Ընտրակարգը
1996 թվականից Հայաստանում վերացվեց բնակավայրերը շրջանների՝ որպես վարչատարածքային միավորի բաժանման սովետական մեխանիզմը, և ներդրվեց նոր վարչատարածքային միավորների՝ համայնքների ինքնակառավարման ինստիտուտը: Շուրջ 1000 համայնքներում մարդիկ նախ՝ 3, հետո՝ 4, իսկ հետո 5 տարի պարբերությամբ ընտրում էին համայնքի ղեկավար և ավագանի: Ավագանու անդամների թիվը կախված էր տվյալ համայնքի ընտրողների թվաքանակից: Այդ մոդելում բացառություն էր միայն մայրաքաղաք Երևանը, որը բաղկացած էր 12 համայնքներից (այժմ դրանք վարչական շրջաններ են): Այդ համայնքներն ունեին իրենց ավագանին ու համայնքի ղեկավարը («թաղապետը»), իսկ քաղաքապետը նշանակվում էր Հանրապետության նախագահի կողմից:
Բոլոր համայնքների ղեկավարներն ընտրվում էին ուղիղ ընտրությամբ, իսկ համայնքների ավագանու անդամները՝ թեև ևս ուղիղ, սակայն յուրաքանչյուր ընտրող ընտրում էր ավագանու անդամի թեկնածուի, և ընտրվում էին առավելագույն ձայներ հավաքածները (երբեմ, ոչ այնքան կոռեկտ ձևակերպմամբ, այս ընտրակարգը «մեծամասնական» էր անվանվում): Սակայն 2005 և 2015 թվականների սահմանադրական փոփոխություններով դա սկսվեց փոխվել:
Նախ 2005 թվականի սահմանադրական փոփոխություններով, ապա նաև 2008 թվականի դեկտեմբերին ընդունված՝ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքով 2009 թվականից փոխվեցին Երևանում տեղական ինքնակառավարման մարմինների կառուցվածքն ու ընտրության կարգը: Մայրաքաղաքը դարձավ մեկ համայնք, և սահմանվեց, որ ընտրությունները կատարվում են կուսակցությունների միջև՝ համամասնական ընտրակարգով, իսկ համայնքի ղեկավարն էլ ընտրվում է ավագանու կողմից: Քաղաքի մաս կազմող 12 համայնքները դարձան վարչական շրջաններ, որոնք այլևս չունեին ավագանի, իսկ դրանց ղեկավարներն այլևս դարձան քաղաքապետի կողմից նշանակովի:
2015 թվականի սահմանադրական փոփոխություններով հնարավորություն բացվեց, որ մյուս խոշոր համայնքներում ևս տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման գործընթացն իրականացվի Երևանի ավագանու և համայնքի ղեկավարի ընտրության համար սահմանված կանոնակարգումներին համապատասխան: Ըստ այդմ, 2016 թվականին Ընտրական օրենսգրքով նույն այդ համամասնական ընտրակարգին անցան նաև Գյումրին և Վանաձորը:
2019 թվականի սկզբում կառավարության ծրագրով սահմանվեց, որ դեպի համամասնական ընտրակարգի անցումը կշարունակվի նաև ավելի փոքր համայնքներում՝ հասնելով 4 հազարից ավելի ընտրող ունեցող բոլոր բնակավայրերին:
2020 թվականին, կառավարության առաջարկությամբ, ԱԺ-ն ընդունեց ՏԻՄ ընտրակարգին վերաբերող Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը, որով և ամրագրվեց, որ 4 հազարից ավելի ընտրող ունեցող, ինչպես նաև միավորված համայնքներում տեղական ընտրությունները լինելու են համամասնական ընտրակարգով:
Առայժմ համամասնական ընտրակարգով ընտրված են միայն Երևանի, Գյումրու և Վանաձորի տեղական ինքնակառավարման մարմինները: Մյուս համայնքներում նոր ընտրակարգով ընտրություններն առաջին անգամ կայանալու են 2021 թվականի աշնանից սկսված:
Անցողիկ շեմը
