Առողջապահություն
Հայաստանի Հանրապետությանում առողջապահության ոլորտի բարեփոխումների պատմությունը սկսվում է Խորհրդային Միությունից անկախացման պահից և ընթանում է՝ կրելով պատմական, քաղաքական, տնտեսական, սոցիալական և այլ գործոնների ազդեցությունը։
Խորհրդային կարգերից որպես ժառանգություն ստանալով կենտրոնացված առողջապահական համակարգ՝ առողջապահության ոլորտի կազմակերպիչների հիմնական խնդիրը ոլորտի՝ շուկայական տնտեսության նոր սկզբունքների հիման վրա կազմակերպումն էր։
Առողջապահության ոլորտում բարեփոխումների հիմնական նպատակներն են եղել աստիճանական անցումը դեպի առողջապահական ծառայությունների մրցակցային շուկայական գնման մոդելի, բուժման արդյունքների և բժշկական ծառայությունների որակի բարելավումը, առողջապահական հաստատությունների, հիվանդանոցային մահճակալների և անձնակազմի թվաքանակի օպտիմալացումը, որակի կառավարումը, մարդկային ներուժի՝ նպատակային ծախսերի միջոցով համապարփակ և համալիր զարգացումը, ֆինանսական միջոցների հետագծելիությունը և վերահսկումը։
Վերջին շրջանում բարեփոխումների արագ ու արդյունավետ կյանքի կոչելու հարցում գործադիրը կարևորում է առողջապահության ոլորտում թվային տեխնոլոգիաների ներդրումը։ Թվային տեխնոլոգիաների ներդրումը և միասնական էլեկտրոնային համակարգի (E-HEALTH) լիարժեք կիրառումը դիտվում է որպես բարեփոխումների շրջանակներում ձևակերպված նպատակներին հասնելու պարտադիր և անխուսափելի միջոց՝ թելադրված ժամանակի հրամայականով։
Առողջապահության ոլորտում կառավարման արդյունավետությունն ու մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու համար կարևորվել են օրենսդրական դաշտի և ինստիտուցիոնալ համակարգի բարելավումները, թվային տեխնոլոգիաների ներդրումը, առողջապահական ծառայությունների ֆինանսական հասանելիությունը և այլն։
Առողջապահության ոլորտում բարեփոխումների ընթացքին նոր վեկտոր հաղորդեց համավարակով և պատերազմով պայմանավորված ճգնաժամը, որը վեր հանեց ոլորտում առկա բացթողումներն ու խնդիրները։ Ու չնայած բոլոր մարտահրավերներին՝ առողջապահության ոլորտում համակարգային բնույթի բարեփոխումները դեռ չեն իրականացվել։
Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանը որդեգրեց պետական կառավարման նոր մոդել՝ ժողովրդավարության ու իրավունքի գերակայության սկզբունքների հիման վրա։ Հետխորհրդային երկրների հետ հարաբերությունների նոր որակը, ինչպես նաև հարևան Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանների փակ լինելը կարևոր ազդեցություն ունեցան երկրի տնտեսական և սոցիալական զարգացման, հետևաբար՝ նաև ինստիտուցիոնալ կազմակերպման ընթացքի վրա։
Առողջապահության ոլորտը, որը խորհրդային ժառանգության կրողն էր, տնտեսական ու քաղաքական բոլոր այդ զարգացումներից անմասն չմնաց։ Խորը տնտեսական ճգնաժամի տարիներին այն իր գոյությունը պահպանում էր հիմնականում պացիենտների՝ ծառայությունների համար վճարած դրամական և ոչ դրամական հատուցումների հաշվին։
90-ականներին աստիճանաբար ընդունվում են ոլորտը կարգավորող հիմնական իրավական ակտերը։ 2000-ականներից մինչև 2020 թվականի մայիս ամիսն այս ոլորտում իրականացված փոփոխությունները կրում էին հատվածային, այլ ոչ համակարգային և հայեցակարգային բնույթ, թեև ոլորտը բարեփոխող օրենսդրական նախաձեռնություններ բազմիցս են շրջանառվել։ Այսպես, օրինակ, 2018 թվականին հանրային քննարկման էր դրվել «Առողջապահության մասին» օրենքի հայեցակարգը, որով նախատեսվող օրենքի նախագիծը այդպես էլ իրականության չդարձավ։
2015 թվականի սահմանադրական փոփոխությունների ընթացքում էական փոփոխություններ նախատեսվեցին նաև առողջապահության ոլորտին առնչվող կարգավորումներում։ Նախ՝ Սահմանադրությամբ առաջին անգամ երաշխավորվում է անձնական (ֆիզիկական ու հոգեկան) անձեռնմխելիության իրավունքը (25-րդ հոդված), ինչպես նաև 85-րդ հոդվածը սահմանում է յուրաքանչյուրի՝ օրենքին համապատասխան առողջության պահպանման իրավունքը։ Այս հոդվածը պարտավորեցնում է օրենսդրին օրենքի կարգավորումների մակարդակով ապահովել անձի առողջության պահպանման սահմանադրական իրավունքը։
Երկրորդ՝ սահմանադրական փոփոխություններով նախատեսվել են վարչարարության ոլորտի սկզբունքների նոր որակի կարգավորումներ։ Ըստ այդմ, առողջապահությունը, լինելով սոցիալական ու բժշկական միջոցառումների ամբողջություն, որն ապահովում է բնակչության առողջության պահպանումը, ևս պետք է կազմակերպվի Սահմանադրության փոփոխությունների հիմքում դրված հանրային կառավարման և վարչարարության նոր սկզբունքներով։
Երրորդ՝ ՀՀ Սահմանադրության 86-րդ և 87-րդ հոդվածները կանխորոշել են սահմանադրական բարեփոխումներին հաջորդող փուլում առողջապահության ոլորտի առաջնահերթությունները։ Դրանք են՝ բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի իրականացում, արդյունավետ և մատչելի բժշկական սպասարկման պայմանների ստեղծում, ինչպես նաև հաշմանդամության կանխարգելման, բուժման, հաշմանդամների առողջության վերականգնման ծրագրերի իրականացում։
2020 թվականին համավարակի դեմ պայքարում ներդրված միջոցները ցուցադրեցին առողջապահության համակարգի` արտակարգ իրավիճակներին դիմակայելու պատրաստվածության աստիճանը։
Ինստիտուցիոնալ բարեփոխումների հետագիծը
Նախարարությունն իր առջև դրված խնդիրները և ոլորտի քաղաքականությունն իրականացնում է պետական (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ ոստիկանության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության և այլն) և մասնավոր առողջապահական հիմնարկների և այլ հաստատությունների հետ փոխգործակցությամբ:
ՀՀ առողջապահության նախարարության իրավասության ներքո գործում է պետական առողջապահական գործակալությունը։ Այն ստեղծվել է 1998 թվականին որպես անկախ մարմին, սակայն 2002 թվականից ի վեր գործակալությունը գործում է նախարարության կազմում։ Առողջության համակարգում գործակալությունն ունի պլանավորման դեր, այդ թվում՝ ֆինանսական միջոցների տեղաբաշխման միջոցով:
Առողջապահության ոլորտի կարևոր մարմիններից է ՀՀ առողջապահական ու աշխատանքի տեսչական մարմինը։ Տեսչական մարմնի կայացման հարցում առանցքային են դրա և՛ գործառույթների ընդլայնման, և՛ Առողջապահության նախարարությունից գործունեության ինքնուրույնության ձեռքբերման գործընթացները։
ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի Առողջապահական պետական տեսչությունը հիմնադրվել է 2013 թվականին։ Այն ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՀՀ աշխատանքի պետական տեսչության վերակազմակերպման արդյունքն էր։
«Տեսչական մարմինների մասին» 2015 թվականի օրենքի պահանջներին համապատասխանացնելու նպատակով՝ 2017 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվում է ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմինը։ Բացի գործառնական փոփոխություններից, տեսչությունը, որպես վերահսկողություն իրականացնող պետական մարմին, պետք է ենթակա լիներ ՀՀ կառավարությանը (այլ ոչ թե ՀՀ առողջապահության նախարարությանը), սակայն իրավական կարգավորումներն այնպիսին էին, որ փաստացի տեսչության կառավարումն ու ղեկավարումն իրականացնում է նախարարությունը։
2018 թ․ հունիսի 11-ին ԱՆ առողջապահական տեսչական մարմինը վերակազմավորվել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ)։ Տեսչական մարմնի կառավարումն իրականացնում են ՀՀ վարչապետը և տեսչական մարմնի խորհուրդը, որը ռոտացիոն կարգով ղեկավարում է նաև առողջապահության նախարարը։
Ներկայում ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինն իրականացնում է վերահսկողական և (կամ) օրենքով սահմանված այլ գործառույթներ, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով կիրառում պատասխանատվության միջոցներ առողջապահության, աշխատողների առողջության և անվտանգության ապահովման բնագավառներում։
Տեսչությանը աստիճանաբար վստահվեցին նաև աշխատանքային իրավունքի պաշտպանության ոլորտում լիազորություններ. սկզբնական փուլում այն սահմանափակվում էր միայն աշխատավայրում աշխատողների առողջության ու անվտանգության ապահովման հարցերով, իսկ 2020 թվականից աշխատանքային իրավունքների շրջանակը ևս ընդլայնվեց։
Առողջապահության ոլորտում վեճերի լուծման մասնագիտացված մարմին դեռևս չի հիմնադրվել։ Մինչ այս բազմիցս շրջանառվել են բժշկական կամ առողջապահական օմբուդսմեն ստեղծելու նախաձեռնություններ, խոսվել է բժշկական համակարգի հաշտարարի և այլ մարմինների հիմնադրման անհրաժեշտության մասին։
2017 թվականին «Բժշկական համակարգի հաշտարարի գործունեության մասին» ՀՀ օրենքի հայեցակարգին հավանություն տալով՝ ՀՀ կառավարությունը նախաձեռնում էր ստեղծել պացիենտների իրավունքների պաշտպանության առանձին մասնագիտացված մարմին: Հայեցակարգի հետագա մշակման աշխատանքներում գործածվում էր «օմբուդսմեն» եզրույթը, ինչը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի՝ օրենքի վերաբերյալ տրամադրած կարծիքով, կրկնում էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները։ Ըստ պաշտպանի աշխատակազմի՝ այն պետք է կոչված լիներ լրացնելու պացիենտների իրավունքների պաշտպանության գործող համակարգը՝ առանց փոխարինելու արդեն իսկ գործող կառույցներին։
Բժշկական համակարգի հաշտարարի նախագիծը մոռացության է մատնվել, իսկ 2020 թվականին դրա փոխարեն օրենսդրական փոփոխություններով առաջարկվել է պացիենտների իրավունքների պաշտպանության նոր մեխանիզմ՝ Էթիկայի հանձնաժողովը (37-րդ հոդված)։
Գործող օրենքի կարգավորումներով էթիկայի հանձնաժողովը բուժաշխատողների մասնագիտական էթիկայի՝ գործունեության վարքագծի կանոնների խախտման դեպքերը քննող մարմին է։ Բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնները ներառելու են ինչպես բուժաշխատող-պացիենտ, բուժաշխատող-բուժաշխատող հարաբերությունները, այնպես էլ բուժաշխատողի՝ իր մասնագիտական գործունեությամբ պայմանավորված կամ դրանից բխող ցանկացած այլ հարաբերությունները:
Էթիկայի կանոնները հաստատելու է ՀՀ կառավարությունը։ Կառավարության հաստատած կանոնները կլինեն էթիկայի հիմնական կանոնները, սակայն բուժաշխատողների մասնագիտական հասարակական կազմակերպություններին թույլատրվում է կազմակերպության անդամ բուժաշխատողների համար ընդունել էթիկայի լրացուցիչ կանոններ կամ կանոնակարգեր:
Հանձնաժողովը բաղկացած է լինելու յոթ անդամից` երեք տարի պաշտոնավարելու հնարավորությամբ, և գործելու է հասարակական հիմունքներով։ Այն ընդգրկելու է մեկական ներկայացուցիչ բուժաշխատողներից, պացիենտների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպություններից, երկու իրավաբան, բժշկագիտության ոլորտում գործունեություն ծավալող երկու գիտական աշխատող կամ գիտնական, հոգեբան:
Էթիկայի հանձնաժողովի հիմնադրման, ինչպես նաև էթիկայի կանոնների մշակման աշխատանքներն ընթացքում են։
Առողջապահական ոլորտի օրենսդրական փոփոխությունների ուրվագիծը
