«Ժառանգություն» կուսակցության նախագահ Նարինե Դիլբարյանը համոզված է, որ արտահերթ ընտրությունների արդյունավետությունը հնարավոր կլինի ապահովել միայն նոր Ընտրական օրենսգրքի պարագայում. «Հին Ընտրական օրենսգիրքն արդեն ցույց է տվել իր գործունակության ողբերգական աստիճանը։ Եվ դա ոչ միայն նախկինում, երբ նախկին վարչակազմն էր ընտրություն անցկացնում, այլ նաև հենց Նիկոլ Փաշինյանի ժամանակ։ Այո՛, ընտրություններն անցան ազատ և արդար, բայց աչքի ընկան ոչ մրցակցայնությամբ և մասնակցության ցածր տոկոսով։ Բացի դրանից, էլի գործեցին այն համախումբ իրողությունները, որոնք միշտ գաղափարական պայքարը ստորադասում են անձնային պայքարին»։ Դիլբարյանի դիտարկմամբ՝ Ընտրական օրենսգիրքը ընդունելու համար քաղաքական կամքի առկայության է պետք. «Պետք է ընդունել այնպիսի օրենսգիրք, որը թույլ կտա իսկապես գաղափարական պայքար տանել, ունենալ մի խորհրդարան, որտեղ մարդիկ կպայքարեն իրենց հայացքների համար, կբախվեն տարբեր քաղաքական տեսակետներ՝ թե՛ ներքին և թե՛ արտաքին կարևորագույն խնդիրների վերաբերյալ, և ի վերջո՝ կբյուրեղանա ճշմարիտը։ Մենք չպետք է ունենանք մեկ անձի իշխանություն, այն էլ՝ բացարձակ։ Իսկ մենք գիտենք, որ անձերից կախված իշխանությունը միշտ չափազանց խոցելի է, և Հայաստանի ներկա վիճակը նման Ընտրական օրենսգրքի և անձերի, փրկիչների ընտրության տխուր հետևանքն է»։ Զրուցակիցը նաև ընդգծեց, որ քաղաքական պատասխանատվության և կամքի առկայության դեպքում կարելի է նույնիսկ մինչև հունիսի 1-ը ընդունել նոր Ընտրական օրենսգիրք: «Այն համարյա պատրաստ է, նախնական տարբերակին «Ժառանգությունը» ծանոթացել է, մենք մասնակցել ենք նաև քննարկումներին, ներկայացրել նոր առաջարկներ։ Մեծ ժամանակահատվածում աշխատանք տանելու կարիք չկա, բայց պետք է քաղաքական կամք։ Ես հիշեցնեմ 2018 թվականի դեկտեմբերյան իրավիճակը, երբ Ընտրական օրենսգիրքը դարձյալ պատրաստ էր, բայց հետո չբավարարեց 2 հոգու։ Եվ այս խորհրդարանը, որն աչքի է ընկնում պատասխանատվության ցածրագույն մակարդակով, կարող է դարձյալ ինչ-որ անձնային ուղղորդումներով ստեղծել նույնանման իրավիճակ»,- եզրափակեց Նարինե Դիլբարյանը։
Տես ավելին՝ https://www.aravot.am