ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է դրել հանրակրթության նոր չափորոշիչը, որով ակնկալում է ունենալ կարողությունների ձևավորմանն ուղղված հանրակրթության բովանդակություն, որին կհետևի չափելի վերջնարդյունքների հիման վրա առարկայական ծրագրերի, գնահատման մեթոդաբանության մշակում և դասագրքերի ստեղծում։ Չափորոշիչը, համաձայն նախագծի, հնարավորություն կընձեռի ստանալ ուսումնական նյութի և դրա ուսումնասիրության համար նախատեսված դասաժամերի այնպիսի հարաբերություն, որը հնարավորություն է տալիս աշակերտներին հասկանալ այն, սովորել և կարողանալ կիրառել։ ԿԳՄՍՆ-ի ակնկալիքով, այն դպրոցներին հնարավորություն կտա ստեղծել աշակերտների կարիքներին համապատասխան ուսումնական պլան, գնահատումն իրականացնել ուսումնական հաջողությունները գրանցելու, բացթողումները տեսնելու և դրանք հաշվի առնելու դասավանդման ընթացքում։ Չափորոշչի ընդունմամբ գնահատման քանակական (միավորային) և որակական (ուսուցանող) եղանակների մեջ որակական գնահատման տեսակարար կշիռը զգալի կմեծանա՝ նպաստելով սովորողների հաջողությունների և բարելավման ուղղությունների որակյալ նկարագրությանը։ Նշվում է նաև, որ չափորոշչի ընդունման արդյունքում կմեծացվի պետական հանրակրթական ուսումնական հաստատություններին ուղղվող ֆինանսավորումը՝ ընձեռելով աշակերտների հետազոտական աշխատանքների, ինչպես նաև տարաբնույթ խմբակների ֆինանսավորման հնարավորություն, իսկ անհատական բաղադրիչի ներդրումը թույլ կտա ունենալ յուրաքանչյուր աշակերտի կարիքներին ու պահանջներին ուղղված կրթության կազմակերպում։ Որոշ շրջանակներ քննադատում են նոր ներկայացված չափորոշիչը, քանի որ այն նախատեսում է կրճատել դպրոցներում հայոց լեզվի դասաժամերը՝ վերաբաշխելով դրանք բնագիտական առարկաների միջև: Փաստաթղթով առաջարկվում է նաև հանել «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան` փոխարենն այդ առարկայի տարբեր բաժինները զետեղելով ավագ դպրոցի պատմական և հասարակագիտական այլ առարկաների ուսումնական ծրագրերում: ԿԳՄՍՆ-ի ներկայացրած հանրակրթության նոր չափորոշչին կանդրադառնանք հուլիսի 9-ին, ժամը 11:00-ին «Հոդված 3»-ի կազմակերպած տեսաքննարկման ժամանակ: Բանախոսներն են. ԺԱՆՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ, ԿԳՄՍ փոխնախարար ՍՈՖՅԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ԱՆՆԱ ԿՈՍՏԱՆՅԱՆ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր ԼՈՒՍԻՆԵ ԽԱՌԱՏՅԱՆ, Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամ ՍԵՐՈԲ ԽԱՉԱՏՐՅԱՆ, կրթության փորձագետ
Տես ավելին՝ https://factor.am