2016 թ.-ի մայիսի 17-ին Հայաստանի Հանրապետությունն ընդունեց «Պրոբացիայի մասին» օրենքը, որով երկրում հիմք դրվեց պրոբացիային, և ստեղծվեց քրեակատարողական ծառայությունից անկախ պրոբացիայի ծառայություն: Այս ինստիտուտի ներդնումը պայմանավորված էր երկրում քրեական արդարադատության ոլորտում պատժողական քաղաքականությունից վերականգնողական արդարադատության անցնելու անհրաժեշտությամբ: Հանցանք կատարած անձանց վերականգնումն ու սոցիալական վերաինտեգրումն առաջնային նշանակություն ունեն այս գաղափարի համատեքստում։ Օրենքի ընդունումից ու ծառայության գործունեության մեկնարկից ի վեր, սակայն, Պրոբացիայի գործունեության գնահատում, որպես այդպիսին, չի կատարվել, չեն ուսումնասիրվել ոլորտի օրենսդրական
հիմքերն ու դեռևս կարգավորում պահանջող հարաբերությունները: Ծառայության գործունեությունը չի գնահատվել նաև պրակտիկայում, ինչը հնարավորություն կտար գործարկման առաջին իսկ տարիներին նախանշելու հիմնական ռիսկերն ու մարտահրավերները: Չնայած Պրոբացիայի ծառայությունը հանրությանն ու ՀՀ արդարադատության նախարարությանը ներկայացնում է իրականացված աշխատանքների վերաբերյալ պարբերական հաշվետվություններ, սակայն դրանք բովանդակային չեն ևորակական տվյալներ չեն պարունակում, չեն գնահատում արդյունավետությունն ու հնարավոր ռիսկերը: Ոլորտի վերաբերյալ իրականացված առավել համապարփակ ուսումնասիրություն թերևս կարելի է համարել ՀՀ մարդու իրավունքների պաշպանի՝ ՀՀ պրոբացիայի պետական
ծառայության գործունեության մշտադիտարկումը և դրա արդյունքներն ամփոփող 2018 թվականի զեկույցը: Այն արձանագրել է, որ չնայած օրենսդրության մեջ ամրագրվել է վերականգնողական արդարադատության գաղափարը, սակայն դեռևս լուրջ քայլեր պետք է ձեռնարկվեն դրա պրակտիկ կիրառելիությունը պատշաճ ապահովելու համար:
Վերոնշյալի համատեքստում հուսադրող են ՀՀ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թթ.-ի ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2023 թթ.-ի միջոցառումների ծրագիրը, որում ներկայացված են ոլորտի հիմնախնդիրներն ու բարեփոխումների ուղենիշները: Մասնավորապես, որպես բարեփոխումների առաջնային ուղենիշ, ի թիվս այլնի, նշվում են օրենսդրական դաշտի կատարելագործումը, գործող ակտերը միջազգային իրավական չափորոշիչներին համապատասխանեցնելը, ինչպես նաև Պրոբացիայի ծառայության գործունեության արդյունավետության բարձրացումը՝ հատկապես օրենսդրության շարունակական զարգացումը, Պրոբացիայի ծառայության կարգավիճակի վերանայումը, սոցիալական երաշխիքների նախատեսումը, տեխնիկական միջոցներով վերազինումը, պրոբացիայի շահառուների վերասոցիալականացումը: Ռազմավարությունն ու գործողությունների ծրագիրն արդեն իսկ հաստատվել
են ՀՀ կառավարության կողմից, ինչը թույլ է տալիս ակնկալել սահմանված նպատակների ու գործողությունների իրականացում:
Սույն հետազոտությունը կատարվել է՝ հիմք ընդունելով Պրոբացիայի ծառայության շուրջ 4-ամյա գործունեության օրենսդրական հիմքերի, պրակտիկ գործունեության արդյունքների ու նախադրյալների, ինչպես նաև դեռևս առկա մարտահրավերների ուսումնասիրման անհրաժեշտությունը:
Ուսումնասիրությունը բաղկացած է երկու մասից: Առաջին փուլում ուսումնասիրության առարկա են դարձել ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտն ու հարակից օրենսդրությունը՝ վեր հանելով առկա բացերը, հակասություններն ու առաջնահերթ բարեփոխումների ուղղությունները: Ըստ այդմ, ուսումնասիրությունը ցույց է տալիս ծառայության արդյունավետ գործունեության և գործառույթների կատարման հիմնական օրենսդրական խոչընդոտները:
Այս փուլում ուսումնասիրության համար որպես տեղեկատվության հիմնական աղբյուր օգտագործվել են.
— «Պրոբացիայի մասին» ՀՀ օրենքը,
— քրեական արդարադատության ոլորտի օրենսդրական կարգավորումները՝ քրեակատարողական, քրեական և քրեական դատավարության օրենսգրքերը,
— քրեական արդարադատության ոլորտի վերոնշյալ օրենսգրքերի նախագծերը,
— քրեակատարողական ու պրոբացիայի ոլորտների ռազմավարությունը,
— ՀՀ կառավարության վերաբերելի որոշումները,
— ՀՀ արդարադատության նախարարության՝ ոլորտի վերաբերելի հրամանները,
— պրոբացիայի ոլորտի ուսումնասիրություններն ու առկա զեկույցները,
— իրավասու մարմիններին հասցեագրված տեղեկատվական
հարցումները։
Հետազոտության երկրորդ փուլը հիմնվում է Պրոբացիայի ծառայության պրակտիկ գործունեության վրա. այն դեռևս ընթացքի մեջ է, արդյունքները հնարավոր կլինի ներկայացնել կարճ ժամանակ անց: Ընթացիկ փուլն իրականացվում է պրոբացիայի ծառայողների ու շահառուների հետ նպատակային առանձնազրույց-հարցազրույցների հիման վրա՝ նախապես մշակված հարցաթերթիկների միջոցով: Ծառայության պրակտիկ գործունեության ուսումնասիրության
արդյունքները վեր կհանեն ծառայության արդյունավետության աստիճանը շահառուների վերասոցիալականացման գործում, օրենքով նախատեսված միջոցառումների իրագործման ծավալները, բացթողումներն ու դրանց պատճառները, ծառայության նյութական ռեսուրների ու պայմանների վիճակը, դրանց առնչությամբ առկա հիմնախնդիրներն ու անհրաժեշտ փոփոխությունները, համագործակցությունը պետական ևոչ պետական մարմինների հետ, կադրային քաղաքականության հիմնահարցերն ու ծառայողների ծանրաբեռնվածությունը:
Տես ավելին՝ https://epfarmenia.am