Նախագահ Սարգսյանն ու վարչապետի պաշտոնակատարը չեն բացառում Սահմանադրության փոփոխությունների շուրջ քննարկումները

Այսօր Սահմանադրության օրվա կապակցությամբ ուղերձներ են հղել Հայաստանի վարչապետն ու նախագահը՝ երկուսն էլ չբացառելով քննարկումները Սահմանադրության փոփոխությունների շուրջ։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մասնավորապես նշել է, որ Երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ ընտրությունները դարձան ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու և ոչ թե ճգնաժամ հարուցելու միջոց. — «Մեր առաջիկա անելիքների առաջնահերթությունների շարքում արտաքին, սահմանադրական անվտանգության օրակարգերն են, այդ օրակարգերը սպասարկելուն կոչված պետական ինստիտուտների բարեփոխումը և կայացումը. Այս ընթացքում, ակնհայտորեն, չի հաջողվի խուսափել մեր երկրի կառավարման համակարգի շուրջ քննարկումներից, բայց այս կարևորագույն հարցում էլ պիտի առաջնորդվենք «կտրելուց առաջ յոթ անգամ չափելու» սկզբունքով»:

Նախագահ Արմեն Սարգսյանն իր հերթին նշում է, որ անփոփոխելի առաջին 3 հոդվածներից բացի, Սահմանադրությունը «ոչ թե ստատիկ, այլ դինամիկ փաստաթուղթ է», հետևաբար ըստ նախագահի, այն «պետք է համապատասխանի օրվա մարտահրավերներին». — «Այսօր մենք ապրում ենք բարդ ժամանակներում: Ստանդարտ լուծումներին զուգահեռ՝ անհրաժեշտություն կա նաև ոչ ստանդարտ քայլեր ձեռնարկել՝ հաղթահարելու առկա բազմաշերտ և բազմաբաղադրիչ ճգնաժամը: Այսօր կարիք ունենք նախապատրաստելու անհրաժեշտ հիմք մեր պետության կյանքում նոր էջ բացելու համար: Վերջին երեք տարիներն ավելի ակնհայտ դարձրեցին, որ գործող Սահմանադրության առանձին դրույթներ չեն նախատեսում լավագույն լուծումները մեր երկրի ու հասարակության առաջ ծառացած բոլոր մարտահրավերներին և ճգնաժամերին արագ, լիարժեք ու հավասարակշռված արձագանքելու համար: Հետևաբար, գիտակցելով Սահմանադրության, որպես ամբողջական փաստաթղթի կենսական կարևորությունը յուրաքանչյուրիս և ողջ երկրի համար, անհրաժեշտություն կա կատարելագործել այն, դարձնել երկրի ապագային միտված, մեր պետական և ազգային շահերից բխող առաջնահերթություններին առավել համահունչ»։

Նախագահը, այդուհանդերձ, չի մասնավորեցնում, թե ինչ փոփոխություններ նկատի ունի։

Անցյալ տարվա փետրվարին վարչապետի որոշմամբ ստեղծվել էր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով, հաստատվել էր կազմը և սկսվել էր աշխատանքը, որը շարունակվեց մինչև պատերազմը։ Այնուհետև, ըստ հանձնաժողովի անդամ Դանիել Իոաննիսյանի, աշխատանքը կանգ առավ. — «Հունվար, փետրվար ամիսներին ես գիտեմ, որ քննարկումներ էին գնում, որպեսզի հանձնաժողովը վերաձևավորվի, բայց դա տեղի չունեցավ։ Հետո Գլխավոր շտաբի հայտնի հայտարարությունը, հետո ընտրություններ։ Ըստ էության, առ այս պահը որևէ պրոգրես չկա»։

Իոաննիսյանը միայն ենթադրում է, որ արդեն նոր կառավարության կազմավորումից հետո հայտնի կդառնա՝ կստեղծվի արդյո՞ք նոր հանձնաժողով թե ոչ, իսկ 2020 թվականին ստեղծված կազմը դեռ քննարկումների վաղ փուլում քվեարկել ու որոշել էր՝ բարեփոխում են գործող սահմանադրությունը խորհրդարանական կառավարման համակարգով և վերադարձ կիսանախագահականին չի նախատեսվում։

Այս հարցում իրարից կտրուկ տարբերող կարծիքներ է հայտնել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ 2020 թվականին մարտին Կապանում ասուլիսի ժամանակ նա հայտարարել էր, որ դեմ է կիսանախագահկական համակարգին։ — «Հայաստանի երրորդ հանրապետության ողջ ընթացքում մեր երկիրը ձախողած կառավարման համակարգ է, և դա գործնականում մենք բոլորս իրար հետ միասին տեսել ենք և ապացուցվել է։ Դա ձախողված և Հայաստանը ձախողած կառավարման համակարգ է»։

Արդեն այս տարվա մարտին, Գլխավոր շտաբի նախկին պետի հետ ունեցած հակասություններից հետո հրավիրված հանրահավաքում Փաշինյանն արդեն հայտարարեց, թե փորձը ցույց տվեց, որ Սահմանադրությունը բազմաթիվ թերություններ ունի, ստեղծում է բազմաթիվ ճգնաժամային ռիսկեր։ — «Կարծում եմ, ժամանակն է արձանագրել, որ մենք պիտի աշխատենք, որ այս տարվա հոկտեմբեր ամսին համաժողովրդական հանրաքվեով ընդունենք նոր Սահմանադրություն կամ սահմանադրական փոփոխություններ, և ի վերջո կիսանախագահական կառավարման համակարգի անցնելը հնարավոր տարբերակներից մեկն է»։

Դանիել Իոաննիսյանը վստահ է, որ վերջին հայտարարությունը Փաշինյանը արել է նախագահի հետ ունեցած տարաձայնությունների ֆոնին, երբ չէր կարողանում պաշտոնից ազատել իր նշանակած գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին, նախագահը ի վերջո չհաստատեց այս պաշտոնանկությունը. — «Նախագահը այդ հրամանագրերը չէր ստորագրում, և էդ իրավիճակը խնդրահարույց էր, և որպես եզրահանգում, ենթադրում եմ, ինքը որոշեց, որ պետք է գործադիր իշխանության ղեկավարը լինի հենց նախագահը»։

Ըստ Իոնանիսյանի, շատ ավելի խորը ճգնաժամ է առաջանում կիսանախագահական երկրներում, երբ լուրջ հակասություններ են լինում նախագահի և խորհրդարանի միջև։ Նա սա համեմատում է խորհրդարանական Հայաստանում առաջացած ճգնաժամի հետ, երբ նախագահը չէր հաստատում գործադիր մարմնի ղեկավարի՝ վարչապետի որոշումը։

Իոնաննիսյանն կարծում է, որ ճիշտ չէր անցումը խորհրդարանական համակարգին, բայց ավելի մեծ սխալ կլինի կառավարման համակարգը նորից փոխելը. — «Պետք է հաշվի առնել, որ առհասարակ կառավարման մոդելի փոփոխությունը լուրջ ստրես է նաև պետական կառավարման համակարգի համար։ Եվ այստեղ մենք պետք է հարց տանք՝ արդյո՞ք ուզում ենք էդ ստրեսին ևս մեկ անգամ գնալ»։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը հիշեցնում է, որ 2015-ին Հայաստանում Սահմանադրությունը երկրորդ անգամ փոխվեց ոչ թե որովհետև կար հանրային պահանջ, այլ որովհետև կար 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի ցանկությունը շարունակել պաշտոնավարել որպես Հայաստանի առաջնորդ. — «Եվ պալատական իրավաբանների ձեռամբ գրվեց այս սահմանադրությունը, ընտրվեց կառավարման այս համակարգը»։

Հարությունյանը կարծում է, որ այժմ հանրային պահանջ կա վերադառնալու կիսանախագահական կամ նախագահական համակարգին։ Միայն այն հանգամանքը, որ գործող Սահմանադրությունը գրվել է ոչ թե Հայաստանին, այլ մեկ մարդու սպասարկելու համար, արդեն բավարար պատճառ է գնալ փոփոխությունների։ — «Ոչ միայն Հայաստանի փորձը, այլև աշխարհի փորձն է ցույց տալիս, որ նախագահական համակարգերը շատ ավելի աշխատող են։ Բավական է շատ թեթև հայացք նետել պառլամենտական համակարգով աշխատող երկրների վրա՝ սկսած Իսրայելից, և կտեսնենք ինչ խնդիրների են նրանք բախվում։ Իսկ ես կայացած երկրների օրինակներ եմ բերում։ Իսկ չկայացած երկրներում, ինչպիսին մերն է, բնական է, այս համակարգի չէր աշխատելու, չի աշխատում, չի էլ աշխատելու»։

Տես ավելին՝ https://www.azatutyun.am