«Կուսակցությունների մասին» օրենքը նոր կանոններ է սահմանում

Այս օրինագծով խստացվում են կուսակցությունների՝ հատկապես ֆինանսավորման և ֆինանսական ծախսերի թափանցիկության պայմանները: Նախ պետությունն ինքն է ավելացնում կուսակցությունների ֆինանսավորումը, փոխում է ֆինանսավորման բանաձևը՝ քիչ ձայն ստացածներին՝ շատ, շատ ձայն ստացածներին՝ քիչ փող, սկզբունքով։

Եթե մինչև հիմա պետությունը ֆինանսավորում էր վերջին խորհրդարանական ընտրություններում 3 տոկոս և ավելի ձայն ստացած կուսակցություններին, ապա հիմա այդ շեմը դարձել է 2 տոկոս։ Եթե գործող օրենքով կուսակցությունը յուրաքանչյուր քվեի համար ստանում է 40 դրամ, ապա փոփոխված նախագծով մինչև 5 տոկոս ձայն ստացած կուսակցության յուրաքանչյուր քվեի համար սահմանվում է 1000 դրամ, 5-15 տոկոսի դեպքում՝ 500 դրամ: 15-25 տոկոս ձայն ստացած ուժի յուրաքանչյուր քվեն կլինի 250 դրամ, 25 տոկոսից ավելիի դեպքում՝ 125 դրամ:

«Իմ քայլը» առաջարկում է թույլ չտալ, որ գործարարներն ու ընկերությունները, ինչպես նաև օտար երկրներն ու կազմակերպությունները Հայաստանում գրանցված կուսակցություններին գումար փոխանցեն: ՀՀ-ում գրանցված կուսակցությունները կարող են ֆինանսավորվել միայն ՀՀ քաղաքացիների կողմից՝ հանգանակությունների կամ պետբյուջեի հատկացումների միջոցով։ Ընդ որում, նվազելու է նաև մեկ տարվա ընթացքում յուրաքանչյուր քաղաքացու կատարած նվիրատվության չափը՝ 2,5 մլն դրամ՝ 10 միլիոնի փոխարեն:

Պետությունը, ավելացնելով կուսակցությունների ֆինանսավորումը, պահանջում է, որ քաղաքական կազմակերպություններում այդ գումարներով ավելի շատ երիտասարդներ և կանայք ներգրավվեն, հակառակ պարագայում պետությունից ֆինանսներ չեն տրվի:

Նախագծով կուսակցությունների նկատմամբ ընթացիկ ֆինանսական վերահսկողությունը ԿԸՀ-ից փոխանցվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։ Որպես թափանցիկության գրավական՝ սահմանվում է կուսակցությունների՝ բացառապես անկանխիկ ֆինանսավորումը:

Կուսակցություններին, սահմանված պահանջները խախտելու դեպքում, սպառնում է գործունեության դադարեցումը։

Փոփոխությունները մշակած աշխատանքային խմբի ղեկավար Համազասպ Դանիելյանը նախագիծը ներկայացնելիս տեղեկացրեց, որ սերտորեն համագործակցել են թե պետական գերատեսչությունների՝ արդարադատության նախարարության, ԿԸՀ-ի, ՄԻՊ-ի գրասենյակի, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, մասնագիտական փորձ ունեցող ՀԿ-ների ու փորձագետների հետ։ «Հանդիպումներ ենք ունեցել նաև արտախորհրդարանական կուսակցությունների հետ, մարզային հանդիպումների շարք է եղել։ 2020թ. սկզբին նախագիծն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով, մարտին ունեինք կարծիք, որի շրջանակում որոշ փոփոխություններ արեցինք։ Այս դժվար պայմաններում այս նախագծի քննարկումը կարևոր է, քանի որ դրա առանցքային նպատակը ավելի առողջ քաղաքական դաշտ ունենալն է: Նպատակ է նաև այնպիսի կուսակցական համակարգը, որտեղ կուսակցությունները կլինեն պակաս անձնակենտրոն, պակաս ապագաղափարական, հաշվետու և թափանցիկ»,- ասաց Համազասպ Դանիելյանը։

Կուսակցություն բացելը՝ 1 մլն դոլար

Այս օրենքի քննարկմանը գրեթե չմասնակցեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, իսկ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց, թե նախագիծը չի կայունացնելու քաղաքական համակարգը, և այն գրեթե չի տարբերվում գործող օրենքից՝ բացի ֆինանսավորման եղանակներից։ «Ի՞նչ կուսակցությունների մասին օրենք։ Տեսեք, թե ինչպես է աշխատում մամուլը, հեռուստաընկերությունները, որոնք սպառում են հանրային մուլտիպլեքսը, որոշում են բլոկ անել ինչ-որ մարդու։ Փող ծախսենք, էս մեկին դարձնենք հերոս, փող ծախսենք, մյուսին դարձնենք դավաճան։ Կուսակցությունների մասին օրենքով դրա դեմը ո՞նց եք առնելու։ Գրե՞լ եք, որ հանրային մուլտիպլեքս սպառող լրատվամիջոցը չի կարող չլուսաբանել պառլամենտական ուժին։ Քաղաքական համակարգը Հայաստանում ոնց հիվանդ կար, այդպես էլ մնաց։ Ում հաջողվում է մի տեղից 1 մլն դոլար գտնել, կուսակցություն է բացում։ Եվ Հայաստանում կուսակցություն բացելը դարձել է եկամտաբեր բիզնես, քանի որ ոչ մեկը չունի 50-60 տոկոս։ Փող կծախսես, մի 10 տոկոս ձայն կտանես, կգաս խշխանության՝ փայատեր կդառնաս»,- ասաց Էդմոն Մարուքյանը։

Նույն խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն էլ մտահոգություն հայտնեց, թե նախագիծը ավելացրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պարտավորությունները, բայց դրանք կատարելու համար չի տվել բավարար գործիքակազմ։ «Եվ մի մտահոգիչ կետ էլ կա. այս ամենը ընդունելու արդյունքում փակվելու են կուսակցություններ։ Կուսակցություններ կան, որոնք ունեն անուն, Հայաստանում պատմական գործողություններ են արել, բայց այսօր այդպես չեն գործում։ Եթե այս նախագիծը մտնի ուժի մեջ, նրանք կարող են փակվել»,- հավելեց պատգամավորը։

«Կուսակցությունները պետք է ոչ թե սպառնալիքների աղբյուր լինեն, այլ ապահովեն երկրի ժողովրդավարական ընթացքն ու զարգացումը»,- հայտարարեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:-Ասաց. «Սակայն դրա համար կուսակցություններն իրենց ներսում պետք է ներքին հակակշիռների մեխանիզմով ժողովրդավար լինեն: Քանի՞ այդպիսի ուժ գիտեք»:

Պատգամավորի խոսքով՝ կարևոր է, թե ովքեր են ստանալու ընտրություններին մասնակցելու և պետության ու ազգի ճակատագիրը վճռելու իրավունք: «Հայաստանի նորագույն պատմությունը ցույց է տալիս, որ իշխանությունը զավթելու համար նախ պետք է զավթել կուսակցության իշխանությունը: Անդրանիկ Մարգարյանի մահից հետո Սերժ Սարգսյանն իր հավատարիմ օլիգարխների հետ մի քանի շաբաթում զավթեց ՀՀԿ-ն: Նման ավտորիտար մոդելով գործող կուսակցությունը իշխանության մաս կազմելուց հետո իր ավտորիտար և ոչ ժողովրդավար կառուցվածքը անպայման պիտի տարածեր ամբողջ պետության և տնտեսության վրա: Սրա համար մեր երկիրը շատ թանկ գին է վճարել»,- հայտարարեց Արման Բաբաջանյանը։

Համազասպ Դանիելյանը եզրափակիչ ելույթում պատասխանելով Էդմոն Մարուքյանին՝ ասաց, թե լրատվամիջոցի աշխատանքը կամ ընտրակարգին վերաբերող հարցերն այս օրենքի շրջանակում չեն կարգավորվում։ «Որևէ երկրում մի օրենք չի կարող առողջացնել հիվանդ քաղաքական համակարգը։ Օրենքն ընդամենը անհրաժեշտ նվազագույն նախապայմանն է, որին պետք է ավելացնել մի քանի հանգամանքներ՝ օրենքի կիրարկումը, աստիճանաբար քաղաքական մշակույթի ձևավորումը»,- ասաց պատգամավորը և պատրաստակամություն հայտնեց մինչև երկրորդ ընթերցումը քննարկել հուզող հարցերը։

Տես ավելին՝ http://parliamentmonitoring.am