ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման երկրորդ շրջանում ձեռնամուխ եղավ ծավալուն սահմանադրական փոփոխությունների, որոնք, ի թիվս այլ առանցքային փոփոխությունների, նախատեսում էին կառավարման ձևի փոփոխություն։ Այդ նպատակով 2013 թ․ սեպտեմբերի 4-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշմամբ ստեղծվեց ՀՀ նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով։ Հանձնաժողովի կազմում ընդգրկված էին բարձրաստիճան պաշտոնատար անձինք, ինչպես նաև մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը նախագահում էր այն ժամանակ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը։ 

Որպես սահմանադրական փոփոխություններ իրականացնելու հիմնավորում՝ հիմնականում նշվում էր կայուն ժողովրդավարական համակարգի հաստատումը և իրավունքի գերակայության երաշխավորումը։

Սակայն սահմանադրական փոփոխությունների գաղափարը լայն քննադատության արժանացավ հասարակական-քաղաքական շրջանակներում։ Նախ, սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության վերաբերյալ տեղի չէին ունեցել հանրային քննարկումներ կամ բանավեճեր։ Ընդհանուր առմամբ, բացակայում էր Սահմանադրությունը փոփոխելու հանրային պահանջը։ Հակառակը, հասարակության մեջ տարածված էր այն ընկալումը, որ սահմանադրական փոփոխությունները հետապնդում էին միայն մեկ նպատակ՝ Սերժ Սարգսյանի կամ նրա կողմից ղեկավարվող Հայաստանի Հանրապետական կուսակցության վերարտադրումը։ Հատկապես խոսվում էր այն մասին, որ սահմանադրական փոփոխությունները նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետի երկարաձգմանն ուղղված գործիք է, քանի որ վերջինս որպես նախագահ պաշտոնավարում էր արդեն երկրորդ ժամկետում, և ըստ Սահմանադրության՝ այլևս չէր կարող կրկին վերընտրվել Հանրապետության նախագահի պաշտոնում։ 

2014 թ․ ապրիլի 10-ին Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հրապարակեց սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը։ Հայեցակարգի նախագիծը, մարդու իրավունքներին, դատական իշխանությանը, տեղական ինքնակառավարման մարմիններին և մի շարք այլ հարցերին վերաբերող փոփոխություններից բացի, առաջարկում էր կիսանախագահական կառավարման ձևից անցում կատարել խորհրդարանական կառավարման ձևի։ Դա նշանակում էր, որ համապետական ուղղակի ընտրությունների միջոցով ձևավորվելու է միայն Ազգային ժողովը, իսկ ՀՀ նախագահն ընտրվելու է անուղղակի եղանակով՝ Ազգային ժողովի կողմից։

Թերևս տարածված մտահոգություններն էին պատճառը, որ Սերժ Սարգսյանը 2014 թ․ ապրիլի 10-ին, ելույթ ունենալով Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստին, պաշտոնապես հայտարարեց. «Ես՝ Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի համար։ Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին։ Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավելի իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում»։ Այդպիսով, նախագահ Սարգսյանը, խոսելով կառավարման խորհրդարանական մոդելի մասին, միաժամանակ բացառեց հետագայում վարչապետի պաշտոնի ստանձնումը։ 

2014 թ. սեպտեմբերի 11-ին Վենետիկի հանձնաժողովը («Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողով») ներկայացրեց իր կարծիքը սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ։ Վենետիկի հանձնաժողովի կարծիքում շեշտվում էր, որ սահմանադրական փոփոխությունները պետք է իրականացվեն հասարակության լայն կոնսենսուսի հիման վրա։ Սակայն, դրան հակառակ, սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու վերաբերյալ կոնսենսուսը բացակայում էր հասարակական-քաղաքական դաշտում։ Նախ, մի շարք հասարակական կազմակերպություններ հանդես եկան հայտարարությամբ՝ քննադատելով սահմանադրական բարեփոխումները՝ այն համարելով չարդարացված։

