Կայացավ հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի առաջին նիստը

Վերջերս ձևավորված Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի առաջին նիստն այսօր կառավարությունում կայացավ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Վարչապետի խոսքով՝ Հայաստանում հակակոռուպցիոն պայքարի հիմնական խնդիրն այն է եղել, որ դրա մասին խոսվել է, սակայն իրականությունը դրանից չի փոխվել։ Պատճառը, ըստ Փաշինյանի, քաղաքական կամքի բացակայությունն է եղել։

«Այսօր միանշանակ է և աներկբա, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ունի հակակոռուպցիոն սկբունքային պայքար վարելու քաղաքական կամքի հնարավորինս ամենամեծ ծավալը, բայց այսօր նույնպես Հայաստանի Հանրապետությունում հակակոռուպցիոն պայքարը չի ընթանում և տեղի չի ունենում այն ծավալներով և արդյունավետությամբ, որը կհամապատասխաներ Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքական կամքին», — նշեց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ այսօր կառավարությունը խնդիր ունի ստեղծելու այնպիսի մեխանիզմներ, որ Հայաստանում հակակոռուպցիոն պայքարը և՛ կանխարգելմամբ, և՛ կոռուպցիայի դեմ պայքարով հնարավորինս համապատասխանի կառավարության և խորհրդարանում իշխող ուժի քաղաքական կամքին։ Ասաց՝ իշխանություններն այդ համատեքստում ունեն որոշակի մարտահրավերներ։

«Այդ մարտահրավերներից կարևորագույնը անձամբ ինձ համար հետևյալն է՝ հակակոռուպցիոն պայքարը կազմակերպել բացառապես այնպիսի եղանակներով, ձևերով և կառուցակարգերով, որպեսզի դրանք հանկարծ որևէ կերպ, կամա, թե ակամա չվնասեն Հայաստանի Հանրապետության ժողովրդավարության իմիջին և ժողովրդավարական իրականությանը», — ընդգծեց կառավարության ղեկավարը։

Հայաստանի կառավարության և խորհրդարանական մեծամասնության համար աներկբա է՝ կոռուպցիայի դեմ ամենակոշտ ձևերով պայքար մղելը։ Փաշինյանը պարզաբանեց, որ «կոռուպցիա» ասելով՝ կառավարությունը նկատի չունի միայն նախկին կոռուպցիան։

«Մենք նկատի ունենք նաև ընթացիկ և որ շատ ավելի կարևոր է, ապագա կոռուպցիան։ Այսինքն երբեք չի կարելի այսպիսի տարբերակում դնել, որովհետև իմ գանահատմամբ՝ կոռուպցիան վտանգավոր է եղել անցյալում, կոռուպցիան ավելի վտանգավոր է հիմա, կոռուպցիան ավելի վտանգավոր է դառնալու ապագայում մեր երկրի և ժողովրդի ճակատագրի համար», — ասաց Փաշինյանը։

Խորհրդարանական ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունում պատգամավոր, Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդամ Անի Սամսոնյանն ասում է՝ իրենց քաղաքական ուժը բազմից ասել է՝ նոր իշխանություններն ունեն կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքական կամք, այլ բան է, որ կառավարությունը դեռ չի հստակեցրել՝ հակակոռուպցիոն պայքարի որ մոդելն է ընտրելու։

«Կա մեկ ծրագիր, ռազմավարության ծրագիրը, բայց այդ ծրագիրը ընդամենը տալիս է նախնական նկարագիր, թե ինչպիսին պետք է լինեն այդ մոդելները, ինչպիսին պետք է լինեն կառուցակարգերը։ Բայց այն դեռ լրամշակման կարիք ունի», — նշեց Սամսոնյանը։

Մյուս ընդդիմադիր խմբակցությունը՝ ԲՀԿ-ն, որոշակի վերապահումներ ունի կառավարության առաջարկած հակակոռուպցիոն մեխանիզների մասով։ Գործադիրը, մասնավորապես, առաջարկում է կոռուպցիոն գործերը քննող դատարանների ստեղծում, որը «Բարգավաճ Հայաստան»-ում վիճահարույց են համարում։

Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդամ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանի խոսքով. «Այսօր իսկապես դատարանների ծանրաբեռնվածություն կա և այսօր արդեն իսկ դատավորների սուր պակաս կա, այսինքն այս համատեքստում փորձել կոռուպցիոն գործեր քննող դատարաններ ստեղծել փոքր-ինչ անհասկանալի է»։

«Կառավորության պատկերացումները զետեղված են արդեն հրապարակված ռազմավարության և գործողությունների ծրագրի մեջ, որը ի տարբերություն դեկտեմբերին հրապարակված ռազմավարության, կարող ենք ասել, որ, այո, հեղափոխական է։ Անցյալ տարվա ապրիլ-մայիսին տեղի ունեցած հեղափոխությունը արտացոլված է այս ռազմավարության մեջ թե՛ նախկինում կոռուպցիայի դեմ պայքարին տրված բավական ադեկվատ գնահատականի մասով և թե՛ գործողությունների տրամաբանական և էական փոփոխության առումով», — ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Դանիել Իոաննիսյանը։

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշեց. «Ես իմ տպավորությունը կասեմ, որ բավականին դրական է։ Կարծում եմ՝ դա պայմանավորված էր բոլոր կողմերի տրամադրվածությամբ, հիմնական պատասխանատուն հասկանալի է՝ այս պարագայում Արդարադատության նախարարությունն է։ Նախարարը շատ բաց էր ու կառուցողական, հնչեցին առաջարկներ, որոնց մեծ մասը կա՛մ արդեն նախատեսված էին եղել, կա՛մ նախարարը պատարաստակամություն հայտնեց դրանց անդրադառնալ»։

Հունիսի 24-ի որոշմամբ ստեղծված խորհրդի կազմում են վարչապետը, ոլորտը համակարգող փոխվարչապետը, վարչապետի աշխատակազմի ղեկավարը, արդարադատության նախարարը, փոխնախարարը, ԲԴԽ նախագահը, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահը, մարդու իրավունքների պաշտպանը, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահը, ԱԺ խմբակցություններից մեկական ներկայացուցիչ, քաղհասարակության կազմակերպությունների 5 ներկայացուցիչ։

Տես ավելին՝ https://www.azatutyun.am