ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել է «Հայաստանի Հանրապետության փաստահավաք հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետև՝ Նախագիծ), որի վերաբերյալ առկա են հետևյալ առաջարկներն ու նկատառումները․
1. Հանձնաժողովի անվանումը պետք է նկարագրի ոչ թե իր գործառույթը, այլև նպատակը և առաքելությունը արտահայտի։ Ուստի անհրաժեշտ է այն վերանվանել, օրինակ՝ Ճշմարտության և արժանապատվության, կամ Ճշմարտության, կամ Ճշմարտության և համերաշխության հանձնաժողով, և այլն։
2. Նախագծի 4-րդ հոդվածով ամրագրված են Փաստահավաք հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) գործունեության սկզբունքները, որոնցում ի թիվս այլոց մատնանշված է օբյեկտիվության և անկողմնակալության սկզբունքը, որոնց բովանդակությանն անդրադարձ է կատարվել նաև Նախագծի 7-րդ հոդվածում: Մինչդեռ, Նախագծում նախատեսված չէ հանձնաժողովի անդամի կողմից ինքնաբացարկ և վերջինիս բացարկ ներկայացնելու հնարավորությունը, ինչն ինքնաբերաբար կարող է հանգեցնել համապատասխան փաստերի գնահատման ընթացքում հանձնաժողովի անդամի կանխակալ վերաբերմունքի դրսևորման կամ կասկածի տակ դնել Հանձնաժողովի
գործունեության անկողմնակալությունն ու օբյեկտիվությունը: Առաջարկում ենք նախատեսել հանձնաժողովի անդամին բացարկ կամ վերջինիս կողմից ինքնաբացարկ ներկայացնելու հնարավորությունը։
3. Նախագծով առաջարկվում է հանձնաժողովի ձևավորում 9 անդամի կազմով։ Անդամներից 6-ին առաջարկելու են խորհրդարանական խմբակցությունները՝ 2-ական թեկնածու յուրաքանչյուր խմբակցությունից, մեկ թեկնածու ՄԻՊ-ը, մեկին կառավարությունը և մեկ թեկնածու ԲԴԽ-ն։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԲԴԽ-ն
ըստ ՀՀ սահմանադրության 173-րդ հոդվածի անկախ պետական մարմին մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը, գտնում ենք, որ ԲԴԽն ընդհանրապես բացի դատական համակարգում առկա խնդիրների լուծումից չպետք է ունենա լիազորություններ՝ մասնակցելու այլ մարմինների ձևավորմանը, այն էլ այսօրվա իրականության պայմաններում, երբ ԲԴԽ-ն դեռևս չի կարողանում ապահովել դատական իշխանության անկախության համար պատշաճ երաշխիքներ։ Ընդհանուր առմամբ ՀՀ
սահմանադրության 175-րդ հոդվածում թվարկված ԲԴԽ լիազորություններում այլ պետական մարմինների ձևավորմանը մասնակցության հարց չի քննարկվում և միայն նշվում է, որ դատական օրենսգրքով կարող են սահմանվել այլ լիազորություններ։ ՀՀ դատական օրենսգիրքը ոլորտային հարաբերություններ կարգավորող իրավական ակտ է, որը պետք է առնչվի բացառապես դատական իշխանությանը, և դրանով այլ պետական մարմինների ձևավորմանը մասնակցության լիազորության ընձեռումը հակասում է իրավական ակտի ոլորտային կարգավորման տրամաբանությանը։ Եվ այս առումով ԲԴԽն պետք է զբաղվի բացառապես դատական իշխանության խնդիրներով։
Տես ավելին՝ https://transparency.am