Ամբողջ լրագրողական համայնքը, կազմակերպությունները տհաճորեն զարմացել են. Շուշան Դոյդոյան

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանն իր զարմանքն է արտահայտում Սահմանադրական դատարանի վերջին որոշման կապակցությամբ. — «Շարունակում ենք բացասական, բուռն արձագանքել։ Ամբողջ լրագրողական համայնքը, կազմակերպությունները տհաճորեն զարմացել են»։

Սահմանադրական դատարանը հոկտեմբերի 9-ին վճռեց, որ Ազգային ժողովի ընդունած «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը համապատասխանում է Սահմանադրությանը։

Խոսքը այն ժամանակ խորհրդարանի փոխնախագահ, այժմ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հեղինակած օրենքի մասին է, որով վիրավորանքի ու զրպարտության համար տուգանքները եռապատկվեցին՝ հասնելով մինչև 3 և 6 միլիոն դրամի։

Տուգանքների խստացումը, ըստ իշխող կուսակցության, կարող է զսպող գործիք լինել ներկայիս պայմաններում, երբ հատկապես սոցցանցերում շատ է տարածված ոչ հավաստի ու չստուգված տեղեկատվության տարածումը, ինչը իրենց հերթին ակտիվորեն շրջանառում են բազմաթիվ լրատվամիջոցներ։

Նախագահ Արմեն Սարգսյանը չէր ստորագրել խորհրդարանի ընդունած ու լրագրողական կազմակերպությունների, իրավապաշտպանների կողմից բուռն քննադատության արժանացած օրինագիծն`այն ուղարկելով Սահմանադրական դատարան: Սարգսյանը հայտարարել էր, որ վիրավորանքի ու զրպարտության համար նախատեսվող տուգանքի չափի զգալի բարձրացումը կարող է էական վնաս հասցնել խոսքի ու արտահայտվելու ազատությանը, զգալիորեն սահմանափակել լրագրողի, լրատվամիջոցների ազատությունը։

Տես ավելին՝ https://www.azatutyun.am/a/31503985.html