Հանրային հեռուստաընկերությունն անդրադարձել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործունեությանը

«Որոշ պաշտոնատար անձանց ներկայացրած հայտարարագրեր համադրելիս երբեմն պարզվում է՝ պաշտոնյան կատարել է գույքի ձեռքբերում, որի միջոցները ո՛չ տարեսկզբի դրամական միջոցների տեսքով, ո՛չ տարվա ընթացքում ստացած եկամուտների տեսքով չի ունեցել, ինչն ինքնին ռիսկային գործոն է»,- այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանը: Այսպիսի գործոնների համադրման արդյունքում որոշում է կայացվում տվյալ պաշտոնատար անձի և նրա ընտանիքի անդամների կողմից ներկայացված հայտարարագրերի համալիր վերլուծություն իրականացնել։

Նա նշել է, որ 2021 թվականից պաշտոնյաները պարտավոր են հայտարարագրել նաև ծախսերը։ «Որոշ դեպքերում հայտարարագրերի վերլուծության արդյունքում, օրինակ, կարող է պարզվել, որ պաշտոնյան տարվա ընթացքում 110 մլն դրամի ծախս է կատարել, որը բազմակի անգամ գերազանցում է պաշտոնատար անձի օրինական եկամուտները»:


Արամայիս Փաշինյանը նաև անդրադարձել է հայտարարագրման ենթակա տեղեկությունների մշակմանը և հայտնել, որ միջազգային նորմերին համապատասխան մշակված ռիսկային ցուցիչների հիման վրա դուրս են բերվում ռիսկային հայտարարագրերը:


«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ռիսկային ցուցիչների մասին չի բարձրաձայնում, որպեսզի պաշտոնատար անձինք շրջանցելու տարբերակներ չգտնեն: Հանձնաժողովի փորձը ցույց է տվել, որ պաշտոնյաները եկամուտները շատ անգամ թաքցնում են կանխիկ գումարի նախնական մեծ չափ ներկայացնելով»,-ասել է Արամայիս Փաշինյանը և հավելել, որ պետությունը պայքարում է այս երևույթի դեմ, ըստ այդմ՝ պաշտոնյաները պարտավոր են կանխիկ և անկանխիկ միջոցները հայտարարագրել առանձին, իսկ խոշոր կանխիկ միջոցների առկայությունն ինքնին ռիսկային ցուցիչ է համարվում և կարող է հիմք հանդիսանալ հայտարարագրերի համալիր վերլուծություն իրականացնելու համար։

Համաձայն նոր կարգավորումների, եթե հայտարարատուի եկամուտները, օրինակ՝ ծանոթ-բարեկամից ստացված նվիրատվությունները կասկած հարուցեն, ապա Հանձնաժողովն իրավասու է վերջինիցս պահանջել իրավիճակային հայտարարագիր:


«Հայտարարագրերում խնդիրներ հայտնաբերելու դեպքում հանձնաժողովն իրավասու է հարուցել վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթ՝ տուգանելով մինչև 400 հազար դրամի չափով: Եթե գույքի էական փոփոխությունը կամ ծախսը ողջամտորեն չի հիմնավորվում օրինական եկամուտներով, կամ առկա է չհայտարարագրված կամ ոչ ամբողջական հայտարարագրված գույք, ապա հանձնաժողովը վերլուծությունները կարող է ուղարկել նաև ՀՀ գլխավոր դատախազությունը»,-նշել է ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամը:

Տես ավելին՝ http://cpcarmenia.am