեշտությունը՝ նոր օրենքով վերացվեցին կուսակցության պետական գրանցման պարտադիր պայման հանդիսացող անդամների տարածքային ներկայացվածության և տարածքային ստորաբաժանումների առկայության պարտադիր պահանջները։ 

Դյուրացվեց կուսակցության հիմնադրման գործընթացը՝ վերացնելով պետական գրանցման երկաստիճան ընթացակարգը։ Եթե ի սկզբանե կուսակցության հիմանդրաման համար պահանջվում էր առնվազն 100 հիմնադրի միաձայն որոշում՝ կուսակցություն հիմնադրելու մասին։ Իսկ արդեն պետական գրանցման պահին կուսակցությունը պետք է ունենար նվազագույնը 800 անդամներ։ Վերջին փոփոխություններով սահմանվեց, որ կուսակցություն կարող է հիմնադրվել նվազագույնը 300 հիմնադիների որոշմամբ, որն էլ բավարար է կուսակցության պետական գրանցման համար։  

Ընտրական ցուցակների հաստատում։ Կուսակցության համար առանցքային նշանակություն ունեցող որոշումների կայացման գործընթացին կուսակցության ադամներին առավելագույնս ներգրավելու նպատակով փոփոխություններով կուսակցության համագումարի իրավասությանն է վերապահվել Ազգային ժողովի հերթական ընտրություններում համապետական ընտրական ցուցակում, ինչպես նաև կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում առաջին երեք տասնյակ թեկնածուների հաստատումը։ Ընդ որում, խոսքը վերաբերում է միայն հերթական ընտրություններին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ արտահերթ ընտրությունների ժամանակ չնախատեսված համագումարի հրատապ հրավիրումը կարող է առանձին դեպքերում կուսակցության համար դժվարություններ առաջացնել։ 

Կուսակցության անդամներին որոշումների կայացման հարցում արտաքին ճնշումներից զերծ պահելու և նրանց կամարտահայտության ազատությունը ապահովելու նպատակով նախատեսվել է նաև կուսակցության՝  «Կուսակցությունների մասին» օրենքով նախատեսված ղեկավար մարմիններ ընտրելիս գաղտնի քվեարկության իմպերատիվ պահանջ։

Կուսակցությունների մասնավոր ֆինանսավորումը։ Որոշակի խմբային կամ կորպորատիվ շահերից կուսակցությունների կախվածությունը բացառելու նպատակով վերջին փոփոխություններով սահմանվել է ցանկացած տեսակի իրավաբանական անձանցից նվիրատվությունների արգելք, այդ թվում` օտարերկյա իրավաբանական անձանցից և միջազգային կազմակերպություններից։ 

Նվիրատվությունների առավելագույն սահմանաչափը։ Կուսակցությունների կախվածությունը մասնավոր անձանցից նվազեցնելու նպատակով նվիրատվությունների առավելագույն սահմանաչափը մեկ տարվա համար կրճատվել է կիսով չափ։ Ընդ որում, կուսակցության անդամավճարների շեմը ներառվում է ֆիզիկական անձանց կողմից կատարվող նվիրատվության սահմանաչափում։ Մասնավորապես՝ կուսակցությանը տրվող նվիրատվության, ինչպես նաև անդամավճարի և մուտքի վճարի ընդհանուր չափը` դրամական արտահայտությամբ, մեկ տարվա ընթացքում չի կարող գերազանցել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրհազարապատիկը։ Նախկինում սահմանված նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկի համեմատությամբ՝ կրճատվել է մեկ ֆիզիկական անձի կողմից մեկ տարվա ընթացքում նվիրատվության առավելագույն սահմանաչափը, որը չի կարող գերազանցել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարհինգհարյուրապատիկը: Ավելին, մեկ Ֆիզիկական անձը կարող է օրենքում նշված նվիրատվության առավելագույն սահմանաչափի շրջանակներում նվիրատվություն կատարել մեկ և ավելի կուսակցության:

Միաժամանակ, օրենքով սահմանված՝ նվիրատվությունների առավելագույն սահմանաչափը չի ներառում նախընտրական քարոզչության ժամանակահատվածում նախընտրական հիմնադրամներին կատարված նվիրատվությունները:

