Կրթությունը սոցիալ-տնտեսական տարբերությունները հաղթահարելու լավագույն միջոցն է: Կրթության որակը և սոցիալական արդարությունը հանդիսանում են աղքատությունը վերացնելու և համընդհանուր բարեկեցությունն իրականություն դարձնելու կարևորագույն նախադրյալներ (Bowles, Gintis, & Osborne 2005; Goldthorpe,
2013): Բոլոր սովորողների համար որակյալ կրթություն ստանալու հավասար հնարավորության երաշխավորումը դեռևս լուրջ մարտահրավեր է բազմաթիվ պետությունների՝ ներառյալ Հայաստանի համար (e.g., Gorard & Smith, 2004; van Damme & Bellens, 2017):
Թեպետ Հայաստանի օրենսդրությամբ էական իրավական հիմքեր են նախատեսված կրթության իրավունքի իրացման հավասար հնարավորությունների և կրթության հասանելիության ապահովման, կրթության որակի ու սոցիալական արդարության երաշխավորման համար, սակայն, դատելով ներպետական և միջազգային վերջին հետազոտությունների արդյունքներով (Dye, 2003; OSF, 2017) կարելի է եզրակացնել, որ ստեղծված իրավական հիքերի առկայությունը դեռևս բավարար չէ: Կրթության որակին, ապա միջազգային ստուգատեսներում հայաստանցի աշակերտների ցուցաբերած արդյունքները վկայում են տարածաշրջանի այլ պետությունների համեմատ Հայաստանի կրթական համակարգի հարաբերականորեն ցածր որակի և արդյունավետության մասին, որը մտահոգություն է առաջացնում
կրթական ձեռքբերումների կայունության և տնտեսական զարգացման վերաբերյալ: Գծապատկեր 1-ում և 2-ում ներկայացված է Մաթեմատիկայի և Բնագիտության միջազգային միտումների (TIMSS) ստուգատեսի շրջանակում Հայաստանի և ընտրված մի քանի ուղենշային պետությունների 8-րդ դասարանի աշակերտների առաջադիմությունը՝ մաթեմատիկայի և բնագիտական առարկաների ուղղությամբ (TIMSS; Mullis, Martin, Gonzalez & Chrostowski, 2004; Mullis, Martin, Foy & Arora, 2012):
Հայաստանը հետ է մնում միջազգային միջին ցուցանիշից (սահմանված է 500 միավոր). մասնավորապես մաթեմատիկայի և բնագիտական առարկաների ստուգատեսներում զիջում է ընտրված ուղենշային պետություններին՝ Ղազախստանին, Լիտվային և Ռուսաստանին: Ավելին, նշված երկու առարկաների առումով Հայաստանի աշակերտների արդյունքները համեմատաբար անփոփոխ են մնացել կամ անգամ վատթարացել են 2003-ից 2015 թվականների ընթացքում, մինչդեռ Ղազախստանի և Ռուսաստանի ցուցանիշները հիշյալ նույն ժամանակահատվածում բարելավվել են: Ընդհանուր առմամբ Հայաստանի 8-րդ դասարանի աշակերտների 21%-ի արդյունքները ցածր են եղել 2015-ի՝ TIMSS-ով սահմանված արդյունքային նվազագույն մակարդակից,
մինչդեռ Ռուսաստանի Դաշնությունում և Ղազախստանում այդ մակարդակին չեն հասել աշակերտների համապատասխանաբար ընդամենը 5%-ը և 2%: Դա վկայում է Հայաստանում կրթության որակի լճացման մասին և էլ ավելի առաջնահերթ դարձնում ստեղծված իրավիճակի պատճառների և դրանց հաղթահարման ուղիների
վերլուծության հրատապությունը:
Տես ավելին՝ https://www.osf.am