Հայաստանում վեթթինգի մեխանիզմի կիրառման վերաբերյալ հարցեր

Հայաստանում վեթթինգի մեխանիզմի մշակման համար կարևոր է վեթթինգի նպատակի սահմանումը: Կարծում եմ, որ Հայաստանի իրավիճակում առաջնայնությունը դատական համակարգի հանդեպ ժողովրդի վստահությունը վերականգնելն է ու այն ամրապնդելն է, և ապագայում անարդար դատավճիռների կայացման կանխարգելումը: Վեթթինգի մի այլ նպատակ կարող է լինել անցյալի ժառանգության և անպատժելիության հաղթահարումը, սակայն վեթթինգը նպատակահարմար չէ ներկայացնել որպես պատժամիջոց, քանի որ դա կարող է նրա մեխանիզմի իրագործումը բարդացնել: Վեթթինգի մեխանիզմի համար կարևոր է ստեղծել բարենպաստ մթնոլորտ` բարձրացնելով վեթթինգի մասին հասարակայնության իրազեկվածությունը և հասնել այդ հարցում քաղաքական ուժերի միջև համաձայնության: Կարևոր է հատկապես վեթթինգի ենթարկվողների շրջանում ստեղծել բարենպաստ տրամադրվածություն: Պետք է նշել, որ վեթթինգի ընթացքում հաշվի է առնվում նաև վեթթինգի ենթարկվողների համագործակցության աստիճանը, իսկ վեթթինգի ենթարկվել չցանկացողներին պետք է հնարավորություն տրվի հրաժարական տալ մինչև վեթթինգի իրագործման սկիզբը: Սխալ անցկացված վեթթինգն առավել վտանգավոր է, քան թե վեթթինգի բացակայությունը: Վեթթինգը անհատներին չպետք է թիրախավորի որոշակի խմբերի, օրինակ` կուսակցությունների պատկանելու համար, չպետք է լինի օրինական ընդդիմության դեմ պայքարի միջոց, այլ պետք է բացահայտի անհատի անհատական պատասխանատվությունը, բարեվարքությունը կամ խոցելիությունը առանց խտրականության, կամայականության, մասնագիտական մրցակցության կամ անձնական թշնամանքի: Միաժամանակ այն չպետք է անտեսի անձի բարձր ռիսկայնությունը և խոցելիությունը` ելնելով նեպոտիզմից, ֆավորիտիզմից կամ կուսակցականությունից: Պետք է հասկանալ, թե արդյոք նախատեսվում է հետագայում վեթթինգը տարածել այլ մարմինների վրա: Ամեն մի առանձին գերատեսչության կամ համակարգի վեթթինգի համար առանձին օրենք ընդունելն ու առավել ևս սահմանադրությունում համապատասխան փոփոխություններ կատարելը բավականին աշխատատար գործընթաց կլինի: Միգուցե անհրաժեշտ է ընդունել վեթթինգի միայն մեկ օրենք, որն անշուշտ անհրաժեշտ է դատական վեթթինգի իրականացման համար, և փոփոխություններ տարբեր ծառայությունների վերաբերյալ օրենքներում:  Միաժամանակ, պետք է գիտակցել դատա-իրավական վեթթինգի առանձնահատկությունները և այն տարբերակել քաղաքացիական ծառայության կամ ուժային կառույցների վեթթինգից: Քանակական իմաստով դատական համակարգի վեթթինգն ավելի հեշտ ու իրատեսական է իրագործել, քան այլ մարմիններինն ու գերատեսչություններինը, քանի որ դատավորների թիվը փոքր է: Սակայն դատական վեթթինգի դեպքում հիմնական ու բարդագույն հարցն այն է, թե ինչպես է ձևավորվելու ու նշանակվելու վեթթինգ իրականացնող մարմինը: Ի տարբերություն այլ կառույցների, որոնց վեթթինգը կարող է իրականացվել միջգերատեսչական մարմնի կողմից, դատաիրավական համակարգի վեթթինգը սովորաբար իրագործվում է հենց դատա-իրավական համակարգի կողմից, սակայն երբ այդ համակարգի արժանահավատությունը կասկածի տակ է դրված, ապա անհրաժեշտ է ստեղծել անկախ ու նոր մարմին, այդ մարմնում ընդգրկելով նաև դատա-իրավական համակարգին չպատկանող անդամներ, օրինակ` քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Դատական վեթթինգի իրականացման ընթացքում անհրաժեշտ է ապահովել օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատման և դատական համակարգում քաղաքական միջամտության բացառման սկզբունքը, հետևաբար, այդ մարմինը պետք է լինի իսկապես անկախ ու արժանահավատ: Միանգամյա վեթթինգը մնայուն բնույթ չի կրի, եթե չուղեկցվի վեթթինգի շարունակական մեխանիզմի ստեղծմամբ` կանխելու համար խախտումները ապագայում: Այդ նպատակով անչափ կարևոր է ունենալ վեթթինգի ենթարկված, անկախ ու արժանահավատ Բարձրագույն դատական խորհուրդ: Չպետք է մոռանալ, որ վեթթինգի մարմինը պետք է ունենա տեխնիկական քարտուղարություն, որը կզբաղվի տեղեկությունների հավաքմամբ, մշակմամբ ու համակարգմամբ: Ի լրումն դատական մարմինների արխիվների, ֆինանսական հաստատությունների, տարբեր գերատեսչություններում պահվող տեղեկությունների ու մարդու իրավունքների միջազգային ու ազգային զեկույցների, հանրությանը պետք է հնարավորություն տալ փաստեր տրամադրելու այդ մարմնին: Միաժամանակ, չի կարելի հիմնվել զուտ բամբասանքների վրա, և տվյալների ու բողոքների արժանահավատությունը պետք է ստուգել: Դատավորին հեռացնելու կամ վերանշանակելու համար անհրաժեշտ է ապահովել դատավորի կողմից արդարացի լսման իրավունքը: Դատական վեթթինգի դեպքում, լսումները պետք է բաց լինեն հանրության համար, և որոշումները պետք է հրապարակվեն: Դա այն տարբերություններից մեկն է, որը կա դատական վեթթինգի ու քաղաքացիական ծառայության կամ ուժային կառույցների վեթթինգի միջև, որտեղ վեթթինգի վերաբերյալ տեղեկությունները գաղտնի են պահվում: Պետք է լինի բողոքարկման մեխանիզմ, սակայն այն անցումային վեթթինգի իրականացման առաջին փուլում չի կարող լինել դատական մեխանիզմ: Պետք է ստեղծվի հատուկ վեթթինգի համար Բողոքարկման մարմին: Արդարադատության համակարգի կաթվածահար լինելուց խուսափելու նպատակով հարկավոր է, որ ներկայիս դատավորները շարունակեն պաշտոնավարել մինչև վեթթինգ անցած դատավորների` հին թե նոր, հաստատումը կամ նշանակումը: Օրենք գրելու և ԱԺ ներկայացնելու համար չպետք է դրվեն արհեստականորեն արագացված ժամկետներ: Օրենքը պետք է հիմնված լինի մշակված մոդելի, հայեցակարգի, մեթոդոլոգիայի, ռազմավարության վրա: Երբ այս ամենը մշակված լինի, և դրանց վերաբերյալ լինի համաձայնություն, օրենք գրելը իսկապես մեկ շաբաթվա հարց է: Օրենք գրելը պետք է լինի այդ գործընթացի վերջը, այլ ոչ թե սկիզբը: Վեթթինգը առանձին պետք չէ դիտարկել, այլ ուրիշ գործընթացների, այդ թվում թե անցումային արդարադատության, թե երկարաժամկետ բարեփոխումների համատեքստում: Արդարադատության համակարգի երկարաժամկետ բարեփոխումների որոշում կայացվել է, սակայն բացի վեթթինգից, Հայաստանը կարող է նաև դիտարկել անցումային արդարադատության այլ մեխանիզմներ, օրինակ` ճշմարտության հանձնաժողովներ այն դեպքում, եթե իշխանությունները, ընդդիմությունը և հասարակությունը պատրաստ են հաշտության և հանրային համերաշխության: Պետք է ապահովել այս գործընթացի ազգային սեփականատիրության սկզբունքը: Որևէ մոդել այլ երկրից պետք չէ կրկնօրինակել: Հարկավոր է ուսումնասիրել այլ երկրների մոդելները, նրանց հաջողություններն ու անհաջողությունները, դասեր քաղել, և դրանց հիման մշակել հայկական պահանջներից բխող վեթթինգի ազգային մոդել` մարդու իրավունքների, օրենքի գերակայության միջազգային ստանդարտների, դատական, օրենսդիր ու գործադիր մարմինների տարանջատման և դատական համակարգում քաղաքական միջամտության բացառման սկզբունքներին համապատասխան: Հարկավոր է նաև առավելագույնս օգտագործել երկրում առկա ազգային-փորձագիտական ներուժը, ինչպես նաև միջազգային գործընկերների տրամադրած աջակցությունը: Սոսի ԹԱԹԻԿՅԱՆ

Տես ավելին՝ https://www.aravot.am/2019/05/30/1046867/