Հայաստանի Հանրապետությունում դպրոցների օպտիմալացման գործընթացի մասնակցային մոնիտորինգ

«Հանրային քաղաքականության ինստիտուտ» (ՀՔԻ) հասարակական կազմակերպությունը (ՀԿ) իրականացրել է Հայաստանի Հանրապետությունում (ՀՀ) դպրոցների օպտիմալացման (միացման ձևով վերակազմակերպման) գործընթացի մասնակցային մոնիտորինգ՝ հնարավոր հիմնախնդիրները վեր հանելու և բարելավման առաջարկություններ ներկայացնելու նպատակով։ Մոնիտորինգն իրականացվել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» (ԹԻՀԿ) ՀԿ-ի «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) աջակցությամբ։ 2017թ. օգոստոսի 24-ին, ՀՀ Կառավարության հերթական նիստում որոշումներ ընդունվեցին
մի շարք դպրոցների (6-ը` Երևանում, 9-ը՝ մարզերում)՝ միացման ձևով վերակազմակերպման մասին: Ի հակասություն մինչ այդ հրապարակային ելույթներում հռչակված սկզբունքների, վերակազմակերպված դպրոցների շարքում կային գյուղական բնակավայրերում գործող դպրոցներ: Մասնակցային մոնիտորինգն իրականացվել է Բազելի կառավարման ինստիտուտի կողմից մշակված մեթոդաբանությամբ, ինչը ենթադրում է հանրային ծառայության (տվյալ դեպքում՝
կրթության) անմիջական սպառողների և շահագրգիռ այլ անձանց ներգրավում մոնիտորինգային խմբերում:
Իրականացվել է որակական հետազոտություն՝ դեպքի ուսումնասիրության մեթոդով: Փաստացի փակված յուրաքանչյուր դպրոց՝ իրեն բնորոշ վերակազմակերպման գործընթացով ու արդյունքներով, ուսումնասիրվել է որպես առանձին դեպք:
Իրականացվել են կիսաձևայնացված հարցազրույցներ օպտիմալացման գործընթացի ազդեցությունը կրող անձանց և անմիջական շահառուների հետ. վերակազմակերպված դպրոցների անձնակազմի ներկայացուցիչներ (տնօրեններ, փոխտնօրեններ, ուսուցիչներ), վերակազմակերպված դպրոցների աշակերտների ծնողներ, իրավահաջորդ դպրոցների
ներկայացուցիչներ (տնօրեններ, փոխտնօրեններ): Ուսումնասիրվել է 6 դպրոց (2-ը՝ Երևանում, 2-ը՝ Կոտայքի մարզի Փյունիկ և Զովաշեն գյուղական բնակավայրերում, մեկը՝ Տավուշի մարզի Բերդ քաղաքում, մեկը՝ Արմավիրի մարզի
Փարաքար համայնքում): Հարցազրույց է իրականացվել 144 անձի հետ: Մասնակցային մոնիտորինգի խմբի 11 դիտորդները հավաքել են առաջնային հետազոտական տվյալները, իսկ ՀՔԻ թիմն իրականացրել է մոնիտորինգի դաշտային աշխատանքների ընդհանուր համակարգումն ու հավաքված տվյալների վերլուծությունը: Մոնիտորինգն իրականացվել է 2018թ. փետրվար և մարտ ամիսներին:

Տես ավելին՝ http://ipp.am/wp-content