Գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուները 2019-ից ի սկզբանե լավ արդյունքներ չէին սպասում

Գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուները ի սկզբանե չէին սպասում, որ 2019-ին լավ արդյունքներ կգրանցվեն, Էկոնոմիկայի փոխնախարար Արտակ Քամալյանի խոսքով՝ դա անհնար էր թվում, այդուհանդերձ, գյուղատնտեսությունում շարժ կա:

«Եթե բախտներս բերեր, ասենք, լավ եղանակ լիներ, լավ բերք լիներ, իհարկե, կլինեին լավ ցուցանիշներ», — նշեց Քամալյանը։

Փոխնախարարն ասում է՝ Հայաստանի գյուղատնտեսությունը մեծ կախվածություն ունի բնակլիմայական պայմաններից, իսկ դա նշանակում է, որ այն զարգացած չէ, ժամանակակից գյուղատնտեսության կախվածությունը կլիմայից շատ ավելի քիչ է, քան Հայաստանում։ Սա միակ գործոնը չէ, Քամալյանի խոսքով՝ տվյալների հետ էլ խնդիրներ կան։

«Մինչև այսօր մենք չենք հասկանում հստակ տվյալները, թե ինչ ունենք էս երկրում հողերի մշակման հետ կապված, հողերի քանակի հետ կապված, տարածքի հետ կապված, ինչ մշակաբույսեր ինչ բերքատվություն են տալիս։ Եթե հիմա վերցնեք ու հասկանաք, թե վիճակագրությունը ոնց ենք հավաքում, կհասկանաք, թե ինչու ունենք էս ստվերը, ինչ որ ունենք», — ասաց էկոնոմիկայի փոխնախարարը։

2019-ի առաջին 8 ամիսներում աճ էր արձանագրվել մակրոտնտեսական բոլոր ցուցանիշներով, և միայն գյուղատնտեսությունում կար անկում 1 տոկոսի չափով։ Ավելին, ըստ փոխնախարարի, իներցիայով գյուղատնտեսության ցուցանիշներն իջնելու են, նա որպես օրինակ անասնապահության հետ կապված հարց է տալիս՝ ի՞նչը պիտի նպաստի կաթի ծավալների ավելացմանը։

«Մեր ժողովուրդը պիտի լավ կովեր ունենա՞ն, պիտի ունենան, բայց չեն ունենալու մի տարում, հաստատ է, երկու տարում էլ չեն ունենալու։ Էն եղածն էլ որակն ընկնելու է, լավ են կերակրելո՞ւ, ոչ, ոնց կերակրել, նենց էլ կերակրելու են, որովհետև նույն ժողովուրդն են։ Ի՞նչ պիտի փոխվի մի տարվա ընթացքում, որ կաթի ծավալն ավելանա։ Էն որ ասում եմ՝ իներցիայով գնում է ներքև, էդ ի նկատի ունեմ», — ընդգծեց Արտակ Քամալյանը։

Քամալյանն ասում է՝ փոփոխությունների համար ժամանակ է պետք, իսկ դա կես կամ մեկ տարի չէ։ Փոխնախարարի խոսքով՝ 21-րդ դարին համապատասխան գյուղական տնտեսությունները հատուկենտ են. «Ունենք մասսայական 19-րդ դարի գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիական տնտեսություններ»։

Այս ամենին զուգահեռ դրական միտումներ կան. մշակաբույսերի արտահանումը մի քանի անգամ մեծացել է՝ բացառությամբ մի քանի տեսակների։

«Վարունգն ավելացել է 3,5 անգամ արտահանումը կամ սմբուկն ավելացել է 2 անգամ, էդպիսի տարբեր թվեր ունենք, տարբեր մշակաբույսերի հետ կապված միջինը 1,7-2 անգամ ավելացում ունենք էքսպերտի հետ կապված», — նշեց Քամալյանը։

«Ագրարագյուղացիական միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Հրաչ Բերբերյանը գյուղատնտեսական ցուցանիշների անկումը շեշտակի է որակում, սակայն ընդգծում է՝ նախկին իշխանությունների օրոք էլ աճի թվերն էին նկարվում:

«Սկսած առաջին նախագահից էդ թվերը նկարվել են ու տրադիցիա էր արդեն դառել շարունակվում է մինչև օրս։ Համենայն դեպս մնում էր կասկածելի, որ մեկը մեկից ուզում էր ցույց տար, որ լավ է աշխատում։ Կարապետյանի ժամանակ կաթի արտադրությունը և ցորենի արտադրությունը մոտեցել էր Կանադայի ցուցանիշին, պատկերացնո՞ւմ եք ինչ ձևի էր նկարվում», — ասաց Բերբերյանը։

Ցուցանիշների անկման պատճառներից Բերբերյանն առանձնացնում է գյուղնախարարության օպտիմալացումն ու կադրային սխալ քաղաքականությունը. «Համենայն դեպս էդ կադրերով շատ հեռու չեն գնա, էդ կատարողներին, ով որ պետք է կատարեր, կասկածելի կրթությամբ մարդիկ են կամ ընդհանրապես կրթություն չունեն, ինչ-որ փողոցներից հավաքած բերած են, էն որ քայլել են փողոցներով ու քայլելով պաշտոններ են ստացել»։

Տես ավելին՝ https://www.azatutyun.am