Առաջարկ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ

ՀՀ դատական համակարգում մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան ձևավորելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծեր, որոնց վերաբերյալ առկա են հետևյալ նկատառումները․
1. 2019թ․ ընդունված դատական և իրավական բարեփոխումների 2019-2023թթ․ ռազմավարությամբ նախատեսվեց ՀՀ դատական համակարգում ձևավորել հակակոռուպցիոն դատարան։ Ընդ որում, ռազմավարության ռազմավարական ուղղություններն ու նպատակները սահմանող 1-ին բաժնում ամրագրված է, որ հակակոռուպցիոն դատարանը պետք է վայելի հանրային բարձր վստահություն, իսկ դատավորները պետք է ունենան մասնագիտական բարձր պատրաստվածություն։ Միաժամանակ նախատեսվում է դատավորների ընտրության գործընթացում ներառել նաև փարձագետներ։ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում առաջարկվող փոփոխության 8-րդ և 21-րդ հոդվածներում սահմանվում է, որ ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը (այսուհետ՝ ԲԴԽ) հակակոռուպցիոն դատարանի դատավորների ընտրության հարցում կարող է ներգրավել
փորձագետների, ովքեր ունեն հակակոռուպցիոն գործունեության ոլորտում 3 տարվա ստաժ։ Միաժամանակ նախատեսվում է, որ փորձագետների ներգրավման կարգը սահմանում է ԲԴԽ-ն։ Հարկ է նշել, որ 8-րդ հոդվածում փորձագետի ներգրավման հարցում ԲԴԽ հայեցողությունն ըստ էության նշանակում է, որ փորձագետ կարող է նաև չներգրավվել, ինչը հակակոռուպցիոն դատարանի ձևավորման սկզբունքների առումով հակասում է վերոնշյալ ռազմավարությամբ նախանշված սկզբունքներին՝ առաջնահերթության կարգով դատավորների նկատմամբ վստահության բարձր աստիճանի ապահովմանը։ Բացի այդ, ներկայացված նախագիծը չի պարունակում հակակոռուպցիոն դատարանի դատավորների ընտրության գործընթացի թափանցիկությունն ու հրապարակայնությունն ապահովող իրավակարգավորումներ, ինչպիսիք կարող էին լինել դատավորների
թեկնածուների առաջադրման և ընտրության գործընթացի հետագա փուլերի վերաբերյալ տեղեկատվական աղբյուրներով, այդ թվում՝ ԶԼՄ-ներով հրապարակայնության ապահովումը։
Առաջարկ․
• հակակոռուպցիոն դատարանի դատավորների ընտրության գործընթացում փորձագետների ներգրավման հարցում բացառել ԲԴԽ հայեցողությունը և այն նախատեսել որպես պարտադիր նորմ։ Միաժամանակ իրավակարգավորումներով նախատեսել միջազգային փորձագետների ներգրավման հնարավորությունը,
• նախատեսել, որ դատավորների թեկնածուների առաջադրման և ընտրության գործընթացի բոլոր փուլերում դատական դեպարտամենտը և ԲԴԽ-ն պարտավոր են ապահովել թափանցիկությունը և հրապարակայնությունը՝ ԶԼՄ-ներով և տեղեկատվական այլ աղբյուրներով, այդ թվում՝ ուղիղ հեռարձակումներով։ Մասնավորապես՝ անհրաժեշտ է ապահովել թեկնածուների առաջադրման փուլում վերջիններիս ցուցակի հրապարակումը, գրավոր քննության և ԲԴԽ-ում հարցազրույցի ընթացքում ուղիղ հեռարձակումը։

Տես ավելին՝ https://transparency.am