2018 թվականի հեղափոխությունից հետո Հայաստանում էապես փոխվեց մեդիա միջավայրը: Ըստ միջազգային իրավապաշտպան Freedom House-ի՝ 2018-2019 թվականներին Հայաստանում էապես ավելացավ ազատությունը համացանցում, և երկիրն այդ չափանիշով մասամբ ազատից դասվեց ազատ երկրների ցանկին: Բավականին նման են «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության գնահատականները, համաձայն որոնց՝ եթե 2017-ին Հայաստանը մամուլի ազատությամբ աշխարհում 79-րդ տեղում էր, ապա 2019-ին արդեն հասավ 61-րդ հորիզոնականին:

Այդուհանդերձ, զանգվածային լրատվության ոլորտում ազատության ավելացումը բերեց ոչ այնքան օբյեկտիվ, անկախ ու որակյալ լրատվության տարածմանը, այլ ավելի շուտ՝ դիվերսիֆիկացմանը: Այսինքն՝ եթե նախկինում լրատվամիջոցները բևեռացված էին իշխանության ձեռքում, ապա այժմ դրանց կախվածությունը ավելի դիվերսիֆիկացված է: Այս գնահատականները կիսում է նաև «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը:

Այս ամենի ֆոնին պետք է նկատել, որ Հայաստանում բավականին ցածր է հանրության մեդիագրագիտությունը: 2019 թվականին «Իրազեկ քաղաքացիների միավորման» պատվերով իրականացված սոցհարցումները ցույց տվեցին, որ մարդկանց 89 տոկոսը եզրահանգումներ է անում միայն լրատվական նյութի նկարով ու վերնագրով՝ առանց դրա բովանդակությունը կարդալու:

Այս իրավիճակն անխուսափելիորեն հանգեցրեց ապատեղեկատվության ու մեդիա-մանիպուլյացիաների քանակի շեշտակի աճի: Ընդ որում, թեև այդ ապատեղեկատվությունն ունի գերակշռապես տեղական ծագում, սակայն կան նաև օտարերկրյա (ռուսական և ադրբեջանական) ծագմամբ/ֆինանսավորմամբ ապատեղեկատվություն ու մեդիամանիպուլյացիաներ:

Ընդ որում, խնդիրը վերաբերում է ոչ միայն կեղծ տեղեկությունների տարածմանը, այլև չնույնականացվող աղբյուրների («ֆեյքերի») միջոցով մեդիամանիպուլյացիաներին: Այդպես, դեռևս 2018 թվականին «Փաստերի ստուգման հարթակը» բացահայտեց Facebook-ում գործող 390 կեղծ օգտահաշիվեր, որոնք կազմակերպած խմբերով տարածում էին տարբեր կուսակցությունների քարոզչանյութեր (կամ քննադատում էին այդ ուժերի հակառակորդներին): Նույն հարթակը 2019 թվականին բացահայտել էր նաև մի կեղծանուն օգտահաշիվ, որը տարածում էր հայհոյանքներով, վիրավորանքներով ու զրպարտություններով լի նյութեր:

Այստեղ հարկ է նկատել, որ բավականին թերի էին զրպարտության ու վիրավորանքի համար փոխհատուցում ենթադրող օրենսդրական կարգավորումները, որի արդյունքում հնարավոր չէր լինում «ֆեյք» (չնույնականացվող) աղբյուրով հրապարակված զրպարտության կամ վիրավորանքի համար պատասխանատվության կանչել դրա հեղինակին: Բայց այդ, տարբեր լրատվամիջոցներ հաճախ տարածում էին այդ զրպարտությունը և հղում անում «ֆեյք» (չնույնականացվող) աղբյուրին, որի համար, գործող օրենսդրությամբ, չէին կարող պատասխանատվության կանչվել:

Ժամանակի ընթացքում թե՛ ապատեղեկությունները և թե՛ կեղծ (կեղծանունով, չնույնականացվող) աղբյուրները էապես շատացան: Առաջացավ լայն հանրային ընկալում, որ զանգվածային լրատվության ոլորտի էական բարեփոխումներ են անհրաժեշտ: Ու թեև 2016 թվականից Հայաստանում սկսեցին գործել փաստեր ստուգող կազմակերպություններ (առաջինը «Իրազեկ քաղաքացիների միավորման» FIP.am՝ «Փաստերի ստուգման հարթակն» էր), սակայն դա խիստ չափավոր ազդեցություն ունեցավ ապատեղեկատվության ու մեդիամանիպուլյացիաների տարածման մակարդակի վրա:

Այդուհանդերձ, պետական որևէ մարմին չդարձավ այդ բարեփոխման պատասխանատուն և չմշակեց որևէ քաղաքականություն, ռազմավարություն կամ հայեցակարգ: Ոլորտի փոփոխությունները, գերակշռապես, եղել են առանձին վերցված օրենքներում և այլ իրավական ակտերում:

Կառավարությունը 2021 թվականին ընդունված ծրագրով և 5-ամյա գործողությունների ծրագրով արձանագրում է «Զանգվածային լրատվության մասին» օրենքի հին (արդիականությունը կորցրած) լինելը և մտադիր է մինչև 2023 թվականի հուլիս ամիսը օրենսդրական փոփոխություններով ներդնել լրատվական դաշտի իրավական կարգավորման մեխանիզմներ, որոնց շրջանակներում լրագրողական հանրույթի կողմից կսահմանվեն լրագրողական էթիկայի ու դրա վերահսկողության կանոններ:

Պետական ֆինանսավորում

2019 թվականից վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության» ՊՈԱԿ-ը մի շարք հասարակական կազմակերպությունների հետ միասին քննարկում էր լրատվամիջոցների պետական ֆինանսավորման տարբերակներ: Ընդ որում, նախատեսվում էր, որ ամեն կոնկրետ ֆինանսավորման որոշման ընդունման ժամանակ քվեների մեծամասնությունը պետք է ունենա քաղաքացիական հասարակությունը:

Ու թեև քննարկումները պսակվեցին փոխհամաձայնությամբ և պետք է ստեղծվեր համապատասխան հիմնադրամը (որի հիմնադիրները լինելու էին պետությունն ու ՀԿ-ները, իսկ ֆինանսավորողը՝ պետությունը), սակայն այդ պրոցեսը նախ կասեցվեց կորոնավիրուսի համավարակի տարածման պատճառով, իսկ ապա, ըստ էության, ամբողջությամբ չեղարկվեց:

Հաշվետվողականություն և իրական շահառուի հայտարարագրում

«Զանգվածային լրատվության մասին» օրենքը 2003 թվականից հետո 17 տարի որևէ փոփոխության չէր ենթարկվել և դրանում նույնիսկ չեր սահմանվել էլեկտրոնային լրատվամիջոցի հասկացողությունը:

2020 և 2021 թվականներին օրենքում կատարվեցին երկու փոփոխություններ, որոնցով, նախ, տրվեց էլեկտրոնային լրատվամիջոցի սահմանումը, իսկ ապա ամրագրվեց, որ լրատվամիջոցները (այդ թվում՝ էլեկտրոնային) պետք է հրապարակեն մի շարք տեղեկություններ:

Մասնավորապես, լրատվամիջոցներն այլևս պարտավոր են իրենց կայքում հրապարակել լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը և հասցեն:

Սակայն ինչն ավելի էական է, լրատվամիջոցները պարտավորվեցին մինչև հաջորդող տարվա մարտի վերջը հրապարակել նախորդ տարվա ֆինանսական հաշվետվությունը՝ դրանում նշելով, թե որքան գումար են ստացել հետևյալ աղբյուրներից յուրաքանչյուրից՝ գովազդից, այլ վճարովի եթերաժամից, սեփական արտադրության տպագիր պարբերականի, տեսաշարային, ձայնաշարային և տեսաձայնաշարային նյութերի վաճառքից, բաժանորդային մուծումներից, հիմնադիրների ներդրումներից և օրենքով չարգելված այլ աղբյուրներից ստացված ֆինանսական միջոցներից:

Այդուհանդերձ, լրատվամիջոցները չպարտավորվեցին հրապարակել, թե կոնկրետ ումից են գումար ստացել այս կամ այն տեսքով: Այլ կերպ ասած, հրապարակվում է միայն ստացված գումարի չափը ըստ ստացման ուղիների, բայց դրա աղբյուրները լրատվամիջոցի կողմից կարող են գաղտնի պահվել:

Ընդ որում, օրենքով նաև սահմանվեց, որ ֆինանսավորման հրապարակման այս կարգը խախտած լրատվամիջոցները (այդ լրատվամիջոցների լրագրողները) այլև չեն կարող հավատարմագրվել պետական մարմիններում:

Զրպարտություն և վիրավորանք, չնույնականացվող աղբյուրներ

2021 թվականին ընդունվեցին մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնք վերաբերում էին զրպարտության և վիրավորանքի համար պատասխանատվությանը: Փոփոխությունները, մասնավորապես, կատարվեցին Քրեական օրենսգրքում, Քաղաքացիական օրենսգրքում և «Զանգվածային լրատվության մասին» օրենքում:

Նախ, Ազգային ժողովի (այդ պահին) փոխնախագահ Ալեն Սիմոնյանի նախաձեռնությամբ փոփոխվեց Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով սահմանված՝ զրպարտության և վիրավորանքի համար բարոյական վնասի հատուցման առավելագույն չափը: Զրպարտության համար 2 միլիոն դրամ առավելագույն չափը դարձավ 6 միլիոն, իսկ վիրավորանքի համար հատուցման առավելագույն չափը՝ 1 միլիոնից 3 միլիոն դրամ: Հարկ է նկատել, որ փոխհատուցման չափի սահմանման համար 2011 թվականին Սահմանադրական դատարանն իր 977 որոշմամբ տվել է որոշ չափորոշիչներ, որոնք դատարանները պետք է հաշվի առնեն՝ զրպարտության և վիրավորանքի համար փոխհատուցման չափը սահմանելիս:

Հաջորդ փոփոխությունը կատարվեց իշխող մի խումբ պատգամավորների (Արթուր Հովհաննիսյան, Վահագն Հովակիմյան, Թագուհի Ղազարյան և Սարգիս Խանդանյան) նախաձեռնությամբ, որով մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելով սահմանվեց, որ եթե զրպարտությունը կամ վիրավորանքը հրապարակվել է չնույնականացվող աղբյուրի կողմից և ապա տարածվել այլ աղբյուրների կողմից, ապա դրա համար պատասխանատվություն են կրում նաև դրա տարածողները (և ոչ միայն չնույնականացվող հեղինակը): Չնույնականացվող են այն աղբյուրները (դոմեյնները, կայքերը, էջերը), որոնց տնօրինողին հնարավոր չէ նույնականացնել: Ժողովրդի լեզվով այդպիսիք հաճախ անվանվում են «ֆեյք»:

Եվ, ի վերջո, այս հարցում ամենաքննադատված փոփոխությունը կատարվեց Քրեական օրենսգրքում: 2021 թվականի հուլիսի 30-ին իշխանական մի խումբ պատգամավորների նախաձեռնությամբ (Վլադիմիր Վարդանյան, Աննա Կարապետյան, Հովհաննես Հովհաննիսյան, Արփինե Դավոյան, Գևորգ Պապոյան, Վահագն Հովակիմյան, Նարեկ Զեյնալյան, Լուսինե Բադալյան, Կորյուն Մկրտչյան և Անդրանիկ Քոչարյան) արագացված կարգով ու առանց հանրային քննարկումների ընդունվեցին Քրեական օրենսգրքի լրացումներ, որոնցով քրեական պատասխանատվություն սահմանվեց ծանր վիրավորանքի համար: Թեև հաճախ խոսվում էր այն մասին, որ քրեականացված է միայն հանրային գործիչներին ծանր վիրավորելը, բայց, իրականում, պատասխանատվություն է նախատեսվել ցանկացած անձին հայհոյելու կամ որևէ այլ կերպ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելու համար: Արարքի քրեականացումը քննադատության արժանացավ նաև Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից:

 

Փաստաթղթեր

Հղումներ

ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ

Ամբողջ լրագրողական համայնքը, կազմակերպությունները տհաճորեն զարմացել են. Շուշան Դոյդոյան
Դիտել
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանն իր...
Մեդիա ոլորտի նոր իրավական սահմանափակումներն ու դրանց հետևանքները
Դիտել
Հոկտեմբերի 28-ին ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է «Զանգվածա...
5 և 10 միլիոն դրամ տուգանքը՝ մահակ ԶԼՄ-ների համար
Դիտել
Ըստ Մելիքյանի՝ պաշտոնյաները հաճախ օբյեկտիվ քննադատությունն ը...

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

1. Յուրաքանչյուր ոք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ ստանալու և փաստաթղթերին ծանոթանալու իրավունք:

2. Տեղեկություններ ստանալու իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրային շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

3. Տեղեկություններ ստանալու կարգը, ինչպես նաև տեղեկությունները թաքցնելու կամ դրանց տրամադրումն անհիմն մերժելու համար պաշտոնատար անձանց պատասխանատվության հիմքերը սահմանվում են օրենքով: