Ըստ փորձագետների` դատաիրավական համակարգում ու կոռուպցիայի դեմ պայքարում իշխանությունը կաղում է

Հեղափոխությունից 2 տարի անց ոչ թե պետք է խոսել դատական համակարգի բարեփոխումների ձախողման մասին, այլ այդ ժամանակը վատնելու և հնարավորությունները չօգտագործելու մասին, կարծում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

«Մենք շատ ավելի կարևորում ենք ոչ միայն փաստի արձանագրումը, այլ նաև այդ փաստի առաջացման պատճառները, որովհետև դրանք պայմանավորված են կառավարման հետ, պայմանավորված են խնդիրները բարձրաձայնողներին ոչ պատշաճ լսելու հետ: Տարբեր պատճառներ կան, թիրախավորելու հետ, ի վերջո այդ խնդիրների ջատագովը ըստ էության մենք էինք` իրավապաշտպան կազմակերպություններս, քաղհասարակության մի խումբ ներկայացուցիչներս, և զարմանալիորեն այդ մասնակցային գործընթացը, կարող ենք ասել, ձախողվեց»,- նշեց Սաքունցը:

Երեկ Ազգային ժողովում կառավարության 2019-ի ծրագրի կատարողականը ներկայացնելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում անկախ, վստահելի դատական համակարգ ունենալու հարցը չի լուծվել։ Իրավապաշտպանները դատական համակարգի խնդիրների մասին դեռ 2018-ին էին բարձրաձայնում։

2 տարին բավարար էր դատաիրավական նոր համակարգ ունենալու համար, նկատում է իրավապաշտպանը.- «Մենք միշտ ենթադրել ենք, որ իշխանությունն ուզում է, ցանկություն ունի և քաղաքական կամք ունի, և ելնելով այդ եզրակացությունից կամ ենթադրությունից` մենք առաջարկություններ ներկայացրել ենք անընդհատ, այնպես որ ուզելու կամ չուզելու հարց չպետք է լիներ, քայլեր կատարելու հարցը պետք է լիներ, որը չի արվել ժամանակին, կամ արվել են այն քայլերը, որոնք ընդհանրապես չէին կարող բերել այդ համակարգային փոփոխությանը: Մենք արձանագրում ենք դա: Մենք ժամանակին անընդհատ ենք ասել, որ առանձին հատային խնդիրները` պետերի փոփոխությունը, Սահմանադրական դատարանի մեկ կամ երկու անդամի փոփոխությունը համակարգային փոփոխություններ չեն»։

Ամենահեղինակավոր իրավապաշտպան կառույցներից մեկի` Վաշինգտոնում գործող Freedom House-ի փորձագետները երեկ հրապարակած ամենամյա զեկույցում նշել են. «Հայաստանում հարկավոր է լուրջ ներդրումներ իրականացնել օրենքի գերակայությունն ու անկախ հաստատություններին աջակցություն ապահովելու նպատակով: Խոսքը մասնավորաբար դատական համակարգի և ոստիկանության համապարփակ բարեփոխումների մասին է»։

Իր կառավարության ամենամեծ ձախողումը երեկ Նիկոլ Փաշինյանը համարեց նաև ժողովրդից գողացված փողերի վերադարձի գործընթացը։ Ասաց՝ կոռուպցիայի դեմ պայքարում ունեն անհաջողություններ, միևնույն ժամանակ վիճակագրություն նշեց. — «Օրինակ` Հատուկ քննչական ծառայությունը 2019 թվականին պետական բյուջե է վերադարձել 7 անգամ ավելի շատ գումար, քան իր գոյության ողջ պատմության ընթացքում։ Ե՛վ Ազգային անվտանգության ծառայությունը, և՛ Քննչական կոմիտեն, և՛ Ոստիկանությունը նախկինի համեմատ պետական բյուջե վերադարձված գումարների թվերը տասնապատկել են, բայց միևնույնն է, ես համարում եմ, որ մենք այս ոլորտում, կոռուպցիայի դեմ պայքարում ունենք անհաջողություններ»։

 

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը, արխիվ
«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը, արխիվ

 

Կոռուպցիայի դեմ պայքարում բավականին համեստ արդյունքներ են արձանագրված, կարծում է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը: Ասում է՝ Հայաստանում կոռուպցիան դեռ շարունակում է լուրջ խնդիր մնալ.- «Սոցիալ-տնտեսական իրավիճակը երկրում, այսինքն` ժողովրդի կենսամակարդակը, տնտեսական համակարգը այնպիսին չեն, որ մենք ունենանք իսկապես կառավարելի և ցածր մակարդակի կոռուպցիա երկրում»:

Նշենք, որ Հայաստանը 2019 թվականին 2018-ի համեմատ 7 կետով բարելավել է իր ցուցանիշը կոռուպցիայի ընկալման համաթվով՝ 42` գրավելով 77-րդ տեղը։ Հայաստանն այդ ցուցանիշով տարածաշրջանում զիջում է միայն Վրաստանին, որը զբաղեցնում է 44-րդ տեղը, իսկ մյուս երկրներից առաջ է։

Տես ավելին՝ https://www.azatutyun.am