Քրեական օրենսդրություն
Անկախությունից հետո Հայաստանի Հանրապետության առաջին Քրեական օրենսգիրքն ընդունվեց 1995 թ. Սահմանադրության ընդունումից հետո տևական ժամանակ անց՝ 2003 թ. ապրիլի 18-ին, որն ուժի մեջ մտավ 2003 թ. օգոստոսի 1-ին։ Մինչ 2003 թվականը շարունակում էր գործել Հայկական ԽՍՀ-ի 1961 թ. քրեական օրենսգիրքը։
Քրեական նոր օրենսգրքի ընդունումը նախևառաջ պայմանավորված էր քրեաիրավական նորմերը անկախ Հայաստանի Սահմանադրությանը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ։ Մյուս կողմից, Հայկական ԽՍՀ-ի քրեական օրենսգիրքն այլևս չէր համապատասխանում երկրում ձևավորվող տնտեսական, սոցիալական, քաղաքական և գաղափարախոսական պայմաններին, ինչպես նաև քրեական իրավունքի գիտության ժամանակակից մակարդակին։
Քրեական օրենսգրքի ընդունումը հանդիսանում է դատաիրավական բարեփոխումների արդյունքում ընդունված կարևոր իրավական ակտերից։ Թեև նոր Քրեական օրենսգրքի ընդունմամբ հնարավոր եղավ լուծել այդ ժամանակի մարտահրավերները՝ հանդիսանալով հնարավորինս արդյունավետ միջոց հանցավորության դեմ պայքարի գործում, այդուհանդերձ, տարիների ընթացքում ի հայտ եկան նաև օրենսգրքի թերություններն ու դրանում առկա հակասությունները, որոնք էլ, իրենց հերթին, հանգեցնում էին տարաբնույթ խնդիրների իրավակիրառ պրակտիկայում։ Այդ նպատակով ընդունումից հետո Քրեական օրենսգրքում կատարվեցին հարյուրավոր փոփոխություններ, որոնք, սակայն, է՛լ ավելի խորացրեցին օրենսգրքում առկա հակասությունները։
Նախ, նոր Քրեական օրենսգիրքը ԱՊՀ մոդելային քրեական օրենսգրքի և ՌԴ Քրեական օրենսգրքի միախառնություն էր, որը, ըստ մասնագետների, զուրկ է հայեցակարգից, լի է հակասություններով և հանգեցնում է արդյունավետության ցածր մակարդակի (տե՛ս էջ 2)։ Օրենսգրքում առկա են բազմաթիվ թերի կարգավորումներ և օրենսդրական բացեր։ Մասնավորապես, օրենսգրքով չեն կարգավորվում իրավաբանական և փաստական սխալի, քրեաիրավական նորմերի մրցակցության հետ կապված հարցերը։ Թերություններ են առկա նաև պատժի համակարգում, գոյություն ունի սանկցիաների անհամաչափություն։ Բացակայում է ազատազրկման ձևով պատժի իրական այլընտրանքային պատժատեսակը, որն էլ հանգեցնում է այս պատժատեսակի լայն կիրառությանը՝ պատճառ հանդիսանալով քրեակատարողական հիմնարկների ծանրաբեռնման։
Հաշվի առնելով վերը նշված խնդիրները՝ Քրեական օրենսգրքի ընդունումից հետո մոտ տասը տարի անց կառավարությունը ձեռնամուխ եղավ նոր օրենսգրքի մշակման աշխատանքներին։ Նախ, նոր Քրեական օրենսգրքի նախագծի մշակումը նախատեսվեց Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարությամբ (տե՛ս Հավելված 1, կետ 4.1 )։ Հիմք ընդունելով վերը նշված ռազմավարությունը՝ 2014 թ. ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հրամանով ստեղծվեց իրավաբան-գիտնականներից կազմված աշխատանքային խումբ, որը գլխավորում էր ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի Քրեական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Գաբուզյանը։ Այդ հրամանով նախատեսվում էր մինչև 2014 թվականի ապրիլի 10-ը պատրաստել նոր Քրեական օրենսգրքի հայեցակարգ, իսկ մինչև 2015 հուլիսի 1-ը մշակել նոր Քրեական օրենսգրքի նախագիծ։ Համանման ժամկետներ սահմանվեցին նաև վերը նշված ռազմավարությամբ (տե՛ս հավելված 2)՝ Քրեական օրենսգրքի հայեցակարգի մշակման և կառավարության որոշմամբ այն հաստատելու համար վերջնաժամկետ սահմանելով 2014 թ. մայիսը, իսկ Քրեական օրենսգրքի նախագծի մշակման համար՝ 2015 թ. սեպտեմբերը։ Հետագայում՝ 2016 թվականին, Դատական և իրավական բարեփոխումների 2012-2016 թթ. ռազմավարությունը ենթարկվեց փոփոխության (տե՛ս հավելված 2)՝ դրանով նախատեսված միջոցառումների իրականացման ժամկետը երկարաձգելով մինչև 2017 թվականը, իսկ նոր Քրեական օրենսգրքի ընդունման վերջնաժամկետ սահմանվեց 2017 թվականի հունիսը։
Նոր Քրեական օրենսգրքի նախագծի հայեցակարգը հաստատվեց կառավարության 2015 թ․ հունիսի 4-ի թիվ 25 արձանագրային որոշմամբ, որն էլ հետագայում հիմք հանդիսացավ նոր Քրեական օրենսգրքի մշակման համար։
Այդուհանդերձ, հնարավոր չեղավ սահմանված ժամկետում ապահովել նոր Քրեական օրենսգրքի ընդունումը։ Քրեական նոր օրենսգրքի նախագծի վերջնական մշակման համար պահանջվեց տևական ժամանակահատված։ 2018 թ. ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո նոր թափով մեկնարկեցին նոր Քրեական օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքները։ Քրեական օրենսդրության բարեփոխումը և նոր Քրեական օրենսգրքի ընդունումը նախատեսվեց «ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թթ․ ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» կառավարության որոշմամբ (տե՛ս հավելված 1,2)։ Իսկ մինչ այդ՝ 2019 թ․ ապրիլին, արդարադատության նախարարի հրամանով ստեղծվեց նոր Քրեական օրենսգրքի մշակման աշխատանքային խումբ, և Արդարադատության նախարարության հետ համագործակցության արդյունքում մշակվեց նոր Քրեական օրենսգրքի նախագիծը։ Նախագծի մշակման համար հիմք հանդիսացավ կառավարության 2015 թ․ հունիսի 4-ի թիվ 25 արձանագրային որոշմամբ հաստատված նոր Քրեական օրենսգրքի նախագծի հայեցակարգը։