2015 թվականի սահմանադրական փոփոխություններին պետք է հաջորդեր նորմատիվային և քաղաքականության բարեփոխումների գործընթաց, որով առողջապահության և հանրային առողջության ոլորտի կազմակերպումը պետք է համապատասխանեցվեր Սահմանադրության հիմքում դրված սկզբունքներին:
2015 թվականի սահմանադրական փոփոխությունների ընդունումից հետո ընդունվել և փոփոխության են ենթարկվել առողջապահության ոլորտը կարգավորող մի շարք իրավական ակտեր։ 2016 թվականին ընդունվել է «Դեղերի մասին» օրենքը, 2020 թվականին նոր խմբագրությամբ ընդունվել են «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» և «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» օրենքները:
Ոլորտը կարգավորող հիմնական իրավական ակտը «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքն է, որն ընդունվել է 1996 թվականին։ Օրենքը կարգավորում է մարդու առողջության պահպանման սահմանադրական իրավունքի իրականացումն ապահովող բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման, կանխարգելման, իրավական, տնտեսական և ֆինանսական հարցերը՝ դրանով իսկ նախատեսելով ելակետային դրույթներ առողջապահության ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերի համար։
Մինչ այդ շրջանառության էր դրվել «Առողջապահության մասին» օրենքի հայեցակարգի նախագիծը, որը նպատակ էր հետապնդում կոնսոլիդացնել ոլորտը կարգավորող իրավական ակտերը՝ ամրագրելով պետական քաղաքականության հիմնական սկզբունքները։ Միասնականացված օրենսդրական ակտը նախատեսվում էր Ազգային ժողովի հաստատմանը կներկայացնել մինչև 2019 թվականի ավարտը:
2018 թվականի իրադարձություններից հետո նոր իշխանությունները նախաձեռնեցին օրենսդրական բարեփոխումների այլ ուղի՝ նախատեսելով հիմնովին վերանայել «Բնակչության բժշկական օգնության ու սպասարկման մասին» ՀՀ օրենքը։
Համավարակի հանգամանքով պայմանավորված՝ 2020 թվականին փոփոխություններ են արվել «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» 1992 թ. օրենքում՝ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման նպատակով: Սակայն այս օրենքում հանրային առողջության ոլորտի հարաբերությունների կարգավորումներն ամբողջականացնելու նպատակով նախաձեռնվել է օրենքի վերանայման նոր գործընթաց։
Զգալի հասարակական արձագանք ստացավ «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին օրենքը», որն ընդունվեց 2020 թվականին։ Օրենքի նախագիծը նախաձեռնող մարմնի՝ Առողջապահության նախարարության հիմնավորմամբ, այն նպատակ ունի «ներկա և ապագա սերունդներին պաշտպանել առողջության վրա ծխախոտահումքի, ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործմամբ պայմանավորված բացասական ազդեցության, ծխախոտի ծխի վնասակար հետևանքներից, սոցիալական, տնտեսական ոլորտների և շրջակա միջավայրի վրա դրանց բացասական ներգործությունից, ինչպես նաև բնակչության ընկալումներում ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործումը որպես անառողջ և մերժելի վարքագիծ արմատավորելը»:
Օրենքով ծխելն արգելվելու է մի շարք փակ, կիսափակ և բաց հանրային տարածքներում՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների շենքերում, ուսումնական հաստատություններում, երեխաների համար նախատեսված խաղահրապարակներում և խաղային պուրակներում, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում, հանրային սննդի օբյեկտներում, հյուրանոցներում, առևտրի կենտրոններում, հասարակական տրանսպորտի կանգառների ծածկերի տակ և մի շարք այլ վայրերում։
Արգելվելու են նաև ծխախոտի գովազդի, վաճառքի խթանման և հովանավորության բոլոր ձևերը։ Ծխախոտային արտադրատեսակներ օգտագործող դեռահասներին և վերարտադրողական տարիքի կանանց, որոնք դիմում են բժշկական հաստատություններ, կտրամադրվի նիկոտինից կախվածության բուժման և հետևանքների վերացմանն ուղղված անվճար բժշկական օգնություն։
Առաջնորդվելով «ծխելը վնասակար է առողջությանը» կարգախոսով՝ նախարարությունն առաջ էր տանում օրենքի նախագծի ընդունման հարցը՝ պնդելով, որ գոյություն չունի «ծխելու իրավունք» որպես այդպիսին։ Այդուհանդերձ, հայտնի չէր, թե առողջությանը վտանգ ներկայացնող գործոնների որ մասն էր բաժին հասնում ծխախոտի օգտագործմանը, քանի որ օրենքի հանրայնացման գործում նախարարությունը հիմնվում էր Առողջապահության միջազգային կազմակերպության տվյալների վրա, այլ ոչ ազգային մակարդակում իրավիճակը գնահատող ու խնդիրները վեր հանող փաստահեն հետազոտությունների։
Օրենքի նախագծին ընդդիմացողների բարձրացրած հիմնական խնդիրները վերաբերում էին ոչ միայն օրենքի տեքստում իրավաբանական բնույթի հարցերին, այլև առանց քննարկումների ու փոխզիջումների օրենքի ընդունումն առաջ տանելուն, ծխախոտի օգտագործման արգելքների քաղաքականության առանց փուլային ներդրմանը, օրենսդրական արգելք սահմանելուց բացի համալիր կանխարգելիչ միջոցառումներ չնախաձեռնելու և այլ հանգամանքներին։ Նախարարությունն ընդառաջ չգնաց նաև գործարարների շահերը հավասարակշռելու ու այդ նպատակով հանրային քննարկումներ նախաձեռնելու առաջարկներին։
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների հիմնական ուղղությունները
2020 թվականին «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում և հարակից օրենքներում կատարվել են լայնածավալ փոփոխություններ, որոնք, ըստ ՀՀ առողջապահության նախարարության, ընդհանուր առմամբ, հանգել են հետևյալին.
1) սահմանվել են անձնական տվյալների, մասնավորապես բժշկական գաղտնիքի մշակման, փոխանցման համար իրավական կարգավորումներ, ներառյալ պատասխանատվություն նախատեսող դրույթներ ապահովելու, քաղաքացիների անձնական կյանքը հարգելու, մասնավոր կյանքի անձեռնմխելիության և անձնական տվյալների գաղտնիության պահպանման սահմանադրական իրավունքները,
2) ամրագրվել են պացիենտների իրավունքների և պարտականությունների ավելի հստակ շրջանակ` ապահովելով նաև նրանց իրավունքների առավել արդյունավետ իրացումը,
3) սահմանվել են իրավական հիմքեր և կարգավորումներ էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման և կիրառման համար,
4) օրենսդրորեն կանոնակարգվել են արտակարգ իրավիճակների (ռազմական, ահաբեկչական, և այլն) դեպքում տուժած անձանց բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման առանձնահատկությունները,
5) ճշգրտվել է բժշկական փորձաքննությունների ցանկը, լրացվել օրենսդրական բացերը, սահմանվել պարտադիր դատաբժշկական փորձաքննությունների դեպքերը և ձևերը,
6) օրենսդրորեն կարգավորվել են բժշկական արտադրատեսակների շրջանառության հետ կապված հարաբերությունները, ստեղծվել բժշկական արտադրատեսակների գրանցման, ներմուծման և շրջանառության ոլորտում լիարժեք օրենսդրություն և արդիական ինստիտուցիոնալ կառուցակարգեր,
7) բարելավվել են բուժաշխատող-պացիենտ, բուժաշխատող-բուժաշխատող հարաբերությունները` դրանց կանոնակարգումն իրականացնելով օրենսդրությամբ սահմանված էթիկայի կանոնների կիրարկմամբ, սահմանվել է մասնագիտական գործունեության էթիկայի կանոնների խախտումներ քննող էթիկայի հանձնաժողով,
8) սահմանվել են բժշկական օգնության և սպասարկման տեսակները, հեռաբժշկությունը, լիազորող նորմեր են ամրագրվել դրա իրականացման կարգը սահմանելու համար,
9) սահմանվել են լաբորատոր գործունեության վերաբերյալ դրույթը, համընդհանուր լաբորատոր ցանցի համակարգը, բաղադրիչները, ցանցում ընդգրկված յուրաքանչյուր մակարդակի լաբորատորիաների գործառույթները, որակի կառավարման համակարգի պահանջը և հիմնական հասկացությունները:
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 2020 թվականի փոփոխություններով բժշկական օգնության և սպասարկման որակի, բժշկական օգնության և սպասարկման որակի շարունակական բարելավման, որակի կառավարման և որակի կառավարման համակարգ հասկացությունների սահմանումը, որոնք մինչև 2020թ. առհասարակ սահմանված չէին ՀՀ օրենսդրությամբ:
Օրենսդրական փոփոխություններով հստակեցվեցին անձնական անձեռնմխեիլության սահմանադրական իրավունքի հարցերը։ Առանձնակի ուշադրության արժանացավ անչափահասների ու հաշմանդամություն ունեցող անձանց իրազեկման համաձայնության իրավունքի հարցերին առնչվող օրենսդրական փոփոխությունները։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա 2020 թվականի հունվարի 30-ի թիվ ՍԴՈ-1504 որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանը Սահմանադրությանը հակասող է ճանաչել երեխաների և անգործունակ չափահասների բուժման հարցերում վերջիններիս կարծիքը հաշվի չառնելու վերաբերյալ օրենսդրական կարգավորումները (տե՛ս 20.07.2021թ.-ի դրությամբ): Իրազեկված համաձայնության առնչվող կարգավորումները սահմանադրական պահանջներին համապատասխանությունը ապահովելը դեռևս խնդրահարույց է։
Համակարգային և հայեցակարգային բնույթի լուծումների բացակայության պայմաններում առողջապահության ոլորտը բախվում է բազմաթիվ խնդիրների հետ, որոնցից հիմնականը առաջնային բուժօգնության հասանելիության խնդիրն է երկրի ծայրամասային ու սահմանամերձ շրջաններում. առողջապահական ծառայությունների հասանելիության ու որակի հարցում քաղաքային և գյուղական բնակավայրերի միջև անհավասարությունը զգալի է:
Տեղեկատվական տեխնոլոգիաների ներդնումը առողջապահության ոլորտում
Հայաստանում էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման գործընթացը մեկնարկել է ՀՀ կառավարության որոշմամբ դեռևս 2012 թվականին: Ծրագրով նախատեսվում էր, որ ՀՀ առողջապահության ոլորտում միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգը լինելու է տեղեկատվության և ենթակառուցվածքների ամբողջություն, որն ապահովելու է հասարակության յուրաքանչյուր անդամի վերաբերյալ բժշկական տեղեկատվության հավաքագրումը, արխիվացումը և օգտագործումը առողջապահության ոլորտի մասնագետների կողմից էլեկտրոնային միջավայրում: Նախատեսվում էր նաև, որ թղթային տեղեկատվության պահպանումը և հետագա արխիվացումը պետք է բացառվեն:
Էլեկտրոնային առողջապահության համակարգը (E-health) կարևոր դերակատարություն պետք է ունենա նաև բնակչության բժշկական օգնության և սպասարկման որակի ապահովման, առողջապահության համակարգի անարդյունավետությունների կրճատման, ինչպես նաև թափանցիկության ու հաշվետվողականության ու վերլուծության ապահովման գործում: Էլեկտրոնային առողջապահության համակարգի գործնական ներդնմամբ և արդեն 2017թ. կեսերից պետական պատվերի շրջանակներում իրականացվող վճարումները սկսեցին կատարվել միայն E-health համակարգի միջոցով:
