Ներառական կրթության ռազմավարություններ

Ներառական կրթությունը ենթադրում է, որ աշակերտներն իրենց ողջ բազմազանությամբ ու յուրատեսակությամբ սովորում են կողք-կողքի, նույն դպրոցում և դասարանում։ Ներառական կրթությունը շատ բարձր է գնահատում ուսումնական գործընթացում յուրաքանչյուր աշակերտի ներդրումը։ Սակայն այս սահմանումը, թերևս, թաքցնում է
կրթական ներառում երևույթի բարդությունը։ Ներառման սահմանումը ժամանակի ընթացքում փոփոխվել է, ինչի պատճառով ավելի է մեծացել պատշաճ ներդրումների, ռազմավարությունների և չափորոշիչների մշակման պահանջը։ Առկա են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների սոցիալական և կրթական հմտությունների զարգացման բազմաթիվ խնդրահարույց հարցեր ու մարտահրավերներ, այդ թվում՝ ուսուցիչների կրթությունը և վերապատրաստումները, դպրոցների սոցիալական ու ֆիզիկական միջավայրի հարմարեցումները,
ինչպես նաև ծնողների ակնկալիքները, մոտեցումները և պատկերացումները։ Ավելին, ներառական կրթությունը դպրոցներում և համայնքներում հավուր պատշաճի ներդնելու համար անհրաժեշտ է, որ քաղաքականություն մշակողները, համալսարանները, դպրոցները, հասարակական կազմակերպությունները, ծնողները և այլ մասնակիցները ներգրավվեն գործընթացի մեջ:
Հայաստանում ներառական կրթության համակարգը որպես ազգային քաղաքականություն, պաշտոնապես ընդունվել է 2003 թ.-ին։ Այդ ժամանակից ի վեր տեղական և միջազգային բազմաթիվ կազմակերպություններ նախաձեռնել
են նոր ընդունված համակարգին համահունչ զանազան ծրագրեր՝ ուսուցիչներին և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին օժանդակելու համար։ Այդ ջանքերի շնորհիվ այսօր շատ դպրոցներ ապահովում են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ուսումնառությունը,
սակայն ուսուցիչներից քչերն են մասնակցել այնպիսի վերապատրաստման կամ կրթական ծրագրերի, որոնք թույլ կտան հանրակրթական դասարաններում իրականացնելու այդ երեխաների կրթական կարիքներին համապատասխան
ռազմավարություններ և ծառայություններ։ Չնայած գերանհրաժեշտությանը, այսօր Հայաստանում չկա ուսուցիչների` ներառական դասարանում երեխաների բազմազանության հետ աշխատելու նախապատրաստմանը միտված համակարգային մոտեցում կամ հատուկ ծրագիր։ Ավելին, դպրոցներում ներառման արդյունավետության գնահատման
ուսումնասիրությունները հիմնականում կատարվել են եվրոպական երկրների և Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից։ Այս տեսակետից սույն դասագիրքը թերևս, անգնահատելի արժեք ունի՝ որպես հայ ընթերցողին ներկայացվող փաստերի բացառիկ, առաջին հրապարակում։
Գրքի յուրաքանչյուր գլխում արծարծվում են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների, ուսուցիչների, բազմամասնագիտական թիմերի, ինչպես նաև դպրոցների տնօրենների և ծնողների առջև ծառացած
ամենօրյա հարցեր։ Պարտքս եմ համարում մեր անկեղծ գնահատանքն արտահայտելու Մինեսոթայի համալսարանի
թիմին, որն այս դասագրքի համար կատարել է փորձագիտական մեծ ներդրում։ Համոզված եմ, որ այն կծառայի որպես գիտելիքի աղբյուր, ուղենիշ և ուսումնական գործիք ոլորտում արդեն աշխատող ուսուցիչների, ինչպես նաև Հայկական պետական մանկավարժական համալսարանում (ՀՊՄՀ) ներկայումս ուսումնառող ապագա մանկավարժների
պրակտիկ գործունեությունն ամուր հիմքերի վրա դնելու համար։ Բացի այդ, հատուկ գնահատանքի են արժանի
ծրագրի մասնակից ՀՊՄՀ-ի հատուկ կրթության ֆակուլտետի ներկայացուցիչները, ովքեր յուրաքանչյուր գլխին կամ թեմային վերաբերող քննարկումների և անհատական ներդրումների միջոցով իրենց ջանքերը և նշանակալի փորձն
են ներդրել այս դասագիրքը Հայաստանին համապատասխանեցնելու համար։
Հարկ ենք համարում հատուկ նշելու, որ ՀՊՄՀ-ն բարձր է գնահատում ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ երեխաների պաշտպան հանդիսացող աշխարհի առաջատար կազմակերպության անգնահատելի դերն այս դասագրքի ստեղծման գործում։ Առանց այս կազմակերպության ֆինանսական, մասնագիտական աջակցության և ջանադիր ներգրավվածության, սույն
ծրագիրն անհնար կլիներ կյանքի կոչելու։ Այսպիսով, հույս ունեմ, որ դասագրքի հայ ընթերցողների զգալի մասը կշարունակի հանդես գալ որպես ներառական կրթության ջատագով։ Միաժամանակ դասագիրքն օգտակար
է ինելու բազմամասնագիտական թիմերի անդամներին, որոշումներ կայացնողներին` երեխաներին ուսումնական գործընթացի մեջ լավագույնս ներգրավելու համար։ Այս դասագիրքի առաքելությունն է` բոլորին զինել անհրաժեշտ
գիտելիքներով` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին որակյալ և արդյունավետ կրթություն ապահովելու համար։ Ընթերցողներին մաղթում եմ ամենայն բարին և հայտնում երախտագիտությունս այս կարևոր ոլորտում աշխատողներին։ Մեր գերագույն ցանկությունն է` տեսնել համատեղ ջանքերով արդյունավետ աջակցության ցուցաբերում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին։

Տես ավելին՝ https://www.unicef.org