Անկախացումից ի վեր Հայաստանը հաստատել և ընդունել է տարբեր ռազմավարական իրավական ակտեր` ուղղված Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև միջազգային պարտավորությունների կատարմանը: Թեև այս ոլորտի կարևորությանը, այդ փաստաթղթերի ոչ պատշաճ իրականացման խնդիրը մշտապես եղել է արդիական: Մասամբ դա պայմանավորված է իրականացման գործընթացի պատշաճ
մոնիթորինգի և գնահատման բացակայությամբ` ինչպես իրականացնողների, այնպես էլ քաղաքացիական հասարակության կողմից: Այս տեսանկյունից առանցքային նշանակություն ունի այս ռազմավարական գործողությունների իրականացման մշտադիտարկումը, ինչպես նաև մոնիթորինգի արդյունքների վերաբերյալ հանրության, քաղաքացիների և այլ շահագրգիռ կողմերի իրազեկումը:
2019 թվականի դեկտեմբերի 26-ին ՀՀ կառավարությունը հաստատեց Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը և դրանից բխող Գործողությունների ծրագիրը` 2020-2022 թվականների համար (այսուհետ՝ Ազգային ռազմավարություն կամ Մարդու իրավունքների ազգային ռազմավարություն):
Ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի երկարաժամկետ նպատակները ներառում են մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանությունը և երաշխավորումը, հետևողական հասարակական քաղաքականության իրականացումը, քաղաքական, քաղաքացիական, տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների պաշտպանության մեխանիզմների կատարելագործումը, մարդու իրավունքների ու դրանց
պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ հասարակության տեղեկացվածության բարձրացումը, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության միասնական քաղաքականության ուղղությունների ուրվագծումը, որոնք հիմք են հանդիսանալու առաջիկա տարիներին գործունեության համար:
Տես ավելին` http://www.e-rights.am