2017թ. հուլիսի 20 թիվ 866-Ն որոշմամբ կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված վարկային համաձայնագրի շրջանակներում մշակված և «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ կառավարման ներքո գտնվող էլեկտրոնային առողջապահության համակարգը կոնցեսիոն պայմանագրով օպերատորին փոխանցելու համար անցկացված մրցույթի արդյունքները:
Հետագայում, E-health hամակարգի ամբողջական ներդրման շրջանակներում «ՀՀ կառավարության 2019–2023թթ. Գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» 2019թ. մայիսի 16-ի թիվ N 650–Լ որոշմամբ նախատեսվել էր մշակել «Էլեկտրոնային առողջապահության համակարգի զարգացման տեսլականը հաստատելու մասին» կառավարության որոշումը և «Էլեկտրոնային առողջապահության համակարգի զարգացման միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» առողջապահության նախարարի հրամանը:
Համակարգի ներդրման ուղղությամբ իրականացված աշխատանքի արդյունքում ստեղծվել են անհրաժեշտ օրենսդրական հիմքեր, այն կիրառելի է դարձել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բուժհաստատություններում, ներդրվել է էլեկտրոնային ուղեգիրը և այլն։
Ինչպես առողջապահության կազմակերպման ու կառավարման, այնպես էլ առողջապահական ծառայությունների մատուցման ոչ բոլոր փուլերն են դեռևս թվայնացվել. պահպանվում է նաև բժշկական փաստաթղթերի թղթային տարբերակների լրացումը, չի ավարտվել նաև բուժհաստատությունների համալրումը համակարգչային տեխնիկայով, համակարգի ոչ բոլոր աշխատանքներն են կազմակերպվում թվային տեխնոլոգիաների միջոցով և այլն։
Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ առողջապահության ծառայությունների մատուցման զարգացման մյուս ուղղությունն է հեռաբժշկությունը, որի ներդրման անհրաժեշտությունը պայմանավորված մի շարք գործոններով, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման ընդլայնմամբ, բուժանձնակազմի աշխարհագրական անբավարար հասանելիությամբ և այլն:
Նախաձեռնվում է, որ հեռաբժշկության գործարկումը հնարավորություն կտա մասնագետներին հասանելի լինել ավելի լայն շրաջանի պացիենտ-սպառողների համար, ինչը կնպաստի առողջապահության ոլորտում մասնագետների փորձի ու փորձառության կուտակմանը, փորձի փոխանակմանը, դրանով իսկ մասամբ կարող է լուծել բուժանձնակազմի պահանջարկի հարցը՝ հասանելի դարձնելով երրորդ մակարդակի մասնագիտացված խորհրդատվությունն երկրի յուրաքանչյուր հատվածում։
Հեռաբժշկության զարգացման համար իրավական հիմքեր ստեղծվել են 2020թ. մայիսի 5-ին «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում իրականացված փոփոխություններով, որտեղ տրվել է հեռաբժշկության սահմանումը (բժիշկների, ինչպես նաև բժշկի և պացիենտի միջև տեղեկատվական տեխնոլոգիաների օգնությամբ հեռահար խորհրդատվություն իրականացնելու բժշկական պրակտիկա), լիազոր մարմնին վերապահվեցին դրա իրականացման կարգը սահմանելու լիազորությունները:
Համավարակի դեմ պայքարով պայմանավորված օրենսդրական փոփոխությունների ուրվագիծը
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուս վարակի տարածման հետ կապված վիճակը որակել է որպես «հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ»։
ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ից հայտարարված արտակարգ դրության պայմաններում պետական հակաճգնաժամային կառավարման լիազորությունները փոխանցվեցին պարետատանը: Կառավարության մարտի 16-ի որոշմամբ ստեղծվեց և սահմանվեց պարետատունը, պարետատան աշխատանքի սկզբունքները, լիազորությունները ու իրավունքները:
Հաջորդիվ պարետատունը կայացրեց որոշումներ կապված տարբեր սահմանափակումների հետ, այդ թվում՝ ժամանցային, տոնական միջոցառումների չեղարկում և արգելում, ՀՀ տարածքում մարդկանց տեղաշարժի հնարավորությունների, առողջապահական ոլորտում գործածվող ապրանքների արտահանման, որոշ տնտեսական գործունեությունների սահմանափակումներ և այլն:
Համավարակի տարածումը առողջապահության ոլորտի օրենսդրությունում առաջացրեց փոփոխությունների նոր ալիք, որոնք նպատակ ունեին կանխարգելել համավարակի հետագա տարածումը, ինչպես նաև վերացնել պատճառված վնասի հետևանքները։
Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը նախաձեռնել էր մի շարք միջոցառումներ ու սահմանափակումներ, որոնք պահանջում էին անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ։ Ձեռնարկված միջոցառումների ընտրությունը հիմնականում հիմնավորվում է այն հանգամանքով, որ կորոնավիրուսի հիվանդության բնույթն ու վարակելիության աստիճանը դեռևս ամբողջությամբ բացահայտված չէին։
2020 թվականին փոփոխություններ իրականացվեցին «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում, որը ՀՀ անկախությունից հետո ընդունված առաջին օրենքներից մեկը։ Ի թիվս այլնի, փոփոխություններով ձևակերպվում են սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մի շարք պահանջներ՝ վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների, թունավորումների հաշվառման, հաղորդման, իրականացվող կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման և իրականացման, մարդու (հանրության) առողջության վրա շրջակա միջավայրի գործոնների վնասակար ազդեցության, ինչպես նաև վարակիչ հիվանդություններով հիվանդների, դրանց հետազոտման, բժշկական զննությունների իրականացման, բուժման, այդ հիվանդությունների Հայաստանի տարածք ներմուծման, դրանց ծագման ու տարածման վտանգի, բռնկումների, համաճարակների, համավարակների առաջացման դեպքում սահմանափակող միջոցառումների կիրառման (կարանտին), Հայաստանի Հանրապետությունում սանիտարահամաճարակային հսկողության և պետական գրանցման ենթակա ապրանքների կիրառման, մարդու համար ախտածնության 1-4-րդ խմբերի միկրոօրգանիզմների արտադրության, մշակման, տեղափոխման, դեպոնացման, օգտագործման, պահպանման և ոչնչացման վերաբերյալ:
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով մեկ այլ օրենսդրական փոփոխությամբ անձի մահվան դեպքում ախտաբանաանատոմիական հերձումներն արգելվեցին: Սակայն հասարակական հնչողություն ստացած բացթողումներով պայմանավորված դժգոհությունների ազդեցության ներքո հերձումների արգելքը հանվել է` այն պատճառաբանությամբ, որ հերձման ժամանակ կիրառվող անհատական պաշտպանության միջոցների օգտագործմամբ դիակից կորոնավիրուսային հիվանդության վարակելիությունը հնարավոր է պաշտպանել։
Փաստաթղթեր
- ՀՀ Սահմանադրություն։ 2015/12/22
- ՀՀ օրենքը բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին։ 1996/05/16
- ՀՀ օրենքը «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին։ 2020/05/30
- ՀՀ օրենքը հոգեբուժական օգնության մասին։ 2004/08/30
- ՀՀ օրենքը մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին։ 2003/07/07
- ՀՀ օրենքը մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին։ 2002/11/25
- ՀՀ օրենքը մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մասին։ 2001/12/24
- ՀՀ օրենքը մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին։ 1997/02/28
- ՀՀ օրենքը ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին։ 1992/12/18
- ՀՀ օրենքը պետական կառավարման համակարգի մարմինների մասին։ 2018/04/09
- ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա՝ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի, 8-րդ հոդվածի 3 և 4-րդ մասերի, 17-րդ հոդվածի 2-րդ մասի, 19.3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 10-րդ մասի, 9-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 15 և 16-րդ հոդվածների, 19-րդ հոդվածի 2, 3 և 4-րդ մասերի, 22-րդ հոդվածի 1-ին մասի, նույն օրենքի հավելվածի 6-րդ բաժնի 4-րդ կետի 2-րդ պարբերության ր «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի՝ սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով։ 2020/01/30
- ՀՀ կառավարության նիստի արձանագրությունից քաղվածք ՀՀ առողջապահության ոլորտում միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ներդրման ծրագրին և միջոցառումների ժամանակացույցին հավանություն տալու մասին։ 2012/11/07
- ՀՀ Կառավարության որոշումը ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմին ստեղծելու, ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու, ՀՀ կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու, 2013 թվականի հուլիսի 25-ի N 857-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու եվ 2013 թվականի նոյեմբերի 14-ի N1293-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին: 2017/05/20
- ՀՀ վարչապետի որոշումը ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կանոնադրությունը հաստատելու մասին։ 2018/07/19
- ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 755-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։ 2020/07/03
- ՀՀ առողջապահության նախարարության կանոնադրություն։ 2018/06/11
Հղումներ
- Report of the Special Rapporteur on the right of everyone to the enjoyment of the highest attainable standard of physical and mental health on his visit to Armenia, 2018
- Covid-19 համավարակի հասարակական, տնտեսական եւ իրավական դրսեւորումները Հայաստանի Հանրապետությունում, զեկույց, 2020
- Human Rights Watch, Free Speech
- ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
- Հանրային փակ տարածքներում ծխելն արգելելու օրինագիծն 1-ին ընթերցմամբ ընդունվեց։ 2019/12/10
- «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ են կատարվել։ 2020/05/06
