«Իրազեկ քաղաքացիների միավորումը» 2014 թվականին հիմնադրված հասարակական կազմակերպություն է, որը գործունեություն է ծավալում Հայաստանում հանրության իրազեկվածության մակարդակի բարձրացման, ապատեղեկատվության դեմ պայքարի, բարեփոխումների առաջմղման և ընտրական գործընթացների մշտադիտարկման ու բարելավման ոլորտներում։
Մասնավորապես, «Իրազեկ քաղաքացիների միավորումը» հանրային կարևորության տարբեր հարցերի, այդ թվում՝ քաղաքացիների ընտրական ու այլ իրավունքների, արտաքին քաղաքականության, բարեփոխումների վերաբերյալ իրականացնում է հանրային իրազեկման արշավներ, քննարկումներ, ճանաչողական միջոցառումներ, դասընթացներ և սեմինարներ։
Կազմակերպությունն ակտիվ միջոցներ է ձեռնարկում ապատեղեկատվության տարածման դեմ պայքարի գործում։ «Իրազեկ քաղաքացիների միավորման» «Փաստերի ստուգման հարթակը» (FIP.am) Հայաստանում փաստերի ստուգմամբ զբաղվող առաջին և առաջատար մասնագիտացված լրատվամիջոցն է։ «Փաստերի ստուգման հարթակը» իր ընթերցողներին ներկայացնում է բացառապես փաստերի վրա հիմնված և ստուգված տեղեկատվություն, որի իսկությունը ստուգելու համար բոլոր հղումները տրվում են ընթերցողին:
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» միջոցներ է ձեռնարկում նաև Հայաստանում լրագրողական դաշտի հմտությունների հզորացման համար, որի նպատակով պարբերաբար կազմակերպում է լրագրողների համար նախատեսված սեմինարներ ու դասընթացներ, իսկ Watchdog (հետաքննական ու փաստերի ստուգման) լրագրության վերաբերյալ վիդեոդասընթացն այդպիսի ամենախոշոր նախագծերից է հայկական տիրույթում։
Կազմակերպության անդամներն ու փորձագետները ներգրավված են տարբեր՝ ընտրական, սահմանադրական, դատաիրավական, հակակոռուպցիոն, ոստիկանական և այլ ոլորտներում բարեփոխումների աշխատանքային խմբերում ու հանձնաժողովներում։ Կարևորելով երկրում ընթացող բարեփոխումների վերաբերյալ հանրության իրազեկվածությունն ու ներգրավվածությունը՝ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» գործարկել է Reforms.am կայքը, որում համառոտ և մանրամասն տեղեկություններ կան յուրաքանչյուր ոլորտի բարեփոխումների վերաբերյալ։
«Իրազեկ քաղաքացիների միավորման» կարևոր հարթակներից է նաև Umdimel.am կայքը, որը բազմապրոֆիլ և օգտակար ուղեցույց է տարաբնույթ իրավական խնդիրներ ունեցող քաղաքացիների համար, որոնք կայքի շնորհիվ կարող են կողմնորոշվել, թե ինչ անել և ում դիմել հանրային մարմինների հետ ծագած հարցերի դեպքում։
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» իր գործընկերների հետ միասին պայքարում է Հայաստանում ընտրությունների որակի բարելավման համար՝ թե´ընտրություններում բազմաբաղադրիչ դիտորդություն իրականացնելով և թե´ ընտրական բարեփոխումների վրա ազդելու միջոցով: Այդ առաքելության սահմաններում, 2017 թվականից «Իրազեկ քաղաքացիների միավորումը» մասնակցում է «Անկախ դիտորդ» նախաձեռնությանը, իսկ 2019 թ․ ՏԻՄ և 2020 թ․ համապետական ընտրությունների ժամանակ ինքնուրույն դիտորդական առաքելություն է իրականացրել Արցախի Հանրապետությունում։
Լինելով քաղաքացիական հասարակության միջազգային կառույցների անդամ՝ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» հռչակել և մշտապես հավատարիմ է մնում մի շարք սկզբունքային արժեքների։ Մասնավորապես, կազմակերպությունն առաջնորդվում է ժողովրդավարական արժեքների առաջմղման նպատակով, որևէ պարագայում չի արդարացնում ագրեսիվ պատերազմները, մարդու իրավունքների ոտնահարումները, ինչպես նաև մարդկության կամ բնության դեմ հանցագործությունները։
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» չի ներկայացնում որևէ քաղաքական կուսակցության կամ այլ խմբի շահեր:
Մեր գործունեության գնահատականը մենք տեսնում ենք ոչ միայն բազմաթիվ քաղաքացիների և մեր հարթակների ընթերցողների ամենօրյա արձագանքների տեսքով, այլև պաշտոնական մրցանակների։
«Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, մասնավորապես, սկզբունքային ու խիզախ գործունեության և քաղաքացիական հասարակության զարգացման գործում նշանակալի ներդրման համար 2017 թվականին արժանացել է Ամալյա Կոնստանյանի անվան մրցանակին, ինչպես նաև պարգևատրվել Кавказский Узел՝ կովկասյան երկրներում մարդու իրավունքների հետ կապված խնդիրների լուսաբանմամբ զբաղվող ռուսալեզու կայքի Герой Кавказа մրցանակով։
Նույն տարում կազմակերպության փաստերի ստուգման հարթակը ստացել է Երևանի մամուլի ակումբի մրցանակը՝ կեղծ տեղեկատվության տարածմանը դիմագրավելու նախաձեռնության համար։
2017 թվականին «Իրազեկ քաղաքացիների միավորումը» Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխության շրջանակներում ստացել է «Արդարության և թափանցիկության խթանում» մրցանակը՝ Հայաստանում ժողովրդավարական և թափանցիկ ընտրական գործընթացի խթանման ուղղությամբ ներդրած ջանքերի համար։ 2019 թվականին «Իրազեկ քաղաքացիների միավորումը» ստացել է ԵԱՀԿ-ում 35 անդամ-պետությունների ներկայացուցչությունների կողմից տրվող Ժողովրդավարության պաշտպանության մրցանակը։