Փորձագիտական կարծիք, դիտողություններ և առաջարկություններ «ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» նախագծի վերաբերյալ

ՆԱԽԱԳԾԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿ․ Անցումային արդարադատության գործիքակազմի կիրառման միջոցով իրավունքի գերակայության ամրապնդում

1. Նախագծում որպես ռազմավարական ուղղություն նշվել է՝ «Անցումային արդարադատության գործիքակազմի կիրառման միջոցով իրավունքի գերակայության ամրապնդում»: Սակայն, Նախագծի հետագա տեքստի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ անցումային արդարադատության 4 հիմնական գործիքներից կիրառվելու է միայն ճշմարտության որոնման կամ փաստահավաք խմբի գործիքակազմը, առանց անդրադարձ կատարելու անցումային արդարադատության իրականացման այնպիսի կարևորագույն գործիքների, ինչպիսիք են՝ հանդիսանում քրեական արդարադատության իրականացումը, փոխհատուցումները և համակարգային բարեփոխումները: Չնայած այն հանգամանքին, որ փոխհատուցումների և քրեական արդարադատության իրականացման վերաբերյալ որոշակի կարգավորումներ առկա են Նախագծի փաստահավաք հանձնաժողովի վերաբերյալ միջոցառումներում, այդուհանդերձ, այդ գործողությունները բավարար չեն լիարժեք կերպով անցումային արդարադատության իրականացնելու համար: Ուստի, առաջարկում ենք Նախագծով համալիր լուծումներ նախատեսել՝ սահմանելով անցումային արդարադատության չորս մեխանիզմների իրականացմանն ուղղված հստակ նպատակներ, վերջնարդյունք և միջոցառումներ։
2. Պետք է փաստել, որ Նախագծում հստակորեն ներկայացված չէ, թե որն է փաստահավաք հանձնաժողովի ստեղծման նպատակը և վերջնարդյունքը, որը նախատեսվում է նվաճել ռազմավարական այս ուղղության կատարման արդյունքում։ Դա չի երևում նաև ռազմավարական ուղղության անվանումից։ Թերի է ներկայացված նաև այս գործիքակազմի ներդրման անհրաժեշտությունը։ Այսպես, ըստ Նախագծի՝ Հանձնաժողովի գործունեության
վերջնարդյունքը զեկույցի հրապարակումն է, որտեղ արտացոլված են փաստահավաք գործունեության ընթացքում հավաքված տեղեկությունները։ Գտնում ենք, որ այս ձևակերպումը չի կարող որակվել որպես վերջնարդյունք, այն կատարված որոշ աշխատանքների վերաբերյալ սոսկ հաշվետվության ներկայացում է հանրությանը։ Հետևապես, առաջարկում ենք Նախագծում սահմանել, թե որն է այս ռազմավարական ուղղության նպատակը և
վերջնարդյունքը։
3. Ըստ Նախագծի՝ Փաստահավաք հանձնաժողովը ձևավորվելու է 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում: Հանձնաժողովը կազմված է լինելու առավելագույնը 20 անդամից։ Գտնում ենք, որ այս կարգավորումը հիմնավորված չէ, ինչպես նաև՝ խնդրահարույց է։ Նախ՝ Նախագծից պարզ չէ, թե ինչո՞ւ է որոշվել Հանձնաժողովում ունենալ 20 անդամ, որո՞նք են այն հիմնական հայեցակարգային մոտեցումները, որոնց ցուցաբերվելու են Հանձնաժողովի
անդամների նշանակման/ընտրության հարցում, որոնք են այն սկզբունքները, որոնց հիման վրա կազմավորվելու է հանձնաժողովը։ Առաջարկում ենք հիմնավորվել, թե ինչո՞ւ է որոշվել Հանձնաժողովում ունենալ 20 անդամ, որո՞նք են այն հայեցակարգային մոտեցումները և սկզբունքները, որոնցով պայմանավորված ձևավորվելու է Հանձնաժողովը։
4. Նախագծում անցումային արդարադատության իրականացման անհրաժեշտությունը հիմնավորելիս հղումներ են կատարված մի շարք միջազգային կազմակերպությունների զեկույցների: Սակայն այդ զեկույցների բովանդակությունը ներկայացված չէ Նախագծում, որը ընթերցողի մոտ կարող է անցումային արդարադատության կիրառելիության անհրաժեշտության վերաբերյալ ողջամիտ կասկածներ առաջացնել: Ուստիև, առաջարկում ենք նշյալ զեկույցներից առանձնացնել էական նշանակություն ունեցող դրույթները և ներառել դրանք Նախագծում։

Տես ավելին՝ https://armla.am