Ազգային ժողովի առաջիկա քառօրյային կքննարկվի Կուսակցությունների մասին օրենքում «Իմ քայլը» խմբակցության առաջարկած փոփոխությունների նախագիծը, որը հրապարկվել է դեռ սեպտեմբերին, սակայն քննարկումները պատերազմի պատճառով հետաձգվել էին։
«Իմ քայլը» խմբակցությունն առաջարկում է մի քանի առանցքային փոփոխություններ, այդ թվում՝ կուսակցությունների ֆինանսավորման մեխանիզմի վերանայումը։
«Որպեսզի կուսակցությունների ֆինանսավորումն ավելի թափանցիկ լինի և հավասարակշռված, որպեսզի քաղաքականության մեջ օրենքը գոնե հնարավորություն չտա անհայտ ծագումով փողերի շրջանառություն։ Դա շատ կարևոր էս ոլորտի հետ կապված փոփոխություն է։ Մենք արգելում ենք բիզնեսին, ըստ էության, իրավաբանական անձանց որևէ կերպ կուսակցություններին ֆինանսավորել, բնականաբար, արտասահմանից ֆինանսավորումը, որն արդեն իսկ կար, բայց դրա կառուցակարգերն են ավելի ամրապնդված», — «Ազատության» հետ զրույցում ասաց օրինագծի հեղինակներից պատգամավոր Համազասպ Դանիելյանը։
Նախագծով առաջարկվում է արգելել բիզնեսին ֆինանսավորել կուսակցություններին, անհատական նվիրատվությունների թույլատրելի սահմանչափը նվազեցվում է՝ 10 միլիոնի փոխարեն դառնում է 2.5 միլիոն, վերանայվում է նաև կուսակցությունների հանրային կամ պետական ֆինանսավորման կարգը։
Եթե օրենքի գործող տարբերակով հանրային միջոցներից ֆինանսավորվում են խորհրդարան անցած կուսակցություններն, ըստ իրենց ստացած մանդատների քանակի, և 3 տոկոսի շեմը հաղթահարած կուսակցությունները, ապա առաջարկվող նախագծով ֆինանսավորվում են ընտրություններում 2 տոկոսի շեմը հաղթահարած բոլոր կուսակցությունները:
«Այսինքն, շատ ձայն ստացած կուսակցությունները համամասնորեն Էապես ավելի պակաս ֆինանսական աջակցություն են ստանալու, քան՝ փոքրերը, որոնց ֆինանսական անհավասարության հետ կապված խզումը, գոնե հանրային ֆինանսավորման մասով, կնվազեցվի։ Մյուս կարևոր փոփոխությունն, օրինակ, ֆինանսական թափանցիկության մասով, արգելվում է որևէ տեսակի կանխիկ շրջանառություն, այսինքն, թե՛ նվիրատվությունները, թե՛ կուսակցությունների մուտքերը, և թե՛ ելքերը պետք է իրականացվեն բացառապես անկանխիկ եղանակով», — ասաց Դանիելյանը։
Կանանց մասնակցությունը քաղաքական գործընթացներին խթանելու համար ներդրվում են նոր պահանջներ, կուսակցության ղեկավար մարմնի անդամների համար պարտադիր է դառնում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հայտարարագրեր ներկայացնելը, բացի այդ առաջարկվում են նոր կարգավորումներ կուսակցությունների ներսում՝ ներքին ժողովրդավարությունը խթանելու համար։
«Որոշ դեպքերում ավելորդ պարտադրանքի վերացում, իսկ որոշ դեպքերում նաև լրացուցիչ խաղի կանոնների ներառում, այդ թվում նաև, օրինակ, փակ, գաղտնի քվեարկությամբ որոշումներ կայացնելու հանգամանքը», — նշեց Համազասպ Դանիելյանը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորի խոսքով՝ շուրջ մեկ տարի շարունակ նախագիծը մշակելիս դիտարկել են բազմաթիվ երկրների փորձը, համագործակցել միջազգային կառույցների հետ, ստացել Վենետիկի հանձնաժողովի դրական կարծիքը։
Դանիելյանը հիշեցնում է, որ 2018-ի ընտրություններից հետո «Իմ քայլը» խոստացել էր վերանայել Ընտրական օրեսգիրքը և կուսակցությունների մասին օրենքը. «Սա նախագիծ է, որը միտված է երկարաժամկետ առումով տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտն ավելի առողջացնելուն, ավելի կայացած կուսակցություններ ունենալուն»:
«Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացուցիչ Միքայել Նահապետյանն ասում է՝ Կուսակցությունների մասին օրենքում սեղանին դրված փոփոխությունները պետք է դիտարկել եղած խնդիրների ու նպատակների տեսանկյունից։
Ըստ նրա, անհրաժեշտ է ավտորիտար, ոչ մասնակցային կուսակցությունների փոխարեն ունենալ թափանցիկ գործող ու ժողովրդավարական կուսակցական համակարգ։ Իսկ այդ խնդիրները, Նահապետյանի խոսքով, «Իմ քայլի» առաջարկած նախագծով չեն լուծվում։
«Այդպիսի օրենը մենք կարծում էինք, որ կարող է իր մեջ ունենալ որոշակի կարգավորումներ, որոնք ոչ թե կլինեն առաջիկա 100-ամյակի համար, այլ առաջիկա 5-ամյակի, 10-ամյակի համար։ Մենք՝ կուսակցություններս, կամավոր կերպով կհամաձայնեինք 5 տարի ապրել շատ ավելի կոշտ կարգավորումներով՝ հանուն հետագայում ավելի բաց, ավելի մրցակցային, ժողովրդավարական քաղաքական համակարգ ունենալու համար», — ասաց Նահապետյանն՝ ընդգծելով՝ չի տեսնում, թե ինչպես է օրենքի նախագիծն առաջարկում վերացնել Հայաստանում եղած քաղաքական արատները։
«Համակարգված ընտրական կոռուպցիայով զբաղվելու դրսևորումներ են եղել Հայաստանում, կա՞ այդ օրենքների մեջ մեխանիզմ, որը կբացառի կուսակցությունների կողմից համակարգված կոռուպցիայի կազմակերպումը, չի եղել, չկա ու չի նախատեսվում, որ կլինի», — նշեց նա:
Ամփոփելով ՔՈ ներկայացուցիչը նշեց՝ «Իմ քայլի» առաջարկած նախագիծը կաշխատեր կայացած ժողովրդվարություն ունեցող որևէ երկրում, բայց ոչ Հայաստանում, որտեղ պետք են ավելի կոշտ կարգավորումներ։ «Կարող է շատ լավ օրենք լինի, բայց եթե էսօր խնդիր չի լուծում, էդ ապագան չի գալու», — եզրափակեց Միքայել Նահապետյանը։
Տես ավելին՝ https://www.azatutyun.am