Հոգեկան առողջություն. ապաինստիտուցիոնալացում
Հաշմանդամություն ունեցող անձինք իրենց կյանքի բոլոր ոլորտներում պատմականորեն զրկված են եղել անձնական ընտրությունից և իրենց կյանքի նկատմամբ վերահսկողությունից: Ինչպես աշխարհի բոլոր մասերում, Հայաստանում ևս հոգեկան առողջության խնդիրներ և բարձր աջակցության կարիք ունեցող անձանց պահանջմունքներին հիմնական արձագանքը եղել է հաստատություններում նրանց բնակության (պահման) և խնամքի կազմակերպումը։
Մշտապես ենթադրվել է, որ շատերն ի վիճակի չեն ինքնուրույն ապրել իրենց համայնքներում և ստանալ իրենց նախընտրելի սոցիալական և առողջապահական ծառայությունները: Այդ ծառայություններն այսօր էլ անհասանելի են, քանի որ համայնքահենք ծառայությունների ենթակառուցվածքներն ամբողջությամբ ձևավորված չեն, դրանք շարունակում են մնալ հատվածական և չփոխկապակցված:
Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մատուցվող ծառայությունները հիմնականում սահմանափակվել են մասնագիտական հոգեբուժական հաստատություններում ստացիոնար բուժման ձևով։ Սա հանգեցրել է նրան, որ այդ հաստատություններում բժշկական օգնություն են ստանում ոչ միայն բժշկական օգնության կարիք ունեցող, այլ նաև հոգեկան առողջության խնդիրներ ունեցող այն անձինք, որոնք փաստացի չունեն բուժման կարիք, սակայն չունեն գնալու տեղ կամ նրանց անհրաժեշտ են խնամքի այլ ծառայություններ։
Նման հաստատությունները (հոգեբուժական, խնամքի և այլն), որոնք գործում են ռեժիմային մշակույթով, առանձնացնում և սահմանափակում են հաշմանդամություն ունեցող մարդկանց: Այդ հաստատությունները ապախթանում են այդտեղ գտնվող (պահվող) անձանց անհատականությունը և պարտադրում զանգվածային վարք: Բնակիչները չունեն անձնական տարածք և գաղտնիություն, ապրում են մարդկանց հետ, որոնց իրենք չեն ընտրել։ «Հաստատություն» եզրը չի սահմանափակվում մեծ կամ փոքր լինելով, այլ բնորոշվում է ռեժիմային մշակույթով։
Ապաինստիտուցիոնալացումը հաստատությունների բնակիչների աստիճանական տեղափոխումն է իրենց համայնքներ՝ իրենց տներ, սոցիալական բնակարաններ, փոքր խմբային տներ կամ այլ տիպի բնակելի վայրեր, որտեղ երաշխավորված են իրենց ազատությունները: Ապաինստիտուցիոնալացումն ուղեկցվում է ծառայությունների զարգացմամբ, որոնք աջակցում են խնամքի կարիք ունեցող մարդկանց՝ համայնքում ներառվելուն և մասնակցությանը, և առաջարկում են ճկուն և անհատական աջակցություն, որպեսզի մարդիկ կարողանան ապրել իրենց ուզած կյանքով:
Հայաստանում այս գործընթացը հաշմանդամություն ունեցող չափահաս անձանց դեպքում, ընդհանուր առմամբ, սկսվել է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան 2010 թվականին վավերացնելուց հետո։
Թեև ապաինստիտուցիոնալացումը՝ մարդկանց հաստատություններից դուրս բերելը, աշխարհում սկիզբ է առել դեռևս 1950-ականներին, սակայն այն իրավական առումով միջազգային օրակարգ մտավ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի ընդունմամբ։ Հայաստանը կոնվենցիան վավերացրեց 2010 թվականին՝ համաձայնելով ստանձնել պարտավորություններ նաև հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքի և համայնքում ներառվելու իրավունքն ապահովելու ուղղությամբ։
Կոնվենցիայի 19-րդ հոդվածը ճանաչում է հաշմանդամություն ունեցող բոլոր անձանց՝ անկախ ապրելու և համայնքում ներառվելու հավասար իրավունքը՝ կյանքի ձևն ընտրելու և վերահսկելու ազատությամբ: Հոդվածի հիմքը մարդու իրավունքների հիմնական սկզբունքն է՝ բոլոր մարդիկ ծնվում են ազատ ու հավասար՝ իրենց արժանապատվությամբ և իրավունքներով։
Կոնվենցիայի 19-րդ հոդվածը շեշտում է, որ հաշմանդամություն ունեցող անձինք իրավունքների սուբյեկտներ են և իրավունքի կրողներ: Կոնվենցիայի ընդհանուր սկզբունքներից (հոդված 3) երկուսը՝ հարգանքը արժանապատվության, անհատի ինքնուրույնության, ազատ ընտրության և անձի անկախության իրավունքի նկատմամբ (հոդված 3 (ա)) և հանրային կյանքում լիարժեք և արդյունավետ մասնակցությունը (հոդված 3 (գ)), անկախ ապրելու և համայնքում ներառվելու իրավունքի հիմքն են: Կոնվենցիայի 19-րդ հոդվածը մեկնաբանելիս Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեն նշում է, որ անկախ կյանքը և համայնքում ներառվելը վերաբերում է ամեն կարգի բնակելի հաստատություններից դուրս գտնվող կյանքի կարգավորմանը: Կոմիտեն նաև նշում է, որ ապաինստիտուցիոնալացումն ուղղակի շենքում կամ միջավայրում չապրելը չէ, այլ, առաջին հերթին, անձնական կյանքի ընտրությունն ու ինքնավարությունը չկորցնելը։
Այդպիսի պարզ որոշումներ են, օրինակ, թե ում հետ պետք է ապրել, ինչ պետք է ուտել, երբ պետք է գնալ քնելու, դուրս գալ տնից, սեղանին շոր գցել, թե ոչ, ընտանի կենդանիներ պահել, երաժշտություն լսել և այլն։ Դրանք գործողություններ և որոշումներ են, որոնք կայացնելով՝ ստեղծվում է մեր ինքնությունը։
Եթե անձը չունի իր կյանքին վերաբերող այս և այլ որոշումներ կայացնելու իրավունք կամ հնարավորություն, ապա անկախ հաստատության չափսերից (մեծ հաստատություն կամ փոքր խմբային տուն), անվանումից (բժշկական կենտրոն կամ տուն-ինտերնատ) կամ կառուցվածքից՝ անձը գործ ունի հաստատության հետ։
Կոմիտեն նշում է. «Հարգել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները 19-րդ հոդվածի առումով նշանակում է, որ մասնակից պետությունները պետք է փուլ առ փուլ հրաժարվեն ինստիտուցիոնալացումից: Ոչ մի նոր հաստատություն չի կարող կառուցվել մասնակից պետությունների կողմից, և ոչ էլ հին հաստատությունները կարող են նորոգվել, բացառությամբ բնակիչների ֆիզիկական անվտանգության պահպանման համար անհրաժեշտ ամենահրատապ միջոցները: Հաստատությունները չպետք է ընդլայնվեն, նոր բնակիչները չպետք է մուտք գործեն այն ժամանակ, երբ մյուսները հեռանում են…»։
Ըստ կոնվենցիայի, պետությունները պետք է ընդունեն ապաինստիտուցիոնալացման ռազմավարություն և գործողությունների կոնկրետ ծրագիր, պետք է երաշխավորեն, որ հանրային կամ մասնավոր ռեսուրսները չեն ուղղվում հաստատությունների պահպանմանը, նորոգմանը, շենքերի կառուցմանը կամ ցանկացած այլ ձևով չեն նպաստում ինստիտուցիոնալացմանը։
2017 թվականին Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեն հրապարակեց Հայաստանի նախնական զեկույցի վերաբերյալ եզրափակիչ դիտարկումները։ Դրանցում, մասնավորապես, կային մտահոգություններ և առաջարկություններ նաև հաստատություններում գտնվող անձանց իրավունքների և ապաինստիտուցիոնալացման մասին։
«Կոմիտեն մտահոգված է ապաինստիտուցիոնալացման դանդաղ առաջընթացով և բնակելի հաստատություններում ապրող հաշմանդամություն ունեցող երեխաների ու չափահասների մեծ թվով: Մտահոգիչ է նաև խիստ սահմանափակ աջակցությունը՝ ուղղված համայնքում անկախ ապրելուն:
Կոմիտեն առաջարկում է մասնակից պետությանն արագացնել ապաինստիտուցիոնալացման գործընթացը և առանց հետաձգման իրականացնել դրա գործողությունների պլանը՝ ներառյալ բոլոր հաստատությունների փակման ժամանակացույցը: Կոմիտեն նաև առաջարկում է մասնակից պետությանը ձեռնարկել իրավական միջոցներ և հատկացնել բավարար ռեսուրսներ աջակցության ծառայությունների զարգացման համար (այդ թվում՝ անձնական աջակցողի ծառայության, որը կհեշտացնի հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքը համայնքում): Կոմիտեն առաջարկում է, որ հաշմանդամություն ունեցող անձինք, իրենց կազմակերպությունների միջոցով, ներգրավվեն ապաինստիտուցիոնալացման բոլոր փուլերում (պլանավորում, իրականացում, գնահատում և մոնիթորինգ)»:
Հայաստանում հոգեկան առողջության բնագավառում փոփոխություններն իրականացվել են հիմնականում երկու հայեցակարգային փաստաթղթի միջոցով՝
- Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի և սոցիալական սպասարկման այլընտրանքային ծառայությունների տրամադրման հայեցակարգի և դրա իրականացման միջոցառումների 2013-2017 թթ. ծրագրի,
- Հոգեկան առողջության պահպանման և բարելավման 2014-2019 թթ. ռազմավարության ու ռազմավարության կատարումն ապահովող միջոցառումների ցանկի։
Առաջինը՝ հայեցակարգը և միջոցառումների ծրագիրը, կարելի է համարել ապաինստիտուցիոնալացման իրականացման, իսկ ռազմավարությունը և դրա միջոցառումների ցանկը՝ անհրաժեշտ միջավայրի ապահովման հիմնական միջոց։
Հարկ է նկատել, որ ապաինստիտուցիոնալացումը չի կարող իրականացվել մեկ իրավական ակտի ընդունմամբ՝ հաշվի առնելով ինստիտուցիոնալացման պատճառների բազմաշերտ լինելը։ Բարեփոխումը պետք է ընդգրկի բոլոր այն ոլորտների իրավական ակտերը, որոնք այս կամ այն կերպ ազդեցություն ունեն հաշմանդամություն ունեցող անձանց՝ անկախ կյանքի իրավունքի վրա։ Սակայն դա նաև չի նշանակում, որ այդ ապակենտրոն աշխատանքները չպետք է ունենան համակարգված բնույթ, կրկնությունները չպետք է բացառվեն, և չպետք է ապահովվի գործողությունների փոխկապակցվածությունը։ Բարեփոխումը պետք է ներառի ոչ միայն մարդկանց՝ հաստատություններից դուրս բերելու գործողություններ, այլ նաև անդրադառնա սոցիալ-առողջապահական (օրինակ՝ զբաղվածությունը, անձնական բյուջետավորումը, սոցիալական աշխատանքի ինստիտուտի զարգացումը) և իրավական (օրինակ՝ խտրականությունից պաշտպանությունը, անգործունակության համակարգի վերափոխումը, արդարադատության մատչելիության իրավունքը) հարցերի:
2013 թվականին ընդունված Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի և սոցիալական սպասարկման այլընտրանքային ծառայությունների տրամադրման հայեցակարգում նշվում էր, որ «Հոգեկան առողջության ոլորտի նպատակն ընդհանուր առմամբ մարդկանց հոգեկան առողջության պահպանումն է, իսկ սույն հայեցակարգի տեսանկյունից` հոգեկան առողջության այլընտրանքային ծառայությունների ներդրումը»: Հայեցակարգում նկարագրված էին տվյալ պահին հոգեկան առողջության ոլորտում իրավիճակը, հաստատություններում անձանց տեղավորելու համար հետաքրքրվածության արձանագրված աճը, միջազգային փորձը և դրա հիման վրա առաջարկվող ծառայությունների մոդելները։
Հայեցակարգը ապաինստիտուցիոնալացումը սահմանում էր որպես «հոգեկան առողջության ծառայությունների վերափոխման կարևորագույն փուլ, որի ժամանակ տեղի է ունենում հոգեբուժական խոշոր հաստատությունների աստիճանաբար փոխարինում այլընտրանքային ծառայություններով` կարճաժամկետ խնամքի շուրջօրյա տներով, համայնքային ցերեկային կենտրոններով և այլ ծառայություններով»: Սակայն «ապաինստիտուցիոնալացում» բառը հայեցակարգում օգտագործված է միայն մեկ անգամ՝ փոքր խմբային տների մոդելը ներկայացնող հատվածում, և դրված չէ հայեցակարգի նպատակներում։
Հայեցակարգում որպես համակարգային խնդիր թվարկված էին՝
- խնամքի հարցերի օրենսդրական ոչ լիարժեք կարգավորումը,
- հոգեկան առողջության ոլորտի մասնագետների պակասը,
- հոգեկան առողջության խնդիրներ ունեցող տարեցների համար հատուկ խնամքի տների կամ ցերեկային կենտրոնների բացակայությունը,
- հոգեկան առողջության, ինչպես նաև մտավոր խնդիրներ ունեցող երեխաների և դեռահասների համար խնամքի շուրջօրյա և ցերեկային կենտրոնների կարիքը,
- զբաղվածության և վերականգնողական կենտրոնների պակասը,
- կարիքներին համարժեք համայնքային ցերեկային կենտրոնների ոչ բավարար քանակը,
- տնային սպասարկման ծառայությունների տրամադրման սահմանափակումները,
- անօթևան մարդկանց ժամանակավոր կացարանում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց սպասարկելու սահմանափակումները,
- հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համար սատարող կացարանների բացակայությունը:
Հայեցակարգի նպատակներին հասնելու և խնդիրները լուծելու համար միջոցառումների 2013-2017 թթ. ծրագրում ներառված էին 20 միջոցառումներ։
Առաջին միջոցառմամբ նախատեսված էր վերանայել ոլորտի օրենսդրությունը՝ համապատասխանեցնելով Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիային, ինչը, սակայն, չի իրականացվել, և մինչ օրս այն հակասությունների մեջ է կոնվենցիայի պահանջների հետ։
Նախատեսվել և իրականացվել է նաև ծառայությունների տրամադրման մեթոդաբանության մշակում և այդ մեթոդաբանության հիման վրա հաստատություններից մեկում գտնվող անձանց կարիքների գնահատում։
Միջոցառումների ծրագրով նախատեսված էր հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համայնքահենք ծառայությունների տրամադրման փորձնական ծրագրի մշակում, որի շրջանակներում մշակվել էր փոքր խմբային տների ծրագիր։ Սակայն նախատեսված երկու փոքր խմբային տների փոխարեն 2016-ին ստեղծվել է միայն մեկը՝ Սպիտակի խնամքի տունը, որը հիմնականում ֆինանսավորվել է «Բաց հասարակության հիմնադրամ-Հայաստանի» կողմից՝ համայնքի և կառավարության ընթացիկ և հետագա օժանդակությամբ։