- Ծխողի իրավունք չկա. Արսեն Թորոսյանը՝ նարգիլե ակումբի տնօրենին
- Ծխելու մասին օրենքը դասական կոշտ պատերնալիզմի դրսևորում է
- Առողջապահության փոխնախարարը չի տիրապետում իրավիճակին․ Բողոքի ակցիա՝ նարգիլե ծխելու արգելքի դեմ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգեման ազգային մեխանիզմի 2020 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդում
Վերոգրյալ օրենսդրական դրույթի կապակցությամբ հարկ է նշել, որ այն չի ապահովում անգործունակ անձի և անչափահասի՝ որպես պացիենտի իրազեկված համաձայնությունը ստանալու պահանջը: Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանի արձանագրած գնահատականով՝ օրինական ներկայացուցչի ներգրավումն արդարացված է միայն սուբսիդիարության սկզբունքով, այն է՝ եթե հոգեկան առողջության իրավունքի կրողը փաստացի ունակ չէ ինքնուրույն իրականացնել հոգեկան անձեռնմխելիության իր հիմնական իրավունքը: Դա կարող է ներառել նաև այն դեպքերը, երբ անձի մոտ թեև առերևույթ առկա է հիշյալ իրավունքը սեփական պատասխանատվությամբ իրականացնելու կարողություն, սակայն դրանով նա կարող է անխուսափելիորեն վնաս պատճառել իր իսկ հոգեկան առողջությանը: Սահմանադրական դատարանն ընդգծել է, որ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում անհրաժեշտ է ապահովել անձի հոգեկան առողջության և իր հիմնական իրավունքն ինքնուրույն իրականացնելու ունակության պատշաճ մասնագիտական գնահատում: Սահմանադրական դատարանն արձանագրել է նաև, որ օրինական ներկայացուցչի ներգրավման սուբսիդիարության սկզբունքը պետք է կիրառվի նաև անչափահասի դեպքում:
Կարևոր է նկատի ունենալ միջազգային փաստաթղթերում առաջ քաշված այն սկզբունքը, որ իրազեկված համաձայնություն տալու՝ պացիենտի (ընդ որում՝ ոչ միայն հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի) հնարավորությունը պետք է գնահատվի բժշկական ծառայություն իրականացնողի կողմից՝ յուրաքանչյուր բժշկական միջամտության դեպքում այն առանձին քննարկման առարկա դարձնելով: Նման համաձայնության անհրաժեշտ նախապայմանը բժշկական ծառայություն իրականացնողի իրազեկման պարտականության պատշաճ կատարումն է՝ հաշվի առնելով պացիենտի անձն ու կոնկրետ դեպքի առանձնահատկությունները: Հետևաբար, կամքն արտահայտելու կարողության գնահատման տեսանկյունից չափազանց կարևոր է գործնականում դրա պատշաճ ապահովումը՝ թե՛ բժշկական, թե՛ իրավական տեսանկյունից:
Օրենսդրական լուծումները պետք է տրվեն ոչ թե զուտ եզրութաբանական համապատասխանության, այլ դրանց արդյունավետ կիրառելիությունն ապահովելու տեսանկյունից:
Տես ավելին՝ https://ombuds.am
Covid-19 համավարակի հասարակական, տնտեսական եւ իրավական դրսեւորումները Հայաստանի Հանրապետությունում, զեկույց, 2020
Covid-19 համավարակով պայմանավորված` Հայաստանի հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից հաստատվել է արտակարգ դրության ռեժիմ: Այսպիսի ռեժիմը ենթադրում էր հասարակական կյանքի գոյություն ունեցող որոշ օրինաչափությունների փոփոխություն, իսկ որոշների` արգելք: Այսպիսով, ստեղծվեց նոր իրավիճակ, որտեղ հասարակական հարաբերությունների որոշ նախկին կանոնակարգեր սկսեցին չգործել, իսկ նոր կանոնակարգերին հարմարվելու համար հարկավոր էր ժամանակ: Հասարակական կյանքի առավել փոփոխված դրսևորումները արտահայտվեցին սոցիալ-քաղաքական, սոցիալտնտեսական, սոցիալ-մշակութային և սոցիալ-հոգեբանական մի շարք ոլորտներում: Այս ամենին զուգահեռ՝ տանը մեկուսանալու կամ ինքնամեկուսանալու պայմաններում տրանսֆորմացիայի սկսեցին ենթարկվել պետական, աշխատանքային, միջանձնային և խմբային հաղորդակցական ուղիները, ներգրավելով տեխնոլոգիական ժամանակակից հաղորդակցական միջոցների օգտագործման հնարավորությունները: Այսպիսով, դեռևս մեկնաբանված չեն ՀՀ-ում, համավարակով պայմանավորված. հասարակական կյանքի փոփոխությունները և դրանց նոր դրսևորումները: Սույն վերլուծությունը հիմնված է սոցիոլոգիական հետազոտության վրա, և արդյունքերը ներկայացնում են 2020 թվականի մարտի 16-ից ՀՀ-ում տեղի ունեցած փոփոխությունները՝ սոցիալ-քաղաքական, սոցիալ-տնտեսական, սոցիալմշակութային և սոցիալ-հոգեբանական ոլորտներում։
Տես ավելին՝ https://www.kas.de/documents
Հայաստան. օրենքը սահմանափակում է մասնավոր կյանքի իրավունքը COVID-19-ի դեմ պայքարի շրջանակում
(Բեռլին) – Հայաստանի խորհրդարանը 2020թ. մարտի 31-ին ընդունեց մի նախագիծ, որն իշխանություններին օժտում է վերահսկողության լայն լիազորություններով. օգտագործել բջջային հեռախոսների տվյալները՝ կորոնավիրուսի դեպքերին հետևելու համար, ասվում է Human Rights Watch-ի հաղորդագրության մեջ: Նախագիծը սահմանափակում է մասնավոր կյանքի իրավունքը և թույլ է տալիս իշխանություններին հասանելիություն ստանալ վիրուսակիր անձանց վերաբերյալ գաղտնի բժշկական տեղեկատվությանը:
Ապրիլի 2-ի դրությամբ Հայաստանում արձանագրվել է COVID-19-ով վարակման 663 դեպք: Կառավարությունը մարտի 16-ից ապրիլի 14-ը հայտարարել է արտակարգ դրություն, ինչպես նաև մարտի 24-ին ամբողջ երկրում հայտարարել է տեղաշարժի սահմանափակում, ձեռնարկել է նաև այլ միջոցառումներ՝ վիրուսի տարածումը կանխարգելելու համար:
«Հայաստանի կառավարությունը բախվել է հանրային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակի, և տեխնոլոգիաները կարևոր դերակատարություն ունեն հանրային առողջության վերաբերյալ ուղերձները տեղ հասցնելու և առողջապահության հասանելիությունը խթանելու գործում»,- ասել է Human Rights Watch-ի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով ասոցացված տնօրեն Գիորգի Գոգիան:- Բայց միաժամանակ, իշխանությունները պետք է միջոցներ ձեռնարկեն, որպեսզի զանգվածային վերահսկողության կիրառումը չխաթարի մարդու իրավունքները»:
Խորհրդարանն օրենքն ընդունել է մարտի 31-ին այն բանից հետո, երբ այն նույն օրն ավելի վաղ այն չէր ընդունվել:
Օրենքը հեռահաղորդակցման ընկերություններից պահանջվում է իշխանություններին տրամադրել իրենց բոլոր հաճախորդների հեռախոսային տվյալները, այդ թվում հեռախոսահամարները և զանգեր կատարելիս ու տեքստային հաղորդագրություններ ուղարկելիս նրանց գտնվելու վայրը, ժամը և ամսաթիվը: Իշխանությունները պետք է այդ տվյալներն օգտագործեն COVID-19-ով վարակված և նրանց հետ սերտ շփում ունեցած մարդկանց հայտնաբերելու, մեկուսակցնելու կամ ինքնամեկուսացնելու և հսկողության տակ պահելու համար: Իշխանությունները տեղեկատվություն կստանան՝ պարտավորեցնելով առողջապահական ծառայություններ մարտուցող կազմակերպություններին իրենց փոխանցել «թեստավորված, վարակված, հիվանդության ախտանշաններ ունեցող, հիվանդացած կամ բուժվող ու նրանց հետ շփումներ ունեցած մարդկանց» տվյալները:
Կառավարությունն ասում է, որ օրենքը թույլ կտա իշխանություններին հավաքել միայն հեռախոսային զանգերի մասին տվյալների, և որ իրենք հասանելիություն չեն ունենա հաճախորդների անձնական հաղորդակցությունների բովանդակությանը: Բայց այդպիսի տեղեկատվությունը կարող է պարունակել զգայուն և բացահայտող տվյալներ անձի ինքնության, գտնվելու վայրի, վարքագծի, կապերի և գործունեության վերաբերյալ, ասում է Human Rights Watch-ը։
Չնայած համաճարակը կանխելու համար մասնավոր կյանքի իրավունքի սահմանափաումները կարող են թույլատրելի լինել, կառավարությունը պետք է ապահովի, որպեսզի այդ սահմանափակումները լինեն օրինական, անհրաժեշտ և համաչափ:
Օրենքը պահանջում է, որ զանգերի ձայնագրությունները և ձեռք բերված այլ տվյալները ոչնչացվեն արտակարգ դրության ավարտից հետո: Այնուամենայնիվ, կառավարությունը պետք է դիտարկի նաև խիստ սահմանափակումների կիրառումը հեռախոսային տվյալների հավաքագրման, դրանց օգտագործման կամ մշակման նպատակների, ինչպես նաև այն կառույցների կամ պաշտոնատար անձանց համար, որոնք կարող են հասանելիություն ստանալ այդ տեղեկատվությանը: Մարդիկ պետք է նաև տեղեկացվեն իրենց տվյալների հավաքագրման մասին:
Կառավարությունը նաև պետք է ստեղծի անվտանգության խիստ կանոնակարգեր՝ նվազեցնելու համար տվյալների արտահոսքի ռիսկերը և պաշտպանելու մարդկանց թվային անվտանգությունը, ասվում է Human Rights Watch-ի հաղորդագրության մեջ:
Եթե արտակարգ դրությունը երկար պահպանվի, կառավարությունը պետք է պարբերաբար դիտարկի այլևս ոչ անհրաժեշտ հեռախոսային տվյալների ոչնչացման հարցը:
Ակտիվիսները քննադատել են նախագիծը՝ որպես ոչ անհրաժեշտ և արդյունավետ միջոց վիրուսի տարածումը կանխարգելելու համար:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը նույնպես մտահոգություն է հայտնել օրենքում մարդու իրավունքների բավարար երաշխիքների բացակայության մասին։
Հայաստանի Սահմանադրությունը պաշտպանում է հեռահաղորդակցության և բժշկական տեղեկատվության գաղտնիությունը: Միջազգային իրավունքը, այդ թվում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան և Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը, նույնպես պաշտպանում են «մասնավոր կյանքը, ընտանիքը, տունը և նամակագրությունը» կամայական և անօրինական միջամտությունից: Հայաստանը երկուսն էլ ստորագրել է, բայց մարտի 20-ին արտակարգ դրություն հայտարարելուց հետո պարտավորություններից շեղվելու կամ բացառաթյունների մասին հայտարարություն է ներկայացրել:
«Հայաստանի իշխանությունները մինչ այժմ հարգել են COVID-19-ով վարակված պացիենտների մասնավոր կյանքի իրավունքը,- ասել է Գոգիան:- Բայց, որպեսզի չխաթարեն վստահությունը, որն անհրաժեշտ է հանրային առողջապահական արդյունավետ արձագանքի համար, նրանք պետք է բացատրեն, թե ինչպես են շարունակելու դա անել և երաշխավորեն, որպեսզի թվային հսկողության այս միջոցները խիստ համահունչ լինեն մարդու իրավունքների՝ վաղուց հաստատված երաշիքներին»:
Տես ավելին՝ https://www.hrw.org/hy