Նախադպրոցական կրթության նոր չափորոշիչները գերատեսչությունը դրել է հանրային քննարկման: Փոփոխություններով սահմանվում են նախադպրոցական տարիքի երեխայի կրթական ծրագրի բովանդակությունը, ինչպես նաև ուսումնական հասատատության նոր պահանջները:
Թեհմինե Կարախանյան, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ — Այս փաստաթղթով յուրաքանչյուր ծնող, նախադպրոցական կրթության ոլորտի մասնագետ կարող է հասկանալ, թե արդյո՞ք տվյալ տարիքային խմբի երեխան իր զարգացման առանձնահատկություններով համապատասխանում է նորմերին, թե՞ ոչ:
Գործող չափորոշիչն ընդուվել է 2011-ին: 10 տարում բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունեցել, որոնք պետք է արտացոլվեն նախադպրոցական կրթության ոլորտում՝ նշում է մասնագետը: Աշխատանքային խմբի անդամը պարզաբանում է՝ վերանայվել են երեխայի զարգացման կարևոր բաղադրիչներ:
Սոսե Խաչիբաբյան, հոգեբան — Հստակեցվել են հուզական, անձնային զարգացման այն կետերը, որոնց վրա նախակրթարանը պիտի ուշադրություն դարձնի: Օրինակ, պատասխանատվությունը՝ որպես անձնային գիծ, հուզական ինքնակարգավորման խնդիր:
Նոր փաթեթի վրա աշխատել են կես տարի: Հիմնական շեշտը դրել, որ նախակրթարանից դպրոց երեխան հաճախի լիարժեք պատրաստ:
Սոսե Խաչիբաբյան — Կփոխվի նա, որ ավելի հստակ, ավելի կոնկրետ սպասելիքներ ու պահանջներ կունենանք նախակրթարաններից և կստանանք այն արդյունքը, որը դպրոցում երեխայի ավելի հեշտ ադապտացիան կապահովի:
Առանձնացվում է նախադպրոցական տարիքի երեխաների 5 խումբ, որոնք ըստ ոլորտների պետք է ունենան գիտելիքների որոշակի պաշար, իհարկե՝ ըստ նախասիրության ու կարողությունների:
Թեհմինե Կարախանյան — Օրինակ, նախադպրոցական տարիքի երեխան՝ 5-6 տարեկան, պետք է ճանաչի իր հայրենիքը, պետք է ճանաչի մշակութային որոշակի գործիչների, պետք է ճանաչի տառերը, երկրաչափական որոշակի պատկերներ, որ կարողանանք ապահովել սահուն անցումը նախակրթարանից դեպի դպրոց:
Հետևել են նաև ժամանակի պահանջին՝ հոգալով որ փոքրիկը մեծանա մեդիագրագետ, տիրապետի տեխնոլոգիաներին՝ տարիքին համապատասխան:
Թեհմինե Կարախանյան — Ժամանակակից երեխային չենք կարող զերծ պահել համակարգչից, հեռախոսից և նոր տեխնոլոգիաներից: Խնդիրը ճիշտ ուղղորդելն է՝ օգտվելու տեխնոլոգիաներից, որ ո՛չ տուժի երեխայի կրթական մասը, ո՛չ առողջությունը:
Նախադպրոցական կրթության ոլորտում այժմ ենթաօրենսդրական մի շարք ակտերի մշակումներ են: Իսկ նոր չափորոշիչը մինչև ապրիլ կներկայացվի Կառավարության հաստատմանը:
Տես ավելին՝ https://www.1lurer.am