Ծրագրով նախատեսված էր նաև երեք համայնքում առավելագույնը 30-50 այցելուի համար հոգեկան առողջության ցերեկային կենտրոնների ստեղծում կամ գործող կենտրոնների կարողությունների զարգացում։ 2017 թվականից ցերեկային ծառայություններ է մատուցել «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ի ցերեկային կենտրոնը։ Վերջինս, փաստացի, հաստատության մաս է, ինչը չի բխում համայնքահենք ծառայությունների սկզբունքներից։
Միջոցառումներից մեկը ընթացքում հանվել է ծրագրից, և 3-10 անձի բնակության և ինքնուրույն կյանքին հարմարվելու համար նախատեսված 10 սատարող բնակարանները չեն ստեղծվել։
Ծրագրից համապատասխան միջոցառումներ հանելու արդյունքում չեն ստեղծվել նաև խնամքի շուրջօրյա և ցերեկային կենտրոններ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող տարեցների համար, ինչն իրականում դրական է, և նման միջոցառման իրականացումը հակասում էր հայեցակարգի տրամաբանությանը։ Մյուս գործողությունները կա՛մ անուղղակիորեն են նպաստում ապաինստիտուցիոնալացմանը, կա՛մ ազդեցության առումով համեմատաբար դժվար չափելի են։ Հայեցակարգի իրականացման միջոցառումների ծրագրի կատարման անկախ գնահատում իրականացրել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։
Հայաստանի Հանրապետությունում հոգեկան առողջության պահպանման և բարելավման 2014-2019 թվականների ռազմավարության նպատակն էր հոգեկան առողջության պահպանման և բարելավման համակարգի զարգացումը և բնակչության հոգեկան առողջության խնդիրների առաջացման կանխարգելումը: Ռազմավարության խնդիրներն էին ապահովել ծառայությունների մատչելիությունը և հասանելիությունը, իրականացնել վերականգնողական բուժման ծառայություններ, ինտեգրել հոգեկան առողջության ծառայությունների տրամադրումը ընդհանուր առողջապահական համակարգի մեջ և այլն։
Ռազմավարությունն ուղղակիորեն չէր ենթադրում որևէ թվով անձանց դուրս բերում հաստատություններից կամ մուտքի կանխարգելում, այլ երբեմն հակառակը։ Այդ ռազմավարությունը, ընդհանուր առմամբ, ոչ թե ապաինստիտուցիոնալացման, այլ դրան նպաստող միջավայրի ձևավորման մասին էր, սակայն այն ոչ բոլոր դեպքերում էր զերծ ինստիտուցիոնալ մշակույթին բնորոշ բաղադրիչներից:
Ռազմավարության կատարումն ապահովող գործողությունների յոթ դասակարգումներից միայն մեկն էր ուղղակիորեն առնչվում ապաինստիտուցիոնալացմանը՝ «հոգեկան առողջության ոլորտի խնդիրների լուծման ինստիտուցիոնալ ձևից համայնքահենք աջակցության համակարգի անցմանը»։
Գործողություններով նախատեսվում էր 2014-2015 թվականներին Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատին որպես «այլընտրանք» (այլ կերպ ասած՝ զուգահեռ) երկու համայնքում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համար ստեղծել շուրջօրյա խնամքի տուն։ Այդ ծրագրի շրջանակներում նախատեսվում էր նաև մասնագետների վերապատրաստում, որից հետո էլ՝ 2016-ին, նախատեսված էր մոդելի մշակում և Հայաստանում ներդրման կարողությունների գնահատում և առաջարկությունների ներկայացում։ Գործողությունների հիմնական կատարողը և պատասխանատուն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն էր։ Թեև գործողության առկայությանը և կառավարության՝ հասարակական կազմակերպությունների կողմից կառավարվող փոքր տներին աջակցելուն, մինչ օրս պետական փոքր խմբային տուն չի ստեղծվել։
Այս երկու հայեցակարգային փաստաթղթին զուգահեռ՝ գործել են նաև մի շարք այլ իրավական ակտեր, որոնցում հոգեկան առողջության ոլորտի բարեփոխումները եղել են արտացոլված և նշանակալի՝ փոփոխությունների հնարավորության տեսանկյունից։
Այդպիսի փաստաթղթերից են՝
- Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2014-2016 թթ. միջոցառումների ծրագիրը,
- Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թթ. գործողությունների ծրագիրը։
Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2014-2016 թվականների գործողությունների ծրագրով նախատեսված էր Հայաստանի Հանրապետությունում հոգեկան հաշմանդամություն ունեցող անձանց համայնքային ծառայությունների տրամադրման մեխանիզմների իրավական ակտերի նախագծում և համապատասխան վերապատրաստումների իրականացում, ինչպես նաև կարողությունների զարգացմանն ու ինքնուրույնության բարձրացմանն ուղղված ծրագրերի մշակում և իրականացում` հաշվի առնելով յուրաքանչյուր անձի անհատական կարիքները։ Վերջիններիս կատարումը փաստելը ինքնին բարդ է առանց մանրամասն ուսումնասիրության գործողությունների լայն ձևակերպման պատճառով։
Հաջորդ՝ 2017-2019 թթ. գործողությունների ծրագրով ՀՀ-ում հոգեկան առողջության ոլորտում բժշկական և խնամքի ծառայություններ տրամադրող կազմակերպություններում ձևավորվեց հասարակական դիտորդական խումբ՝ ծառայությունների որակի և մարդու իրավունքների պաշտպանության վիճակի նկատմամբ հասարակական վերահսկողության ապահովման նպատակով։
Նմանատիպ դիտորդական խումբ հետագայում ստեղծվեց նաև խնամքի ծառայություններ մատուցող կազմակերպությունների՝ մանկատների և տուն-ինտերնատների համար։ Սա թեև ուղղակիորեն չի նպաստել ապաինստիտուցիոնալացմանը, սակայն կարևոր գործիք է, որի միջոցով քաղաքացիական հասարակության կազմակերպությունները կարող են փաստահավաք աշխատանքներ կատարել և կիրառել ստացված փորձն ապաինստիտուցիոնալացման ջատագովության համար։
Բարեփոխումների այս փուլում հաստատություններ չեն փակվել, հակառակը՝ 2015 թվականին ստեղծվել է «Ձորակ» խնամքի կենտրոնը, որում արձանագրված բազմաթիվ խախտումների մասին իր տարբեր զեկույցներում և հայտարարություններում գրել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը։ Որպես արձանագրում՝ կարևոր է փաստել, որ 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց, այդ թվում՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի ծառայություններ են մատուցում (այդ թվում՝ հոգեկան առողջության և մտավոր խնդիրներ ունեցող անձանց) Երևանի թիվ 1 տուն-ինտերնատը (250 շահառու), Նորքի տուն-ինտերնատը (230 շահառու), Գյումրու տուն-ինտերնատը (160 շահառու), Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատը (450 շահառու), «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնը (120 շահառու), նույն կազմակերպության ցերեկային կենտրոնը (20 շահառու), Խարբերդի մասնագիտացված մանկատունը (220 շահառու), Սպիտակի համայնքային խնամքի տունը և «Ջերմիկ անկյուն» խմբային տունը։ Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց երկարաժամկետ, հաստատություններին բնորոշ ծառայություններ են մատուցում նաև ՀՀ առողջապահության նախարարության համակարգում գործող բժշկական կենտրոնները՝ Սևանի հոգեկան առողջության կենտրոնը, Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնը, «Ավան» հոգեկան առողջության կենտրոնը և այլն։
Այժմ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ապաինստիտուցիոնալացման գործընթացը հիմնված չէ ռազմավարական փաստաթղթի վրա, քանի որ նախորդ փաստաթղթերի գործողությունների ժամկետները սպառվել են, իսկ դրանց հաջորդականությունը չի ապահովվել։Այժմ միակ գործող պլանը Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2020-2022 թթ. գործողությունների ծրագիրն է, որը, սակայն, ոչ այնքան հաստատություններից դուրս բերման, այլ ինստիտուցիոնալացմանը նպաստող դրույթ ունի։ Գործողությունների ծրագրով նախատեսվում էր ստեղծել մանկական 1 հոգեբուժական ստացիոնար բաժանմունք։ Ըստ 2020 թվականի տարեկան հաշվետվության, այդ գործողության վերաբերյալ նախարարությունը հաշվետվություն չի ներկայացրել, ուստի համարվել է չկատարված, սակայն ՀՀ ԱՆ «Ավան» hոգեկան առողջության կենտրոնը հայտարարել է, որ ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ շուտով կգործի Հայաստանում առաջին մանկական հիվանդանոցային հոգեբուժական ծառայությունը, որտեղ երեխաների՝ հիվանդանոցային պայմաններում հոգեբուժական օգնություն և սպասարկում կիրականացվի: Չնայած մասնագիտացված ծառայության անհրաժեշտության հրատապությանը՝ ծառայությունների կենտրոնացումը վտանգավոր է դրա՝ հաստատության վերածման տեսանկյունից, ինչպես նաև հակասում է որդեգրված՝ հոգեկան առողջության ծառայությունների տրամադրումը ընդհանուր առողջապահական համակարգի մեջ ինտեգրելու (ապակենտրոնացման) քաղաքականությանը։
Այժմ բարեփոխում նախատեսող երկու փաստաթուղթ է մշակվել, որոնք դեռևս չեն հաստատվել՝
- «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքը,
- «Հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայությունների փոխակերպման 2020-2024 թվականների միջոցառումների ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ կսահմանվեն պետական քաղաքականության հիմնական ուղղությունները։
Ապաինստիտուցիոնալացման առումով կարևոր երկու ուղղություն կսահմանվի։ Առաջինը համայնքներում ծառայությունների մատչելիության ապահովումն է, ինչպես նաև անկախ կյանքի և համայնքում ներառվելու համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը։
Երկրորդ ուղղությունը հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամքի հաստատությունների փակումն է, խնամքի ծառայությունների փոխակերպումը համայնքահենք ծառայություններով։
Նախագիծն ամրագրում է, որ պետությունը պետք է իրականացնի «միջոցառումներ խնամքի շուրջօրյա մեծ հաստատություններում կազմակերպվող ծառայությունները համայնքահենք ծառայություններով փոխակերպելու ուղղությամբ»։ Նախագիծը նաև կարևոր դրույթ է ամրագրում ինստիտուցիոնալացման շղթային վերջ դնելու համար։ Օրենքի ընդունմամբ կարգելվի հաշմանդամություն ունեցող անձանց (երեխաների) համար խնամքի այնպիսի հաստատություններ ստեղծելը, որտեղ հաշմանդամություն ունեցող անձինք մեկուսացած են կամ զրկված են իրենց առօրյա կյանքին վերաբերող որոշումներ կայացնելու իրավունքից։
Լայն սահմանումը հնարավորություն կտա խուսափել ոչ միայն մեկուսացած շենքային պայմաններում հաշմանդամություն ունեցող մեծ թվով անձանց համար շուրջօրյա ծառայությունների մատուցումից, այլ նաև փոքր խմբային տներից, որոնք ունեն հաստատություններին բնորոշ բաղադրիչներ։ Արգելքը կարող է տարածվել նաև առանձնացված բնակավայրերի վրա, որոնք նպաստում են մեկուսացմանը և զրկում են անձանց իրենց կյանքը կառավարելու հնարավորությունից։
Արգելքին զուգահեռ՝ կանխարգելման պարտավորություն է սահմանվել նաև պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների վրա, որոնք պետք է իրականացնեն ծրագրեր և մատուցեն ծառայություններ՝ ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց մուտքը բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններ կանխելուն, հաստատությունից համայնք վերադարձը աջակցելուն, համայնքահենք ծառայություններ մատուցելուն։
Ապաինստիտուցիոնալացման և համայնքում ապրելու իրավունքի ապահովման առումով նախագծում կարևոր է նաև մի շարք այլ՝ ծառայությունների ստեղծման իրավական հիմքերի և կառավարությանը լիազորող նորմերի առկայությունը։ Օրինակ՝ անձնական օգնականի համակարգի ստեղծումը։
2020-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման ներկայացրեց «Հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայությունների փոխակերպման 2020-2024 թվականների միջոցառումների ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։ Նախագծի նպատակն է ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքի իրավունքը, խնամքի շուրջօրյա հաստատություններում ապրող անձանց համար այլընտրանքային ծառայությունների մատուցումը, ինչպես նաև կանխարգելել հաշմանդամություն ունեցող անձանց մուտքը խնամքի շուրջօրյա մեծ հաստատություններ: Այս նպատակով նախագծում սահմանվել է երեք հիմնական ուղղություն՝
- հաշմանդամություն ունեցող անձանց համար համայնքահենք ծառայությունների ստեղծում,
- բնակչության սոցիալական պաշտպանության շուրջօրյա խնամքի հաստատությունների լուծարում, վերակազմակերպում,
- հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների վերաբերյալ հանրության իրազեկման բարձրացում և վարքային փոփոխություն։
Այս նախագիծը, ի տարբերություն նախորդ բարեփոխումների փաստաթղթերի, ներառում է ապաինստիտուցիոնալացման գործընթացների կառավարման, ռազմավարական վերանայման, ծառայությունների դիզայնի, ռեսուրսների վերաբաշխման պլանավորման, անհատների գնահատման և նախապատրաստման, աշխատուժի զարգացման, լոգիստիկ պլանավորման, վարչարարության և ղեկավարման, ինչպես նաև մոնիթորինգի և գնահատման մասին դրույթներ։
Միջոցառումների ծրագրի նախագծում թվարկված են նաև հնարավոր ռիսկերը։ Այդ ռիսկերից են ֆինանսական ռեսուրսների սղությունը, ժամկետների հնարավոր խախտումները, ծառայություններից օգտվելու համար անձանց բարձր դիմելիությունը, դիմադրությունը համայնքների և ընտանիքների կողմից։
Միջոցառումների ծրագիրն ընդգրկում է նաև ոչ միայն տվյալ ծրագրի իրականացման մշտադիտարկումը, այլ նաև անհրաժեշտ այլ բաղադրիչները՝
- քաղաքականության,
- ծառայությունների ներդրման և մատուցման գործընթացների,
- մասնագետների վերապատրաստման գործընթացի,
- իրազեկման գործընթացի մշտադիտարկումները:
Տարբերություններից է նաև այն, որ այս նախագծում արդյունքային ցուցանիշները հստակ և չափելի են, ուղղակիորեն միտված են մարդկանց՝ հաստատություններից դուրս բերելուն և մուտքը կանխելուն։
Օրինակ՝ նախագծով նախատեսված է՝
- 2020-2024 թվականներին ստեղծել 56 խմբային տուն, որտեղ ծառայություն կստանան 388 շահառու,
- 2020-2024 թվականներին ստեղծել 25 պաշտպանված բնակարան 100 շահառուի համար (խնամքի հաստատություններում ապրող 35-40 շահառուների, ինչպես նաև նոր դիմողների համար՝ խնամքի հաստատություններ մուտքը կանխարգելելու նպատակով),
- 2020-2024 թվականներին անձնական օգնականի ծառայություններ ապահովել շուրջ 200 շահառուի (խնամքի հաստատություններում ապրող 52 շահառուների, ինչպես նաև նոր դիմողների համար՝ խնամքի հաստատություններ մուտքը կանխարգելելու նպատակով) համար,
- 2020-2024 թվականներին ապահովել շուրջ 200 շահառուի տնային խնամք (խնամքի հաստատություններում ապրող 106 շահառուների, ինչպես նաև նոր դիմողների համար՝ խնամքի հաստատություններ մուտքը կանխարգելելու նպատակով):
Հաշվի առնելով, որ նախագիծը ակնկալվող ժամանակահատվածում չի հաստատվել, դրա ընդունումը կենթադրի նաև մի շարք փոփոխություններ, այդ թվում՝ ակնկալվող արդյունքների և գործողությունների կատարման ժամկետների փոփոխությունները։
Փաստաթղթեր
- Կոնվենցիա հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին
- ՀՀ օրենքը Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին։ 1993/08/01
- ՀՀ օրենքը Հոգեբուժական օգնության մասին։ 2020/10/06
- Քաղվածք ՀՀ կառավարության նիստի արձանագրությունից հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի և սոցիալական սպասարկման այլընտրանքային ծառայությունների տրամադրման հայեցակարգին հավանություն տալու մասին։ 2013/05/07
- Քաղվածք ՀՀ կառավարության նիստի արձանագրությունից հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի և սոցիալական սպասարկման այլընտրանքային ծառայությունների տրամադրման հայեցակարգի իրականացման միջոցառումների 2013-2017 թվականների ծրագրին հավանություն տալու մասին։ 2013/09/13
- ՀՀ-ում հոգեկան առողջության պահպանման և բարելավման 2014-2019 թթ. ռազմավարությունն ու ռազմավարության կատարումն ապահովող միջոցառումների ցանկ։ 2014/04/17
- ՀՀ կառավարության որոշումը մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին։ 2014/04/12
- ՀՀ կառավարության որոշումը մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին։ 2017/05/21
- ՀՀ կառավարության որոշումը մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին։ 2020/01/17
- Տարեկան հաշվետվություն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2020- 2022թթ. գործողությունների ծրագրով 2020 թվականի ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ։ 2021/02/26
- «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի նախագիծ։ 2021/03/25
- «Հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայությունների փոխակերպման 2020-2024 թվականների միջոցառումների ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ։ 2020/03/13
Հղումներ
- ՀՀ-ում հոգեսոցիալական և մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց ծառայություններ մատուցող կազմակերպությունների շտեմարան
- Ի՞նչ է ապաինստիտուցիոնալացումը և ինչպե՞ս է այն իրականացվում։ 2016/26/05
- Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի և սոցիալական սպասարկման այլընտրանքային ծառայությունների տրամադրման հայեցակարգի և դրա իրականացման միջոցառումների 2013-2017թթ. ծրագրի կատարման վերաբերյալ տեղեկանք
- «Հայաստանի Հանրապետությունում հոգեկան առողջության պահպանման և բարելավման 2014-2019 թթ. ռազմավարության իրականացումը» զեկույց
- Տեղեկանք Հայաստանի Հանրապետությունում հոգեկան առողջության պահպանման և բարելավման 2014-2019թթ. ռազմավարության կատարումն ապահովող միջոցառումների իրականացման վերաբերյալ. 2014-2016թթ. ։ 2017/07/26
- «Սպիտակի խնամքի տուն. Ինստիտուցիոնալ համակարգից անցում համայնքահեն ծառայության» տեղեկանք
- «Հոգեկան եւ մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց գործունակությունը ՀՀ-ում. դեպի որոշումների կայացման համար աջակցության ապահովում» հետազոտություն
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի եզրափակիչ դիտարկումները Հայաստանի նախնական զեկույցի մասին
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեն ապրիլի 12-ին հրապարակել է Հայաստանի նախնական զեկույցի վերաբերյալ եզրափակիչ դիտարկումների նախնական տարբերակը։ Կոմիտեն Հայաստանի նախնական զեկույցը քննել էր մարտի 29-ին և 30-ին տեղի ունեցած նիստերին։
Կոմիտեն եզրափակիչ դիտարկումում մտահոգություններ է հայտնել Հայատանում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին առնչվող մի շարք հիմնախնդիրների վերաբերյալ՝ անձնագիր ստանալու դժվարություններից մինչև արդարադատության մատչելիություն։ Կոմիտեն յուրաքանչյուր ոլորտում առկա խնդիրների համար ներկայացրել է նաև առաջարկներ՝ հորդորելով Հայաստանի կառավարությանը իրականացնել մինչև 2020 թվականը։
Հայերեն թարգմանությունը ոչ պաշտոնականն է և արվել է «Դիսըբիլիթի ինֆո» հասարակական կազմակերպության ջանքերով։
Տես ավելին՝ https://disabilityinfo.am
Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի զեկույցը 2018 թ. սեպտեմբերի 16-20-ը Հայաստան կատարած այցին հաջորդիվ
Հանձնակատար Դունյա Միյատովիչը և նրա գլխավորած պատվիրակությունը Հայաստան այցելեցին 2018թ. սեպտեմբերի 16-20-ը: Այցի ընթացքում հանձնակատարը քննարկումներ ունեցավ կանանց իրավունքների, գենդերային հավասարության և ընտանեկան բռնության, անապահով և խոցելի խմբերի մարդու իրավունքների, ինչպես նաև մարդու իրավունքների նախկին խախտումների առնչությամբ հաշվետվողականության հետ կապված հարցերի շուրջ:
Տես ավելին՝ https://rm.coe.int
Մարդու իրավունքների պաշպտանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2020 թ. տարեկան զեկույցը
«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքն ուժի մեջ մտնելուց ի վեր միջազգայնորեն ընդունված սկզբունքների հիման վրա որդեգրվել է Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի և օմբուդսմանի գործառույթների փոխլրացման արդյունավետ մեխանիզմ:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տարբեր ստորաբաժանումներ իրականացնում են անհատական բողոքների և սեփական նախաձեռնությամբ հարցերի քննարկում, ինչը թույլ է տալիս վեր հանել ազատությունից զրկման վայրերում կոնկրետ իրավիճակներին առնչվող խնդիրներ, իսկ կանխարգելման ազգային մեխանիզմի
մանդատի շրջանակներում իրականացվող մշտադիտարկումը հնարավորություն է տալիս ուսումնասիրության ենթարկել ամբողջ համակարգը՝ անկախ բողոքների առկայությունից: Մշտադիտարկման ընթացքում ի հայտ եկած անհատական դեպքերը փոխանցվում են դրանք քննարկող ստորաբաժանմանը, և հակառակը՝ անհատական բողոքներով վեր հանվող համակարգային բնույթի հարցերը ներկայացվում են Կանխարգելման մեխանիզմի
ստորաբաժանման ուշադրությանը՝ ապահովելով տեղեկությունների փոխանակման ճկուն համակարգ:
Տես ավելին՝ https://ombuds.am
Առողջության իրավունքի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Դայնիուս Պուրասի զեկույցը Հայաստան այցի վերաբերյալ
ԵՐԵՎԱՆ / ԺՆԵՎ (սեպտեմբերի 22, 2017 թ.) – Սեպտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 5-ը Հայաստանում է լինելու Առողջության (իրավունքի) հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Դայնիուս Պուրասը: Նա գնահատելու է, թե որքանով է իրացվում մարդկանց առողջության իրավունքը:
«Այցի նպատակն է պարզել, թե Հայաստանն ինչ աշխատանք է տանում՝ երաշխավորելու մարդկանց առողջության իրավունքը, այդ թվում` թե ինչ միջոցներ են ձեռնարկվել մինչ օրս, ինչ ձեռքբերումներ կան, և ինչ մարտահրավերներ են մնում չհաղթահարված»,- ասել է պարոն Պուրասը, որն առողջության (իրավունքի) հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողներից առաջինն է, որ այցելում է Հայաստան:
Տես ավելին՝ https://www.ohchr.org