Հայաստանում որակյալ և մրցունակ հանրակրթությունը շարունակում է մնալ անհասանելի կամ քիչ հասանելի: Դրա պատճառներից մեկը սոցիալական կոմպոնենտն է: 2019թ.-ին, ըստ տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտության արդյունքների, նախադպրոցական հաստատություններում համախառն ընդգրկվածությունը (մինչև 6 տարեկան երեխաների թվաքանակից) կազմել է 34% և տարբերվում է ըստ աղքատության մակարդակի: Ոչ աղքատ տնային տնտեսություններում այն կազմել է 37%, աղքատ (առանց ծայրահեղ աղքատների) և ծայրահեղ աղքատ տնային տնտեսություններում համապատասխանաբար՝ 27% և 24%: Այն տնային տնտեսությունները, որոնք 2019թ.-ին ունեին դպրոցում սովորող աշակերտ, միջինում ծախսել են մեկ աշակերտի հաշվով ամսական 7 620 դրամ, որից` դասագրքերի վրա` 6 43 դրամ, մասնավոր դասերի համար` 10 571 դրամ, վարձավճարի համար՝ 30 128 դրամ, իսկ կրթության այլ ծախսերի վրա` 949 դրամ: Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը բացի սոցիալականից` ընդգծում է նաև առաջարկի և պահանջարկի բաղադրիչը: Ըստ նրա` կարևոր է, որ աշակերտի մոտ առաջանա սովորելու պահանջարկ: Միևնույն ժամանակ փորձագետը շեշտում է` հնարավոր չէ ունենալ սովորող աշակերտ, եթե չկա սովորող ուսուցիչ: Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը ևս փաստում է այս խնդրի մասին` հավելելով, որ բնագիտական առարկաների ուսուցիչների պակասն է ամենաշատը աչքի զարնում: Հաջորդ խնդիրը, որը սպառնում է որակյալ հանրակրթություն ունենալուն, ըստ փորձագետի, առնչվում է ծնողական համայնքին: Արտաշես Թորոսյանն էլ իր հերթին հավաստիացնում է` ծնողները հաճախ ուսւոցիչներին սովորեցնում են` ինչպես դասավանդել: Նրա խոսքով` հանրությունը պետք է լինի պահանջ ներկայացնող, բայց ոչ ճնշում գործադրող: Մեր զրուցակիցը բարձրացնում է ևս մեկ խնդրիր, որին բախվում են մանկավարժները: Սերոբ Խաչատրյանը որակյալ հանրակրթության ապահովման հարցում կարևորում է դպրոցների կառավարման հարցը, շեշտում է` առանձնակի ուշադրություն պետք է դարձնել տնօրենի ընտրությանը: Արտաշես Թորոսյանի կարծիքով` մենք չունենք, այսպես ասած, դպրոցի տնօրենի դպրոց, չունենք տնօրենին ուղղված գրականություն, մեթոդական ուղեցույցներ, կոլեկտիվն էլ տնօրենի ընտրության հարցում հաճախ պահպանողական մոտեցում է ցուցաբերում: Կրթության փորձագետը որակյալ հանրակրթություն ունենալու հարցում հատուկ կարևորություն է տալիս Կրթության և գիտության նախարարության աշխատելաոճին. ըստ նրա` փաստաթղթեր մշակելը մի բան է, սկզբունքային կադրերին աշխատանքում ներգրավելը` այլ բան: Վերջին մեկ տարում որակյալ հանրակրթության ապահովման համար լրջագույն խնդիր է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն ու դրանից բխող հետևանքները: Ըստ 2020 թվականի տվյալների` երեխաների մի մեծ խումբ դուրս է մնացել հեռավար ուսուցման շրջանակից. խոսքը ամբողջ հանրապետությունում աշակերտների 15-20 տոկոսի մասին է: Արտաշես Թորոսյանի խոսքով` հեռավար կրթության իրականացման արդյունքում ունենք որակի զգալի անկում: Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնը այս խնդիրը գոնե մասնակի լուծելու նպատակով ուսուցիչներին կտրամադրի հեռավար ուսուցման մեթոդական ծրագրեր և ռազմավարություն:
Տես ավելին՝ https://factor.am