Սույն հետազոտությունը նվիրված է ՀՀ Զինված ուժերում ներգրավված կանանց ծառայության որոշ հիմնախնդիրների բացահայտմանն ու ՀՀ ԶՈՒ արդի բարեփոխումների համատեքստում իգական սեռի ներկայացուցիչների` բանակում ծառայության մեջ ներգրավման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման վերաբերյալ առաջարկությունների մշակմանը: ՀՀ ԶՈՒ ներկայիս բարեփոխումներն ուղղված են բանակ-հասարակություն առավել արդյունավետ համագործակցմանն ու հասարակության լայն շերտերի կողմից Հայոց բանակին` որպես պետության և հասարակության անվտանգության երաշխիքի, սատարմանը: Ներկայիս բարեփոխումները, բացի զորակոչային տարիքի արական սեռի ներկայացուցիչների մոտ զինծառայության վերաբերյալ դրական պատկերացումների և վերաբերմունքի ձևավորման սոցիալ-հոգեբանական մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունից, ենթադրում են պայմանագրային սկզբունքով զինված ուժերում որակյալ մասնագերների` տղամարդկանց և կանանց ավելի ակտիվ ներգրավման մեխանիզմների ստեղծում: Գենդերային հավասարությունն ընկած է ՀՀ Սահմանադրության հիմքում, որի 46-րդ հոդվածով սահմանում է նաև երկու սեռերի հավասար պարտականությունը` մասնակցելու ՀՀ պաշտպանությանը. “Յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է օրենքով սահմանված կարգով մասնակցել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը:” Չնայած դրան, ՀՀ ԶՈՒ առկա պայմանները ենթադրում են համապատասխան բարեփոխումներ` իգական սեռի ներկայացուցիչների զինծառայության ապահովման համար` հաշվի առնելով հայաստանյան հասարակության մեջ կնոջ և տղամարդու սոցիալական դերերի վերաբերյալ ընդունված պատկերացումները, օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնները: Մի կողմից, հայաստանյան հասարակության արդի “ոչ պատերազմ, ոչ խաղաղություն” իրավիճակն ու չորս անմիջական հարևաններից երկուսի կողմից ՀՀ հանդեպ թշնամական քաղաքականությունը ենթադրում են հասարակության ավելի ակտիվ ներգրավվածություն պետության պաշտպանության գործում, որի համար հաճախ որպես օրինակ է դիտվում Իսրայելի պաշտպանության բանակը: Այս համատեքստում հատկանշական է վերջին տարրիներին ՀՀ ՊՆ երկու ռազմական ինստիտուտներում իգական սեռի կուրսանտների ընդունելության գործընթացի արդյունավետ իրականացումը:
Մյուս կողմից, անհրաժեշտ է ուսումնասիրել Հայոց բանակում արդեն ընդգրկված կանանց ընկալումներն իրենց սոցիալական դերի և կարգավիճակի, իրենց հանդեպ հասարակության վերաբերմունքի, առկա առավելությունների և դժվարությունների վերաբերյալ, ինչը կարող է նպաստել բանակում իգական սեռի ներկայացուցիչների ավելի ակտիվ ներգրավման հետ կապված խնդիրների և ռիսկերի բացահայտմանն ու լուծմանը: Սույն հետազոտության խնդիրներն էին.
1. Պարզել ՀՀ ԶՈՒ-ում ընդգրկված իգական սեռի ներկայացուցիչների ինքնընկալման, արական սեռի զինծառայողների հետ շփման, գործառույթների կատարման առանձնահատկությունները, ինչպես նաև առկա դժվարություններն ու խնդիրների լուծման կիրառելի մեխանիզմները,
2. Բացահայտել զինծառայող կանանց կարծիքը զինծառայության առկա պայմանների և անհրաժեշտ բարեփոխումների վերաբերյալ,
3. Պարզել ՀՀ ԶՈՒ-ում ընդգրկված իգական սեռի ներկայացուցիչների դրդապատճառները` ծառայությանն անցնելու, այն շարունակելու կամ դադարեցնելու վերաբերյալ,
4. Բացահայտել զինծառայող կանանց վերաբերմունքը հասարակության մեջ կնոջ սոցիալական դերերի վերաբերյալ առկա կարծրատիպերի մասին, այդ կարծրատիպերի առկայությունն ու շրջանառության բնույթը զինվորական կոլեկտիվներում:
5. Ներկայացնել ՀՀ ԶՈՒ բարեփոխումների շրջանակներում իգական սեռի ներկայացուցիչների զինծառայության բարելավմանն ուղղված առաջարկություններ:
Հետազոտության շրջանակում իրականացվել են 25 խորին հարցազրույցներ ՀՀ ԶՈՒ-ում ընդգրկված իգական սեռի ներկայացուցիչների հետ, որոնք տարբեր կոչումներում և պաշտոններում ընդգրկված են ՀՀ ՊՆ-ում, ԳՇ-ում, Երևանի զորամասերում, ռազմական ինստիտուտներում /ներառյալ իգական սեռի 3 կուրսանտ/: Բացի այդ, իրականացվել է 10 փորձագիտական հարցում ռազմական ոլորտի փորձագետների հետ: Իրականացվել է նաև փաստաթղթերի վերլուծություն և համադրում:
Բացահայտված խնդիրներից կարելի է առանձնացնել հետևյալները.
Հայաստանյան արդի հասարակության մեջ տարածված սպառողական մշակույթն անդրադառնում է այնպիսի արժեքի վրա, ինչպիսին է հայրենասիրությունը: Համապատասխանաբար, զինծառայության արդյունավետության խթանման համար, բացի բարոյական խրախուսման, անհրաժեշտ է հստակ ռացիոնալ և լայն շերտերի կողմից ընկալելրի փաստարկների ամբողջություն, որոնց թվում պետք է լինեն հասարակության մեջ զինծառայող կանանց և տղամարդկանց սոցիալական բարձր կարգավիճակը, սոցիալական ապահովման երաշխիքները, որոնք կապահովեն զինծառայողների մրցունակությունը այլ սոցիալական խմբերի հետ համեմատ:
Իգական սեռի ներկայացուցիչների զինծառայության արդյունավետության բարձրացման և նոր սերնդի կանանց ներգրավման համար անհրաժեշտ են ենթակառուցվածքային լրացուցիչ բարեփոխումներ: Սա, մասնավորապես,
վերաբերում է ռազմական ինստիտուտներում սովորող իգական սեռի կուրսանտների` զորամասեր գործուղվելու խնդրին, որի հետ կապված զորամասերում անհրաժեշտ են համապատասխան ենթակառուցվածքներ և
պայմաններ:
Բացահայտվել է, որ ռազմական ինստիտուտներում ուսանող իգական սեռի կուրսանտներին, ինչպես նաև զորամասեր գործուղվող իգական սեռի շրջանավարտներին ղեկավարության և հրամկազմի կողմից ցուցադրվում է
լիարժեք աջակցություն, այդ թվում` զինվորական կոլեկտիվում հարմարման գործընթացում:
Հայաստանյան հասարակության մեջ առկա կարծրատիպերը, որոնց համաձայն կանայք դարձյալ չեն ընկալվում որպես անվտանգային համակարգի կարևոր մասը և դիտվում են առավելապես որպես կենցաղային մակարդակում որոշումներ ընդունողներ, հակասության մեջ է մտնում կնոջ դերի և գործառույթների իրական բազմակողմանիության, մասնավորապես, անվտանգային ոլորտում հայ կանանց պատմական և ներկայիս կարևորագույն դերի հետ:
Հարցված զինծառայող կանանց և փորձագետների կարծիքով, մոտ ժամանակներում իգական սեռի ներկայացուցիչների և, մասնավորապես, սպայական կազմում կանանց քանակի ավելացումը կնպաստի նաև այդ
սոցիալական խմբի` զինվորական կոլեկտիվներում և առհասարակ հասարակության մեջ ավելի արդյունավետ հարմարմանը, կարծրատիպերի հաղթահարմանը և առավել բարենպաստ ենթակառույցների ձևավորմանը:
Կարևորվում է իրավունքի ուժի գերակայությունը` զինծառայողների, այդ թվում` և’ տղամարդկանց, և’ կանանց իրավունքների հավասար պաշտպանության, հասարակության մեջ զինծառայողների համար բարձր սոցիալական կարգավիճակ և երաշխիքներ ապահովելու առումով:
Կարևորվել է հայաստանյան ԶԼՄ-ների աշխատանքի արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը` բանակի և զինծառայության վարկանիշի բարձրացման առումով: Մասնավորապես, անհրաժեշտ է բազմազանեցնել և
բարելավել զինվորական առօրյան լուսաբանող տեղեկատվությունը, լիարժեքորեն անդրադառնալ զինծառայող կանանց կերպարին` կանխելով հնարավոր թերընկալումներն ու ասեկոսեներով առաջնորդվող հանրության կարծրատիպերը։
Տես ավելին՝ http://www.ysu.am/files