Մյուս կողմից, կոնսենսուսը բացակայում էր նաև քաղաքական դաշտում։ Ընդդիմություն համարվող հիմնական քաղաքական ուժերը՝ «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես» և «Ժառանգություն» կուսակցությունները, 2014 թ․ վերջին հայտարարեցին, որ դեմ են սահմանադրական փոփոխություններին։ Թերևս դա էր պատճառը, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ սկսվեց քաղաքական հետապնդում։ Մասնավորապես՝ 2015 թ․ փետրվարի 13-ին ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանը խիստ քննադատեց Գագիկ Ծառուկյանին, որից հետո սկսվեցին սպառնալիքներ վերջինիս նկատմամբ։ Արդյունքում Գագիկ Ծառուկյանը ստիպված եղավ հրաժարվել ԲՀԿ նախագահի և Ազգային ժողովում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարի պաշտոններից՝ շարունակելով մնալ միայն որպես ԱԺ պատգամավոր։ 

Արդյունքում, 2015 թ․ օգոստոսի 21-ին Սահմանադրության փոփոխությունների նախագիծը ներկայացվեց Ազգային ժողովին։ Իսկ արդեն հոկտեմբերի 5-ին Ազգային ժողովը ձայների 104 կողմ, 10 դեմ և 3 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ որոշում։ Սահմանադրական փոփոխություններին կողմ արտահայտվեցին Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, Հայ հեղափոխական դաշնակցությունը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։  Դեմ քվեարկեցին «Հայ ազգային կոնգրես» և «Ժառանգություն» խմբակցությունները, իսկ ձեռնպահ՝ «Օրինաց երկիրը»։ Սերժ Սարգսյանը հանրաքվեի օր նշանակեց 2015 թ․ դեկտեմբերի 6-ը։

Սահմանադրության փոփոխությունները նախատեսում էին կիսանախագահական համակարգից անցում խորհրդարանականի։ Նախատեսվեց հանրապետության նախագահի անուղղակի ընտրություն։ Մասնավորապես՝ նախագահը ընտրվում է Ազգային ժողովի կողից՝ յոթ տարի ժամկետով, առանց վերընտրման իրավունքի։ Վարչապետն իր պաշտոնը ստանձնում է խորհրդարանական ընտրությունների արդյունքում, ձևավորում է կառավարություն, որը պատասխանատու է Ազգային ժողովի առջև։

Առաջին անգամ Սահմանադրությամբ ամրագրվեց նաև ընտրակարգը։ Սահմանադրությունը, ամրագրելով համամասնական ընտրական համակարգ, դրան զուգահեռ սահմանեց Ընտրական օրենսգրքով կայուն խորհրդարանական մեծամասնություն երաշխավորելու վերաբերյալ դրույթ, որը միջազգային պրակտիկայում տարածված չէր և համարվում էր նորամուծություն Հայաստանի համար։ 

2015 թ․ դեկտեմբերի 6-ին տեղի ունեցավ սահմանադրական հանրաքվե։ Ըստ պաշտոնական տվյալների՝ քվեարկությանը մասնակցել է 1,302,613 քաղաքացի, որոնցից 825,521-ը «Այո» են ասել Սահմանադրության փոփոխություններին, իսկ 421,568-ը՝ «Ոչ»։

Սահմանադրության փոփոխություններից հետ Սերժ Սարգսյանը, չնայած նախկինում տրված հավաստիացումներին, որ խորհրդարանական համակարգի դեպքում ևս չի հավակնի վարչապետի պաշտոնին, 2018 թ․ ապրիլի 17-ին ընտրվեց որպես Հայաստանի՝ արդեն խորհրդարանական Հանրապետության վարչապետ։

Այս հանգամանքը հանգեցրեց հասարակական լայն դժգոհությունների։ Այն ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը քայլերթ սկսեց Գյումրիից դեպի Երևան՝ դրանով, ըստ էության, ազդարարելով թավշյա, ոչ բռնի հեղափոխության մեկնարկը։ Արդյունքում, 2018 թ․ ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը ստիպված եղավ հրաժարական ներկայացնել՝ որպես վարչապետ պաշտոնավարելով ընդամենը 5 օր։

2018 թ․ դեկտեմբերի 9-ին խորհրդարանական ընտրությունների միջոցով իշխանության եկավ «Իմ քայլը» դաշինքը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ձևավորված նոր կառավարության առաջնահերթություններից էր նաև սահմանադրական բարեփոխումների իրականացումը։ Մասնավորապես՝ կառավարությունը 2019 թ․ հոկտեմբերի 10-ին ընդունեց «ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թթ ռազմավարությունը և դրանից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» որոշումը, որով որպես սահմանադրական բարեփոխումների հայեցակարգային հարցեր՝ նշվեցին վերպետական կառույցներին անդամակցելիս տվյալ վերպետական կառույցի ընդունած նորմատիվ իրավական ակտերի կիրառելիության առանձնահատկությունները, ընտրակարգի փոփոխությունը, Սահմանադրությամբ նախատեսված մարմինների միջև լիազորությունների տարանջատումը և հավասարակշռումը, Սահմանադրական դատարանի պատշաճ և բնականոն գործունեության ապահովումը և մի շարք այլ հարցեր։

Այդ նպատակով 2020 թ․ փետրվարի 12-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվեց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով, որը կազմված է ինչպես պետական պաշտոնյաներից, ներառյալ՝ մեկական ներկայացուցիչ ԱԺ խմբակցություններից, այնպես էլ իրավաբան-գիտնականներից և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից։ Հանձնաժողովը գլխավորում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ Հանձնաժողովի գործունեությունը հիմնականում նպատակաուղղված է Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թթ ռազմավարությամբ նախանշված սահմանադրական փոփոխությունների իրագործմանը։ Սակայն հանձնաժողովի անդամների նախաձեռնությամբ քննարկվել են նաև ռազմավարությամբ չնախատեսված այլ հարցեր, ինչպես, օրինակ, Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների գործառույթների միավորման հարցը (Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Արթուր Ղամբարյանը 2020 թ․  օգոստոսի 20-ին իր ֆեյսբուքյան էջում հայտարարել էր, որ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը (ձայների չնչին տարբերությամբ) հավանություն տվեց Սահմանադրական և Վճռաբեկ դատարանները միավորելու և Գերագույն դատարան ստեղծելու հայեցակարգին՝ նշելով, որ հարցը պետք է դրվի նաև հանրային քննարկման), Հայ-առաքելական եկեղեցու սահմանադրական կարգավիճակը և այլն։ 

Սակայն, ինչպես հայտնի է, 2020 թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով և դրանից հետո Հայաստանի Հանրապետությունում ստեղծված քաղաքական լարվածության պատճառով Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատանքները փաստացի կասեցված են։ 

 

2015 թվականը Հայաստանի Հանրապետության սահմանադրական պատմության մեջ նշանավորվեց Սահմանադրության ծավալուն փոփոխություններով, որոնք, ի թիվս այլ փոփոխությունների, նախատեսեցին կիսանախագահական համակարգից անցում խորհրդարանականի։ Առաջին անգամ նախատեսվեց հանրապետության նախագահի անուղղակի ընտրություն։ 

Նախատեսվեց, որ վարչապետն իր պաշտոնը ստանձնում է խորհրդարանական ընտրությունների արդյունքում, ձևավորում է կառավարություն, որը պատասխանատու է Ազգային ժողովի առջև, իսկ նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողից՝ յոթ տարի ժամկետով, առանց վերընտրման իրավունքի։

Առաջին անգամ սահմանադրական մակարդակով նշում կատարվեց ընտրական համակարգի վերաբերյալ։ Մասնավորապես՝ Սահմանադրության 89-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվեց, որ Ազգային ժողովն ընտրվում է համամասնական ընտրական համակարգով՝ պայմանով, որ Ընտրական օրենսգրքով երաշխավորվում է կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորումը։ Ընտրության արդյունքում կամ քաղաքական կոալիցիա կազմելու միջոցով կայուն խորհրդարանական մեծամասնություն չձևավորելու դեպքում վերջինիս ձևավորումը երաշխավորելու նպատակով Սահմանադրության 89-րդ հոդվածով նախատեսվեց նաև ընտրության երկրորդ փուլ։ Նախատեսվող ընտրական համակարգին համապատասխան՝ Սահմանադրությամբ նախատեսվեց պատգամավորների միայն նվազագույն թիվ։ 

Կայուն խորհրդարանական մեծամասնությունը երաշխավորող սահմանադրական դրույթի համաձայն՝ Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվեց վարչապետի նշանակման կարգը։ Մասնավորապես՝ հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում Սահմանադրության 89-րդ հոդվածով սահմանված կարգով ձևավորված խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին։ 

Խնդիրը, սակայն, այն է, որ կայուն խորհրդարանական մեծամասնություն երաշխավորող ընտրական համակարգը, որի հիման վրա ՀՀ ընտրական օրենսգրքով նախատեսվել են մեծամասնության և փոքրամասնության լրացուցիչ մանդատներ, չի ապահովում պատգամավորական տեղերի բաշխումն ստացված ձայներին համամասնորեն և քաղաքական ուժերի համամասնական ներկայացվածությունը խորհրդարանում։ Այս առումով, թեև 2015 թ․ Սահմանադրության փոփոխությունների արդյունքում Հայաստանի Հանրապետությունն անցում կատարեց խորհրդարանական կառավարման ձևի, այդուհանդերձ, ընտրական համակարգն ամբողջությամբ չհամապատասխանեցվեց դասական համամասնական ընտրական համակարգին և շեղվեց խորհրդարանական հանրապետություններին բնորոշ կարգավորումներից։ Որպես առանցքային հիմնավորում նշելով կառավարման կայունությունը՝ Սահմանադրությամբ ընդգծվեց համամասնական ընտրակարգի պայմաններում կայուն խորհրդարանական մեծամասնություն ձևավորելու անհրաժեշտությունը, որը պետք է երաշխավորվեր Ընտրական օրենսգրքով։ Միաժամանակ, կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորումը լրացուցիչ երաշխավորվեց նաև Սահմանադրությամբ (հոսված 89, մաս 3) ընտրության երկրորդ փուլ նախատեսելու միջոցով, որը պարտադիր է, եթե ընտրության արդյունքում կամ կոալիցիաներ կազմելու միջոցով կայուն խորհրդարանական մեծամասնություն չի ձևավորվում։ Ավելին, ընդգծելով առանց զգալի անհամամասնությունների ժողովրդի ներկայացուցչական մարմին ձևավորելու կարևորությունը և այն համարելով մեծամասնական համակարգի ակնառու թերությունը՝ միաժամանակ, առաջարկվող ընտրական համակարգը պետք է նպաստեր երկբևեռ կուսակցական համակարգի ձևավորմանը։ Մինչդեռ երկբևեռ կուսակցական համակարգը, որի պայմաններում առկա է երկու միմյանց հիմնական հակադիր ուժերի միջև մրցակցություն և որոնք կառավարում են որոշակի հերթափոխով, որպես կանոն,  համարվում է մեծամասնական ընտրակարգի բնորոշ առանձնահատկությունը և դրանով տարբերվում համամասնական ընտրակագից:

Հետագայում Ընտրական օրենսգրքով սահմանվեց կայուն խորհրդարանական մեծամասնությունը երաշխավորող այնպիսի ընտրակարգ, որը բացառիկ է և համարվում է նորություն աշխարհի մասշտաբով։ Այս ընտրական համակարգի էությունն այն է, որ ձայների ընդհանուր թվի մեծամասնությունը, այսինքն՝ ձայների առնվազն 50 տոկոսից ավելին ստացած քաղաքական ուժի մանդատները համալրվում են լրացուցիչ մանդատներով (բոնուսներ)՝ խորհրդարանական կայուն մեծամասնություն՝ տեղերի 54 տոկոսը երաշխավորելու նպատակով։ Նույն սկզբունքը (ՀՀ ընտրական օրենսգիրք, հոդվ․ 96, մաս 1, հոդվ․ 97, մաս 3, հոդվ․ 98, մաս 6) գործում է նաև կոալիցիաներ ձևավորելու, ինչպես նաև ընտրության երկրորդ փուլի դեպքում, եթե կոալիցիայի ձևավորման կամ ընտրության երկրորդ փուլի արդյունքում հաղթած կուսակցության կամ դաշինքի մանդատների ընդհանուր թիվը պակաս է մանդատների ընդհանուր թվի 54 տոկոսից։   

Բոնուսային կոչվող նշված ընտրական համակարգը փոխառվել է Իտալիայից։ Այդ ընտրական համակարգի կիրառմամբ ձայների նվազագույնը 40 տոկոս ստացած կուսակցությանը երաշխավորվում էր խորհրդարանական կայուն մեծամասնություն՝ ձայների 54 տոկոսը։ Եթե որևէ կուսակցություն չէր ստանում ձայների 40 տոկոսը, ապա անցկացվում էր ընտրության երկրորդ փուլ: Այս կարգավորմամբ, ըստ էության, վերացվել էին նաև կոալիցիաները: Italicum անվամբ հայտնի նշված ընտրական համակարգը 2017 թ․ քննության առարկա է դարձել Իտալիայի Սահմանադրական դատարանում, որն այն մասամբ ճանաչել է հակասահմանադրական։ Մասնավորապես, մեծամասնության բոնուսը Իտալիայի Սահմանադրական դատարանը համարել է ընդունելի։ Փոխարենը՝ հակասահմանադրական է ճանաչել ընտրության երկրորդ փուլի վերաբերյալ կարգավորումը, որը տեղի է ունենում, եթե որևէ կուսակցություն ընտրության արդյունքում ձայների 40 տոկոսը չի ստանում։ Արդյունքում այս ընտրական համակարգն Իտալիայում այդպես էլ կիրառություն չի ստացել(Ընտրության բոնուսային համակարգ Իտալիայում գործել է դեռևս 2005 թվականից։ Իտալական ընտրական օրենքի համաձայն, որը ներդրվել է 2005 թ.-ին Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի կողմից, ընտրությունների արդյունքում ամենաշատ ձայներ ստացած կուսակցությանը կամ կուսակցությունների դաշինքին երաշխավորվում է տեղերի շուրջ 54 տոկոսը Ներկայացուցիչների պալատում: Սակայն 2013 թ. Իտալիայի Սահմանադրական դատարանը քննության առարկա է դարձրել Իտալիայի Consultellum անվամբ հայտնի ընտրական համակարգը, որի հիմնական մասը ճանաչվել է հակասահմանադրական: Մասնավորապես՝ քննության առարկա են հանդիսացել հաղթողի համար ձայների 55 տոկոսը երաշխավորող կարգավորումը և ցուցակներով ընտրությունը, որը հնարավորություն չէր տալիս ընտրել առանձին թեկնածուների: Հետագայում Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա 2015 թ.-ին Իտալիայում կատարվել են ընտրական բարեփոխումներ, որոնց արդյունքում ընդունվել է հայտնի Italicum կոչվող ընտրական համակարգը)։

Խնդիրն այն է, որ Իտալիան տևական ժամանակ աչքի է ընկել կառավարման անկայունությամբ (Այս մասին նշում է նաև Վենետիկի հանձնաժողովը իր՝ ընտրական համակարգերի վերաբերյալ թիվ CDL-PI(2019)001 զեկույցում՝ նշելով, որ բոնուսային ընտրական համակարգը կիրառվել է Իտալիայում, որտեղ առկա էր կառավարման անկայունություն, և որը անհրաժեշտաբար փոխառելի չէ այն պետությունների կողմից, որոնք ընտրել են խորհրդարանական համակարգ (էջ 13, կետ 26)), ինչը բնորոշ չէ Հայաստանի կառավարման համակարգին։ Այս առումով Վենետիկի հանձնաժողովը ՀՀ ընտրական օրենսգրքով նախատեսված խորհրդարանական կայուն մեծամասնության մոդելի վերաբերյալ նշում է, որ բոնուսային ընտրական համակարգը կիրառվել է Իտալիայում, որտեղ առկա էր կառավարման անկայունություն, և այն անհրաժեշտաբար փոխառելի չէ այն պետությունների կողմից, որոնք ընտրել են խորհրդարանական համակարգ։

Պատմությունը վկայում է (էջ 29), որ Հայաստանի Հանրապետությունում Սահմանադրության ընդունումից ի վեր ընտրական համակարգերով պայմանավորված կառավարման ճգնաժամեր չեն առաջացել, հետևաբար՝ դասական համամասնական ընտրակարգի մոդելից շեղվելու համար պետք է առկա լինեին արդարացված հիմքեր։ Բոլոր դեպքերում, մեծամասնության բացակայության պարագայում կառավարման խնդիրը կարող է լուծվել նաև համամասնական ընտրակարգ ունեցող երկրների օրինակով։ 

Ընդհանուր առմամբ, մեծամասնական ընտրակարգի համեմատ համամասնական ընտրական համակարգը համարվում է առավել արդարացի։ Այս ընտրակարգի հիմքում դրված է արդարության սկզբունքը, ըստ որի՝ խորհրդարանական տեղերը բաշխվում են տարբեր քաղաքական ուժերի ստացված ձայներին հնարավորինս համապատասխան։ Սրանով արտացոլվում է հավասար ընտրական իրավունքը։ Համամասնական ընտրակարգի դեպքում հավասար ընտրական իրավունքը ենթադրում է, որ յուրաքանչյուր ընտրող խորհրդարանի ձևավորման վրա ունենում է հավասար ազդեցություն, որի արդյունքում բոլոր կուսակցությունները, ստացած ձայների համամասնությանը հնարավորիս համապատասխան, ներկայացվում են խորհրդարանում։ Այս առումով համամասնական ընտրական համակարգը համապատասխանում է ժողովրդավարության սկզբունքներին։

Բացի կառավարման ձևի փոփոխությունից, ծավալուն փոփոխություններ կատարվեցին նաև Սահմանադրության մյուս գլուխներում, մասնավորապես՝  մարդու հիմնական իրավունքներին, դատական իշխանությանը և տեղական ինքնակառավարման մարմիններին վերաբերող գլուխներում։  

Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներ և ազատություններ։ Մարդու հիմնական իրավունքների մասով սոցիալական հիմնական իրավունքներից առանձնացվեցին պետության նպատակները։ Խոսքը սոցիալական ոլորտին վերաբերող այն դրույթների մասին է, որոնք, ըստ Սահմանադրության փոփոխությունների հիմնավորման, պետությունը պետք է իրագործի «հնարավորության շրջանակներում»։ Այդ նպատակով սոցիալական, տնտեսական և մշակութային ոլորտներում օրենսդրական երաշխիքներն ու պետության քաղաքականության հիմնական նպատակներն առանձնացվեցին Սահմանադրության 3-րդ գլխում։ Իսկ սոցիալական ոլորտին վերաբերող հիմնական իրավունքները, ինչպիսիք են, օրինակ, աշխատանքի ընտրության ազատության իրավունքը կամ գործադուլի իրավունքը, պահպանվեցին Սահմանադրության 2-րդ գլխում՝ որպես հիմնական իրավունքներ։ Այսպիսի մոտեցումը հնարավորություն է տալիս առանձնացնել բոլոր այն հիմնական իրավունքները, որոնք անձը կարող է պաշտպանել որպես սահմանադրական իրավունքներ, ներառյալ՝ Սահմանադրական դատարան դիմելու միջոցով։ 

Մյուս կողմից, այս փոփոխությունը քննադատության արժանացավ, քանի որ անձինք, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանը, զրկվեցին սոցիալական իրավունքների պաշտպանության խնդրով Սահմանադրական դատարան դիմելու իրավունքից։ 

Սահմանադրությամբ լրացվեցին նաև նոր հիմնական իրավունքներ, ինչպիսիք են երեխայի իրավունքները, մարդու ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքը, այլընտրանքային ծառայության իրավունքը, քաղաքական ապաստանի իրավունքը, պատշաճ վարչարարության իրավունքը։ Անձի քրեաիրավական պաշտպանության երաշխիքների շարքում ամրագրվեց մեղքի սկզբունքը և պատժի նշանակման ժամանակ համաչափության սկզբունքը։ 

Սահմանադրության փոփոխություններով վերանայվեց նաև հիմնական իրավունքների սահմանափակման խնդիրը։ Մասնավորապես՝ յուրաքանչյուր հիմնական իրավունքի սահմանափակման համար սահմանվեցին սահմանափակման առանձին հիմքեր։ 

Սահմանադրական օրենքներ։ Սահմանադրության փոփոխություններով սահմանվեց նաև այն սահմանադրական օրենքների սպառիչ ցանկը, որոնք պետք է ընդունվեն որակյալ մեծամասնությամբ՝ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով։ Այդ օրենքներն անմիջական ազդեցություն ունեն մարդու հիմնական իրավունքների և ազատությունների, ինչպես նաև պետական իշխանության կազմակերպման վրա։ Խոսքը վերաբերում է Ընտրական օրենսգրքի, Դատական օրենսգրքի, «Ազգային ժողովի կանոնակարգ», «Հանրաքվեի մասին», «Մարդու իրավունքների պաշտպանի մասին», «Կուսակցությունների մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» օրենքներին։

Սահմանադրական դատարան։ Սահմանադրության փոփոխություններով վերափոխվեց Սահմանադրական դատարանի ձևավորման կարգը։ Սահմանադրական դատարանի դատավորներին ընտրում է Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, ընդ որում, դատավորներից երեքին՝ հանրապետության նախագահի առաջարկությամբ,  երեքին՝ կառավարության առաջարկությամբ, իսկ մյուս երեքին՝ դատավորների ընդհանուր ժողովի առաջարկությամբ։

Սահմանադրական դատարանի դատավորների անկախությունը երաշխավորելու նպատակով Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնավարման ժամկետը սահմանափակվեց 12 տարով, առանց վերընտրվելու հնարավորության։ Առաջին անգամ Սահմանադրական դատարանին վերապահվեց  սահմանադրական մարմինների միջև նրանց սահմանադրական լիազորությունների վերաբերյալ վեճերի լուծման լիազորություն, որը հնարավորություն կտա իրավական ճանապարհով լուծելու Ազգային ժողովի, կառավարության, հանրապետության նախագահի և այլ սահմանադրական մարմինների միջև սահմանադրական վեճերը։ Անհատական գանգատների հետ կապված Սահմանադրական դատարանին իրավասություն վերապահվեց ստուգելու ոչ միայն օրենքի, այլև այլ նորմատիվ իրավական ակտերի սահմանադրականությունը, եթե դրանով խախտվել են անձի հիմնական իրավունքներն ու ազատությունները։ Բացի այդ, սահմանադրական ամրագրում ստացավ գործնականում կիրառվող այն դրույթը, ըստ որի՝ նորմատիվ ակտի սահմանադրականությունը որոշելիս Սահմանադրական դատարանը հաշվի է առնում նաև իրավակիրառ պրակտիկայում վիճարկվող նորմին տրված մեկնաբանությունը։

Թեև Սահմանադրական դատարանի դատավորների համար սահմանվեց պաշտոնավարման 12 տարվա ժամկետ, այդուհանդերձ, այդ նորմին չտրվեց հետադարձ ուժ։ Մասնավորապես՝ Սահմանադրության փոփոխությունների անցումային դրույթներով (հոդված 213) սահմանվեց, որ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահն ու անդամները պաշտոնավարում են մինչև իրենց լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը, ինչը փաստացի նշանակում է, որ այս մասով Սահմանադրության փոփոխություններն առայժմ ուժի մեջ չէին մտնելու, իսկ գործող անդամները պաշտոնավարելու էին մինչև 70 տարին լրանալը, եթե նրանք նշանակվել են 1995 թվականի Սահմանադրությանը համապատասխան, կամ մինչև 65 տարին լրանալը, եթե նշանակվել են 2005 թվականի սահմանադրական փոփոխություններին համապատասխան։ Սրանով էր պայմանավորված այն հանգամանքը, որ 2020 թ․ հունիսին «Իմ քայլը» խմբակցությունը ներկայացնող մի շարք պատգամավորներ ներկայացրեցին Սահմանադրության փոփոխությունների նախագիծ՝ սահմանելով, որ Սահմանադրական դատարանի այն դատավորների լիազորությունների ժամկետը, որոնք ընդհանուր տևողությամբ պաշտոնավարել են առնվազն 12 տարի, համարվում է ավարտված, և պաշտոնավարումը դադարում է, իսկ մյուս դատավորները պաշտոնավարում են մինչև 12 տարին լրանալը։ 

Տեղական ինքնակառավարման մարմիններ։ Սահմանադրության փոփոխություններով ամրապնդվեց համայնքի ավագանու դերը տեղական ինքնակառավարման համակարգում՝ սահմանելով համայնքի ղեկավարի պատասխանատվությունը համայնքի ավագանու առջև։ Առաջին անգամ Սահմանադրությամբ ամրագրվեց համայնքի՝ որպես «հանրային իրավունքի իրավաբանական անձ»՝ հասկացությունը՝ նպատակ ունենալով հանրային իրավունքի իրավաբանական անձանց կարգավիճակը տարանջատել մասնավոր իրավունքում ընդունված իրավաբանական անձանց կարգավիճակից։

Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու կարգը։ Սահմանադրության փոփոխություններով պահպանվեց բացառապես հանրաքվեի միջոցով նոր Սահմանադրության ընդունման պահանջը։ Սակայն Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու համար նախատեսվեց տարբերակված մոտեցում։ Սահմանադրական կարգի հիմունքներին, մարդու իրավունքներին և ազատություններին, ինչպես նաև այլ առանցքային նշանակության հարցերին վերաբերող դրույթների փոփոխությունը պետք է իրականացվի միայն հանրաքվեով։ Իսկ Սահմանադրության մյուս հոդվածներով փոփոխություններ կարող են կատարվել Ազգային ժողովի կողմից՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով։

Սահմանադրական փոփոխությունների հարցը կրկին արդիական դարձավ 2018 թվականի թավշյա, ոչ բռնի հեղափոխությունից հետո։ 2020 թ․ փետրվարի 12-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվեց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով։ Հանձնաժողովի հիմնական խնդիրը Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թթ․ ռազմավարությամբ նախանշված սահմանադրական փոփոխությունների իրագործումն է։ Սակայն հանձնաժողովի գործունեության վերաբերյալ առկա չէ բավականաչափ տեղեկատվություն։ Հայտնի է, որ հանձնաժողովում քննարկվել է Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների գործառույթների միավորման և մեկ Գերագույն դատարան ստեղծելու հարցը։ Այդ մասին հանձնաժողովի նախագահ Եղիշե Կիրակոսյանը հայտարարեց 2020 թվականի հուլիսի 9-ին։ Իսկ ավելի ուշ հանձնաժողովը 8 կողմ և 7 դեմ ձայների հարաբերակցությամբ հավանության է արժանացրել Սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարանի միավորման և մեկ Գերագույն դատարան ստեղծելու հարցը։

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում քննարկվել է նաև Հայ-առաքելական եկեղեցու սահմանադրական կարգավիճակը։ Այս կապակցությամբ հանձնաժողովի անդամ Արթուր Ղամբարյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակեց «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու սահմանադրական կարգավիճակի» բարեփոխումների վերաբերյալ հայեցակարգը, իսկ ավելի ուշ՝ նաև «Դատախազության և քննչական մարմինների բարեփոխումների» և «Հանրային իշխանության մարմինների փոխադարձ հարգանքի և համագործակցության սկզբունքի սահմանադրական ամրագրման և արժևորման վերաբերյալ» հայեցակարգերը։ 

Սակայն 2020 թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով և դրանից հետո Հայաստանի Հանրապետությունում ստեղծված քաղաքական լարվածության պատճառով Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատանքներն այս պահին փաստացի կասեցված են։ 

Փաստաթղթեր

Հղումներ

ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ

Հայաստանի ՔՀԿ հայտարարությունը ՀՀ նախագահի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ
Դիտել
Հայաստանի ՔՀԿ...
Վենետիկի հանձնաժողովի կարծիքը՝ Հայաստանի կողմից Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունների վերաբերյալ Սահմանադրական փոփոխությունների նախագծի համատեքստում ներկայացված երեք իրավական հարցերի վերաբերյալ
Դիտել
Վենետիկի հանձնաժողով...
Նախագահ Սարգսյանն ու վարչապետի պաշտոնակատարը չեն բացառում Սահմանադրության փոփոխությունների շուրջ քննարկումները
Դիտել
Նիկոլ Փաշինյան, Արմեն Սարգսյան, Դանիել Իոաննիսյան, Վարդան Հա...
Ընդդիմադիրները դեմ են կառավարման համակարգը փոխելու Փաշինյանի մտադրությանը
Դիտել
Ալեն Սիմոնյան, Տարոն Սիմոնյան, Նաիրա Զոհրաբյան...
Կայացավ հանրային քննարկումը՝ սահմանադրական հակակոռուպցիոն մարմնի/մարմինների հայեցակարգի վերաբերյալ
Դիտել
Եղիշե Կիրակոսյան, Մարիամ Գալստյան, Լուսինե Հակոբյան, Մարիամ ...

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

1. Յուրաքանչյուր ոք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ ստանալու և փաստաթղթերին ծանոթանալու իրավունք:

2. Տեղեկություններ ստանալու իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրային շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

3. Տեղեկություններ ստանալու կարգը, ինչպես նաև տեղեկությունները թաքցնելու կամ դրանց տրամադրումն անհիմն մերժելու համար պաշտոնատար անձանց պատասխանատվության հիմքերը սահմանվում են օրենքով: