Հակակոռուպցիոն քաղաքականություն
Հակակոռուպցիոն բարեփոխումների սույն բաժնում դիտարկվել են միայն ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարություններով և դրանց իրականացման միջոցառումների ծրագրերով նախանշված բարեփոխումների ուղղությունները, արդեն իսկ արձանագրված փոփոխություններն ու սպասվող քայլերը։ Սույն բաժնում չեն քննարկվել դատա-իրավական, հանրային ոլորտի կառավարման, հանրային ֆինանսների ու գնումների, ինչպես նաև տնտեսության այլ ոլորտներում ու բնագավառներում հակակոռուպցիոն բարեփոխումների վերաբերյալ հարցերը, քանի որ դրանք նկարագրված են համապատասխան ոլորտային բարեփոխումների ռազմավարություններում և միջոցառումների ծրագրերում։
Հակակոռուպցիոն բարեփոխումների փուլերը
Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ-ում մեկնարկեց 2000-ականներից սկսած՝ մասնավորապես, ՀՀ կառավարության կողմից 2003 թ. մշակված և ընդունված ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագրով: Այս ծրագիրը, ըստ էության, հակակոռուպցիոն բարեփոխումների առաջին սկզբնական փուլն էր, որի շրջանակներում ընդունվեցին բազմաթիվ օրենսդրական փաստաթղթեր, երկիրը անդամակցեց հակակոռուպցիոն պայքարի միջազգային հեղինակավոր կազմակերպություններին՝ (ԵՄ ԳՐԵԿՈ, ՏԶՀԿ անցումային տնտեսության երկրների հակակոռուպցիոն պայքարի ցանց և այլն), ինչպես նաև ընդունվեցին ու վավերացվեցին կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային համաձայնագրեր և կոնվենցիաներ՝ ԵԽ կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքացիական և քրեական իրավունքների կոնվենցիաներ, ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիա և այլն:
Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային կոնվենցիաների ընդունումը, ինչպես նաև հակակոռուպցիոն միջազգային նախաձեռնություններին անդամակցությունը կարևորագույն նախադրյալներ ձևավորեցին Հայաստանում հակակոռուպցիոն բարեփոխումների հետագա նախագծման և իրականացման համար։
Հակակոռուպցիոն բարեփոխումների 2-րդ փուլում խնդիր դրվեց Հայաստանում էապես կրճատել կոռուպցիայի ընդհանուր մակարդակը, վերացնել կոռուպցիայի համակարգային բնույթը, սահմանափակել կոռուպցիայի տարածվածությունը՝ քաղաքացիներին մատուցվող հանրային ծառայությունների որակի բարելավման, սոցիալական արդարության, քաղաքական համակարգի կայունության, երկրի տնտեսական մրցունակության բարձրացման շնորհիվ։
2009-2012 թթ. հակակոռուպցիան ռազմավարության իրականացման ուղղությամբ գործադրված ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ արձանագրել որոշ արդյունքներ: Այսպես, Համաշխարհային բանկի ինստիտուտի կողմից կիրառվող արդար կառավարման ցուցիչների շրջանակներում 2009-2012 թթ. ընթացքում կայուն աճել են իրավունքի գերակայության և ձայնի լսելիության ու հաշվետվողականության ցուցանիշները, հանրային ծառայության ոլորտում 2012 թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքը, որով կանոնակարգվում են հանրային ծառայողների իրավունքների ու պարտականությունների, հավաքագրման, առաջխաղացման և պաշտոնաթողության, վարքագծի և շահերի բախման միասնական սկզբունքները: Օրենքով ձևավորվել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը և գործարկվել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների ու փոխկապակցված անձանց հայտարարագրման էլեկտրոնային համակարգը: Այդուհանդերձ, այս փուլում բարեփոխումները չեն ունեցել նշանակալի արդյունք՝ քաղաքական կամքի բացակայության, ինչպես նաև հակակոռուպցիոն պայքարում իմիտացիոն մոտեցումների գերակշռման արդյունքում։
Հակակոռուպցիոն բարեփոխումների 3-րդ փուլում՝ հանրային կառավարման համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի հայեցակարգային դրույթներին համահունչ, ձևավորվեցին կոռուպցիայի կանխարգելմանը միտված նոր միջոցներ։ Հակակոռուպցիոն 3-րդ ռազմավարության և գործողությունների 2015-2018 թթ․ միջոցառումների ծրագրի իրականացման հիմնական արդյունքն օրենսդրական նոր կարգավորումների ու հակակոռուպցիոն հայեցակարգով սահմանված դրույթներին համապատասխան կոռուպցիայի կանխարգելման ժամանակակից համակարգի ձևավորումն էր։
Արդյունքում, օրենսդրությամբ սկզբունքորեն վերանայվեց հանրային ծառայողների ու պաշտոնատար անձանց բարեվարքության համակարգը, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից անցում կատարվեց կոռուպցիայի կանխարգելման ինստիտուտին, սահմանվեցին էթիկայի հանձնաժողովների և բարեվարքության հարցերով կազմակերպիչների նոր ինստիտուտները, ազդարարման համակարգի հիմնական դրույթները, քրեականացվեց ապօրինի հարստացման երևույթը, վարչական և քրեական պատասխանատվության միջոցներ սահմանվեցին գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու, ինչպես նաև հայտարարագիրը սահմանված ժամկետներում չներկայացնելու կամ հայտարարագրերի լրացման նկատմամբ ներկայացվող պահանջների կամ ներկայացման կարգի խախտմամբ ներկայացնելու կամ հայտարարագրում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելու համար:
Չնայած նախորդ տասնամյակներում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացրած երեք հակակոռուպցիոն ռազմավարություններին և արձանագրած արդյունքներին, այդուհանդերձ, հակակոռուպցիոն ռազմավարություններով նախանշված նպատակադրումները չեն իրականացվել՝ պայմանավորված քաղաքական կամքի և հակակոռուպցիոն քաղաքականության իրական խնդիրների հայտնաբերման, թիրախավորման և դրանց համակարգային ու հիմնարար լուծմանն առնչվող կոնկրետ գործնական քայլերի բացակայությամբ: Հարկ է փաստել, որ նախընթաց տարիներին՝ 2003-2018 թթ․ ընթացքում, կոռուպցիայի գործող մակարդակի վերաբերյալ առկա հանրային ընկալումներն ու տրամադրությունները մնացել են ցածր մակարդակում ( 2003-ից 2012 թթ․ կոռուպցիայի ընկալման ինդեքսը կազմել է 2․6-3․1 միջակայքերում, հետագա տարիներին՝ 34-ից 35 միավորի շրջանակներում), որը վկայում է Հայաստանում կոռուպցիայի համակարգային բնույթի մասին:
Եվ միայն 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած ժողովրդական հեղափոխության հաղթանակի արդյունքում ձևավորված իշխանությունը ստանձնեց կոռուպցիայի դեմ պայքարը որպես գերակա ուղղություն հռչակելու ձևակերպված կամք և վճռականություն։ Հակակոռուպցիոն բարեփոխումների 4-րդ ռազմավարության և միջոցառումների 2019-2022 թթ․ ծրագիրը ՀՀ կառավարությունը հաստատեց 2019 թվականի հոկտեմբերի 3-ին, որով ամրագրեց հակակոռուպցիոն քաղաքականության հիմնական բարեփոխումերի առաջնահերթությունները՝ հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի վերափոխումը և զարգացումը, վարչական կոռուպցիայի հաղթահարումը, հանրային ծառայողի օրինավոր և բարեխիղճ կերպարի ձևավորումը, բիզնեսի և քաղաքականության տարանջատման հստակ սահմանների ապահովումը, կոռուպցիոն իրավախախտումների համար պատասխանատվության անխուսափելիության սկզբունքի իրացման երաշխավորումը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված կառուցակարգերի սահմանումը և ներդրումը, հանրային կրթության և իրազեկման միջոցով կոռուպցիայի նկատմամբ ժխտողական վերաբերմունքի սերմանումը։
Հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգը
Հակակոռուպցիոն 4-րդ ռազմավարությունը, ի տարբերություն նախորդների, հստակ որդեգրեց հակակոռուպցիոն պայքարի իրականացման ինստիտուցիոնալ մարմինների ձևավորման քաղաքականությունը։ Որպես հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման ինստիտուցիոնալ մոդել՝ ընտրվեց ապակենտրոնացված, խիստ մասնագիտացված կառույցների ստեղծումը։ Առաջնահերթ քայլերը միտված էին հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիտորինգի իրականացմանը, որի արդյունքում ՀՀ վարչապետի որոշմամբ ՀՀ արդարադատության նախարարությանը վերապահվեց հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիտորինգի իրականացման գործառույթը․ նախարարության աշխատակազմում ձևավորվեց համապատասխան անվանումով վարչություն։
ՀՀ վարչապետի 2019 թ․ հունիսի 24-ի թիվ 808-Ն «Հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդ ստեղծելու, խորհրդի կազմը և գործունեության կարգը, խորհրդի կազմում ներգրավվող հասարակական կազմակերպությունների մրցույթի և ռոտացիայի կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության Վարչապետի 2015 թվականի ապրիլի 18-ի N 300-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» որոշումով վերակազմավորվեց նաև ՀՀ վարչապետին կից հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդը, որի քարտուղարության աշխատանքների իրականացումը վերապահվեց ՀՀ արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության և մոնիտորինգի վարչությանը։
2017 թ․ ընդունված «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ձևավորվեց 2019 թվականին։ Հանձնաժողովի ֆունկցիոնալ արդյունավետության ապահովման տեսանկյունից զգալիորեն ընդլայնվել են հանձնաժողովի գործառույթները՝ 2017 թ․ առկա 5-ի փոխարեն 2020 թ․ դրությամբ վերջինիս վերապահվել է կոռուպցիայի կանխարգելմանը և հակակոռուպցիոն կրթության ապահովմանն ուղղված 13 գործառույթ: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին վերապահված գործառույթների շարքում նշանակալի են հանձնաժողովի կողմից մշակած հակակոռուպցիոն ծրագրերի և միջոցառումների կատարման նկատմամբ մոնիտորինգի իրականացման, պետական պաշտոններում նշանակման ենթակա անձանց բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական բնույթի եզրակացությունների ներկայացման, Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուների, Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների, դատավորների թեկնածուների հավակնորդների բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունների ներկայացման (ենթակա չեն հրապարակման), «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքում նույն օրենքով սահմանված հայտարարագիրը վերլուծելու գործառույթները։
Բարեփոխումների արդյունքում 2020 թվականին «Կուսակցությունների մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին են վերապահվել նաև կուսակցությունների ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, գույքի վերաբերյալ հաշվետվությունների հրապարակման, նպատակային ֆինանսավորման միջոցների օգտագործման նկատմամբ վերահսկողության իրականացման, պետական նպատակային ֆինանսավորման հիմքերի առկայության կամ բացակայության մասին որոշման ընդունման, բանկային ավանդից կամ կուսակցության հիմնադրած զանգվածային լրատվության միջոցի կամ հրատարակչական կազմակերպության գործունեությամբ ստացված և կուսակցությանը փոխանցված եկամտի մասին տեղեկատվության ստուգման, ինչպես նաև կուսակցությունների տարեկան հաշվետվությունների աուդիտի կազմակերպման գործառույթները։ Կուսակցությունների ֆինանսավորման և կուսակցությունների տարեկան հաշվետվությունների աուդիտի կազմակերպման գործառույթները Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կսկսի իրականացնել 2022 թվականի հունվարի 1-ից։ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին 2021 թվականի մայիսի 7-ին ընդունված օրենքով հանձնաժողովին վերապահված գործառույթներն ավելացվել են նաև Ընտրական օրենսգրքով, հանրաքվեների և տեղական հանրաքվեի մասին օրենքներով սահմանված դեպքերում և կարգով նախընտրական հիմնադրամներ կատարվող նվիրատվությունների, ծախսերի և դրանց հաշվարկման նկատմամբ վերահսկողության իրականացման, քարոզչության ֆինանսավորման հիմնադրամներ կատարվող նվիրատվությունների, ծախսերի և դրանց հաշվարկման նկատմամբ վերահսկողության իրականացման գործառույթները։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի թվարկված նոր գործառույթներն ուժի մեջ կմտնեն 2023 թվականի հունվարի 1-ից։
Հակակոռուպցիոն կոմիտե
Կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման նպատակով ՀՀ հակակոռուպցիոն 4-րդ ռազմավարության գործողությունների ծրագրով նախանշված էր 2021 թ․ ժամանակահատվածում ստեղծել մասնագիտացված, անկախության երաշխիքներով օժտված հակակոռուպցիոն մարմին, որը կիրականացնի ուսումնասիրություններ, օժտված կլինի կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման համար անհրաժեշտ գործիքակազմով: 2021 թ․ մարտի 24-ին ՀՀ ազգային ժողովի ընդունած «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքով ստեղծվել է հակակոռուպցիոն մասնագիտացված մարմին՝ «Հակակոռուպցիոն կոմիտե» անվանմամբ։ Հակակոռուպցիոն կոմիտեն քննչական մարմին է, որը կազմակերպում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով իր ենթակայությանը վերապահված՝ ենթադրյալ կոռուպցիոն հանցագործություններով մինչդատական քրեական վարույթը: Հակակոռուպցիոն կոմիտեն իր լիազորությունների շրջանակներում «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով սահմանված կարգով իրականացնում է օպերատիվ-հետախուզական գործունեություն: Հակակոռուպցիոն կոմիտեն իրականացնում է նաև օրենքով սահմանված այլ լիազորություններ։ Ի տարբերություն ՀՀ-ում գործող այլ քննչական մարմինների, Հակակոռուպցիոն կոմիտեի կազմում նշանակումները, այդ թվում՝ ղեկավար կազմի, կատարվելու են բաց մրցույթի արդյունքում: Մրցույթի պարտադիր փուլ է կազմելու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից թեկնածուների բարեվարքության ուսումնասիրության փուլը: Հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենքով ծառայողների համար սահմանված են առավել խիստ պահանջներ և սահմանափակումներ, սակայն նախատեսված են լրացուցիչ երաշխիքներ։
Հակակոռուպցիոն դատարաններ
Կոռուպցիայի դեմ պայքարում ինստիտուցիոնալ համակարգի կայացման և շարունակական զարգացման տեսանկյունից հակակոռուպցիոն 4-րդ ռազմավարությամբ կարևորվում է նաև հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանի ստեղծումը, ինչը կհանգեցնի մասնագիտացված դատավորների կողմից գործերի առավել որակյալ, բազմակողմանի և արդյունավետ լուծմանը: ՀՀ արդարադատության նախարարությունը մշակել է ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը, որոնցով նախատեսվում է մասնագիտացված Հակակոռուպցիոն դատարանների ստեղծումը: Մասնավորապես, նախատեսվում է Հակակոռուպցիոն դատարանի ստեղծումը՝ առնվազն 25 դատավորի թվակազմով, որոնցից 20-ը կքննեն ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործեր, իսկ 5-ը՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա ներկայացված դիմումներից և հայցապահանջներից բխող գործեր: Նախագծով առաջարկվում է նաև ստեղծել մասնագիտացված վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան՝ առնվազն 10 դատավորի թվակազմով։ Նշված նախագծերով սահմանվում է նաև հակակոռուպցիոն մասնագիտացմամբ դատավորների նշանակման կարգը, սահմանվում են առավել խիստ պահանջներ և սահմանափակումներ: Նախագծերի փաթեթով սահմանվում են հակակոռուպցիոն մասնագիտացմամբ դատավորների թեկնածուների ընտրման առանձնահատկությունները, նախատեսվում է հակակոռուպցիոն դատավորների թեկնածուների բարեվարքության ստուգման պահանջ:
ՀՀ գլխավոր դատախազությունում կոռուպցիոն հանցագործությունների քննության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչություն
ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել և ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի փաթեթում ԱԺ է ներկայացվել «Դատախազության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է սահմանել Գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործություններով հսկողություն իրականացնող վարչության դատախազների թեկնածության հավակնորդների ընտրության, մրցույթի անցկացման, նշանակման և առաջխաղացման իրավահարաբերությունները և գործունեության երաշխիքները: Նշված նախագծերի անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով հսկողություն իրականացնող ստորաբաժանումը կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի կարևորագույն բաղադրատարրերից է, այն արդեն իսկ ստեղծված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, ստեղծվելիք Հակակոռուպցիոն կոմիտեի և Հակակոռուպցիոն դատարանի հետ ամբողջացնելու է հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգը։
ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն
«Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 2020 թ․ ապրիլի 16-ի օրենքով սահմանվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող ստորաբաժանման ղեկավարի, ղեկավարի տեղակալի և դատախազների, ինչպես նաև գլխավոր դատախազի՝ այդ ոլորտը համակարգող տեղակալի պաշտոններում նշանակման կարգը, համաձայն որի` «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացված բաց մրցույթի արդյունքներով «Դատախազության մասին» ՀՀ օրենքով սահմանված ընթացակարգի պահպանմամբ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը համալրվել է համապատասխան որակավորմամբ դատախազներով և ընտրվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ։
Կոռուպցիայի դեմ պայքարում հակակոռուպցիոն 4-րդ ռազմավարությամբ նախանշված բարեփոխումների հետագա քայլերը սահմանված են 3 հիմնական ուղղություններով՝ կոռուպցիայի կանխարգելումը, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումը, հակակոռուպցիոն կրթությունը և իրազեկումը:
Կոռուպցիայի կանխարգելում
Կոռուպցիայի կանխարգելման ուղղությամբ բարեփոխումները միտված են վարչական կոռուպցիայի հաղթահարմանը, հանրային կառավարման համակարգում բարեվարքության ամրապնդմանը, հայտարարագրման համակարգի կատարելագործմանը, հակակոռուպցիոն կարգավորման ազդեցության գնահատման և մասնավոր հատվածում թափանցիկության բարձրացմանը։
Վարչական կոռուպցիայի հաղթահարումը նախատեսվում է իրականացնել էլեկտրոնային կառավարման գործիքների ներդրման, պետական կառավարման գործընթացին հասարակության մասնակցության մեխանիզմների կատարելագործման և վարչարարության պարզեցման ճանապարհով։
Հանրային կառավարման համակարգում բարեվարքության ամրապնդման միջոցառումների շարքում կարևորվել են հանրային ծառայության էթիկայի հանձնաժողովների ու բարեվարքության հարցերով կազմակերպիչների ինստիտուտի ձևավորումը և գործարկումը, հանրային ծառայողի վարքագծի կանոնների սահմանումը և կիրարկման ապահովումը, հանրային ծառայողների պաշտոնական պարտականություններով պայմանավորված նվերներ ընդունելու արգելքի կիրարկման նպատակով նվերների էլեկտրոնային միասնական ռեեստրի ստողծումը, անհամատեղելիության պահանջների կատարելագործումը։
Գույքի, եկամուտների, շահերի ու ծախսերի հայտարարագրման բարեփոխումները նվիրված են գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրման համակարգի կատարելագործմանը։ Վերջինս նախատեսում է անցում կատարել գույքի եկամուտների, ծախսերի և շահերի համալիր հայտարարագրման համակարգին՝ ապահովելով ապօրինի հարստացման ռիսկերի բացահայտման հնարավորությունները։ Միաժամանակ, ընդլայնվել է հայտարարատու պաշտոնատար անձանց շրջանակը՝ ներառելով 15,000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների ավագանու անդամներին և աշխատակազմերի քարտուղարներին, հանրային նշանակության կազմակերպություններում վարչական պաշտոն զբաղեցնող անձանց: 2022 թ. հունվարի 1-ից նախատեսվում է հայտարարագրման պարտականություն սահմանել նաև կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի անդամների, իսկ այլ ղեկավար մարմինների դեպքում այդ մարմնի անդամների նկատմամբ։ Վերանայվել է նաև հայտարարագրման բովանդակությունը, ընդլայնվել է հայտարարագրից հրապարակման ենթակա տվյալների շրջանակը, իջեցվել է հայտարարագրման ենթակա թանկարժեք գույքի արժեքային շեմը, ներդրվել է փաստացի օգտագործվող գույքը հայտարարագրելու պահանջ, հստակեցվել են փոխառությունների և եկամուտների տեսակները: Պետական պաշտոնի հավակնող և նման պաշտոն զբաղեցնող անձանց համար սահմանվել է լիազոր մարմնին նոտարական կարգով աշխարհի ցանկացած բանկում և ֆինանսական կազմակերպությունում, ցանկացած երկրի տարածքում իրենց անունից փնտրել և ստանալ տեղեկություններ իրենց անունով հաշվեհամարների առկայության, ստեղծման օրից դրանց շարժի և մնացորդի, ինչպես նաև իրենց անունով շարժական, անշարժ գույքի և արժեթղթերի առկայության մասին տեղեկատվություն ստանալու լիազորագիր տալու պարտականություն:
Հակակոռուպցիոն ռազմավարությամբ հակակոռուպցիոն կարգավորման ազդեցության գնահատման և մասնավոր հատվածում թափանցիկության բարձրացման ուղղությամբ բարեփոխումները նախանշված են հակակոռուպցիոն կարգավորման ազդեցության գնահատման համակարգի ներդրման, գործարար ոլորտում հակակոռուպցիոն համապատասխանության պահանջների սահմանման, տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտի վերաբերյալ օրենսդրության կատարելագործման, իրավաբանական անձանց իրական սեփականատերերի ինստիտուտի ներդրման ու կատարելագործման հարցերը։
Կոռուպցիոն հանցագործությունների բացահայտում
Հանցագործությունների բացահայտման արդյունավետության տեսանկյունից հակակոռուպցիոն ռազմավարությամբ կարևորվում է՝ կոռուպցիոն հանցագործությունների տեսակների հստակեցումը և դրանց շրջանակի օրենքով սահմանումը, մասնավոր հատվածում իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության նախատեսումը և դրա իրացման կառուցակարգերի սահմանումը, կոռուպցիոն հանցագործությունների քննության արդյունավետության ապահովումը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործուն կառուցակարգերի սահմանումը:
Կոռուպցիոն հանցագործությունների շրջանակի հստակեցման նպատակով ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել և ՀՀ Ազգային ժողովի կողմից 2020 թ․ մարտի 25-ին ընդունվել է «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որով սահմանվել է կոռուպցիոն հանցագործությունների ցանկ՝ առանձնացված 28 կոռուպցիոն հանցագործության տեսակներով։
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված կառուցակարգերի ստեղծման ուղղությամբ Ազգային ժողովի կողմից 2020 թ․ ապրիլի 16-ին ընդունված «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի պահանջներին համապատասխան ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում 206 սուբյեկտի պատկանող գույքի առնչությամբ որոշում է կայացվել սկսել ուսումնասիրություններ։
Բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի ստեղծման մասով ««Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը 2021 թ․ մայիսի 5-ին առաջին ընթերցմամբ քննարկվեց ԱԺ-ում։
Օրենքի նախագծով սահմանվում են ՀՀ-ում բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի ներդրման նպատակները, ռեեստրում ներառման ենթակա տեղեկությունների շրջանակը, ինչպես նաեւ ԿԲ խորհրդի լիազորությունը` սահմանելու այդ ռեեստրի վարման, ներառման ենթակա նույնականացման տեղեկությունների ցանկը, այդ թվում` հաշվետվությունների տեսքով տեղեկությունների տրամադրման կարգը և ժամկետները:
Կոռուպցիոն իրավախախտումների համար իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու ինստիտուտի ներդրման մասով «ՀՀ Քրեական օրենսգիրք» ՀՀ օրենքը ԱԺ-ի կողմից ընդունվել է 2021 թվականի մայիսի 5-ին։ Օրենքն ուժի մեջ է մտնելու 2022 թ․ հուլիսի 1-ից, որով ներդրվել է իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ինստիտուտը (Բաժին 7), և հստակորեն սահմանվել է այն հանցագործությունների սպառիչ շրջանակը, որոնց սուբյեկտ կարող է լինել իրավաբանական անձը:
Հասարակության հակակոռուպցիոն կրթություն և իրազեկում
Հայաստանի համար կոռուպցիայի մասին հանրության իրազեկման և կրթության միջոցառումների շարքում կարևորվում է կոռուպցիայի դեմ պայքարի կրթա-լուսավորչական քաղաքականության իրականացումը: Բնակչության կրթումը և հանրային ծառայողների մասնագիտական վերապատրաստումները, կոռուպցիա երևույթի և դրա դեմ պայքարի վերաբերյալ թեմաների ընդգրկումը կրթության պետական ծրագրերում, պետական ծառայողների վերապատրաստման դասընթացներում, կոռուպցիայի դեմ պայքարի լուսաբանման և բնակչության ընկալման վրա ազդելու կարևոր գործիքներ են:
ՀՀ հակակոռուպցիոն 4-րդ ռազմավարությամբ կարևորվում է հակակոռուպցիոն կրթության և իրազեկման բարեփոխումների ուղղությամբ պետական մակարդակով գործուն քայլերի ձեռնարկումը: Մասնավորապես, ռազմավարությունը նախատեսում է պետության կողմից հակակոռուպցիոն միջոցառումների իրականացման, ծառայությունների մատուցման ոլորտում իրականացված բարեփոխումների, ազդարարման և բողոքարկման մեխանիզմների, պետական մարմինների հետ հարաբերակցվելիս անձանց իրավունքների վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացման, ազդարարման համակարգի առանձնահատկությունների, տեղեկատվության ազատության երաշխիքների, հանրային ծառայողների էթիկայի կանոնների վերաբերյալ հանրության և հանրային ծառայողների տեղեկացվածության մակարդակի բարձրացում: Վերոնշյալ ուղենիշի համար կառավարությունը նախատեսում է մշակել և հաստատել հանրային իրազեկման արշավների իրականացման տարեկան ծրագրեր:
Հակակոռուպցիոն կրթության տրամադրման հարցում բարեփոխումները ենթադրում են հանրային ծառայողների, այդ թվում՝ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց համակարգային և պարբերական վերապատրաստումներ: Ընդ որում, կառուցակարգային հարցերի լուծման նպատակով հակակոռուպցիոն կրթության իրականացման գործառույթը վերապահվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ վերջինիս համար սահմանելով հակակոռուպցիոն կրթական և հանրային իրազեկման բարձրացման ծրագրերի, պաշտոնատար անձանց և հանրային ծառայողների վերապատրաստման ծրագրերում հակակոռուպցիոն դասընթացներ ներառելու, ուսումնամեթոդական ուղեցույցների, այլ նյութերի, պարբերական խորհրդատվական զեկույցների մշակման և հրապարակման պարտականություն։ Հակակոռուպցիոն թեմաներով մասնագիտական վերապատրաստումների արդյունավետության բարձրացման նպատակով ռազմավարությամբ նախատեսվում է ներդնել կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում հանրային ծառայողների գիտելիքների և հմտությունների պարբերական գնահատման համակարգ:
Հակակոռուպցիոն ռազմավարությամբ կարևորում է հակակոռուպցիոն կրթության արմատավորումը հանրակրթական դպրոցում։ Նախատեսվում է արդիականացնել «Հասարակագիտություն» առարկայի շրջանակներում դասավանդվող կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող թեմաների բովանդակությունը։ Հակակոռուպցիոն կրթությունը որպես պարտադիր առարկա ներառելու ուղղությամբ համանման քայլեր են նախատեսված նաև բարձրագույն ուսումնական հաստատություններում և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում։
Կոռուպցիա, սահմանում, գնահատման ցուցիչներ
Կոռուպցիայի սահմանում
«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» (ԹԻ) միջազգային հակակոռուպցիոն կազմակերպության սահմանման համաձայն` կոռուպցիան ի պաշտոնե տրված իշխանական լիազորությունների չարաշահումն է` անձնական օգուտ ստանալու նպատակով:
ԹԻ-ն նաև տարբերակում է կոռուպցիան «ըստ կանոնների» և «ընդդեմ կանոնների»: Առաջին դեպքում կաշառք է տրվում առավել բարեհաճ վերաբերմունքի արժանանալու նպատակով` մի բանի համար, որ կաշառք ստացողը պարտավոր է կատարել օրենքով սահմանված կարգով: Երկրորդ դեպքում կաշառքը տրվում է այնպիսի ծառայության համար, որը կաշառք ստացողը իրավունք չունի տրամադրելու:
Համաձայն «Կոռուպցիայի մասին քաղաքացիական իրավունքի կոնվենցիայի»՝ «կոռուպցիա» նշանակում է` ուղղակիորեն կամ անուղղակիորեն կաշառք կամ որևէ անհիմն օգուտ կամ այդպիսի օգուտի խոստում պահանջելը, առաջարկելը, տալը կամ ընդունելը, որը խախտում է կաշառք, անհիմն օգուտ կամ այդպիսի օգուտի խոստում պահանջողի կողմից ցանկացած պարտականության պատշաճ կատարումը կամ պահանջվող վարքագիծը:
Հայաստանում կոռուպցիայի մակարդակի գնահատականը
Հայաստանում կոռուպցիայի մակարդակի գնահատման նպատակով օգտագործում են առավել հանրահայտ և Հայաստանի իրական կյանքում օգտագործվող ցուցանիշների համակարգ: Դրանց մեծ մասը կիրառվում է ինչպես հակակոռուպցիոն ռազմավարության մշակման, երկրի ընդհանուր տնտեսական առաջընթացի նկարագրման, կառավարման արդյունավետության, այնպես էլ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության ապահովման, կոռուպցիայի կրճատման նպատակով ստանձնած երաշխավորությունների կատարումը գնահատելու համար: Այս տեսանկյունից, առավել տարածվածը «Թրանսփարենսի Ինթերնեշնլի»՝ կոռուպցիայի ընկալման համաթիվն է: Համաթիվը տալիս է կոռուպցիայի հարաբերական աստիճանի տարեկան պատկերը՝ դասակարգելով պետություններն ըստ համաթվի արժեքների (0-10 միավորներ, որտեղ 0-ն առավել կոռումպացված է, 9-ը՝ չկոռումպացվածը):
2012 թվականին «Թրանսփարենսի Ինթերնեշնլը» վերանայեց համաթվի հաշվարկման համար օգտագործվող մեթոդաբանությունը։ Համաթիվը գնահատում է կոռուպցիայի մակարդակը հասարակական ընկալումներում: Համաթվի փոփոխության միջակայքն է 0-ից 100-ը: Որքան բարձր է գնահատականը, այնքան հասարակության ընկալումներում քիչ կոռումպացված է համարվում տվյալ երկիրը: ԹԻ-ի կողմից հաշվարկվող «Կոռուպցիայի ընկալման համաթիվը» (ԿԸՀ) գնահատում է պետության կառավարման այն առանձնահատկությունները, որոնք շաղկապված են կոռուպցիայի մակարդակի հետ և ունակ են բացատրել կոռուպցիայի աճի կամ նվազման պատճառները: Կոռուպցիայի ընկալման համաթվի ուսումնասիրության ենթարկված 180 երկիր ներառող ԿԸՀ դասակարգման 2020 թ. աղյուսակում Հայաստանը Հորդանանի և Սլովակիայի հետ կիսում է 60-ից 62-րդ տեղերը (2019 թ. ՀՀ-ն 42 միավորով 180 երկրների շարքում կիսում էր 77-ից 79-րդ տեղերը): Երկրի ԿԸՀ-ն 2012-ից 2018 թթ․, համապատասխանաբար, կազմել է 34-ից 35 միավոր, մինչդեռ 2018-ից 2020 թթ․ ընթացքում տեղի է ունեցել համաթվի կտրուկ աճ՝ 35-ից 49 միավորի շրջանակներում։
Համաշխարհային բանկի ինստիտուտի (ՀԲԻ) «Կոռուպցիայի վերահսկման համաթիվը» արտահայտում է հասարակական ընկալումները, թե որքանով են իշխանություններն իրենց դիրքն օգտագործում մասնավոր շահերի առաջխաղացման համար, որքանով են նրանք ընդգրկված խոշոր և փոքր չափի կոռուպցիայում, որքանով է «պետությունը գրավված» վերնախավերի և մասնավոր շահեր հետապնդող շրջանակների կողմից: Ըստ Համաշխարհային բանկի՝ Համաշխարհային կառավարման ցուցանիշների (2019 թվական)՝ «կոռուպցիայի վերահսկման համաթվի մասով» Հայաստանն ունի մոտ 50 տոկոսային միավոր (0-ն՝ ամենացածր ցուցանիշն է, իսկ 100-ը՝ ամենաբարձրը): 2017 թ. 32.69 տոկոսային միավորի նկատմամբ աճը կազմել է շուրջ 17 տոկոսային միավոր: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք։
2018 թ․-ից հետո հայաստանցիների հակակոռուպցիոն ընկալումների և վարքագծի փոփոխությունը գնահատելու նպատակով 2019-ին ԹԻ-ի պատվերով «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստանի» (ՀՌԿԿ-Հայաստան) կողմից իրականացվել է Հայաստանի տնային տնտեսությունների շրջանում կոռուպցիայի վերաբերյալ հանրային կարծիքի հետազոտություն, որի արդյունքները ցույց են տվել, որ կոռուպցիան դեռևս շատ է մտահոգում հայաստանցիներին: Հարցման մասնակիցների 90%-ը կոռուպցիան համարել է լուրջ հիմնախնդիր Հայաստանի հանրային ոլորտի համար (36.5%-ը՝ չափազանց, 28.3%-ը՝ բավականին և 25.3%-ը՝ որոշ չափով), իսկ նրանց գերակշիռ մեծամասնությունը (81.4%) համամիտ է, որ կոռուպցիան չարիք է և այն պետք է վերացնել: Հարցվածների 43%-ը նշել է, որ կոռուպցիան առավել տարածված է միջին օղակի պաշտոնատար անձանց շրջանում, իսկ 26%-ի կարծիքով այն առավել հաճախ հանդիպում է ցածր օղակներում: Հարցվածների գրեթե կեսն այն կարծիքին է, որ Հայաստանում ամենակոռումպացված կառույցը դատարաններն են (49%): Դրանց հաջորդում են ԶԼՄ-ները (44%) և դատախազությունը (43%): Հարցվածների 75%-ը «բնավ չկոռումպացված» է համարել ՀՀ վարչապետին, իսկ 57%-ը՝ ՀՀ նախագահին՝ իր աշխատակազմով: Կոռուպցիայի հիմնական դրդապատճառների թվում հարցվածները մատնանշել են գործընթացն արագացնելը (26.7%), խնդրի լուծման օրինական տարբերակի բացակայությունը (16.1%), օրենքով սահմանված ավելի խոշոր վճարումներից խուսափելը (14.4%):
Հակակոռուպցիոն քաղաքականություն, ռազմավարություններ
Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի պետական քաղաքականությունն ամփոփվեց 2003 թ․ ընդունված ՀՀ առաջին հակակոռուպցիոն ռազմավարության մեջ, որը ընդունվեց ՀՀ կառավարության նոյեմբերի 6-ի թիվ 1522-Ն որոշմամբ: ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2003-2007 թթ. միջոցառումների ծրագիրը առավելապես կողմնորոշված էր դեպի կոռուպցիայի կանխարգելման միջոցառումների օրենսդրական դաշտի կատարելագործումը` կարևորելով կոռուպցիայի դեմ պայքարում հասարակության լայն մասնակցությունը և հակակոռուպցիոն միջոցառումների մոնիտորինգի դերը: Ընդհանուր առմամբ, հակակոռուպցիոն ռազմավարության 2003-2007 թթ. միջոցառումների ծրագրի շրջանակներում կոռուպցիայի կանխարգելման ուղղությամբ ընդունվեցին ավելի քան հիսուն օրենքներ և ենթաօրենսդրական ակտեր, վավերացվեցին կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային կարևորագույն կոնվենցիաներն ու համաձայնագրերը, երկիրն անդամակցեց կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ միջազգային համագործակցությունն ապահովող ամենահեղինակավոր կազմակերպություններին:
2004 թ. հունվարին Հայաստանն անդամակցեց Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբին (ԳՐԵԿՈ)-ին, իսկ այնուհետ ստորագրեց և վավերացրեց Եվրոպայի խորհրդի «Կոռուպցիայի մասին» քրեական իրավունքի և «Կոռուպցիայի մասին» քաղաքացիական իրավունքի կոնվենցիաները:
Հայաստանը ներգրավվեց նաև Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏԶՀԿ)՝ նախկին խորհրդային 8 երկրների համար նախաձեռնված «Ստամբուլի հակակոռուպցիոն գործողությունների պլան» ծրագրում: Այն կոչված է բարելավելու նշված երկրների հակակոռուպցիոն քաղաքականությունը միջազգային փորձագետների կողմից մշակված առաջարկությունների միջոցով: 2005 թ. ՀՀ-ն ստորագրել է ՄԱԿ «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիան, որը 2006 թ. վավերացվել է Ազգային ժողովի կողմից: Որպես կոնվենցիայի պահանջ՝ Հայաստանը ՄԱԿ Թմրամոլության և հանցավորության դեմ գրասենյակին է ներկայացնում ՄԱԿ «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիայի Հայաստանի ինքնագնահատման զեկույցները՝ վերջինիս կողմից նախապատրաստված հարցաշարերին համապատասխան:
Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային կոնվենցիաների ընդունումը, ինչպես նաև հակակոռուպցիոն միջազգային նախաձեռնություններին անդամակցությունը կարևորագույն նախադրյալներ ձևավորեցին Հայաստանում հակակոռուպցիոն բարեփոխումների նախագծման և իրականացման համար։
Հայաստանի 2-րդ հակակոռուպցիոն ռազմավարությունը և միջոցառումների 2009-2012 թթ. ծրագիրն ընդունվել է 2009թ. հոկտեմբերի 8-ի ՀՀ կառավարության թիվ 1272-Ն որոշմամբ: Ծրագրի հիմնական նպատակը Հայաստանում կոռուպցիայի ընդհանուր մակարդակի էական կրճատումն էր, իսկ ակնկալվող հիմնական արդյունքներն էին կոռուպցիայի համակարգային բնույթի վերացումը, կոռուպցիայի տարածվածության աստիճանի նշանակալի սահմանափակումը, քաղաքացիներին մատուցվող հանրային ծառայությունների որակի բարելավումը, սոցիալական արդարության ընկալման բարելավումը, քաղաքական համակարգի կայունության ամրապնդումը, երկրի տնտեսական մրցունակության բարձրացումը: 2009-2012 թթ. հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման համար գործադրված ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ արձանագրել որոշ արդյունքներ: Այսպես, Համաշխարհային բանկի ինստիտուտի կողմից կիրառվող արդար կառավարման ցուցիչների շրջանակներում 2009-2012 թթ. ընթացքում կայուն աճել են իրավունքի գերակայության և ձայնի լսելիության ու հաշվետվողականության ցուցանիշները:
Հանրային ծառայության ոլորտում 2012 թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքը, որը կանոնակարգեց հանրային ծառայողների իրավունքների ու պարտականությունների, հավաքագրման, առաջխաղացման և պաշտոնաթողության, վարքագծի և շահերի բախման միասնական սկզբունքները: Օրենքով ձևավորվեց բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը և գործարկվեց բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների ու փոխկապակցված անձանց հայտարարագրման էլեկտրոնային համակարգը: Կանոնակարգվեցին ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի, շահերի բախման դեպքերի վարույթի իրականացման կարգերը։ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործունեության արդյունքների մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք այստեղ:
2012 թ. ապրիլի 17-ին Հայաստանը միացավ «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնությանը: Բաց կառավարման գործընկերությունը ստեղծվել է 2011 թ․ սեպտեմբերի 20-ին 8 հիմնադիր երկրների (Բրազիլիա, Ինդոնեզիա, Մեքսիկա, Նորվեգիա, Ֆիլիպիններ, Հարավային Աֆրիկա, Միացյալ Թագավորություն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ) կողմից՝ թափանցիկ, հաշվետու և արդյունավետ կառավարում իրականացնելու նպատակով: Հայաստանը, միանալով այս նախաձեռնությանը, ստանձնել է մի շարք պարտավորություններ, որոնց շարքում են նաև հակակոռուպցիոն բարեփոխումներին միտված միջոցառումները: Մինչ օրս «Բաց կառավարման գործընկերության» շրջանակներում Հայաստանն ընդունել է 4 ազգային գործողությունների ծրագրեր։ ԲԿԳ ազգային ծրագրերի միջոցով շոշափելի բարեփոխումներ են իրականացվել տնտեսության կարևորագույն ոլորտներում՝ ապահովելու համար բաց կառավարման մարտահրավերները՝ հանրային ծառայությունների բարելավումը, հանրային ռեսուրսների առավել արդյունավետ կառավարումը, հանրային բարեվարքության խթանումը, հանրային վստահության բարելավումը:
ՀՀ կառավարության 2014 թ․ ապրիլի 10-ի թիվ 14-51 արձանագրային որոշմամբ հաստատված «Հանրային կառավարման համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի» հայեցակարգով սահմանվեցին հանրային կառավարման համակարգում հակակոռուպցիոն պայքարի խնդիրներն ու դրանց իրականացման ուղղությունը՝ այն է օրինավոր և բարեխիղճ հանրային ծառայողների դասի, արդյունավետ հանրային կառավարման, մասնակցային, թափանցիկ և հաշվետու կառավարման համակարգերի ձևավորումը։
Հայեցակարգով սահմանվեցին նաև հանրային կառավարման համակարգում հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման ինստիտուցիոնալ համակարգը, պատասխանատվության և քննության, հակակոռուպցիոն իրազեկման և կրթության, մոնիտորինգի և գնահատման համակարգի ոլորտներում հակակոռուպցիոն պայքարի կառուցակարգերը։
Վերոնշյալ հայեցակարգի հիմնադրույթներին համապատասխան, ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի թիվ 1141-Ն «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2015-2018 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» որոշմամբ սահմանվեցին հակակոռուպցիոն քաղաքականության բարեփոխումների հիմնական ծրագրային նպատակներն ու խնդիրները։
Հակակոռուպցիոն 3-րդ ռազմավարական ծրագրի հիմնական նպատակը կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային չափանիշներն իրագործելու միջոցով Հայաստանում կոռուպցիայի պրոգրեսիվ և հետևողական նվազեցմանը նպաստելն էր, պետական կառավարման մարմինների նկատմամբ քաղաքացիների վստահության ամրապնդումն ու կոռուպցիայի նկատմամբ զրոյական հանդուրժողականության սկզբունքի խթանումը: Հակակոռուպցիոն ռազմավարությունն ուղղված էր բարեխիղճ և պատասխանատու պաշտոնյաների միջոցով կոռուպցիայի մակարդակի և տարածվածության նվազեցմանը, կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված գործընթացների նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը, հակակոռուպցիոն միջոցառումների իրականացման ընթացքում հանրության աջակցության ընդլայնմանը, ինչպես նաև կոռուպցիայի կանխարգելման առավել արդյունավետ և գործուն միջոցների կիրառմանը: ՀՀ հակակոռուպցիոն 3-րդ ռազմավարության հիմնական խնդիր էր սահմանված հանրային ծառայության ոլորտում կոռուպցիայի կանխարգելումը՝ կոռուպցիոն վարքագծի համար պատասխանատվության համարժեք միջոցների սահմանմանը, կոռուպցիոն վարքագծի դրսևորումների արդյունավետ քննությանը և հանրային վստահության բարձրացմանն ուղղված միջոցների համալիր կիրառումը:
Հակակոռուպցիոն երրորդ ռազմավարության գործողությունների ծրագրի իրականացման առավել նշանակալի արդյունքներ են՝
- 2017 թվականի հունիսի 9-ին ընդունված «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքը և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որի համաձայն Հայաստանում 2019 թ․ ստեղծվեց անկախության երաշխիքներով օժտված հակակոռուպցիոն կանխարգելիչ մարմին:
- 2018 թվականի մարտի 23-ին ընդունված «Հանրային ծառայության մասին» ՀՀ նոր օրենքը, որով ամբողջությամբ վերանայվել է հանրային ծառայության համակարգը, բարեփոխվել են կոռուպցիայի կանխարգելման համակարգի կարևորագույն տարրեր հանդիսացող բարեվարքության համակարգի, շահերի բախման, անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, նվերների ընդունման արգելքի կառուցակարգերը, սահմանվել է գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրման սկզբունքորեն նոր համակարգ:
- 2017 թվականի հունիսի 9-ին ընդունված «Ազդարարման համակարգի մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Օրենսդրական փաթեթի շրջանակներում սահմանվել են ազդարարների պաշտպանության երաշխիքների, ինչպես նաև կոռուպցիոն դեպքերի բացահայտմանը, կոռուպցիոն դեպքեր բացահայտող մարմինների գործունեության արդյունավետության բարձրացմանը միտված գործուն կառուցակարգեր (անանուն հաղորդում ներկայացնելու մեխանիզմ): Միևնույն ժամանակ, վերը նշված օրենքի կենսագործումն ապահովելու նպատակով մշակվել և ՀՀ կառավարության 2018 թ․ մարտի 15-ի N 272-Ն և 2018 թ․ ապրիլի 12-ի N 439-Ն որոշումներով հաստատվել են «Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և ձևակերպման օրինակելի ձևը, ինչպես նաև ազդարարին տրվող պաշտպանության միջոցների իրականացման ընթացակարգը» և «Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի տեխնիկական նկարագիրը և վարման կարգը»:
- 2018 թվականի մարտի 23-ին ընդունված «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ նոր օրենքը, որի պահանջների գործնական իրացման արդյունքում ընդլայնվել են քաղաքացիական ծառայության համակարգում ներառվող հանրային ծառայության ոլորտները, այն դարձել է առավել արժանիքահենք և մրցունակ, ձևավորվել է քաղաքացիական ծառայության կառավարման նոր կառույցը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակը՝ նոր գործառույթներով ու լիազորությունների շրջանակով:
- Պետական կառավարման համակարգի թափանցիկության, մասնակցային գործընթացին հասարակության ներգրավվման և հաշվետվողականության ապահովման նպատակով ստեղծվել է նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք՝ www.e-draft.am։ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին համահունչ` ՀՀ կառավարության 2018 թ․ հոկտեմբերի 10-ի «Հանրային քննարկումների կազմակերպման և անցկացման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թ․ մարտի 25-ի N 296-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1146-Ն որոշմամբ սահմանվել է հանրային քննարկումների կազմակերպման և անցկացման նոր կարգը՝ հիմքում ունենալով հրապարակայնության, մատչելիության, թափանցիկության և հանրային հաշվետվողականության սկզբունքները: Ներդրվել են մասնակցային գործընթացի ապահովման էլեկտրոնային մի շարք առանձին գործիքներ, ինչպիսիք են www.e-request.am , www.e-hotline.am , www.e-license.am, www.e-petition.am և այլ կայքերը:
- 2016 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքը, որի արդյունքում քրեականացվել է ապօրինի հարստացումը:
- 2017 թվականի հունիսի 9-ին ընդունված «Քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքներով քրեական և վարչական պատասխանատվություն է սահմանվել, համապատասխանաբար, հայտարարագրերը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով դիտավորությամբ չներկայացնելու, հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու և հայտարարագրերը սահմանված ժամկետներում չներկայացնելու կամ հայտարարագրերի լրացման նկատմամբ ներկայացվող պահանջների կամ ներկայացման կարգի խախտմամբ ներկայացնելու կամ հայտարարագրերում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելու համար:
Այսպիսով, հակակոռուպցիոն 3-րդ ռազմավարության և գործողությունների 2015-2018 թթ․ միջոցառումների ծրագրի իրականացման հիմնական արդյունքներն օրենսդրական նոր կարգավորումների ու հակակոռուպցիոն հայեցակարգով սահմանված դրույթներին համապատասխան կոռուպցիայի կանխարգելման ժամանակակից համակարգի ձևավորումն էր։
ՏՀԶԿ հակակոռուպցիոն ցանցի Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի 4-րդ փուլի «Հայաստանի վերաբերյալ» 2018 թվականի գնահատման զեկույցը նույնպես նշում է, որ «2015-2018 թթ․ ընթացքում Հայաստանն ընդունել է հանրային ծառայության և հանրային ծառայության բարեվարքության համապարփակ իրավական շրջանակ, այդ թվում՝ էթիկայի և շահերի բախման հարցերին առնչվող իրավական կարգավորումներ, քրեականացրել է ազդեցությունը շահադիտական նպատակով օգտագործելը և ապօրինի հարստացումը, նախաձեռնել է ազդարարների պաշտպանության և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքները, լրամշակվել են գույքի հայտարարագրմանն ու պետական գնումներին առնչվող իրավական կարգավորումները։ Ռազմավարության գրանցված արդյունքները մանրամասն ներկայացված են այստեղ:
Հակակոռուպցիոն բարեփոխումների 4-րդ ռազմավարության և միջոցառումների 2019-2022 թթ․ ծրագիրը ՀՀ կառավարությունը հաստատեց 2019 թ․ հոկտեմբերի 3-ի թիվ 1332-Ն որոշման հավելված 1-ով: Ռազմավարության հիմնական նպատակն է «կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ՀՀ Կառավարության հռչակած հայեցակարգային կանխադրույթների ու սկզբունքների հետևողական կենսագործումը, այդ թվում՝ կոռուպցիան ծնող պատճառների վերհանումը և դրանց վերացումը, կոռուպցիայի նկատմամբ հասարակության և հանրային ծառայողների անհանդուրժողական վերաբերմունքի սերմանումը և տարածումը, կոռուպցիայի համատարած և շարունակական նվազեցումը»։
Ռազմավարությունը նախանշում է հիմնական նպատակից բխող հետևյալ խնդիրների իրականացումը՝
- հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի վերափոխումը և զարգացումը,
- վարչական կոռուպցիայի հաղթահարումը՝ ոլորտային կոռուպցիոն ռիսկերի վերհանման և դրանց նվազեցման, էլեկտրոնային ժողովրդավարության գործիքների ներդրման ու շարունակական կատարելագործման միջոցով,
- հանրային ծառայողի օրինավոր և բարեխիղճ կերպարի ձևավորումը՝ հաշվետվողականության, թափանցիկության և բարեվարքության ապահովման համապատասխան կառուցակարգերի ներդրմամբ,
- ոլորտային իրավական կարգավորումների պարզեցումը և հստակեցումը, կարգավորման ազդեցության գնահատման ինստիտուտի դերի բարձրացումը,
- բիզնեսի և քաղաքականության տարանջատման հստակ սահմանների ապահովումը, տնտեսական գործունեության ազատության ու ազատ տնտեսական մրցակցության ապահովումը և երաշխավորումը,
- կոռուպցիոն իրավախախտումների համար պատասխանատվության անխուսափելիության սկզբունքի իրացման երաշխավորումը, օրենսդրության շարունակական կատարելագործումը, այդ թվում՝ կոռուպցիոն հանցագործությունների ցանկի օրենքով սահմանման միջոցով,
- ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված կառուցակարգերի սահմանումը և ներդրումը, միջազգային չափանիշներին դրանց համապատասխանության ապահովումը, միջազգային համագործակցության ամրապնդումը,
- հանրային կրթության և իրազեկման միջոցով կոռուպցիայի նկատմամբ ժխտողական վերաբերմունքի սերմանումը՝ ներառյալ ազդարարման ինստիտուտի նկատմամբ վերաբերմունքի փոփոխման միջոցով, պահանջատեր քաղաքացու ձևավորումը,
- մոնիթորինգի արդյունավետ մեխանիզմի արդյունքում՝ ժամանակավրեպ միջոցառումների արդիականացման միջոցով կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացումը:
Հակակոռուպցիոն 4-րդ ռազմավարության գործողությունների 2019-2022 թթ․ միջոցառումների ծրագրերի արդյունքները, ըստ գործողությունների ծրագրի ամենամյա արդյունքների, ներկայացվում են հակակոռուպցիոն խորհրդի քննարկման և հրապարակվում են ՀՀ վարչապետի աշխատակազմի պաշտոնական www.gov.am կայքում և հակակոռուպցիոն մոնիթորինգի www.anti-corruption.gov.am պլատֆորմում:
Հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի վերափոխում և զարգացում
Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և իրականացման մարմիններ
Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի, կոռուպցիայի հաղթահարման ուղղությամբ նախանշվող առաջնահերթությունների և առաջարկվող լուծումների քննարկումների, ինչպես նաև հակակոռուպցիոն քաղաքականությունների, ծրագրերի և իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ դիրքորոշումների հստակեցման նպատակով դեռևս ՀՀ նախագահի 2004 թ․ հունիսի 1–ի հրամանագրով ստեղծվեց կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը: Նշված խորհրդի գործունեությունը դադարեց 2015 թ․ մարտի 3-ի ՀՀ նախագահի «Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ ստեղծելու մասին» նոր հրամանագրով: ՀՀ կառավարության 2015 թ․ փետրվարի 19-ի թիվ 165-Ն «Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ և փորձագիտական հանձնախումբ ստեղծելու, խորհրդի կազմը, խորհրդի, փորձագիտական հանձնախմբի և ՀՀ Կառավարության աշխատակազմի հակակոռուպցիոն ծրագրերի մոնիթորինգի բաժնի գործունեության կարգը հաստատելու մասին» որոշմամբ ձևավորվեց կոռուպցիայի դեմ պայքարի նոր խորհուրդ (այսուհետ՝ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ): ՀՀ վարչապետի 2019 թ․ հունիսի 24-ի թիվ 808-Ն «հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդ ստեղծելու, խորհրդի կազմը և գործունեության կարգը, խորհրդի կազմում ներգրավվող հասարակական կազմակերպությունների մրցույթի և ռոտացիայի կարգը հաստատելու մասին» որոշումով ստեղծեց hակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդ և սահմանվեց խորհրդի նոր կազմ։ Խորհրդի հիմնական նպատակը կոռուպցիայի դեմ պայքարի, կոռուպցիայի հաղթահարման ուղղությամբ նախանշվող առաջնահերթությունների և առաջարկվող լուծումների քննարկումն է, ինչպես նաև կոռուպցիայի կանխարգելմանը նպաստող քաղաքականությունների, ծրագրերի և իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ դիրքորոշում հայտնելը։
Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում ընդգրկված են ՀՀ վարչապետը (խորհրդի նախագահ), ՀՀ փոխվարչապետը (ոլորտը համակարգող) ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը, ՀՀ արդարադատության նախարարը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալը (ոլորտը համակարգող), Բարձրագույն դատական խորհրդի նախագահը (համաձայնությամբ), Վճռաբեկ դատարանի նախագահը (համաձայնությամբ)», ՀՀ գլխավոր դատախազը (համաձայնությամբ), Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահը (համաձայնությամբ), Մարդու իրավունքների պաշտպանը (համաձայնությամբ) ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հանձնաժողովի նախագահը (համաձայնությամբ), ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը (համաձայնությամբ)», ՀՀ Ազգային ժողովի խմբակցություններից մեկական ներկայացուցիչ (համաձայնությամբ,) քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հինգ ներկայացուցիչ (համաձայնությամբ)՝ մրցույթային կարգով։
Խորհուրդը խորհրդակցական մարմին է։ Խորհրդի նախագահը և անդամները խորհրդի աշխատանքներին մասնակցում են հասարակական հիմունքներով: Խորհրդի կազմակերպատեխնիկական աշխատանքների իրականացումն ապահովում է ՀՀ արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության և մոնիտորինգի վարչությունը։ Խորհրդի հիմնական գործառույթն է հակակոռուպցիոն ռազմավարությունների և դրանց հիման վրա մշակված ոլորտային ծրագրերի, հակակոռուպցիոն ռազմավարություններից և ՀՀ ստանձնած համապատասխան միջազգային պարտավորություններից բխող միջոցառումների իրականացման գործընթացների, ինչպես նաև հակակոռուպցիոն քաղաքականությանն առնչվող իրավական ակտերի, ծրագրերի կատարողականների և մոնիթորինգի արդյունքների, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ներգրավված միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության ընթացքի քննարկումը։ Խորհրդի նիստի ընթացքում քննարկված հարցերի վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվում է www.gov.am կայքում և www.anti-corruption.gov.am պլատֆորմում:
ՀՀ վարչապետի 2018 թ. հունիսի 11-ի N 704-Լ որոշմամբ ՀՀ արդարադատության նախարարությունը հանդիսանում է հակակոռուպցիոն ռազմավարության մշակման, հակակոռուպցիոն ոլորտի միջազգային պարտավորությունների կատարման ապահովման և համակարգման և հակակոռուպցիոն ոլորտի ռազմավարության և միջոցառումների կատարման նկատմամբ մոնիթորինգի (մշտադիտարկման) իրականացման պատասխանատու պետական կառավարման մարմինը։ Վերոնշյալ խնդիրների լուծման նպատակով նախարարությանն են վերապահված՝ «23) հակակոռուպցիոն ռազմավարության մշակումը, հակակոռուպցիոն ոլորտի միջազգային պարտավորությունների կատարումից բխող միջոցառումների իրականացումը և համակարգումը, հակակոռուպցիոն ոլորտի միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը, 23.1) հակակոռուպցիոն ոլորտի ռազմավարության և միջոցառումների կատարման նկատմամբ մոնիթորինգի (մշտադիտարկման) իրականացման» գործառույթները։ Այս գործառույթները նախարարությունը իրականացնում է «3.1) հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչություն» մասնագիտական ստորաբաժանման ուժերով։ Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության խնդիրներն են՝ 1) հակակոռուպցիոն ռազմավարության մշակման և իրականացման ապահովումը, 2) հակակոռուպցիոն ոլորտի միջազգային պարտավորությունների կատարման ապահովումը և համակարգումը, 3) հակակոռուպցիոն ռազմավարության միջոցառումների և միջազգային պարտավորությունների կատարման նկատմամբ մշտադիտարկման իրականացումը, 4) հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի քարտուղարության աշխատանքների իրականացումը: Վարչության նպատակների, խնդիրների, գործառույթների ու իրավասությունների շրջանակին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ կամ այստեղ։
Կոռուպցիայի կանխարգելման ինստիտուցիոնալ մարմիններ
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովները սովորաբար հանդես են գալիս որպես բարձրաստիճան պաշտոնատար անձանց վարքագծի կանոնների, շահերի բախման իրավիճակների կանխարգելման ու վերացման արտաքին մարմիններ։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովները գործում են որպես բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովներ, քանի որ պաշտոնյաների այդ խմբի համար բացակայում են հանրային ծառայության առանձին տեսակները։ Միաժամանակ, հանրային պաշտոն զբաղեցնող անձանց անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, նվերների ընդունման արգելքի խախտումները և շահերի բախման իրավիճակները, ի տարբերություն հանրային ծառայողների ստորին օղակների, այդ պաշտոնյաների կողմից կարող են ստեղծել լուրջ տնտեսական և քաղաքական հետևանքներ։ Այդ իսկ պատճառով կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովները, որպես ինստիտուցիոնալ կառույցներ, իրականացնում են ինչպես հանրային պաշտոն զբաղեցնող առանձին խումբ անձանց համար էթիկայի հանձնաժողովների գործառույթներ, այնպես էլ՝ հանդես են գալիս որպես կոռուպցիայի կանխարգելման և բարեվարքության համակարգի մեթոդական ղեկավարման ու խորհրդատվական մարմիններ՝ իրականացնելով բարեվարքության համակարգի հարցերով համակարգման գործառույթներ։
Ուստի 2017 թ․ ընդունված «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքը հանձնաժողովի ձևավորման համար սահմանել է գործունեության սկզբունքներ և անկախության բարձր երաշխիքներ։ Մասնավորապես, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ի տարբերություն նախկինում գործող Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի, գործելու է կոլեգիալության, ֆինանսական ինքնուրույնության, հանրային հաշվետվողականության և թափանցիկության, համագործակցության և քաղաքական չեզոքության սկզբունքների հիման վրա: Այն հաշվետու է լինելու Ազգային ժողովին։ Հանձնաժողովը կազմված է հինգ անդամից` նախագահ և չորս անդամ: Հանձնաժողովի անդամների պաշտոններն ինքնավար պաշտոններ են: Հանձնաժողովի անդամներին «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված կարգով նշանակում է Ազգային ժողովը՝ վեց տարի ժամկետով, բացառությամբ Հանձնաժողովի առաջին կազմի անդամների նշանակման դեպքերի:
Հանձնաժողովն իր կազմից Հանձնաժողովի անդամի լիազորությունների ժամկետով ընտրում է Հանձնաժողովի նախագահ: Հանձնաժողովի ինքնավար մարմնի կարգավիճակը պահանջում է նաև վերջինիս ձևավորման մրցույթային կարգի և ձևավորման նոր կառուցակարգերի սահմանում։ ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը Հանձնաժողովի անկախության ապահովման նպատակով կարևորել է ոչ միայն Հանձնաժողովի անդամների նշանակման, այլև պաշտոնեական լիազորությունների դադարեցման անկախ կառուցակարգերի սահմանումը: Չնայած կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի առաջին կազմը, հրատապ կազմավորման օբյեկտիվ անհրաժեշտությունից ելնելով, ձևավորվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված կարգով՝ կառավարության, Ազգային ժողովի խմբակցությունների, Բարձրագույն դատական խորհրդի առաջադրած մեկական թեկնածուներից՝ 6 տարի, 4 տարի և 3 տարի պաշտոնավարման ժամկետներով, այդուհանդերձ, օրենսդրական փոփոխությունների արդյունքում հանձնաժողովի անդամի թափուր տեղի համալրումը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքով կիրականացվի մրցույթային հիմունքներով՝ ԱԺ նախագահի կողմից ձևավորված մրցութային խորհրդի կողմից:
Հանձնաժողովի ֆունկցիոնալ արդյունավետության ապահովման տեսանկյունից զգալիորեն ընդլայնվել են Հանձնաժողովի գործառույթները՝ 2017 թ․ առկա 5-ի փոխարեն վերջինիս վերապահվել է կոռուպցիայի կանխարգելմանը և հակակոռուպցիոն կրթության ապահովմանն ուղղված 13 գործառույթ: 2020 թ․ վերջի դրությամբ կոռուպցիայի կանխարգելման մասին ՀՀ օրենքով հանձնաժողովը օժտված է հետևյալ գործառույթների իրականացմամբ, մասնավորապես,
«1) պետական պաշտոն զբաղեցնող անձանց, համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, Երևան համայնքի վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների պաշտոն զբաղեցնող անձանց կողմից «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների պահպանմանը հետևելը,
1.1) պետական պաշտոն զբաղեցնող անձանց (բացառությամբ պատգամավորի, դատավորի, Բարձրագույն դատական խորհրդի անդամի, դատախազի, քննիչի), համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, Երևան համայնքի վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնների և իրավիճակային շահերի բախման կարգավորումների պահպանմանը հետևելը,
1.2) հանրային պաշտոն և հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի սկզբունքների մեկնաբանման, ինչպես նաև հանրային ծառայողի վարքագծի տիպային կանոնների պահպանման միասնականությունն ապահովելը,
2) հայտարարագրման գործընթացը կանոնակարգելը, հայտարարագրերը ստուգելն ու վերլուծելը,
3) օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների կիրառման միասնականությունն ապահովելը,
4) կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող քաղաքականության մշակմանը մասնակցելը,
5) իր մշակած հակակոռուպցիոն ծրագրերի և միջոցառումների կատարման նկատմամբ մոնիտորինգ իրականացնելը և դրանց վերաբերյալ իրավասու մարմիններ առաջարկություններ ներկայացնելը,
6) «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված դեպքերում և կարգով պետական պաշտոններում նշանակման ենթակա անձանց բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական բնույթի եզրակացություններ ներկայացնելը, որոնք ենթակա չեն հրապարակման,
7) օրենքով սահմանված դեպքերում ու կարգով Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուների, Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների, դատավորների թեկնածուների հավակնորդների, ինչպես նաև օրենքով սահմանված այլ դեպքերում բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացություններ ներկայացնելը, որոնք ենթակա չեն հրապարակման,
8) «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքով սահմանված դեպքում նույն օրենքով սահմանված հայտարարագիրը վերլուծելը»։
ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» 2019 թ․ հոկտեմբերի 3-ի թիվ 1333-Ն որոշման հավելված 1-ով հաստատված հակակոռուպցիոն ռազմավարության 68-րդ կետով նախատեսվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին օրենքով վերապահված գործառույթներից զատ վերապահել նաև հետևյալ գործառույթները.
- իրավական ակտերի և դրանց նախագծերի հակակոռուպցիոն կարգավորման ազդեցության գնահատման իրականացումը,
- հակակոռուպցիոն կրթական ծրագրերի մշակումը և իրականացման համակարգումը,
- հակակոռուպցիոն ոլորտում հանրային իրազեկվածության բարձրացմանն ուղղված ծրագրերի մշակումը և դրանց իրականացման համակարգումը,
- պետական պաշտոն զբաղեցնող անձանց, համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, Երևան համայնքի վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների պաշտոնեական պարտականություններով պայմանավորված նվերների կանոնների պահպանման միասնականության ապահովումը, այդ թվում՝ նվերների միասնական հրապարակային ռեեստրի վարման միջոցով,
- բարեվարքության հարցերով կազմակերպիչների աշխատանքների համակարգումը:
Ազգային ժողովի ընտրական բարեփոխումների աշխատանքային խմբի կողմից մշակված «Կուսակցությունների մասին» ՀՀ սահմանադրական օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների փաթեթով, կանոնակարգվել են կուսակցությունների գործունեության ֆինանսավորման թափանցիկության հարցերը, որի արդյունքում նախատեսվում է կուսակցությունների ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև գույքի վերաբերյալ հաշվետվության հրապարակում և կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին հաշվետվության ներկայացում։
Նույն օրենքով սահմանված է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից կուսակցության տարեկան հաշվետվության ստուգումը, նպատակային ֆինանսավորման միջոցների օգտագործման նկատմամբ վերահսկողության իրականացնումը, պետական նպատակային ֆինանսավորումը տրամադրելու հիմքերի առկայության կամ բացակայության մասին որոշման ընդունումը, բանկային ավանդից կամ կուսակցության հիմնադրած զանգվածային լրատվության միջոցի կամ հրատարակչական կազմակերպության գործունեությամբ ստացված և կուսակցությանը փոխանցված եկամտի մասին տեղեկատվության ստուգումը, ինչպես նաև կուսակցությունների տարեկան հաշվետվությունների աուդիտի կազմակերպման գործառույթները։ «Կուսակցությունների մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը ընդունվել է ԱԺ-ի կողմից 2020 թ․ դեկտեմբերի 29-ի թիվ ՀՕ-1-Ն օրենքով, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին վերաբերելի դրույթները ուժի մեջ են մտնում 2022 թ․ հունվարի 1-ից։
Կուսակցությունների մասին սահմանադրական օրենքում, ինչպես նաև հարակից մի շարք օրենքներում օրենսդրական փոփոխությունների արդյունքում «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին 2021 թ․ մայիսի 7-ին ընդունված ՀՕ-208-Ն օրենքով Հանձնաժողովին վերապահված գործառույթներն ավելացվում են նաև «10) «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված դեպքերում և կարգով նախընտրական հիմնադրամներ կատարվող նվիրատվությունների, ծախսերի և դրանց հաշվարկման նկատմամբ վերահսկողության իրականացման, 11) «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքով սահմանված դեպքերում և կարգով քարոզչության ֆինանսավորման հիմնադրամներ կատարվող նվիրատվությունների, ծախսերի և դրանց հաշվարկման նկատմամբ վերահսկողության իրականացման, 12) «Տեղական հանրաքվեի մասին» օրենքով սահմանված դեպքերում և կարգով քարոզչության ֆինանսավորման հիմնադրամներ կատարվող նվիրատվությունների, ծախսերի և դրանց հաշվարկման նկատմամբ վերահսկողության իրականացման» գործառույթներով։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի թվարկված նոր գործառույթներն ուժի մեջ կմտնեն 2023 թ․ հունվարի 1-ից։
Պետական ծառայության առանձին տեսակների և համայնքային ծառայողների էթիկայի հանձնաժողովներ։ Մինչև 2018 թ․ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով էթիկայի հանձնաժողովները ձևավորվում էին յուրաքանչյուր պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում։ Բարեփոխումների արդյունքում 2018 թ․-ից «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքը էթիկայի առանձին հանձնաժողովների ստեղծումը նախատեսում է «պետական ծառայության առանձին տեսակների և համայնքային ծառայության համար»։ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքը սահմանում է նաև էթիկայի հանձնաժողովի գործառույթները՝ «Հանրային ծառայողների էթիկայի հանձնաժողովները քննում և լուծում են հանրային ծառայողների անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, վարքագծի կանոնների խախտումների և իրավիճակային շահերի բախման դեպքերի վերաբերյալ դիմումները, ինչպես նաև հանրային ծառայողների անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, վարքագծի կանոնների խախտումների, ինչպես նաև շահերի բախման իրավիճակների կանխարգելմանն ու վերացմանն ուղղված առաջարկություններ են ներկայացնում իրավասու մարմին կամ պաշտոնատար անձին»:
«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքը սահմանում է քաղաքացիական ծառայողների էթիկայի հանձնաժողովի ձևավորման պայմանները, կազմը և գործունեության պահանջները։ Քաղաքացիական ծառայողների էթիկայի հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար համապատասխան մարմինների գլխավոր քարտուղարները քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում լրացնում են համակարգող փոխվարչապետի սահմանած պահանջները բավարարող երկու քաղաքացիական ծառայողի թեկնածություն»:
ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և 2019-2022 թթ․ միջոցառումների ծրագրի իրականացման 2020 թ․ արդյունքների տարեկան զեկույցի համաձայն «2020 թ․ հոկտեմբերի 1-ից գործարկվել է քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակը, և պետական մարմիններում էլեկտրոնային եղանակով էթիկայի հանձնաժողովի ձևավորման նպատակով իրականացվում է քաղաքացիական ծառայողներին քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում էթիկայի հանձնաժողովի անդամի թեկնածուների ցանկում ընդգրկելու գործընթացը, իսկ մինչև էլեկտրոնային հարթակի գործարկումը՝ էթիկայի հանձնաժողովը ձևավորվում էր ոչ էլեկտրոնային եղանակով՝ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի կողմից վարվող, գրասենյակի ղեկավարի որոշմամբ հաստատված թեկնածուների ցանկից:
Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բարեվարքության հարցերով կազմակերպիչ։ Բարեվարքության հարցերով կազմակերպչի ինստիտուտը սկզբունքորեն նոր կառույց է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների համար։ Օրենքը նախատեսում է այդ մարմինների անձնակազմի կառավարման ստորաբաժանումներում բարեվարքության հարցերով կազմակերպչի հանրային ծառայության պաշտոնի ստեղծում։ «Բարեվարքության հարցերով կազմակերպիչը՝
«1) հանրային ծառայողներին տրամադրում է անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, վարքագծի կանոնների վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն, ներկայացնում շահերի բախման իրավիճակի լուծմանն ուղղված քայլեր ձեռնարկելու վերաբերյալ առաջարկություն,
2) իրականացնում է բարեվարքության հարցերով վերապատրաստման կարիքների բացահայտում և վերապատրաստման ծրագրերի, ինչպես նաև բարեվարքության պահանջների պահպանմանն ուղղված այլ ծրագրերի մշակում,
3) համապատասխան մարմնի գլխավոր քարտուղարի, էթիկայի հանձնաժողովի պահանջով կամ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի առաջարկով կատարում է բարեվարքության համակարգին առնչվող ուսումնասիրություններ,
4) մշակում է հանրային ծառայողների բարեվարքության պլանների նախագծերը, դրանք ներկայացնում տվյալ մարմնում հաստատման,
5) վարում է հանրային ծառայողների կողմից անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, վարքագծի կանոնների խախտումների և շահերի բախման դեպքերի վիճակագրություն»:
ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և 2019-2022 թթ․ միջոցառումների ծրագրի իրականացման 2020 թվականի արդյունքների տարեկան զեկույցի համաձայն «պետական մարմիններում, որոնք արդեն անցել են նոր չափանիշներով պաշտոնների գնահատման և դասակարգման համակարգին, 43 պետական մարմինների անձնակազմի կառավարման ստորաբաժանումներում նշանակվել են բարեվարքության հարցերով կազմակերպիչներ: Այդ պետական մարմիններում հաստատվել են բարեվարքության հարցերով կազմակերպիչների պաշտոնների անձնագրերը, սահմանվել են 53 բարեվարքության հարցերով կազմակերպիչների իրավունքները, պարտականությունները և գործառույթները, որոնք բխում են «Քաղաքացիական ծառայության մասին» և «Հանրային ծառայության մասին» օրենքներից» https://www.moj.am/storage/files/legal_acts/legal_acts_1129762788951__2020.pdf։
Կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման, նախաքննության և օրինականության նկատմամբ հսկողության ինստիտուցիոնալ մարմիններ
Կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումը և նախաքննությունն իրականացնում են ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, ՀՀ վարչապետին ենթակա ՀՀ ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը: Համապատասխան գործառույթ ունի նաև ՀՀ կառավարությանը ենթակա պետական եկամուտների կոմիտեն:
Կոռուպցիոն հանցագործությունների նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ հսկողությունը, ինչպես նաև կոռուպցիոն հանցագործություններով դատարանում մեղադրանքի պաշտպանությունը իրականացնում է ՀՀ դատախազությունը: ՀՀ գլխավոր դատախազության կազմում գործում է մասնագիտացված ստորաբաժանում՝ կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչությունը։
Կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ նոր կառույցներ
ՀՀ կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1332-Ն որոշմամբ նախատեսվում է ստեղծել Հակակոռուպցիոն կոմիտե, ՀՀ գլխավոր դատախազության հակակոռուպցիոն ստորաբաժանում և հակակոռուպցիոն դատարան, որոնք ապահովելու են միաժամանակ՝ կոռուպցիոն գործերի պատշաճ և արդյունավետ քննությունը:
Հակակոռուպցիոն կոմիտե։ Կոռուպցիայի դեմ պայքարում կայացած ինստիտուցիոնալ համակարգի կարևոր բաղադրատարրը կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման գործառույթով և անկախության երաշխիքներով օժտված, մասնագիտացված մարմնի ստեղծումն է: Կոռուպցիոն հանցագործությունների քննության արդյունավետությունը կարող է երաշխավորված լինել միայն այն պարագայում, երբ այդ գործառույթը վերապահված է մեկ մարմնի՝ ապահովելով միասնական չափանիշներով քննության կազմակերպումը: Այս առումով ՀՀ հակակոռուպցիոն 4-րդ ռազմավարության գործողությունների ծրագրով նախանշված էր 2021 թ․ ընթացքում ստեղծել մասնագիտացված, անկախության երաշխիքներով օժտված հակակոռուպցիոն մարմին, որը կիրականացնի ուսումնասիրություններ, օժտված կլինի կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման համար անհրաժեշտ գործիքակազմով: Վերոնշյալի կատարման ապահովման տեսանկյունից 2021 թ․ մարտի 24-ին ՀՀ Ազգային ժողովի թիվ ՀՕ-147-Ն ընդունված «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքով ստեղծվել է հակակոռուպցիոն մասնագիտացված մարմին՝ «Հակակոռուպցիոն կոմիտե» անվանմամբ՝ հետևյալ մոդելով.
- «Քննչական կոմիտեի Կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչությունը վերակազմակերպել՝ կոռուպցիոն հանցագործությունների քննությամբ զբաղվող քննիչների հաստիքները և գործիքակազմը փոխանցելով Հակակոռուպցիոն կոմիտեին,
- Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը վերակազմակերպել՝ օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման համար նախատեսված հաստիքների և գործիքակազմի մի մասը փոխանցելով Հակակոռուպցիոն կոմիտեին և Հատուկ քննչական ծառայությանը,
- Պետական եկամուտների կոմիտեի՝ հանցագործությունների քննության համար նախատեսված քննիչների հաստիքները և գործիքակազմը փոխանցել Քննչական կոմիտեին,
- Հատուկ քննչական ծառայության կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչությունը վերակազմակերպել՝ կոռուպցիոն հանցագործությունների քննությամբ զբաղվող քննիչների հաստիքները և գործիքակազմը տրամադրելով Հակակոռուպցիոն կոմիտեին: Այս պայմաններում Հատուկ քննչական ծառայությունը կպահպանի խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ դեպքերի, ինչպես նաև ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական ծառայություն իրականացնող անձանց` իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ, հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների (բացառությամբ կոռուպցիոն հանցագործությունների) նախաքննության իրականացման գործառույթը,
- Ազգային անվտանգության ծառայության քննչական մարմնի հաստիքները և գործիքակազմը համամասնորեն փոխանցել Հատուկ քննչական ծառայությանը, Քննչական կոմիտեին և Հակակոռուպցիոն կոմիտեին,
- Սահմանել, որ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների` իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ, հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների վերաբերյալ գործերով նախաքննությունը կատարում է Հատուկ քննչական ծառայությունը,
- Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների՝ պաշտոնական լիազորությունների հետ չկապված հանցագործությունների քննությունը վերապահվում է Քննչական կոմիտեին,
- Հատուկ քննչական ծառայության ծառայողների կողմից կատարած կոռուպցիոն հանցագործությունների քննությունը վերապահել Հակակոռուպցիոն կոմիտեին, իսկ այլ հանցագործությունների քննությունը՝ Քննչական կոմիտեին,
- Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծմանը հաջորդող 3 տարին սահմանել որպես անցումային շրջան՝ այդ ընթացքում պահպանելով Հատուկ քննչական ծառայության և Քննչական կոմիտեի կողմից կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնելու հնարավորությունը, որպեսզի հնարավոր լինի անցումային շրջանում սահուն կերպով ապահովել Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից գործերի քննության արդյունավետությունը»:
Հակակոռուպցիոն կոմիտեն քննչական մարմին է, որը կազմակերպում և իրականացնում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր ենթակայությանը վերապահված՝ ենթադրյալ կոռուպցիոն հանցագործություններով մինչդատական քրեական վարույթը: Հակակոռուպցիոն կոմիտեն իր լիազորությունների շրջանակներում «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով սահմանված կարգով իրականացնում է օպերատիվ-հետախուզական գործունեություն: Հակակոռուպցիոն կոմիտեն իրականացնում է նաև օրենքով սահմանված այլ լիազորություններ:
Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեությունը հիմնվում է անկախության, հրապարակայնության, ֆինանսական ինքնուրույնության և քաղաքական չեզոքության սկզբունքների վրա: Հակակոռուպցիոն կոմիտեն օպերատիվ-հետախուզական գործունեությունն իրականացնում է «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով սահմանված օպերատիվ-հետախուզական գործունեության սկզբունքների պահպանմամբ: Միաժամանակ, Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության հաշվետվողականության և թափանցիկության ապահովման նպատակով կոմիտեն իր պաշտոնական կայքէջում պետք է հրապարակի կիսամյակային և տարեկան հաշվետվություններ, այդ թվում՝ վիճակագրական հաշվետվություններ: Կոմիտեի ղեկավարը կառավարություն պետք է ներկայացնի տարեկան գրավոր հաշվետվություն` կոմիտեի նախորդ տարվա գործունեության մասին: Այս առումով, ի տարբերություն ՀՀ-ում գործող այլ քննչական մարմինների, Հակակոռուպցիոն կոմիտեի կազմում նշանակումները, այդ թվում՝ ղեկավար կազմի, կատարվելու են բաց մրցույթի արդյունքում: Հատկանշական է, որ մրցույթի պարտադիր փուլ է կազմելու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից թեկնածուների բարեվարքության ուսումնասիրության փուլը: Օրենքով Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների համար, ի տարբերություն այլ քննչական մարմինների ծառայողների, սահմանված են առավել խիստ պահանջներ և սահմանափակումներ, սակայն նախատեսված են լրացուցիչ երաշխիքներ:
Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի թեկնածուներն ընտրվելու են մրցութային խորհրդի կողմից՝ բաց մրցույթի արդյունքում: Հավասարակշռված ներկայացուցչություն ապահովելու նպատակով՝ մրցութային խորհուրդը կազմված է լինելու կառավարության, ԱԺ խորհրդի, Բարձրագույն դատական խորհրդի, գլխավոր դատախազի, Մարդու իրավունքների պաշտպանի նշանակած մեկական թեկնածուներից և քաղաքացիական հասարակության երկու ներկայացուցչից: Միաժամանակ, մրցութային խորհուրդը, ի թիվս այլնի, իրավասու է ուսումնասիրել թեկնածուների բարեվարքությունը և կոռուպցիոն գործարքներում ներգրավվածությունը:
Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները նույնպես ընտրվելու են մրցութային կարգով և վերջիններիս գործառույթների արդյունավետության բարձրացման նպատակով օրենքով սահմանվել են գործունեությունը մոտիվացնող կառուցակարգեր: Հակակոռուպցիոն կոմիտեի մասնագիտական կազմը համալրվելու է համապատասխան մասնագիտական պատրաստում անցած նոր կադրերի ներգրավման և այլ մարմիններից մասնագիտացված կադրերի փոխանցման եղանակով, որոնք կանցնեն լրացուցիչ վերապատրաստումներ: Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների մասնագիտական պատրաստման կազմակերպման, վերապատրաստման հատուկ ծրագրերով դասընթացներ իրականացվում է ՀՀ արդարադատության ակադեմիայում:
Հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանի ստեղծում
Կոռուպցիայի դեմ պայքարում ինստիտուցիոնալ համակարգի կայացման և շարունակական զարգացման տեսանկյունից կարևորվում է նաև հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանի ստեղծումը, ինչը կհանգեցնի մասնագիտացված դատավորների կողմից գործերի առավել որակյալ, բազմակողմանի և արդյունավետ լուծմանը: Ակնհայտ է, որ կոռուպցիոն բնույթի գործերով մասնագիտացված քննությունը նոր հարթակի վրա կարող է բարձրացնել կոռուպցիայի դեմ իրականացվող պայքարի արդյունավետության աստիճանը` խթանելով դրա զարգացումը: Հարցի հրատապությունից ելնելով, որպես միջանկյալ գործողություն, մինչև հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանի ստեղծումը՝ 2020-2021 թթ.-ի ընթացքում կոռուպցիոն գործերով դատական քննությունը և այդ գործերով մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը կիրականացնեն հակակոռուպցիոն մասնագիտացված դատավորները:
Անդրադառնալով մասնագիտացված հակակոռուպցիոն դատարանի ստեղծմանը, ՀՀ արդարադատության նախարարությունը մշակել է ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը, որոնցով նախատեսվում է մասնագիտացված հակակոռուպցիոն դատարանների ստեղծումը: Մասնավորապես, նախատեսվում է հակակոռուպցիոն դատարանի ստեղծումը՝ առնվազն 25 դատավորի թվակազմով, որոնցից 20-ը կքննեն ՀՀ քրեական օրենսգրքի 6-րդ հավելվածով նախատեսված կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործեր, իսկ 5-ը՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա ներկայացված դիմումներից և հայցապահանջներից բխող գործեր: Նախագծով առաջարկվում է նաև ստեղծել մասնագիտացված վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան՝ առնվազն 10 դատավորի թվակազմով։ Նշված նախագծերով սահմանվում է նաև հակակոռուպցիոն մասնագիտացմամբ դատավորների նշանակման կարգը, սահմանվում են առավել խիստ պահանջներ և սահմանափակումներ, միևնույն ժամանակ նախատեսվում է այլ դատավորների համեմատությամբ առավել բարձր վարձատրություն՝ որպես առավել ռիսկային գործեր քննելիս անկախության և անաչառության ապահովման երաշխիք: Նախագծերի փաթեթով սահմանվում են հակակոռուպցիոն մասնագիտացմամբ դատավորների թեկնածուների ընտրման առանձնահատկությունները, նախատեսվում է հակակոռուպցիոն դատավորների թեկնածուների բարեվարքության ստուգման պահանջ: Հատկանշական է նաև, որ բարեվարքության ստուգում է նախատեսված նաև առաջխաղացման ցուցակում ներառված վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատավորների թեկնածուների համար: Հաշվի առնելով հակակոռուպցիոն դատարանների դերը և ստեղծման գործընթացում առավելագույն թափանցիկություն ապահովելու անհրաժեշտությունը՝ նախագծով սահմանվել է փորձագետների ներգրավման մեխանիզմ:
Մասնավորապես, հարցազրույցից առաջ փորձագետները պետք է հնարավորություն ունենան ինքնուրույն հարցեր տալու հակակոռուպցիոն դատարանի 20 դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի դատավորների թեկնածուների՝ գրավոր փուլը հաղթահարած հավակնորդներին: Ընդ որում, փորձագետները, ի թիվս այլ հարցերի, անդրադառնալու են նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տրամադրած խորհրդատվական եզրակացությամբ նշված տվյալներին: Բարձրագույն դատական խորհրդի անդամների կողմից դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակը կազմելու համար քվեարկություն իրականացնելիս փորձագետների կարծիքները հաշվի են առնվելու:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ՀՀ ԱԺ-ի կողմից քննարկվել և ընդունվել է երկրորդ ընթերցմամբ և 24.02.2021-ին, համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 3-րդ մասի, օրենքների նախագծերի փաթեթի քննարկումը մշտական հանձնաժողովի նիստում հետաձգվել է մինչեւ երկամսյա ժամկետով։
Հակակոռուպցիոն դատարանի ստեղծմանը զուգահեռ, համապատասխանաբար կավելացվի Վերաքննիչ և Վճռաբեկ դատարանի դատավորների թիվը:
ՀՀ գլխավոր դատախազությունում կոռուպցիոն հանցագործությունների քննության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչություն
Հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի արդյունավետության ամբողջական պատկերի ուրվագծման առումով հակակոռուպցիոն ռազմավարությամբ նախատեսվում է զարգացնել դատախազների մասնագիտացումը: Այս առումով առաջարկվում է ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծել կոռուպցիոն հանցագործությունների քննության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչություն՝ միաժամանակ ապահովելով և բարձրացնելով տվյալ վարչության դատախազների, ինչպես նաև մարզերի և Երևան քաղաքի համապատասխան դատախազների մասնագիտացումը: Որպես միջանկյալ քայլ ՀՀ գլխավոր դատախազի 2019 թ․ սեպտեմբերի 24-ի «ՀՀ դատախազության կանոնադրությունը հաստատելու և ՀՀ գլխավոր դատախազի 2007 թ․ հունիսի 29-ի N 43 հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 39 հրամանով ՀՀ գլխավոր դատախազության կառուցվածքում ստեղծվել և գործում է ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչությունը:
ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի փաթեթում ԱԺ է ներկայացվել «Դատախազության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է սահմանել գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործություններով հսկողություն իրականացնող վարչության դատախազների թեկնածության հավակնորդների ընտրության, մրցույթի անցկացման, նշանակման և առաջխաղացման իրավահարաբերությունները և գործունեության երաշխիքները:
Նշված նախագծերի անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով հսկողություն իրականացնող ստորաբաժանումը կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի կարևորագույն բաղադրատարրերից է, այն արդեն իսկ ստեղծված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, ստեղծվելիք Հակակոռուպցիոն կոմիտեի և Հակակոռուպցիոն դատարանի հետ ամբողջացնելու է հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգը, ուստի ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով հսկողություն իրականացնող ստորաբաժանման կազմավորման կարգը և գործունեության երաշխիքները պետք է համահունչ լինեն Հակակոռուպցիոն կոմիտեի և Հակակոռուպցիոն դատարանի համապատասխան կարգավորումներին, բխեն հակակոռուպցիոն ոլորտում իրականացվող բարեփոխումների տրամաբանությունից:
Հակակոռուպցիոն ռազմավարության 2019-2022 թթ․ միջոցառումների ծրագրով նախատեսվում է ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կազմում ստեղծել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հարցերով իրավասու մասնագիտացված ստորաբաժանում։ «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 2020 թ․ ապրիլի 16-ի թիվ ՀՕ-245-Ն ՀՀ օրենքով սահմանվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող ստորաբաժանման ղեկավարի, ղեկավարի տեղակալի և դատախազների, ինչպես նաև գլխավոր դատախազի՝ այդ ոլորտը համակարգող տեղակալի պաշտոններում նշանակման կարգը, համաձայն որի՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացված բաց մրցույթին մասնակցելու համար հայտ ներկայացրած 25 դիմորդներից ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն է ստացել 7-ը, իսկ ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացված բաց մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած 3 դիմորդներից 1-ը (մյուս հայտատուները չէին ներկայացել)։
«Դատախազության մասին» ՀՀ օրենքով սահմանված ընթացակարգի պահպանմամբ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը համալրվել է համապատասխան որակավորմամբ դատախազներով և ընտրվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ։
ՀՀ կառավարության 2019 թ․ հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1332-Ն որոշմամբ կոռուպցիայի դեմ պայքարում նախանշված են 3 հիմնական ուղղություններ՝
- կոռուպցիայի կանխարգելումը,
- կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումը,
- հակակոռուպցիոն կրթությունը և իրազեկումը:
Կոռուպցիայի կանխարգելում
Կոռուպցիայի կանխարգելմանն հիմնական խնդիրներ են սահմանված օրենսդրական դաշտի վերանայումը, արդի մարտահրավերներին և միջազգային չափանիշներին համապատասխանեցումը, կոռուպցիոն ռիսկերի զրոյացմանն ուղղված արդյունավետ կառուցակարգերի ներդրումը, դրանց գործնականում ապահովումը: Նշված խնդիրների լուծման ուղղությամբ նախանշված է իրականացնել՝
- Վարչական կոռուպցիայի հաղթահարում,
- Հանրային կառավարման համակարգում բարեվարքության ամրապնդում,
- Հայտարարագրում,
- Հակակոռուպցիոն կարգավորման ազդեցության գնահատում և մասնավոր հատվածում թափանցիկության բարձրացում:
Վարչական կոռուպցիայի հաղթահարման գործում ռազմավարության 2019-2022 թթ․ միջոցառումների ծրագրով նախատեսվում է էլեկտրոնային կառավարման գործիքների ներդրում, պետական կառավարման գործընթացին հասարակության մասնակցության մեխանիզմների կատարելագործում, վարչարարության պարզեցում։ Մասնավորապես, նախատեսվում է 2022 թ․ ունենալ՝
- Քաղաքացիների դիմումների, բողոքների, հարցումների թեժ գծի միասնական հարթակ,
- Իրավական ակտերի նախագծերի մշակման գործընթացին հասարակության մասնակցության ապահովման արդյունավետ համակարգ,
- Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից քաղաքացիներին առավել շատ մատուցվող ծառայությունների վերաբերյալ մատչելի տեղեկատվություն ստանալու գործիքակազմ,
- «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի շրջանակներում պահանջվող տեղեկատվության պրոակտիվ հրապարակման միասնական հարթակի ստեղծում,
- Կատարելագործված ազդարարման համակարգ։
Վարչական կոռուպցիայի հաղթահարման միջոցառումների իրականացման 2020 թ․ առաջընթացը մանրամասն ներկայացված է «ՀՀ կառավարության 2019 թ․ հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1332-ն որոշմամբ 2020 թվականին կատարման ենթակա միջոցառումների իրականացման ընթացքի, մշտադիտարկման և գնահատման արդյունքների վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության կողմից պատրաստված հաշվետվությունում։
Հանրային կառավարման համակարգում բարեվարքության ամրապնդման միջոցառումների շարքում ռազմավարության 2019-2022 թթ․ միջոցառումների ծրագրով նախատեսվում է՝
- ձևավորել պետական պաշտոններում նշանակման ենթակա անձանց, դատավորների և դատավորների թեկնածուների, դատախազների և դատախազների թեկնածուների, քննիչների բարեվարքության կանոնների պահպանման նկատմամբ հսկողության իրականացման կառուցակարգեր,
- ձևավորել և գործարկել «Հանրային ծառայության մասին» օրենքին համապատասխան էթիկայի հանձնաժողովների ու բարեվարքության հարցերով կազմակերպիչների ինստիտուտը,
- բարեփոխել պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության համակարգը,
- սահմանել «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված՝ հանրային ծառայողի վարքագծի տիպային կանոնների, քաղաքացիական ծառայողի, պատգամավորի, քննիչի վարքագծի կանոնները,
- կատարելագործել հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների պաշտոնական պարտականությունների իրականացման հետ կապված նվերների ինստիտուտը՝ ստեղծել նվերների էլեկտրոնային միասնական ռեեստր,
- հստակեցնել հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների անհամատեղելիության պահանջները՝ կատարելագործել գույքը (բաժնետոմսերը, բաժնեմասերը և այլն) հավատարմագրային կառավարման հանձնման ինստիտուտը։
Պետական պաշտոններում նշանակման ենթակա անձանց, դատավորների և դատավորների թեկնածուների, դատախազների և դատախազների թեկնածուների, քննիչների բարեվարքության կանոնների պահպանման նկատմամբ հսկողության իրականացման կառուցակարգերի ձևավորման գործում հակակոռուպցիոն միջոցառումների ծրագրի 2020 թվականի ակնկալվող արդյունքի համաձայն՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին է վերապահվել «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված դեպքերում և կարգով պետական պաշտոններում նշանակման ենթակա անձանց բարեվարքության կանոնների պահպանման նկատմամբ ուսումնասիրությունների իրականացման և, ըստ այդմ, տվյալ անձին նշանակելու իրավասություն ունեցող անձին նշանակման նպատակահարմարության վերաբերյալ համապատասխան խորհրդատվական բնույթի եզրակացություն ներկայացնելու գործառույթ: Հանրային ծառայության մասին օրենքը սահմանել է պետական պաշտոն զբաղեցնող անձանց բարեվարքության ուսումնասիրության իրականացման կառուցակարգը, բարեվարքության թերթիկում լրացման ենթակա տվյալների շրջանակը, սահմանել բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկում ներկայացված տվյալների արժանահավատության ստուգման նպատակով պետական և ՏԻ մարմիններից և անձանցից օրենքով նախատեսված տեղեկություններ պահանջելու և ստանալու լիազորություն: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 2020 թ․ մայիսի 22-ի թիվ Ն-02 որոշմամբ հաստատել է բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի ձևանմուշը և իրականացրել 45 պաշտոններ զբաղեցնող անձանց թեկնածուների բարեվարքության ուսումնասիրություն։
Գույքի, եկամուտների, շահերի ու ծախսերի հայտարարագրում: Հայտարարագրման համակարգը հանրային պաշտոն զբաղեցնող անձանց բարեվարքության ստուգման կարևորագույն գործիքներից է, որի միջոցով ի հայտ է բերվում կամ բացահայտվում հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և ծառայողների բարեկեցության աստիճանը, նրանց ունեցած անձնական և մասնավոր շահերը՝ նպատակ ունենալով կանխարգելել պաշտոնատար անձանց ապօրինի հարստացման ռիսկերը, իսկ շահերի բացահայտման միջոցով՝ նրանց զերծ պահել օգտագործել պաշտոնեական դիրքը՝ սեփական (մասնավոր) կարիքների կամ փոխկապակցված այլ անձանց արտոնություններ շնորհելու համար։
Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրման համակարգը Հայաստանում ներդրվել է 2011 թ․-ից՝ սկզբնական շրջանում միայն բարձրաստիճան պաշտոնատար անձանց համար, իսկ 2017 թ․-ից այն ամբողջությամբ տարածվեց նաև հանրային պաշտոն զբաղեցնող անձանց ու հանրային ծառայողների առանձին խմբերի վրա։
Հայաստանում հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և ծառայողների գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագրման համակարգը կառուցված է «մեկ կարգավորում, տարբեր պաշտոնատար անձանց համար» սկզբունքով, որը ենթադրում է, որ հայտարարագրման պարտականություն ունեցող բոլոր պաշտոնատար անձինք հայտարարագրերը լրացնում ու ներկայացնում են պատասխանատու կառույցին ուղղակիորեն՝ առանց միջնորդավորված օղակների, հայտարարագրերի վերլուծությունը, արժանահավատության ստուգումը, սահմանված ժամկետներում չներկայացնելը կամ հայտարարագրերի լրացմանը ներկայացվող պահանջների կամ ներկայացման կարգի խախտմամբ ներկայացնելը կամ հայտարարագրերում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելու համար պատասխանատվության միջոցների կիրառումը իրականացվում է մեկ մարմնի՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից։
Գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագրման համակարգին ներկայացվող պահանջները՝ հայտարարատուների շրջանակի, հայտարարագրերի ներկայացման ժամկետների ու պարբերականության, տեսակների, հրապարակման ու արխիվացման, հայտարարագրերի վերլուծության ու արժանահավատության ստուգման հարցերը սահմանված են «Հանրային ծառայության մասին» և «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքներով։
Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թթ․ միջոցառումների ծրագրով հայտարարագրման համակարգում բարեփոխումները նվիրված են գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագրման համակարգի կատարելագործմանը։ Վերջինս նախատեսում է ընդլայնել հայտարարատուների շրջանակը՝ հայտարարատուների ցանկում, ի թիվս այլ պաշտոնյաների, ներառելով նաև 15,000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների ավագանու անդամներին և աշխատակազմերի քարտուղարներին, հանրային նշանակության կազմակերպություններում վարչական պաշտոն զբաղեցնող անձանց: «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2021 թ․ հունվարի 19-ի թիվ ՀՕ-51-ն օրենքով վերանայվել է նաև հայտարարագրման բովանդակությունը, ընդլայնվել է հայտարարագրից հրապարակման ենթակա տվյալների շրջանակը, իջեցվել է հայտարարագրման ենթակա թանկարժեք գույքի արժեքային շեմը, ներդրվել է փաստացի օգտագործվող գույքը հայտարարագրելու պահանջ, հստակեցվել են փոխառությունների և եկամուտների տեսակները, ներդրվել է ծախսերի հայտարարագրման համակարգ: Պետական պաշտոնի հավակնող և նման պաշտոն զբաղեցնող անձանց համար սահմանվել է լիազոր մարմնին նոտարական կարգով աշխարհի ցանկացած բանկում և ֆինանսական կազմակերպությունում, ցանկացած երկրի տարածքում իրենց անունից իրենց անունով հաշվեհամարների առկայության, ստեղծման օրից դրանց շարժի և մնացորդի, ինչպես նաև իրենց անունով շարժական, անշարժ գույքի և արժեթղթերի առկայության մասին տեղեկատվություն ստանալու լիազորագիր տալու պարտականություն:
«Կուսակցությունների մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքով (ընդունվել է ԱԺ-ի կողմից 2020 թ․ դեկտեմբերի 29-ին, թիվ ՀՕ-1-Ն) նախատեսվում է 2022 թ․ հունվարի 1-ից հայտարարագրման պարտականություն սահմանել նաև կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի անդամների, իսկ այլ ղեկավար մարմինների դեպքում այդ մարմնի անդամների նկատմամբ։ Այլ կերպ ասած, կուսակցության ղեկավար մարմնի անդամները պարտավոր են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնել իրենց գույքի և եկամուտների հայտարարագիրը, որի ձևանմուշը և հրապարակման ենթակա տեղեկությունների ցանկը սահմանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը:
Հայտարարագրման համակարգի թափանցիկության և հաշվետվողականության բարձրացման ուղղությամբ «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում գործողությունների չորրորդ ծրագրով (2018-2020 թթ․) նախատեսվում է ««Բաց տվյալներ» պաշտոնական հայտարարագրերում, բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրերի էլեկտրոնային համակարգի կատարելագործում»: Հանձնառությամբ, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքէջի «Հայտարարագրերի ռեեստր» բաժնի որոնողական համակարգի զարգացման, ծրագրային ապահովման մշակման և ներդրման միջոցով նախատեսվում է ապահովել օգտվողի համար ինտերակտիվ հասանելիություն։ Այդ նպատակով «Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից» ստացած վարկի շրջանակներում ՀՀ փոխվարչապետի գրասենյակը հայտարարել է «Գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրման էլեկտրոնային համակարգի մատակարարման և տեղադրման» հայտերի ներկայացման հրավեր։ Էլեկտրոնային համակարգի կառավարումը կիրականացնի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ որպես թվայնացված գործիք կոռուպցիայի դեմ պայքարի և երկրում կոռուպցիայի կանխարգելման դիմակայուն համակարգ կառուցելու համար: Էլեկտրոնային համակարգը պետք է մշակվի տվյալների արդյունավետ հավաքագրման, արհեստական բանականության միջոցով վերլուծության իրականացման, տվյալների հանրային մատչելիության սկզբունքով»։
Հակակոռուպցիոն կարգավորման ազդեցության գնահատման և մասնավոր հատվածում թափանցիկության բարձրացման ուղղությամբ հակակոռուպցիոն ռազմավարության 2019-2022 թթ․ ծրագրով նախանշված են բարեփոխումների հետևյալ միջոցառումները՝
- Հակակոռուպցիոն կարգավորման ազդեցության գնահատման համակարգի արդյունավետության բարձրացում,
- Գործարար ոլորտում հակակոռուպցիոն համապատասխանության պահանջների ընդունման խթանում,
- Տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտի վերաբերյալ օրենսդրության կատարելագործում,
- Իրավաբանական անձանց իրական սեփականատերերի ինստիտուտի ներդրում:
Հակակոռուպցիոն կարգավորման ազդեցության գնահատման համակարգի արդյունավետության մասով ռազմավարությունը նախատեսում է հակակոռուպցիոն կարգավորման ազդեցությանն առնչվող օրենսդրական դաշտի վերանայում, հստակ չափանիշների սահմանում, ինչպես նաև և՛ իրավական ակտերի նախագծերի, և՛ արդեն իսկ ընդունված իրավական ակտերի պարբերական գնահատում: Նախատեսվում է հակակոռուպցիոն կարգավորման ազդեցության գնահատման գործառույթի իրականացումը վերապահել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ ապահովելով անհրաժեշտ կարողությունների զարգացումը և համապատասխան աշխատակիցների մասնագիտացումը:
Հակակոռուպցիոն ռազմավարությամբ մասնավոր հատվածում հակակոռուպցիոն կառուցակարգերի ներդրման տեսանկյունից կարևորվում է ազատ տնտեսական մրցակցության, տնտեսական գործունեության ազատության երաշխավորումը, բարեխիղճ մրցակցության համար անհրաժեշտ միջավայրի ապահովումը: Այս առումով նախատեսվում է ներդնել կազմակերպությունների հակակոռուպցիոն համապատասխանության վերաբերյալ կառուցակարգեր, շարունակել տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտի կատարելագործմանն ուղղված աշխատանքները՝ բարելավելով գործող կառուցակարգերը և ինստիտուցիոնալ գործիքակազմը:
Մասնավոր հատվածում թափանցիկության բարձրացման կարևոր գործիքներից է պետական գրանցում ստացած իրավաբանական անձանց իրական սեփականատերերի բացահայտումը և նրանց վերաբերյալ տեղեկությունների ընդհանուր և հանրամատչելի հարթակի ներդրումը՝ ապահովելով իրական սեփականատերերի վերաբերյալ տվյալների հրապարակայնությունը։ Ոլորտային օրենքներով աստիճանաբար կսահմանվեն իրական սեփականատերերի բացահայտմանն ուղղված դրույթները: Իրական սեփականատերերի Էլեկտրոնային հարթակում իրավաբանական անձանց իրական սեփականատերերի վերաբերյալ հրապարակային տեղեկատվությունը իրավասու պետական և քաղաքացիական հասարակության կողմից կօգտագործվի որպես վերահսկողության գործիք՝ քաղաքական ազդեցություն ունեցող անձանց կողմից ձեռնարկատիրական գործունեության իրականացումը բացառելու, պետական գնումների գործընթացի թափանցիկությունը ապահովելու նպատակով:
ՀՀ ԱԺ կողմից 2021 թ․ հունիսին ընդունված օրենքների փաթեթով առաջարկվում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում, ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում, «Էներգետիկայի մասին» օրենքում, «Գնումների մասին» օրենքում, ՀՀ քրեական օրենսգրքում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում, ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում և «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում։ Փաթեթով միասնականացվում են «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքով սահմանված «իրական շահառու» և ԱՃԹՆ-ի շրջանակում ներդրված և 2020 թվականից կիրառվող՝ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում սահմանված «իրական սեփականատեր» հասկացությունները՝ առաջարկելով բոլոր դեպքերում կիրառել «իրական շահառու» (ԻՇ) հասկացությունը՝ միասնական չափանիշներով։ Միաժամանակ, մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության կամ մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ունեցող կամ այդպիսի իրավունք հայցող իրավաբանական անձանց համար պահպանվում են գործող՝ «իրական սեփականատեր» համարվելու ավելի խիստ հիմքերը և բացահայտումների պահանջները։
Այս օրենսդրական փաթեթով առաջարկում է ընդլայնել Հայաստանում իրական շահառուների բացահայտման շրջանակը։ Հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտում գործունեություն իրականացնող, ինչպես նաև տեսալսողական մեդիածառայություն մատուցող իրավաբանական անձանց համար իրական շահառուների հայտարարագրման պահանջը առաջարկվում է կիրառել 2021 թ․ սեպտեմբերի 1-ից, մյուս բոլոր իրավաբանական անձանց համար՝ 2022 թ․ հունվարի 1-ից, իսկ միայն ֆիզիկական անձ մասնակիցներ ունեցող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների, ինչպես նաև ոչ առևտրային կազմակերպությունների համար՝ 2023 թ․ հունվարի 1-ից:
Կոռուպցիոն հանցագործությունների բացահայտում
Կոռուպցիայի դեմ պայքարի կարևորագույն բաղադրիչը կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումն է: Հանցագործությունների բացահայտման արդյունավետության տեսանկյունից հակակոռուպցիոն ռազմավարությամբ կարևորվում է․
- կոռուպցիոն հանցագործությունների տեսակների հստակեցումը և դրանց շրջանակի օրենքով սահմանումը,
- մասնավոր հատվածում կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման տեսանկյունից իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության նախատեսումը և դրա իրացման կառուցակարգերի սահմանումը,
- կոռուպցիոն հանցագործությունների քննության արդյունավետության ապահովումը,
- ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործուն կառուցակարգերի սահմանումը և ներդրումը, դրանց՝ միջազգային չափանիշներին համապատասխանության ապահովումը:
ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թթ․ միջոցառումների ծրագրով կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման արդյունավետության ապահովման նպատակով նախանշված են բարեփոխումների մի շարք միջոցառումներ։ Մասնավորապես, նախատեսվում է․
- ՀՀ քրեական օրենսգրքով կոռուպցիոն հանցագործությունների շրջանակի հստակեցում,
- կոռուպցիոն առանձին հանցագործությունների, այդ թվում՝ ապօրինի հարստացման, քննության մեթոդիկայի մշակում, մշակված մեթոդիկայի հիման վրա քրեական հետապնդման մարմինների վերապատրաստում,
- կոռուպցիոն հանցագործությունների մասին վիճակագրության համալրում,
- բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի ստեղծում,
- ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված կառուցակարգերի ստեղծում,
- կոռուպցիոն իրավախախտումների համար իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու ինստիտուտի ներդրում:
Կոռուպցիոն հանցագործությունների շրջանակի հստակեցման նպատակով ՀՀ արդարադատության նախարարության կողմից 2019 թ․ մշակվել և ԱԺ կողմից ընդունվել է 2020 թ․ մարտի 25-ի ՀՕ-207-Ն «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով սահմանված կոռուպցիոն հանցագործությունների ցանկ, որում ընդգրկված են 28 կոռուպցիոն հանցագործության տեսակներ: Հիմք ընդունելով վերոնշյալ փոփոխությունները՝ ՀՀ գլխավոր դատախազի 2019 թ․ դեկտեմբերի 27-ի և 2020 թ․ հուլիսի 2-ի համապատասխան հրամաններով կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վիճակագրական տեղեկատվությունը համալրվել է կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ տեղեկատվության ստացման աղբյուրների ու կոռուպցիոն հանցագործությունների քննության արդյունքում բռնագրավված և բռնագանձված գույքի մասին տվյալներով, իսկ 2020 թ․ ընթացքում կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության տեղեկանքը կազմված է «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով սահմանված կոռուպցիոն հանցագործությունների ցանկով՝ մինչ այդ գործող կոռուպցիոն հանցագործության մյուս տեսակների համադրմամբ:
Կոռուպցիոն առանձին հանցագործությունների, այդ թվում՝ ապօրինի հարստացման, քննության մեթոդիկայի մշակման ուղղությամբ ՀՀ կառավարության 2019 թ․ հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1332-ն որոշմամբ 2020 թ․-ին կատարման ենթակա միջոցառումների իրականացման ընթացքի, մշտադիտարկման և գնահատման արդյունքների վերաբերյալ» ՀՀ արդարադատության նախարարության հրապարակած հաշվետվության համաձայն՝ կոռուպցիոն առանձին հանցագործությունների, այդ թվում՝ ապօրինի հարստացման քննության մեթոդական ուղեցույցը մշակվել է: Ուղեցույցի մեջ մանրամասն վերլուծված են կոռուպցիոն հանցագործությունների էությունը և դրանց կանխարգելման իրավական հիմքերը, կոռուպցիայի հակազդման իրավա-կազմակերպական հիմքերը, կոռուպցիոն հանցագործությունների քրեաիրավական և կրիմինալիստական բնութագրերը: Առանձին գլխով ներկայացված են ապօրինի հարստացման էությունը, իրավական հիմքերը և առանձնահատկությունները: Ներկայացված են նաև կոռուպցիոն հանցագործությունների գործերով պարզաբանման ենթակա հանգամանքները, կոռուպցիոն հանցագործությունների քննության քրեադատավարական և կրիմինալիստական բնութագրերը, այդ թվում՝ նաև կոռուպցիոն հանցագործությունների գործերով կատարվող առանձին քննչական գործողությունների առանձնահատկությունները:
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված կառուցակարգերի ստեղծման ուղղությամբ ԱԺ կողմից 2020 թ․ ապրիլի 16-ին ընդունված ՀՕ-240-Ն «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը: 2020 թ. սեպտեմբերի 3-ից ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի գույքի բռնագանձման պատասխանատու ստորաբաժանումը ստեղծվել և գործում է, ընդ որում՝ ստեղծումից մինչ նոյեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում ստացվել է շուրջ 200 նյութ՝ քրեական գործերով հնարավոր ապօրինի ծագում ունեցող գույք ունեցող 405 սուբյեկտի վերաբերյալ։ Ուսումնասիրություն սկսելու հիմքերի առկայության ստուգման արդյունքում նրանցից 206-ին պատկանող գույքի առնչությամբ որոշում է կայացվել սկսել ուսումնասիրություններ, որոնք ընթացքի մեջ են:
Բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի ստեղծում միջոցառման մասով 2020 թ․ ընթացքում ՀՀ կենտրոնական բանկը մշակել է ««ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նախագիծն ուղարկվել է ՀՀ վարչապետի աշխատակազմ՝ սահմանված կարգով ընթացք տալու և օրենսդրական նախաձեռնությամբ ՀՀ ազգային ժողով ուղարկելու համար:
2021 թ․ մայիսի 5-ին ԱԺ հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվեց ««ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով սահմանվում են ՀՀ-ում բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի ներդրման նպատակները, ռեեստրում ներառման ենթակա տեղեկությունների շրջանակը, ինչպես նաեւ ԿԲ խորհրդի լիազորությունը` սահմանելու այդ ռեեստրի վարման, ներառման ենթակա նույնականացման տեղեկությունների ցանկը, այդ թվում` հաշվետվությունների տեսքով տեղեկությունների տրամադրման կարգը և ժամկետները:
Կոռուպցիոն իրավախախտումների համար իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու ինստիտուտի ներդրման միջոցառման մասով 2020 թ․ մայիսի 21-ին ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել և ԱԺ ներկայացրել ՀՀ քրեական օրենսգրքի նախագիծը:
«ՀՀ քրեական օրենսգիրք» ՀՀ ՀՕ-199-Ն օրենքն ԱԺ կողմից ընդունվել է 2021 թ․ մայիսի 5-ին։ Օրենքը ուժի մեջ է մտնելու 2022 թ․ հուլիսի 1-ից։ Օրենքով ներդրվել է իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ինստիտուտը (Բաժին 7), և հստակորեն սահմանվել է այն հանցագործությունների սպառիչ շրջանակը, որոնց սուբյեկտ կարող է լինել իրավաբանական անձը: Ընդ որում, համաձայն օրենքի, իրավաբանական անձը կոռուպցիոն հանցագործությունների մեծամասնության սուբյեկտ կարող է լինել, հետևաբար՝ քրեական պատասխանատվության ենթարկվել: Ինչ վերաբերում է կոռուպցիոն բնույթի այն հանցագործություններին, որոնց համար սահմանված չէ իրավաբանական անձի պատասխանատվություն, ապա անհրաժեշտ է նշել, որ այդ հանցագործությունների դիսպոզիցիայի վերլուծության արդյունքում ակնհայտ է, որ համապատասխան հանրորեն վտանգավոր արարքը կարող է կատարել միայն ֆիզիկական անձը և որևէ ձևով վերաբերելի չէ իրավաբանական անձին։
Հասարակության հակակոռուպցիոն կրթություն և իրազեկում
Կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունն ապահովող հիմնական տարրերից մեկը հակակոռուպցիոն պայքարի միջոցների և կառուցակարգերի մասին հասարակության պատշաճ իրազեկումն է: Վերջինիս հետ սերտորեն կապված է նաև հանրային ծառայողների, պատասխանատուների, ինչպես նաև այլ շահագրգիռ կողմերի համակարգային և պարբերական հակակոռուպցիոն կրթությունը: Համաձայն 2019 թ.-ին «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի պատվերով, «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստանի» (ՀՌԿԿ-Հայաստան) կողմից իրականացված «Հայաստանի տնային տնտեսությունների շրջանում կոռուպցիայի վերաբերյալ հանրային կարծիքի հետազոտության» տվյալների՝ հակակոռուպցիոն առաջնահերթ ուղղություններից հակակոռուպցիոն կրթությունը և իրազեկումը նշել են հարցվածների միայն 6.1%-ը, որը շատ ցածր ցուցանիշ է դիտվում և ներառված է պատասխանների 10 տոկոսը չհատած առաջնահերթությունների խմբում։
Միաժամանակ, նույն հետազոտությամբ արձանագրված է, որ «ընդհանուր առմամբ, հարցվածների մոտ արձանագրվել է կոռուպցիայի առավել հայտնի դրսևորումների մասին իրազեկվածության բավարար մակարդակ, սակայն դրսևորվել է նաև հանդուրժողականություն որոշ կոռուպցիոն երևույթների նկատմամբ, ինչը կարող է պայմանավորված լինել մշակութային գործոններով կամ գիտելիքի բացով»։
ՀՀ հակակոռուպցիոն 4-րդ ռազմավարությամբ կարևորվում է հակակոռուպցիոն կրթության և հակակոռուպցիոն իրավագիտակցության բարձրացման ուղղությամբ պետական մակարդակով գործուն քայլեր ձեռնարկելը: Ռազմավարությունը նախատեսում է պետության կողմից հակակոռուպցիոն միջոցառումների իրականացման, ծառայությունների մատուցման ոլորտում իրականացված բարեփոխումների, ազդարարման և բողոքարկման մեխանիզմների, պետական մարմինների հետ հարաբերակցվելիս անձանց իրավունքների վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացման, ազդարարման համակարգի առանձնահատկությունների, տեղեկատվության ազատության երաշխիքների, հանրային ծառայողների էթիկայի կանոնների վերաբերյալ հանրության և հանրային ծառայողների տեղեկացվածության բարձրացում: Նշյալ ուղենիշի համար առաջարկվում է մշակել և հաստատել հանրային իրազեկման արշավների իրականացման տարեկան ծրագրեր:
ՄԱԿ-ի «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիան կոռուպցիայի կանխարգելման մարմիններից պահանջում է, որ դրանք «նպաստեն կրթական և ուսումնական ծրագրերի իրականացմանը այն բանի համար, որ այդպիսի անձինք կարողանան բավարարել պետական գործառույթների ճիշտ, բարեխիղճ և պատշաճ կատարման պահանջները, ինչպես նաև նրանց ապահովում են մասնագիտացված և պատշաճ պատրաստվածությամբ նրա համար, որ խորացնեն նրանց կողմից այն ռիսկերի գիտակցումը, որոնք կապված են կոռուպցիայի հետ և կապված են նրանց կողմից իրենց գործառույթների կատարման հետ։ Այդպիսի ծրագրերը կարող են վկայակոչումներ պարունակել կիրառվող բնագավառներում կանոնագրքերի կամ վարքագծի չափանիշներին»:
Այս առումով հակակոռուպցիոն ռազմավարությամբ առաջարկվում է շարունակական քայլեր ձեռնարկել հանրային ծառայողների, այդ թվում՝ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց համակարգային և պարբերական հակակոռուպցիոն կրթության տրամադրման հարցում: Ընդ որում, կառուցակարգային հարցերի լուծման նպատակով հակակոռուպցիոն կրթության իրականացման գործառույթը վերապահվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ վերջինիս համար սահմանելով հակակոռուպցիոն կրթական և հանրային իրազեկման ծրագրերի, պաշտոնատար անձանց և հանրային ծառայողների վերապատրաստման ծրագրերում հակակոռուպցիոն դասընթացներ ներառելու, ուսումնամեթոդական ուղեցույցների, այլ նյութերի, պարբերական խորհրդատվական զեկույցների մշակման և հրապարակման պարտականություն: Պաշտոնատար անձանց և հանրային ծառայողների վերապատրաստումների արդյունավետության բարձրացման նպատակով ռազմավարությամբ առաջարկվում է ներդնել կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում հանրային ծառայողների գիտելիքների և հմտությունների պարբերական գնահատման համակարգ:
Կառավարությունը, կարևորելով կոռուպցիայի դեմ պայքարում քաղաքացիական հասարակության դերը և գիտակցելով հասարակական կազմակերպությունների կարողությունների զարգացման անհրաժեշտությունը, ռազմավարությամբ վերջիններիս համար նախատեսել է նաև շարունակական հակակոռուպցիոն վերապատրաստումների կազմակերպման միջոցառումներ:
Հակակոռուպցիոն ռազմավարությունը կարևորում է հակակոռուպցիոն կրթության արմատավորումը հանրակրթական դպրոցում։ Նախատեսում է արդիականացնել «Հասարակագիտություն» առարկայի շրջանակներում դասավանդվող կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող թեմաների բովանդակությունը՝ այն հաշվով, որ դրանք համապատասխանեն կոռուպցիայի դեմ տարվող պայքարի և կառավարության հակակոռուպցիոն քաղաքականության քայլերին: Համանման քայլեր են նախատեսված նաև բարձրագույն ուսումնական հաստատություններում և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում՝ որպես պարտադիր առարկա հակակոռուպցիոն կրթությունը ներառելու ուղղությամբ:
Հասարակության հակակոռուպցիոն կրթության և իրազեկման ուղղությամբ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019 և 2020 թթ․ միջոցառումների ծրագրի կատարման առաջընթացի վերաբերյալ հաշվետվություններին կարող եք ծանոթանալ ՀՀ կառավարության հակակոռուպցիոն մոնիտորինգի պլատֆորմում։
Documents
- ՀՀ կառավարության որոշումը ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին: 2003/12/20
- ՀՀ ԱԺ որոշումը «Կոռուպցիայի մասին» քրեական իրավունքի կոնվենցիան (կից հայտարարություններով) վավերացնելու մասին: 2004/07/10
- Կոռուպցիայի մասին քաղաքացիական իրավունքի կոնվենցիա: 2005/05/01
- Կոռուպցիայի դեմ կոնվենցիա: 2007/04/07
- ՀՀ կառավարության որոշումը ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2009-2012 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին: 2009/12/03
- ՀՀ կառավարության որոշումը ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2015-2018 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին: 2015/10/24
- ՀՀ օրենքը ազդարարման համակարգի մասին: 2018/01/01
- ՀՀ օրենքը քաղաքացիական ծառայության մասին: 2018/07/01
- ՀՀ օրենքը ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին: 2017/07/01
- ՀՀ օրենքը ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին: 2017/07/01
- ՀՀ օրենքը վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին: 2017/07/10
- Որոշում 24 հունիսի 2019 թվականի N 808 - Ն հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդ ստեղծելու, խորհրդի կազմը և գործունեության կարգը, խորհրդի կազմում ներգրավվող հասարակական կազմակերպությունների մրցույթի և ռոտացիայի կարգը հաստատելու և ՀՀ վարչապետի 2015 թվականի ապրիլի 18-ի N 300-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
- ՀՀ արդարադատության նախարարության կանոնադրություն: 2018/06/11
- ՀՀ արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության կանոնադրություն
- ՀՀ օրենքը կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին: 2019/11/20
- ՀՀ օրենքը «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին: 2023/01/01
- ՀՀ օրենքը հանրային ծառայության մասին: 2018/04/09
- ՀՀ օրենքը հակակոռուպցիոն կոմիտեի մասին: 2021/04/17
- ՀՀ կառավարության որոշումը ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին: 2019/10/10
- «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին: 2020/11/25
- «Դատախազության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին: 2020/11/25
- Որոշում բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի ձևանմուշը հաստատելու մասին: 2020/05/22
- ՀՀ սահմանադրական օրենքը «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին: 2021/01/20
- «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում ՀՀ գործողությունների չորրորդ ծրագիր
- ՀՀ օրենքը ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին: 2020/05/02
- ՀՀ օրենքը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին: 2020/05/23
- ՀՀ օրենքը «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին: 2021/03/03
- ՀՀ քրեական օրենսգիրք: 2022/07/01
Links
- Ի՞նչ է կոռուպցիան. Թրանսփարենսի ինթերնեշնլ
- Corruption Perceptions Index 2020
- Կոռուպցիայի ընկալման համաթիվը (ԿԸՀ)
- Հայաստանում կոռուպցիայի վերաբերյալ հանրային կարծիքի ուսումնասիրություն. 2019
- Armenia - Arménie
- Istanbul Anti-corruption Action Plan
- United Nations Convention against Corruption
- Worldwide Governance Indicators
- Հաշվետվություններ. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով
- ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2009-2012 թթ. միջոցառումների ծրագրի գնահատում
- Բաց կառավարման գործընկերություն. Հայաստան
- Հանրային կառավարման համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի հայեցակարգ
- Հաշվետվություններ. Հակակոռուպցիոն մոնիթորինգի պլատֆորմ
- Anti-corruption reforms in Armenia
- Հաշվետվություն ՀՀ կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1332-Ն որոշմամբ 2020 թվականին կատարման ենթակա միջոցառումների իրականացման ընթացքի, մշտադիտարկման և գնահատման արդյունքների վերաբերյալ
- Կառուցվածք. ՀՀ դատախազություն
- Հայտարարագրերի ռեեստր. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով
- Գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրման էլեկտրոնային համակարգի մատակարարման և տեղադրման» հայտերի ներկայացման հրավեր
- Գործադիրը հավանության արժանացրեց Հայաստանում իրական շահառուների բացահայտման օրենքների փաթեթը: 2021/04/22
- Տեղեկանք 2020թ. ընթացքում կոռուպցիոն հանցագործությունների քննության արդյունքների արդյունքների վերաբերյալ
Հանրային հեռուստաընկերությունն անդրադարձել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործունեությանը
«Որոշ պաշտոնատար անձանց ներկայացրած հայտարարագրեր համադրելիս երբեմն պարզվում է՝ պաշտոնյան կատարել է գույքի ձեռքբերում, որի միջոցները ո՛չ տարեսկզբի դրամական միջոցների տեսքով, ո՛չ տարվա ընթացքում ստացած եկամուտների տեսքով չի ունեցել, ինչն ինքնին ռիսկային գործոն է»,- այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանը: Այսպիսի գործոնների համադրման արդյունքում որոշում է կայացվում տվյալ պաշտոնատար անձի և նրա ընտանիքի անդամների կողմից ներկայացված հայտարարագրերի համալիր վերլուծություն իրականացնել։
Նա նշել է, որ 2021 թվականից պաշտոնյաները պարտավոր են հայտարարագրել նաև ծախսերը։ «Որոշ դեպքերում հայտարարագրերի վերլուծության արդյունքում, օրինակ, կարող է պարզվել, որ պաշտոնյան տարվա ընթացքում 110 մլն դրամի ծախս է կատարել, որը բազմակի անգամ գերազանցում է պաշտոնատար անձի օրինական եկամուտները»:
Արամայիս Փաշինյանը նաև անդրադարձել է հայտարարագրման ենթակա տեղեկությունների մշակմանը և հայտնել, որ միջազգային նորմերին համապատասխան մշակված ռիսկային ցուցիչների հիման վրա դուրս են բերվում ռիսկային հայտարարագրերը:
«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ռիսկային ցուցիչների մասին չի բարձրաձայնում, որպեսզի պաշտոնատար անձինք շրջանցելու տարբերակներ չգտնեն: Հանձնաժողովի փորձը ցույց է տվել, որ պաշտոնյաները եկամուտները շատ անգամ թաքցնում են կանխիկ գումարի նախնական մեծ չափ ներկայացնելով»,-ասել է Արամայիս Փաշինյանը և հավելել, որ պետությունը պայքարում է այս երևույթի դեմ, ըստ այդմ՝ պաշտոնյաները պարտավոր են կանխիկ և անկանխիկ միջոցները հայտարարագրել առանձին, իսկ խոշոր կանխիկ միջոցների առկայությունն ինքնին ռիսկային ցուցիչ է համարվում և կարող է հիմք հանդիսանալ հայտարարագրերի համալիր վերլուծություն իրականացնելու համար։
Համաձայն նոր կարգավորումների, եթե հայտարարատուի եկամուտները, օրինակ՝ ծանոթ-բարեկամից ստացված նվիրատվությունները կասկած հարուցեն, ապա Հանձնաժողովն իրավասու է վերջինիցս պահանջել իրավիճակային հայտարարագիր:
«Հայտարարագրերում խնդիրներ հայտնաբերելու դեպքում հանձնաժողովն իրավասու է հարուցել վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթ՝ տուգանելով մինչև 400 հազար դրամի չափով: Եթե գույքի էական փոփոխությունը կամ ծախսը ողջամտորեն չի հիմնավորվում օրինական եկամուտներով, կամ առկա է չհայտարարագրված կամ ոչ ամբողջական հայտարարագրված գույք, ապա հանձնաժողովը վերլուծությունները կարող է ուղարկել նաև ՀՀ գլխավոր դատախազությունը»,-նշել է ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամը:
Տես ավելին՝ http://cpcarmenia.am
Կիևում կայացած «Զրո կոռուպցիա» համաժողովին ներկայացվել է կոռուպցիայի դեմ պայքարի հայաստանյան բարեփոխումները. տեղի է ունեցել փորձի փոխանակում հայ և ուկրաինացի գործընկերների միջև
2021 թվականի հունիսի 4-ից 11-ը Հայաստանի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը և հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանն աշխատանքային այցով գտնվել են Ուկրաինայի Հանրապետությունում, որտեղ մասնակցել են «Ժողովրդավարությունը գործողության մեջ. զրո կոռուպցիա» խորագրով միջազգային բարձր մակարդակի համաժողովին:
Համաժողովին մասնակցնել են ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներ, ԱՄՆ սենատորներ, անդրազգային իրավապահ մարմինների աշխատակիցներ և հակակոռուպցիոն խնդիրների ուղղությամբ աշխատող ակնառու ակադեմիկոսներ, որոնք ի թիվս այլ հարցերի՝ ուսումնասիրել են ժողովրդավարության հիբրիդային սպառնալիքների լուծումները, մասնավորապես՝ ապատեղեկատվությունը, փողերի լվացումը և օլիգարխների կողմից ժողովրդավարական պետությունների անվտանգությանն ուղղված սպառնալիքները։
Հայկուհի Հարությունյանը՝ որպես համաժողովի հիմնական բանախոսներից, ներկայացրել է Հայաստանի փորձը, մարտահրավերներն ու առաջընթացը կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում և նշել, որ 2018 թվականի իշխանության խաղաղ փոխակերպումից հետո Հայաստանը որոշում է կայացրել գույքի հայտ րարագրման համակարգը դարձնել արդյունավետ գործիք երկրում կոռուպցիան կանխելարգելելու համար։
«2019թ. նոյեմբերին ՀՀ կառավարությունը ստեղծեց պետության համար բոլորովին նոր ինստիտուտ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որին լիազորություն տրվեց կանխելու երկրում համակարգային կոռուպցիան: Ես այն համոզմանն եմ, որ Հայաստանն ունի գույքի հայտարարագրման ամենաարդյունավետ համակարգերից մեկը, որը կարող է օրինակ ծառայել այլ երկրների համար»,- նշել է Հայկուհի Հարությունյանը և հավելել, որ Հայաստանում պետական պաշտոնյաները շատ մանրակրկիտ են մոտենում գույքի հայտարարագրման գործընթացին:
«Հանձնաժողովի ստեղծման պահից մեր ուշադրության կենտրոնում էին նաև ՀՀ բարձրագույն դատական խորհրդի և Սահմանադրական դատարանի անդամների կողմից ներկայացված հայտարարագրերը: Հանձնաժողովի կողմից վերլուծվել է գույքի շուրջ 250 հայտարարագիր և ձեռնարկվել են համապատասխան գործողություններ»,-ասել է Հարությունյանը: Նա՝ որպես մասշտաբային բարեփոխումների մաս, նշել է, որ քաղաքական կոռուպցիայի դեմ պայքարում ՀՀ կառավարությունը որդեգրել է այլ ուղիներ ևս, որի շրջանակում 2022 թվականից Հանձնաժողովը հայտարարագրման համակարգ կստեղծի նաև կուսակցությունների և դրանց անդամների համար։
«Ըստ այդմ՝ մեր երկրում քաղաքական կուսակցություններին ֆինանսավորողները պարտավոր են հայտարարագրել իրենց ունեցվածքը, եկամուտները, մասնաբաժինները և ցանկացած կապեր ու հարաբերություններ բիզնեսի հետ, ինչպես անում են պետական պաշտոնյաները։ Բացի այդ, կուսակցության ֆինանսավորումն ու եկամտի աղբյուրը հատուկ մեթոդաբանության միջոցով կվերահսկվի Հանձնաժողովի կողմից: Մենք կենտրոնացրել ենք մեր ջանքերը, որպեսզի օր առաջ ներդրվի հայտարարագրման էլեկտրոնային համակարգը և մեզ տեսանելի լինի ողջ պատկերն այնպես, որ քաղաքական ազդեցությունն ու քաղաքական ուժը երբեք չմիաձուլվեն բիզնեսի հետ՝ երկրում ստեղծելով օլիգարխիկ համակարգ: Մեր նպատակն է կանխել երկրում հնարավոր օլիգարխիկ կառավարումը, բայց նաև խրախուսել կուսակցությունների անդամներին՝ ծառայելու հանրային շահերին»,- հավելել է Հայկուհի Հարությունյանը:
Տես ավելին՝ http://cpcarmenia.am
Ստեղծվում են հակակոռուպցիոն դատարաններ․ ի՞նչ խնդիր են լուծելու դրանք
Ստեղծվում են հակակոռուպցիոն դատարաններ. ի՞նչ խնդիր են լուծելու դրանք
Տես ավելին՝ https://www.youtube.com
Հայաստանը կոռուպցիայի ընկալման համաթվում էական առաջընթաց գրանցող երկիր է․ Թրանսփարենսի ինթերնեշնլ
Հրապարակվել են Թրանսփարենսի ինթերնեշնլի Կոռուպցիայի ընկալման համաթվի (ԿԸՀ) 2020 թվականի արդյունքները:
Հայաստանը շարունակում է զգալիորեն աճ գրանցել՝ այս տարի ևս 7 միավորով բարելավելով նախորդ տարվա արդյունքը: 49 միավորով Հայաստանը զբաղեցրել է 60-րդ հորիզոնականը (2019 թվականին՝ 77-րդ հորիզոնական, 2018 թվականին՝ 105):
Թրանսփարենսի ինթերնեշնլը նշում է, որ 49 միավորով Հայաստանը Կոռուպցիայի ընկալման համաթվում էական առաջընթաց գրանցող երկիր է, որը 15 միավորով բարելավել է արդյունքը 2012 թվականից ի վեր։
Միաժամանակ, ԹԻ նշմամբ դատական համակարգում առկա խնդիրները դեռևս շարունակում են մարտահրավեր լինել կոռուպցիայի դեմ պայքարում լիարժեք հաջողելու համար։
Տես ավելին՝ https://www.civilnet.am
Կայացավ հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի առաջին նիստը
Վերջերս ձևավորված Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի առաջին նիստն այսօր կառավարությունում կայացավ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Վարչապետի խոսքով՝ Հայաստանում հակակոռուպցիոն պայքարի հիմնական խնդիրն այն է եղել, որ դրա մասին խոսվել է, սակայն իրականությունը դրանից չի փոխվել։ Պատճառը, ըստ Փաշինյանի, քաղաքական կամքի բացակայությունն է եղել։
«Այսօր միանշանակ է և աներկբա, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ունի հակակոռուպցիոն սկբունքային պայքար վարելու քաղաքական կամքի հնարավորինս ամենամեծ ծավալը, բայց այսօր նույնպես Հայաստանի Հանրապետությունում հակակոռուպցիոն պայքարը չի ընթանում և տեղի չի ունենում այն ծավալներով և արդյունավետությամբ, որը կհամապատասխաներ Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքական կամքին», — նշեց Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ այսօր կառավարությունը խնդիր ունի ստեղծելու այնպիսի մեխանիզմներ, որ Հայաստանում հակակոռուպցիոն պայքարը և՛ կանխարգելմամբ, և՛ կոռուպցիայի դեմ պայքարով հնարավորինս համապատասխանի կառավարության և խորհրդարանում իշխող ուժի քաղաքական կամքին։ Ասաց՝ իշխանություններն այդ համատեքստում ունեն որոշակի մարտահրավերներ։
«Այդ մարտահրավերներից կարևորագույնը անձամբ ինձ համար հետևյալն է՝ հակակոռուպցիոն պայքարը կազմակերպել բացառապես այնպիսի եղանակներով, ձևերով և կառուցակարգերով, որպեսզի դրանք հանկարծ որևէ կերպ, կամա, թե ակամա չվնասեն Հայաստանի Հանրապետության ժողովրդավարության իմիջին և ժողովրդավարական իրականությանը», — ընդգծեց կառավարության ղեկավարը։
Հայաստանի կառավարության և խորհրդարանական մեծամասնության համար աներկբա է՝ կոռուպցիայի դեմ ամենակոշտ ձևերով պայքար մղելը։ Փաշինյանը պարզաբանեց, որ «կոռուպցիա» ասելով՝ կառավարությունը նկատի չունի միայն նախկին կոռուպցիան։
«Մենք նկատի ունենք նաև ընթացիկ և որ շատ ավելի կարևոր է, ապագա կոռուպցիան։ Այսինքն երբեք չի կարելի այսպիսի տարբերակում դնել, որովհետև իմ գանահատմամբ՝ կոռուպցիան վտանգավոր է եղել անցյալում, կոռուպցիան ավելի վտանգավոր է հիմա, կոռուպցիան ավելի վտանգավոր է դառնալու ապագայում մեր երկրի և ժողովրդի ճակատագրի համար», — ասաց Փաշինյանը։
Խորհրդարանական ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունում պատգամավոր, Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդամ Անի Սամսոնյանն ասում է՝ իրենց քաղաքական ուժը բազմից ասել է՝ նոր իշխանություններն ունեն կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքական կամք, այլ բան է, որ կառավարությունը դեռ չի հստակեցրել՝ հակակոռուպցիոն պայքարի որ մոդելն է ընտրելու։
«Կա մեկ ծրագիր, ռազմավարության ծրագիրը, բայց այդ ծրագիրը ընդամենը տալիս է նախնական նկարագիր, թե ինչպիսին պետք է լինեն այդ մոդելները, ինչպիսին պետք է լինեն կառուցակարգերը։ Բայց այն դեռ լրամշակման կարիք ունի», — նշեց Սամսոնյանը։
Մյուս ընդդիմադիր խմբակցությունը՝ ԲՀԿ-ն, որոշակի վերապահումներ ունի կառավարության առաջարկած հակակոռուպցիոն մեխանիզների մասով։ Գործադիրը, մասնավորապես, առաջարկում է կոռուպցիոն գործերը քննող դատարանների ստեղծում, որը «Բարգավաճ Հայաստան»-ում վիճահարույց են համարում։
Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդամ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանի խոսքով. «Այսօր իսկապես դատարանների ծանրաբեռնվածություն կա և այսօր արդեն իսկ դատավորների սուր պակաս կա, այսինքն այս համատեքստում փորձել կոռուպցիոն գործեր քննող դատարաններ ստեղծել փոքր-ինչ անհասկանալի է»։
«Կառավորության պատկերացումները զետեղված են արդեն հրապարակված ռազմավարության և գործողությունների ծրագրի մեջ, որը ի տարբերություն դեկտեմբերին հրապարակված ռազմավարության, կարող ենք ասել, որ, այո, հեղափոխական է։ Անցյալ տարվա ապրիլ-մայիսին տեղի ունեցած հեղափոխությունը արտացոլված է այս ռազմավարության մեջ թե՛ նախկինում կոռուպցիայի դեմ պայքարին տրված բավական ադեկվատ գնահատականի մասով և թե՛ գործողությունների տրամաբանական և էական փոփոխության առումով», — ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Դանիել Իոաննիսյանը։
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշեց. «Ես իմ տպավորությունը կասեմ, որ բավականին դրական է։ Կարծում եմ՝ դա պայմանավորված էր բոլոր կողմերի տրամադրվածությամբ, հիմնական պատասխանատուն հասկանալի է՝ այս պարագայում Արդարադատության նախարարությունն է։ Նախարարը շատ բաց էր ու կառուցողական, հնչեցին առաջարկներ, որոնց մեծ մասը կա՛մ արդեն նախատեսված էին եղել, կա՛մ նախարարը պատարաստակամություն հայտնեց դրանց անդրադառնալ»։
Հունիսի 24-ի որոշմամբ ստեղծված խորհրդի կազմում են վարչապետը, ոլորտը համակարգող փոխվարչապետը, վարչապետի աշխատակազմի ղեկավարը, արդարադատության նախարարը, փոխնախարարը, ԲԴԽ նախագահը, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահը, մարդու իրավունքների պաշտպանը, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահը, ԱԺ խմբակցություններից մեկական ներկայացուցիչ, քաղհասարակության կազմակերպությունների 5 ներկայացուցիչ։
Ըստ փորձագետների` դատաիրավական համակարգում ու կոռուպցիայի դեմ պայքարում իշխանությունը կաղում է
Հեղափոխությունից 2 տարի անց ոչ թե պետք է խոսել դատական համակարգի բարեփոխումների ձախողման մասին, այլ այդ ժամանակը վատնելու և հնարավորությունները չօգտագործելու մասին, կարծում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
«Մենք շատ ավելի կարևորում ենք ոչ միայն փաստի արձանագրումը, այլ նաև այդ փաստի առաջացման պատճառները, որովհետև դրանք պայմանավորված են կառավարման հետ, պայմանավորված են խնդիրները բարձրաձայնողներին ոչ պատշաճ լսելու հետ: Տարբեր պատճառներ կան, թիրախավորելու հետ, ի վերջո այդ խնդիրների ջատագովը ըստ էության մենք էինք` իրավապաշտպան կազմակերպություններս, քաղհասարակության մի խումբ ներկայացուցիչներս, և զարմանալիորեն այդ մասնակցային գործընթացը, կարող ենք ասել, ձախողվեց»,- նշեց Սաքունցը:
Երեկ Ազգային ժողովում կառավարության 2019-ի ծրագրի կատարողականը ներկայացնելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում անկախ, վստահելի դատական համակարգ ունենալու հարցը չի լուծվել։ Իրավապաշտպանները դատական համակարգի խնդիրների մասին դեռ 2018-ին էին բարձրաձայնում։
2 տարին բավարար էր դատաիրավական նոր համակարգ ունենալու համար, նկատում է իրավապաշտպանը.- «Մենք միշտ ենթադրել ենք, որ իշխանությունն ուզում է, ցանկություն ունի և քաղաքական կամք ունի, և ելնելով այդ եզրակացությունից կամ ենթադրությունից` մենք առաջարկություններ ներկայացրել ենք անընդհատ, այնպես որ ուզելու կամ չուզելու հարց չպետք է լիներ, քայլեր կատարելու հարցը պետք է լիներ, որը չի արվել ժամանակին, կամ արվել են այն քայլերը, որոնք ընդհանրապես չէին կարող բերել այդ համակարգային փոփոխությանը: Մենք արձանագրում ենք դա: Մենք ժամանակին անընդհատ ենք ասել, որ առանձին հատային խնդիրները` պետերի փոփոխությունը, Սահմանադրական դատարանի մեկ կամ երկու անդամի փոփոխությունը համակարգային փոփոխություններ չեն»։
Ամենահեղինակավոր իրավապաշտպան կառույցներից մեկի` Վաշինգտոնում գործող Freedom House-ի փորձագետները երեկ հրապարակած ամենամյա զեկույցում նշել են. «Հայաստանում հարկավոր է լուրջ ներդրումներ իրականացնել օրենքի գերակայությունն ու անկախ հաստատություններին աջակցություն ապահովելու նպատակով: Խոսքը մասնավորաբար դատական համակարգի և ոստիկանության համապարփակ բարեփոխումների մասին է»։
Իր կառավարության ամենամեծ ձախողումը երեկ Նիկոլ Փաշինյանը համարեց նաև ժողովրդից գողացված փողերի վերադարձի գործընթացը։ Ասաց՝ կոռուպցիայի դեմ պայքարում ունեն անհաջողություններ, միևնույն ժամանակ վիճակագրություն նշեց. — «Օրինակ` Հատուկ քննչական ծառայությունը 2019 թվականին պետական բյուջե է վերադարձել 7 անգամ ավելի շատ գումար, քան իր գոյության ողջ պատմության ընթացքում։ Ե՛վ Ազգային անվտանգության ծառայությունը, և՛ Քննչական կոմիտեն, և՛ Ոստիկանությունը նախկինի համեմատ պետական բյուջե վերադարձված գումարների թվերը տասնապատկել են, բայց միևնույնն է, ես համարում եմ, որ մենք այս ոլորտում, կոռուպցիայի դեմ պայքարում ունենք անհաջողություններ»։
Կոռուպցիայի դեմ պայքարում բավականին համեստ արդյունքներ են արձանագրված, կարծում է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը: Ասում է՝ Հայաստանում կոռուպցիան դեռ շարունակում է լուրջ խնդիր մնալ.- «Սոցիալ-տնտեսական իրավիճակը երկրում, այսինքն` ժողովրդի կենսամակարդակը, տնտեսական համակարգը այնպիսին չեն, որ մենք ունենանք իսկապես կառավարելի և ցածր մակարդակի կոռուպցիա երկրում»:
Նշենք, որ Հայաստանը 2019 թվականին 2018-ի համեմատ 7 կետով բարելավել է իր ցուցանիշը կոռուպցիայի ընկալման համաթվով՝ 42` գրավելով 77-րդ տեղը։ Հայաստանն այդ ցուցանիշով տարածաշրջանում զիջում է միայն Վրաստանին, որը զբաղեցնում է 44-րդ տեղը, իսկ մյուս երկրներից առաջ է։
Տես ավելին՝ https://www.azatutyun.am
Freedom House. Վերջին երկու տարում Հայաստանը ժողովրդավարացման առումով լուրջ առաջընթաց է արձանագրել
«Լուրջ առաջընթաց նախևառաջ կոռուպցիայի դեմ պայքարի և ընտրությունների ոլորտներում». — այսպես են գնահատում արևմտյան ամենահեղինակավոր իրավապաշտպան կառույցներից մեկի` Վաշինգտոնում գործող Freedom House-ի փորձագետները Հայաստանի իշխանությունների հետհեղափոխական ձեռքբերումները:
Այդ մասին Freedom House-ի մասնագետները նշում են այսօր հրապարակված ամենամյա զեկույցում, որը նվիրված է անցումային շրջանում գտնվող արևելաեվրոպական և հետխորհրդային 29 երկրներում տիրող կացությանը:
Զեկույցի հեղինակների գնահատմամբ՝ Հայաստանը 2018-ից 2020 թվականներին դիտարկվող երեք տասնյակ պետությունների շրջանում ժողովրդավարացման տեմպերի առումով ամենամեծ առաջընթացն է արձանագրել:
«Այս տարի Հայաստանը զեկույցի հրապարակման պատմության ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է գրանցել», — նշում են Freedom House-ի փորձագետները` հավելելով, սակայն, որ երկրում մտահոգության տեղիք տվող հիմնախնդիրներ ևս առկա են: Խոսքը, ըստ զեկույցի հեղինակների, դատական ոլորտի շուրջ ծավալվող զարգացումների մասին է:
Freedom House-ի փորձագետները հրապարակված զեկույցում նախևառաջ հարկ են համարում անդրադառնալ քաղաքական այն իրավիճակին, որ ստեղծվել էր Հայաստանում 2018 թվականի հեղափոխությանը անմիջականորեն նախորդող ժամանակահատվածում:
«Նախագահական ժամկետի ավարտից հետո ընդլայնված լիազորություններով օժտված վարչապետի պաշտոնը ստանձնելու Սերժ Սարգսյանի փորձը հանգեցրեց զանգվածային բողոքի ակցիաների: Քաղաքացիները խորապես հիասթափված էին հայաստանյան տնտեսության ստագնացիայից և ակնհայտ ոչ ժողովրդավարական քաղաքական համակարգի գոյությունից: Ի վերջո, Սերժ Սարգսյանը 2018 թվականին ստիպված եղավ հրաժարական ներկայացնել: Նրան փոխարինելու եկավ նոր կառավարությունը, որը նախկին իշխող կուսակցությանը խորհրդարանական ընտրություններում ջախջախելուց հետո ձեռնամուխ եղավ նշանակալի ժողովրդավարական բարեփոխումների իրագործմանը», — նշում են Freedom House-ի մասնագետները:
Զեկույցի հեղինակների համոզմամբ, ի դեպ, այսօր հետխորհրդային տարածքում երկու պետություն գոյություն ունի, որտեղ անցումը կառավարման ժողովրդավարական համակարգին գրեթե նույնատիպ խնդիրների է բախվում` Հայաստանը և Ուկրաինան:
«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կբախվեն վստահության ամրապնդման, իրենց հետ կապվող հույսերը արդարացնելու, [կառավարման] կոռումպացված համակարգերն առանց ժողովրդավարական նորմերի ոտնահարման վերակառուցելու դժվարին մարտահրավերներին», — նշում են ամերիկացի փորձագետները:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի իշխանության առջև ծառացած առավել տեղային բնույթի խնդիրներին` Freedom House-ի մասնագետներ հատուկ կանգ են առնում Ամուլսարի ոսկու հանքի շահագործման շուրջ ծավալված վեճի վրա: Ամուլսարի ճակատագիրը, ըստ զեկույցի հեղինակների, «Հայաստանի վարչապետի համար գլխացավանք է դարձել»:
«Փաշինյանը այս խնդիրը ժառանգել է նախորդ կոռումպացված վարչակազմից: Ակտիվիստներն ամիսներ շարունակ արգելափակված են պահում հանքավայր տանող ճանապարհները:Նրանց խոսքով՝ եթե Փաշինյանը հավանություն տա այս ծրագրի իրագործմանը, ապա կապացուցի, որ ոչնչով չի տարբերվում այն ղեկավարներից, որոնց ինքը հեռացրել է իշխանությունից», — ասված է զեկույցում:
Ի դեպ, զեկույցի հեղինակները չեն սահմանափակվում դիտարկվող պետություններում, այդ թվում Հայաստանում տիրող կացության նկարագրությամբ, այլև հստակ խորհուրդներ են ուղղում արևմտյան կառավարություններին` ընդգծելով, թե իրենց համոզմամբ ինչ է հարկավոր անել դիտարկվող պետություններում ժողովրդավարական գործընթացները խթանելու համար:
«Ժողովրդավարության զարգացումը և մարդու իրավունքները երկկողմ հարաբերությունների առաջնահերթությունը պետք է դառնան: Հատուկ ուշադրություն պետք է դարձվի այն պետություններին, որոնց կառավարման համակարգը լուրջ փոփոխության փուլում է գտնվում` մասնավորաբար Հայաստանին և Ուկրաինային», — նշված է զեկույցում:
«Հայաստանում հարկավոր է լուրջ ներդրումներ իրականացնել օրենքի գերակայությունն ու անկախ հաստատություններին աջակցություն ապահովելու նպատակով: Խոսքը մասնավորաբար դատական համակարգի և ոստիկանության համապարփակ բարեփոխումների մասին է», — նշում են Freedom House-ի փորձագետները՝ հավելելով. — «2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության հիմքը քաղաքական փոփոխությունների, օրենքի գերակայության և համակարգային կոռուպցիան արմատախիլ անելու շուրջ համազգային կոնսենսուսի առկայությունն էր»:
«Դա պատմական հնարավորություն է ստեղծում ժողովրդավարության աջակիցների համար թե՛ երկրի ներսում և թե՛ դրա սահմաններից դուրս: Թե՛ Միացյալ Նահանգները և թե՛ Եվրամիությունը մեծացրել են [Հայաստանից ցուցաբերվող աջակցությունը], բայց նրանց ծրագրերը պետք է միտված լինեն նախևառաջ սոցիալական համերաշխության ամրապնդմանն ու քաղաքական բևեռացվածության հաղթահարմանը: Այս մարտահրավերների հաղթահարումը կարող է առանցքային նշանակություն ունենալ մյուս բոլոր ոլորտներում իրականացվող բարեփոխումների հաջողության համար», — համոզված են Freedom House-ի ամենամյա զեկույցի հեղինակները:
Տես ավելին՝ https://www.azatutyun.am
Հակակոռուպցիոն կոմիտե․ հերթական կառո՞ւյց, թե՞ գործուն մեխանիզմ
«Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի նախագիծը հանրային քննարկման փուլ է մտել։ Օրինագծով առաջարկվում է ստեղծել նաեւ հակակոռուպցիոն քննչական մարմին։
Քաղհասարակական կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայում վստահ են, որ այն մեխանիզմները, որոնք դրվում են օրինագծի հիմքում՝ հակակոռուպցիոն պայքարում էական տեղաշարժեր են բերելու։ Այս փուլում օրինագծի հետ կապված առաջարկություններ են հավաքագրվում։
Հայաստանում հակակոռուպցիոն պայքարի համակարգն ունի տեր՝ այսօրվա քննարկման ժամանակ հայտարարեց Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի քաղաքացիական հասարակական կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը։
«Մենք ամեն ինչ անելու ենք, որ իրականություն դառնա. Հայաստանից գողացված ակտիվները վերադարձվելու են էն քաղաքացիներին, ումից գողացվել է։ Որեւէ մեկը չի կարողանալու վայելել այն գողացված գումարները, որ հասարակությունից գողացվել եւ դուրս են հանվել, թեկուզ՝ ամենախելացի սխեմաներով, թեկուզ՝ ամենաթանկ փորձագետների օգնությամբ։ Վստահ եղեք այս կարողությունները ստեղծվելու են»,–ասաց Զադոյանը։
Նրա խոսքով՝ նման կարողություններ են ստեղծվում «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրինագծով։ Հակակոռուպցիոն կոալիցիան հավատում է, որ այն կլինի ոչ թե ուղղակի հերթական կառույց, այլ՝ գործուն մեխանիզմ, որի ձեռքերը հասնեն բոլոր կոռուպցիոներներին։
«Սա ոչ միայն նախկինի մասով է։ Շատ կարեւոր է նաեւ ներկայի մասով, որ ներկա պաշտոնյաների համար նույնպես այս քաղված դասերը կարեւոր լինեն։ Պետք է հասկանալ, որ Հայաստանում արդեն ինստիտուցիոնալ համակարգ է ձեւավորվում եւ անկախ անձերից, այս պահի քաղաքական իշխանություններից, այդ համակարգը լինելու է գործուն եւ աշխատող» ,– նշեց Հայաստանի քաղաքացիական հասարակական կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգողը։
Այս հարցում հակակոռուպցիոն կոալիցիան սատարում է քաղաքական իշխանությանը, սակայն, դա չի նշանակում, թե բացթողումները չեն ասելու։ Փաստարկված քննադատություններ միշտ էլ լինելու են՝ նշեց Կարեն Զադոյանը։
«Դրա վառ օրինակը կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի խայտառակ ընտրություններն էր, այսպես ասեմ՝ քաղաքական նշանակումները, որը մեծ ռիսկ է ստեղծել, որ այդ մարմնի արդյունավետ աշխատանքի սկիզբը բարեհաջող լինի»։
Դրա համար էլ օրինագծով առաջարկվում է, որ հանձնաժաղովականների ընտրությունը մրցութային կարգով լինի, որ բոլոր արժանավորները հնարավորություն ունենան համալրելու այդ հաստատությունը։ Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը, սակայն, չկիսեց կարծիքը, թե հանձնաժաղովի ձեւավորման խայտառակ գործընթաց է եղել։
«Ես այդ կարծիքին չեմ։ Օր առաջ պետք էր կազմավորել հանձնաժողովը եւ սկիզբ դնել դրա գործունեությանը։ Ընտրվեց հանձնաժողովի կազմավորման մեկ այլ տարբերակ, որը, կարծում եմ, այսօր չպետք է կասկածի տակ դնի հանձնաժողովի անկախությունը»,– ասաց Գալյանը։
Արդարադատության նախարարի տեղակալը նաեւ նշեց, որ մրցութային կարգի անցումը նախատեսված է, իսկ ռազմավարությունն էլ հնարավոր է փոփոխել եւ հենց այդ ամենին էլ կոչված են մեկնարկած հանրային լայն քննարկումները։ Սրբուհի Գալյանի խոսքով՝ կարեւոր է, որ հակակոռուպցիոն կոալիցիայի եւ կառավարության քաղաքական կամքը համընկնում են։
«Խոսքս այն մասին է, որ այո, Հայաստանը պետք է զերծ լինի կոռուպցիոն դրսեւորումներից, այո, Հայաստանում պետք է 0 հանդուրժողականություն լինի կոռուպցիայի հանդեպ»։
Հակակոռուպցիոն հասարակական կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Արփինե Հակոբյան․ «Քաղաքական կամքը թերեւս կարեւոր նախադրյալ է, բայց միակ նախապայմանը չէ կոռուպցիան արմատախիլ վերացնելու համար։ Կարեւոր է որպեսզի լինեն նաեւ ինստիտուցիոնալ համակարգի ներդրում»։
Նման համակարգ ձեւավորելու միտմամբ էլ օրինագիծը տեղափոխվել է հանրային քննարկման փուլ եւ այդ ընթացքում հավաքագրվելու են բոլոր առաջարկները՝ նախագծի հետագա մշակման համար, ինչի հետ կապված պատրաստակամություն հայտնեց ԱՆ ներկայացուցիչը։
Տես ավելին՝ https://hy.armradio.am
Կայացավ մասնագիտացված հակակոռուպցիոն դատական համակարգի ստեղծմանը նվիրված հանրային քննարկումը
Նախատեսվում է Հայաստանում ստեղծել մասնագիտացված հակակոռուպցիոն դատական համակարգ, որի իրականացմանն ուղղված էլ արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրենքների նախագծերի փաթեթը։
Օգոստոսի 14-ին կայացավ մասնագիտացված հակակոռուպցիոն դատական համակարգի ստեղծմանը նվիրված հանրային քննարկումը, որը կազմակերպել էր Իրավաբանների հայկական ասոցիացիան՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի, ԱԼԳ քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի և «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի հետ, համագործակցությամբ՝ ՀՀ արդարադատության նախարարության և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի։
Քննարկմանը բացման խոսքով հանդես եկավ և մասնագիտացված հակակոռուպցիոն դատական համակարգի ստեղծման նպատակի, մարտահրավերների մասին խոսեց Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը։
«Հակակոռուպցիոն դատական համակարգի ստեղծումը հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի վերջին շղթան է։ Բայց մի կարևոր խնդիր դեռևս բաց է մնում․ հակակոռուպցիոն մարմնի/ների՝ կանխարգելում, կրթություն, նախնական քննություն իրականացնող մարմինների սահմանադրական կարգավիճակի հարցն է, որը ներկայումս քննարկվում է նաև Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում։ Կարծում եմ, դրանք սահմանադրական մարմինների շարքում նախատեսելով և անկախության համապատասխան երաշխիքներ տալով, հայկական հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգը վերջնականապես կկառուցվի»,-ասաց նա։
Նախատեսվում է մասնագիտացված հակակոռուպցիոն դատարանը ստեղծել առնվազն 25 դատավորի թվակազմով, որոնցից 20-ը կքննեն կոռուպցիոն հանցագործությունների, իսկ 5-ը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ գործերը, և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան՝ առնվազն 10 դատավորի թվակազմով։ Վճռաբեկ դատարանում քրեական պալատը կգործի 8, իսկ քաղաքացիական և վարչական պալատը՝ 13 դատավորի թվակազմով։
Այս մասին ասաց Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը՝ ներկայացնելով մասնագիտացված հակակոռուպցիոն դատական համակարգի ստեղծումը կարգավորող օրենսդրական նախագծերի փաթեթը։
«Բոլոր դատավորները պետք է ընտրվեն բաց մրցույթի արդյունքում, այսինքն մենք կազմակերպելու ենք մրցույթ, որի արդյունքում դատավորի թեկնածուի բոլոր հավակնորդները կանցնեն այդ ֆիլտրի միջով․ պետք է անցնեն բարեվարքության ստուգում՝ նախապես իրենց կողմից ներկայացված բարեվարքության հարցաթերթիկի հիման վրա, ինչն էլ իրականացվելու է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից»,-ասաց փոխնախարարը։
«Բարեվարքության ստուգումը սահմանվել է որպես մի գործընթաց, որի միջոցով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետական պաշտոնների նշանակման ենթակա թեկնածուների առնչությամբ իրականացնում է ուսումնասիրություն հետևյալ հիմնական ոլորտներով՝ թեկնածուների և նրանց ընտանիքի անդամների գույքի, եկամուտների վերաբերյալ տեղեկությունների հավաքագրման, թեկնածուի՝ նախկինում կարգապահական, վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկված լինելու, ինչպես նաև անօրինական գործողությունների, այդ թվում՝ կոռուպցիոն գործարքների մեջ ներգրավվածության մասով, թեկնածուի նախկինում աշխատանքի և մասնագիտական գործունեության ուսումնասիրություն, ինչպես նաև քրեական ենթամշակույթին հարելու հնարավորության ուսումնասիրություն»,-իր խոսքում նշեց ԿԿՀ նախագահ Հայկուհի Հարությունյանը։
Հանրային վստահությանն ու սպասումներին անդրադարձավ ԱԼԳ քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանը։
«Համակարգն իրոք շատ կարևոր է կոռուպցիայի դեմ պայքարի տեսակետից, բայց եթե մենք նոր լողավազան ենք կառուցելու, բայց հին լողավազանի կամ ջրհորի ջուրը բերելու և լցնելու դրա մեջ, ապա այն չի աշխատելու։ Այս նկատառումից ելնելով՝ առնվազն անցումային փուլում, կարծում եմ, որ պետք է սահմանվի որոշակի մասնագիտական պատրաստավածություն, որոշակի փորձառություն, բայց կարգապահական պատասխանատվությունները և այլն՝ չպետք է սահմանվեն»,-ասաց Հակոբյանը։
ՀՀ վճռաբեկ դատարանի փորձագետ Առնոլդ Վարդանյանը խոսեց հակակոռուպցիոն դատական համակարգի խնդրահարույց այն հարցերին, որոնք միջազգային փորձի տեսանկյունից կարևոր են։ Նա ընդգծեց դատավորների սոցիալական երաշխիքները․ «Միջազգային փորձը ցույց է տալիս, որ հակակոռուպցիոն առանձին դատական համակարգի ինտիտուցիոնալ մարմինների համար նախատեսվում են լրացուցիչ երաշխիքներ։ Ներկայացված նախագծով աշխատավարձի գործակիցները համամասնությամբ բաշխված չեն հակակոռուպցիոն կոմիտեի և հակակոռուպցիոն դատարանի աշխատակիցների միջև։ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի և քննիչի աշխատավարձերի գործակիցները համապատասխանաբար գերազանցում են հակակոռուպցիոն դատարանի նախագահի և հակակոռուպցիոն դատարանի դատավորի աշխատավարձերի գործակիցներին, որն իմ կարծիքով ճիշտ չէ, պետք է պահպանել համամասնությունը»։
Քննարկման մասնակիցները նշեցին, որ առաջարկություններ կներկայացնեն նախարարությանը։ Փոխնախարար Սրբուհի Գալյանն իր հերթին կարևորեց միջոցառման կազմակերպումն ու քաղհասարակության հետ համագործակցությունը՝ նշելով, որ Արդարադատության նախարարությունը բաց և պատրաստակամ է քննարկելու նախագծի վերաբերյալ այլընտրանքային լուծումներ պարունակող բոլոր դիտարկումները:
Հավելենք, որ քննարկումը տեղի ունեցավ Շվեդիայի կառավարության աջակցությամբ իրականացվող «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրի շրջանակներում։