Գյուղատնտեսությունը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության (ՀՀ) տնտեսության հիմնական ճյուղերից մեկը և տարիներ շարունակ պետական կառավարման մարմինները տարբեր ծրագրերի և նախաձեռնությունների միջոցով խթանում են ոլորտի զարգացումը։ Այդուհանդերձ, անասնապահության ոլորտն
այսօր էլ բազում մարտահրավերներ ունի, որոնցից ամենանշանակալիցը անասնապահական մթերքների արտադրության ծավալների աճի ապահովումն է՝ հիմնվելով ոչ թե անասնագլխաքանակի ավելացման, այլ՝ արտադրողականության բարձրացման վրա՝ կազմակերպելով արդյունավետ պահվածք և կերապահովում։
Նկատի ունենալով, որ հանրապետությունում արոտավայրերն ու խոտհարքները հանդիսանում են կենդանիների կերի ապահովման հիմնական աղբյուր, ապա դրանց՝ հատկապես արոտավայրերի կայուն կառավարման ապահովումը խիստ արդի խնդիր է։
Համաձայն ՀՀ Կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տվյալների՝ ՀՀ հողային ֆոնդի ավելի քան 68% գյուղատնտեսական նշանակության հողատեսքեր են, որոնց կեսից ավելին՝ 1 172 576 հեկտարը կազմում են բնական կերհանդակները՝ արոտավայրերը և խոտհարքները։ Արոտավայրերն ու խոտհարքները առավելապես օգտագործվում են անասնապահությամբ զբաղվող գյուղացիական տնտեսությունների կողմից և
ներկայումս տարեկան արտադրված մսի ավելի քան 50%-ը, կաթի մոտ 70%-ը և բրդի գրեթե 100%-ը գոյանում է արոտային կերի օգտագործման արդյունքում։ Կախված համայնքում առանձին տնային տնտեսությունների ունեցած
անասնագլխաքանակի մեծությունից, տեսակից, ինչպես նաև արոտավայրերում անհրաժեշտ ենթակառուցվածքների առկայությունից՝ հեռագնա և համայնքամերձ արոտավայրերը տարբեր համայնքներում տարբեր ինտենսիվությամբ են
օգտագործվում, ինչն անմիջական ազդեցություն է ունենում արոտավայրերի էկոլոգիա-տնտեսական վիճակի վրա։
Հանրապետության բոլոր մարզերում անասնապահությամբ զբաղվող տնտեսությունների գերակշիռ մասը ներգրավված է տավարաբուծության մեջ և համայնքներում առկա հիմնական անասնագլխաքանակը ԽԵԿ-երն են։ Սրա հետ մեկտեղ, տարբեր մարզերի ունեցած արոտավայրերի և անասնագլխաքանակիքանակական համեմատությունը վկայում է, որ բոլոր մարզերը, բացի Արմավիրից և Երևան քաղաքից, չեն օգտագործում իրենց
արոտավայրերի ողջ պոտենցիալը։
Տես ավելին՝ http://arot.am