Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հրապարակել է 2013թ. տարեկան զեկույցի` կրթության և գիտության նախարարության գործունեության ոլորտում մարդու իրավունքների վիճակի մասին հատվածը։
Ոլորտում առկա թերություններն ու խնդիրները
- Հայաստանի 1400 դպրոցներից ընդամենը 117-ում է իրականացվել ներառական կրթություն, ընդ որում՝ ակնհայտ բացթողումներով: Արդյունքում խախտվել է հազարավոր հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության իրավունքը, քանի որ իրենց հասանելի է դպրոցների ընդամենը 8%-ը:
- Որպես կանոն չի երկարացվել բարձր առաջադիմությամբ սոցիալապես անապահով ուսանողների ուսման վարձի վճարման ժամկետը, ինչը լուրջ խնդիրներ է առաջացել այդ ուսանողների համար՝ անհարկի ֆինանսական բեռ, ընդհուպ մինչև համալսարանից հեռացում:
- Կրթության ոլորտում շարունակվել են դրամահավաքության, մանկավարժների նկատմամբ տարբերակված մոտեցման, ինչպես նաև տնօրենների կողմից անօրինականության դեպքերը:
- Առանձին դեպքերում գիտական մրցույթներում հանձնաժողովների անդամները հանդես են եկել նաև որպես մասնակից և ցուցաբերել են կանխակալ վերաբերմունք, սակայն օրենսդրական բացի հետևանքով մրցույթի մասնակիցները զրկված են եղել այդ անդամին բացարկ հայտնելու հնարավորությունից:
- Թերի ստուգումների արդյունքում չեն բացահայտվել դպրոցներում բուժօգնության մակարդակի, ժամկետանց դեղերի կամ առհասարակ դրանց բացակայության դեպքերը:
- Նախարարությունը միջոցներ չի ձեռնարկել՝ լուծելու որոշ ԲՈՒՀ-երի ուսանողական խորհուրդների քաղաքականացված լինելու խնդիրը, քանի որ դա հակասում է ԲՈՒՀ-երի չքաղաքականացված լինելու սկզբունքին:
- Չեն բարեկարգվել Երևանի և մարզերի դպրոցների կոմունալ պայմանները, ինչի հետևանքով մի շարք դպրոցներ առ այսօր գտնվում են ծայրահեղ վատ վիճակում:
- Առանձին դեպքերում, դպրոցների տնօրինության սխալ հաշվարկի հետևանքով ուսուցիչները չեն ստացել իրենց սոցիալական փաթեթի գումարները:
- Դպրոցների տնօրենների ընտրություններն անց են կացվել բացթողումներով, ինչի պատճառն է հանդիսացել այն կարգավորող թերի հրամանը:
- Գիտական աստիճանի շնորհման ընթացքում Բարձրագույն որակավորման հանձնաժողովի որոշ լիազորությունները, ինչպես նաև ատենախոսի կրկնակի պաշտպանությունը, պետք է նախատեսված լինեն օրենքով: Մինչդեռ դրանք նախատեսված են ոչ թե օրենքում, այլ, օրինակ, որոշումներում, հրամաններում:
Արձանագրված դրական զարգացումները
- ՀՀ կառավարության 2012թ. դեկտեմբերի 27-ի նիստի N 52 արձանագրային որոշմամբ հաստատվել է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի հայեցակարգը, ինչի արդյունքում հանրապետության տարածքում գործող շուրջ 700 դպրոցի տարրական դասարանների աշակերտներ ապահովվել են սննդով:
- ՀՀ Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունել է նախարարության նախաձեռնությամբ մշակված «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
- ՀՀ կրթության և գիտության նախարարի 21.11.2012թ N 1061-Ա/Ք հրամանով հաստատվել է «Հանրակրթական, այդ թվում` նախադպրոցական, ուսումնական հաստատություններում օգտագործվող ձեռնարկների փորձաքննության և գործածության երաշխավորման կարգը», որն ուղարկվել է ՀՀ արդարադատության նախարարություն` գրանցման:
Առաջարկություններ
- Հաշվի առնելով համապատասխան պարտավորությունները՝ ձեռնարկել միջոցներ՝ բոլոր հանրակրթական դպրոցներում ներառական կրթության ներդրումը ապահովելու համար:
- Հաշվի առնելով գործնականում հանդիպող բարդությունները՝ սոցիալապես անապահով, ինչպես նաև սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի ուսանողների ուսման վարձի վճարման ժամկետը հետաձգել մինչև ուսումնական տարվա կեսը կամ ավարտը: Միաժամանակ միջոցներ ձեռնարկել ապահովելու համար ոչ միայն սոցիալապես անապահով, ինչպես նաև սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի ուսանողների, այլև բոլոր ուսանողների` ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված` մրցութային հիմունքներով անվճար պետական բարձրագույն և այլ մասնագիտական կրթական հաստատություններում կրթություն ստանալու իրավունքը: Հետևողական լինել Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1075 որոշման մեջ արտահայտած պարտադիր դիրքորոշումների կատարմանը:
- Մշակել և ներդնել կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված առավել արդյունավետ մեխանիզմներ, ինչպես նաև նման դեպքերի դեմ պայքարելու մեթոդներ:
- Օրենսդրորեն նախատեսել գիտական և գիտատեխնիկական գործունեության ոլորտում անցկացվող մրցույթներում համապատասխան հանձնաժողովների անդամներին բացարկի հնարավորությունը:
- Իրականացնել պատշաճ ուսումնասիրություններ և ստուգումներ` ուսումնական հաստատություններում բուժօգնության մակարդակի բարձրացման, դեղերի բացակայության կամ ժամկետանց դեղերի առկայության խնդիրները վերհանելու ուղղությամբ:
- Միջոցներ ձեռնարկել ուսանողական խորհուրդների քաղաքականացվածությունը վերացնելու նպատակով, ինչպես օրինակ՝ Նախարարի համապատասխան հրամանը, համաձայն որի բոլոր ուսանողական խորհուրդների կանոնադրություններում ամրագրվեր պայման, որ ուսանողական խորհրդի նախագահը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ և/կամ ուսանողական խորհրդի նախագահը և անդամները խորհրդի շրջանակներում քննարկում և լուծում են բացառապես ուսանողական կյանքին վերաբերող հարցեր:
- 2013 թվականին իրականացնել միջոցառումներ՝ Երևանի և ՀՀ մարզերի բոլոր հանրակրթական դպրոցներում ջեռուցման խնդիրը լուծելու, անբավարար պայմաններում գտնվող դպրոցները հիմնանորոգելու և «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրով նախատեսված արդյունքին հասնելու ուղղությամբ:
- Հետևողական լինել «Հանրակրթական, այդ թվում` նախադպրոցական, ուսումնական հաստատություններում օգտագործվող ձեռնարկների փորձաքննության և գործածության երաշխավորման կարգը» ՀՀ արդարադատության նախարարության կողմից գրանցելու և այն համակարգ մտցնելու ուղղությամբ:
- Հետևողական գտնվել մամուլում հրապարակված տեղեկությունների, ինչպես նաև նախարարությանն ուղղված դիմում-բողոքների միջոցով ոլորտին առնչվող խնդիրների պատշաճ քննարկման և լուծման հարցում` այդ կերպ ամրապնդելով նախարարության և քաղաքացիական հասարակության միջև կապը:
- Օրենսդրության բարեփոխումների շրջանակներում լուծում տալ գիտական աստիճանաշնորհման գործընթացում առկա օրենսդրական խնդիրներին, հատկապես ատենախոսներին ենթաօրենսդրական ակտերով, այլ ոչ օրենքներով պարտականություններ սահմանելու խնդրին:
Տես ավելին՝ https://www.civilnet.am/news