Հայաստանը բարեփոխում է կորպորատիվ ֆինանսական հաշվետվության ոլորտը

Արմինֆո. Կորպորատիվ ֆինանսական հաշվետվության ոլորտի բարեփոխումները կհանգեցնեն թափանցիկության մեծացման և տնտեսավարող սուբյեկտների միջև վստահության ձևավորման: Այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսուտհոն` մարտի 5-ին «Աուդիտի որակի բարելավումը աուդիտորական գործունեության որակի նկատմամբ վերահսկողության  ապահովման միջոցով՚ աշխատանքային խորհրդաժողովի ընթացքում:

Ինչպես նշել է Հայաստանի ֆինանսների նախարար Վարդան  Արամյանը, գերատեսչությունը նպատակադրված է բարձրացնելու տեղական ընկերությունների մրցունակությունը ֆինանսական հաշվետվության և հաշվապահական հաշվառման պատշաճ մակարդակի ապահովման միջոցով:

Գրասենյակի ղեկավարի ասելով, Հայաստանի տնտեսությունը պետք է  կողմնորոշված լինի ապագային` դառնալ ավելի մրցունակ, արտահանմանը կողմնորոշված և պատրաստ ներդրումների համար: Այդ համատեքստում կարևոր է ծրագրված բարեփոխումների դերը ֆինանսական  հաշվետվության և հաշվապահական հաշվառման ոլորտում: «Նախատեսվող միջոցառումները ոչ միայն կապահովեն ընկերությունների մրցունակությունը, այլև կբարձրացնեն վստահությունը տեղական բիզնեսի հանդեպ, դրանով իսկ նպաստելով ներդրումների ներգրավման գործընթացին և ֆինանսների մատչելիությանը՚, — նշել է Սիլվի Բոսուտհոն:

Վարդան Արամյանի ասելով, ֆինանսական հաշվետվության և հաշվապահական հաշվառման ոլորտը մշտապես գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում: Ֆինանսների նախարարության գործողությունների տրամաբանությունը պարզ է. եթե կառավարությունը ծրագրում է զարգացնել տնտեսության դեպի արտահանում կողմնորոշված ուղղությունները, ապա այն պետք է շեշտադրում կատարի այն ընկերությունների աճին, որոնք հավակնում են մասնակցության համաշխարհային

շուկաներում: Դրա համար, առաջին հերթին, անհրաժեշտ է ապահովել նշված կազմակերպությունների մրցունակությունը, ինչը ենթադրում է գրագետ և խնամքով ֆինանսական կառավարում` ֆինանսական հաշվետվության և հաշվապահական հաշվառման պատշաճ մակարդակի պահպանման միջոցով:

Միևնույն ժամանակ, Արամյանի ասելով, կառավարությունը դեռ աշխատանք ունի անելու: «Չի կարելի ողջ պատասխանատվությունը դնել միայն գործարարի ուսերին, և, միաժամանակ, ակնկալել տեղական ընկերությունների մրցունակության բարձրացում՚, — հայտարարել է նա: Հենց  այդ պատճառով, ինչպես նշել է ֆինանսների նախարարը, սկսած 2008 թվականից, գերատեսչությունը Համաշխարհային բանկի հետ համատեղ նախաձեռնել է ոլորտի արմատական  բարեփոխումներ: Սկիզբը դրվել է մի շարք կանոնների և ստանդարտների սահմանմամբ.  2013 թվականին հաստատվել է Հաշվապահական հաշվառման և աուդիտի ոլորտի գործողությունների ռազմավարությունը: Արդեն 2017 թվականին  Հայաստանի կառավարությունը  մշակել և հավանության է արժանացրել ոլորտի բարեփոխումների  ռազմավարությունը: ՀԲ աջակցությամբ  Հայաստանի ֆինանսների նախարարությունը ուսումնասիրել է համաշխարհային փորձը, խորհրդակցել է մասնագետների հետ, անցկացրել որոշակի հաշվարկներ, որպեսզի գտնի այն մեխանիզմը, որը կապահովի ֆինանսների կառավարման և հաշվապահական հաշվառման ու ֆինանսական հաշվետվության պատշաճ մակարդակի ձևավորում:

Այդ նպատակով  Ֆինանսների նախարարությունը, Վարդան Արամյանի ասելով, նպատակադրվել է, առաջին հերթին, վերանայել պարտադիր աուդիտի մոտեցումները: Նախարարի հավաստմամբ, փիլիսոփայությունն այն է, որպեսզի պարտադիր աուդիտի  ենթակա լինեն այն ընկերությունները, որոնք  հանրային նշանակություն և էական դեր ունեն  հանրապետության տնտեսական կենսագործունեությունում: «Դրանք պետք է ունենան հանրության առջև սոցիալական պատասխանատվություն. ցույց տան, որ ֆինանսների կառավարումն իրականացվում է գրագետ, իսկ ներկայացվող հաշվետվությունը հուսալի է և հավաստի՚, — պարզաբանել է Արամյանը: Նա հիշեցրել է, որ այսօր աուդիտը պարտադիր է բաց  բաժնետիրական ընկերությունների համար, ու եթե այն չի գործում կամ գործում է ոչ լիովին, այդ նորմի խիստ կիրառությունը դառնում է աննպատակահարմար:  Ելնելով դրանից` նախարարությունը ծրագրում է վերանայել իր մոտեցումները:

Բացի այդ, ինչպես նշել է Վարդան Արամյանը, կառավարությունը, սահմանելով պարտադիր աուդիտի իմպերատիվ, չպետք է մոռանա  աուդիտորների կողմից տրամադրվող ծառայությունների բարձր մակարդակի ապահովման մասին: Դրա համար պետք է հարթ աշխատի վերահսկողության համակարգը: Ուսումնասիրելով շուկան`  նախարարությունը հայտնաբերել է ոլորտի որակյալ կարգավորման երկու մոդել, պետությունն ինքն է վերահսկում որակն իր ռեսուրսներով, երկրորդը` հավատարմագրված կառույցի ձևավորման համար, որը զինանոցում ունենալով ողջ անհրաժեշտ գործիքակազմը, որակավորում շնորհելով աուդիտորին, հետագայում պատասխանատվություն կկրի տրամադրվող ծառայությունների որակի համար:

Ընդհանուր առմամբ, ինչպես նշել է նախարարը, գերատեսչությունը նպատակ ունի   բարեփոխումներ իրականացնել հիմնական 4 ուղղություններով. օրենսդրություն, կրթություն, կադրերի որակավորման բարձրացման և վարժանքների համակարգ: «Նպատակը որակի միջազգային ստանդարտներին համապատասխանող հարթակի ձևավորումն է՚, — հայտարարել է Վարդան Արամյանը: Նշենք, որ հաշվապահական հաշվառաման մասին օրենքն ընդունվել է 2002 թվականին: Հետագայում այն բազմիցս  փոխվել է: Ոլորտի բարեփոխումների հայեցակարգը հաստատվել է 2017 թվականի վերջին: Ինչպես նշել են  Ֆինանսների նախարարությունում, օրենսդրական բարեփոխումների արդյունքում նախատեսվում է երկու անկախ կառույցների ստեղծում, որոնք կարգավորեն հաշվապահական և աուդիտորական գործունեությունը, որոնց կտրվեն մի շարք լիազորություններ, ինչպես նաև նոր նորմերի ներդրում, որոնք խթանեն ոլորտի զարգացումը: Մշակված հայեցակարգի շրջանակում նախատեսվում է «Հայաստանի հաշվապահների և աուդիտորների պալատի՚ ձևավորում` գործող համանուն ասոցիացիայի փոխարեն, որը կգործի անդամավճարների հաշվին: Կազմակերպության գործունեությունը  նպատակաուղղված կլինի, մասնավորապես, աուդիտորների և հաշվապահների մասնագիտական հնարավորությունների կատարելագործմանը` սերտիֆիկացման և որակի նկատմամբ հսկողության միջոցով: Նոր օրենքը, որը մշակվել է հայեցակարգի հիման վրա, նախատեսվում է ընդունել գարնանը:

Տես ավելին՝ https://finport.am