Նախքան 2020 թվականին կատարված Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, համամասնական ընտրակարգով համայնքի ավագանու անցողիկ շեմը կուսակցությունների համար 6 տոկոս էր, իսկ կուսակցությունների դաշինքների համար՝ 8: 2020 թվականին այդ թիվը նվազեց 2-ական տոկոսով, և սահմանվեց, որ կուսակցությունների համար այն 4 տոկոս է, իսկ կուսակցությունների դաշինքների համար՝ 6:
Կայուն մեծամասնություն և «բոնուսներ»
ՏԻՄ մակարդակում համամասնական ընտրակարգի ներդրման պահից՝ 2009 թվականից, ներդրվեց նաև կայուն մեծամասնության համակարգը: Այն նախատեսում էր, որ եթե որևէ կուսակցություն ընտրությունների արդյունքներով ստացել է համայնքի ավագանու մանդատների 40 տոկոսից ավելին, ապա այն, մյուս կուսակցությունների մանդատների քանակի պակասեցման հաշվին, ստանում է այնքան լրացուցիչ մանդատ, որ ունենա ավագանու անդամների կեսից ավելին: Սա որոշակիորեն տարբերվում էր ԱԺ բոնուսային համակարգից, քանի որ Ազգային ժողովի դեպքում ուժին տրվում էին լրացուցիչ մանդատներ, որոնց հաշվին Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թիվն էր աճում, իսկ այս դեպքում դա արվում է մյուս ուժերի մանդատները պակասեցնելով, և ավագանու անդամների ընդհանուր թիվը մնում էր անփոփոխ:
Այս մեխանիզմը լրջագույն քննադատության էր արժանանում՝ որպես ավագանու ընտրությունների համամասնականությունը խաթարող ոչ ժողովրդավարական գործիք: Գործնականում այն կիրառվել է միայն մեկ անգամ՝ 2016 թվականի Գյումրու ՏԻՄ ընտրություններում, երբ Հայաստանի հանրապետական կուսակցության հիման վրա ստեղծված «Բալասանյան» դաշինքը մանդատների բաշխմանը պետք է ստանար 15 մանդատ, բայց այս մեխանիզմի արդյունքում ստացավ երկու բոնուսային մանդատ, որոնք վերցվեցին շեմը հաղթահարած մյուս ուժերից: Արդյունքում, ընդամենը շուրջ 35 տոկոս ստացած ուժին բաժին հասավ ավագանու 33 տեղերի կեսից մի փոքր ավելին՝ 17-ը:
2020 թվականին Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխություններով այս բոնուսային մեխանիզմն ամբողջությամբ վերացվել է:
Համայնքի ղեկավարի ընտրության թափանցիկությունը
Ընտրական օրենսգրքով նախատեսված է, որ եթե որևէ կուսակցություն (կամ դաշինք) ընտրությունների արդյունքում ստանում է համայնքի ավագանու անդամների տեղերի կեսից ավելին, ապա այդ կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համարն ավտոմատ կերպով դառնում է համայնքի ղեկավար: Հակառակ դեպքում՝ ավագանին ընտրում է համայնքի ղեկավար: Ավագանին նաև համայնքի ղեկավար է ընտրում գործող ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարելու (հրաժարական, մահ և այլ) դեպքերում:
Գործող օրենսդրությամբ համայնքի ղեկավարին ավագանին ընտրում է գաղտնի քվեարկությամբ: Այդ կարգավորումը համարվում է բավականին խնդրահարույց, ինչը արտահայտվել է Վանաձորում 2016 թվականին: Այն ժամանակ ՀՀԿ-ն ստացել էր 33 մանդատներից 13-ը: Մյուս մանդատները բաշխվել էին ԼՀԿ-ի (10), ՕԵԿ-ի (5), ԲՀԿ-ի (3) և ՀՅԴ-ի (2) միջև: Արդյունքում ավագանին պետք է ընտրեր քաղաքապետ: ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն միասին ունեին 15 մանդատ ու սատարում էին հանրապետական Մամիկոն Ասլանյանին, իսկ ԼՀԿ-ն, ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ն՝ 18 մանդատներով, սատարում էին «Լուսավոր Հայաստանից» Քրիստ Մարուքյանին: Սակայն գաղտնի քվեարկության արդյունքներով, զարմանալիորեն, Մամիկոն Ասլանյանը ստացավ 19 ձայն, իսկ Քրիստ Մարուքյանը՝ 14, և հանրությանն այդպես էլ հստակ հայտնի չդարձավ, թե Մարուքյանին սատարող քաղաքական ուժերից որ մեկի 4 ավագանիները անցան ՀՀԿ-ական Ասլանյանի կողմը:2021 թվականին շրջանառված Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթով առաջարկվում է փոփոխել ավագանու կողմից համայնքի ղեկավարի ընտրության կարգը՝ այն դարձնելով բաց քվեարկությամբ (այնպես, ինչպես Ազգային ժողովն ընտրում է վարչապետին):
Համայնքի ղեկավարը՝ ավագանու անդա՞մ
Գործող Ընտրական օրենսգրքով նախատեսված է, որ համամասնական ընտրակարգով ընտրված ավագանիով համայնքներում համայնքի ղեկավար կարող է ընտրվել միայն ավագանու կազմից, և նա համայնքի ղեկավար դառնալուց հետո շարունակում է մնալ ավագանու անդամ:
Այս կարգավորումը խնդրահարույց է համարվում մասնագիտացած հասարակական կազմակերպությունների կողմից, քանի որ համարվում է, որ համայնքի ղեկավարն առավել գործադիր ֆունկցիաներ է իրականացնում և չի կարող միաժամանակ լինել սեփական գործունեությունը վերահսկող ավագանու անդամ: Եթե համեմատենք պետական կառավարման հետ, ապա դա նման կլիներ նրան, որ վարչապետը միաժամանակ լիներ նաև ԱԺ պատգամավոր:
Տեղական ինքնակառավարման մեջ մասնագիտացած ՀԿ-ներն առաջարկում են սահմանել, որ համայնքի ղեկավար ընտրվելիս վերջինս դադարում է լինել ավագանու անդամ, և այդ մանդատը փոխանցվում է նույն կուսակցության ցուցակի հաջորդ համարին: Այդուհանդերձ, Ընտրական օրենսգրքի փոփոխություններով այս կանոնակարգման փոփոխություն նախատեսված չէ:
Կանանց և ըստ բնակավայրերի քվոտան
Գործող Ընտրական օրենսգրքով նախատեսված է, որ ՏԻՄ ընտրություններում կուսակցությունների ցուցակներում կանանց քվոտան նախքան 2021 թվականի ընտրությունների համար՝ 25, իսկ 2021 թվականից սկսված բոլոր ընտրությունների համար 30 տոկոս է: Այդուհանդերձ, այդ մեխանիզմների թերության արդյունքում նույնիսկ այդ թիվը (25 տոկոսը) չէր պահպանվել Գյումրիի և Վանաձորի պարագայում:
2021 թվականին շրջանառված Ընտրական օրենսգրքի փոփոխություններով առաջարկվում էր ներդնել մեխանիզմներ, որոնք կերաշխավորեն, որ համամասնական ընտրակարգով ընտրված ավագանիներում կանանց թիվը լինի 30 տոկոսից ոչ պակաս:
Միաժամանակ, 2021 թվականին շրջանառված նախագծով, նախատեսվում էր նաև համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություններում ըստ բնակավայրերի քվոտա: Մասնավորապես, ըստ նախագծի, ցանկացած միավորված (մի քանի բնակավայր ներառող) համայնքի ընտրություններին մասնակցող կուսակցությունները (ու դաշինքները) իրենց նախընտրական ցուցակում պետք է ունենան ներկայացուցիչներ համայնքի մեջ ներառված բնակավայրերի գոնե 50 տոկոսից:
Այսինքն՝ եթե համայնքը ներառում է, օրինակ, 5 բնակավայր, ապա ցուցակում պետք է լինեն առնվազն 3 բնակավայրերում վերջին կես տարին բնակվող թեկնածուներ: