Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներ
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը կարգավորող ներպետական հիմնական իրավական ակտը «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքն է, որն ընդունվել է 2021 թվականի մայիսի 5-ին։ Մինչ այդ գործում էր «Հայաստանի Հանրապետությունում Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքը, որն ընդունվել էր դեռևս 1993 թվականին։ 1993 թվականից հետո հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության նոր մեխանիզմներ ու մոտեցումներ են առաջ եկել, ուստի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ներպետական օրենսդրության վերանայումը տարիներ շարունակ օրվա հրամայական էր։
Օրենսդրական փոփոխությունների փորձերը կարելի է դիտարկել երեք խմբով՝
- նախագծեր, որոնք 1993 թվականի օրենքում փոփոխություններ և լրացումներ էին առաջարկում,
- առանձին օրենքների նախագծեր, որոնք գալիս էին լրացնելու 1993 թվականի օրենքը,
- օրենքի նախագծեր, որոնք փոխարինելու էին 1993 թվականի օրենքը։
Առաջին խմբի նախագծերը հիմնականում վերաբերել են կրթության և առողջապահության բնագավառում արտոնությունների սահմանմանը և մեծ մասամբ հաստատվել և ուժի մեջ են մտել։
Երկրորդ խմբի նախագծերը, որոնք առաջարկում էին հավելյալ մեխանիզմներ իրավիճակը բարելավելու նպատակով, հաջողություն չեն գրանցել, քանի որ նախաձեռնվել են ՀՀ Ազգային ժողովի «Օրինաց երկիր» խմբակցության կողմից և համահունչ չեն եղել գործող կառավարությունների մոտեցումների հետ։
Առաջին երկու խմբի նախագծերը որպես ուղենիշ ընդունում էին ՄԱԿ-ի 1993 թ. Հաշմանդամների հավասար իրավունքների ապահովման ստանդարտ կանոնները։ Իսկ երրորդ խմբի նախագծերի հարցն օրակարգային դարձավ, երբ Հայաստանի Հանրապետությունը 2010 թվականին վավերացրեց Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան։
Կոնվենցիայի վավերացմամբ Հայաստանի Հանրապետությունը իրավաքաղաքական պարտավորություն էր ստանձնել՝ համապատասխանեցնելու ներպետական օրենսդրությունը վերջինիս։ Դա ենթադրում էր, որ «Հայաստանի Հանրապետությունում Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի փոխարեն պետք է ընդունվեր նոր՝ հաշմանդամության բժշկական մոտեցումներից մարդու իրավունքների մոտեցումներին անցում կատարող օրենք, որը չէր լինի միայն սոցիալական իրավունքների մասին։
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին օրենքների նախագծերը
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը կարգավորող ներպետական հիմնական իրավական ակտը «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքն է, որն ընդունվել է 2021 թվականի մայիսի 5-ին։ Մինչ այդ գործում էր «Հայաստանի Հանրապետությունում Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքը, որն ընդունվել էր դեռևս 1993 թվականին։ 1993 թվականից հետո հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության նոր մեխանիզմներ ու մոտեցումներ են առաջ եկել, ուստի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ներպետական օրենսդրության վերանայումը տարիներ շարունակ օրվա հրամայական էր։
Օրենսդրական փոփոխությունների փորձերը կարելի է դիտարկել երեք խմբով՝
- նախագծեր, որոնք 1993 թվականի օրենքում փոփոխություններ և լրացումներ էին առաջարկում,
- Առանձին՝ նոր օրենքների նախագծեր, որոնք գալիս էին լրացնելու 1993 թվականի օրենքի կարգավորման շրջանակը,
- օրենքի նախագծեր, որոնք փոխարինելու էին 1993 թվականի օրենքը։
Առաջին խմբի նախագծերը հիմնականում նախաձեռնվել են կառավարության կողմից (քիչ բացառություններով), որոնց զգալի մասը հաջողությամբ հաստատվել և ուժի մեջ է մտել։ Դրանք հիմնականում վերաբերել են կրթության և առողջապահության բնագավառներում արտոնությունների սահմանմանը։
Երկրորդ խմբի նախագծերը ևս կասկածի տակ չէին դնում 1993 թվականի օրենքի գործողության արդյունավետությունը, այլ առաջարկում էին հավելյալ մեխանիզմներ տվյալ ոլորտի օրենսդրությունը բարեփոխելու նպատակով։ Դրանք, սակայն, հաջողություն չեն գրանցել, քանի որ նախաձեռնվել են Ազգային ժողովի «Օրինաց երկիր» խմբակցության կողմից և համահունչ չեն եղել գործող իշխանության մոտեցումների հետ։
Առաջին երկու խմբի նախագծերը որպես ուղենիշ ընդունում էին ՄԱԿ-ի՝ 1993 թվականին ընդունված՝ Հաշմանդամների հավասար հնարավորությունների ապահովման ստանդարտ կանոնները։ Իսկ երրորդ խմբի նախագծերի հարցն օրակարգային դարձավ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան (այսուհետ՝ Կոնվենցիա) 2010 թվականին Հայաստանի Հանրապետության կողմից վավերացվելուց հետո։
Կոնվենցիան վավերացնելով՝ Հայաստանի Հանրապետությունը պարտավորություն էր ստանձնել համապատասխանեցնելու ներպետական օրենսդրությունը Կոնվենցիայի պահանջներին։ Դա ենթադրում էր, որ «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի փոխարեն պետք է ընդունվեր նոր՝ հաշմանդամության բժշկական մոտեցումներից մարդու իրավունքների մոտեցումներին անցում կատարող օրենք, որը չէր լինի միայն սոցիալական իրավունքների մասին։
Նախագծերի «ճակատագիրը»՝ ժամանակագրական հաջորդականությամբ
Օրենսդրական փոփոխություններ անելու առաջին փորձերից մեկը եղել է դեռևս 2005 թվականին, երբ ՀՀ ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Արտակ Առաքելյանն առաջարկում էր ի լրումն 1993 թվականի «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի ընդունել նաև «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության պետական քաղաքականության մասին» ՀՀ օրենքը։ Վերջինիս նպատակն էր օրենքով ամրագրել հաշմանդամների սոցիալական պաշտպանության ոլորտում պետական քաղաքականության նպատակները, հաշմանդամ անձանց իրավունքների ապահովումն իրականացնել համալիր և տարեկան ծրագրերի միջոցով։ Այն նաև մոնիթորինգի յուրատեսակ մեխանիզմ էր առաջարկում՝ Հաշմանդամների սոցիալական պաշտպանության ազգային հանձնաժողովի տեսքով։ Այն ենթադրում էր 11 անդամից՝ ՀԿ-ների և սոցիալական պաշտպանության հաստատությունների ներկայացուցիչներից կազմված հանձնաժողով, որը պետք է հետևեր համալիր և տարեկան ծրագրերի իրականացմանը, հայտներ իր փորձագիտական կարծիքը կատարվող աշխատանքների վերաբերյալ։
Հաջորդ գումարման Ազգային ժողովներում՝ 2007 թ.-ին և 2016 թ.-ին, նույն նախագիծը ներկայացրեցին «Օրինաց երկիր» խմբակցության այլ պատգամավորներ։ Նախագիծն արժանացավ կառավարության բացասական եզրակացությանը։ 2007 թ.-ին նստաշրջանի օրակարգ ընդգրկվելը հետաձգվեց շուրջ երկու տասնյակ անգամ՝ 2007-ից հասնելով մինչև 2012 թվական։
Այլ իրավական ակտով օրենսդրական բացթողումները լրացնելու փորձ էր նաև 2006 թվականին «Օրինաց երկիր» խմբակցության երեք պատգամավորների ներկայացրած «Հաշմանդամների և սակավաշարժ այլ անձանց համար հասարակական նշանակության վայրերի և հասարակական տրանսպորտի մատչելիության ապահովման մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Նախագծի հիմնական նպատակը միջավայրի մատչելիության ապահովումն էր, սակայն նախագիծը արժանացել էր կառավարության բացասական եզրակացությանը՝ հիմնվելով նախագծի իրավական առումով թերի լինելու և հետագայում հնարավոր ֆինանսավորման խնդիրների վրա։
2010 թ. հունիսի 17-ին անցկացվեցին խորհրդարանական լսումներ ԱԺ պատգամավորների, կառավարության, հասարակական կազմակերպությունների և միջազգային կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ, իսկ հաջորդիվ նախաձեռնվեցին հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության նոր համապարփակ օրենքի մշակման ու ընդունման ուղղությամբ աշխատանքները։
Կառավարության կողմից մշակվեց և դեռևս 2013 թ. օգոստոսի 26-ին Ազգային ժողով ներկայացվեց «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որի՝ նստաշրջանի օրակարգ ընդգրկվելը հետաձգվեց 1 տարով, իսկ 2015 թ․ ապրիլին հետ կանչվեց կառավարության կողմից։ Սույն նախագծում առաջին անգամ սահմանվեցին «հաշմանդամություն», «խտրականություն», «խելամիտ հարմարեցումներ», «համընդհանուր դիզայն» և այլ կարևոր հասկացություններ, «հաշմանդամ»-ը փոխարինվեց «հաշմանդամություն ունեցող անձ»-ով և ամբողջությամբ վերափոխվեց սահմանումը։
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագիծը կրկին Ազգային ժողով ներկայացվեց 2016 թ․ նոյեմբերի 11-ին, սակայն այս անգամ ևս օրենքը չընդունվեց։ Ընդ որում, թեև օրենքի նախագիծը վերանայվել էր և կրել փոփոխություններ, կրկին հեռու էր Կոնվենցիայով ընդունված մոտեցումներից և, մասնավորապես, հիմնված չէր մարդու իրավունքների վրա։ Օրենքի նախագծում լիովին ուրվագծվում էին բժշկական մոդելի վրա հիմնված մոտեցումները, ինչը խիստ խնդրահարույց է։ Հատկապես մտահոգիչ էր օրենքի նախագծում «Կենսագործունեության սահմանափակումների պատճառները և հաշմանդամության կանխարգելումը» գլխի ներառումը, որը որևէ կերպ չի կարող տեղավորվել մարդու իրավունքների և սոցիալական ներառման գաղափարախոսության մեջ։ Այդ մասին 2017 թ.-ին իր առաջարկությունները (հանձնարարականները) ներկայացրեց Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեն՝ Հայաստանի նախնական զեկույցի մասին եզրափակիչ դիտարկումներում։
2017 թ․ օգոստոսի 23-ին իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական՝ e-draft.am կայքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման դրեց «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» օրենքի նախագիծը։ Այս նախագիծը կրկին չարդարացրեց հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող այլ կազմակերպությունների սպասելիքները, քանի որ այն ևս համահունչ չէր մարդու իրավունքների մոտեցումներին։ Իսկ 2017 թ․ սեպտեմբերի 9-ին վերանայված նախագիծը ընդգրկվեց Ազգային ժողովի հերթական նստաշրջանի օրակարգ։
Հատկանշական» էին 2018 թվականի մարտի 28-ին «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցած խորհրդարանական լսումները, երբ հաշմանդամություն ունեցող անձինք, նրանց ներկայացնող կազմակերպությունները ոչ միայն հանդես եկան ելույթներով և հարցեր տվեցին կառավարության ու Ազգային ժողովի ներկայացուցիչներին, այլև ակցիայի միջոցով ուշադրություն հրավիրեցին այն փաստին, որ անգամ այս պարագայում չեն ապահովվել հավասար հնարավորություններ, խախտվել է օրենսդրությունը, և փաստացի, խորհրդարանական լսումներն անցկացվում են խորհրդարանից դուրս։ Ազգային ժողովի շենքն ամբողջությամբ մատչելի չէր հաշմանդամություն ունեցող անձանց համար, և չկար համապատասխան քաղաքական կամք այն հարմարեցնելու համար։
Խորհրդարանական լսումներին մասնակցում էր նաև Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, որը մարդու իրավունքներին համահունչ օրենքի ընդունման ջատագովության շուրջ էր միավորում հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ներկայացնող կազմակերպությունները։ Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան ջատագովության շրջանակներում նաև տարբեր հանդիպումներ էր ունենում որոշում կայացնողների հետ, հանդես գալիս մամուլի ասուլիսներով և զբաղվում հաշմանդամություն ունեցող անձանց կարողությունների զարգացմամբ։
Հատկապես նշանակալի էր Կոալիցիայի նախաձեռնությամբ Կոնվենցիայի մշակման աշխատանքներին մասնակցած ամերիկացի փորձագետ Ջոն Վոդաչի ներգրավումը ջատագովության և նախագծի բարելավման աշխատանքներին։
Հեղափոխությունից հետո՝ 2018 թ․ սեպտեմբերի 5-ին, ՀՀ կառավարությունը կրկին հետ կանչեց օրենքի նախագիծը, իսկ 2019 թ․ օգոստոսի 6-ին և 2020 թ․ փետրվարի 25-ին կրկին հանրային քննարկման դրվեց «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի նախագիծը։
Հանրային քննարկման ներկայացված տարբերակներն էականորեն տարբերվում էին նախորդ տարբերակներից, քանի որ բացառվել էր նախագծի տեքստում հաշմանդամության ուղղակի և անուղղակի հիմքով խտրական դրույթների առկայությունը։ Նախագիծը լրացվել էր մի շարք նոր դրույթներով։ Նոր հոդվածներով անդրադարձ էր կատարվել հաշմանդամության հիմքով խտրականությանը, աշխատավայրում և ուսումնական հաստատություններում խելամիտ հարմարեցումներին, անկախ կյանքի իրավունքին։ Հարակից օրենքների նախագծերով նաև ամրագրվել էր հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպությունների՝ խտրականության գործերով դատարան դիմելու իրավունքը (actio popularis), ինչը հասարակական կազմակերպությունների գլխավոր պահանջներից մեկն էր։
Հանրային քննարկման ներկայացված տարբերակում նաև առկա էր նոր մոնիթորինգի մեխանիզմի՝ մատչելիության հանձնաժողովի մասին գլուխը, որը հետագայում հանվեց նախագծից գործադիր իշխանության մարմինների կոնսենսուսին չարժանանալուց հետո։
2021 թ․ փետրվարի 9-ին օրենքի նախագիծը երրորդ անգամ ներկայացվեց Ազգային ժողով։ Արժանանալով առողջապահության և սոցիալական հարցերի և մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովների դրական եզրակացությանը՝ նախագիծն ընդգրկվեց նստաշրջանի օրակարգում։ Մարտի 25-ին ԱԺ-ն 93 կողմ, 0 դեմ և 4 ձեռնպահ ձայնով այն ընդունեց առաջին ընթերցմամբ, իսկ մայիսի 5-ին՝ 86 կողմ, 0 դեմ և 1 ձեռնպահ ձայնով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ։
Օրենքի մասին
Օրենքում պահպանվել են բոլոր այն արտոնությունները, որոնք նախկինում սահմանված էին «հաշմանդամություն ունեցող» ճանաչված անձանց համար։ Այդ առումով՝ օրենքում չկան այնպիսի դրույթներ, որոնք կարելի է վատթարացնող համարել։
Օրենքի առավելություններից մեկն այն է, որ փոխվում է «հաշմանդամություն» և «հաշմանդամություն ունեցող անձ» հասկացությունների սահմանումը՝ չսահմանափակվելով միայն բժշկասոցիալական փորձաքննությամբ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված անձանցով, այլ ընդգրկում է բոլորին։ Սահմանման լայն լինելը հնարավորություն է տալիս պաշտպանել բոլոր անձանց հաշմանդամության հիմքով խտրականությունից՝ անկախ իրենց փաստացի հաշմանդամություն ունենալուց կամ որպես այդպիսին ընկալվելու հանգամանքից։
«Հաշմանդամություն՝ առողջական խնդիրներ ունեցող անձանց և միջավայրային արգելքների (այդ թվում՝ վերաբերմունքի) փոխազդեցության արդյունքում առաջացող երևույթ (իրավիճակ), որը խոչընդոտում է անձի` մյուսների հետ հավասար հիմունքներով հասարակական կյանքին լիարժեք ու արդյունավետ մասնակցությանը»։
Օրենքով նաև իրազեկվածության բարձրացման, խտրականության կանխարգելման, իրավունքների արդյունավետ պաշտպանության գործողությունների և հատուկ ժամանակավոր միջոցների կիրառման պարտականություն է սահմանվել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների համար։ Իսկ, ինչպես վերևում նշվեց, հասարակական կազմակերպությունները կունենան խտրականության դեպքում հայց ներկայացնելու իրավունք, եթե խախտվել է հաշմանդամություն ունեցող անձանց խմբերի՝ հաշմանդամության հիմքով խտրականությունից պաշտպանվելու իրավունքը, կամ խախտվել է հաշմանդամություն ունեցող անձի՝ խտրականությունից պաշտպանվելու իրավունքը, որը, ելնելով առողջական վիճակից կամ այլ հանգամանքից, չի կարող անձամբ ներկայացնել իր իրավունքները և օրինական շահերը դատարանում։ Այստեղ, սակայն, խնդրահարույց է այն հանգամանքը, որ միայն հաշմանդամություն ունեցող անձանց կողմից ղեկավարվող (երբ անդամների մեծամասնությունը հաշմանդամություն ունեցող անձինք են) կազմակերպությունները հնարավորություն կստանան հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խախտումների դեպքում հայց ներկայացնել դատարան։ Թեև սա նման կազմակերպությունների զարգացումը խթանող միջոց կարող է լինել, այնուամենայնիվ՝ այն կազմակերպությունները, որոնք զբաղվում են նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ, սակայն անդամների մեծամասնությունը հաշմանդամություն ունեցող անձինք չեն, նման հնարավորությունից զրկված կլինեն։
Օրենքով սահմանվել են հաշմանդամություն ունեցող անձանց՝ խելամիտ հարմարեցումների և անկախ կյանքի ու համայնքում ապրելու իրավունքներն իրականացնելու վերաբերյալ դրույթներ։
Սահմանված է, որ աշխատավայրում կամ ուսումնական հաստատությունում հաշմանդամություն ունեցող անձի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա կատարվում է խելամիտ հարմարեցում: Խելամիտ հարմարեցումներ ապահովելու կարգը պետք է սահմանի ՀՀ կառավարությունը: Ընդունված օրենքը, այնուամենայնիվ, թերի է ի համեմատ հանրային քննարկման դրված տարբերակի, քանի որ հեռացվել են այն դրույթները, որոնք սահմանում էին, թե ինչպես պետք է իրականացվի խելամիտ հարմարեցումների ապահովման գործընթացը։
Ըստ օրենքի՝ հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքի իրավունքն ապահովելու նպատակով պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները պետք է իրականացնեն տարբեր ծրագրեր և ծառայություններ, որոնք պետք է լինեն համայնքահենք, հնարավորություն տան հաշմանդամություն ունեցող անձանց ապրելու իրենց համայնքում, կանխեն մուտքը շուրջօրյա խնամքի մեծ հաստատություններ։
Օրենքով սահմանվել են անձնական օգնականի վերաբերյալ հիմնական դրույթները։
Անձնական օգնականն այն անձն է, որը տվյալ պահին գտնվում է հաշմանդամություն ունեցող անձի հետ և իրականացնում է հաշմանդամություն ունեցող անձի խնամքը կամ աջակցում (օգնում է) հաշմանդամություն ունեցող անձին՝ հաղթահարելու միջավայրային արգելքները (այդ թվում՝ տեղաշարժվելու և հաղորդակցվելու)։ Այս ծառայության տեսակը կարելի է համարել անկախ կյանքի ծառայությունների համակարգի առանցքը։
Անձնական օգնականի ծառայությունները, համաձայն օրենքի, կտրամադրվեն հաշմանդամություն ունեցող անձին (երեխային) ծառայությունների անհատական ծրագրով սահմանված լինելու դեպքում: Ծառայությունը կմատուցվի անձնական օգնականի և հաշմանդամություն ունեցող անձի (նրա օրինական ներկայացուցչի) միջեւ կնքված պայմանագրի հիման վրա, որում ներառվում են կողմերի իրավունքներն ու պարտականությունները:
Ինչպես արդեն նշվեց, օրենքում չի ներառվել նոր մոնիթորինգի մեխանիզմի՝ մատչելիության հանձնաժողովի մասին գլուխ, ինչը թերևս օրենքի առավել բացասական կողմերից է։ Մատչելիության ապահովումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և իրացման, նրանց սոցիալական ներառման և հավասար հնարավորությունների ապահովման նախապայման է, որը ներառում է ֆիզիկական միջավայրի և տեղեկատվության ու հաղորդակցության մատչելիությունը։ Մատչելիության հանձնաժողովը գործելու էր անկախ, իրականացնելու էր մատչելիության վերահսկողությունն ու խթանումը՝ այդպիսով առարկայական ու արագ փոփոխություններ ապահովելով հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացման հարցում։
Documents
- «Հայաստանի Հանրապետությունում Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենք։ 1993/08/01
- Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիա։ 2010/10/22
- «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենք։ 2021/05/05
Links
- Հաշվետվություն <<Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին>> ՄԱԿ-ի կոնվենցիայի իրականացման վերաբերյալ։ 2012/12/20
- «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագիծ։ 2013/03/22
- «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագիծ։2017/08/23
- «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի նախագիծ։ 2019/08/06
- «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի նախագիծ։ 2020/02/25
- Խորհրդարանական լսումներ Ազգային ժողովում։ 2010/06/17
- ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ խորհրդարանական լսումներ են անցկացվել։ 2013/04/02
- Խորհրդարանական լսումներ՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ։ 2018/03/28
- Քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներ։ 2018/03/19
- Եզրափակիչ դիտարկումներ Հայաստանի նախնական զեկույցի վերաբերյալ* ։ 2017/04/07
- Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեն իր մտահոգություններն է ներկայացրել ՀՀ կառավարությանը։ 2017/04/20
- Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեի՝ Հայաստանի նախնական զեկույցի վերաբերյալ եզրափակիչ դիտարկումներում հոգեկան առողջության ոլորտին առնչվող առաջարկությունների կատարման վերաբերյալ տեղեկանք։ 2020/04/09
- «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի նախագիծը դրական եզրակացություն ստացավ։ 2021/03/16
- «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ Ազգային ժողովում։ 2013-2015 թթ․
- «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ Ազգային ժողովում։ 2017-2018 թթ․
- «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ Ազգային ժողովում։ 2013-2015 թթ․
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» օրենքի նախագծում մի շարք կարևոր դրույթներ չեն ներառվել
Այսօր՝ 2016 թ. նոյեմբերի 3-ին ՀՀ Կառավարությունը հավանություն է տվել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին, որի վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ներկայացված առաջարկներից միայն մեկն է ընդունվել: Մենք ողջունում ենք, որ Նախագծի 30-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված «Հաշմանդամություն ունեցող անձանց որոշակի իրավունքներ և պարտականություններ կարող են վերացվել կամ փոփոխվել Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված դեպքերում և կարգով, եթե դրանց իրականացումն անհնար է հաշմանդամություն ունեցող անձի կենսագործունեության սահմանափակման պատճառով կամ վտանգում է հաշմանդամություն ունեցող անձի կյանքը կամ առողջությունը» բովանդակությամբ դրույթը հանվել է Նախագծից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ Սահմանադրությամբ առկա չեն իրավունքը վերացնելու կամ փոփոխելու հասկացությունները, այն ամրագրում է միայն իրավունքները սահմանափակելու հասկացություն, բացի դրանից՝ ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված չէ հաշմանդամություն ունեցող անձի կենսագործունեության սահմանափակման պատճառով անձի իրավունքների սահմանափակման հնարավորություն։ Բայցևայնպես արձանագրում ենք, որ Օրենքի նախագիծը առավելապես կենտրոնացած է հաշմանդամության սոցիալական մոդելի վրա, քան՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման և պաշտպանության։ Մեր մի շարք առաջարկներ, որոնք կարող են էական նշանակություն ունենալ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության գործում, դուրս են մնացել Կառավարության կողմից հավանության արժանացած Օրենքի նախագծից: Դրանք ներկայացնում ենք ստորև: 1․Նախագծի 8-րդ հոդվածում սահմանել հանրային կյանքում լիակատար և արդյունավետ մասնակցություն և ներգրավվածության սկզբունքը (որպես ՄԱԿ-ի Կոնվենցիայի 3-րդ հոդվածի արտացոլում): 2․Նախագծի 7-րդ հոդվածից հանել որպես հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման պետական քաղաքականության հիմնական նպատակ սահմանված հաշմանդամության կանխարգելումը, ինչպես նաև նախագծի 16-րդ հոդվածը, որը սահմանում է հաշմանդամության կանխարգելման կարգը և պայմանները։ (Հաշմանդամության կանխարգելումը որպես նպատակ չի ներառվել Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայում՝ ելնելով այն սկզբունքից, որ հաշմանդամություն ունեցող անձանց շուրջ տարվող քաղաքականությունը պետք է հիմնված լինի ոչ թե առողջապահական և սոցիալական սկզբունքների, այլ իրավունքների և ազատությունների ապահովման և պաշտպանության վրա): Օրենքի նախագծով սահմանել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար ՀԿ-ների դատարան դիմելու իրավունքը, մասնավորապես՝ նախագիծը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր հոդվածով . «1) Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունները, Մարդու իրավունքների պաշտպանը (ՄԻՊ-ի համար տվյալ իրավունքի սահմանումը թողնում ենք Մարդու իրավունքների պաշտպանի հայեցողությանը) օգտվում են հաշմանդամություն ունեցող անձանց և անձանց խմբերի իրավունքների հարցերով դատական պաշտպանության իրավունքից: 2) Պետությունը ապահովում է հաշմանդամություն ունեցող անձանց համար իրավական արդյունավետ պաշտպանության իրավունքը պետական միջոցների կամ ՏԻՄ միջոցների հաշվին:» Չընդունված առաջարկների մասով կազմակերպությունը կշարունակի պնդել Օրենքի նախագծի խորհրդարանական լսումների ընթացքում:
Տես ավելին՝ http://archive.hcav.am
2017 թ-ի մայիս, ՀՀԿ-ն կրկին նախընտրեց ՄԱԿ-ի կոմիտեի կողմից «չափազանց խտրական» որակված մտքերի հեղինակ Հակոբ Հակոբյանին
Պատգամավոր Հակոբ Հակոբյանը, ամենայն հավանականությամբ, վաղը կընտրվի Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում:
Հակոբ Հակոբյանի թեկնածությունն առաջարկվել է Հայաստանի հանրապետական կուսակցության խմբակցության կողմից:
«Ելք» կուսակցությունների դաշինքի պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հարց ուղղելով Հակոբյանին` ասաց. «Ես այսօր շրջում էի Ազգային ժողովի շենքով, այն բացարձակապես հարմարեցված չէ հաշմանդամություն ունեցող մարդկանց համար: Արդյոք սա կլինի՞ Ձեր առաջիկա գործունեության համար հարց, որին կանդրադառնաք»:
Հարցին Հակոբյանը սկզբում չանդրադարձավ, միայն Գորգիսյանի դիտարկումից հետո ասաց. «Ճիշտ եք ասում, որ չանդրադարձա: Ես ասացի, որ և´ առողջապահության համակարգը, և՛ սոցիալական ապահովության համակարգը պետք է դրված լինեն կանխարգելիչ գործողությունների վրա: Այո´, ցավոք այդպես է [մատչելիությունը]: Ա´յ, եթե դուք նայեք սոցիալական աջակցության մասին օրենքը…»
Թեկնածուի խոսքը կիսատ մնաց, քանի որ պատասխանի ժամանակը լրացավ:
Հակոբ Հակոբյանը նախորդ գումարման Ազգային ժողովում էլ էր ղեկավարում սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը:
Հենց այդ հանձնաժողովն էր դրական եզրակացություն տվել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագծին: Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի հետ այդ նախագծի անհամապատասխանության մասին մտահոգություն էր հայտնել նաև Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեն:
Նախագծի ներկայացման ժամանակ պատգամավորը մի շարք խտրական և հաշմանդամության մարդու իրավունքների մոդելին հակասող թեզեր էր առաջ քաշել՝ ասելով. «Հաշմանդամության մասին ամենալավ օրենքի կիրառումը դա հաշմանդամ չունենալն է… Օրենքը խրախուսում է հաշմանդամությունը»:
«Մենք հստակ գիտենք, թե մարդն ինչու է հաշմանդամ դարձել: Առողջապահության համակարգի միջոցով հստակ պետք է փակել բոլոր այն ճանապարհները, որոնց պատճառով մենք ձեռք ենք բերում հաշմանդամներ… Երբ մարդիկ առողջության կամ որևէ պատճառով դրդված ձգտում են դառնալ, դիմում են հաշմանդամ դառնալու, ո՞րն է լինելու համակարգի խնդիրը` ամեն ինչ անել բոլոր ճանապարհներով մարդկանց հաշմանդամություն չտալու,- ասել էր հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, ավելացնելով,- 7 տոկոս հաշմանդամ ունենալը ցանկալի չէ»:
Այս ելույթին անդրադարձ էր կատարվել նաև Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի կողմից Ժնևում: Հայաստանի զեկույցը դիտարկելիս կոմիտեի հատուկ զեկուցողը մեջբերել էր ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հակոբ Հակոբյանի խոսքը՝ որակելով այն չափազանց խտրական: Այս հարցի հնչելուց հետո անգամ Հայաստանի կառավարության պատվիրակությունն արձագանքել էր ծիծաղով:
Տեղեկացնենք նաև, որ ԱԺ-ն գերադասեց այլևս չունենալ առանձին մարդու իրավունքների մշտական հանձնաժողով: «Ելք» և «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքների առաջարկները՝ պահպանել հանձնաժողովը, չընդունվեցին:
Տես ավելին՝ https://disabilityinfo.am