Մեդիա ոլորտի նոր իրավական սահմանափակումներն ու դրանց հետևանքները

ոկտեմբերի 28-ին ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որոնցով առաջարկվում են պատասխանատվություն սահմանել ԶԼՄ-ների համար, եթե չնույնականացվող աղբյուրի միջոցով վիրավորանք ու զրպարտություն են տարածել: Այսօր միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը, Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը եւ մեդիափորձագետ Արթուր Պապյանը տեսակապի միջոցով մասնակցեցին «Մեդիա ոլորտի նոր իրավական սահմանափակումներն ու դրանց հետեւանքները» թեմայով քննարկմանը: Բորիս Նավասարդյանի կարծիքով «Եթե խոսքը չնույնականացվող աղբյուրներին հղում անելու եւ եթե այնտեղ կա վիրավորանք կամ զրպարտություն, լրատվամիջոցի անմիջապես պատասխանատվության մասին է, այստեղ դրական զարգացում տեղի է ունեցել, քանի որ ի սկզբանե օրինագծում նախատեսված էր, որ լրատվամիջոցները իրավունք չունեն հղում կատարել որեւէ չնույնականացվող կամ անանուն աղբյուրի, եւ այդ արգելքը տարածվում էր նաեւ այն դեպքերի վրա, երբ բովանդակությունը օրենքին հակասող բառեր չէր պարունակում: Այսինքն, միանգամայն զավեշտային կարգավորում էր մտցվում, որը հակասում էր միջազգային բոլոր նորմերին: Դա, բնականաբար, առաջացրեց լրատվամիջոցների ներկայացուցիչների եւ փորձագետների վրդովմունքը: Սակայն, ոնց որ, վերջին պահին օրինագծի հեղինակները հետ կանգնեցին, միանգամայն փոխեցին կարգավորումը: Հիմա ենթադրվում է, որ եթե լրատվամիջոցը մեջբերում է որեւէ աղբյուր, որը չի նույնականացվում, այսինքն, հնարավոր չէ հայտնաբերել եւ այդ բովանդակության մեջ կան օրենքին հակասող տարրեր, ապա դրա համար պատասխանատվությունը արդեն կրում է լրատվամիջոցը:

Տես ավելին՝ https://www.aravot.am/2021/10/29/1225757/