Նոր Քրեական օրենսգրքի մշակման արդյունքում հստակեցվել են քրեական օրենսդրության խնդիրները, օրենսգրքում առկա սկզբունքները, փոփոխությունների է ենթարկվել հանցագործությունների դասակարգումը։ Հաշվի առնելով ներկա իրողությունները՝ իրականացվել է մի շարք արարքների ապաքրեականացում և, հակառակը, քրեականացում։ Մասնավորապես՝ ապաքրեականացվել են այն արարքները, որոնք ժամանակին քրեականացվել էին պահի ազդեցության ներքո, կոնկրետ դեպքի առնչությամբ։ Արարքներն ապաքրեականացնելիս հաշվի է առնվել այդ խախտումների դեմ վարչաիրավական և քաղաքացիաիրավական միջոցներով պայքարելու հնարավորությունը։ Որոշ արարքների ապաքրեականացման համար հիմք են հանդիսացել նաև ՀՀ վավերացրած միջազգային պայմանագրերը։
Հաշվի առնելով միջազգային պարտավորությունները, գլոբալ գործընթացները, գիտատեխնիկական առաջընթացը՝ իրականացվել է հանրորեն վտանգավոր մի շարք արարքների քրեականացում։
Քրեական նոր օրենսգրքի նորամուծություններից է իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության նախատեսումը, որը հիմնականում պայմանավորված է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքում իրավաբանական անձանց համար իրավական պատասխանատվություն սահմանելու վերաբերյալ ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններով։ Մյուս կողմից, նախատեսվել է, որ իրավաբանական անձանց քրեական պատասխանատվությունը չի բացառում ֆիզիկական անձանց պատասխանատվությունը նույն արարքի համար, և հակառակը՝ ֆիզիկական անձի պատասխանատվությունը չի բացառում իրավաբանական անձի պատասխանատվությունը։
Չափանիշներ են նախատեսվել մեղսունակության, սահմանափակ մեղսունակության և հարբածության վիճակում հանցանք կատարած անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու կապակցությամբ։ Կարգավորվել են նաև փաստական սխալի հետ կապված հարցերը։
Քրեական օրենսգիրքը չէր կարգավորում հատուկ մասի նորմերի միջև մրցակցության հարցը։ Նոր նախագծով լուծվել են նաև քրեաիրավական նորմերի մրցակցության դեպքում արարքի որակման հետ կապված հարցերը։
Ընդլայնվել է ազատազրկման այլընտրանք հանդիսացող պատժատեսակների ցանկը, վերանայվել են պատժի նպատակները։ Նոր օրենսգրքով այլևս գոյություն չունեն ռեցիդիվի տարբեր տեսակների դասակարգումներ՝ ըստ կատարված հանցանքի ծանրության։ Նոր Քրեական օրենսգրքով ռեցիդիվ է համարվում դիտավորությամբ հանցանք կատարելն այն անձի կողմից, որը դատվածություն ունի դիտավորյալ հանցագործության կատարման համար։
Նոր Քրեական օրենսգրքով բարելավվել է անչափահասների քրեական պատասխանատվության ինստիտուտը և նրանց նկատմամբ կիրառվող պատիժների համակարգը։ Այդ նորմերի կիրառումը որոշ դեպքերում տարածվել է նաև քսանմեկ տարին չլրացած անձանց նկատմամբ։ Ընդլայնվել է անչափահասների նկատմամբ կիրառվող պատիժների շրջանակը՝ նպատակ ունենալով առավելապես ընդլայնել նրանց նկատմամբ կիրառվող դաստիարակչական միջոցների կիրառումը։
Սահմանվել է անվտանգության միջոցների և բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների համակարգը։ Անվտանգության միջոցների կիրառման նպատակը հանցանք կատարած անձի «վտանգավոր վիճակի» չեզոքացումն է, նոր հանցագործությունների կանխումը և անձի վերասոցիալականացումը։ Անվտանգության միջոցների շարքին են դասվում բժշկական բնույթի հարկադրանքի միջոցները, որոշակի վայրեր այցելելու արգելքը (օրինակ՝ խաղասրահներ, ռեստորաններ, սրճարաններ և այլն), հոգեբանական օգնություն ստանալու պարտականությունը։ Անվտանգության միջոցները կարող են կիրառվել ինչպես պատժի հետ զուգակցված, այնպես էլ առանց պատժի հետ զուգակցելու՝ որպես ինքնուրույն ներգործության միջոցներ։
Նոր Քրեական օրենսգրքի նախագիծը 2020 թ․ նոյեմբերին կառավարության կողմից ներկայացվել է Ազգային ժողով, իսկ 2021 թ․ մայիսի 5-ին ԱԺ կողմից ընդունվել երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ։ Հայաստանի Հանրապետության նոր Քրեական օրենսգիրքը հիմնականում ուժի մեջ կմտնի 2022 թ․ հուլիսի 1-ից՝ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» նոր օրենքի ընդունման միջոցով (տե՛ս օրենքի նախագիծը և հիմնավորումը)։ Իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության վերաբերյալ դրույթներն ուժի մեջ կմտնեն 2023 թ․ հունվարի 1-ից, իսկ ազատության սահմանափակում պատժատեսակի դրույթները՝ 2023 թ․ հուլիսի 1-ից։ Կարգապահական գումարտակում պահելու ձևով պատժատեսակի վերաբերյալ դրույթներն ուժի մեջ կմտնեն օրենսդրությամբ սահմանված չափանիշներին համապատասխան կարգապահական գումարտակներ ստեղծելուց և շահագործման հանձնելուց հետո, սակայն ոչ ուշ, քան 2023 թ․ հուլիսի 1-ը։
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» օրենքի ընդունմամբ հիմնական և լրացուցիչ պատիժներից կազատվեն 2003 թ․ Քրեական օրենսգրքի հիման վրա մինչև 2022 թ․ հուլիսի 1-ը ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված այն անձինք, որոնց կատարած արարքները նոր Քրեական օրենսգրքով այլևս հանցագործություն չեն համարվում։ Իսկ այն դեպքերում, երբ մինչև 2022 թ․ հուլիսի 1-ը կատարված արարքների հանցավորությունը վերացվել է մասնակիորեն, ապա պետք է համապատասխանեցվեն նոր Քրեական օրենսգրքին։ Պատժից կազատվեն նաև գույքի բռնագրավման դատապարտված անձինք, իսկ կալանքի դատապարտված անձանց պատիժը կհամապատասխանեցվի նոր օրենսգրքի պահանջներին։
2021 թվականի մայիսի 5-ին Ազգային ժողովն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց նոր Քրեական օրենսգիրքը, որը 2022 թ. հուլիսի 1-ից պետք է փոխարինի 2003 թ. ընդունված Քրեական օրենսգրքին։ Նոր Քրեական օրենսգիրքը գործողության մեջ կդրվի «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» նոր օրենքի ընդունման միջոցով։
Նոր ընդունված Քրեական օրենսգրքով արմատական բարեփոխումների և համապարփակ կարգավորման է ենթարկվել քրեական օրենսդրությունը։ Նոր օրենսգրքով վերացվել են նախորդ օրենսգրքում տեղ գտած հայեցակարգային խնդիրները, լրացվել և ուղղվել են օրենսդրական բացերն ու հակասությունները՝ այն դարձնելով համարժեք ժամանակակից մարտահրավերներին և քրեական իրավունքի տեսության զարգացման արդի պահանջներին։
Քրեական օրենսդրության խնդիրները։ Ի թիվս գործող Քրեական օրենսգրքով սահմանված խնդիրների՝ որպես քրեական օրենսդրության խնդիրներ են սահմանվել նաև քրեական պատասխանատվության ենթակա իրավաբանական անձի և հանցանք կատարած անձի պատասխանատվության արդարացիությունը, հասարակությունում հանցանք կատարած անձի վերաինտեգրումը և վերասոցիալականությունն ապահովելը։
Քրեական օրենսդրության սկզբունքները։ Հստակեցվել են նաև քրեական օրենսդրության սկզբունքները՝ որպես այդպիսին սահմանելով օրինականության, անձնական պատասխանատվության, ըստ մեղքի պատասխանատվության, արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքները։
Իրավաբանական անձը՝ որպես քրեական պատասխանատվության սուբյեկտ։ Առաջին անգամ որպես քրեական պատասխանատվության սուբյեկտ է սահմանվել իրավաբանական անձը (հոդվ. 19)։ Ընդ որում, իրավաբանական անձի նկատմամբ կարող են կիրառվել քրեաիրավական ներգործության միաժամանակ մի քանի միջոցներ։ Հայաստանի Հանրապետությունում քրեական պատասխանատվության կարող են ենթարկվել ինչպես ներպետական օրենսդրության հիման վրա ստեղծված, այնպես էլ օտարերկրյա պետություններում ստեղծված իրավաբանական անձինք։ Այս ցանկից բացառված են պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, դրանց հիմնարկները, ինչպես նաև ՀՀ Կենտրոնական բանկը։
Նոր Քրեական օրենսգրքով սահմանվում են իրավաբանական անձին քրեական պատասխանատվության ենթարկելու պայմանները։ Ընդհանուր առմամբ, իրավաբանական անձի քրեական պատասխանատվության հարցը լուծվում է իրավաբանական անձի գործունեության կամ որոշումների կայացման վրա ազդելու իրավասություն ունեցող կամ իրավաբանական անձը ներկայացնելու իրավասություն ունեցող անձի գործողությունների հիման վրա, որը կարող է կատարվել ինչպես ի շահ իրավաբանական անձի, այնպես էլ այլ սուբյեկտիվ պատճառներից ելնելով (հոդվ. 123)։ Իսկ հանցանքը համարվում է ի շահ իրավաբանական անձի կատարված, եթե հանցագործության նպատակը եղել է տվյալ իրավաբանական անձի համար գույքային կամ ոչ գույքային օգուտներ ստանալը։ Հանցավոր արարքի համար պատասխանատու ֆիզիկական անձին քրեական պատասխանատվության ենթարկելը հիմք չէ իրավաբանական անձին քրեական պատասխանատվությունից ազատելու համար։ Մյուս կողմից, իրավաբանական անձին քրեական պատասխանատվության ներգրավելիս հաշվի են առնվում հանցանքի կատարումը կանխելու ուղղությամբ իրավաբանական անձի մասնակիցների, բաժնետերերի և փայատերերի կողմից ձեռնարկված քայլերը։ Իրավաբանական անձի քրեական պատասխանատվությունը բացառվում է, եթե վերը նշված անձինք ձեռնարկել են բոլոր հնարավոր ողջամիտ միջոցները հանցագործությունը կանխելու ուղղությամբ, սակայն կանխելու հնարավորությունը բացակայել է։
Օրենքը նախատեսում է նաև այն դեպքերը, որոնց առկայության պարագայում իրավաբանական անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից։ Ի թիվս այլնի՝ իրավաբանական անձին քրեական պատասխանատվությունից ազատելու հիմք է, երբ վերջինս հատուցում է պատճառված վնասը, վերադարձնում հանցագործության արդյունքում ձեռք բերված գույքն ու ստացված եկամուտները (հոդվ. 125)։
Իրավաբանական անձի նկատմամբ կարող են կիրառվել այնպիսի քրեաիրավական ներգործության միջոցներ, ինչպիսիք են տուգանքը, գործունեության որոշակի տեսակով զբաղվելու իրավունքի ժամանակավոր դադարեցումը, հարկադիր լուծարումը և Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնելու արգելքը (հոդվ. 126)։ Քրեաիրավական ներգործության այս միջոցները Քրեական օրենսգրքի Հատուկ մասի սանկցիաներում նախատեսված չեն, այլ կիրառվում են Ընդհանուր մասի դրույթների հիման վրա։ Ընդ որում, նույն իրավաբանական անձի նկատմամբ կարող են նշանակվել մեկից ավելի քրեաիրավական ներգործության միջոցներ։
Բոլոր դեպքերում, իրավաբանական անձի նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելիս հաշվի են առնվում կատարված հանցանքի բնույթը և վտանգավորության աստիճանը, հանցագործությամբ պատճառված վնասի բնույթն ու չափը, հանցագործության հետևանքների վերացմանն ուղղված՝ իրավաբանական անձի ձեռնարկած միջոցները, իրավաբանական անձի դերը ֆինանսական շուկայում (այս հարցում հաշվի է առնվում Կենտրոնական բանկի դիրքորոշումը), նախկինում դատվածությունը, ինչպես նաև իրավաբանական անձի մասնակիցների, փայատերերի և բաժնետերերի օրինական շահերը, որոնք տեղյակ չէին հանցագործության մասին։
Իրավաբանական անձի նկատմամբ կիրառվող տուգանքի չափը պետք է համարժեք լինի հանցագործության ծանրությանը և չի կարող գերազանցել հանցանքն ավարտելուն նախորդած 1 տարվա ընթացքում իրավաբանական անձի համախառն եկամտի 20 տոկոսը։ Բոլոր դեպքերում, իրավաբանական անձի նկատմամբ կիրառվող տուգանքի չափը չի կարող լինել այնպիսին, որ հանգեցնի իրավաբանական անձի սնանկացման կամ լուծարման։ Օրենքը նախատեսում է նաև տուգանքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու հնարավորություն։ Պետական բյուջեում տուգանքից գոյացած միջոցները կարող են ուղղվել հանցագործությամբ պատճառված վնասի հատուցմանը, որի կարգը պետք է սահմանի կառավարությունը (հոդվ. 128)։
Գործունեության որոշակի տեսակով զբաղվելու իրավունքի ժամանակավոր դադարեցումը ևս չպետք է հանգեցնի իրավաբանական անձի սնանկացման։ Եվ միայն այն դեպքերում, երբ իրավաբանական անձը շրջանցում է այս արգելքը և շարունակում զբաղվել արգելված գործունեությամբ, այն փոխարինվում է իրավաբանական անձի հարկադիր լուծարմամբ (հոդվ. 129)։
Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնելու արգելքը կարող է կիրառվել միայն օտարերկրյա պետությունում ստեղծված այն իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք գործունեություն են իրականացնում Հայաստանի Հանրապետության տարածքում, ընդ որում՝ միայն ծանր և առանձնապես ծանր հանցանքների համար (հոդվ. 130)։
Իրավաբանական անձի հարկադիր լուծարումը համարվում է քրեաիրավական ներգործության բացառիկ միջոց, որը կիրառվում է միայն առանձնապես ծանր այնպիսի հանցանքների դեպքում, որոնք վկայում են իրավաբանական անձի հետագա գործունեությունը շարունակելու անթույլատրելիության մասին (հոդվ. 131)։
Մեղսունակություն և սահմանափակ մեղսունակություն։ Հստակեցվել են մեղսունակության, սահմանափակ մեղսունակության և հարբածության վիճակում հանցանք կատարած անձանց քրեական պատասխանատվության հետ կապված հարցերը։
Քրեական պատասխանատվության ենթակա է մեղսունակ ֆիզիկական անձը։ Իսկ մեղսունակ է համարվում այն անձը, որը հանցանքը կատարելու պահին ունակ է եղել գիտակցելու իր արարքի հակաիրավականությունը և ղեկավարելու այն (հոդվ. 21)։ Սահմանափակ մեղսունակ անձը ևս ենթակա է քրեական պատասխանատվության, սակայն այդ հանգամանքը հաշվի է առնվում որպես մեղմացնող հանգամանք և կարող է հիմք հանդիսանալ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ նշանակելու համար։ Սահմանափակ մեղսունակ է համարվում այն անձը, որը հոգեկան առողջության խնդիրների հետևանքով ամբողջությամբ չի գիտակցել իր արարքի հակաիրավական բնույթը կամ ամբողջությամբ չի կարողացել ղեկավարել իր արարքը (հոդվ. 22)։
Հարբած վիճակում հանցանքի կատարումը։ Նոր քրեական օրենսգրքով հստակեցվել է հարբած (ոչ սթափ) վիճակում հանցանք կատարելու դեպքում քրեական պատասխանատվության հարցը։ Ալկոհոլի, թմրամիջոցի, հոգեմետ կամ այլ թմրեցնող նյութերի ազդեցության տակ հանցանք կատարած անձը ենթակա է քրեական պատասխանատվության, բացառությամբ այն դեպքերի, երբ այդպիսի վիճակում հայտնվել է ֆիզիկական կամ հոգեկան հարկադրանքի, խաբեության միջոցով կամ իր կամքին հակառակ, որի արդյունքում զրկվել է իր արարքի հակաիրավականությունը գիտակցելու կամ ղեկավարելու հնարավորությունից։ Հակառակ պարագայում, արտաքին գործոնների ազդեցությունը, որոնք անձին հասցրել են հարբած վիճակի, դիտվում են որպես քրեական պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք։
Փաստական սխալ։ Նոր Քրեական օրենսգրքով լուծվել են նաև փաստական սխալի հետ կապված հարցերը։ Օրինակ՝ եթե դիտավորությամբ հանցանք կատարող անձը կարծում է, որ իր արարքում բացակայում է օրենքով նախատեսված ծանրացնող հանգամանքը, սակայն իրականում դա առկա է, ապա անձի արարքը որակվում է որպես առանց ծանրացնող հանգամանքի հանցագործություն։ Կամ եթե անձը չի գիտակցել իր արարքի փաստական հանգամանքները, սակայն կարող էր գիտակցել, ապա ենթակա է պատասխանատվության անզգուշությամբ կատարելու համար, եթե դա նախատեսված է Քրեական օրենսգրքով (հոդվ. 28)։
Քրեական պատասխանատվությունը բացառող հանգամանքները։ Նորովի են կարգավորվել քրեական պատասխանատվությունը բացառող հանգամանքները։ Որպես քրեական պատասխանատվությունը բացառող նոր հանգամանքներ՝ նախատեսվել են մասնագիտական գործառույթների իրականացումը, սպորտային ռիսկ, օրենքի կամ այլ իրավական ակտերի պահանջները կատարելը, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հետ համագործակցելը (հոդվ. 29-41)։ Օրինակ՝ քրեական պատասխանատվության ենթակա չէ այն անձը, որը արհեստավարժ մրցմանը կամ մարզումներին մասնակցելու ընթացքում պատճառել է վնաս, եթե պահպանվել են այդ մարզատեսակի համար սահմանված կանոնները։ Սակայն անձը ենթակա է քրեական պատասխանատվության, եթե տվյալ մարզատեսակի կանոնները դիտավորությամբ խախտելու հետևանքով անզգուշությամբ պատճառել է մարդու մահ կամ առողջությանը ծանր վնաս։ Որպես քրեական պատասխանատվությունը բացառող հանգամանքներ են հանդես գալիս նաև անմեղսունակությունը, առանց մեղքի վնաս պատճառելը, քրեական օրենքով պաշտպանվող շահերին վնաս պատճառելը նյարդահոգեկան ծանրաբեռնվածության վիճակում, անհրաժեշտ պաշտպանությունը, հակաիրավական ոտնձգություն կատարած անձին բռնելիս վնաս պատճառելը, ծայրահեղ անհրաժեշտությունը, անհաղթահարելի ուժը, ֆիզիկական կամ հոգեկան հարկադրանքը, հիմնավորված ռիսկը և հրաման կամ կարգադրություն կատարելը (հոդվ. 29-41)։
Քրեաիրավական նորմերի մրցակցություն։ Քրեական նոր օրենսգրքով կարգավորվել են քրեաիրավական նորմերի մրցակցության դեպքում արարքի որակման հարցերը։ Օրինակ՝ եթե անձի մեկ արարքում միաժամանակ առկա են Հատուկ մասի ընդհանուր և հատուկ նորմեր, ապա արարքը որակվում է միայն հատուկ նորմով։ Իսկ եթե անձի մեկ արարքում միաժամանակ առկա են մեղմացնող և ծանրացնող հանգամանքներ, ապա արարքը որակվում է միայն մեղմացնող հանգամանքներով հանցակազմը նախատեսող հոդվածով (հոդվ. 52)։
Ռեցիդիվ։ Էական փոփոխության են ենթարկվել նաև հանցագործությունների ռեցիդիվը կարգավորող նորմերը։ Նախ, վերացվել է ռեցիդիվի տարբեր տեսակների դասակարգումը։ 2003 թ. Քրեական օրենսգրքով ռեցիդիվը դասակարգվում է վտանգավոր և առանձնապես վտանգավոր տեսակների՝ ըստ կատարված հանցագործության ծանրության (հոդվ. 22)։ Իսկ նոր Քրեական օրենսգրքով ռեցիդիվ է համարվում դիտավորությամբ հանցանք կատարելն այն անձի կողմից, որը դատվածություն ունի դիտավորյալ հանցագործության կատարման համար (հոդվ. 54)։ Առանձին հոդվածով սահմանվել են հանցագործությունների ռեցիդիվի դեպքում պատժի նշանակման կանոնները (հոդվ. 76)։
Պատժի նպատակները և համակարգը։ Փոփոխությունների արդյունքում վերանայվել են պատժի նպատակները, կատարելագործվել և ընդլայնվել է պատիժների համակարգը։ Նախատեսվել են ազատազրկմանը այլընտրանքային պատիժներ։ Խնդիրն այն է, որ 2003 թ. Քրեական օրենսգիրքը չի նախատեսում ազատազրկմանն այլընտրանքային պատիժներ, ինչը հանգեցնում է այդ պատժատեսակի անհարկի և հաճախակի կիրառման։ 2021 թ. Քրեական օրենսգրքով նախկինում գոյություն ունեցող պատժատեսակներին լրացվել և որպես նոր պատժատեսակներ են սահմանվել օտարերկրյա քաղաքացուն Հայաստանի Հանրապետության տարածքից վտարելը, զինվորական ծառայության մեջ սահմանափակումը, ազատության սահմանափակումը և կարճաժամկետ ազատազրկումը (հոդվ. 56)։
Որպես պատժի նպատակներ սահմանվել են սոցիալական արդարության վերականգնումը, պատժի ենթարկված անձի վերասոցիալականացումը և նոր հանցագործությունների կանխումը (հոդվ. 55)։
Պատվավոր կամ զինվորական կոչումից, կարգից, աստիճանից, որակավորման դասից կամ պետական պարգևից զրկելը։ Այս պատժատեսակը հանդես է գալիս միայն որպես լրացուցիչ պատժատեսակ, որը կիրառվում է՝ հաշվի առնելով հանցագործության բնույթը, հանգամանքները և հանցավորի անձը բնութագրող տվյալները (հոդվ. 58)։
Տուգանքը։ Տուգանքը կարող է նշանակվել ինչպես որպես հիմնական, այնպես էլ որպես լրացուցիչ պատժատեսակ։ Ի տարբերություն 2003 թ. Քրեական օրենսգրքի՝ տուգանքի չափն այլևս չի հաշվարկվելու նվազագույն աշխատավարձի չափով, այլ հիմք է ընդունվելու հանցանք կատարած անձի ամսական եկամուտը։ Տուգանքը որպես հիմնական պատիժ կարող է նշանակվել ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների դեպքում հանցանք կատարած անձի ամսական եկամտի հնգապատիկից մինչև հիսնապատիկի չափով։ Որպես լրացուցիչ պատիժ՝ կարող է նշանակվել ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում, որոնք կապված են գույքային վնաս պատճառելու կամ շահադիտական դրդումների հետ՝ հանցանք կատարած անձի ամսական եկամտի կրկնապատիկից մինչև քսանապատիկի չափով։ Եվ միայն հանցանք կատարած անձի մոտ եկամտի բացակայության կամ այն պարզելու անհնարինության դեպքում տուգանքի չափը որոշվում է հանցանքը կատարելու պահին նվազագույն աշխատավարձի չափով։ Օրենքը սահմանում է նաև տուգանքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու հնարավորություն, իսկ հետագայում տուգանքի վճարման անհնարինության դեպքում՝ նաև հանրային աշխատանքներով փոխարինելու հնարավորություն։ Տուգանքը վճարելուց խուսափելու և բռնագանձում տարածելու համար բավարար գույքի բացակայության դեպքում նախատեսվում է տուգանքի փոխարինում ազատազրկմամբ (հոդվ. 59)։
Վերացվել են կալանքի և գույքի բռնագրավման տեսքով պատժատեսակները։ Դատարանի կողմից բռնագրավման ենթակա է միայն հանցագործության արդյունքում ուղղակի կամ անուղղակի առաջացած գույքը, այդ գույքի օգտագործումից ստացված եկամուտը, հանցագործության համար օգտագործված գործիքը կամ միջոցը և հանցագործության առարկան։ Բոլոր դեպքերում, դատապարտված անձի գույքի բռնագրավումը չի կարող իրականացվել ի վնաս տուժողի կամ բարեխիղճ երրորդ անձի։ Բռնագրավման ենթակա չէ բարեխիղճ երրորդ անձին պատկանող գույքը, տուժողին վերադարձման ենթակա գույքը, տուժողին հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման համար անհրաժեշտ գույքը, ինչպես նաև հանցանք կատարած անձի կամ նրա խնամքի ներքո գտնվող անձանց համար անհրաժեշտ գույքը (հոդվ. 121)։
Հանրային աշխատանքները։ Հիմնական պատժատեսակներից է հանրային աշխատանքները։ Հանրային աշխատանքը հանրության համար օգտակար աշխատանքների կատարումն է, որը, այդուհանդերձ, չպետք է վնասի դատապարտյալի ֆիզիկական կամ հոգեկան առողջությունը։ Հանրային աշխատանքները սահմանվում են ոչ մեծ և միջին ծանրության հանցանքների համար՝ օրական 4 ժամ տևողությամբ՝ ընդհանուր 60-270 ժամ տևողությամբ։ Հանրային աշխատանքներ կատարելուց խուսափելու դեպքում այն փոխարինվում է ազատազրկմամբ (հոդվ. 60)։
Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը։ Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը կարող է նշանակվել որպես հիմնական կամ լրացուցիչ պատիժ։ Այս պատժատեսակը կարող է նշանակվել ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների համար։ Դատապարտյալի՝ պատժից խուսափելու դեպքում այն փոխարինվում է ազատազրկմամբ (հոդվ. 61)։
Օտարերկրյա քաղաքացուն Հայաստանի Հանրապետության տարածքից վտարելը։ Օտարերկրյա քաղաքացուն Հայաստանի Հանրապետության տարածքից վտարելու ձևով պատժատեսակը կիրառվում է միայն որպես լրացուցիչ պատիժ։ Այն կարող է սահմանվել 5-10 տարի ժամկետով (հոդվ. 62)։
Զինվորական ծառայության մեջ սահմանափակումը։ Այս պատժատեսակը կարող է կիրառվել և՛ որպես հիմնական, և՛ որպես լրացուցիչ պատիժ։ Զինվորական ծառայության մեջ սահմանափակումը կիրառվում է զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործություն կատարած սպայական կամ ավագ ենթասպայական կազմի զինծառայողի նկատմամբ՝ իր զբաղեցրած պաշտոնից ավելի բարձր պաշտոնի նշանակվելու կամ ավելի բարձր հերթական կոչում ստանալու իրավունքից զրկելու տեսքով՝ դրամական բավարարման գումարից հօգուտ պետության 10-20 տոկոս պահումով։ Զուգահեռ, դատարանը կարող է սահմանել նաև կրթական կամ վերապատրաստման դասընթացներին մասնակցելու լրացուցիչ պարտականություն։ Եթե դատապարտյալը իր դիմումի համաձայն ազատվում է զինվորական ծառայությունից, ապա պատիժը փոխարինվում է տուգանքով, իսկ օրենքով սահմանված հիմքերով զինվորական ծառայությունից ազատվելու դեպքում պատժի կատարումը դադարեցվում է (հոդվ. 63)։
Ազատության սահմանափակումը։ Ազատության սահմանափակումը նոր պատժատեսակներից է: Դրա էությունը դատապարտյալին տնային պայմաններում հսկողության տակ պահելն է։ Սակայն դա չպետք է խոչընդոտի դատապարտյալի ուսմանը կամ աշխատանքային պարտականությունների կատարմանը։ Ազատության սահմանափակումը նշանակվում է 6 ամսից մինչև 3 տարի ժամկետով՝ ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների համար։ Դատարանը կարող է դատապարտյալին արգելել այցելել որոշ ժամանցային վայրեր, մասնակցել որոշակի միջոցառումների, առանց դատապարտյալի նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմնի փոխել բնակության վայրը կամ որոշակի ժամերի բացակայել տնից։ Որոշակի ժամերի տնից բացակայելու արգելքը կարող է կազմել 8-12 ժամ։ Պատժի կրումից դատապարտյալի խուսափելու դեպքում ազատության սահմանափակումը փոխարինվում է ազատազրկմամբ (հոդվ. 64)։
Կարճաժամկետ ազատազրկումը։ Նոր պատժատեսակներից է նաև կարճաժամկետ ազատազրկումը, որը նշանակվում է նախկինում ազատազրկման չդատապարտված և ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործություն կատարած անձանց նկատմամբ։ Կարճաժամկետ ազատազրկումը կարող է տևել 15 օրից մինչև 2 ամիս, իսկ առանձին դեպքերում՝ նաև 15 օրից պակաս (հոդվ. 65)։
Կարգապահական գումարտակում պահելը։ Կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժը կիրառվում է հանցանք կատարած զինծառայողների նկատմամբ՝ նրանց մեկուսացնելով անազատության մեջ կարգապահական գումարտակում։ Այն կիրառվում է ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների դեպքում՝ 3 ամսից 3 տարի ժամկետով։ Առանձին դեպքերում դատարանը, հաշվի առնելով գործի հանգամանքները և դատապարտյալի կողմից նախկինում ազատազրկման ձևով պատիժ կրած չլինելու հանգամանքը, կարող է մինչև 3 տարի ժամկետով ազատազրկման փոխարեն նշանակել այս պատժատեսակը՝ նույն ժամկետով (հոդվ. 66)։
Ազատազրկումը։ Ազատազրկում նշանակվում է 3 ամսից մինչև 20 տարի ժամկետով։ Քրեական օրենսգրքով նախատեսված դեպքերում այն կարող է նշանակվել նաև 3 ամսից պակաս ժամկետով։ Անզգույշ հանցագործությունների դեպքում ազատազրկման ժամկետը չի կարող գերազանցել 10 տարին, իսկ առաջին անգամ ոչ մեծ ծանրության հանցագործություն կատարած անձը չի կարող դատապարտվել ազատազրկման (հոդվ. 67)։
Ցմահ ազատազրկումը։ Ցմահ ազատազրկման էությունը դատապարտյալին անժամկետ մեկուսացնելն է, որը նշանակվում է առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում։ Բոլոր դեպքերում, ցմահ ազատազրկման չեն կարող դատապարտվել հանցանքը կատարելու պահին 18 տարին չլրացած անձինք (հոդվ. 68)։
Անչափահասների քրեական պատասխանատվությունը։ Նոր Քրեական օրենսգրքով բարելավվել է անչափահասների քրեական պատասխանատվության ինստիտուտը և նրանց նկատմամբ պատիժների համակարգը։ Ընդլայնվել է անչափահասների նկատմամբ կիրառվող պատիժների շրջանակը՝ նպատակ ունենալով առավելապես ընդլայնել նրանց նկատմամբ կիրառվող դաստիարակչական միջոցների կիրառումը (Բաժին 5)։
Հանցանք կատարած անչափահաս է համարվում հանցանք կատարելու պահին 14 տարին լրացած, սակայն 18 տարին դեռևս չլրացած անձը։ Պատժի ընդհանուր նպատակներից բացի, անչափահասի նկատմամբ կիրառվող պատիժը նպատակ է հետապնդում ապահովելու անչափահասի ֆիզիկական, հոգևոր, հոգեկան, բարոյական և սոցիալական բնականոն զարգացումը, նրան դաստիարակելը և այլ բացասական ազդեցությունից պաշտպանելը։
Անչափահասի նկատմամբ կիրառվող պատժատեսակներն են տուգանքը, հանրային աշխատանքները, որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը, ազատության սահմանափակումը, կարճաժամկետ ազատազրկումը և ազատազրկումը։
Մինչև 16 տարին լրանալը հանցանք կատարած անչափահասի նկատմամբ նշանակվող պատժի նվազագույն և առավելագույն ժամկետը կամ չափը չի կարող գերազանցել Քրեական օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված պատժի նվազագույն և առավելագույն ժամկետի կամ չափի մեկ երրորդը, իսկ 16-ից մինչև 18 տարին լրանալը հանցանք կատարած անչափահասի դեպքում՝ մեկ երկրորդը։
Անչափահասների նկատմամբ պատժի նշանակման, քրեական պատասխանատվությունից և պատժից ազատելու կանոնների կիրառումը որոշ դեպքերում տարածվել է նաև 21 տարին չլրացած անձանց նկատմամբ (հոդվ. 100-110)։
Ի տարբերություն 2003 թ. Քրեական օրենսգրքի՝ նոր Քրեական օրենսգրքով հանցանքը կատարելու պահին անչափահաս լինելը կամ 21 տարին չլրացած լինելը այլևս չի դիտվում և դատարանի կողմից չի կարող հաշվի առնվել որպես պատասխանատվությունը կամ պատիժը մեղմացնող հանգամանք (հոդվ. 100, մաս 2)։
Հանցանք կատարած անչափահասի նկատմամբ, պատժից բացի, կարող է կիրառվել նաև դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոց, անվտանգության միջոց, իսկ դատարանի կողմից պատժից ազատելու դեպքում վերջինս կարող է տեղավորվել անչափահասների վերականգնողական հաստատությունում (հոդվ. 94, մաս 3)։
Եթե անչափահասը կամ 21 տարին չլրացած անձն առաջին անգամ կատարում է ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք, ապա ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե դատարանը հիմնավորում է, որ պատժի նպատակների իրականացումը հնարավոր է դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելով։ Անչափահասի կամ 21 տարին չլրացած անձի նկատմամբ կիրառվող դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցներ են հանդիսանում տեղական ինքնակառավարման կամ դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմնի հսկողությանը հանձնելը (առավելագույնը 1 տարի ժամկետով), պատճառած վնասը հարթելու պարտականություն դնելը (առավելագույնը 6 ամիս ժամկետով), ժամանցի ազատությունը սահմանափակելը և վարքագծի նկատմամբ հատուկ պահանջներ սահմանելը (առավելագույնը 1 տարի ժամկետով), ուսուցում անցնելը կամ ուսուցումը շարունակելը, 18-ից մինչև 21 տարեկանում հանցանքը կատարած լինելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմնի միջնորդությամբ աշխատանքի անցնելը, հատուկ կրթական, մարզական, մշակութային կամ հանրային ծրագրին կամ միջոցառմանը կամ վերականգնողական հաստատությունում վերականգնողական ծրագրին մասնակցելը (հոդվ. 104)։
Ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք կատարած անչափահասի նկատմամբ պատիժ նշանակելով՝ դատարանը նրան ազատում է պատժից, եթե հիմնավորում է, որ պատժի նպատակներին կարելի է հասնել նրան վերականգնողական հաստատությունում տեղավորելով։ Վերականգնողական հաստատությունում տեղավորելը կարող է նշանակվել առավելագույնը 3 տարի ժամկետով (հոդվ. 108)։
Անվտանգության միջոցները (հոդվ. 111-120)։ Նոր Քրեական օրենսգրքում առանձին գլխով նախատեսվում է անվտանգության միջոցների կիրառման ինստիտուտը։ Անվտանգության միջոցը համարվում է քրեաիրավական ներգործության միջոց, որը կիրառվում է հանցավոր արարքների կատարումը կանխելու նպատակով։ Դատարանը Քրեական օրենսգրքով արգելված արարք կատարած անձի նկատմամբ կարող է նշանակել անվտանգության միջոց, եթե գտնում է, որ արգելված արարք կատարած անձը կարող է կրկին այդպիսի արարք կատարել, կամ անվտանգության միջոցի կիրառումն անհրաժեշտ է իր կամ այլ անձի անվտանգությունն ապահովելու համար։ Անվտանգության միջոցը, ըստ անհրաժեշտության, կարող է կիրառվել ինչպես պատժի հետ զուգակցված, այնպես էլ առանց պատիժ նշանակելու՝ որպես ներգործության միջոց, այդ թվում՝ անձին քրեական պատասխանատվությունից կամ պատժից ազատելիս։ Ընդ որում, մեկ արարքի համար դատարանը կարող է նշանակել մեկից ավելի անվտանգության միջոցներ։
Քրեական օրենսգրքով նախատեսվում են այնպիսի անվտանգության միջոցներ, ինչպիսիք են բժշկական բնույթի հարկադրանքի միջոցները, մասնավորապես՝ հոգեբույժի մոտ արտահիվանդանոցային հսկողությունը և հարկադիր բուժումը, ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժումը և հատուկ տիպի հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժումը, ինչպես նաև որոշակի վայրեր այցելելու արգելքը և հոգեբանական օգնություն ստանալու պարտականությունը (հոդվ. 113)։
Գույքի բռնագրավումը (հոդվ. 121)։ Նոր Քրեական օրենսգրքով գույքի բռնագրավումը որպես պատժատեսակ վերացվել է։ Փոխարենը նախատեսվում է հանցավոր ծագում ունեցող գույքի, եկամտի, այլ տեսակի օգուտի, հանցագործության գործիքի, միջոցի և առարկայի բռնագրավման՝ անհատույց վերցնելու հնարավորություն։ Բռնագրավման մասին որոշում կայացնում է դատարանը։ Գույքի բռնագրավումը կարող է կիրառվել ինչպես ֆիզիկական անձի, այնպես էլ իրավաբանական անձի նկատմամբ։
Եթե հանցավոր ծագում ունեցող գույքը կամ եկամուտը միախառնված է օրինական ճանապարհով ձեռք բերված գույքի հետ կամ արդեն պատկանում է բարեխիղճ երրորդ անձի կամ այն չի հայտնաբերվել, ապա բռնագրավվում է դրան համարժեք գույք։
Բռնագրավման ենթակա չէ հանցանք կատարած անձի կամ նրա խնամքի ներքո գտնվող անձի համար անհրաժեշտ գույքը՝ օրենքով սահմանված ցանկին համապատասխան, բարեխիղճ երրորդ անձի գույքը, տուժողին վերադարձման ենթակա գույքը, ինչպես նաև տուժողին հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման համար անհրաժեշտ գույքը։
Հայաստանի Հանրապետության նոր քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելը։ Քրեական նոր օրենսգիրքը նախատեսվում է գործողության մեջ դնել «Հայաստանի Հանրապետության նոր քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» օրենքի ընդունմամբ։ Այն մշակվել է Արդարադատության նախարարության կողմից, սակայն դեռևս գտնվում է նախագծի վիճակում։ Այս օրենքով նախատեսվում է 2022 թ. հուլիսի 1-ից գործողության մեջ դնել Հայաստանի Հանրապետության 2021 թ. մայիսի 5-ի Քրեական օրենսգիրքը և նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 2003 թ. ապրիլի 18-ի Քրեական օրենսգիրքը։ Նախատեսվում է, որ մինչև նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելը այլ օրենքներն ու իրավական ակտերը պետք է համապատասխանեցվեն նոր Քրեական օրենսգրքին։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նոր Քրեական օրենսգրքով գործող օրենսգրքով հանցավոր համարվող որոշ արարքներ ապաքրեականացվել են, նախատեսվում է նոր Քրեական օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո պատժի կրումից ազատել այդ հանցագործությունների համար դատապարտված և պատիժը կրող անձանց։ Արարքների ապաքրեականացումը հիմք է նաև այդ անձանց՝ դատվածություն չունեցող համարելու համար։ Որոշ արարքների ապաքրեականացումը ենթադրում է, որ արարքների մասով քրեական գործի հարուցումը ենթակա է մերժման, արդեն իսկ հարուցված քրեական գործերը ենթակա են կարճման, իսկ քրեական հետապնդումը՝ դադարեցման։
Քանի որ գույքի բռնագրավումը՝ որպես պատժատեսակ, վերացվել է, ուստի գույքի բռնագրավումից ազատվելու հնարավորություն ևս կնախատեսվի։
Նախատեսվում է կարգավորել նաև արարքի հանցավորությունը մասնակիորեն վերացնելու հետևանքները։ Նշանակված, կիրառված կամ կիրառվող պատժի չափերը ևս պետք է համապատասխանեցվեն նոր Քրեական օրենսգրքով սահմանված պատժաչափերին։ Նախատեսվում է նաև կալանքի դատապարտված անձանց պատժի համապատասխանեցումը նոր օրենսգրքով սահմանված կարճաժամկետ ազատազրկում պատժատեսակին։
Փաստաթղթեր
- ՀՀ քրեական օրենսգիրք։ 2003/08/01
- ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագծի հայեցակարգ
- ՀՀ քրեական օրենսգիրք։ 2022/07/01
- ՀՀ կառավարության որոշումը ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին։ 2019/10/26
- ՀՀ նախագահի կարգադրությունը ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2017 թվականների ռազմավարական ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին։ 2012/07/01
- ՀՀ նախագահի կարգադրությունը ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին։ 2012/07/01