Զինված ուժերում մարդու իրավունքների մասին խոսելիս հաճախ վկայակոչվում են «համազգեստով քաղաքացիների» իրավունքները: Հաշվի առնելով պարտադիր զինվորական ծառայության հատուկ ռեժիմը և զինված ուժերի՝ փակ հաստատության կարգավիճակը՝ անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել մարդու իրավունքների երաշխիքների ապահովմանը:

«Անվտանգության ռազմաքաղաքական ասպեկտների ԵԱՀԿ վարքագծի կանոնների» 27-րդ կետի համաձայն` մասնակից պետություններից յուրաքանչյուրն ապահովում է, որ իր ռազմական, ռազմականացված և անվտանգության ուժերում ծառայող անձնակազմի հավաքագրումն ու զինակոչը համահունչ լինեն մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ոլորտում իր կողմից ստանձնած պարտավորություններին:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի՝ զինծառայողների մարդու
իրավուքների վերաբերյալ թիվ 1742 (2006) հանձնարարականի համաձայն՝ զինված ուժերը կառույց է, որը պատասխանատու է պետության և հասարակության պաշտպանության համար: Հանձնարարականի 2-րդ կետի համաձայն՝ զինված ուժերի անդամները համազգեստով քաղաքացիներ են, որոնք, հաշվի առնելով զինվորական ծառայության սահմանափակումները, ունեն նույն իրավունքները և ազատությունները և դրանց պաշտպանության իրավունքը, ինչպես
մյուս քաղաքացիները: Համաձայն վերոգրյալ հանձնարարականի և Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի CM/Rec(2010)4 հանձնարարականի` զինված ուժերի անդամները պետք է
ունենան հետևյալ հիմնարար իրավունքներն ու ազատությունները.

● կյանքի իրավունք (հաշվի առնելով, սակայն, զինվորական մասնագիտությանը
հատուկ վտանգները),

● խոշտանգումներից և անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքից կամ պատժից պաշտպանվելու իրավունք,

● արգելել ստրկությունը, ճորտությունը, այնպիսի առաջադրանքների
իրականացումը, որոնք համատեղելի չեն ազգային պաշտպանության
ծառայության նրանց հանձնարարությունների հետ, և հարկադիր կամ
պարտադիր աշխատանքը,

● իրավական պաշտպանության իրավունք` նրանց իրավունքների խախտման
դեպքում, ազատության և անվտանգության իրավունք, անկախ դատարանների
կողմից արդար դատական վարույթի իրավունք, ինչպես նաև բողոքարկման
իրավունք,

● խտրականության արգելում,

● մտքի, խղճի և դավանանքի ազատության իրավունք,

● առողջության պահպանման իրավունք,

● բժշկական սպասարկման և բուժօգնության մատչելիության իրավունք և այլն:

Զինապարտությունը, որը ՀՀ պաշտպանությանը մասնակցելու քաղաքացիների սահմանադրական պարտականությունն է, սկսվում է զինվորական հաշվառումից: Ինքնին հասկանալի է, որ վերաբերելի մարդու իրավունքների հարգանքը, պաշտպանությունը և երաշխավորումը պետք է սկսվի հենց այս փուլից: Զինվորական ծառայության համար պիտանի (կամ սահմանափակումներով պիտանի) ճանաչված անձինք անցնում են ժամկետային զինվորական ծառայության՝ պարտադիր կամ պայմանագրային զինծառայության: Քաղաքացիներն իրավունք ունեք նաև անցնելու այլընտրանքային զինվորական ծառայության, եթե կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակասում են միայն զենք կրելը, պահելը, պահպանելը կամ օգտագործելը, կամ այլընտրանքային աշխատանքային ծառայության, եթե կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակասում է ընդհանրապես զինվորական ծառայություն անցնելը:

ՀՀ և Արցախի Հանրապետության/Լեռնային Ղարաբաղի Զինված ուժերում 1994 թ․ մայիսին կնքված զինադադարի համաձայնագրից հետո արձանագրվել են զինծառայողների մահացությունների բազմաթիվ դեպքեր ոչ միայն հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով, այլև ներքին խնդիրներով, ոչ մարտական գործողությունների պատճառներով: Որևէ պատշաճ միջոց չի ձեռնարկվել նման դեպքերով ամբողջական, համապարփակ և անաչառ քննության իրականացման
համար։

Բացի վերոգրյալից, Հայաստանի Հանրապետությունում պետք է լիարժեք երաշխավորված լինի յուրաքանչյուրի, այդ թվում՝ զինծառայողների առողջության պահպանման իրավունքը:

Սա բխում է թե՛ ՀՀ միջազգային պարտավորություններից («Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին» ՄԱԿ-ի միջազգային դաշնագրի 12-րդ հոդվածը (դաշնագրին մասնակցող պետությունները ճանաչում են յուրաքանչյուր մարդու ֆիզիկական և հոգեկան առողջության առավելագույնս հասանելի մակարդակի իրավունքը), Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի անդամ պետություններին ուղղված զինված ուժերի անդամների մարդու իրավունքների մասին թիվ (2010) 4 հանձնարարականը, որի համաձայն՝ զինծառայողներն ունեն արժանապատիվ, անվտանգ և առողջության համար անվնաս աշխատանքային պայմանների իրավունք), թե՛ ՀՀ Սահմանադրությունից և օրենքներից (ՀՀ Սահմանադրության 85-րդ հոդվածը
սահմանում է, որ յուրաքանչյուր ոք, օրենքին համապատասխան, ունի առողջության պահպանման իրավունք: Մարդու առողջության պահպանման սահմանադրական իրավունքի իրականացումն ապահովող բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման, իրավական, տնտեսական և ֆինանսական հիմունքները սահմանված են «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքով: Օրենքի 2-րդ գլխում առանձին հոդվածներով սահմանված են նաև որոշակի պայմաններում կամ որոշակի կատեգորիայի անձանց համար այս իրավունքի իրականացման առանձնահատկությունները: Նման կատեգորիայի անձանց շարքին են դասվում զինծառայողները և զորակոչիկները (հոդված 13))։

Քանի որ զինծառայողները գտնվում են պետության հատուկ հոգածության ներքո, հետևաբար այս անձանց առողջության պահպանումը պետության անմիջական պարտավորությունն է: Այնուամենայնիվ, զորակոչիկների և զինծառայողների՝ նաև որպես պացիենտ, այդ իրավունքները և բուժսպասարկման և բժշկական օգնության ստանդարտները ոչ միշտ են պահպանվում կամ պահպանվում են մասնակիորեն:

Սրանով են պայմանավորված նաև այն դեպքերը, երբ քաղաքացիները ոչ համալիր բուժզննության հետևանքով անցնում են զինվորական ծառայություն և այնուհետև վաղաժամ զորացրվում են հիվանդությունը զարգանալու կամ նոր հիվանդություն ձեռք բերելու պատճառով, իսկ արդյունքում առաջանում է նաև համարժեք փոխհատուցման խնդիր: Սակայն այս ինստիտուտը ՀՀ-ում արդյունավետորեն չի գործում:

Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Զինված ուժերում մարդու իրավունքների խախտումները, այդ թվում` ոչ մարտական պատճառներով մահերը շարունակվում էին, սակայն մինչև 2010 թ. խնդիրները հիմնականում հանրային ուշադրությունից դուրս էին: Մի քանի աղմկահարույց սպանություններ, սակայն, հասարակության շրջանում բողոքի ալիք բարձրացրեցին: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից կազմակերպվեցին բազմաթիվ ակցիաներ, ձևավորվեցին նախաձեռնող խմբեր, որոնք պահանջում էին բարեփոխումներ Զինված ուժերում:

Ընդունված էր, որ Զինված ուժերի մասին պետք է խոսել կա՛մ լավը, կա՛մ ոչինչ, սակայն ինչ-որ պահի հանրությունը հասկացավ, որ խնդիրները թաքցնելը նպաստում է դրանց ավելացմանը և դրանք մնում են առանց լուծումների, իսկ լուծման համար անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ:  

Զինված ուժերում մահվան դեպքերի, զինծառայողների կյանքի իրավունքի պաշտպանության ուղղությամբ աշխատելու ընթացքում ակնհայտ դարձան նաև այլ խախտումներ, մասնավորապես՝ զորակոչիկների և զինծառայողների նկատմամբ վատ վերաբերմունքի դեպքեր, կոռուպցիայի և այլ հանցագործությունների մասին վկայություններ, իրավապահ կառույցների կողմից Զինված ուժերում հանցագործությունների բացահայտման համար ոչ պատշաճ քննության իրականացման դեպքեր, զորակոչի կազմակերպման, զորակոչի և զինծառայության ընթացքում առողջության պահպանման իրավունքի, պատշաճ բուժզննության ապահովման, զորակոչի ընթացակարգերի հետ կապված և այլ խախտումներ:  

2006 թ․-ից քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից կարևոր ուղղություն ձևակերպվեց՝ Զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական, քաղաքացիական և հասարակական վերահսկողության մեխանիզմների ձևավորման, իրականացման ու զարգացման աջակցությունը:

Այս առումով հարկ է նշել, որ մինչև 2010 թվականը գրեթե անհնար էր Զինված ուժերի վերաբերյալ օրենքով պահպանվող գաղտնիք չհանդիսացող որևէ տեղեկատվություն ստանալ, այդ թվում` Զինված ուժերում մահացության թվերի, մահացած անձանց անունների, Զինված ուժերում տարբեր տեսակի ապրանքներ մատակարարող կազմակերպությունների, աշխատավարձի չափերի, գաղտնի տեղեկությունների գաղտնագրման ցանկերի վերաբերյալ տվյալները: Պաշտպանական գերատեսչությունը ցանկացած տեղեկատվություն համարում էր պետական և ծառայողական գաղտնիք և մերժում դրանց տրամադրումը: Հետևաբար, նման պայմաններում քաղաքացիական վերահսկողությունից դուրս էր մնում հանրային իշխանության մարմինների գործունեության մի կարևոր և ծավալուն ոլորտ, ինչն անհամատեղելի է իրավական և ժողովրդավարական հասարակությունում գործող հիմնարար սկզբունքների հետ:

Վերոնշյալը հաշվի առնելով՝ 2011 թ. նոյեմբերի 23-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից լիազորված ներկայացուցիչներ Արտակ Զեյնալյանը և Արայիկ Ղազարյանը դիմում են ներկայացրել ՀՀ Սահմանադրական դատարան՝ «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 8-րդ և 12-րդ հոդվածների դրույթները ՀՀ Սահմանադրության 3-րդ, 5-րդ, 6-րդ, 27-րդ և 43-րդ, 83.5-րդ, 117-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչելու վերաբերյալ:  

Բողոքում, մասնավորապես, հիմնավորվել է, որ «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածով օրենսդիրը գործադիր իշխանության մարմիններին լիազորություն է վերապահել, որպեսզի վերջիններս մշակեն և իրենց կողմից ընդունվող իրավական ակտերով հաստատեն գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկեր, որոնք տնօրինելու լիազորությամբ օժտված են իրենք: Ընդ որում, սույն գործով սահմանադրաիրավական վեճի առարկա հոդվածի դրույթներով սահմանված է, որ գաղտնի տեղեկությունների վերաբերյալ ցանկերը` որպես տեղեկություն, ևս գաղտնի են: Այսինքն՝ գերատեսչության գաղտնի` հրապարակման ոչ ենթակա իրավական ակտով սահմանվում են այն տեղեկությունները, որոնք գաղտնի են:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից Սահմանադրական դատարան դիմելու համար հիմք է հանդիսացել ՀՀ պաշտպանության նախարարի կողմից կազմակերպության տեղեկատվության հարցմանն ի պատասխան գրությունը:

Կազմակերպությունը 2010 թ. փետրվարի 10-ին տեղեկատվության հարցում էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարին` խնդրելով տրամադրել տեղեկություններ այն մասին, թե 2009 թվականին ծառայության ընթացքում քանի՞ ժամկետային և պայմանագրային զինծառայող է մահացել ՀՀ Զինված ուժերում, նրանց անունը, ազգանունը և հասցեն:

Ի պատասխան կազմակերպության գրությանը՝ նախարարությունը 2010 թ. փետրվարի 20-ին պատասխանել էր, թե «….պահանջվող տեղեկատվությունը ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան գաղտնի հրամանով գործողության մեջ դրված «ՀՀ պաշտպանության նախարարության գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկի» համաձայն` հանդիսանում է գաղտնի տեղեկատվություն և «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի պահանջների համաձայն` համարվում է ծառայողական գաղտնիք: Հաշվի առնելով վերոգրյալը և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները` ՀՀ պաշտպանության նախարարությունը չի կարող Ձեզ տրամադրել պահանջվող տեղեկատվությունը»:

2010 թ. փետրվարի 27-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը նոր հարցում էր ուղարկել նախարարություն՝ խնդրելով տրամադրել պաշտպանության նախարարի համապատասխան գաղտնի հրամանը և պաշտպանության նախարարի համապատասխան գաղտնի հրամանով գործողության մեջ դրված «ՀՀ պաշտպանության նախարարության գաղտնագրման ենթակա տեղեկատվությունների ընդլայնված գերատեսչական ցանկը»:

Նախարարությունը մերժել էր տրամադրել պահանջվող տեղեկատվությունը՝ համարելով այն պետական և ծառայողական գաղտնիք:

Կազմակերպությունը Վարչական դատարանում վիճարկել էր Պաշտպանության նախարարության՝ տեղեկատվություն տրամադրելուց հրաժարվելու իրավաչափությունը:

 Դատարանները մերժել են կազմակերպության հայցը և բողոքները` վկայակոչելով «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորումները: 

Կազմակերպությունը դիմել էր Սահմանադրական դատարան: Վերջինս 2012 թ. մարտի 6-ի   ՍԴՈ-1010 որոշմամբ սահմանել է.  

  • «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 7-րդ մասի` «Գերատեսչական ցանկերը գաղտնագրվում են և հրապարակման ենթակա չեն» դրույթը` այնքանով, որքանով չի վերաբերում գաղտնագրման ենթակա կոնկրետ տեղեկության, ճանաչել ՀՀ Սահմանադրության 27-րդ և 43-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր
  • «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 9.1-ին կետի և 69-րդ հոդվածի 12-րդ մասի պահանջներից ելնելով` դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման` օրենքով սահմանված կարգով, նաև նկատի ունենալով, որ ՀՀ վարչական դատարանը թիվ ՎԴ/1314/05/10 դատական գործով 23.11.2010 թ. կայացրած վճռում վերազանցել է իր լիազորությունները` հաշվի չառնելով ՀՀ Սահմանադրության 93-րդ հոդվածի պահանջը` արձանագրել է, որ «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի վերջին պարբերությունը չի հակասում ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածին և 83.5 հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ և 6-րդ կետերին»:

Հարկ է նշել, որ այդ գործընթացներից ի վեր ՀՀ պաշտպանության նախարարությունը, ՀՀ գլխավոր դատախազությունը պարբերաբար կամ դիմելու դեպքում հիմնականում տրամադրում են նման տեղեկությունները: 

Զորակոչի գործընթացին հետևելը և այդ գործընթացում բազմաթիվ խնդիրները, մասնավորապես՝ զորակոչի ոչ պատշաճ կազմակերպումը, իրենց իրավունքների վերաբերյալ զորակոչիկների իրազեկվածության բացակայությունը, զինվորական ծառայության համար պիտանիության որոշման համար առողջական վիճակի համալիր կամ պատշաճ հետազոտությունների իրականացման բացակայությունը ևս առաջացրեցին զորակոչի գործընթացի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության անհրաժեշտություն, ինչը պահանջում էր օրենսդրական փոփոխություններ:

Այս առումով հատկանշական էր, որ զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը, ինչպես նաև քաղաքացու կամ զինծառայողի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները, սահմանափակումները ևս անհայտ էին, և հստակ չէր, թե արդյո՞ք դրանք սահմանված են որևէ իրավական ակտով:

2009 թ․-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ «զինծառայողների պիտանելիությունը զինվորական ծառայությանը որոշվում է ՀՀ ՊՆ 30.06.2006 թիվ 378 հրամանի համաձայն: Ֆիզիկապես պրակտիկորեն առողջ քաղաքացիների նկատմամբ ընդունվում է «Պիտանի է շարային ծառայության» որոշումը: Այդ կատեգորիայի զինծառայողների համար ծառայողական պարտականությունների և զորատեսակների մեջ ընդգրկելու համար որևէ սահմանափակում չկա: Շարային ծառայությանը պիտանի ճանաչված զինծառայողների պարտականությունները սահմանվում են ՀՀ ԶՈՒ կանոնադրություններով և կանոնագրքերով: Տարբեր տիպի հիվանդություններ, ֆիզիկական աննշան արատներ ունեցող քաղաքացիների նկատմամբ վերը նշված ակտերով սահմանված հիմքերի առկայության դեպքում ընդունվում է «Պիտանի է ոչ շարային ծառայության» որոշումը: Ոչ շարային ծառայությունն իր մեջ ներառում է ֆիզիկական և շարային պատրաստության պարապմունքների, մարտական հերթապահություններում ընդգրկման սահմանափակումներ»: 

Սակայն որևէ պաշտոնական տեղեկագրում այդ կարգը հասանելի չի եղել: Այսինքն, իրավական փաստաթուղթը, որով կարգավորվում է ոչ շարային /այժմ՝ սահմանափակումներով/ ծառայությունը, մատչելի չէր քաղաքացիների համար: Նշված հրամանով սահմանված ցանկը տեղեկատվության հարցմամբ տրամադրվել էր հասարակական կազմակերպություններից մեկին, որի հիման վրա արդեն հետագայում իրականացվեցին համապատասխան առաջարկներ և ներկայացվեցին ՀՀ ՊՆ:  Եվ միայն դրանից հետո տեղի ունեցած փոփոխություններից հետո ՀՀ ՊՆ 2010 թ․ փետրվարի 26-ի թիվ 175-Ն հրամանով հաստատվեց զինապարտների բժշկական և զինծառայողների ռազմաբժշկական փորձաքննության կարգը: Այնուհետև նույն հրամանն ուժը կորցրած ճանաչվեց պաշտպանության նախարարի 2013 թ․ ապրիլի 8-ի թիվ 410-Ն հրամանով, որով և միաժամանակ հաստատվեց զինապարտների և զինծառայողների առողջական վիճակի փորձաքննության կարգը, իսկ այնուհետև 2018 թ․ ապրիլի 12-ին ընդունվեց ՀՀ կառավարության «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը, ինչպես նաև քաղաքացու կամ զինծառայողի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները սահմանելու մասին»  404-Ն որոշումը և 2018 թ․ ապրիլի 12-ի ՀՀ կառավարության «Քաղաքացու առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության, հետազոտման և փորձաքննության ուղեգրման կարգերը, հետազոտում և բժշկական փորձաքննություն իրականացնող մարմինները և դրանց գործունեության կարգը, փորձաքննության եզրակացությունների ձևերը, բժշկական հետազոտությունների և բժշկական հաստատությունների ցանկերը, իրականացված ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգը սահմանելու և ՀՀ կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» 405-Ն որոշումը: Չնայած կատարված օրենսդրական փոփոխություններին՝ նշված իրավական ակտերով բովանդակային փոփոխություններ տեղի չեն ունեցել, մասնավորապես՝ բազմաթիվ կոնկրետ և ընդհանուր բնույթի խնդիրները, որոնք առնչվել են մի շարք հիվանդությունների, չեն համապատասխանել Հիվանդությունների միջազգային դասակարգման տասներորդ/տասնմեկերորդ վերանայմանը (ՀՄԴ-10/ICD-10), որը Հայաստանում հաստատվել է 2005 թվականին: Նշված խնդիրների առկայությունը առաջացրել է անորոշություններ և մեծացրել մասնագետների և բուժհաստատությունների կողմից սուբյեկտիվ մոտեցումների աստիճանը, որը բացասաբար է անդրադառնում զինվորական ծառայությանը զորակոչիկների պիտանիության վերաբերյալ որոշումների օբյեկտիվության վրա: 

2020 թվականին e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում 29.09.2020-15.10.2020 թթ. ժամանակահատվածում քննարկման ներկայացվեց  «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի  N 404-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծը, որն անհամեմատ բարելավված էր՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախագիծը նախատեսում էր ավելի օբյեկտիվ ցուցանիշներ, որը հետագայում և՛ հանձնաժողովներին, և՛ տվյալ հարցերով զբաղվող կազմակերպություններին կոնկրետ ցուցանիշներով դիտարկման հնարավորություն կտար։ Բացի այդ, նախագծով ներդրվել են նոր ու ժամանակակից չափելիության սանդղակներ, փորձեր, որոշ հետազոտություններ դարձել են պարտադիր: Գրեթե լուծված էր դրված ախտորոշումների համապատասխանեցումը ՀՄԴ-ին: Այնուամենայնիվ, դեռևս որոշակի խնդիրներ մնացել էին անհստակ: Սակայն 2020 թ․ սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմական գործողությունների պատճառով այլևս այդ տարբերակին մինչ օրս անդրադարձ չի եղել:    

Հարկ է նշել, որ ՀՀ կառավարությունը 2019 թ․ հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 404-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 952-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը, ինչպես նաև քաղաքացու կամ զինծառայողի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները սահմանելու մասին» N 404-Ն որոշման մեջ կատարել է փոփոխություն և նախկինում սահմանափակումով պիտանի ճանաչվող թեթև աստիճանի մտավոր հետամնացությունն այլևս համարվում է ժամանակավորապես ոչ պիտանի զինվորական ծառայության համար: Ընդ որում, այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ հասարակական կազմակերպությունը ՀՀ վարչական դատարանում սկսել է վիճարկել «թեթև մտավոր հետնորմալություն» ախտորոշմամբ զինծառայությանը սահմանափակումով պիտանի ճանաչված և զորակոչված քաղաքացու վերաբերյալ ԿԲՀ որոշումը: 

Նշենք, որ կառավարության  2019 թ․ հուլիսի 25-ի N 952-Ն որոշման ընդունումից հետո ՀՀ ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից իրականացվել են որոշմամբ նախատեսված զինծառայողների փորձաքննություններ, որոնց արդյունքում Զինված ուժերից վաղաժամկետ զորացրվել է 148 պարտադիր ժամկետային զինծառայող:

Չնայած Սահմանադրությամբ սահմանված է քաղաքացիների՝ տեղեկություններ ստանալու իրավունքը, սակայն ձևավորված էր այն պրակտիկան, երբ զինվորական կոմիսարիատների կողմից զորակոչիկներին չէին տրամադրվում զորակոչի նպատակով առողջական վիճակի հետազոտության վերաբերյալ փաստաթղթերի և Կենտրոնական բժշկական հանձնաժողովի եզրակացության պատճենները, և դրա պատճառով զորակոչիկները զրկվում էին հետագա բողոքարկման հնարավորությունից: «Զինապարտության մասին» գործող օրենքը չէր նախատեսում այդ տեղեկությունների պարտադիր տրամադրման կամ դիմումի համաձայն ստանալու կարգ: Սակայն 2017 թ․-ին ընդունված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով սահմանվեց, որ քաղաքացին իրավունք ունի ծանոթանալու իր առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության ընթացքին և ստանալու դրանց արդյունքներով տրված եզրակացություններն ու այլ փաստաթղթերը, ներկայացնելու առաջարկություններ, բացատրություններ կամ առարկություններ, սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված կարգով բողոքարկելու իր առողջական վիճակի վերաբերյալ տրված եզրակացությունը: Նշված նորմը հիմնականում փոխեց ձևավորված արատավոր պրակտիկան:

Նույն կերպ նման տեղեկություններ և փաստաթղթեր չեն տրամադրել բժշկական հաստատությունները: Կառավարության  2018 թ․ ապրիլի 12-ի N 405-Ն որոշմամբ ևս սահմանվեց, որ բուժհաստատությունը պարտավոր է քաղաքացուն կամ նրա օրինական ներկայացուցչին կամ նրա կողմից լիազորված անձին տրամադրել տեղեկություններ առողջական վիճակի, հետազոտությունների արդյունքների, հիվանդության ախտորոշման և բուժման մեթոդների, դրանց հետ կապված ռիսկի, բժշկական միջամտության հնարավոր տարբերակների, հետևանքների և բուժման արդյունքների մասին:

2017 թ․ սեպտեմբերի 22-ին առաջին անգամ շրջանառվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացնում էր գործող «Զինապարտության մասին» և «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքների դրույթները: Բացի այդ, այս նախագիծը ներառում էր գործող «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքով սահմանվող կարգավորումները: 

Օրենքի նախագծով սահմանվում էին պարտադիր և պայմանագրային զինվորական ծառայության կազմակերպման և իրականացման, պարտադիր զինվորական ծառայությանը նախապատրաստման, զինապարտների առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության, պարտադիր զինվորական ծառայությունից ազատումների և տարկետումների, զինծառայողներին պաշտոնի նշանակման և ազատման, զինվորական կոչումների շնորհման, զինվորական ծառայությունից արձակելու և այլ հարաբերությունները, պահեստազորում հաշվառման կարգը, պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումները և դրանցում քաղաքացիներին ներգրավվելու ընթացակարգերը, զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների և նրանց հավասարեցված անձանց իրավական և սոցիալական երաշխիքները: Նախագիծն ընդունվեց 2017 թ․  նոյեմբերի 15-ին և ուժի մեջ մտավ դեկտեմբերի 16-ին:

Նույն ժամանակահատվածում՝ 2017 թ․ սեպտեմբերի 22-ին, շրջանառվեց «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը միավորում էր գործող «Պաշտպանության մասին» ու «Զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի մասին» ՀՀ օրենքները:  

 «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծով սահմանվում էին ՀՀ պաշտպանության կազմակերպման իրավական հիմքերը, պաշտպանության ոլորտում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, Զինված ուժերի և այլ զորքերի, անկախ կազմակերպական իրավական ձևից կազմակերպությունների գործունեությունը, ՀՀ պաշտպանությանը մասնակցելու գործընթացում քաղաքացիների իրավունքները և պարտականությունները, ինչպես նաև զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի անցկացման հետ կապված հարաբերությունները: Միաժամանակ, հաշվի առնելով Սահմանադրության պահանջները, օրենքի նախագծում ներառվել են քաղաքացիների զինապարտությունը և զինվորական հաշվառումը, այդ գործընթացում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, անկախ կազմակերպական իրավական ձևից կազմակերպությունների, դրանց պաշտոնատար անձանց և քաղաքացիների պարտականությունները, քաղաքացիների պահեստազորային կցագրման և զորահավաքային ամրագրման հետ կապված հարաբերությունները: Օրենքն ընդունվեց 2018 թ․ ապրիլի 9-ին: 

  Զորակոչի գործընթացին առնչվող կարևոր իրավական ակտ է հանդիսանում «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքը, որն ընդունվել է 2003  թ․-ին և ուժի մեջ է մտել 2004 թ․-ից: Այս օրենքն ընդունվել է հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ շատ քաղաքացիներ գտնվում են արտերկրում, ենթակա են զորակոչման, սակայն խուսափում են զինծառայությունից, որը քրեորեն պատժելի արարք է համարվում (ՀՀ ՔՕ 327 հոդվածը): 

Նշված օրենքը 12 անգամ ենթարկվել է փոփոխությունների, որի արդյունքում երկարաձգվել է օրենքի գործողության ժամանակահատվածը և տարածվել է այդ ընթացքում «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության չզորակոչված (զորակոչից խուսափած) ու 27 (պահեստազորի սպաները՝ 35) տարին լրացած կամ մինչև 27 (35) տարին լրանալը «Զինապարտության մասին» ՀՀ օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու հիմքեր ձեռք բերած ՀՀ քաղաքացիների (անձանց) վրա։ Օրենքի գործողության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ հետագա առաջարկությունները չեն ընդունվել, և օրենքի գործողության ժամկետը դադարել է 2019 թ․-ի դեկտեմբերի 31-ից հետո:  

2020 թվականի պատերազմական գործողություններից հետո ՀՀ կառավարությունը 09.04.2021 թ․-ին հեղինակել է «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից

խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու» մասին օրենքը, որն ուժի մեջ մտավ 2021 թ․ մայիսի 19-ից: «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» օրենքը ենթադրում է, որ այն կկիրառվի 27 տարին լրացած շարքային և 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի այն անձանց նկատմամբ, որոնք խուսափել են պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից և կասկածվում, մեղադրվում կամ դատապարտվել են ՀՀ ՔՕ 327-րդ հոդվածի 1-ին կամ 3-րդ մասով (միայն եթե նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կատարվել է ռազմական դրության ժամանակ) սահմանված՝ ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից խուսափելու հանցանք կատարելու մեջ

 Օրենքի մշակման համար հիմք է ընդունվել ՀՀ տնտեսական, սոցիալական, հոգևոր, մշակութային ոլորտներում զարգացման համար սեփական ավանդը ներդնելու համար հնարավորության ընձեռումը, հետպատերազմյան հետևանքները հնարավորինս մեղմելու և դրանով իսկ Հայաստանի կայուն զարգացումն ապահովելու տեսլականը

 Զինվորական ծառայության անցնելու առումով կարևոր է հաշվի առնել կրոնական համոզմունքներին և այդ հիմքով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու իրավունքին, ինչը բխում է Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին ՄԱԿ-ի դաշնագրից (չնայած դաշնագիրը տառացիորեն չի նշում կրոնական համոզմունքների հիմքով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու իրավունքի մասին, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն իր թիվ 22 ընդհանուր մեկնաբանությունում նշել է, որ այս իրավունքը կարելի է բխեցնել Դաշնագրի 18-րդ հոդվածից այնքանով, որքանով մահաբեր զենքի կիրառումը կարող է լրջորեն հակասության մեջ մտնել կրոնի և խղճի ազատության իրավունքի հետ), որը երաշխավորում է մտքի, խղճի, կրոնի կամ համոզմունքի ազատության իրավունքը.

Պետք է  նշել, որ 2003 թվականին Հայաստանում ընդունվել է «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքը, իսկ մինչ այդ 20 տարվա ընթացքում Հայաստանում ազատազրկված է եղել 450 Եհովայի վկաներ, որոնք հրաժարվել են պարտադիր զինվորական ծառայություն անցնելուց: Օրենքի ընդունմամբ լուծվել է խնդիրը, մասնավորապես՝ օրենքից հիմնականում օգտվող «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության ներկայացուցիչները սկսել են անցնել այլընտրանքային աշխատանքային ծառայություն: 

Միաժամանակ, հարկ է նշել, որ չնայած լուծվել է հիմնական խնդիրը, այնուամենայնիվ, համաձայն «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի` պարտադիր զինվորական ծառայություն անցնող ՀՀ քաղաքացին չի կարող հրաժարվել իր ծառայությունից և ընտրել այլընտրանքային ծառայությունը, իսկ այլընտրանքային ծառայություն անցնող քաղաքացին չի կարող հրաժարվել իր ծառայությունից և ընտրել պարտադիր զինվորական ծառայությունը: Այսինքն, ստացվում է, որ այժմ օրենսդրական մակարդակով առկա է հստակ արգելք ծառայության ընթացքում պարտադիր զինվորական ծառայությունն այլընտրանքային ծառայությամբ փոխարինելու հարցում:

Ընդհանրապես կարևոր է արդյունավետ իրավական պաշտպանությունը, սակայն այն ավելի անհրաժեշտ է լինում մասնավորապես զինծառայողների շրջանում, քանի որ վերջիններս դիտվում են ավելի խոցելի, ու նրանց իրավունքների խախտման ռիսկայնությունն ավելի բարձր է, քանի որ գտնվում են փակ և սահմանափակումներ ունեցող կառույցում: Պետության ներսում սահմանադրական այդ իրավունքն ապահովելու համար նախ անհրաժեշտ են որոշակի իրավական կարգավորման հիմքեր՝ որպես այդ իրավունքի ապահովման նախադրյալ: Եվ այս դեպքում սահմանադրական նման նորմն ուղղակի հիմք կարող է հանդիսանալ այլ իրավասու մարմինների համար համապատասխան օրենսդրական և ենթաօրենսդրական ակտեր ընդունելու համար

Կարևոր է, որ այդ իրավահարաբերության մասնակիցը՝ ի դեմս շարքային զինծառայողի, տեղեկացված լինի իրեն վերաբերող իրավական նորմերի էությանն ու բովանդակությանը, այդ թվում` միջազգային իրավական փաստաթղթերին: Արդյունավետ իրավական պաշտպանության դեպքում չափազանց կարևորվում է պետիցիայի իրավունքը, ինչն իրենից ենթադրում է պետական մարմիններին դիմելու և նրանցից ողջամիտ ժամկետներում, պատշաճ կարգով պատասխան ստանալու իրավունք: 

Բանակում զինվորական ծառայություն անցնող զինծառայողն ունի հնարավորություն իր իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու, մինչդեռ, ներկայիս իրավակիրառական պրակտիկան բոլորովին այլ պատկերի մասին է վկայում, ինչը մտահոգության տեղիք է տալիս, և աստիճանաբար այդ մեխանիզմների օգտագործումը ՀՀ Զինված ուժերում պետք է լինի պարտադիր պայման:   

Զինծառայողների իրավական արդյունավետ պաշտպանության իրավունքի իրացման  հիմքը «ՀՀ Զինված ուժերի կարգապահական կանոնագիրք», «Ներքին ծառայության կանոնագիրք», «ՀՀ Զինված ուժերի կայազորային և պահակային ծառայությունների կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքներն են, որոնք մանրամասնությամբ կարգավորում են այդ բնագավառում առաջացող հասարակական հարաբերությունները: Հաշվի առնելով զինվորական ծառայությամբ պայմանավորված պարտականությունների զանգվածի աճը` ժողովրդավարական պետության իրավական համակարգում դրանք պետք է հակակշռվեն զինծառայողի սահմանափակված իրավունքների առավել մեծ պաշտպանությամբ: Նշված կանոնագրքերում զինծառայողներին ընդհանրապես, իսկ պարտադիր զինվորական ծառայություն իրականացնող անձանց համար, մասնավորապես՝ պետք է հստակորեն սահմանվի իրավունքների ցանկ, հակառակ պարագայում զինծառայողին չի հաջողվի որևէ կերպ օգտվել արդյունավետ իրավական պաշտպանության միջոցներից:

Արդյունավետ իրավական պաշտպանության միջոցների արդյունավետությունը պայմանավորված է գոյություն ունեցող գործուն մեխանիզմներով: Դրանց կարգավորման համար կիրառելի են ոչ միայն վերը նշված ակտերը, այլ նաև այնպիսի օրենսդրական և ենթաօրենսդրական ակտեր, ինչպիսիք են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքները, ՀՀ կառավարության որոշումները, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարի և ՀՀ գլխավոր շտաբի պետի հրամաններն ու հրահանգները:

Մարդու և քաղաքացու ցանկացած խախտված իրավունք ենթակա է վերականգնման: Իսկ վերականգնումը հնարավոր և իրատեսական է, եթե երկրի իրավական համակարգը հնարավորինս կատարյալ է ու ամբողջական: Ընդ որում, պետք է նկատի ունենալ, որ մարդու և քաղաքացու խախտված իրավունքների վերականգնման գաղափարը սահմանադրության պահանջ է. ՀՀ Սահմանադրությունը ճանաչում է մարդու խախտված իրավունքը վերականգնելու իրավունքը: Ուստի, զինծառայողները նույնպես պետք է հնարավորություն ունենան իրացնելու այդ իրավունքը:

Իրավական նորմերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ զինծառայողներն իրենց խախտված իրավունքների վերականգնման նպատակով կարող են դիմել նախ իրավունքը խախտող պետական լիազոր մարմնին կամ դրա պաշտոնատար անձին, իսկ դրա արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում` վերադաս մարմնին կամ դրա պաշտոնատար անձին: Հաշվի առնելով բանակում ենթակայական հարաբերությունների հանգամանքը, ինչպես նաև վերլուծելով մեր իրականության մեջ գոյություն ունեցող կիրառական պրակտիկան՝ պարզվում է, որ նման եղանակներով խախտված իրավունքների վերականգնման հնարավորությունը բավականին ցածր է, քանի որ մշտապես լիազորությունների առումով գերակայություն ունեցող պաշտոնատար անձը, հրամանատարը «ճիշտ է», հետևաբար սահմանադրական նորմը տվյալ իրավիճակում կրում է հռչակագրային բնույթ: Հարկ է նշել, որ Զինված ուժերի կարգապահական կանոնագիրքը 2012 թվականից ի վեր չի բարեփոխվել, ինչը հնարավորություն կտար ապահովելու զինծառայողի արդյունավետ բողոքարկման իրավունքի իրացումը՝ հաշվի առնելով բանակում ենթակայական հարաբերությունների հանգամանքը: 

Մարդու իրավունքների պաշտպանության ներպետական մեխանիզմներից առավել տարածված ձևը դատական պաշտպանությունն է: Սակայն Զինված ուժերում ծառայության մեջ գտնվող անձանց կողմից դատական պաշտպանության իրավունքից օգտվելն ունի որոշակի «առանձնահատկություններ»: Ամենամեծ առանձնահատկությունն այն է, թե որքանով է իրատեսական սպայի յուրաքանչյուր գործողությունը բողոքարկել դատարան և որքանով կարող է զինծառայողն ազատորեն օգտվել այդ իրավունքից:

ՀՀ դատաիրավական բարեփոխումների արդյունքն եղավ նաև այն, որ 2008 թ.-ին ՀՀ-ում ստեղծվեց վարչական դատարան, որը ղեկավարվում է հիմնականում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով: Համաձայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի՝ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ` 

1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, այդ թվում՝ եթե ա) խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար, բ) չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ` այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին ՀՀ Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտերի ուժով: 

Այսինքն, դատական կարգով զինծառայողներն իրենց խախտված իրավունքների համար կարող են դիմել վարչական դատարան: Միևնույն ժամանակ, դատական կարգով բողոքարկելու հնարավորությունից օգտվելու համար զինծառայողն իր ձեռքում պետք է ունենա իր վերաբերյալ սպայի կողմից կայացված և/կամ ուժի մեջ մտած համապատասխան փաստաթուղթը կամ հրամանը: Այս փաստաթղթի մատչելիության հարցը օրենսդրությամբ կարգավորված չէ: Նմանապես օրենսդրորեն ամրագրված չէ ՀՀ ՊՆ կենտրոնական բժշկական հանձնաժողովի  և կենտրոնական ռազմական բժշկական հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների պատճեների տրամադրումը զորակոչիկներին և զինծառայողներին, որը էական ազդեցություն ունի նրանց կողմից այդ որոշումների դատական բողոքարկման հնարավորության վրա:

 

Փաստաթղթեր

Հղումներ

ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ

Կանայք ՀՀ զինված ուժերում. ինքնընկալումը, ներգրավման և հարմարման բարելավման խնդիրները
Դիտել
Արթուր Աթանեսյան...
Կարիք չկա և նպատակահարմար էլ չի այս պահին զորք լցնել Սյունիք, ասում է Գարեգին Միսկարյանը
Դիտել
Հայաստանի Զինված ուժերը պետք է որդեգրեն ավելի առաջանցիկ գործելաոճ
Դիտել
Դավիթ Տոնոյան...
Կայացած և չկայացած բարեփոխումները Զինված ուժերում
Դիտել

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

1. Յուրաքանչյուր ոք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ ստանալու և փաստաթղթերին ծանոթանալու իրավունք:

2. Տեղեկություններ ստանալու իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրային շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

3. Տեղեկություններ ստանալու կարգը, ինչպես նաև տեղեկությունները թաքցնելու կամ դրանց տրամադրումն անհիմն մերժելու համար պաշտոնատար անձանց պատասխանատվության հիմքերը սահմանվում են օրենքով: