Սահմանադրություն
ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման երկրորդ շրջանում ձեռնամուխ եղավ ծավալուն սահմանադրական փոփոխությունների, որոնք, ի թիվս այլ առանցքային փոփոխությունների, նախատեսում էին կառավարման ձևի փոփոխություն։ Այդ նպատակով 2013 թ․ սեպտեմբերի 4-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշմամբ ստեղծվեց ՀՀ նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով։ Հանձնաժողովի կազմում ընդգրկված էին բարձրաստիճան պաշտոնատար անձինք, ինչպես նաև մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը նախագահում էր այն ժամանակ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը։
Որպես սահմանադրական փոփոխություններ իրականացնելու հիմնավորում՝ հիմնականում նշվում էր կայուն ժողովրդավարական համակարգի հաստատումը և իրավունքի գերակայության երաշխավորումը։
Սակայն սահմանադրական փոփոխությունների գաղափարը լայն քննադատության արժանացավ հասարակական-քաղաքական շրջանակներում։ Նախ, սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության վերաբերյալ տեղի չէին ունեցել հանրային քննարկումներ կամ բանավեճեր։ Ընդհանուր առմամբ, բացակայում էր Սահմանադրությունը փոփոխելու հանրային պահանջը։ Հակառակը, հասարակության մեջ տարածված էր այն ընկալումը, որ սահմանադրական փոփոխությունները հետապնդում էին միայն մեկ նպատակ՝ Սերժ Սարգսյանի կամ նրա կողմից ղեկավարվող Հայաստանի Հանրապետական կուսակցության վերարտադրումը։ Հատկապես խոսվում էր այն մասին, որ սահմանադրական փոփոխությունները նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետի երկարաձգմանն ուղղված գործիք է, քանի որ վերջինս որպես նախագահ պաշտոնավարում էր արդեն երկրորդ ժամկետում, և ըստ Սահմանադրության՝ այլևս չէր կարող կրկին վերընտրվել Հանրապետության նախագահի պաշտոնում։
2014 թ․ ապրիլի 10-ին Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հրապարակեց սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը։ Հայեցակարգի նախագիծը, մարդու իրավունքներին, դատական իշխանությանը, տեղական ինքնակառավարման մարմիններին և մի շարք այլ հարցերին վերաբերող փոփոխություններից բացի, առաջարկում էր կիսանախագահական կառավարման ձևից անցում կատարել խորհրդարանական կառավարման ձևի։ Դա նշանակում էր, որ համապետական ուղղակի ընտրությունների միջոցով ձևավորվելու է միայն Ազգային ժողովը, իսկ ՀՀ նախագահն ընտրվելու է անուղղակի եղանակով՝ Ազգային ժողովի կողմից։
Թերևս տարածված մտահոգություններն էին պատճառը, որ Սերժ Սարգսյանը 2014 թ․ ապրիլի 10-ին, ելույթ ունենալով Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստին, պաշտոնապես հայտարարեց. «Ես՝ Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի համար։ Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին։ Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավելի իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում»։ Այդպիսով, նախագահ Սարգսյանը, խոսելով կառավարման խորհրդարանական մոդելի մասին, միաժամանակ բացառեց հետագայում վարչապետի պաշտոնի ստանձնումը։
2014 թ. սեպտեմբերի 11-ին Վենետիկի հանձնաժողովը («Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողով») ներկայացրեց իր կարծիքը սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ։ Վենետիկի հանձնաժողովի կարծիքում շեշտվում էր, որ սահմանադրական փոփոխությունները պետք է իրականացվեն հասարակության լայն կոնսենսուսի հիման վրա։ Սակայն, դրան հակառակ, սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու վերաբերյալ կոնսենսուսը բացակայում էր հասարակական-քաղաքական դաշտում։ Նախ, մի շարք հասարակական կազմակերպություններ հանդես եկան հայտարարությամբ՝ քննադատելով սահմանադրական բարեփոխումները՝ այն համարելով չարդարացված։
Մյուս կողմից, կոնսենսուսը բացակայում էր նաև քաղաքական դաշտում։ Ընդդիմություն համարվող հիմնական քաղաքական ուժերը՝ «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես» և «Ժառանգություն» կուսակցությունները, 2014 թ․ վերջին հայտարարեցին, որ դեմ են սահմանադրական փոփոխություններին։ Թերևս դա էր պատճառը, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ սկսվեց քաղաքական հետապնդում։ Մասնավորապես՝ 2015 թ․ փետրվարի 13-ին ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանը խիստ քննադատեց Գագիկ Ծառուկյանին, որից հետո սկսվեցին սպառնալիքներ վերջինիս նկատմամբ։ Արդյունքում Գագիկ Ծառուկյանը ստիպված եղավ հրաժարվել ԲՀԿ նախագահի և Ազգային ժողովում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարի պաշտոններից՝ շարունակելով մնալ միայն որպես ԱԺ պատգամավոր։
Արդյունքում, 2015 թ․ օգոստոսի 21-ին Սահմանադրության փոփոխությունների նախագիծը ներկայացվեց Ազգային ժողովին։ Իսկ արդեն հոկտեմբերի 5-ին Ազգային ժողովը ձայների 104 կողմ, 10 դեմ և 3 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ որոշում։ Սահմանադրական փոփոխություններին կողմ արտահայտվեցին Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, Հայ հեղափոխական դաշնակցությունը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։ Դեմ քվեարկեցին «Հայ ազգային կոնգրես» և «Ժառանգություն» խմբակցությունները, իսկ ձեռնպահ՝ «Օրինաց երկիրը»։ Սերժ Սարգսյանը հանրաքվեի օր նշանակեց 2015 թ․ դեկտեմբերի 6-ը։
Սահմանադրության փոփոխությունները նախատեսում էին կիսանախագահական համակարգից անցում խորհրդարանականի։ Նախատեսվեց հանրապետության նախագահի անուղղակի ընտրություն։ Մասնավորապես՝ նախագահը ընտրվում է Ազգային ժողովի կողից՝ յոթ տարի ժամկետով, առանց վերընտրման իրավունքի։ Վարչապետն իր պաշտոնը ստանձնում է խորհրդարանական ընտրությունների արդյունքում, ձևավորում է կառավարություն, որը պատասխանատու է Ազգային ժողովի առջև։
Առաջին անգամ Սահմանադրությամբ ամրագրվեց նաև ընտրակարգը։ Սահմանադրությունը, ամրագրելով համամասնական ընտրական համակարգ, դրան զուգահեռ սահմանեց Ընտրական օրենսգրքով կայուն խորհրդարանական մեծամասնություն երաշխավորելու վերաբերյալ դրույթ, որը միջազգային պրակտիկայում տարածված չէր և համարվում էր նորամուծություն Հայաստանի համար։
2015 թ․ դեկտեմբերի 6-ին տեղի ունեցավ սահմանադրական հանրաքվե։ Ըստ պաշտոնական տվյալների՝ քվեարկությանը մասնակցել է 1,302,613 քաղաքացի, որոնցից 825,521-ը «Այո» են ասել Սահմանադրության փոփոխություններին, իսկ 421,568-ը՝ «Ոչ»։
Սահմանադրության փոփոխություններից հետ Սերժ Սարգսյանը, չնայած նախկինում տրված հավաստիացումներին, որ խորհրդարանական համակարգի դեպքում ևս չի հավակնի վարչապետի պաշտոնին, 2018 թ․ ապրիլի 17-ին ընտրվեց որպես Հայաստանի՝ արդեն խորհրդարանական Հանրապետության վարչապետ։
Այս հանգամանքը հանգեցրեց հասարակական լայն դժգոհությունների։ Այն ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը քայլերթ սկսեց Գյումրիից դեպի Երևան՝ դրանով, ըստ էության, ազդարարելով թավշյա, ոչ բռնի հեղափոխության մեկնարկը։ Արդյունքում, 2018 թ․ ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը ստիպված եղավ հրաժարական ներկայացնել՝ որպես վարչապետ պաշտոնավարելով ընդամենը 5 օր։
2018 թ․ դեկտեմբերի 9-ին խորհրդարանական ընտրությունների միջոցով իշխանության եկավ «Իմ քայլը» դաշինքը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ձևավորված նոր կառավարության առաջնահերթություններից էր նաև սահմանադրական բարեփոխումների իրականացումը։ Մասնավորապես՝ կառավարությունը 2019 թ․ հոկտեմբերի 10-ին ընդունեց «ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թթ․ ռազմավարությունը և դրանից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» որոշումը, որով որպես սահմանադրական բարեփոխումների հայեցակարգային հարցեր՝ նշվեցին վերպետական կառույցներին անդամակցելիս տվյալ վերպետական կառույցի ընդունած նորմատիվ իրավական ակտերի կիրառելիության առանձնահատկությունները, ընտրակարգի փոփոխությունը, Սահմանադրությամբ նախատեսված մարմինների միջև լիազորությունների տարանջատումը և հավասարակշռումը, Սահմանադրական դատարանի պատշաճ և բնականոն գործունեության ապահովումը և մի շարք այլ հարցեր։
Այդ նպատակով 2020 թ․ փետրվարի 12-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվեց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով, որը կազմված է ինչպես պետական պաշտոնյաներից, ներառյալ՝ մեկական ներկայացուցիչ ԱԺ խմբակցություններից, այնպես էլ իրավաբան-գիտնականներից և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից։ Հանձնաժողովը գլխավորում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ Հանձնաժողովի գործունեությունը հիմնականում նպատակաուղղված է Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թթ․ ռազմավարությամբ նախանշված սահմանադրական փոփոխությունների իրագործմանը։ Սակայն հանձնաժողովի անդամների նախաձեռնությամբ քննարկվել են նաև ռազմավարությամբ չնախատեսված այլ հարցեր, ինչպես, օրինակ, Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների գործառույթների միավորման հարցը (Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Արթուր Ղամբարյանը 2020 թ․ օգոստոսի 20-ին իր ֆեյսբուքյան էջում հայտարարել էր, որ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը (ձայների չնչին տարբերությամբ) հավանություն տվեց Սահմանադրական և Վճռաբեկ դատարանները միավորելու և Գերագույն դատարան ստեղծելու հայեցակարգին՝ նշելով, որ հարցը պետք է դրվի նաև հանրային քննարկման), Հայ-առաքելական եկեղեցու սահմանադրական կարգավիճակը և այլն։
Սակայն, ինչպես հայտնի է, 2020 թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով և դրանից հետո Հայաստանի Հանրապետությունում ստեղծված քաղաքական լարվածության պատճառով Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատանքները փաստացի կասեցված են։
2015 թվականը Հայաստանի Հանրապետության սահմանադրական պատմության մեջ նշանավորվեց Սահմանադրության ծավալուն փոփոխություններով, որոնք, ի թիվս այլ փոփոխությունների, նախատեսեցին կիսանախագահական համակարգից անցում խորհրդարանականի։ Առաջին անգամ նախատեսվեց հանրապետության նախագահի անուղղակի ընտրություն։
Նախատեսվեց, որ վարչապետն իր պաշտոնը ստանձնում է խորհրդարանական ընտրությունների արդյունքում, ձևավորում է կառավարություն, որը պատասխանատու է Ազգային ժողովի առջև, իսկ նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողից՝ յոթ տարի ժամկետով, առանց վերընտրման իրավունքի։
Առաջին անգամ սահմանադրական մակարդակով նշում կատարվեց ընտրական համակարգի վերաբերյալ։ Մասնավորապես՝ Սահմանադրության 89-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվեց, որ Ազգային ժողովն ընտրվում է համամասնական ընտրական համակարգով՝ պայմանով, որ Ընտրական օրենսգրքով երաշխավորվում է կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորումը։ Ընտրության արդյունքում կամ քաղաքական կոալիցիա կազմելու միջոցով կայուն խորհրդարանական մեծամասնություն չձևավորելու դեպքում վերջինիս ձևավորումը երաշխավորելու նպատակով Սահմանադրության 89-րդ հոդվածով նախատեսվեց նաև ընտրության երկրորդ փուլ։ Նախատեսվող ընտրական համակարգին համապատասխան՝ Սահմանադրությամբ նախատեսվեց պատգամավորների միայն նվազագույն թիվ։
Կայուն խորհրդարանական մեծամասնությունը երաշխավորող սահմանադրական դրույթի համաձայն՝ Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվեց վարչապետի նշանակման կարգը։ Մասնավորապես՝ հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում Սահմանադրության 89-րդ հոդվածով սահմանված կարգով ձևավորված խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին։
Խնդիրը, սակայն, այն է, որ կայուն խորհրդարանական մեծամասնություն երաշխավորող ընտրական համակարգը, որի հիման վրա ՀՀ ընտրական օրենսգրքով նախատեսվել են մեծամասնության և փոքրամասնության լրացուցիչ մանդատներ, չի ապահովում պատգամավորական տեղերի բաշխումն ստացված ձայներին համամասնորեն և քաղաքական ուժերի համամասնական ներկայացվածությունը խորհրդարանում։ Այս առումով, թեև 2015 թ․ Սահմանադրության փոփոխությունների արդյունքում Հայաստանի Հանրապետությունն անցում կատարեց խորհրդարանական կառավարման ձևի, այդուհանդերձ, ընտրական համակարգն ամբողջությամբ չհամապատասխանեցվեց դասական համամասնական ընտրական համակարգին և շեղվեց խորհրդարանական հանրապետություններին բնորոշ կարգավորումներից։ Որպես առանցքային հիմնավորում նշելով կառավարման կայունությունը՝ Սահմանադրությամբ ընդգծվեց համամասնական ընտրակարգի պայմաններում կայուն խորհրդարանական մեծամասնություն ձևավորելու անհրաժեշտությունը, որը պետք է երաշխավորվեր Ընտրական օրենսգրքով։ Միաժամանակ, կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորումը լրացուցիչ երաշխավորվեց նաև Սահմանադրությամբ (հոսված 89, մաս 3) ընտրության երկրորդ փուլ նախատեսելու միջոցով, որը պարտադիր է, եթե ընտրության արդյունքում կամ կոալիցիաներ կազմելու միջոցով կայուն խորհրդարանական մեծամասնություն չի ձևավորվում։ Ավելին, ընդգծելով առանց զգալի անհամամասնությունների ժողովրդի ներկայացուցչական մարմին ձևավորելու կարևորությունը և այն համարելով մեծամասնական համակարգի ակնառու թերությունը՝ միաժամանակ, առաջարկվող ընտրական համակարգը պետք է նպաստեր երկբևեռ կուսակցական համակարգի ձևավորմանը։ Մինչդեռ երկբևեռ կուսակցական համակարգը, որի պայմաններում առկա է երկու միմյանց հիմնական հակադիր ուժերի միջև մրցակցություն և որոնք կառավարում են որոշակի հերթափոխով, որպես կանոն, համարվում է մեծամասնական ընտրակարգի բնորոշ առանձնահատկությունը և դրանով տարբերվում համամասնական ընտրակագից:
Հետագայում Ընտրական օրենսգրքով սահմանվեց կայուն խորհրդարանական մեծամասնությունը երաշխավորող այնպիսի ընտրակարգ, որը բացառիկ է և համարվում է նորություն աշխարհի մասշտաբով։ Այս ընտրական համակարգի էությունն այն է, որ ձայների ընդհանուր թվի մեծամասնությունը, այսինքն՝ ձայների առնվազն 50 տոկոսից ավելին ստացած քաղաքական ուժի մանդատները համալրվում են լրացուցիչ մանդատներով (բոնուսներ)՝ խորհրդարանական կայուն մեծամասնություն՝ տեղերի 54 տոկոսը երաշխավորելու նպատակով։ Նույն սկզբունքը (ՀՀ ընտրական օրենսգիրք, հոդվ․ 96, մաս 1, հոդվ․ 97, մաս 3, հոդվ․ 98, մաս 6) գործում է նաև կոալիցիաներ ձևավորելու, ինչպես նաև ընտրության երկրորդ փուլի դեպքում, եթե կոալիցիայի ձևավորման կամ ընտրության երկրորդ փուլի արդյունքում հաղթած կուսակցության կամ դաշինքի մանդատների ընդհանուր թիվը պակաս է մանդատների ընդհանուր թվի 54 տոկոսից։
Բոնուսային կոչվող նշված ընտրական համակարգը փոխառվել է Իտալիայից։ Այդ ընտրական համակարգի կիրառմամբ ձայների նվազագույնը 40 տոկոս ստացած կուսակցությանը երաշխավորվում էր խորհրդարանական կայուն մեծամասնություն՝ ձայների 54 տոկոսը։ Եթե որևէ կուսակցություն չէր ստանում ձայների 40 տոկոսը, ապա անցկացվում էր ընտրության երկրորդ փուլ: Այս կարգավորմամբ, ըստ էության, վերացվել էին նաև կոալիցիաները: Italicum անվամբ հայտնի նշված ընտրական համակարգը 2017 թ․ քննության առարկա է դարձել Իտալիայի Սահմանադրական դատարանում, որն այն մասամբ ճանաչել է հակասահմանադրական։ Մասնավորապես, մեծամասնության բոնուսը Իտալիայի Սահմանադրական դատարանը համարել է ընդունելի։ Փոխարենը՝ հակասահմանադրական է ճանաչել ընտրության երկրորդ փուլի վերաբերյալ կարգավորումը, որը տեղի է ունենում, եթե որևէ կուսակցություն ընտրության արդյունքում ձայների 40 տոկոսը չի ստանում։ Արդյունքում այս ընտրական համակարգն Իտալիայում այդպես էլ կիրառություն չի ստացել(Ընտրության բոնուսային համակարգ Իտալիայում գործել է դեռևս 2005 թվականից։ Իտալական ընտրական օրենքի համաձայն, որը ներդրվել է 2005 թ.-ին Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի կողմից, ընտրությունների արդյունքում ամենաշատ ձայներ ստացած կուսակցությանը կամ կուսակցությունների դաշինքին երաշխավորվում է տեղերի շուրջ 54 տոկոսը Ներկայացուցիչների պալատում: Սակայն 2013 թ. Իտալիայի Սահմանադրական դատարանը քննության առարկա է դարձրել Իտալիայի Consultellum անվամբ հայտնի ընտրական համակարգը, որի հիմնական մասը ճանաչվել է հակասահմանադրական: Մասնավորապես՝ քննության առարկա են հանդիսացել հաղթողի համար ձայների 55 տոկոսը երաշխավորող կարգավորումը և ցուցակներով ընտրությունը, որը հնարավորություն չէր տալիս ընտրել առանձին թեկնածուների: Հետագայում Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա 2015 թ.-ին Իտալիայում կատարվել են ընտրական բարեփոխումներ, որոնց արդյունքում ընդունվել է հայտնի Italicum կոչվող ընտրական համակարգը)։
Խնդիրն այն է, որ Իտալիան տևական ժամանակ աչքի է ընկել կառավարման անկայունությամբ (Այս մասին նշում է նաև Վենետիկի հանձնաժողովը իր՝ ընտրական համակարգերի վերաբերյալ թիվ CDL-PI(2019)001 զեկույցում՝ նշելով, որ բոնուսային ընտրական համակարգը կիրառվել է Իտալիայում, որտեղ առկա էր կառավարման անկայունություն, և որը անհրաժեշտաբար փոխառելի չէ այն պետությունների կողմից, որոնք ընտրել են խորհրդարանական համակարգ (էջ 13, կետ 26)), ինչը բնորոշ չէ Հայաստանի կառավարման համակարգին։ Այս առումով Վենետիկի հանձնաժողովը ՀՀ ընտրական օրենսգրքով նախատեսված խորհրդարանական կայուն մեծամասնության մոդելի վերաբերյալ նշում է, որ բոնուսային ընտրական համակարգը կիրառվել է Իտալիայում, որտեղ առկա էր կառավարման անկայունություն, և այն անհրաժեշտաբար փոխառելի չէ այն պետությունների կողմից, որոնք ընտրել են խորհրդարանական համակարգ։
Պատմությունը վկայում է (էջ 29), որ Հայաստանի Հանրապետությունում Սահմանադրության ընդունումից ի վեր ընտրական համակարգերով պայմանավորված կառավարման ճգնաժամեր չեն առաջացել, հետևաբար՝ դասական համամասնական ընտրակարգի մոդելից շեղվելու համար պետք է առկա լինեին արդարացված հիմքեր։ Բոլոր դեպքերում, մեծամասնության բացակայության պարագայում կառավարման խնդիրը կարող է լուծվել նաև համամասնական ընտրակարգ ունեցող երկրների օրինակով։
Ընդհանուր առմամբ, մեծամասնական ընտրակարգի համեմատ համամասնական ընտրական համակարգը համարվում է առավել արդարացի։ Այս ընտրակարգի հիմքում դրված է արդարության սկզբունքը, ըստ որի՝ խորհրդարանական տեղերը բաշխվում են տարբեր քաղաքական ուժերի ստացված ձայներին հնարավորինս համապատասխան։ Սրանով արտացոլվում է հավասար ընտրական իրավունքը։ Համամասնական ընտրակարգի դեպքում հավասար ընտրական իրավունքը ենթադրում է, որ յուրաքանչյուր ընտրող խորհրդարանի ձևավորման վրա ունենում է հավասար ազդեցություն, որի արդյունքում բոլոր կուսակցությունները, ստացած ձայների համամասնությանը հնարավորիս համապատասխան, ներկայացվում են խորհրդարանում։ Այս առումով համամասնական ընտրական համակարգը համապատասխանում է ժողովրդավարության սկզբունքներին։
Բացի կառավարման ձևի փոփոխությունից, ծավալուն փոփոխություններ կատարվեցին նաև Սահմանադրության մյուս գլուխներում, մասնավորապես՝ մարդու հիմնական իրավունքներին, դատական իշխանությանը և տեղական ինքնակառավարման մարմիններին վերաբերող գլուխներում։
Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներ և ազատություններ։ Մարդու հիմնական իրավունքների մասով սոցիալական հիմնական իրավունքներից առանձնացվեցին պետության նպատակները։ Խոսքը սոցիալական ոլորտին վերաբերող այն դրույթների մասին է, որոնք, ըստ Սահմանադրության փոփոխությունների հիմնավորման, պետությունը պետք է իրագործի «հնարավորության շրջանակներում»։ Այդ նպատակով սոցիալական, տնտեսական և մշակութային ոլորտներում օրենսդրական երաշխիքներն ու պետության քաղաքականության հիմնական նպատակներն առանձնացվեցին Սահմանադրության 3-րդ գլխում։ Իսկ սոցիալական ոլորտին վերաբերող հիմնական իրավունքները, ինչպիսիք են, օրինակ, աշխատանքի ընտրության ազատության իրավունքը կամ գործադուլի իրավունքը, պահպանվեցին Սահմանադրության 2-րդ գլխում՝ որպես հիմնական իրավունքներ։ Այսպիսի մոտեցումը հնարավորություն է տալիս առանձնացնել բոլոր այն հիմնական իրավունքները, որոնք անձը կարող է պաշտպանել որպես սահմանադրական իրավունքներ, ներառյալ՝ Սահմանադրական դատարան դիմելու միջոցով։
Մյուս կողմից, այս փոփոխությունը քննադատության արժանացավ, քանի որ անձինք, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանը, զրկվեցին սոցիալական իրավունքների պաշտպանության խնդրով Սահմանադրական դատարան դիմելու իրավունքից։
Սահմանադրությամբ լրացվեցին նաև նոր հիմնական իրավունքներ, ինչպիսիք են երեխայի իրավունքները, մարդու ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքը, այլընտրանքային ծառայության իրավունքը, քաղաքական ապաստանի իրավունքը, պատշաճ վարչարարության իրավունքը։ Անձի քրեաիրավական պաշտպանության երաշխիքների շարքում ամրագրվեց մեղքի սկզբունքը և պատժի նշանակման ժամանակ համաչափության սկզբունքը։
Սահմանադրության փոփոխություններով վերանայվեց նաև հիմնական իրավունքների սահմանափակման խնդիրը։ Մասնավորապես՝ յուրաքանչյուր հիմնական իրավունքի սահմանափակման համար սահմանվեցին սահմանափակման առանձին հիմքեր։
Սահմանադրական օրենքներ։ Սահմանադրության փոփոխություններով սահմանվեց նաև այն սահմանադրական օրենքների սպառիչ ցանկը, որոնք պետք է ընդունվեն որակյալ մեծամասնությամբ՝ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով։ Այդ օրենքներն անմիջական ազդեցություն ունեն մարդու հիմնական իրավունքների և ազատությունների, ինչպես նաև պետական իշխանության կազմակերպման վրա։ Խոսքը վերաբերում է Ընտրական օրենսգրքի, Դատական օրենսգրքի, «Ազգային ժողովի կանոնակարգ», «Հանրաքվեի մասին», «Մարդու իրավունքների պաշտպանի մասին», «Կուսակցությունների մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» օրենքներին։
Սահմանադրական դատարան։ Սահմանադրության փոփոխություններով վերափոխվեց Սահմանադրական դատարանի ձևավորման կարգը։ Սահմանադրական դատարանի դատավորներին ընտրում է Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, ընդ որում, դատավորներից երեքին՝ հանրապետության նախագահի առաջարկությամբ, երեքին՝ կառավարության առաջարկությամբ, իսկ մյուս երեքին՝ դատավորների ընդհանուր ժողովի առաջարկությամբ։
Սահմանադրական դատարանի դատավորների անկախությունը երաշխավորելու նպատակով Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնավարման ժամկետը սահմանափակվեց 12 տարով, առանց վերընտրվելու հնարավորության։ Առաջին անգամ Սահմանադրական դատարանին վերապահվեց սահմանադրական մարմինների միջև նրանց սահմանադրական լիազորությունների վերաբերյալ վեճերի լուծման լիազորություն, որը հնարավորություն կտա իրավական ճանապարհով լուծելու Ազգային ժողովի, կառավարության, հանրապետության նախագահի և այլ սահմանադրական մարմինների միջև սահմանադրական վեճերը։ Անհատական գանգատների հետ կապված Սահմանադրական դատարանին իրավասություն վերապահվեց ստուգելու ոչ միայն օրենքի, այլև այլ նորմատիվ իրավական ակտերի սահմանադրականությունը, եթե դրանով խախտվել են անձի հիմնական իրավունքներն ու ազատությունները։ Բացի այդ, սահմանադրական ամրագրում ստացավ գործնականում կիրառվող այն դրույթը, ըստ որի՝ նորմատիվ ակտի սահմանադրականությունը որոշելիս Սահմանադրական դատարանը հաշվի է առնում նաև իրավակիրառ պրակտիկայում վիճարկվող նորմին տրված մեկնաբանությունը։
Թեև Սահմանադրական դատարանի դատավորների համար սահմանվեց պաշտոնավարման 12 տարվա ժամկետ, այդուհանդերձ, այդ նորմին չտրվեց հետադարձ ուժ։ Մասնավորապես՝ Սահմանադրության փոփոխությունների անցումային դրույթներով (հոդված 213) սահմանվեց, որ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահն ու անդամները պաշտոնավարում են մինչև իրենց լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը, ինչը փաստացի նշանակում է, որ այս մասով Սահմանադրության փոփոխություններն առայժմ ուժի մեջ չէին մտնելու, իսկ գործող անդամները պաշտոնավարելու էին մինչև 70 տարին լրանալը, եթե նրանք նշանակվել են 1995 թվականի Սահմանադրությանը համապատասխան, կամ մինչև 65 տարին լրանալը, եթե նշանակվել են 2005 թվականի սահմանադրական փոփոխություններին համապատասխան։ Սրանով էր պայմանավորված այն հանգամանքը, որ 2020 թ․ հունիսին «Իմ քայլը» խմբակցությունը ներկայացնող մի շարք պատգամավորներ ներկայացրեցին Սահմանադրության փոփոխությունների նախագիծ՝ սահմանելով, որ Սահմանադրական դատարանի այն դատավորների լիազորությունների ժամկետը, որոնք ընդհանուր տևողությամբ պաշտոնավարել են առնվազն 12 տարի, համարվում է ավարտված, և պաշտոնավարումը դադարում է, իսկ մյուս դատավորները պաշտոնավարում են մինչև 12 տարին լրանալը։
Տեղական ինքնակառավարման մարմիններ։ Սահմանադրության փոփոխություններով ամրապնդվեց համայնքի ավագանու դերը տեղական ինքնակառավարման համակարգում՝ սահմանելով համայնքի ղեկավարի պատասխանատվությունը համայնքի ավագանու առջև։ Առաջին անգամ Սահմանադրությամբ ամրագրվեց համայնքի՝ որպես «հանրային իրավունքի իրավաբանական անձ»՝ հասկացությունը՝ նպատակ ունենալով հանրային իրավունքի իրավաբանական անձանց կարգավիճակը տարանջատել մասնավոր իրավունքում ընդունված իրավաբանական անձանց կարգավիճակից։
Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու կարգը։ Սահմանադրության փոփոխություններով պահպանվեց բացառապես հանրաքվեի միջոցով նոր Սահմանադրության ընդունման պահանջը։ Սակայն Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու համար նախատեսվեց տարբերակված մոտեցում։ Սահմանադրական կարգի հիմունքներին, մարդու իրավունքներին և ազատություններին, ինչպես նաև այլ առանցքային նշանակության հարցերին վերաբերող դրույթների փոփոխությունը պետք է իրականացվի միայն հանրաքվեով։ Իսկ Սահմանադրության մյուս հոդվածներով փոփոխություններ կարող են կատարվել Ազգային ժողովի կողմից՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով։
Սահմանադրական փոփոխությունների հարցը կրկին արդիական դարձավ 2018 թվականի թավշյա, ոչ բռնի հեղափոխությունից հետո։ 2020 թ․ փետրվարի 12-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվեց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով։ Հանձնաժողովի հիմնական խնդիրը Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թթ․ ռազմավարությամբ նախանշված սահմանադրական փոփոխությունների իրագործումն է։ Սակայն հանձնաժողովի գործունեության վերաբերյալ առկա չէ բավականաչափ տեղեկատվություն։ Հայտնի է, որ հանձնաժողովում քննարկվել է Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների գործառույթների միավորման և մեկ Գերագույն դատարան ստեղծելու հարցը։ Այդ մասին հանձնաժողովի նախագահ Եղիշե Կիրակոսյանը հայտարարեց 2020 թվականի հուլիսի 9-ին։ Իսկ ավելի ուշ հանձնաժողովը 8 կողմ և 7 դեմ ձայների հարաբերակցությամբ հավանության է արժանացրել Սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարանի միավորման և մեկ Գերագույն դատարան ստեղծելու հարցը։
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում քննարկվել է նաև Հայ-առաքելական եկեղեցու սահմանադրական կարգավիճակը։ Այս կապակցությամբ հանձնաժողովի անդամ Արթուր Ղամբարյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակեց «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու սահմանադրական կարգավիճակի» բարեփոխումների վերաբերյալ հայեցակարգը, իսկ ավելի ուշ՝ նաև «Դատախազության և քննչական մարմինների բարեփոխումների» և «Հանրային իշխանության մարմինների փոխադարձ հարգանքի և համագործակցության սկզբունքի սահմանադրական ամրագրման և արժևորման վերաբերյալ» հայեցակարգերը։
Սակայն 2020 թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով և դրանից հետո Հայաստանի Հանրապետությունում ստեղծված քաղաքական լարվածության պատճառով Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատանքներն այս պահին փաստացի կասեցված են։
Documents
- Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով ստեղծելու մասին վարչապետի որոշում: 2019/12/30
- Հանձնաժողովի կազմը հաստատելու մասին վարչապետի որոշումը: 2020/02/12
- ՀՀ նախագահի հրամանագիրը ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին: 2013/09/21
Links
- «Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է իրենը համարի Սահմանադրությունը». վարչապետի խոսքը Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստին: 2020/06/15
- Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի դրույթները և դրանց իրացման հիմնական ուղղությունները ՀՀ-ում։ 2015
- Հանրային իշխանության մարմինների փոխադարձ հարգանքի և համագործակցության սկզբունքների սահմանադրական ամրագրումն ու արժևորումը։ 2020
- Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի բարեփոխումների Հայեցակարգ
- Դոկտրինալ հայեցակարգ դատախազության և քննչական մարմինների բարեփոխումների
- 2015 թ. դեկտեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի դիտորդական առաքելության ամփոփիչ զեկույց
- Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովն առաջին նիստն անցկացրեց։ 2020/02/01
Հայաստանի ՔՀԿ հայտարարությունը ՀՀ նախագահի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ
2013 թ. սեպտեմբերի 4-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին՝ ՀՀ սահմանադրության փոփոխությունների նախագիծ մշակելու նպատակով: Անակնկալ, միակողմանի որոշումների շղթայում այս որոշումը երկրորդն էր մեկ օր առաջ՝ սեպտեմբերի 3-ի` Ս. Սարգսյանի Մաքսային Միությանը միանալու վերաբերյալ հայտարարությանից հետո: Մինչ այդ որևէ փորձագիտական բանավեճ կամ հանրային քննարկում չի ծավալվել այն մասին, թե Հայաստանում կարիք կա սահմանադրական բարեփոխումների: Փոխարենը՝ իրավական ոլորտի փորձագետները և իրավապաշտպան կազմակերպությունները շարունակաբար մտահոգություն են արտահայտել պետական պաշտոնյաների կողմից Սահմանադրության թերի կիրառման և կոպիտ ոտնահարումների վերաբերյալ:
2014 թ. ապրիլի 10-ին ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը ներկայացրել է ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծ, որում որոշ փոփոխություններ են առաջարկվում մարդու իրավունքների, տեղական ինքնակառավարման, դատական իշխանության և այլնի վերաբերյալ: Ավելին՝ հայեցակարգն առաջարկում է կիսանախագահական կառավարման համակարգից անցում խորհրդարանականի, ըստ որի համապետական ընտրություններ նախատեսվում են միայն ՀՀ Ազգային ժողովի համար, իսկ նախագահն ընտրվելու է պատգամավորների կողմից:
2014 թ. սեպտեմբերի 11-ին Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովը («Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողով») կարծիք է հայտնել նշված հայեցակարգի վերաբերյալ: Առաջարկվող որոշ փոփոխությունների վերլուծության և դրանց բարելավման վերաբերյալ առաջարկությունների հետ մեկտեղ այն շեշտել է, որ խորհրդարանական կառավարման համակարգի օգտին ընտրությունը «պարունակում է նաև քաղաքական բաղադրիչ, ինչը պետք է լայնորեն քննարկել երկրում: Ամեն դեպքում, համապարփակ սահմանադրական բարեփոխումներ կարելի է իրականացնել միայն հասարակության մեջ լայն կոնսենսուսի հիման վրա»[1]: Սահմանադրական փոփոխությունների առնչությամբ հասարակության մեջ լայն կոնսենսուսի անհրաժեշտության հարցն ընդգծել է նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Անն Բրասերը 2015 թ. ապրիլի 13-15-ը Հայաստան կատարած իր այցի ընթացքում[2]:
Չնայած առաջարկվող սահմանադրական փոփոխությունների շուրջ առկա լուրջ տարակարծություններին և ՀՀ հիմնադիր փաստաթուղթը վերափոխելու հրատապության վերաբերյալ ոչ բավարար հիմնավորմանը, ինչպես նաև որոշ հիմնական փոփոխությունների բովանդակության հետ կապված հարցերին, այդուհանդերձ, առաջարկվող փոփոխություններն ակտիվորեն քարոզվում են[3]: 2015թ. մայիսի 18-19-ին որոշ փոփոխություններ քննարկվել են Վենետիկի հանձնաժողովի անդամների հետ[4]: Սահմանադրական հանրաքվեի ամսաթիվը դեռևս որոշված չէ, սակայն նախատեսված է այն ավարտին հասցնել նախքան առաջիկա՝ 2017 թ. մայիսին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությունները: Նման արագացված տեմպերի պատճառով հասարակությունը հակված է հավատալու, որ սահմանադրական բարեփոխումների նախաձեռնումը կատարվել է հանուն մեկ գլխավոր նպատակի, այն է՝ որպեսզի վերարտադրվի Ս. Սարգսյանի և/կամ նրա կողմից ղեկավարվող ՀՀԿ-ի քաղաքական իշխանությունը, քանի որ գործող Սահմանադրության համաձայն` նույն անձը չի կարող երրորդ անգամ անընդմեջ ընտրվել Հանրապետության նախագահի պաշտոնում։ Մինչդեռ կառավարման խորհրդարանական համակարգի անցումը Ս. Սարգսյանին հնարավորություն կտա վերարտադրվել և ամրապնդել իր կուսակցության իշխանությունը:
Որպես Հայաստանի ընտրական գործընթացների բազմակողմանի փորձ ունեցող քաղաքացիական հասարակության կազմակերպություններ՝ մենք խիստ մտահոգ ենք նախատեսված սահմանադրական հանրաքվեով` ելնելով հետևյալ հիմնավորումներից.
Վերջերս կատարված ընտրությունների կեղծման հիմնական մեխանիզմը պայմանավորված է պոտենցիալ ընտրողների ցուցակների ուռճացման հանգամանքով: Սույն ընտրացուցակները ներառում են 18-ից բարձր տարիքի բոլոր քաղաքացիների անունները, այդ թվում՝ նրանցը, ովքեր ապրում, սովորում և աշխատում են արտասահմանում, բայց չեն հրաժարվել իրենց հայաստանյան քաղաքացիությունից[13]: Այս քաղաքացիներին թույլ չի տրվում քվեարկել Հայաստանից դուրս, մինչդեռ Հայաստանում պատշաճ վերահսկողություն չի իրականացվում, որպեսզի ապօրինաբար չօգտագործվեն նրանց անունները: Կան լուրջ մտահոգություններ, որ բացակա քաղաքացիների անունները կօգտագործվեն ընտրությունների արդյունքները կեղծելու նպատակով: Նման անհանգստությունները հիմնված են վիճակագրության և դիտորդների պատմությունների վրա: Մասնավորապես, 2012 թ. ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ որոշ ընտրատեղամասերում բազմաթիվ անձնագրերի կազմակերպված բաժանման վերաբերյալ բացահայտված դեպքերի առնչությամբ պատշաճ գործողություններ չեն իրականացվել իրավապահ մարմինների կողմից[14]: 2013 թ. ՀՀ նախագահի ընտրություններում, համայնքներից շատերում, որտեղ գործող նախագահը ստացել է ձայների մեծամասնությունը, գրանցել է ծայրահեղ բարձր մասնակցություն՝ հաճախ գերազանցելով 80, 90 և նույնիսկ 100 տոկոսը[15]: Դիտորդներին երբևէ հնարավորություն չի տրվել ճշգրտելու նկատված բազմակի քվեարկողների անուններն ու ստորագրությունները, նման քվեարկությունը չի արգելվել համապատասխան ընտրական հանձնաժողովների և վերադաս վարչական մարմինների կողմից, իսկ վարչական դատարանը կամ իրավապահ մարմինները հետամուտ չեն եղել նման դեպքերին: Այս հարցերը կարող են հեշտությամբ լուծվել ընտրություններից հետո ստորագրված ընտրացուցակները հրապարակելու միջոցով, սակայն իշխանությունների կողմից ուժեղ դիմադրություն է առկա ցուցակները հրապարակելու վերաբերյալ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների առաջարկությունների նկատմամբ[16], ինչը կասկած է հարուցում ստորագրված ցուցակների արժանահավատ լինելու և բացակա քաղաքացիների անունների հնարավոր չարաշահման առնչությամբ:
Վերոնշյալ փաստերն ու Հայաստանում 1995-ից ի վեր բոլոր ընտրությունների և հանրաքվեների ժամանակ տեղի գտած ընտրախախտումների ու ընտրակեղծիքների պատմությունը թույլ են տալիս հարցականի տակ դնել առաջարկվող հանրաքվեի լեգիտիմությունը, քանի որ այն չի բխում երկրում առկա քաղաքական իրավիճակից և շինծու է դարձնում դրա առաջ մղելու հրատապությունը:
Մենք՝ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության ներքոստորագրյալ կազմակերպություններս, դիմում ենք Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին սատարող բոլոր միջազգային կազմակերպություններին խնդրանքով, որ նրանք աջակցություն չցուցաբերեն սահմանադրական փոփոխությունների գործընթացներին: Պետության հիմնարար օրենքը չպետք է փոխվի որևէ կառավարության կողմից, քանի դեռ առկա չէ նպաստավոր քաղաքական մթնոլորտ և հիմնական քաղաքական դերակատարների ու հանրության կողմից կոնսենսուս նման փոփոխության կարիքի ու անհրաժեշտության վերաբերյալ, առկա չէ ազատ ու արդար ընտրությունների հաստատված պրակտիկա և ընդհանուր վստահություն նման արմատական փոփոխության նախաձեռնողների և բուն հանրաքվեի գործընթացի հանդեպ:
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը, ստեղծված 2013 թ., քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կոալիցիա է, որը ներառում է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Իրավունքի Եվրոպա միավորումը և Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը: Դրա անդամները Հայաստանում, ինչպես նաև այլ երկրներում համապետական ընտրությունների մոնիտորինգի անցկացման բազմամյա փորձ ունեն: Առաջին երկու կազմակերպությունները նաև Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմի (EPDE) անդամներ են: Նշված կազմակերպությունների փորձը տարածվում է նաև ընտրությունների դիտորդությունից դուրս՝ ներառելով օրենսդրական առաջարկությունների վերաբերյալ դիտողությունների մշակումը, քաղաքացիների իրազեկումն իրենց իրավունքների մասին, ընտրական գործընթացների հանրային տեղեկատվության հարթակի կառավարումը և ընտախախտումների հարցերին վարչական, դատական և իրավապահ մարմիններում հետամուտ լինելը: 2013 թ. մայիսից ի վեր կոալիցիան նաև դիտարկում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները Հայաստանի տարածքում:
[1] «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողովի» (Վենետիկի հանձնաժողովի) կարծիքը ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի վերաբերյալ (Հռոմ, հոկտեմբերի 10-11, 2014 թ.) http://www.venice.coe.int/webforms/documents/default.aspx?pdffile=CDL-AD%282014%29027-e
[2]«ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերը Հայաստան կատարած այցի արդյունքներով տարածել է հայտարարություն», «Արմեդիա» տեղեկատվական, վերլուծական գործակալություն (Երևան, ապրիլի 16, 2015թ.) http://armedia.am/arm/news/16548/ekhkhv-nakhagah-ann-brasery-hayastan-katarats-ayci-ardyunqnerov-taratsel-e-haytararutyun.html
[3] Հանրաքվեի մոտավոր ամսաթիվը 2015 թ. վերջն է, ինչպես հայտարարել է ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար և Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Դավիթ Հարությունյանը Հ3 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
[4] Venice Commission, Armenia – Constitutional Reforms, http://www.venice.coe.int/webforms/events/?id=2009
[5] APR Group, Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հասարակական կարծիքի ուսումնասիրություն (Երևան, սեպտեմբեր 2014) http://aprgroup.org/images/Library/Constitution/research%20report-eng-q.pdf
[6] Նույն տեղում:
[7] Եվրոպական հանձնաժողով, Աշխատակազմի համատեղ աշխատանքային փաստաթուղթ. Հայաստանում Եվրոպական հարևանության քաղաքականության իրականացում/ 2014թ. ընթացքում գրանցած առաջընթացը և առաջարկություններ գործողությունների համար (Բրյուսել, մարտի 25, 2015 թ.) http://eeas.europa.eu/enp/pdf/2015/armenia-enp-report-2015_en.pdf:
[8] Լիմարի Մորալես «Կանայք ողջ աշխարհում ավելի քիչ են վստահում ընտրություններին, քան տղամարդիկ», Գելափ, Ինկ. (Վաշինգտոն, հոկտեմբերի 11, 2012 թ.) http://www.gallup.com/poll/157997/women-worldwide-less-confident-men-elections.aspx
[9] APR Group, Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հասարակական կարծիքի ուսումնասիրություն (Երևան, սեպտեմբեր 2014), http://aprgroup.org/images/Library/Constitution/research%20report-eng-q.pdf:
[10] Հայաստանի իրավապաշտպան ՀԿ-ների դիտարկումները 2012 թ. խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ստեղծված իրավիճակի վերաբերյալ (Երևան, մայիսի 4, 2012), http://transparency.am/hy/news/view/453, Հայտարարություն Հայաստանի Հանրապետության 2012 թ. խորհրդարանական ընտրությունների մասին (Երևան, մայիսի 11, 2012). http://transparency.am/hy/news/view/455 և ՀՀ ԱԺ և առաջիկա նախագահական ընտրությունների վերաբերյալ ԱլԳ ՔՀՖ «Ժողովրդավարություն, մարդու իրավունքներ և պատշաճ կառավարում» 1-ին աշխատանքային խմբի hայտարարությունը (Բրյուսել, հունիսի 6, 2012). http://transparency.am/hy/news/view/476:
[11] ԱլԳ ՔՀՖ Ղեկավար կոմիտեի հայտարարությունը Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների վերաբերյալ (Բրյուսել, 6 մայիսի 2013). https://eaparmenianews.wordpress.com/2013/05/07/%D5%A9%D5%B8%D5%B2%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4-126/:
[12] ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության վերջնական զեկույց (Երևան, մայիսի 4, 2012). http://www.osce.org/hy/odihr/elections/91962?download=true, Հայտարարություն Հայաստանի Հանրապետության 2012 թ. խորհրդարանական ընտրությունների մասին (Երևան, մայիսի 11, 2012). http://transparency.am/hy/news/view/455, ՀՀ ԱԺ և առաջիկա նախագահական ընտրությունների վերաբերյալ ԱլԳ ՔՀՖ «Ժողովրդավարություն, մարդու իրավունքներ և պատշաճ կառավարում» 1-ին աշխատանքային խմբի hայտարարությունը (Բրյուսել, հունիսի 6, 2012). http://transparency.am/hy/news/view/476:
[13] Ըստ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ մոտավորապես 350 000 քաղաքացիներ մեկնել են երկրից 2008-ից ի վեր և չեն վերադարձել. http://www.armstat.am/am/?nid=45&year=2014:
[14] Տ՛ես http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=Fadp6iwWeLM, http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=Fadp6iwWeLM, http://www.youtube.com/watch?v=-sQ0TBbv9OY&feature=g-user-u
[15] Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն, 2013 թ. Նախագահական ընտրությունների էլեկտրոնային մոնիտորինգ. http://elections.transparency.am/2013/index.php?am_home,2:
[16] Ընտրական գործընթացներով մտահոգ ՀԿ-ների հայտարարությունը (Երևան, նոյեմբերի 19, 2012). http://transparency.am/hy/statements/view/163, ՀԿ-ները կոչ են անում փոփոխություններ կատարել ՀՀ ընտրական օրենսգրքում (Երևան, հունվարի 22, 2013). http://transparency.am/hy/statements/view/168, Կոչ ՀՀ ազգային ժողովին (Երևան, 12 մարտի 2013). http://transparency.am/hy/news/view/567, ՀԿ-ների հայտարարությունը ՀՀ 2013 թ. նախագահական ընտրությունների լեգիտիմության մասին, (Երևան, փետրվարի 26, 2013). http://transparency.am/hy/news/view/558:
Տես ավելին՝ https://transparency.am
Վենետիկի հանձնաժողովի կարծիքը՝ Հայաստանի կողմից Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունների վերաբերյալ Սահմանադրական փոփոխությունների նախագծի համատեքստում ներկայացված երեք իրավական հարցերի վերաբերյալ
Տես ավելին՝ https://www.moj.am/storage/files
Նախագահ Սարգսյանն ու վարչապետի պաշտոնակատարը չեն բացառում Սահմանադրության փոփոխությունների շուրջ քննարկումները
Այսօր Սահմանադրության օրվա կապակցությամբ ուղերձներ են հղել Հայաստանի վարչապետն ու նախագահը՝ երկուսն էլ չբացառելով քննարկումները Սահմանադրության փոփոխությունների շուրջ։
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մասնավորապես նշել է, որ Երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ ընտրությունները դարձան ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու և ոչ թե ճգնաժամ հարուցելու միջոց. — «Մեր առաջիկա անելիքների առաջնահերթությունների շարքում արտաքին, սահմանադրական անվտանգության օրակարգերն են, այդ օրակարգերը սպասարկելուն կոչված պետական ինստիտուտների բարեփոխումը և կայացումը. Այս ընթացքում, ակնհայտորեն, չի հաջողվի խուսափել մեր երկրի կառավարման համակարգի շուրջ քննարկումներից, բայց այս կարևորագույն հարցում էլ պիտի առաջնորդվենք «կտրելուց առաջ յոթ անգամ չափելու» սկզբունքով»:
Նախագահ Արմեն Սարգսյանն իր հերթին նշում է, որ անփոփոխելի առաջին 3 հոդվածներից բացի, Սահմանադրությունը «ոչ թե ստատիկ, այլ դինամիկ փաստաթուղթ է», հետևաբար ըստ նախագահի, այն «պետք է համապատասխանի օրվա մարտահրավերներին». — «Այսօր մենք ապրում ենք բարդ ժամանակներում: Ստանդարտ լուծումներին զուգահեռ՝ անհրաժեշտություն կա նաև ոչ ստանդարտ քայլեր ձեռնարկել՝ հաղթահարելու առկա բազմաշերտ և բազմաբաղադրիչ ճգնաժամը: Այսօր կարիք ունենք նախապատրաստելու անհրաժեշտ հիմք մեր պետության կյանքում նոր էջ բացելու համար: Վերջին երեք տարիներն ավելի ակնհայտ դարձրեցին, որ գործող Սահմանադրության առանձին դրույթներ չեն նախատեսում լավագույն լուծումները մեր երկրի ու հասարակության առաջ ծառացած բոլոր մարտահրավերներին և ճգնաժամերին արագ, լիարժեք ու հավասարակշռված արձագանքելու համար: Հետևաբար, գիտակցելով Սահմանադրության, որպես ամբողջական փաստաթղթի կենսական կարևորությունը յուրաքանչյուրիս և ողջ երկրի համար, անհրաժեշտություն կա կատարելագործել այն, դարձնել երկրի ապագային միտված, մեր պետական և ազգային շահերից բխող առաջնահերթություններին առավել համահունչ»։
Նախագահը, այդուհանդերձ, չի մասնավորեցնում, թե ինչ փոփոխություններ նկատի ունի։
Անցյալ տարվա փետրվարին վարչապետի որոշմամբ ստեղծվել էր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով, հաստատվել էր կազմը և սկսվել էր աշխատանքը, որը շարունակվեց մինչև պատերազմը։ Այնուհետև, ըստ հանձնաժողովի անդամ Դանիել Իոաննիսյանի, աշխատանքը կանգ առավ. — «Հունվար, փետրվար ամիսներին ես գիտեմ, որ քննարկումներ էին գնում, որպեսզի հանձնաժողովը վերաձևավորվի, բայց դա տեղի չունեցավ։ Հետո Գլխավոր շտաբի հայտնի հայտարարությունը, հետո ընտրություններ։ Ըստ էության, առ այս պահը որևէ պրոգրես չկա»։
Իոաննիսյանը միայն ենթադրում է, որ արդեն նոր կառավարության կազմավորումից հետո հայտնի կդառնա՝ կստեղծվի արդյո՞ք նոր հանձնաժողով թե ոչ, իսկ 2020 թվականին ստեղծված կազմը դեռ քննարկումների վաղ փուլում քվեարկել ու որոշել էր՝ բարեփոխում են գործող սահմանադրությունը խորհրդարանական կառավարման համակարգով և վերադարձ կիսանախագահականին չի նախատեսվում։
Այս հարցում իրարից կտրուկ տարբերող կարծիքներ է հայտնել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ 2020 թվականին մարտին Կապանում ասուլիսի ժամանակ նա հայտարարել էր, որ դեմ է կիսանախագահկական համակարգին։ — «Հայաստանի երրորդ հանրապետության ողջ ընթացքում մեր երկիրը ձախողած կառավարման համակարգ է, և դա գործնականում մենք բոլորս իրար հետ միասին տեսել ենք և ապացուցվել է։ Դա ձախողված և Հայաստանը ձախողած կառավարման համակարգ է»։
Արդեն այս տարվա մարտին, Գլխավոր շտաբի նախկին պետի հետ ունեցած հակասություններից հետո հրավիրված հանրահավաքում Փաշինյանն արդեն հայտարարեց, թե փորձը ցույց տվեց, որ Սահմանադրությունը բազմաթիվ թերություններ ունի, ստեղծում է բազմաթիվ ճգնաժամային ռիսկեր։ — «Կարծում եմ, ժամանակն է արձանագրել, որ մենք պիտի աշխատենք, որ այս տարվա հոկտեմբեր ամսին համաժողովրդական հանրաքվեով ընդունենք նոր Սահմանադրություն կամ սահմանադրական փոփոխություններ, և ի վերջո կիսանախագահական կառավարման համակարգի անցնելը հնարավոր տարբերակներից մեկն է»։
Դանիել Իոաննիսյանը վստահ է, որ վերջին հայտարարությունը Փաշինյանը արել է նախագահի հետ ունեցած տարաձայնությունների ֆոնին, երբ չէր կարողանում պաշտոնից ազատել իր նշանակած գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին, նախագահը ի վերջո չհաստատեց այս պաշտոնանկությունը. — «Նախագահը այդ հրամանագրերը չէր ստորագրում, և էդ իրավիճակը խնդրահարույց էր, և որպես եզրահանգում, ենթադրում եմ, ինքը որոշեց, որ պետք է գործադիր իշխանության ղեկավարը լինի հենց նախագահը»։
Ըստ Իոնանիսյանի, շատ ավելի խորը ճգնաժամ է առաջանում կիսանախագահական երկրներում, երբ լուրջ հակասություններ են լինում նախագահի և խորհրդարանի միջև։ Նա սա համեմատում է խորհրդարանական Հայաստանում առաջացած ճգնաժամի հետ, երբ նախագահը չէր հաստատում գործադիր մարմնի ղեկավարի՝ վարչապետի որոշումը։
Իոնաննիսյանն կարծում է, որ ճիշտ չէր անցումը խորհրդարանական համակարգին, բայց ավելի մեծ սխալ կլինի կառավարման համակարգը նորից փոխելը. — «Պետք է հաշվի առնել, որ առհասարակ կառավարման մոդելի փոփոխությունը լուրջ ստրես է նաև պետական կառավարման համակարգի համար։ Եվ այստեղ մենք պետք է հարց տանք՝ արդյո՞ք ուզում ենք էդ ստրեսին ևս մեկ անգամ գնալ»։
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը հիշեցնում է, որ 2015-ին Հայաստանում Սահմանադրությունը երկրորդ անգամ փոխվեց ոչ թե որովհետև կար հանրային պահանջ, այլ որովհետև կար 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի ցանկությունը շարունակել պաշտոնավարել որպես Հայաստանի առաջնորդ. — «Եվ պալատական իրավաբանների ձեռամբ գրվեց այս սահմանադրությունը, ընտրվեց կառավարման այս համակարգը»։
Հարությունյանը կարծում է, որ այժմ հանրային պահանջ կա վերադառնալու կիսանախագահական կամ նախագահական համակարգին։ Միայն այն հանգամանքը, որ գործող Սահմանադրությունը գրվել է ոչ թե Հայաստանին, այլ մեկ մարդու սպասարկելու համար, արդեն բավարար պատճառ է գնալ փոփոխությունների։ — «Ոչ միայն Հայաստանի փորձը, այլև աշխարհի փորձն է ցույց տալիս, որ նախագահական համակարգերը շատ ավելի աշխատող են։ Բավական է շատ թեթև հայացք նետել պառլամենտական համակարգով աշխատող երկրների վրա՝ սկսած Իսրայելից, և կտեսնենք ինչ խնդիրների են նրանք բախվում։ Իսկ ես կայացած երկրների օրինակներ եմ բերում։ Իսկ չկայացած երկրներում, ինչպիսին մերն է, բնական է, այս համակարգի չէր աշխատելու, չի աշխատում, չի էլ աշխատելու»։
Ընդդիմադիրները դեմ են կառավարման համակարգը փոխելու Փաշինյանի մտադրությանը
Երեկվա հանրահավաքում վարչապետը խոսեց սահմանադրական հանրաքվով Հայաստանում կառավարման խորհրդարանական համակարգը փոխելու, կիսանակախագահականին վերադառնալու մտադրության մասին։
Ասաց՝ այսօր էլ Սահմանադրությունը բազմաթիվ ճգնաժամային ռիսկեր է ստեղծում․ — «Կարծում եմ, ժամանակն է արձանագրել, որ մենք պիտի աշխատենք, որ այս տարվա հոկտեմբեր ամսին համաժողովրդական հանրաքվեով ընդունենք նոր Սահմանադրություն կամ սահմանադրական փոփոխություններ, և ի վերջո կիսանախագահական կառավարման համակարգի անցնելը հնարավոր տարբերակներից մեկը պետք է լինի»։
Իսկ ընդամենը մեկ տարի առաջ Փաշինյանը տրամագծորեն հակառակ կարծիքին էր, որ կիսանախագահական համակարգը երկիրը ձախողած, անպատասխանատու համակարգ է․ — «Էս տարբերակը Հայաստանի համար պետք է բացառել։ Իմ կարծիքը հետևյալն ա, որ մենք կառավարման համակարգ չպետք է փոխենք առնվազն էնքան ժամանակ, մինչև չենք համոզվել, որ էս կառավարման համակարգը մեզ համար պրոբլեմ է։ Էս կառավարման համակարգը մինչև էս պահը նոր ա, էկեք տեսնենք ինչ ա տեղի ունենում։ Փառք Աստծո, ամեն ինչ լավ ա»։
Իշխանական «Իմ քայլից» ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը չթաքցրեց՝ վարչապետի ասած ճգնաժամերից մեկն էլ վերջին օրերին ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու շուրջ Նիկոլ Փաշինյանի ու Արմեն Սարգսյանի միջև լարվածությունն է․ — «Պարզ օրինակ․ Հանրապետության նախագահի պարագայում կա մի իրավիճակ, երբ որ երկրի ղեկավարը (էկեք վերանանք, թե ով է երկրի ղեկավարը, ենթադրենք Նիկոլ Փաշինյանի չի, որևիցե մեկ այլ անձնավորություն է) պաշտոնից ազատելու որոշում է կայացնում, և առաջանում է նման խնդիր, որ փաստացի չի լինում ազատել, ինչ-որ վակուում է առաջանում»։
«Պարոն Փաշինյանը սովոր չէ, երբ որ իր կամքին որևէ մեկը հակադրվում է։ Եվ երբ որ տեսավ, որ հակակշիռների, զսպումների համակարգը, որը մեր Սահմանադրության հիմքն է, աշխատեց ինչ-որ առումով, որոշեց, որ պետք է դա էլ վերացնել, որ միանձնյա լինի ցանկացած որոշում կայացնելը։ Նա ավտորիտար պետականություն է ուզում՝ իր բոլոր հնարավոր դրսևորումներով», — «Ազատության» հետ զրույցում ասաց Տարոն Սիմոնյանը («Լուսավոր Հայաստան»)։
Մինչ վարչապետը պատրաստվում է համակարգի փոփոխության հարցով համագործակցել նաև Ազգային ժողովի հետ, խորհրդարանի ընդդիմադիրները Փաշինյանի վերջին հայտարարությանը կոշտ են արձագանքում՝ որակելով նրա հերթական մանիպուլյացիաներից մեկը։
Տարոն Սիմոնյանը հայտարարում է՝ համակարգի արդյունավետությունը աշխատեցնողից է, իսկ Փաշինյանը իր ձախողումները ուզում է համակարգի վրա գցել։
Ընդդիմադիր պատգամավորն ասաց՝ կիսանախագահականին վերադառնալու հարց քննարկել են նաև անցած տարեսկզբին ձևավորված Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովում։ Ինքը այնտեղ էլ է դեմ արտահայտվել՝ պատճառաբանությամբ, թե պետականությունը չի կարելի անընդհատ ստրեսների ենթարկել։
Սիմոնյանի խոսքով, իր կարծիքը կիսել են նաև իշխանության ներկայացուցիչները․ — «Դա քաղաքական մանիպուլյատիվ հայտարարություն էր, որ ասի՝ տեսեք, ես չկարողացա պատերազմում հաղթանակ տանել, ես չկարողացա Զինված ուժերի հետ լավ լեզու գտնել, ես չկարողացա պետությունը նորմալ կառավարել, որովհետև պառլամենտական է։ Հիմա էկեք գնանք կիսանախագահականի․․․ Բայց մեղավորը անձն է, ոչ թե համակարգը»։
«Իշխանությունը պահպանելու համար արված հայտարարություն էր»․ սա ընդդիմադիր Նաիրա Զոհրաբյանի («Բարգավաճ Հայաստան»)գնահատականն է․ — «Ինքը այս պահին ցայտնոտի մեջ է, անգամ ամենաաննախադեպ վարչական ռեսուրս կիրառելով՝ ինքը կարողացավ բերման ենթարկել 20-23 հազար մարդ, իսկ դա իր համար փախողում է։ Հիմա ինքը, այսպես ասած կոդերով հնչեցնում է տարբերակներ, առաջարկներ՝ փորձելով դրա շուրջ ինչ-որ կոնսոլիդացիաներ անել, տեսնել, թե քաղաքական ուժերը այդ տարբերակներից որի շուրջ կգան իր հետ կոնսոլիդացիայի, որպեսզի ինքը կարողանա պահպանել իր իշխանությունը։ Ինչը չի լինելու»։
Ի դեպ, այսօր Փաշինյանի թիմակից Ալեն Սիմոնյանը չբացառեց, որ սահմանադրական փոփոխությունները այնպիսի ժամկետներում կազմակերպվեն, որ միանգամից նախագահական ընտրություններ անցկացվեն։
Սիմոնյանն անպատասխան թողեց հարցը, թե արդյոք Փաշինյանը ցանկանում է նախագահ դառնալ։
Կայացավ հանրային քննարկումը՝ սահմանադրական հակակոռուպցիոն մարմնի/մարմինների հայեցակարգի վերաբերյալ
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի, ԵՄ ԱլԳ քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի համատեղ կազմակերպմամբ սեպտեմբերի 24-ին առցանց հարթակում տեղի ունեցավ քննարկում՝ նվիրված սահմանադրական հակակոռուպցիոն մարմնի/մարմինների հայեցակարգին։
Քննարկմանը մասնակցել են փաստաբաններ, քաղհասարակության կազմակերպությունների, պետական մարմինների շուրջ 70 ներկայացուցիչներ։
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Եղիշե Կիրակոսյանը ողջույնի իր խոսքում նշեց, որ այս հանրային քննարկումը՝ նախորդ 2 քննարկումների համեմատ ավելի մասնագիտացված է՝ ինչը թույլ կտա լավագույն անհրաժեշտ տեսակետները հավաքագրել։ «Հակակոռուոպցիոն մարմնի հետ կապված հայեցակարգային դրույթներ դեռ չենք քննարկել, առաջիկա նիստերից որևէ մեկի օրակարգում ներառվելու և քննարկվելու է»,-նշեց նա՝ հավելելով, որ այժմ ամբողջացվում է հայեցակարգային նախագիծը։
«Մեզ համար կարևորը մարմնի անկախությունն է, և՛ գործառութային, և՛ ֆինանսական, և՛ ինստիտուցիոնալ անկախությունը։ Ջանք չենք խնայելու, որպեսզի հնարավոր լինի ապահովել այդտեղի աշխատակիցների ինքնուրույնությունը, գործունեության երաշխիքները և ինչու չէ՝ հնարավորություն տալ բարեփոխումներ անելու և ամբողջությամբ վերանայելու կոռուպցիոն հանցագործությունների քննության ընթացքը»,-ասաց Արդարադատության նախարարության Հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ Մարիամ Գալստյանը։
ԱԼԳ քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանը նշեց․ «Կոռուպցիայի կանխարգելումն ու կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարը հետհեղափոխական իշխանության ժողովրդի առջև ստանձնած ամենակարևոր հանձնառությունների թվում է»։ Սա ամրագրված է թե՛ կառավարության ծրագրում, թե՛ միջազգային պայմանագրերում։
Հակակոռուպցիոն փորձագետ Մարիամ Զադոյանը քննարկման մասնակիցներին ներկայացրեց հակակոռուպցիոն մարմինների վերաբերյալ միջազգային փորձը։ «Հակակոռուպցիոն մարմինների հիմնականում դասակարգվում են 3 տեսակների․ ունիվերսալ, բազմաֆունկցիոնալ հակակոռուպցիոն մարմինը։ Այս մոդելի պարագայում գործում է կոռուպցիայի դեմ պայքարի մեկ մարմին, որն օժտված է կոռուպցիայի դեմ պայքարի բոլոր գործառույթներով՝ իրավապահ, կանխարգելիչ և կրթական, մոդելն առկա է Հոնգ Կոնգում, Լիտվայում, Լատվիայում, Լեհաստանում և այլ երկրներում։ Տարանջատված մոդելի պարագայում, որպես կանոն, գործում են կոռուպցիայի դեմ պայքարի երկու առանձնացված մարմիններ, որոնցից մեկը զբաղվում է կոռուպցիայի դեմ պայքարի իրավապահ գործունեությամբ, իսկ մյուսը՝ կանխարգելիչ և կրթական գործառույթներով։ Մոդելն գործում է Ուկրաինայում, Ռումինիայում։ Ապակենտրոնացված մոդելի պարագայում, որպես կանոն, գործում են կոռուպցիայի դեմ պայքարի բազմաթիվ իրավապահ և կանխարգելիչ ստորաբաժանումներ այլ մարմինների կազմում։ Այս մոդելն են որդեգրել ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և այլ երկրներ»,-մանրամասնեց փորձագետը։
Հակակոռուպցիոն փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը ներկայացրեց ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի փուլերը և դրանցում ստացված արդյունքները։ Նրա խոսքով, այն պայմանականորեն կարելի է բաժանել 3 փուլի․ «Կոռուպցիայի դեմ պայքարի ապակենտրոնացված փուլ (2003-2015թթ.), Կոռուպցիայի դեմ պայքարում տարանջատված մոդելին անցման նախնական փուլ մինչհեղափոխական Հայաստանում (2016-2017թթ.), Կոռուպցիայի դեմ պայքարում տարանջատված մոդելին անցման ավարտական փուլ հետհեղափոխական Հայաստանում (2018թ.-առ այսօր)»։
Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը ներկայացրեց հայեցկարգային դրույթները, խոսեց հակակոռուպցիոն պայքարի հայկական մոդելի սահմանդրական տեսլականի մասին: Նա կարևորեց այն հանգամանքը, որ հակակոռուպցիոն մարմնի անկախության երաշխիքները պետք է ամրագրվեն Սահմանադրությամբ, որպեսզի հետագայում, այն հնարավոր չլինի հեշտությամբ փոփոխել՝ օրվա իշխանության քաղաքական կամքի փոփոխության հետ զուգահեռ:
Կարեն Զադոյանը խոսեց նաև հակակոռուպցիոն մարմի/մարմինների սահմանադրական ստանդարտներից․ գործառույթների սահմանման ստանդարտ, մրցութային կարգի միջոցով ԱԺ-ի կողմից ընտրության ստանդարտ, լիազորությունների դադարման հիմքերի սպառիչ թվարկման ստանդարտ, ապաքաղաքականության ստանդարտ, պատշաճ ֆինանսավորման ստանդարտ, անձեռնմխելիության ստանդարտ, ժամկետների ստանդարտ և այլն: «Պետք է ապաքաղաքական լինեն այն անձիք, որոնք աշխատելու են հակակոռուպցիոն հանձնաժողովում կամ կոմիտեում, կամ ունիվերսալ մարմնում։ Որևէ մեկը չպետք է հնարավորություն ունենա քաղաքական նպատակահարմարությունից ելնելով նշանակումներ կատարել, ինչպիսի տպավորություն եղավ, ինչպես օրինակ, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ընտրությունների դեպքում», – նշեց Կարեն Զադոյանը։
Քննարկման մասնակիցները մեծամասմաբ իրենց հավանությունն էին տալիս, որ հակակոռուպցիոն մարմինը/մարմինները պետք է սահմանադրական կարգավիճակ և անկախության բարձր երեաշխիքներ ստանա(ն)։
Հայաստանի գործարարների և արդյունաբերողների միության նախագահ Արսեն Ղազարյանը նշեց․ «Սահմանադրական ձևակերպում պետք է ստանա մարմինը, սա միանշանակ անհրաժեշտություն է, հատկապես այսօր՝ հեղափոխությունից հետո։ Մեզ պետք է սահմանադրական ձևակերպում, որն առաջին հերթին կտա անկախություն, կտա երաշխիքներ՝ բացարձակ անկախության, կտա կադրերի ընտրման համակարգ՝ մշակված Սահմանադրությամբ»։
Հավելենք, որ քննարկման արդյունքները, հնչած կարծիքներն ու առաջարկությունները կամփոփվեն և կներկայացվեն Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով։
Տես ավելին՝ https://armla.am