Բնեղենով նվիրատվություն։ Փոփոխություններով հստակեցվել է «նվիրատվություն» հասկացությունը՝ հաշվի առնելով միջազգային փորձը։ Նվիրատվությունների շարքում ներառվել են նաև բնեղենով նվիրատվությունները։ Մասնավորապես՝ «նվիրատվություն է համարվում նաև կուսակցության օգտին անհատույց աշխատանքների կատարումը, ծառայությունների մատուցումը, կուսակցությանը սեփականության իրավունքով գույքի փոխանցումը, օգտագործման հանձնելը կամ նույն կամ համանման ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների համար գործող շուկայական արժեքից էականորեն ցածր գնով կուսակցության օգտին աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման կամ կուսակցությանը սեփականության իրավունքով գույքի փոխանցման կամ վարձակալության հանձնելու արդյունքում կուսակցության մոտ ձևավորված խնայողությունը (բնեղենով նվիրատվություն)։ Ընդ որում, գործող շուկայական արժեքից տարբերվող գինը համարվում է էականորեն ցածր, եթե այն գործող շուկայական արժեքից տարբերվում է նվազագույնը քսան տոկոսը գերազանցող չափով։ Այս նվիրատվությունները ենթակա են հաշվարկման իրենց շուկայական արժեքով և պետք է արտացոլվեն կուսակցության տարեկան հաշվետվության մեջ, իսկ դրանց արժեքը (գումարը՝ դրամական արտահայտությամբ՝ պայմանագրով նախատեսված արժեքի և շուկայական արժեքի տարբերության մասով) ներառվում է նվիրատվությունների՝ օրենքով սահմանված առավելագույն սահմանաչափում։

Վարկեր և ավանդներ։ Ընդհանուր առմամբ, կուսակցություններն իրավունք ունեն վարկ վերցնել իրենց գործունեության կամ նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման համար։ Խնդիրը նրանում է, որ գործնականում իրավաբանական անձանց կողմից նվիրատվությունների արգելքը հնարավոր է շրջանցել վարկային և փոխառության պայմանագրերի կնքման և հետագայում բանկի կամ վարկային կազմակերպության կողմից պարտքը ներելու կամ շուկայում սովորաբար կիրառվող տոկոսադրույքից էականորեն ցածր տոկոսադրույքով վարկ տրամադրելու կամ գրավի պայմանագիրը վաղաժամկետ լուծելու միջոցով, որի դեպքում վարկային պայմանագրի կատարումը ապագայում դրվում է հարցականի տակ, ինչպես նաև այլ եղանակներով։ Այս խնդիրներից խուսափելու նպատակով նման դեպքերը ևս, ըստ փոփոխությունների, դիտվել են որպես նվիրատվություն և դրանց նկատմամբ կիրառելի են նույն սահմանափակումները։ Այս կապակցությամբ սահմանվել է, որ «կուսակցության հետ վարկային պայմանագիր  կնքելու դեպքում այդ պայմանագրի պայմանները, ներառյալ՝ վարկի տոկոսադրույքը, պետք է համապատասխանեն շուկայում գործող սովորական պայմաններին և չպետք է էականորեն տարբերվեն այլ անձանց հետ նույնանման պայմաններում կնքվող պայմանագրերի պայմաններից։ Ի հավելումն՝ «վարկային պայմանագրի դեպքում արգելվում է վարկը կամ դրանց տոկոսները ամբողջությամբ կամ մասնակի վճարելու պարտականությունից կուսակցությանն ազատելը (պարտքը ներելը) կամ պայմանագիրը կնքելուց հետո տոկոսադրույքի վերանայումը, որի արդյունքում տոկոսադրույքը  շուկայականից էականորեն կնվազի կամ այդ պայմանագրերի հետ փոխկապակցված գրավի պայմանագիրը վաղաժամկետ լուծելը կամ պայմանագրի պայմանների այնպիսի փոփոխությունները, որոնք կարող են դիտվել ակհայտ անհավասար այլ անձանց հետ կնքվող համանման պայմանագրերի պայմանների համեմատ կամ փաստացի կարող են հավասարվել պարտքը ներելուն»։ Վերոնշյալ դրութների խախտման արդյունքում կուսակցության կողմից ձեռք բերված եկամուտը (խնայողությունը) համարվում է օրենքով արգելված նվիրատվություն և ենթակա է փոխանցման պետական բյուջե։ 

Համանման դրույթներ են նախատեսվել նաև բանկային ավանդի պայմանագիր կնքելիս։

Գույքի վաճառք և վարձակալություն։ Իրավաբանական անձանց կողմից նվիրատվությունների արգելքի, ինչպես նաև նվիրատվությունների համար օրենքով սահմանված առավելագույն սահմանաչափի շրջանցումը բացառելու նպատակով հատուկ կարգավորում է նախատեսվել կուսակցության գույքի վաճառքի և վարձակալության համար։ Մասնավորապես՝ «կուսակցության կողմից իր գույքի վաճառքի կամ վարձակալության գինը չպետք է էականորեն գերազանցի պայմանագրի կնքման պահին համանման գույքի վաճառքի կամ վարձակալության համար գործող շուկայական գինը»։ Իսկ գործող շուկայական արժեքից տարբերվող գինը համարվում է էականորեն բարձր, եթե այն գործող շուկայական արժեքից տարբերվում է նվազագույնը քսան տոկոսը գերազանցող չափով։ Հակառակ պարագայում կուսակցության կողմից իր գույքը համանման գույքի համար շուկայական գնից էականորեն բարձր գնով վաճառելը կամ վարձակալության հանձնելը կդիտվի որպես կուսակցության օգտին կատարվող նվիրատվություն և դրա նկատմամբ համապատասխանաբար կիրառելի կլինեն նվիրատվություններիին վերաբերող սահմանափակումները։

Կուսակցությունների պետական ֆինանսավորում։ Բարեփոխումների արդյունքում ավելացվել է կուսակցությունների ուղղակի հանրային աջակցությունը (ֆինանսավորումը)՝ թե´ աջակցության ծավալի առումով և թե´ ֆինանսավորման ենթակա կուսակցությունների շրջանակի ընդլայնման առումով։ Նախ իջեցվել է պետական ֆինանսավորման նվազագույն շեմը՝ երեք տոկոսից սահմանելով երկու տոկոս, որը հնարավորություն կտա պետական ֆինանսավորում ստանալ ավելի շատ թվով կուսակցությունների։ Իսկ կուսակցությունների դաշիննքերի դեպքում սահմանվել է, որ վերջիններս կարող են ստանալ պետական ֆինանսավորում, եթե հաղթարահել են Ընտրական օրենսգրքով սահմանված ընտրական արգելապատնեշը։

Միաժամանակ, փոփոխվել է պետական ֆինանսավորման բանաձևը՝ սահմանելով պետական ֆինանսավորման միջոցները կուսակցությունների միջև բաշխելու աստիճանական համակարգ։ Մասնավորապես՝ այն ենթադրում է, որ բոլոր այն կուսակցությունները, որոնք ստացացել են նվազագույնը 2-5 տոկոս ձայներ, պետական բյուջեից ֆինանսավորվելու են  հավասարապես՝ յուրաքանչյուր ձայնի դիմաց նվազագույն աշխատավարձի չափով։ 5 տոկոսից առավել ձայներ ստանալու դեպքում 5 տոկոսը գերազանցող յուրաքանչյուր ձայնի դիմաց պետական ֆինանսավորման չափը աստիճանաբար նվազում է՝ հնարավորություն տալով հավասարակշռել կուսակցությունների ֆինանսական հնարավորությունները։

Նոր կարգավորման արդյունքում պետական ֆինանսավորման ընդհանուր ծավալը կավելանա մոտավորապես 550 միլիոն դրամով՝ ներկայումս գործող մոտավորապես 103 միլիոն դրամ կազմող պետական ֆինանսավորման ընդահուր գումարի համեմատ։ 

Կուսակցությունների պետական ֆինանսավորման նոր բանաձև ընդլայնում է պետական ֆինանսական աջակցություն ստացող կուսակցությունների շրջանակը, զգալիորեն ավելացնում է կուսակցությունների կողմից ստացված մեկ քվեի համար նախատեսված ֆինանսավորման չափը և ռեգրեսիվ սանդղակի միջոցով նվազեցնում ավելի շատ քվեներ ստացած կուսակցությունների ֆինանսավորման ծավալը՝ քիչ քվեներ ստացած կուսակցությունների համեմատությամբ: Այս եղանակով հնարավոր է դառնում ավելացնել որոշակի ընտրական արդյունք գրանցած կուսակցությունների ֆինանսական անկախությունը և դրական խտրականության միջոցով խթանել ավելի փոքր ընտրական աջակցություն ունեցող կուսակցությունների գործունեությունը:

Բարեփոխումների արդյունքում նախատեսվել է պետական ֆինանսավորման երկու տեսակ՝ պետական ընդհանուր ֆինանսավորում և պետական նպատակային ֆինանսավորում։ Պետական ընդհանուր ֆինանսավորումը կազմում է յուրաքանչյուր կուսակության համար պետական ֆինանսավորման ընդհանուր միջոցների 60 տոկոսը, իսկ նպատակայինը՝ 40 տոկոսը։

Պետական նպատակային ֆինասավորում։ Կուսակցությունների՝ որպես գաղափարական հենքի վրա ստեղծված միավորումների կայացմանը նպաստելու, ինչպես նաև կուսակցական գործունեության ներառականությանը նպաստելու, մասնավորապես՝ կուսակցության գործունեության մեջ որոշ սոցիալական խմբերի՝ կանանց, հաշմանդամների, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների և երիտասարդների ներգրավվածությունը բարձրացնելու, կուսակցությունների տարածքային ներկայացվածությունն ապահովելու նպատակով կուսակցությունների պետական ֆինանսավորման քառասուն տոկոսը սահմանվել է որպես նպատակային՝ այն ուղղելով օրենքով նախանշված նպատակների իրականացմանը։ Այսպես՝ նպատակային ֆինանսավորման կեսը  (40 տոկոս կազմող նպատակային ֆինանսավորման կեսը) կուսակցությանը տրամադրվում է կանանց, երիտասարդներին, հաշմանդամություն ունեցող անձանց և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին կուսակցության գործունեության մեջ ներգրավելուն ուղղված միջոցառումների իրականացման նպատակով: Այն տրամադրվում է այն կուսակցություններին, որոնց մշտապես գործող ղեկավար մարմնի կազմում պակաս ներկայացված  սեռի  ներկայացուցիչների թիվը հաշվետու տարում գերազանցում է 40 տոկոսը։ Եթե կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի կազմում պակաս ներկայացված սեռի ներկայացուցիչների թիվը կազմում  է 20-40 տոկոս, ապա կուսակցությանը տրամադրվում է պետական նպատակային ֆինանսավորման քառորդը։ Եթե կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի կազմում պակաս ներկայացված սեռի ներկայացուցիչների թիվը պակաս է 20 տոկոսից, ապա կուսակցությանը պետական նպատակային ֆինանսավորման կեսը չի տրամադրվում։ 

Պետական նպատակային ֆինանսավորման մեկ քառորդը տրամադրվում է այն կուսակցություններին, որոնք հաշվետու տարում ունեցել են տարածքային ստորաբաժանումներ Հայաստանի Հանրապետության մարզերի առնվազն ½-ում։ Այս դեպքում նպատակային ֆինանսավորումը կուսակցությանը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության մարզերում կուսակցության տարածքային ներկայացվածության և տարածքային ստորաբաժանումների գործունեության ապահովման նպատակով։

Կուսակցությանը տրամադրվում է պետական նպատակային ֆինանսավորման մյուս քառորդը, եթե կուսակցությունը հաշվետու տարում իրականացրել և հրապարակել է կուսակցության գաղափարախոսության, ծրագրային նպատակների և հանրային քաղաքականության հարցերի մասին հետազոտություններ։ Այսինքն՝ նպատակային ֆինանսավորման մի մասը կուսակցությանը տրամադրվում է կուսակցության գաղափարախոսության, ծրագրային նպատակների և հանրային քաղաքականության հարցերի մասին հետազոտությունների անցկացման, հրապարակմանն ու տարածման նպատակով։ 

Միաժամանակ, որպես վերը նշված պահանջը խախտելու հետևանք նախատեսվել է հաջորդ հաշվետու տարում պետական նպատակային ֆինանսավորման համապատասխանաբար ամբողջությամբ կամ մասնակի դադարեցում։ Պետական նպատակային ֆինանսավորումը  հաջորդող տարիներին տրամադրվում է, եթե կուսկացությունն իրականացնում է «Կուսակցությունների մասին» օրենքով նախատեսված նպատակներին ուղղված պատշաճ միջոցառումներ և բավարարում է նույն օրենքով սահմանված պահանջներին։  

Կուսակցությունների հաշվետվությունները։ Փոփոխվել է կուսակցությունների տարեկան հաշվետվությունների հրապարակման ժամկետը՝ սահմանելով, որ կուսակցությունը մինչև յուրաքանչյուր տարվա` հաշվետու տարվան հաջորդող մայիսի 31-ից ոչ ուշ, Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում է հաշվետու տարվա ընթացքում կուսակցության ֆինանսական միջոցների, դրանց աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև գույքի մասին հաշվետվությունը և օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև դրա վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը: 

Կուսակցությունների նկատմամբ վերահսկողությունը։ Բարեփոխումների արդյունքում կուսակցությունների ընթացիկ ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողական գործառույթը ԿԸՀ-ի Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունից փոխանցվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ որպես մասնագիտացված անկախ մարմնի։ Այս փոփոխությունն ուժի մեջ կմտնի 2022թ. հունվարի 1-ից։ Նախատեսվում է կուսակցությունների ֆինանսական հաշվետվությունների աուդիտը ֆինանսավորել պետական բյուջեի միջոցներից, որը պետք է կազմակերպի Կոռոպցիայի կանխարգելման հանձնաժողովը։

Կուսակցության գործունեության կասեցումը։ Փոփոխությունների արդյունքում վերացվել է կուսակությունների գործունեությունը ընտրություններին չմասնակցելու պատճառով կասեցնելու հիմքը։ 

Կուսակցության ղեկավար մարմինների անդամների գույքի և եկամուտների հայտարարագրումը։ Կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի անդամները, իսկ  այլ ղեկավար մարմինների առկայութան դեպքում՝ նաև այդ  մարմնի անդամները պարտավոր են  Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնել իրենց գույքի և եկամուտների հայտարարագիր։ Կուսակցության ղեկավար մարմնի անդամների հայտարարագերի ներկայացման կարգի նկատմամբ կիրառելի են «Հանրային ծառայության մասին» օրենքի համապատասխան նորմերը, բացառությամբ հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամների կողմից իրենց գույքի և եկամուտների վերաբերյալ տվյալներ ներկայացնելու պարտականության և պատասխանատվության վերաբերյալ դրույթների։

Միաժամանակ, հայտարարագիր ներկայացնելու պարտականությունը չի վերաբերում կուսակցության համագումարի անդամներին, ինչպես նաև կուսակցության ղեկավար մարմինների անդամների ընտանիքի անդամներին։

Բարեփոխումների շրջանակներում իրականացվել են նաև կուսակցությունների գործունեության և կազմակերպման բարելավմանն ուղղված մի շարք այլ փոփոխություններ, որոնք նպաստավոր պայմաններ են ստեղծում կուսակցությունների և կուսակցական համակարգի ինստիտուցիոնալացման, բազմակուսակցական համակարգի ու գաղափարական բազմակարծության խրախուսման, կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկության, հրապարակայնության և հաշվետվողականության բարձրացման, կուսակցական ֆինանսական միջոցների նկատմամբ հանրային վերահսկողության գործիքակազմի կատարելագործման համար։

Փաստաթղթեր

Հղումներ

ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ

«Իմ քայլն» առաջարկում է փոխել Կուսակցությունների մասին օրենքը
Դիտել
Համազասսպ Դանիելյան, Միքայել Նահապետյան...
«Փողի դերի ազդեցության սահմանափակում». քննարկման է ներկայացվել «Կուսակցությունների մասին» օրենքը
Դիտել
Վարդինե Գրիգորյան, Կարեն Սիմոնյան, Համազասպ Դանիելյան...
«Կուսակցությունների մասին» օրենքը նոր կանոններ է սահմանում
Դիտել
Համազասպ Դանիելյան, Էդմոն Մարուքյան, Գևորգ Գորգիսյան, Արման ...
Վերլուծաբան. “Կուսակցությունների մասին” օրենքի փոփոխությունները կոչված են վերացնելու վերջին տասնամյակների երեւույթները Հայաստանի կուսակցական կյանքում
Դիտել
Մանվել Սարգսյան...

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

1. Յուրաքանչյուր ոք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ ստանալու և փաստաթղթերին ծանոթանալու իրավունք:

2. Տեղեկություններ ստանալու իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրային շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

3. Տեղեկություններ ստանալու կարգը, ինչպես նաև տեղեկությունները թաքցնելու կամ դրանց տրամադրումն անհիմն մերժելու համար պաշտոնատար անձանց պատասխանատվության հիմքերը սահմանվում են օրենքով: