«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» օրենքի նախագծում մի շարք կարևոր դրույթներ չեն ներառվել

Այսօր՝ 2016 թ. նոյեմբերի 3-ին ՀՀ Կառավարությունը հավանություն է տվել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին, որի վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ներկայացված առաջարկներից միայն մեկն է ընդունվել: Մենք ողջունում ենք, որ Նախագծի 30-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված «Հաշմանդամություն ունեցող անձանց որոշակի իրավունքներ և պարտականություններ կարող են վերացվել կամ փոփոխվել Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված դեպքերում և կարգով, եթե դրանց իրականացումն անհնար է հաշմանդամություն ունեցող անձի կենսագործունեության սահմանափակման պատճառով կամ վտանգում է հաշմանդամություն ունեցող անձի կյանքը կամ առողջությունը» բովանդակությամբ դրույթը հանվել է Նախագծից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ Սահմանադրությամբ առկա չեն իրավունքը վերացնելու կամ փոփոխելու հասկացությունները, այն ամրագրում է միայն իրավունքները սահմանափակելու հասկացություն, բացի դրանից՝ ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված չէ հաշմանդամություն ունեցող անձի կենսագործունեության սահմանափակման պատճառով անձի իրավունքների սահմանափակման հնարավորություն։ Բայցևայնպես արձանագրում ենք, որ Օրենքի նախագիծը առավելապես կենտրոնացած է հաշմանդամության սոցիալական մոդելի վրա, քան՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման և պաշտպանության։ Մեր մի շարք առաջարկներ, որոնք կարող են էական նշանակություն ունենալ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության գործում, դուրս են մնացել Կառավարության կողմից հավանության արժանացած Օրենքի նախագծից: Դրանք ներկայացնում ենք ստորև: 1․Նախագծի 8-րդ հոդվածում սահմանել հանրային կյանքում լիակատար և արդյունավետ մասնակցություն և ներգրավվածության սկզբունքը (որպես ՄԱԿ-ի Կոնվենցիայի 3-րդ հոդվածի արտացոլում): 2․Նախագծի 7-րդ հոդվածից հանել որպես հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման պետական քաղաքականության հիմնական նպատակ սահմանված հաշմանդամության կանխարգելումը, ինչպես նաև նախագծի 16-րդ հոդվածը, որը սահմանում է  հաշմանդամության կանխարգելման կարգը և պայմանները։  (Հաշմանդամության կանխարգելումը որպես նպատակ չի ներառվել Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայում՝ ելնելով այն սկզբունքից, որ հաշմանդամություն ունեցող անձանց շուրջ տարվող քաղաքականությունը պետք է հիմնված լինի ոչ թե առողջապահական և սոցիալական սկզբունքների, այլ իրավունքների և ազատությունների ապահովման և պաշտպանության վրա): Օրենքի նախագծով սահմանել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար ՀԿ-ների դատարան դիմելու իրավունքը, մասնավորապես՝ նախագիծը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր հոդվածով . «1) Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունները, Մարդու իրավունքների պաշտպանը (ՄԻՊ-ի համար տվյալ իրավունքի սահմանումը թողնում ենք Մարդու իրավունքների պաշտպանի հայեցողությանը) օգտվում են հաշմանդամություն ունեցող անձանց և անձանց խմբերի իրավունքների հարցերով դատական պաշտպանության իրավունքից:  2) Պետությունը ապահովում է հաշմանդամություն ունեցող անձանց համար իրավական արդյունավետ պաշտպանության իրավունքը պետական միջոցների կամ ՏԻՄ միջոցների հաշվին:» Չընդունված առաջարկների մասով կազմակերպությունը կշարունակի պնդել Օրենքի նախագծի խորհրդարանական լսումների ընթացքում:

Տես ավելին՝ http://archive.hcav.am