Պատգամավոր Հակոբ Հակոբյանը, ամենայն հավանականությամբ, վաղը կընտրվի Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում:
Հակոբ Հակոբյանի թեկնածությունն առաջարկվել է Հայաստանի հանրապետական կուսակցության խմբակցության կողմից:
«Ելք» կուսակցությունների դաշինքի պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հարց ուղղելով Հակոբյանին` ասաց. «Ես այսօր շրջում էի Ազգային ժողովի շենքով, այն բացարձակապես հարմարեցված չէ հաշմանդամություն ունեցող մարդկանց համար: Արդյոք սա կլինի՞ Ձեր առաջիկա գործունեության համար հարց, որին կանդրադառնաք»:
Հարցին Հակոբյանը սկզբում չանդրադարձավ, միայն Գորգիսյանի դիտարկումից հետո ասաց. «Ճիշտ եք ասում, որ չանդրադարձա: Ես ասացի, որ և´ առողջապահության համակարգը, և՛ սոցիալական ապահովության համակարգը պետք է դրված լինեն կանխարգելիչ գործողությունների վրա: Այո´, ցավոք այդպես է [մատչելիությունը]: Ա´յ, եթե դուք նայեք սոցիալական աջակցության մասին օրենքը…»
Թեկնածուի խոսքը կիսատ մնաց, քանի որ պատասխանի ժամանակը լրացավ:
Հակոբ Հակոբյանը նախորդ գումարման Ազգային ժողովում էլ էր ղեկավարում սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը:
Հենց այդ հանձնաժողովն էր դրական եզրակացություն տվել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագծին: Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի հետ այդ նախագծի անհամապատասխանության մասին մտահոգություն էր հայտնել նաև Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեն:
Նախագծի ներկայացման ժամանակ պատգամավորը մի շարք խտրական և հաշմանդամության մարդու իրավունքների մոդելին հակասող թեզեր էր առաջ քաշել՝ ասելով. «Հաշմանդամության մասին ամենալավ օրենքի կիրառումը դա հաշմանդամ չունենալն է… Օրենքը խրախուսում է հաշմանդամությունը»:
«Մենք հստակ գիտենք, թե մարդն ինչու է հաշմանդամ դարձել: Առողջապահության համակարգի միջոցով հստակ պետք է փակել բոլոր այն ճանապարհները, որոնց պատճառով մենք ձեռք ենք բերում հաշմանդամներ… Երբ մարդիկ առողջության կամ որևէ պատճառով դրդված ձգտում են դառնալ, դիմում են հաշմանդամ դառնալու, ո՞րն է լինելու համակարգի խնդիրը` ամեն ինչ անել բոլոր ճանապարհներով մարդկանց հաշմանդամություն չտալու,- ասել էր հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, ավելացնելով,- 7 տոկոս հաշմանդամ ունենալը ցանկալի չէ»:
Այս ելույթին անդրադարձ էր կատարվել նաև Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի կողմից Ժնևում: Հայաստանի զեկույցը դիտարկելիս կոմիտեի հատուկ զեկուցողը մեջբերել էր ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հակոբ Հակոբյանի խոսքը՝ որակելով այն չափազանց խտրական: Այս հարցի հնչելուց հետո անգամ Հայաստանի կառավարության պատվիրակությունն արձագանքել էր ծիծաղով:
Տեղեկացնենք նաև, որ ԱԺ-ն գերադասեց այլևս չունենալ առանձին մարդու իրավունքների մշտական հանձնաժողով: «Ելք» և «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքների առաջարկները՝ պահպանել հանձնաժողովը, չընդունվեցին:
Տես ավելին՝ https://disabilityinfo.am