Մեդիա․ խոսքի ազատություն
2018 թվականի հեղափոխությունից հետո Հայաստանում էապես փոխվեց մեդիա միջավայրը: Ըստ միջազգային իրավապաշտպան Freedom House-ի՝ 2018-2019 թվականներին Հայաստանում էապես ավելացավ ազատությունը համացանցում, և երկիրն այդ չափանիշով մասամբ ազատից դասվեց ազատ երկրների ցանկին: Բավականին նման են «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության գնահատականները, համաձայն որոնց՝ եթե 2017-ին Հայաստանը մամուլի ազատությամբ աշխարհում 79-րդ տեղում էր, ապա 2019-ին արդեն հասավ 61-րդ հորիզոնականին:
Այդուհանդերձ, զանգվածային լրատվության ոլորտում ազատության ավելացումը բերեց ոչ այնքան օբյեկտիվ, անկախ ու որակյալ լրատվության տարածմանը, այլ ավելի շուտ՝ դիվերսիֆիկացմանը: Այսինքն՝ եթե նախկինում լրատվամիջոցները բևեռացված էին իշխանության ձեռքում, ապա այժմ դրանց կախվածությունը ավելի դիվերսիֆիկացված է: Այս գնահատականները կիսում է նաև «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը:
Այս ամենի ֆոնին պետք է նկատել, որ Հայաստանում բավականին ցածր է հանրության մեդիագրագիտությունը: 2019 թվականին «Իրազեկ քաղաքացիների միավորման» պատվերով իրականացված սոցհարցումները ցույց տվեցին, որ մարդկանց 89 տոկոսը եզրահանգումներ է անում միայն լրատվական նյութի նկարով ու վերնագրով՝ առանց դրա բովանդակությունը կարդալու:
Այս իրավիճակն անխուսափելիորեն հանգեցրեց ապատեղեկատվության ու մեդիա-մանիպուլյացիաների քանակի շեշտակի աճի: Ընդ որում, թեև այդ ապատեղեկատվությունն ունի գերակշռապես տեղական ծագում, սակայն կան նաև օտարերկրյա (ռուսական և ադրբեջանական) ծագմամբ/ֆինանսավորմամբ ապատեղեկատվություն ու մեդիամանիպուլյացիաներ:
Ընդ որում, խնդիրը վերաբերում է ոչ միայն կեղծ տեղեկությունների տարածմանը, այլև չնույնականացվող աղբյուրների («ֆեյքերի») միջոցով մեդիամանիպուլյացիաներին: Այդպես, դեռևս 2018 թվականին «Փաստերի ստուգման հարթակը» բացահայտեց Facebook-ում գործող 390 կեղծ օգտահաշիվեր, որոնք կազմակերպած խմբերով տարածում էին տարբեր կուսակցությունների քարոզչանյութեր (կամ քննադատում էին այդ ուժերի հակառակորդներին): Նույն հարթակը 2019 թվականին բացահայտել էր նաև մի կեղծանուն օգտահաշիվ, որը տարածում էր հայհոյանքներով, վիրավորանքներով ու զրպարտություններով լի նյութեր:
Այստեղ հարկ է նկատել, որ բավականին թերի էին զրպարտության ու վիրավորանքի համար փոխհատուցում ենթադրող օրենսդրական կարգավորումները, որի արդյունքում հնարավոր չէր լինում «ֆեյք» (չնույնականացվող) աղբյուրով հրապարակված զրպարտության կամ վիրավորանքի համար պատասխանատվության կանչել դրա հեղինակին: Բայց այդ, տարբեր լրատվամիջոցներ հաճախ տարածում էին այդ զրպարտությունը և հղում անում «ֆեյք» (չնույնականացվող) աղբյուրին, որի համար, գործող օրենսդրությամբ, չէին կարող պատասխանատվության կանչվել:
Ժամանակի ընթացքում թե՛ ապատեղեկությունները և թե՛ կեղծ (կեղծանունով, չնույնականացվող) աղբյուրները էապես շատացան: Առաջացավ լայն հանրային ընկալում, որ զանգվածային լրատվության ոլորտի էական բարեփոխումներ են անհրաժեշտ: Ու թեև 2016 թվականից Հայաստանում սկսեցին գործել փաստեր ստուգող կազմակերպություններ (առաջինը «Իրազեկ քաղաքացիների միավորման» FIP.am՝ «Փաստերի ստուգման հարթակն» էր), սակայն դա խիստ չափավոր ազդեցություն ունեցավ ապատեղեկատվության ու մեդիամանիպուլյացիաների տարածման մակարդակի վրա:
Այդուհանդերձ, պետական որևէ մարմին չդարձավ այդ բարեփոխման պատասխանատուն և չմշակեց որևէ քաղաքականություն, ռազմավարություն կամ հայեցակարգ: Ոլորտի փոփոխությունները, գերակշռապես, եղել են առանձին վերցված օրենքներում և այլ իրավական ակտերում:
Կառավարությունը 2021 թվականին ընդունված ծրագրով և 5-ամյա գործողությունների ծրագրով արձանագրում է «Զանգվածային լրատվության մասին» օրենքի հին (արդիականությունը կորցրած) լինելը և մտադիր է մինչև 2023 թվականի հուլիս ամիսը օրենսդրական փոփոխություններով ներդնել լրատվական դաշտի իրավական կարգավորման մեխանիզմներ, որոնց շրջանակներում լրագրողական հանրույթի կողմից կսահմանվեն լրագրողական էթիկայի ու դրա վերահսկողության կանոններ:
Պետական ֆինանսավորում
2019 թվականից վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության» ՊՈԱԿ-ը մի շարք հասարակական կազմակերպությունների հետ միասին քննարկում էր լրատվամիջոցների պետական ֆինանսավորման տարբերակներ: Ընդ որում, նախատեսվում էր, որ ամեն կոնկրետ ֆինանսավորման որոշման ընդունման ժամանակ քվեների մեծամասնությունը պետք է ունենա քաղաքացիական հասարակությունը:
Ու թեև քննարկումները պսակվեցին փոխհամաձայնությամբ և պետք է ստեղծվեր համապատասխան հիմնադրամը (որի հիմնադիրները լինելու էին պետությունն ու ՀԿ-ները, իսկ ֆինանսավորողը՝ պետությունը), սակայն այդ պրոցեսը նախ կասեցվեց կորոնավիրուսի համավարակի տարածման պատճառով, իսկ ապա, ըստ էության, ամբողջությամբ չեղարկվեց:
Հաշվետվողականություն և իրական շահառուի հայտարարագրում
«Զանգվածային լրատվության մասին» օրենքը 2003 թվականից հետո 17 տարի որևէ փոփոխության չէր ենթարկվել և դրանում նույնիսկ չեր սահմանվել էլեկտրոնային լրատվամիջոցի հասկացողությունը:
2020 և 2021 թվականներին օրենքում կատարվեցին երկու փոփոխություններ, որոնցով, նախ, տրվեց էլեկտրոնային լրատվամիջոցի սահմանումը, իսկ ապա ամրագրվեց, որ լրատվամիջոցները (այդ թվում՝ էլեկտրոնային) պետք է հրապարակեն մի շարք տեղեկություններ:
Մասնավորապես, լրատվամիջոցներն այլևս պարտավոր են իրենց կայքում հրապարակել լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը և հասցեն:
Սակայն ինչն ավելի էական է, լրատվամիջոցները պարտավորվեցին մինչև հաջորդող տարվա մարտի վերջը հրապարակել նախորդ տարվա ֆինանսական հաշվետվությունը՝ դրանում նշելով, թե որքան գումար են ստացել հետևյալ աղբյուրներից յուրաքանչյուրից՝ գովազդից, այլ վճարովի եթերաժամից, սեփական արտադրության տպագիր պարբերականի, տեսաշարային, ձայնաշարային և տեսաձայնաշարային նյութերի վաճառքից, բաժանորդային մուծումներից, հիմնադիրների ներդրումներից և օրենքով չարգելված այլ աղբյուրներից ստացված ֆինանսական միջոցներից:
Այդուհանդերձ, լրատվամիջոցները չպարտավորվեցին հրապարակել, թե կոնկրետ ումից են գումար ստացել այս կամ այն տեսքով: Այլ կերպ ասած, հրապարակվում է միայն ստացված գումարի չափը ըստ ստացման ուղիների, բայց դրա աղբյուրները լրատվամիջոցի կողմից կարող են գաղտնի պահվել:
Ընդ որում, օրենքով նաև սահմանվեց, որ ֆինանսավորման հրապարակման այս կարգը խախտած լրատվամիջոցները (այդ լրատվամիջոցների լրագրողները) այլև չեն կարող հավատարմագրվել պետական մարմիններում:
Զրպարտություն և վիրավորանք, չնույնականացվող աղբյուրներ
2021 թվականին ընդունվեցին մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնք վերաբերում էին զրպարտության և վիրավորանքի համար պատասխանատվությանը: Փոփոխությունները, մասնավորապես, կատարվեցին Քրեական օրենսգրքում, Քաղաքացիական օրենսգրքում և «Զանգվածային լրատվության մասին» օրենքում:
Նախ, Ազգային ժողովի (այդ պահին) փոխնախագահ Ալեն Սիմոնյանի նախաձեռնությամբ փոփոխվեց Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով սահմանված՝ զրպարտության և վիրավորանքի համար բարոյական վնասի հատուցման առավելագույն չափը: Զրպարտության համար 2 միլիոն դրամ առավելագույն չափը դարձավ 6 միլիոն, իսկ վիրավորանքի համար հատուցման առավելագույն չափը՝ 1 միլիոնից 3 միլիոն դրամ: Հարկ է նկատել, որ փոխհատուցման չափի սահմանման համար 2011 թվականին Սահմանադրական դատարանն իր 977 որոշմամբ տվել է որոշ չափորոշիչներ, որոնք դատարանները պետք է հաշվի առնեն՝ զրպարտության և վիրավորանքի համար փոխհատուցման չափը սահմանելիս:
Հաջորդ փոփոխությունը կատարվեց իշխող մի խումբ պատգամավորների (Արթուր Հովհաննիսյան, Վահագն Հովակիմյան, Թագուհի Ղազարյան և Սարգիս Խանդանյան) նախաձեռնությամբ, որով մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելով սահմանվեց, որ եթե զրպարտությունը կամ վիրավորանքը հրապարակվել է չնույնականացվող աղբյուրի կողմից և ապա տարածվել այլ աղբյուրների կողմից, ապա դրա համար պատասխանատվություն են կրում նաև դրա տարածողները (և ոչ միայն չնույնականացվող հեղինակը): Չնույնականացվող են այն աղբյուրները (դոմեյնները, կայքերը, էջերը), որոնց տնօրինողին հնարավոր չէ նույնականացնել: Ժողովրդի լեզվով այդպիսիք հաճախ անվանվում են «ֆեյք»:
Եվ, ի վերջո, այս հարցում ամենաքննադատված փոփոխությունը կատարվեց Քրեական օրենսգրքում: 2021 թվականի հուլիսի 30-ին իշխանական մի խումբ պատգամավորների նախաձեռնությամբ (Վլադիմիր Վարդանյան, Աննա Կարապետյան, Հովհաննես Հովհաննիսյան, Արփինե Դավոյան, Գևորգ Պապոյան, Վահագն Հովակիմյան, Նարեկ Զեյնալյան, Լուսինե Բադալյան, Կորյուն Մկրտչյան և Անդրանիկ Քոչարյան) արագացված կարգով ու առանց հանրային քննարկումների ընդունվեցին Քրեական օրենսգրքի լրացումներ, որոնցով քրեական պատասխանատվություն սահմանվեց ծանր վիրավորանքի համար: Թեև հաճախ խոսվում էր այն մասին, որ քրեականացված է միայն հանրային գործիչներին ծանր վիրավորելը, բայց, իրականում, պատասխանատվություն է նախատեսվել ցանկացած անձին հայհոյելու կամ որևէ այլ կերպ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելու համար: Արարքի քրեականացումը քննադատության արժանացավ նաև Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից:
Documents
- ՀՀ կառավարության ծրագիր (2021-2026թթ․
- ՀՀ օրենքը «զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացում կատարելու մասին 2020/03/06
- ՀՀ օրենքը «զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին 2020/10/09
- ՀՀ օրենքը ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին
- ՀՀ սահմանադրական դատարանի որոշում 2011/11/15
- ՀՀ օրենքը «զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին
- ՀՀ օրենքը ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին
Links
- Մեդիայի սպառման և մեդիագրագիտության մասին սոցհարցման արդյունքները
- Disinformation and misinformation in Armenia
- Armenia. Relations with the Russian Federation
- Վահե Էնֆիաջյանը և ԲՀԿ ֆեյքերի բանակը Ֆեյսբուքում
- Armenia Searches for Solutions to Fake News
- ԵԽԽՎ բանաձևը․ քվեարկությունն ու կարևոր շեշտադրումները
- Հայաստանում սկսում են բացահայտել եւ կանխարգելել ապատեղեկատվությունը (Media Center)
- Հայստանում էապես ավելացավ ազատությունը համացանցում և երկիրը, այդ չափանիշով մասսամբ ազատից դասվեց ազատ երկրների ցանկին
- Լրագրողներ առանց սահմանների
Ամբողջ լրագրողական համայնքը, կազմակերպությունները տհաճորեն զարմացել են. Շուշան Դոյդոյան
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանն իր զարմանքն է արտահայտում Սահմանադրական դատարանի վերջին որոշման կապակցությամբ. — «Շարունակում ենք բացասական, բուռն արձագանքել։ Ամբողջ լրագրողական համայնքը, կազմակերպությունները տհաճորեն զարմացել են»։
Սահմանադրական դատարանը հոկտեմբերի 9-ին վճռեց, որ Ազգային ժողովի ընդունած «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը համապատասխանում է Սահմանադրությանը։
Խոսքը այն ժամանակ խորհրդարանի փոխնախագահ, այժմ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հեղինակած օրենքի մասին է, որով վիրավորանքի ու զրպարտության համար տուգանքները եռապատկվեցին՝ հասնելով մինչև 3 և 6 միլիոն դրամի։
Տուգանքների խստացումը, ըստ իշխող կուսակցության, կարող է զսպող գործիք լինել ներկայիս պայմաններում, երբ հատկապես սոցցանցերում շատ է տարածված ոչ հավաստի ու չստուգված տեղեկատվության տարածումը, ինչը իրենց հերթին ակտիվորեն շրջանառում են բազմաթիվ լրատվամիջոցներ։
Նախագահ Արմեն Սարգսյանը չէր ստորագրել խորհրդարանի ընդունած ու լրագրողական կազմակերպությունների, իրավապաշտպանների կողմից բուռն քննադատության արժանացած օրինագիծն`այն ուղարկելով Սահմանադրական դատարան: Սարգսյանը հայտարարել էր, որ վիրավորանքի ու զրպարտության համար նախատեսվող տուգանքի չափի զգալի բարձրացումը կարող է էական վնաս հասցնել խոսքի ու արտահայտվելու ազատությանը, զգալիորեն սահմանափակել լրագրողի, լրատվամիջոցների ազատությունը։
Տես ավելին՝ https://www.azatutyun.am/a/31503985.html
Մեդիա ոլորտի նոր իրավական սահմանափակումներն ու դրանց հետևանքները
ոկտեմբերի 28-ին ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որոնցով առաջարկվում են պատասխանատվություն սահմանել ԶԼՄ-ների համար, եթե չնույնականացվող աղբյուրի միջոցով վիրավորանք ու զրպարտություն են տարածել: Այսօր միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը, Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը եւ մեդիափորձագետ Արթուր Պապյանը տեսակապի միջոցով մասնակցեցին «Մեդիա ոլորտի նոր իրավական սահմանափակումներն ու դրանց հետեւանքները» թեմայով քննարկմանը: Բորիս Նավասարդյանի կարծիքով «Եթե խոսքը չնույնականացվող աղբյուրներին հղում անելու եւ եթե այնտեղ կա վիրավորանք կամ զրպարտություն, լրատվամիջոցի անմիջապես պատասխանատվության մասին է, այստեղ դրական զարգացում տեղի է ունեցել, քանի որ ի սկզբանե օրինագծում նախատեսված էր, որ լրատվամիջոցները իրավունք չունեն հղում կատարել որեւէ չնույնականացվող կամ անանուն աղբյուրի, եւ այդ արգելքը տարածվում էր նաեւ այն դեպքերի վրա, երբ բովանդակությունը օրենքին հակասող բառեր չէր պարունակում: Այսինքն, միանգամայն զավեշտային կարգավորում էր մտցվում, որը հակասում էր միջազգային բոլոր նորմերին: Դա, բնականաբար, առաջացրեց լրատվամիջոցների ներկայացուցիչների եւ փորձագետների վրդովմունքը: Սակայն, ոնց որ, վերջին պահին օրինագծի հեղինակները հետ կանգնեցին, միանգամայն փոխեցին կարգավորումը: Հիմա ենթադրվում է, որ եթե լրատվամիջոցը մեջբերում է որեւէ աղբյուր, որը չի նույնականացվում, այսինքն, հնարավոր չէ հայտնաբերել եւ այդ բովանդակության մեջ կան օրենքին հակասող տարրեր, ապա դրա համար պատասխանատվությունը արդեն կրում է լրատվամիջոցը:
Տես ավելին՝ https://www.aravot.am/2021/10/29/1225757/
5 և 10 միլիոն դրամ տուգանքը՝ մահակ ԶԼՄ-ների համար
Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հեղինակած նախագով վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման չափերն առաջարկվում է դարձնել համապատասխանաբար հինգ և տաս միլիոն դրամ: Լրատվական կազմակերպությունները քննադատում են առաջարկվող փոփոխությունը: «Մեդիա կենտրոն»-ի հրավիրած առցանց քննարկմանը «Խոսքի ազատության պաշտպանության» կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը պնդեց՝ նույնիսկ գործող օրենքի մեկ միլիոն և երկու միլիոն սահմանաչափն է բավականին բարձր շեմ ԶԼՄ-ների համար:
Ըստ Մելիքյանի՝ պաշտոնյաները հաճախ օբյեկտիվ քննադատությունն ընկալում են որպես վիրավորանք կամ զրպարտություն, ու դա դառնում է դատական վեճ: Նրա համոզմամբ՝ այս փոփոխությունը կարող է դիտարկվել որպես մահակ լրատվամիջոցների համար:
«Ո՞վ է որոշել որ ողջամիտ շեմ է հինգ միլիոն կամ տաս միլիոն դրամը»,- ասում է Մելիքյանը՝ ասելով, որ չնայած իշխող մեծամասնության պատգամավորների համոզմամբ մամուլը հեղեղված է վիրավորանքով ու զրպարտությամբ, սակայն օերնքի փոփոխությունից հետո իրավիճակը չի փոխվելու: Մելիքյանի կարծիքով՝ այն կարող է մեսիջ դառնալ դատարանների համար, որ գործող պրակտիկան վերանայեն ու ավելի բարձր փոխհատուցման չափեր նշեն:
Տես ավելին՝ https://hetq.am/hy/article/127456