Նախադպրոցական կրթություն և հանրակրթություն
2018 թ. ապրիլ-մայիսյան թավշյա հեղափոխությունից հետո տարբեր ոլորտներում ծավալվեցին քննարկումներ՝ բարեփոխումներ կատարելու և քաղաքականություններ մշակելու ուղղությամբ։ Կրթության ոլորտը ևս անմասն չմնաց թե՛ քննարկումներից, թե՛ սպասվող ու կատարվող բարեփոխումներից։ Այս բաժնում խոսելու ենք ֆորմալ կրթության 2 հիմնական աստիճանների՝ նախադպրոցական և հանրակրթական ոլորտների բարեփոխումներից և նախագծերից։
Նախադպրոցական կրթության ոլորտի բարեփոխումներ
Նախարարության կողմից նախադպրոցական կրթության ոլորտի բարեփոխումներին անդրադարձ կատարվեց ավելի ուշ (հանրակրթական ոլորտում տարբեր քննարկումներ ծավալվեցին և օրենսդրական նախաձեռնություններ մշակվեցին 2018-ի ամռանը)։ Դեռևս 2019 թ. սեպտեմբերին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը կառավարության հերթական նիստի ժամանակ հայտարարել էր, որ այս ոլորտում ևս առկա են խնդիրներ, և ավելացրել, որ «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը միտված էր հենց այս խնդիրների մի մասը լուծելուն։
Նախադպրոցական կրթության ոլորտի առաջին առաջարկվող բարեփոխումը կապված էր «Նախադպրոցական կրթության այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելների ներդրման» ծրագրի նախագծի հետ, որը հանրային քննարկման դրվեց 2018 թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին։ 2020 թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ԿԳՄՍ նախարարությունը հանդես եկավ վերոնշյալ նախագծի ավելի ընդարձակ տարբերակով, որի մեջ ներառվում էին ոչ միայն ծախսարդյունավետ մոդելները, այլ նաև դրանց ներդրումը։
2020 թ․ մայիսին ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը հանրային քննարկման էր դրվել ավելի վաղ՝ 2019 թ.-ի գարնանը։ Օրենսդրական այս փոփոխության արդյունքում սահմանվեցին տվյալ բնագավառում պետության քաղաքականության սկզբունքները, որոշակիորեն հստակեցվեցին նախադպրոցական ուսումնական հաստատությունների կազմակերպական-իրավական հնարավոր ձևերն ու ֆինանսատնտեսական հիմքերը, փորձ արվեց ապահովել բոլորի համար հավասար նախադպրոցական կրթության իրավունքի իրացումը և այլն։
2020 թ․ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին քննարկման ներկայացվեց նաև կառավարության՝ «Հայաստանի Հանրապետության նախադպրոցական կրթության ոլորտում համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման գործողությունների պլանը և ժամանակացույցը հաստատելու մասին» որոշման նախագիծը, որով համընդհանուր ներառականության գաղափարը պիտի տարածվի նաև նախադպրոցական կրթության վրա։
Ներկայումս ԿԳՄՍՆ-ի կողմից հանրային քննարկման են ներկայացվել «Հայաստանի Հանրապետության նախադպրոցական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորման կարգը սահմանելու մասին» ու «Պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների վարչական, մանկավարժական և ուսումնաօժանդակ կազմի վարձատրության խմբերի դասակարգման չափանիշներն ու գործակիցները սահմանելու մասին» կառավարության որոշման նախագծերը (այս նախագծերը դեռևս գտնվում են հանրային քննարկման փուլում)։ Վերոնշյալ օրենսդրական և քաղաքականության փոփոխություններին զուգահեռ, 2021 թվականին մշակվեց և հանրային քննարկման հանձնվեց «Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով քայլ է կատարվում նախադպրոցական կրթությունը հանրակրթության և հանրակրթության պետական չափորոշիչների հետ կապելու ուղղությամբ։
Հանրակրթական ոլորտի բարեփոխումներ
2018 թ. մայիս-հունիս ամիսներին կրթության և գիտության նախարարության (հետագայում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍՆ)) կողմից հայտարարվեց, որ օպտիմալացման գործընթացը դադարեցվում է։ Հայտարարվեց կրթության ոլորտի ֆինանսավորման շեշտակի ավելացման և հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման բանաձևերի փոփոխության մասին (ֆինանսավորման նոր բանաձևի մասին որոշման նախագիծը հանրային քննարկման դրվեց 2020 թ. օգոստոսին)։ Oրենսդրական կարևոր նախաձեռնություններից մյուսը հանրակրթական ուսումնական հաստատությունների կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի ձևավորման կարգում հստակեցումների կատարումն էր, որի նպատակն էր ոչ միայն որոշարկել խորհուրդների իրավասությունների շրջանակը, այլ նաև առավել ազդեցիկ դարձնել դպրոցի մանկավարժների և սովորողների ծնողների ձայնը տնօրենի ընտրության գործընթացում։ Ի հավելումն սրան, նախարարությունը որոշում կայացրեց նաև փոփոխություններ կատարել տնօրենների ընտրության կարգի մեջ՝ համապատասխանեցնելով այն ՀՀ «Հանրակրթության մասին» օրենքին (այս որոշման նախագիծը հանրային քննարկման դրվեց e-draft կայքում 13.05.2019-ին)։ 2019 թ. օգոստոսին հայտարարվեց նաև ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման և նվազագույն աշխատավարձի շեմի բարձրացման մասին, որով սեպտեմբեր ամսից ուսուցիչների աշխատավարձը բարձրացվեց 10 տոկոսով, իսկ 2020-ի հունվարից նվազագույն աշխատավարձ էր սահմանվում 108,000 դրամը։
Դեռևս 2020 թ․ սեպտեմբեր ամսին նախարարությունը հանրային քննարկման դրեց ուսուցիչների կամավոր ատեստավորման համակարգի փորձնական ներդրման մասին կառավարության որոշման նախագիծը, իսկ 2021 թ․ հունվարին այն հաստատվեց կառավարության կողմից։ Այս ծրագրով նախատեսվում է բարձրացնել կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների աշխատավարձը։ Փոփոխություններ կատարվեցին նաև ուսուցիչների թափուր տեղի համար անցկացվող մրցույթի անցկացման կարգում։ Ինչպես նաև փոփոխություն կատարվեց ուսուցիչների տարակարգի շնորհման և որակավորման բնութագրիչների մեջ։
Նախարարության նախաձեռնությամբ վերանայվեց նաև հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում երկարօրյա ուսուցման կազմակերպման կարգը, որը հանրային քննարկման ներկայացվեց 2020 թ․ օգոստոսին և հաստատվեց նույն թվականի հոկտեմբերին։
2020 թվականին ԿԳՄՍՆ-ն հանրային քննարկման է դրել կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգը, որի նպատակն է ստեղծել երեխաների բացահայտման և ուղղորդման (կրթության մեջ ներառման) գործուն համակարգ, որը հենված կլինի բոլոր շահագրգիռ և պատասխանատու կառույցների համագործակցության վրա (որոշումն ընդունվել է 12/02/2021)։
Դեռևս 2018 թ․ ամռանը հայտարարվեց, որ կրթության ոլորտում սպասվող մեծ փոփոխություններից մեկը հանրակրթության ոլորտում պետական և առարկայական չափորոշիչների մշակումն ու վերջիններիս փիլիսոփայության փոփոխությունն է։ 2020 թ․ ամռանը հանրային քննարկման ներկայացվեցին թե՛ հանրակրթության պետական չափորոշիչը, թե՛ առարկայական չափորոշիչները (հանրակրթության պետական չափորոշիչը հաստատվեց 2021 թ․ փետրվարին, իսկ առարկայական չափորոշիչները դեռևս հաստատման փուլում են)։ Չափորոշիչների փոփոխության հետ է կապվում նաև հանրային մեծ հնչեղություն ստացած հանրակրթական ուսումնական հաստատություններում գնահատման նոր համակարգի ներդնումը, համաձայն որի՝ 1-ից մինչև 5-րդ դասարանի առաջին կիսամյակի սովորողները չեն ստանալու թվային գնահատական, այլ միայն՝ ձևավորող (ձևավորող (ուսուցանող) գնահատումն իրականացվում է սովորածը առավել ամրապնդելու, ուսուցանված թեմայի բացթողումները գրանցելու, դրանք շտկելու նպատակով: Ձևավորող գնահատումը միավորային չէ, բնութագրական և խոսքային է: Ձևավորող գնահատումը կիրառվում է թեմայի ուսումնասիրության ընթացքում և միավորային գնահատումից առաջ)։
Հանրակրթության ոլորտի քաղաքականության մշակման կարևոր նախաձեռնություններից էր պետական հանրակրթական ուսումնական հաստատության զարգացման ծրագրի պահանջների, մեթոդաբանության և ձևաչափի հաստատման մասին որոշումը, որը հանրային քննարկման դրվեց 2020 թ․ նոյեմբեր ամսին (նախագիծը հաստատվեց 2021 թ․ հունվարին)։
Հայաստանի Հանրապետությունում կրթական ոլորտի բարեփոխումների մասին (մասնավորապես՝ նախադպրոցական կրթության ոլորտի խոցելիության, բացթողումների, խախտումների, քաղաքականության և օրենսդրական բարեփոխումների բացակայության, հանրակրթության ոլորտում առկա մի շարք խնդիրների, այդ թվում՝ կոռուպցիայի, բարեվարքության, կրթության բովանդակության, մատչելիության և հասանելիության մասին) ահազանգում էին քաղաքացիական հասարակության տարբեր կազմակերպություններ, ներկայացուցիչներ, միջազգային կազմակերպություններ, ինչպես նաև այդ մտահոգություններն արտացոլված էին կատարված հետազոտություններում և տարբեր ինդեքսներում։ Դեռևս 2014 թ․-ին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից հրապարակված զեկույցում մատնանշված էին կրթության ոլորտում առկա այնպիսի բացեր ու հիմնախնդիրներ, ինչպիսիք էին.
- դրամահավաքությունը, կրթական գործընթացում առկա և սովորողների նկատմամբ ցուցաբերվող տարբերակված մոտեցումը, կրթական հաստատությունների քաղաքականացվածությունը,
- ներառական կրթության ոլորտում և ներդրման գործընթացում առկա բացերը ու խախտումներն ու թերի իրականացումը,
- դպրոցների կոմունալ պայմանների բացակայությունը (ոչ միայն մարզերում, այլ նաև Երևանում),
- հանրակրթական ուսումնական հաստատություններում տնօրենների ընտրության կարգի խնդրահարույց լինելը և այլն։
Կրթության ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերին, բարեվարքության, հասանելիության և մատչելիության խնդիրներին էին անդրադառնում նաև Բաց հասարակության հիմնադրամների և գործընկեր կազմակերպությունների կողմից հրապարակված մի շարք զեկույցներ։
ՀՀ կրթության զարգացման 2011-2015 թթ. պետական ծրագրում անդրադարձ էր կատարվում կրթության ոլորտում առկա մի շարք խնդիրների, որոնցից էին.
- կրթության ոլորտի մատչելիության և հասանելիության հատվածում ամենախոցելին համարվում էր նախադպրոցական կրթությունը (մոտ 400 համայնքում չկային նախադպրոցական կրթական հաստատություններ),
- սոցիալապես անապահով կամ աղքատ և ոչ աղքատ բնակչության ընդգրկվածությունը անհավասար էր ավագ դպրոցում (ինչն էլ հանգեցնում էր կրթությունից դուրս մնացող երեխաների թվի աճին),
- ներառական կրթության ներդրման ոլորտում առկա էին բացեր,
- մանկավարժական կադրերի կրթական որակի խնդիրը (այնինչ նույն ծրագրում նշվում էր, որ մանկավարժների պակաս, քանակական առումով, չկար),
- ֆինանսական հատկացումների նվազումը։
Այսպիսով, ակնհայտ է, որ առկա խնդիրներին պետք էր տալ համակարգային լուծում՝ համագործակցելով քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, հաշվի առնելով նրանց կատարած հետազոտություններն ու դրանց արդյունքները։ Վերոնշյալ խնդիրներին համակարգային լուծումներ տալու անհրաժեշտության մասին ավելի շատ խոսվեց 2018-ի ապրիլ-մայիս ամիսներից հետո, երբ նախկինում քաղաքացիական հասարակության ակտիվ ներկայացուցիչները, որոնք բարձրաձայնում էին ոլորտային խնդիրների մասին, տեղ զբաղեցրին որոշումների կայացման սանդղակի առավել բարձր դիրքերում։
Նախադպրոցական ոլորտի բարեփոխումներ
Կրթության ոլորտում առկա խնդիրներից անմասն չէր մնում նաև նախադպրոցական կրթության ոլորտը։ Այս ոլորտում քաղաքական և օրենսդրական բարեփոխումների առաջին ալիքի մասին հայտարարվեց 2019 թ.-ին: Առաջին նախագծով առաջարկվում էին նախադպրոցական կրթության այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելների ներդրման տարբերակներ՝ նպատակ ունենալով նախադպրոցական կրթությունը հասանելի դարձնել նաև հասարակության խոցելի խմբերի համար (ծրագիրը ստեղծվել էր Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակի, «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության և «Աստղացոլք» ՀԿ-ի համատեղ կատարված ծրագրի օրինակի վրա, որով հնարավորություն էր ստեղծվում ընդլայնել նախադպրոցական կրթության մեջ երեխաների ընդգրկվածությունը և ստեղծել նախադպրոցական կրթության ծախսարդյունավետ մոդելներ ու մեխանիզմներ)։ Վերոնշյալ ծրագրով առաջարկվում էին հինգ ծախսաարդյունավետ մոդելներ, որոնք ունեին նաև հաշվարկված բյուջե հիմնադրման և պահպանման համար (մանրամասները՝ այստեղ)։
Այնուամենայնիվ, հանրային քննարկման դրված փաստաթուղթը լրամշակման ենթարկվեց, քանի որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն ու կազմակերպություններն իրենց մտահոգությունն էին հայտնել այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք էին առաջարկված մոդելների լիցենզավորումը, մոդելների միջև եղած տարբերությունների հստակեցումը, չափորոշիչ-մոդել կապի հստակությունը և այլն։ Այս նախագիծը երկրորդ անգամ լրամշակված տարբերակով ևս մեկ անգամ դրվեց հանրային քննարկման 2020 թ.-ին, որն էլ և հաստատվեց նախարարության կողմից։ Ըստ այս կարգի՝ առանձնացվեցին 8 հիմնական մոդելներ՝ հաշվի առնելով երեխաների տարիքային խմբերը, երեխաների քանակը, համայնքի խոշորացված լինել-չլինելը (մանրամասները՝ այստեղ).
Տարբերակ 1. Ծառայությունները 3,5-4 ժամ տևողությամբ են, առանց ցերեկային քնի ապահովման: Խմբում երեխաների առավելագույն քանակը` 30։ Նպատակահարմար է կիրառել, եթե բնակավայրում առկա է գործող համայնքային հաստատություն (համայնքապետարան, մշակույթի կենտրոն)։
Տարբերակ 2. 8 ժամյա ծառայությունը կիրառելի է, եթե երեխաների թիվը փոքր է՝ 15-20 երեխա, և համայնքն ունի միջոցներ ամբողջ օրով նախադպրոցական կրթություն տրամադրելու համար։
Տարբերակ 3. 4-4,5 ժամ տևողությամբ ծառայությունը կիրառելի է, եթե համայնքում երեխաների թիվը մինչև 15 է, և չկա մյուս մոդելներն իրականացնելու հնարավորություն։ Նպատակահարմար է կիրառել, եթե բնակավայրում առկա է համապատասխան պայմաններ ունեցող տուն։ Համայնքը կարող է համակարգել մինչև 3 տան պայմաններում մատուցվող ծառայությունը։
Տարբերակ 4. 8 ժամ տևողությամբ ծառայությունը կիրառելի է, եթե նախադպրոցական կրթական ծառայության կազմակերպման համար համայնքն ունի միջոցներ, սակայն չունի համապատասխան շինություն։ Նպատակահարմար է կիրառել, եթե համայնքում առկա է մինչև 15 երեխա ընդունելու համար նախատեսված տուն։
Տարբերակ 5. Կիրառելի է բացառապես խոշորացված բազմաբնակավայր համայնքներում՝ տվյալ համայնքում արդեն գործող նախադպրոցական ուսումնական հաստատության` համապատասխան բնակավայրում մասնաճյուղ ստեղծելու միջոցով, կամ առանց որևէ մասնաճյուղ ստեղծելու կամ իրավաբանական անձի վերակազմակերպում իրականացնելու՝ համայնքի տարբեր բնակավայրերում գործունեություն իրականացնելու միջոցով:
Տարբերակ 6. Դպրոցներում 1-ամյա նախադպրոցական կրթական ծրագրերի իրականացում 5-6 տարեկանների համար: Այս դեպքում դպրոցի դասասենյակներից մեկը կվերածվի նախադպրոցական խաղասենյակ-դասարանի:
Տարբերակ 7. Դպրոցներում երեքամսյա նախապատրաստական նախադպրոցական կրթական ծրագրերի իրականացում՝ 5-ից 6 տարեկան երեխաների համար:
Տարբերակ 8. Նպատակահարմար է, եթե համայնքի երեխաների թիվը մինչև 15 է, և նախադպրոցական կրթությունը կազմակերպելու համար կա մասնագետների խնդիր։ Ենթադրում է, որ մասնագիտական թիմը 1 օրվա ընթացքում առնվազն 2-3 համայնքում կմատուցի նախադպրոցական ծառայություններ։
Նախադպրոցական կրթության ոլորտում իրականացված հաջորդ բարեփոխումն առնչվում էր «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքին։ 2019 թ. գարնանն օրենքի նախագիծը, որով գործող օրենքն ամբողջությամբ շարադրվում էր նոր խմբագրությամբ, դրվեց հանրային քննարկման, և 2020 թ. մայիսին ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց այն։ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ԱԺ-ում քննարկման ժամանակ նշել էր, որ ակնկալվող փոփոխություններն իրենց տեսակի մեջ հեղափոխական են և վերաիմաստավորելու են նախադպրոցական կրթության ոլորտը։ Սույն օրենքի շրջանակներում և արդյունքում (մանրամասները՝ այստեղ).
- Սահմանվում են նախադպրոցական կրթության տարիքային խմբերը՝ 0-ից մինչև 2 տարեկան (վաղ մանկության տարիք), կրտսեր նախադպրոցական տարիք` 2-ից մինչև 4 տարեկան, միջին նախադպրոցական տարիք՝ 4-ից մինչև 5 տարեկան, ավագ նախադպրոցական տարիք` 5-ից մինչև 6 տարեկան,
- ստեղծվում են համապատասխան պայմաններ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ներառման համար՝ ամրագրելով և ներդնելով համընդհանուր ներառականության սկզբունքը,
- վերանայվում են ՆՈՒՀ-ում սննդի կազմակերպմանը և բուժսպասարկմանը վերաբերող հոդվածները,
- շեշտադրվում է նախադպրոցական կրթության դերը՝ որպես ծնողավարման հմտություններ փոխանցող ոլորտ,
- հստակեցվում են նախադպրոցական կրթության ոլորտում տարբեր մարմինների լիազորություններն ու գործառույթները, ինչը էապես կնպաստի ոլորտի համակարգված գործառնությանը,
- ներդրվում են համապատասխան մեխանիզմներ կադրերի շարունակական վերապատրաստման և ոլորտի չափորոշիչների ներդրման ու որակի ապահովման համար,
- գործարկվում է ներքին և արտաքին գնահատումը։
Սույն օրենքը նախատեսում է կապ ստեղծել հանրակրթական համակարգի հետ՝ հարմարեցնելով նախադպրոցական կրթությունը հանրակրթականի հետ։ Օրենքը ամբողջությամբ կիրարկելու համար նախարարությունը համագործակցելու է նաև միջազգային կազմակերպությունների հետ։
Այս փոփոխությանը զուգահեռ, 2020 թ. աշնանը ներկայացվեց նախագիծ, որով հաստատվում են նախադպրոցական կրթության ոլորտում համընդհանուր ներառականության համակարգի ներդրման պլանն ու ժամանակացույցը։ Համաձայն այս պլանի և ժամանակացույցի՝ մինչև 2023 թվականը ՀՀ-ում նախադպրոցական կրթության ոլորտում նախատեսվում է ներդնել ամբողջական ներառականության սկզբունքը (մանրամասները՝ այստեղ)։
Ներկայում նախարարության կողմից հանրային քննարկման է հանձնվել 2 նախագիծ, որոնցից առաջինը պետք է կարգավորի նախադպրոցական ուսումնական հաստատությունների` մեկ սանի հաշվարկով ՀՀ պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման հետ կապված հարաբերությունները, այդ թվում՝ կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների ապահովման համար անհրաժեշտ ֆինանսավորման բարձրացված չափաքանակը (մանրամասները՝ այստեղ)։ Այդ նախաձեռնության կարևորությունն այն է, որ մինչ այս չեն եղել միասնական իրավակարգավորումներ, և ուսումնական հաստատությունները նույն ծառայությունը մատուցելիս ստացել են միմյանցից տարբերվող ֆինանսավորում։ Սա էլ, իր հերթին, կապված է նրա հետ, որ նախադպրոցական ուսումնական հաստատությունները հիմնականում գործում են համայնքների ենթակայությամբ, իսկ համայնքներն էլ, իրենց հերթին, ունեն սահմանափակ ֆինանսական հնարավորություն։ Ներկայում ֆինանսավորման կարգը սահմանվում է երկու հիմանական ձևով.
- երեխաների փաստացի միջին հաճախումների թիվը,
- հաստատության տարիֆիկացիայով հաստատված պլանային թիվը։
Նախագիծն առաջարկում է ՆՈՒՀ-ի ֆինանսավորումը կատարել հետևյալ բանաձևով.
ՀՏֆ = (ԱԱֆ + ԲԼլ) x 12 + Պծ + ՍԳ
որտեղ՝ ՀՏֆ-ն հաստատության տարեկան ֆինանսավորման չափն է, ԱԱֆ-ն հաստատության անձնակազմի ամսական աշխատավարձային ֆոնդն է, ԲԼլ-ն բարձրլեռնային բնակավայրերի շարքին դասվող բնակավայրերում տեղակայված հաստատությունների աշխատողներին բարձրլեռնային վայրերում աշխատելու համար տրվող լրավճարն է, Պծ-ն հաստատության պահպանման տարեկան ծախսերն են, ՍԳ-ն սննդի տարեկան գումարն է:
Նախադպրոցական հաստատության անձնակազմի ամսական աշխատավարձի ֆոնդը հաշվարկվում է կառավարության սահմանած պետական և համայնքային նախադպրոցական հաստատությունների վարչական, մանկավարժական և ուսումնաօժանդակ կազմի վարձատրության չափանիշներին համապատասխան՝ մեկ դրույքի բազային աշխատավարձի նկատմամբ կիրառելով 1-1․3 գործակիցներ:
Վարչական, մանկավարժական և ուսումնաօժանդակ կազմի վարձատրության մեկ դրույքի համար բազային աշխատավարձը հաշվարկվում է 93,300 ՀՀ դրամ: 5 և ավելի խումբ ունեցող հաստատության տնօրենի մեկ դրույք աշխատավարձի համար կիրառելի են 1․15, իսկ 10 և ավելի խումբ ունեցողի համար՝ 1․3 գործակիցները: 10 և ավելի խումբ ունեցող հաստատության գլխավոր հաշվապահի և բուժքույրի մեկ դրույք աշխատավարձի համար կիրառելի է 1․15 գործակիցը։
Իսկ բարձր լեռնային բնակավայրերի համար առաջարկվում է նախատեսել լրավճար:
Երկրորդ նախագիծը, որը դրվեց հանրային քննարկման 2021 թ. մարտին, «Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծն էր, որի անհրաժեշտությունն առաջացավ հանրակրթության պետական չափորոշիչների հաստատումից հետո։ Ըստ փաստաթղթի՝ բարեփոխման ակնկալվող արդյունքը հետևյալն է. «Նորացված չափորոշիչները հնարավորություն կտան թե՛ վաղ մանկության զարգացման ոլորտին առնչվող տարբեր մասնագետներին, թե՛ ծնողներին նախադպրոցական տարիքի երեխաների աճի, զարգացման և կրթության համար ողջամիտ և հիմնավոր ակնկալիքներ ունենալ, որոնք հիմնված կլինեն ավելի վավեր և հուսալի չափորոշիչների վրա» (մանրամասները՝ այստեղ)։ Հատկապես կարևոր է, որ տվյալ փաստաթուղթը և դրա ճիշտ կիրառումը կնպաստի նախադպրոցական կրթական գործընթացների որակի և արդյունավետության գնահատմանը։
Հանրակրթության ոլորտի բարեփոխումներ
Հանրակրթության ոլորտի խնդիրները շեշտվում էին և դրանց անդրադարձ կատարվում էր թե՛ հեղափոխությունից առաջ, թե՛ հեղափոխությունից հետո։ Հատկապես կարևոր է այն հանգամանքը, որ հանրակրթության ոլորտը մշտապես գտնվում էր քաղաքացիական հասարակության ուշադրության կենտրոնում։
2018 թվականին՝ հեղափոխությունից հետո, հանրակրթության ոլորտը և դրանում առկա խնդիրները թիրախավորվեցին նաև նախարարության կողմից։ Առաջին քննարկումներն ընթացան դպրոցների օպտիմալացման վերաբերյալ․ նախարարությունը հայտարարեց, որ ամբողջությամբ դադարեցվում է հանրակրթական դպրոցների օպտիմալացման գործընթացը։
Հիշեցնենք, որ այս գործընթացը սկսվել էր 2017 թ. մայիսի 17-ին կառավարության հերթական նիստի ընթացքում՝ ազդարարելով, որ քաղաքի և մարզերի տարբեր համայնքներում որոշակի դպրոցներ փակվելու են։ Հարկ է նշել, որ կառավարությունն ուղիղ կերպով չէր հայտարարում, որ դպրոցները փակվելու են, այլ ներկայացնում էր դա որպես վերակազմակերպման գործընթաց (օպտիմալացումը ենթադրում էր դպրոցներում ադմինիստրատիվ, տնտեսական և մանկավարժական անձնակազմի կրճատում)։ Համաձայն այս որոշման, նախատեսվում էր, որ առաջիկայում միավորվելու են քաղաքներում գործող մինչև 300 աշակերտ ունեցող դպրոցները, իսկ հետագայում՝ նաև մինչև 450 աշակերտ ունեցող քաղաքային դպրոցները: Հայաստանում մինչև 300 աշակերտ ունեցող 985 դպրոց կա, ինչը առկա ընդհանուր 1421 դպրոցի շուրջ 70 տոկոսն է կազմում (մանրամասները՝ այստեղ):
Այս որոշումը հակասության մեջ էր ոչ միայն տեղական օրենքների՝ կրթության մասին օրենքի, ՀՀ կրթության զարգացման 2011-2015 թթ. պետական ծրագրի դրույթների, այլ նաև ՀՀ-ի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների հետ (մասնավորապես, Կրթության բնագավառում խտրականության դեմ կոնվենցիայի առաջին հոդվածն արգելում է որևէ անձի կամ անձանց խմբի՝ ցանկացած տեսակի կամ մակարդակով կրթություն ստանալու հնարավորությունից զրկելը, ինչպես նաև կրթությունը ցածր ստանդարտով սահմանափակելը)։ Հեղափոխությունից հետո նախարարության ներկայացուցիչները հայտարարեցին, որ օպտիմալացման գործընթացը դադարեցվում է, իսկ դպրոցները ստանում են նաև այլ գործառույթներ (նշվում էր, որ դպրոցները դառնալու են նաև համայնքի համայնքային կենտրոնները՝ կենտրոնացնելով այնտեղ որոշակի գործառույթներ)։
Հանրակրթության ֆինանսավորման բանաձևը ևս խնդրահարույց էր. այն կարգը, որով պետական ֆինանսավորում էին ստանում հանրակրթական ուսումնական հաստատությունները, սահմանվում էր աշակերտների թվով և խնդիրներ էր ստեղծում մասնավորապես փոքր, թերկոմպլեկտավորված դպրոցների դեպքում։ 2019 թ. հուլիս-օգոստոս ամիսներին նախարարությունը հանրային քննարկման ներկայացրեց դպրոցների ֆինանսավորման բանաձև՝ դպրոցների ծախսերի պլանավորման համար: Նախագծի հիմնավորման մեջ նշվում էր. «Դասարանի փոքր միջին խտություն ունեցող դպրոցների համար պլանավորված միջոցները չեն համապատասխանում հանրակրթական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ կարիքներին: Ընդ որում, 10-ից փոքր դասարանի միջին խտություն ունեցող դպրոցները կազմում են ընդհանուր դպրոցների թվի շուրջ 30 տոկոսը: Միաժամանակ, մեծաթիվ աշակերտական համակազմ ունեցող դպրոցները ստանում են իրենց փաստացի ծախսերը զգալիորեն գերազանցող գումար, ինչը ստեղծում է անհավասար պայմաններ: Դպրոցների ֆինանսավորման բանաձևի վերանայումը պայմանավորված է նշված խնդիրների կարգավորման և հանրային միջոցների թափանցիկ, արդյունավետ և արդարացի բաշխման անհրաժեշտությամբ»:
Այս նախագծով առաջարկվում էր ֆինանսավորման հետևյալ բանաձևը. մինչև 73 սովորող ունեցող տարրական, մինչև 163՝ հիմնական, մինչև 208՝ միջնակարգ հանրակրթական դպրոցները և մինչև 136 սովորող ունեցող վարժարանները և ավագ դպրոցները՝
Ըգ = Սթ x Սգ1 + (ՏԴթ x ՏԴր + ՄԴթ x ՄԴր + ԱԴթ x ԱԴր) x ՈՒՆա x 12 + ՀԴծ.
73 և ավելի սովորող ունեցող տարրական, 163 և ավելի՝ հիմնական, 208 և ավելի՝ միջնակարգ հանրակրթական դպրոցները և 136 և ավելի սովորող ունեցող վարժարանները և ավագ դպրոցները՝
Ըգ = Սթ x Սգ2 + ՀԴծ,
որտեղ`
Ըգ-ն մեկ տարվա համար դպրոցին հատկացվող ընդամենը գումարն է,
Սթ-ն դպրոցի սովորողների թիվն է,
Սգ1, Սգ2-ը մեկ սովորողին ընկնող տարեկան գումարն է,
ՏԴթ-ն, ՄԴթ-ն և ԱԴթ-ն համապատասխանաբար՝ տարրական, միջին և ավագ դպրոցում դասարանների թիվն է,
ՏԴր-ն, ՄԴր-ն և ԱԴր-ն համապատասխանաբար՝ տարրական, միջին և ավագ դպրոցում միջին հաշվով մեկ դասարանին ընկնող ուսուցչական դրույքների թիվն է՝ համաձայն հանրակրթական դպրոցի օրինակելի ուսումնական պլանի,
ՈՒՆա-ն ուսուցչական մեկ դրույքի համար սահմանված նվազագույն աշխատավարձի չափն է,
ՀԴծ-ն համադպրոցական ծախսն է, որը ներառում է հաստատության պահպանման ծախսերը և ոչ ուսուցչական անձնակազմի աշխատավարձի տարեկան ծախսերը» (մանրամասները՝ այստեղ):
Այս նախագծի վերաբերյալ որոշակի մտավախություններ հնչեցին, մասնավորապես՝ ինչպե՞ս է միայն ԿԳՄՍ նախարարությունը կարողանալու կատարել իր վրա դրվող պարտականությունները՝ հանելով այն Ֆինանսների նախարարության պարտավորությունների շրջանակից, ինչպե՞ս է բալանսավորվել ֆինանսավորումը փոքր, միջին և մեծ դպրոցներում՝ նույնիսկ բանաձևի գործարկումից հետո և այլն։
2020 թ․ օգոստոսին նախարարությունը հանրային քննարկման դրեց ֆինանսավորման նոր բանաձև, որը ուժի մեջ է մտնելու 2021-ի հունվարից.
«Ըգ = Սթ x Սգ1 + (ՏԴթ x ՏԴր + ՄԴթ x ՄԴր + ԱԴթ x ԱԴր) x ՈՒՆա x 12 + ՀԴծ,
որտեղ`
Ըգ-ն մեկ տարվա համար հաստատությանը հատկացվող ընդամենը գումարն է,
Սթ-ն հաստատությունում սովորողների թիվն է,
Սգ1-ը մեկ սովորողին ընկնող տարեկան գումարն է, 27,506.3 դրամ
ՏԴթ-ն, ՄԴթ-ն և ԱԴթ-ն համապատասխանաբար՝ տարրական, միջին և ավագ դպրոցներում դասարանների թիվն է,
ՏԴր-ն, ՄԴր-ն և ԱԴր-ն համապատասխանաբար՝ տարրական, միջին և ավագ դպրոցներում միջին հաշվով մեկ դասարանին ընկնող ուսուցչական դրույքների թիվն է՝ համաձայն հաստատության օրինակելի ուսումնական պլանի,
ՏԴր=1.1136, ՄԴր=1.4909, ԱԴր=1.5455
ՈՒՆա-ն ուսուցչական մեկ դրույքի համար սահմանված նվազագույն աշխատավարձի չափն է՝ 108,800 դրամ
ՀԴծ-ն համադպրոցական ծախսն է, որը ներառում է հաստատության պահպանման ծախսերը և, աշակերտների թվից ելնելով, ոչ ուսուցչական անձնակազմի (այդ թվում՝ մանկավարժական հաստիքների) աշխատավարձի տարեկան ծախսերը։
73 և ավելի սովորող ունեցող տարրական, 163 և ավելի սովորող ունեցող հիմնական, 208 և ավելի սովորող ունեցող միջնակարգ հանրակրթական դպրոցների և 136 և ավելի սովորող ունեցող վարժարանների ու ավագ դպրոցների դեպքում՝
Ըգ = Սթ x Սգ2 + ՀԴծ,
որտեղ՝
Ըգ-ն մեկ տարվա համար հաստատությանը հատկացվող ընդամենը գումարն է,
Սթ-ն հաստատությունում սովորողների թիվն է,
Սգ2-ը մեկ սովորողին ընկնող տարեկան գումարն է,
ՀԴԾ-ն` մինչև 100 սովորող ունեցող դպրոցների համար` 14,273.2 հազ. դրամ, 101-ից մինչև 300 սովորող ունեցող դպրոցների համար` 17,224.8 հազ. դրամ, 301 և ավելի սովորող ունեցող դպրոցների համար` 22,374.0 հազ. դրամ:
Սգ2-ը` 73 և ավելի սովորող ունեցող տարրական, 163 և ավելի՝ հիմնական, 208 և ավելի՝ միջնակարգ հանրակրթական դպրոցներում և 136 և ավելի սովորող ունեցող վարժարաններում և ավագ դպրոցներում մեկ սովորողին ընկնող տարեկան գումարը՝ 1,082,82.06 դրամ: Սա տարրական մակարդակում մեկ սովորողին ընկնող տարեկան գումարն է: Միջին մակարդակում պետք է բազմապատկել 1․3388 գործակցով, այսինքն՝ 144,968 դրամ, միջնակարգ մակարդակում՝ 1․6653 գործակցով, այսինքն՝ 180,322 դրամ: Առանձին գործող ավագ դպրոցների համար 1․2 գործակցով՝ 21,6386 դրամ» (մանրամասները՝ այստեղ և այստեղ)։
Նույն որոշմամբ, ֆինանսավորման նոր կարգով, ինչպես նաև նախկինում արված հայտարարությունների հիմքով սահմանվեց նաև ուսուցչական մեկ դրույքի համար նվազագույն աշխատավարձի չափը։ Ըստ այդմ, մեկ դրույքի համար նվազագույն աշխատավարձ է սահմանվում 108,000 դրամը, սակայն բյուջետային հետագա հաշվարկների արդյունքում այդ թիվը կարող է բարձրանալ մինչև 125 հազար դրամի: Ամեն տարի 10 տոկոսով աշխատավարձի բարձրացում ունենալու դեպքում` 4 տարի անց, ուսուցչի աշխատավարձի հարաբերակցությունը մեկ շնչին ընկնող Համախառն ներքին արդյունքի հաշվով էականորեն կբարելավվի: Քննարկվել ու հստակեցվել են նաև հանրակրթական ուսումնական հաստատության մյուս անձնակազմին հատկացվող դրույքաչափերը․ ըստ այդմ՝ 24 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում տնօրենի աշխատավարձի նկատմամբ կիրառելի է 1․18 գործակիցը, փոխտնօրենների աշխատավարձի նկատմամբ՝ 1․12 գործակիցը, 36 և ավելի դասարանների դեպքում տնօրենի աշխատավարձի գործակիցը կդառնա 1․32, իսկ փոխտնօրեններինը՝ 1․21։ 48 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում տնօրենի և փոխտնօրենի աշխատավարձի նկատմամբ կկիրառվեն համապատասխանաբար 1․42 և 1․3 գործակիցներ»։ Ի պատասխան հարցումների, նախարարությունը պատասխանել է, որ 2019 թ. տվյալներով ՀՀ-ում կա 31,371 ուսուցիչ, որոնցից միայն 11,800-ն է աշխատում մեկ ամբողջ դրույքով։
Հեղափոխությունից հետո հանրակրթության ոլորտում կարևոր իրադարձություններից և որոշումներից մեկը, որը կայացվեց, հանրակրթության պետական և առարկայական չափորոշիչների փոփոխությունն ու վերանայումն էր։ 2019 թվականին սկսվեց պետական և առարկայական չափորոշիչների վերանայման գործընթացներում և խմբերի փորձագետների ներառման մրցույթը (մի կողմից մրցույթը բաց էր, իսկ մյուս կողմից փորձագետների ընդգրկման և հավաքագրման փուլում կային որոշակի խնդիրներ)։ Այնուամենայնիվ, 2020 թ. ամռանն այն դրվեց հանրային քննարկման (հարկ է նշել, որ այս և առարկայական չափորոշիչները կրթության ոլորտում ամենաշատ քննարկված փաստաթղթերն էին, ավելին՝ առցանց հանդիպումներ եղան փաստաթղթի կիրառման և ներդրման հետ կապ ունեցող տարբեր շահագրգիռ կողմերի հետ)։ 2021 թ. փետրվարի 4-ին կառավարության կողմից հաստատվեց հանրակրթության պետական չափորոշիչը, որը կսկսվի փորձնական (պիլոտային) կիրառության մեջ դրվել 2021 թ․ սեպտեմբերից, իսկ ամբողջական ուժի մեջ կմտնի 2023 թ.-ից։ Չափորոշչի բերած փոփոխություններից են.
- չափորոշչով սահմանվում են ուսումնական բնագավառներ և նախագծային ուսուցում՝ խուսափելով այս պահին գործող առարկայակենտրոն մոտեցումներից,
- շեշտադրում է կատարվում գիտելիքի, հմտության, դիրքորոշման և արժեքային համակարգերի վրա,
- աշակերտը կկարողանա իր կարիքից ելնելով ձևավորել իր ուսումնական ծրագիրը,
- տարրական դպրոցում մինչև 5-րդ դասարանի առաջին կիսամյակ կլինի միայն ձևավորող գնահատում՝ հրաժարվելով քանակական/թվանշանային գնահատման ձևից,
- դպրոցներին տրվելու է ազատություն՝ հասնելու սահմանված վերջնարդյունքներին (մանրամասները՝ այստեղ)։
Փորձագետները նշում են, որ փաստաթուղթը դատապարտված է ձախողման․ քանի դեռ այն չի կիրառվել և չի ծառայել իր ստեղծման ընթացքում առանձնացված նպատակին, բարեփոխումներին կարելի է հասնել միայն երկխոսության և ներգրավման միջոցով։
Դեռևս 2019 թ.-ից նախարարությունը հանդես էր գալիս հանրակրթական դպրոցական հաստատությունների տնօրենների ընտրության, լիազորությունների ու կառավարման խորհուրդների՝ նրանց ընտրման մեջ ունեցած դերի մասին օրենսդրական և քաղաքականությունների փոփոխությունների նախագծերով։ 2021 թ. փետրվարի 11-ի կառավարության նիստում ամփոփվեցին տնօրենների ընտրման կարգում կատարվող և ամրագրվող փոփոխությունները, մասնավորապես (մանրամասները՝ այստեղ).
- նախկին տնօրենը չի կարող նշանակվել պաշտոնակատար,
- դպրոցի կառավարման խորհուրդը թափուր տեղի համար մրցույթի որոշում է կայացնում 3 օրվա ընթացքում,
- մրցույթի մասնակիցների հայտերն ընդունվում են հայտարարության հրապարակման օրվանից սկսած` 15 աշխատանքային օրվա ընթացքում,
- հայտերի ընդունումն ավարտվում է մրցույթ անցկացնելու օրվանից 10 աշխատանքային օր առաջ,
- սահմանվում է, որ հայտերի բացակայության դեպքում փաստաթղթերի ընդունման ժամկետը երկարաձգվում է մեկ անգամ՝ տասնհինգ աշխատանքային օրով: Եթե երկարաձգված ժամանակահատվածում ևս դիմող չի լինում, ապա հայտարարվում է նոր մրցույթ,
- փոփոխվել է ծնողական և մանկավարժական համայնքի ձայների արձանագրումը (հանդիպում պետք է լինի տնօրենի թեկնածու հետ, եթե վերջինս չի ներկայանում, ապա չի կարող մասնակցել մրցույթին։ Ընտրությունը կատարվում է փակ քվեարկությամբ։ Եթե վերոնշյալ խորհուրդները միաձայն որոշում չեն կայացնում, ապա ընտրության օրը ազատ են քվեարկել իրենց նախընտրած թեկնածուին),
- վերջին նորությունն այն է, որ տնօրենն ընտրվում է բաց քվեարկությամբ, խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Բացակա խորհրդի անդամի ձայնը չի փոխանցվում:
Փոփոխություններ են կատարվել նաև դպրոցի զարգացման պլանի ներկայացման կարգում։ Եթե նախկինում հանրակրթական դպրոցի տնօրենների թեկնածուներն այս պլանները կազմելիս առաջնորդվում էին իրենց սեփական ձևաչափով, ապա ներկայիս կարգով սահմանվում են զարգացման պլանի միասնական ձևաչափ և պահանջներ։ Ըստ կարգի՝ ծրագրում պարտադիր պետք է արտացոլված լինեն հետևյալ քայլերը՝ «հաստատության առաքելության սահմանումը, առկա իրավիճակի վերլուծությունը, դպրոցի ուժեղ և թույլ կողմերի բացահայտումը, հիմնախնդիրների ձևակերպումը, դրանց լուծման համար անհրաժեշտ ռեսուրսների նկարագրությունը, յուրաքանչյուր խնդրի իրականացման գործողությունները, դրանց պատասխանատուները, ժամկետները, ակնկալվող արդյունքները, զարգացման ծրագրի ֆինանսավորման մեխանիզմները և իրականացման ռիսկերը, դրանց ազդեցության նվազեցմանն ուղղված գործողությունները, ինչպես նաև զարգացման ծրագրի մշտադիտարկման, վերահսկողության մեխանիզմները և դրա արդյունավետության գնահատման ցուցանիշները» (մանրամասները՝ այստեղ):
Կարևոր նախաձեռնություն էր նաև դպրոցների խորհուրդների ընտրության և դրանց լիազորությունների հստակեցմանն ուղղված նախաձեռնությունը, որը հանրային քննարկման դրվեց 2019 թ․ գարնանը։
Ըստ հին կարգի՝ «սահմանվում էր խորհրդի անդամների համամասնությունը՝ ըստ առաջադրող մարմինների: Նշված կարգավորումների համաձայն՝ լիազորված մարմնի և Կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչների համամասնությունը 3+1 է՝ ըստ դպրոցի ենթակայության, իսկ մանկավարժական և ծնողական խորհուրդների կողմից առաջադրվում էին խորհրդի 2-ական անդամներ: Ընդհանուր խորհուրդը ձևավորվում է 8 անդամից», իսկ նոր կարգով «առաջարկվում է Խորհրդի անդամների թիվը հասցնել 9-ի, բացի այդ առաջարկվում է փոխել համամասնությունը հօգուտ մանկավարժների և ծնողների՝ նրանց համար սահմանելով 3-ական անդամներ, իսկ լիազորված մարմնի և Կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչների համամասնությունը նվազեցնել՝ սահմանելով 2+1՝ ըստ ենթակայության: Նշված կարգավորումը առավել ազդեցիկ կդարձնի խորհրդի որոշումների կայացման և տնօրենի ընտրության գործընթացի ժամանակ մանկավարժների և ծնողների ձայնը» (մանրամասները՝ այստեղ)։ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հայտարարեց, որ 2021 թ. ապրիլի մեկից նոր կարգ է ներդրվելու, համաձայն որի՝ կառավարման խորհուրդների համակարգում կտրուկ փոփոխություն է նախատեսվում: Մասնավորապես, ներմուծվում է դպրոցների միացյալ և առանձին խորհուրդների գաղափարը, որը նոր մոտեցում է: Համաձայն կարգի` հանրակրթական ուսումնական հաստատության խորհուրդը ձևավորվում է 3 տարի ժամկետով` իբրև առանձին հաստատության խորհուրդ` առնվազն 3000 բնակչություն ունեցող բնակավայրերում գործող դպրոցների դեպքում, իբրև միացյալ խորհուրդ` առավելագույնը երեք հաստատության համար: Առանձին խորհուրդը կազմվում է 9 անդամից, միացյալ խորհուրդը կարող է ունենալ առավելագույնը 19 անդամ (խորհրդի անդամներին առաջադրում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը, լիազորված մարմինը (մարզպետարաններ, Երևանի քաղաքապետարան), մանկավարժական և ծնողական խորհուրդները, տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարը):
Նախարարությունը հանդես եկավ մեկ այլ նախաձեռնությամբ 2020 թ.-ի աշնանը, որը կապված էր ուսուցչի թափուր տեղի համար հայտարարված մրցույթի կազմակերպման և անցկացման կարգի հետ (այն հանրային քննարկման դրվեց հենց աշնանը)։ 2021 թ․-ին նախարար Վահրամ Դումանյանը նշեց, որ արդեն իսկ հաստատված կարգում հստակեցվել են մրցույթի հայտարարման պայմանները, ժամկետները, ընթացակարգը: Հիմնական նորույթներից մեկն այն է, որ մրցույթ է հայտարարվում միայն այն դեպքում, երբ նույն դպրոցում աշխատող համապատասխան առարկայի մասնագետն ապահովված է առնվազն 22 դասաժամ ծանրաբեռնվածությամբ կամ առկա է նրա գրավոր հրաժարվելու փաստը: Սահմանվել է նաև հրապարակման և հանրային իրազեկման բարձր պահանջ (մանրամասները՝ այստեղ):
Հաստատվել է նաև «Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում երկարօրյա ուսուցման կազմակերպման կարգը հաստատելու մասին» կարգը, որի նպատակն է ստեղծել մեխանիզմներ դպրոցահասակ երեխաներին արդյունավետ, ապահով և որակյալ ուսումնական գործընթացում ընդգրկելու համար: Կրթական հաստատությունում երկարօրյա խմբերի կազմակերպման հիմնական խնդիրներն են (մանրամասները՝ այստեղ).
1) տնային պայմաններում երեխայի կրթական աջակցության անհնարինության դեպքում` հաստատության ուսումնանյութական բազայի հիման վրա այդ գործընթացների կազմակերպումը, այդ թվում՝ այլ հանրակրթական ուսումնական հաստատություններ հաճախող սովորողների համար,
2) արտադասարանական աշխատանքներին սովորողների ակտիվ մասնակցության ապահովման միջոցով երեխայի ստեղծագործական ընդունակությունների զարգացմանն անհրաժեշտ պայմանների ստեղծումը,
3) կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների, այդ թվում՝ ցածր առաջադիմությամբ, լրացուցիչ կրթական ծառայություններ մատուցելը:
Երկարօրյա խմբում դասապատրաստմանն օրական հատկացվում է 1-4-րդ դասարաններում՝ մինչև 2, 5-9-րդ դասարաններում՝ մինչև 3 ակադեմիական դասաժամ:
Հարկ է նշել, որ նախագծի վերաբերյալ քաղաքացիական հասարակության և շահագրգիռ կողմերի մտահոգություններից մեկն այն է, որ 25 հոգանոց երկարօրյա խմբերն արդեն իսկ իրատեսական չեն, որպեսզի կարիքի վրա հիմնված կրթական ծառայություններ մատուցվեն։ Հարցեր են բարձրացվում նաև խմբավարի կրթական ցենզի և վերջինիս ու ուսուցչի վճարման կարգերի մասին։
2020-ի աշնանը հանրային քննարկումների փուլով անցած և 2021-ի հունվարին հաստատված հրամաններից մեկը վերաբերում է ուսուցիչների կամավոր ատեստավորմանը։ E-draft կայքում դրված նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ մինչ այս գործող ատեստավորման համակարգը չի արտացոլում ուսուցիչների որակական հատկանիշները և հիմնված չէ արդյունքի գնահատման վրա: Այն փաստացի ոչ թե գնահատում է ուսուցչի համապատասխանությունը մասնագիտությանը, այլ արձանագրում է վերապատրաստմանը մասնակցության փաստը: Սեփական նախաձեռնությամբ ատեստավորումն անցկացվելու է թեստավորման եղանակով, կամավոր ատեստավորման հանձնաժողովի կողմից` ատեստավորվողի` նախարարությանն ուղղված դիմումի հիման վրա: Կամավոր ատեստավորումն իրականացվելու է պարտադիր ատեստավորմանը զուգահեռ՝ հնարավորություն ընձեռելով ատեստավորումն անցած ուսուցիչներին ստանալ աշխատավարձի բարձրացում։ Ատեստավորումը նախատեսվում է իրականացնել հետևյալ ժամանակացույցով (մանրամասները՝ այստեղ)՝
Կամավոր ատեստավորման արդյունքում`
- 90 տոկոս և ավելի արդյունավետություն ցուցաբերած ուսուցիչները կհամարվեն ատեստավորումն անցած, կստանան հավելավճար՝ 50 տոկոսի չափով, որի պարագայում ուսուցչի միջին աշխատավարձը կմոտենա երկրի միջին աշխատավարձին,
- 80 տոկոս և ավելի արդյունավետություն ցուցաբերած ուսուցիչները կհամարվեն ատեստավորումն անցած, կստանան հավելավճար՝ 30 տոկոսի չափով, որի պարագայում ուսուցչի միջին աշխատավարձը կմոտենա երկրի միջին աշխատավարձին,
- 60-79 տոկոս արդյունք ապահոված ուսուցիչները կհամարվեն ատեստավորումն անցած, աշխատավարձը կպահպանվի,
- 0-59 տոկոս արդյունքի դեպքում ուսուցիչը ենթակա է պարտադիր վերաատեստավորման՝ մեկ տարի անց: Երկրորդ տարում վերաատեստավորումը չանցած ուսուցչի դասավանդման իրավունքը կկասեցվի՝ մինչև իր հայեցողությամբ հաջորդ վերապատրաստմանը մասնակցելը և վերաատեստավորման դրական արդյունք ունենալը:
Հարկ է նշել, որ այս թեմայով նախարարությունը նաև կազմակերպել էր հասարակական խորհրդի հանրային քննարկում, որի վերջում խորհուրդը կողմ քվեարկեց առաջարկվող նախագծին։
2021 թ․ փետրվարի 11-ին ՀՀ կառավարության նիստում հաստատվեց պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգը։ Հարկ է նշել, որ ՀՀ-ում 12-ամյա կրթությունը պարտադիր է, սակայն տարիներ շարունակ պատշաճ քաղաքականություն չի ներդրվել այդ երեխաներին կրթություն հետ բերելու և նրանց շարունակական կրթությունը վերականգնելու համար։ Այս կարգի կարևոր ձեռքբերումներից մեկն այն է, որ սահմանվել է, թե որ երեխան կամ սովորողը կարող է համարվել կրթությունից դուրս մնացած, ըստ այդմ՝ «պարտադիր կրթությունից դուրս մնացած են համարվում 6-18 տարեկան այն երեխաները, որոնք.
- չեն հաճախել դպրոց, որևէ ուսումնական հաստատությունում երբևէ հաշվառված չեն եղել,
- հաշվառված, սակայն վեց աշխատանքային օր անընդմեջ կամ ամսվա մեջ ավելի քան 10 օր չհաճախած երեխաները,
- հիմնական ընդհանուր կրթության հիմքի վրա նախնական (մասնագիտական) կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում սովորած և տվյալ ուսումնական հաստատությունից դուրս մնացած մինչև 18 տարեկան երեխաները,
- ուսումնական հաստատություն հաճախած, սակայն ծնողի/նրա օրինական ներկայացուցչի/ դիմումի հիման վրա ուսումն անավարտ թողած երեխաները,
- տնային ուսուցման համակարգում հաշվառված երեխաները, եթե ՀՀ կրթության տեսչական մարմնի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ տնային ուսուցում փաստացի չի իրականացվում» (մանրամասները՝ այստեղ):
Կրթությունից դուրս մնացած երեխաներին պարտադիր կրթություն հետ բերելու համար առանձնացվել են հետևյալ երեք փուլերը.
- դպրոցահասակ երեխաների հաշվառում և ուսումնական հաստատությունից դուրս մնալու պատճառների բացահայտում,
- ըստ անհրաժեշտության երեխայի (ընտանիքի) համար սոցիալական աջակցության ծրագրի իրականացում,
- երեխայի կրթական կարիքների գնահատում և ըստ անհրաժեշտության անհատական ուսուցման պլանի մշակում, ուղղորդում համապատասխան ուսումնական հաստատություն:
Այս փաստաթղթով ևս մեկ անգամ ամրագրվել է, որ համաձայն «Կրթության մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքների՝ դպրոցական տարիքի երեխային ուսումնական հաստատություն ընդգրկելու համար պատասխանատու է ծնողը։
Documents
- ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։ 2021/03/01
- «ՀՀ կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանի մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանի նախագիծ։ 2019/03/27
- «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ։ 2019/03/27
- ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին ։ 2019/05/13
- «ՀՀ կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի N 1262-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ։ 2019/07/30
- ՀՀ կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին։ 2021/03/15
- ՀՀ կրթության և գիտության նախարարի 2013 թվականի ապրիլի 15-ի N 396-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին։ 2021/02/18
- ՀՀ կառավարության 2004 թվականի ապրիլի 14-ի N 586-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։ 2019/09/09
- «Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ։ 2020/05/26
- «ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ։ 2020/06/25
- Հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման կարգը սահմանելու և ՀՀ կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի N 1262-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին։ 2020/08/14
- «Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում երկարօրյա ուսուցման կազմակերպման կարգը հաստատելու մասին»։ 2020/08/13
- Նախագիծ ՀՀ կառավարություն որոշում ------------------------ 2020 թ. № --------- ն ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբեի 27-ի N 1667-Ն որոշման մեջ փոփոխրություններ եվ լրացումներ կատարելու մասին։ 2020/09/29
- Սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման համակարգի ներդրման փորձնական ծրագիրը հաստատելու մասին։ 2020/09/29
- ՀՀ կրթության և գիտության նախարարի 2013 թվականի ապրիլի 15-ի N 396-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին։ 2020/10/26
- Սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման համակարգի ներդրման փորձնական ծրագիրը հաստատելու մասին։ 2021/02/10
- Պետական հանրակրթական ուսումնական հաստատության զարգացման ծրագրի մշակման պահանջներն, մեթոդաբանությունը ու ձևաչափը հաստատելու մասին։ 2020/11/18
- ՀՀ կրթության եվ գիտության նախարարի 2013 թվականի օգոստոսի 15-ի N 1031-Ն հրամանում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին։ 2021/01/26
- Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում երկարօրյա ուսուցման կազմակերպման կարգը սահմանելու և հանրակրթական ուսումնական հաստատության և ծնողի միջև երկարօրյա ուսուցման կազմակերպման նպատակով կնքվող պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու մասին։ 2021/01/24
- Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգը սահմանելու մասին։ 2021/02/13
- Հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման և հաստատման կարգ։ 2021/02/10
- ՀՀ կրթության զարգացման 2011-2015 թթ. պետական ծրագիրը
- «ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ։ 2018/08/24
- <<Նախադպրոցական կրթության այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելների ներդրման>> ծրագիր։ 2018/10/25
- «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
- «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենք /նոր խմբագրություն/։ 2019/03/15
- «Նախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին»։ 2020/11/17
- ՀՀ նախադպրոցական ուսումնական հաստատության գործունեության ներքին և արտաքին գնահատման չափանիշները և իրականացման կարգը հաստատելու մասին։ 2020/11/08
- «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին։ 2020/05/21
- Նախադպրոցական կրթության այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելները և դրանց ներդրման կարգը հաստատելու մասին։ 2021/02/11
- ՀՀ նախադպրոցական կրթության ոլորտում համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման գործողությունների պլանը և ժամանակացույցը հաստատելու մասին։ 2020/10/16
- «Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում։ 2021/03/10
- Նախադպրոցական ուսումնական հաստատությունների` պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորման կարգը սահմանելու մասին։ 2021/03/25
- Պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների վարչական, մանկավարժական և ուսումնաօժանդակ կազմի վարձատրության խմբերի դասակարգման չափանիշները և գործակիցները սահմանելու մասին։ 2021/03/25
Links
- Երեխայի իրավունքների իրավիճակի վերլուծություն. Հայաստան
- «Կրթության ոլորտի խնդիրները` ըստ օմբուդսմենի»։ 2014/03/31
- «Ինչպես հիմնել այլընտրանքային նախադպրոցական ծառայություններ ՀՀ փոքր բնակավայրերում»
- «Հայաստանի Հանրապետությունում դպրոցների օպտիմալացման գործընթացի մասնակցային մոնիտորինգ
- Ներառական կրթության ռազմավարություններ
- Նախադպրոցական կրթության բարեվարքությունը Հայաստանում. INTES գնահատում
- Սոցիալական արդարությունը` Հայաստանի կրթության համակարգում
- Կրթության բյուջետային ծախսերի արդյունավետ գնատահատում
- Հաստատվել է նախադպրոցական կրթության այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելների ներդրման կարգը։ 2021/02/15
- Քննարկվում է նախադպրոցական կրթության այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելների ներդրման կարգը։ 2020/10/23
- Խորհրդարանը քննարկեց «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը։ 2020/05/05
- Հանրային քննարկման է դրվել նախադպրոցական կրթության պետական նոր չափորոշչի նախագիծը։ 2021/03/1
- Նախադպրոցական կրթության մասին այս օրենքը հեղափոխական է։ 2020/05/05
- Ի՞նչ է նախատեսնում նախադպրոցական կրթության մասին նախագիծը։ 2020/05/05
- ԿԳՄՍՆ-ն հանրային քննարկման է ներկայացրել նախադպրոցական կրթության ոլորտը կարգավորող երկու հիմնարար նախագիծ։ 2021/03/26
- Հանրային քննարկում՝ նախադպրոցական կրթության պետական չափորոշչի վերաբերյալ։ 2021/03/26
- Դպրոցների օպտիմալացման գործընթացը ՀՀ-ում։ 2018/12/27
- Փակված դպրոցի աշակերտները՝ գյուղապետի մեքենայի հույսին. դպրոցների օպտիմալացումը հետազոտողների ուշադրության կենտրոնում է։ 2018/07/03
- «Օպտիմալացում՝ չի նշանակում կրճատել, փակել, լուծարել». Նազենի Ղարիբյան (տեսանյութ)։ 2019/01/25
- Քննարկվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ծրագրի նախագիծը։ 2021/02/02
- Հաստատվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման փորձնական ծրագիրը։ 2021/02/11
- Ուսուցիչների կամավոր ատեստավորման նախագիծ։ 2021/02/02
- Դպրոցների ֆինանսավորման նոր բանաձևը և ուսուցիչների աշխատավարձը։ 2020/02/24
- Սահմանվել է ուսուցչի նվազագույն աշխատավարձը։ 2019/10/31
- Ուսուցիչների նվազագույն աշխատավարձի վերաբերյալ վարչապետի պնդումների հետքերով։ 2020/04/08
- Նոր մոտեցում դպրոցների կառավարման համակարգում․ ԿԳՄՍ նախարարի նոր հրամանը։ 2021/03/25
- Փոփոխություններ են կատարվել դպրոցի տնօրենի ընտրության կարգում։ 2021/02/11
- ԿԳՄՍՆ-ն նոր ծրագիր է ներկայացրել դպրոցների զարգացման պահանջների և մեթոդաբանության վերաբերյալ։ 2020/11/20
- Հաստատվել են դպրոցի զարգացման ծրագրի մշակման պահանջները և ձևաչափը։ 2021/01/20
- Փոփոխություններ են կատարվել ուսուցչի թափուր տեղի մրցութային կարգում։ 2021/02/24
- Հանրային քննարկման է դրվել դպրոցներում երկարօրյա ուսուցման կազմակերպման կարգի նախագիծը։ 2020/09/14
- Ուսումնական հաստատություններում երկարօրյա ուսուցման կազմակերպման կարգ կհաստատվի։ 2020/08/13
- Հաստատվել է պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգը։ 2021/02/12
- Կառավարությունը հաստատել է Հանրակրթության պետական չափորոշիչը։ 2021/02/04
- Հաստատվել է Հանրակրթության պետական չափորոշիչը։ 2021/02/04
- Սկիլայի ու Քարիբդիսի միջև. առարկայական չափորոշիչներ։ 2020/08/09
- Հանրակրթության նոր չափորոշիչների մասին քննարկում. ՈՒՂԻՂ։ 2020/07/09
- Հաստատվել է հանրակրթության պետական նոր չափորոշիչը։ 2021/02/05
Երեխայի իրավունքների իրավիճակի վերլուծություն. Հայաստան
Երեխաներն առնչվում են բազմաթիվ խնդիրների հետ այն բոլոր երկրներում, որտեղ գործում է «Սեյվ դը չիլդրեն»-ը: Կարիքների վրա հիմնված ծրագրերի մշակման և իրականացման նպատակով անհրաժեշտություն կար իրականացնելու Հայաստանում երեխայի իրավունքների իրավիճակի վերլուծություն: Երեխայի իրավունքների իրավիճակի վերլուծությունը հնարավորություն է տալիս խորապես հասկանալու, թե որքանով են երեխաներն օգտվում իրենց իրավունքներից, և ինչպիսի խոչընդոտների ու դժվարությունների են հանդիպում դրանց իրացման ընթացքում: Հետազոտության նպատակն է ապահովել անհրաժեշտ վերլուծություն ռազմավարական որոշումների կայացման համար թեմատիկ տեղեկատվության հավաքագրման և համադրման միջոցով:
Գնահատման մեթոդաբանությունը ներառել է երկրորդային տեղեկատվության վերլուծություն և առաջնային տեղեկատվության հավաքագրում հիմնական տեղեկատուների հետ հանդիպումների միջոցով: Վերլուծության ընթացքում ուսումնասիրվել են «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի հետևյալ իրավունքները` Երեխայի իրավունքների կառավարում, Երեխայի պաշտպանություն, Կրթության և մշակույթի իրավունք, Առողջության և բարեկեցության իրավունք:
Տես ավելին՝ http://children.ombuds.am
Կրթության ոլորտի խնդիրները` ըստ օմբուդսմենի
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հրապարակել է 2013թ. տարեկան զեկույցի` կրթության և գիտության նախարարության գործունեության ոլորտում մարդու իրավունքների վիճակի մասին հատվածը։
Ոլորտում առկա թերություններն ու խնդիրները
Արձանագրված դրական զարգացումները
Առաջարկություններ
Տես ավելին՝ https://www.civilnet.am/news
«Ինչպես հիմնել այլընտրանքային նախադպրոցական ծառայություններ ՀՀ փոքր բնակավայրերում»
Կրթությունը պետության սոցիալական ոլորտի կարևորագույն ենթահամակարգերից մեկն է, քանի որ այն նպաստում է մարդկային կապիտալի ձևավորմանը և տնտեսության զարգացմանը։
Պետությունը երաշխավորում է երեխայի կրթություն ստանալու իրավունքի իրացումը հիմնարար գիտելիքի, ունակությունների և կարողությունների ձեռքբերման շարունակական գործընթացում, ինչը պահանջվում է ՄԱԿ-ի երեխայի իրավունքների կոնվենցիայով և ամրագրված է «Կայուն զարգացման օրակարգ 2030-ում»։ Ըստ սահմանված դրույթների՝ նախադպրոցական կրթությունը կարող է նպաստել երեխաների զարգացման և սնուցման միջոցով աղքատության և զրկանքների հաղթահարմանը, իսկ առանձին ենթանպատակներ ամբողջությամբ վերաբերում են բոլոր երեխաների համար նախադպրոցական կրթության (ՆԴԿ) ծառայությունների և վաղ մանկության զարգացման (ՎՄԶ) հավասարապես հասանելի և մատչելի հնարավորությունների ապահովմանը՝ նպաստելով հետագայում մարդկային ռեսուրսների և երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը։
Տես ավելին՝ https://www.unicef.org
Հայաստանի Հանրապետությունում դպրոցների օպտիմալացման գործընթացի մասնակցային մոնիտորինգ
«Հանրային քաղաքականության ինստիտուտ» (ՀՔԻ) հասարակական կազմակերպությունը (ՀԿ) իրականացրել է Հայաստանի Հանրապետությունում (ՀՀ) դպրոցների օպտիմալացման (միացման ձևով վերակազմակերպման) գործընթացի մասնակցային մոնիտորինգ՝ հնարավոր հիմնախնդիրները վեր հանելու և բարելավման առաջարկություններ ներկայացնելու նպատակով։ Մոնիտորինգն իրականացվել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» (ԹԻՀԿ) ՀԿ-ի «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) աջակցությամբ։ 2017թ. օգոստոսի 24-ին, ՀՀ Կառավարության հերթական նիստում որոշումներ ընդունվեցին
մի շարք դպրոցների (6-ը` Երևանում, 9-ը՝ մարզերում)՝ միացման ձևով վերակազմակերպման մասին: Ի հակասություն մինչ այդ հրապարակային ելույթներում հռչակված սկզբունքների, վերակազմակերպված դպրոցների շարքում կային գյուղական բնակավայրերում գործող դպրոցներ: Մասնակցային մոնիտորինգն իրականացվել է Բազելի կառավարման ինստիտուտի կողմից մշակված մեթոդաբանությամբ, ինչը ենթադրում է հանրային ծառայության (տվյալ դեպքում՝
կրթության) անմիջական սպառողների և շահագրգիռ այլ անձանց ներգրավում մոնիտորինգային խմբերում:
Իրականացվել է որակական հետազոտություն՝ դեպքի ուսումնասիրության մեթոդով: Փաստացի փակված յուրաքանչյուր դպրոց՝ իրեն բնորոշ վերակազմակերպման գործընթացով ու արդյունքներով, ուսումնասիրվել է որպես առանձին դեպք:
Իրականացվել են կիսաձևայնացված հարցազրույցներ օպտիմալացման գործընթացի ազդեցությունը կրող անձանց և անմիջական շահառուների հետ. վերակազմակերպված դպրոցների անձնակազմի ներկայացուցիչներ (տնօրեններ, փոխտնօրեններ, ուսուցիչներ), վերակազմակերպված դպրոցների աշակերտների ծնողներ, իրավահաջորդ դպրոցների
ներկայացուցիչներ (տնօրեններ, փոխտնօրեններ): Ուսումնասիրվել է 6 դպրոց (2-ը՝ Երևանում, 2-ը՝ Կոտայքի մարզի Փյունիկ և Զովաշեն գյուղական բնակավայրերում, մեկը՝ Տավուշի մարզի Բերդ քաղաքում, մեկը՝ Արմավիրի մարզի
Փարաքար համայնքում): Հարցազրույց է իրականացվել 144 անձի հետ: Մասնակցային մոնիտորինգի խմբի 11 դիտորդները հավաքել են առաջնային հետազոտական տվյալները, իսկ ՀՔԻ թիմն իրականացրել է մոնիտորինգի դաշտային աշխատանքների ընդհանուր համակարգումն ու հավաքված տվյալների վերլուծությունը: Մոնիտորինգն իրականացվել է 2018թ. փետրվար և մարտ ամիսներին:
Տես ավելին՝ http://ipp.am/wp-content
Ներառական կրթության ռազմավարություններ
Ներառական կրթությունը ենթադրում է, որ աշակերտներն իրենց ողջ բազմազանությամբ ու յուրատեսակությամբ սովորում են կողք-կողքի, նույն դպրոցում և դասարանում։ Ներառական կրթությունը շատ բարձր է գնահատում ուսումնական գործընթացում յուրաքանչյուր աշակերտի ներդրումը։ Սակայն այս սահմանումը, թերևս, թաքցնում է
կրթական ներառում երևույթի բարդությունը։ Ներառման սահմանումը ժամանակի ընթացքում փոփոխվել է, ինչի պատճառով ավելի է մեծացել պատշաճ ներդրումների, ռազմավարությունների և չափորոշիչների մշակման պահանջը։ Առկա են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների սոցիալական և կրթական հմտությունների զարգացման բազմաթիվ խնդրահարույց հարցեր ու մարտահրավերներ, այդ թվում՝ ուսուցիչների կրթությունը և վերապատրաստումները, դպրոցների սոցիալական ու ֆիզիկական միջավայրի հարմարեցումները,
ինչպես նաև ծնողների ակնկալիքները, մոտեցումները և պատկերացումները։ Ավելին, ներառական կրթությունը դպրոցներում և համայնքներում հավուր պատշաճի ներդնելու համար անհրաժեշտ է, որ քաղաքականություն մշակողները, համալսարանները, դպրոցները, հասարակական կազմակերպությունները, ծնողները և այլ մասնակիցները ներգրավվեն գործընթացի մեջ:
Հայաստանում ներառական կրթության համակարգը որպես ազգային քաղաքականություն, պաշտոնապես ընդունվել է 2003 թ.-ին։ Այդ ժամանակից ի վեր տեղական և միջազգային բազմաթիվ կազմակերպություններ նախաձեռնել
են նոր ընդունված համակարգին համահունչ զանազան ծրագրեր՝ ուսուցիչներին և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին օժանդակելու համար։ Այդ ջանքերի շնորհիվ այսօր շատ դպրոցներ ապահովում են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ուսումնառությունը,
սակայն ուսուցիչներից քչերն են մասնակցել այնպիսի վերապատրաստման կամ կրթական ծրագրերի, որոնք թույլ կտան հանրակրթական դասարաններում իրականացնելու այդ երեխաների կրթական կարիքներին համապատասխան
ռազմավարություններ և ծառայություններ։ Չնայած գերանհրաժեշտությանը, այսօր Հայաստանում չկա ուսուցիչների` ներառական դասարանում երեխաների բազմազանության հետ աշխատելու նախապատրաստմանը միտված համակարգային մոտեցում կամ հատուկ ծրագիր։ Ավելին, դպրոցներում ներառման արդյունավետության գնահատման
ուսումնասիրությունները հիմնականում կատարվել են եվրոպական երկրների և Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից։ Այս տեսակետից սույն դասագիրքը թերևս, անգնահատելի արժեք ունի՝ որպես հայ ընթերցողին ներկայացվող փաստերի բացառիկ, առաջին հրապարակում։
Գրքի յուրաքանչյուր գլխում արծարծվում են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների, ուսուցիչների, բազմամասնագիտական թիմերի, ինչպես նաև դպրոցների տնօրենների և ծնողների առջև ծառացած
ամենօրյա հարցեր։ Պարտքս եմ համարում մեր անկեղծ գնահատանքն արտահայտելու Մինեսոթայի համալսարանի
թիմին, որն այս դասագրքի համար կատարել է փորձագիտական մեծ ներդրում։ Համոզված եմ, որ այն կծառայի որպես գիտելիքի աղբյուր, ուղենիշ և ուսումնական գործիք ոլորտում արդեն աշխատող ուսուցիչների, ինչպես նաև Հայկական պետական մանկավարժական համալսարանում (ՀՊՄՀ) ներկայումս ուսումնառող ապագա մանկավարժների
պրակտիկ գործունեությունն ամուր հիմքերի վրա դնելու համար։ Բացի այդ, հատուկ գնահատանքի են արժանի
ծրագրի մասնակից ՀՊՄՀ-ի հատուկ կրթության ֆակուլտետի ներկայացուցիչները, ովքեր յուրաքանչյուր գլխին կամ թեմային վերաբերող քննարկումների և անհատական ներդրումների միջոցով իրենց ջանքերը և նշանակալի փորձն
են ներդրել այս դասագիրքը Հայաստանին համապատասխանեցնելու համար։
Հարկ ենք համարում հատուկ նշելու, որ ՀՊՄՀ-ն բարձր է գնահատում ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ երեխաների պաշտպան հանդիսացող աշխարհի առաջատար կազմակերպության անգնահատելի դերն այս դասագրքի ստեղծման գործում։ Առանց այս կազմակերպության ֆինանսական, մասնագիտական աջակցության և ջանադիր ներգրավվածության, սույն
ծրագիրն անհնար կլիներ կյանքի կոչելու։ Այսպիսով, հույս ունեմ, որ դասագրքի հայ ընթերցողների զգալի մասը կշարունակի հանդես գալ որպես ներառական կրթության ջատագով։ Միաժամանակ դասագիրքն օգտակար
է ինելու բազմամասնագիտական թիմերի անդամներին, որոշումներ կայացնողներին` երեխաներին ուսումնական գործընթացի մեջ լավագույնս ներգրավելու համար։ Այս դասագիրքի առաքելությունն է` բոլորին զինել անհրաժեշտ
գիտելիքներով` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին որակյալ և արդյունավետ կրթություն ապահովելու համար։ Ընթերցողներին մաղթում եմ ամենայն բարին և հայտնում երախտագիտությունս այս կարևոր ոլորտում աշխատողներին։ Մեր գերագույն ցանկությունն է` տեսնել համատեղ ջանքերով արդյունավետ աջակցության ցուցաբերում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին։
Տես ավելին՝ https://www.unicef.org
Նախադպրոցական կրթության բարեվարքությունը Հայաստանում. INTES գնահատում
Հայաստանում նախադպրոցական կրթուրյան բարեվարքության սույն գնահատումը պատրաստվել է Կիրառական քաղաքականության և բարեվարքության կենտրոնի կողմից Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ֆինասնական օժանդակությամբ Հայաստանում և այլ պետություններում կրթության բարեվարքության ուղղությամբ տարվող ավելի մեծ ծավալի աշխատանքների շրջանակում։ Գնահատումները նախաձեռնվել են 2010 թվականին ՏՀԶԿ-ի ֆինանսական և ձեռնարկատիրական հարցերի տնօրինության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի Հակակոռուպցիոն ցանցի շրջանակում, մշակվել են ՏՀԶԿ-ի Կրթության և հմտությունների տնօրինության հետ համագործակցությամբ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կրթության պլանավորման ինստիտուտի ներգրավմամբ։
Տես ավելին՝ https://www.osf.am
Սոցիալական արդարությունը` Հայաստանի կրթության համակարգում
Կրթությունը սոցիալ-տնտեսական տարբերությունները հաղթահարելու լավագույն միջոցն է: Կրթության որակը և սոցիալական արդարությունը հանդիսանում են աղքատությունը վերացնելու և համընդհանուր բարեկեցությունն իրականություն դարձնելու կարևորագույն նախադրյալներ (Bowles, Gintis, & Osborne 2005; Goldthorpe,
2013): Բոլոր սովորողների համար որակյալ կրթություն ստանալու հավասար հնարավորության երաշխավորումը դեռևս լուրջ մարտահրավեր է բազմաթիվ պետությունների՝ ներառյալ Հայաստանի համար (e.g., Gorard & Smith, 2004; van Damme & Bellens, 2017):
Թեպետ Հայաստանի օրենսդրությամբ էական իրավական հիմքեր են նախատեսված կրթության իրավունքի իրացման հավասար հնարավորությունների և կրթության հասանելիության ապահովման, կրթության որակի ու սոցիալական արդարության երաշխավորման համար, սակայն, դատելով ներպետական և միջազգային վերջին հետազոտությունների արդյունքներով (Dye, 2003; OSF, 2017) կարելի է եզրակացնել, որ ստեղծված իրավական հիքերի առկայությունը դեռևս բավարար չէ: Կրթության որակին, ապա միջազգային ստուգատեսներում հայաստանցի աշակերտների ցուցաբերած արդյունքները վկայում են տարածաշրջանի այլ պետությունների համեմատ Հայաստանի կրթական համակարգի հարաբերականորեն ցածր որակի և արդյունավետության մասին, որը մտահոգություն է առաջացնում
կրթական ձեռքբերումների կայունության և տնտեսական զարգացման վերաբերյալ: Գծապատկեր 1-ում և 2-ում ներկայացված է Մաթեմատիկայի և Բնագիտության միջազգային միտումների (TIMSS) ստուգատեսի շրջանակում Հայաստանի և ընտրված մի քանի ուղենշային պետությունների 8-րդ դասարանի աշակերտների առաջադիմությունը՝ մաթեմատիկայի և բնագիտական առարկաների ուղղությամբ (TIMSS; Mullis, Martin, Gonzalez & Chrostowski, 2004; Mullis, Martin, Foy & Arora, 2012):
Հայաստանը հետ է մնում միջազգային միջին ցուցանիշից (սահմանված է 500 միավոր). մասնավորապես մաթեմատիկայի և բնագիտական առարկաների ստուգատեսներում զիջում է ընտրված ուղենշային պետություններին՝ Ղազախստանին, Լիտվային և Ռուսաստանին: Ավելին, նշված երկու առարկաների առումով Հայաստանի աշակերտների արդյունքները համեմատաբար անփոփոխ են մնացել կամ անգամ վատթարացել են 2003-ից 2015 թվականների ընթացքում, մինչդեռ Ղազախստանի և Ռուսաստանի ցուցանիշները հիշյալ նույն ժամանակահատվածում բարելավվել են: Ընդհանուր առմամբ Հայաստանի 8-րդ դասարանի աշակերտների 21%-ի արդյունքները ցածր են եղել 2015-ի՝ TIMSS-ով սահմանված արդյունքային նվազագույն մակարդակից,
մինչդեռ Ռուսաստանի Դաշնությունում և Ղազախստանում այդ մակարդակին չեն հասել աշակերտների համապատասխանաբար ընդամենը 5%-ը և 2%: Դա վկայում է Հայաստանում կրթության որակի լճացման մասին և էլ ավելի առաջնահերթ դարձնում ստեղծված իրավիճակի պատճառների և դրանց հաղթահարման ուղիների
վերլուծության հրատապությունը:
Տես ավելին՝ https://www.osf.am
Կրթության բյուջետային ծախսերի արդյունավետ գնատահատում
Առավել ընդհանուր մոտեցմամբ, արդյունավետությունը դիտարկվում է որպես արդյունքի և ծախսի հարաբերակցություն: Արդյունավետության գնահատման կոնկրետ խնդիրների լուծման առանձնահատկություններով պայմանավորված, սույն ընդհանրական մոտեցումը ստանում է յուրահատուկ դրսևորումներ: Ի մասնավորի, բյուջետային ծախսերի արդյունավետության բնութագրումն ու գնահատումը, ընդհանուր գծերով համապատասխանելով վերը ներկայացված սկզբունքային մոտեցմանը, տարբեր գործնական հետազոտություններում աչքի է ընկնում որոշ նրբիմաստային տարբերություններով, որոնց համակողմանի վերլուծությունը կարևոր նշանակություն ունի` ՀՀ կրթության ոլորտում կատարվող բյուջետային ծախսերի արդյունավետության գնահատման` հայաստանյան իրողություններին համահունչ մեթոդական մոտեցման մշակման` չափազանց կարևոր խնդրի լուծման համատեքստում: Հաշվետվությունում ամփոփված են կրթության բյուջետային ծախսերի արդյունավետության
գնահատման առավել լայն կիրառություն ունեցող մեթոդական մոտեցումների և մոդելների վերաբերյալ դիտարկումներ, ՀՀ-ում կրթության ոլորտի ընդհանուր նկարագրությունը` հիմնվելով պաշտոնական վիճակագրության աղբյուրներում պարունակվող տեղեկատվության վրա, հանրապետությունում պետական բյուջեից կրթության ֆինանսավորման ներկա պատկերն ու փոփոխման միտումները, նաև` ընդհանուր գծերով նկարագրված են ՀՀ-ում կրթության բյուջետային ֆինանսավորման արդյունավետության գնահատման գործընթացն ու սկզբունքները, մեթոդաբանության հիմնադրույթները, որոնցով նախատեսում ենք կատարել ՀՀ-ում կրթության
բյուջետային ֆինանսավորման արդյունավետության համալիր գնահատում:
Տես ավելին՝ https://www.osf.am
Հանրակրթության նոր չափորոշիչների մասին քննարկում
ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է դրել հանրակրթության նոր չափորոշիչը, որով ակնկալում է ունենալ կարողությունների ձևավորմանն ուղղված հանրակրթության բովանդակություն, որին կհետևի չափելի վերջնարդյունքների հիման վրա առարկայական ծրագրերի, գնահատման մեթոդաբանության մշակում և դասագրքերի ստեղծում։ Չափորոշիչը, համաձայն նախագծի, հնարավորություն կընձեռի ստանալ ուսումնական նյութի և դրա ուսումնասիրության համար նախատեսված դասաժամերի այնպիսի հարաբերություն, որը հնարավորություն է տալիս աշակերտներին հասկանալ այն, սովորել և կարողանալ կիրառել։ ԿԳՄՍՆ-ի ակնկալիքով, այն դպրոցներին հնարավորություն կտա ստեղծել աշակերտների կարիքներին համապատասխան ուսումնական պլան, գնահատումն իրականացնել ուսումնական հաջողությունները գրանցելու, բացթողումները տեսնելու և դրանք հաշվի առնելու դասավանդման ընթացքում։ Չափորոշչի ընդունմամբ գնահատման քանակական (միավորային) և որակական (ուսուցանող) եղանակների մեջ որակական գնահատման տեսակարար կշիռը զգալի կմեծանա՝ նպաստելով սովորողների հաջողությունների և բարելավման ուղղությունների որակյալ նկարագրությանը։ Նշվում է նաև, որ չափորոշչի ընդունման արդյունքում կմեծացվի պետական հանրակրթական ուսումնական հաստատություններին ուղղվող ֆինանսավորումը՝ ընձեռելով աշակերտների հետազոտական աշխատանքների, ինչպես նաև տարաբնույթ խմբակների ֆինանսավորման հնարավորություն, իսկ անհատական բաղադրիչի ներդրումը թույլ կտա ունենալ յուրաքանչյուր աշակերտի կարիքներին ու պահանջներին ուղղված կրթության կազմակերպում։ Որոշ շրջանակներ քննադատում են նոր ներկայացված չափորոշիչը, քանի որ այն նախատեսում է կրճատել դպրոցներում հայոց լեզվի դասաժամերը՝ վերաբաշխելով դրանք բնագիտական առարկաների միջև: Փաստաթղթով առաջարկվում է նաև հանել «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան` փոխարենն այդ առարկայի տարբեր բաժինները զետեղելով ավագ դպրոցի պատմական և հասարակագիտական այլ առարկաների ուսումնական ծրագրերում: ԿԳՄՍՆ-ի ներկայացրած հանրակրթության նոր չափորոշչին կանդրադառնանք հուլիսի 9-ին, ժամը 11:00-ին «Հոդված 3»-ի կազմակերպած տեսաքննարկման ժամանակ: Բանախոսներն են. ԺԱՆՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ, ԿԳՄՍ փոխնախարար ՍՈՖՅԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ԱՆՆԱ ԿՈՍՏԱՆՅԱՆ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր ԼՈՒՍԻՆԵ ԽԱՌԱՏՅԱՆ, Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամ ՍԵՐՈԲ ԽԱՉԱՏՐՅԱՆ, կրթության փորձագետ
Տես ավելին՝ https://factor.am
Հանրակրթության չափորոշիչներ․ որտե՞ղ է մանիպուլյացիան, որտեղ՝ իրականությունը
«Հանրակրթության չափորոշիչներ․ որտե՞ղ է մանիպուլյացիան, որտեղ՝ իրականությունը»
Բանախոսներ՝
— Սերոբ Խաչատրյան, Կրթության փորձագետ
-Արտաշես Թորոսյան՝ Հանրակրթության պետական չափորոշչի մշակման խմբի անդամ
— Վահրամ Թոքմաջյան, պատմաբան
— Վահրամ Սողոմոնյան, Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է դրել օրենքի նախագիծ, ըստ որի փոփոխություններ կկատարվեն հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման և հաստատման կարգում։
Տես ավելին՝ https://www.facebook.com
Մանկապարտեզները ստիպված կլինեն աշխատել օրենքով
«Նախադպրոցական կրթության մասին» օրենքի նախագիծը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի համոզմամբ, ոլորտում հեղափոխական փոփոխությունների կհանգեցնի:
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik․ ՀՀ կառավարությունն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել «հեղափոխական» օրենքի նախագիծ: Այսօր խորհրդարանում «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը նման որակումով ներկայացրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: Նախարարի խոսքով` նախագիծը լուրջ փոփոխություն է ենթադրում նախադպրոցական կրթության ոլորտում:
Օրենքով սահմանվել են նաև հասարակական այն խմբերը, որոնց երեխաները նախադպրոցական ուսումնական հաստատություն ընդունվելու առաջնահերթության իրավունք կունենան: Դրանք են առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամ, երեք կամ ավելի երեխա ունեցող, կամ զինծառայող ծնողների երեխաները:
Տարեկան առնվազն մեկ անգամ պարտադիր բուժզննություն կանցնեն նաև նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժները: Իսկ նրանց 1/5-ը տարեկան մեկ անգամ պարտադիր վերապատրաստում պիտի անցնի։
«Իմ քայլը» խմբակցության անդամ, պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը կարևորեց, որ ներկայացված օրինագիծը կարգավորվելու է նաև զարգացման կենտրոնների լիցենզավորման հարցը:
Պատգամավորը նկատեց, որ այսօր յուրքանչյուրը կարող էր ԱՁ բացել ու երեխաների հետ զբաղվելը դարձնել բիզնես:
Ինչպես է պետությունն ուզում աջակցել տնտեսվարողներին. Փաշինյանը նախագիծ է ներկայացրել
«Օրինակ՝ կարող էին պարզապես զբաղվածության համար վերցնել, բայց հետագայում նախադպրոցական կրթություն իրականացնեին: Իսկ այս նախագծի պարագայում արգելվում է, պետք է պարտադիր լիցենզավորում անցնեն»,- ասաց նա:
Կառավարության ներկայացրած նախագծով սահմանվում է, որ մանկապարտեզներում ցանկացած ծրագիր իրականացվելու է բացառապես կրթական չափորոշիչների ու հաստատված ծրագրերի հիման վրա:
Նշենք, որ նախագիծն ԱԺ-ում քննարկվում է երկրորդ ընթերցմամբ: Առաջին ընթերցմամբ այն ընդունվել էր ԱԺ հունվարի 24-ի նիստում:
Տես ավելին՝ https://armeniasputnik.am
Նախադպրոցական կրթության նոր չափորոշիչը ներառում է նաև մեդիագրագիտություն
Նախադպրոցական կրթության նոր չափորոշիչները գերատեսչությունը դրել է հանրային քննարկման: Փոփոխություններով սահմանվում են նախադպրոցական տարիքի երեխայի կրթական ծրագրի բովանդակությունը, ինչպես նաև ուսումնական հասատատության նոր պահանջները:
Թեհմինե Կարախանյան, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ — Այս փաստաթղթով յուրաքանչյուր ծնող, նախադպրոցական կրթության ոլորտի մասնագետ կարող է հասկանալ, թե արդյո՞ք տվյալ տարիքային խմբի երեխան իր զարգացման առանձնահատկություններով համապատասխանում է նորմերին, թե՞ ոչ:
Գործող չափորոշիչն ընդուվել է 2011-ին: 10 տարում բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունեցել, որոնք պետք է արտացոլվեն նախադպրոցական կրթության ոլորտում՝ նշում է մասնագետը: Աշխատանքային խմբի անդամը պարզաբանում է՝ վերանայվել են երեխայի զարգացման կարևոր բաղադրիչներ:
Սոսե Խաչիբաբյան, հոգեբան — Հստակեցվել են հուզական, անձնային զարգացման այն կետերը, որոնց վրա նախակրթարանը պիտի ուշադրություն դարձնի: Օրինակ, պատասխանատվությունը՝ որպես անձնային գիծ, հուզական ինքնակարգավորման խնդիր:
Նոր փաթեթի վրա աշխատել են կես տարի: Հիմնական շեշտը դրել, որ նախակրթարանից դպրոց երեխան հաճախի լիարժեք պատրաստ:
Սոսե Խաչիբաբյան — Կփոխվի նա, որ ավելի հստակ, ավելի կոնկրետ սպասելիքներ ու պահանջներ կունենանք նախակրթարաններից և կստանանք այն արդյունքը, որը դպրոցում երեխայի ավելի հեշտ ադապտացիան կապահովի:
Առանձնացվում է նախադպրոցական տարիքի երեխաների 5 խումբ, որոնք ըստ ոլորտների պետք է ունենան գիտելիքների որոշակի պաշար, իհարկե՝ ըստ նախասիրության ու կարողությունների:
Թեհմինե Կարախանյան — Օրինակ, նախադպրոցական տարիքի երեխան՝ 5-6 տարեկան, պետք է ճանաչի իր հայրենիքը, պետք է ճանաչի մշակութային որոշակի գործիչների, պետք է ճանաչի տառերը, երկրաչափական որոշակի պատկերներ, որ կարողանանք ապահովել սահուն անցումը նախակրթարանից դեպի դպրոց:
Հետևել են նաև ժամանակի պահանջին՝ հոգալով որ փոքրիկը մեծանա մեդիագրագետ, տիրապետի տեխնոլոգիաներին՝ տարիքին համապատասխան:
Թեհմինե Կարախանյան — Ժամանակակից երեխային չենք կարող զերծ պահել համակարգչից, հեռախոսից և նոր տեխնոլոգիաներից: Խնդիրը ճիշտ ուղղորդելն է՝ օգտվելու տեխնոլոգիաներից, որ ո՛չ տուժի երեխայի կրթական մասը, ո՛չ առողջությունը:
Նախադպրոցական կրթության ոլորտում այժմ ենթաօրենսդրական մի շարք ակտերի մշակումներ են: Իսկ նոր չափորոշիչը մինչև ապրիլ կներկայացվի Կառավարության հաստատմանը:
Տես ավելին՝ https://www.1lurer.am
Հանրակրթության նոր չափորոշիչների մասին քննարկում
ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է դրել հանրակրթության նոր չափորոշիչը, որով ակնկալում է ունենալ կարողությունների ձևավորմանն ուղղված հանրակրթության բովանդակություն, որին կհետևի չափելի վերջնարդյունքների հիման վրա առարկայական ծրագրերի, գնահատման մեթոդաբանության մշակում և դասագրքերի ստեղծում։ Չափորոշիչը, համաձայն նախագծի, հնարավորություն կընձեռի ստանալ ուսումնական նյութի և դրա ուսումնասիրության համար նախատեսված դասաժամերի այնպիսի հարաբերություն, որը հնարավորություն է տալիս աշակերտներին հասկանալ այն, սովորել և կարողանալ կիրառել։ ԿԳՄՍՆ-ի ակնկալիքով, այն դպրոցներին հնարավորություն կտա ստեղծել աշակերտների կարիքներին համապատասխան ուսումնական պլան, գնահատումն իրականացնել ուսումնական հաջողությունները գրանցելու, բացթողումները տեսնելու և դրանք հաշվի առնելու դասավանդման ընթացքում։ Չափորոշչի ընդունմամբ գնահատման քանակական (միավորային) և որակական (ուսուցանող) եղանակների մեջ որակական գնահատման տեսակարար կշիռը զգալի կմեծանա՝ նպաստելով սովորողների հաջողությունների և բարելավման ուղղությունների որակյալ նկարագրությանը։ Նշվում է նաև, որ չափորոշչի ընդունման արդյունքում կմեծացվի պետական հանրակրթական ուսումնական հաստատություններին ուղղվող ֆինանսավորումը՝ ընձեռելով աշակերտների հետազոտական աշխատանքների, ինչպես նաև տարաբնույթ խմբակների ֆինանսավորման հնարավորություն, իսկ անհատական բաղադրիչի ներդրումը թույլ կտա ունենալ յուրաքանչյուր աշակերտի կարիքներին ու պահանջներին ուղղված կրթության կազմակերպում։ Որոշ շրջանակներ քննադատում են նոր ներկայացված չափորոշիչը, քանի որ այն նախատեսում է կրճատել դպրոցներում հայոց լեզվի դասաժամերը՝ վերաբաշխելով դրանք բնագիտական առարկաների միջև: Փաստաթղթով առաջարկվում է նաև հանել «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան` փոխարենն այդ առարկայի տարբեր բաժինները զետեղելով ավագ դպրոցի պատմական և հասարակագիտական այլ առարկաների ուսումնական ծրագրերում: ԿԳՄՍՆ-ի ներկայացրած հանրակրթության նոր չափորոշչին կանդրադառնանք հուլիսի 9-ին, ժամը 11:00-ին «Հոդված 3»-ի կազմակերպած տեսաքննարկման ժամանակ: Բանախոսներն են. ԺԱՆՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ, ԿԳՄՍ փոխնախարար ՍՈՖՅԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ԱՆՆԱ ԿՈՍՏԱՆՅԱՆ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր ԼՈՒՍԻՆԵ ԽԱՌԱՏՅԱՆ, Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամ ՍԵՐՈԲ ԽԱՉԱՏՐՅԱՆ, կրթության փորձագետ
Տես ավելին՝ https://factor.am
Հաստատվել է Հանրակրթության պետական չափորոշիչը
Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվել է Հանրակրթության պետական չափորոշիչը, որի հիմքի վրա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը (ԿԳՄՍ) հաջորդաբար կհաստատի առարկայական ծրագրերն ու չափորոշիչները:
Կառավարության նիստում չափորոշիչը ներկայացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
Նախարարի տեղակալը, ներկայացնելով նախագիծը, նշել է, որ հանրակրթության պետական նոր չափորոշիչը սահմանում է պետության ակնկալիքը եւ պահանջը դպրոցից` հանրակրթական բոլոր աստիճանների սովորողներից եւ շրջանավարտներից:
Կատարված ամենակարեւոր փոփոխությունը հայեցակարգային է, քանի որ նոր չափորոշիչը հիմնվում է սովորողի հմտությունների կարողունակությունների վրա: Հավասարապես շեշտադրվում են սովորողի գիտելիքը, հմտությունը, դիրքորոշումը եւ արժեքային համակարգը:
Սահմանվում են որակական այն պահանջները, որ շրջանավարտը պետք է ունենա դպրոցն ավարտելիս, նկարագրված են ակնկալվող վերջնարդյունքներն ըստ կրթական աստիճանների (տարրական, հիմնական եւ ավագ), կոմպետենցիաներն ու կարողունակությունները:
«Խուսափելով այս պահին գործող առարկայակենտրոն մոտեցումներից, երբ մենք ունենք ինքնաբավ առանձին առարկաներ, նախատեսվում է անցում կատարել ինտեգրված մոտեցմանը, որը հնարավորություն է տալիս տեսնել փոխկապակցված թեմաներ, առանձնացնել խաչվող թեմաները, եւ յուրաքանչյուր առանձին առարկայի միջոցով որոշակիորեն նպաստել ընդհանուր վերջնարդյունքի ձեւավորմանը: Սա նաեւ թույլ կտա էապես խուսափել կրկնություններից` առավել արդյունավետ օգտագործելով այն ժամանակը, որը երեխան ծախսում է դպրոցում: Առաջարկվող փոփոխությամբ ընդհանուր առմամբ դպրոցականների ծանրաբեռնվածությունը նվազեցվում է` չկրճատելով բովանդակային ծավալը եւ նպատակային դիտարկելով ավելի բարձր կրթական արդյունքը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:
Նոր մոտեցումը, նախարարի տեղակալի հավաստմամբ, ավելի ճկուն աշխատելու հնարավորություն է տալիս: Օրինակելի ուսումնական պլանի հիման վրա սահմանելով հանրակրթական հիմնական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը՝ միաժամանակ դպրոցները հնարավորություն կունենան դպրոցական եւ անհատական բաղադրիչի շրջանակում լինել ավելի ստեղծարար եւ սահմանել սեփական ուսումնական պլանը` հաշվի առնելով նաեւ սովորողի անհատական նախասիրությունները:
Պարտադիր առարկաներ եւ նոր նախագծային ուսուցում
Չափորոշչով սահմանվում են 7 ուսումնական բնագավառներ. «Հայոց լեզու եւ գրականություն», «Հայրենագիտություն», «Օտար լեզուներ», «Բնագիտություն, Տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, Ճարտարագիտություն, Մաթեմատիկա (ԲՏՃՄ)», «Հասարակություն, հասարակական գիտություններ», «Արվեստ եւ արհեստ», «Ֆիզիկական կրթություն եւ անվտանգ կենսագործունեություն»:
Հանրակրթության պետական չափորոշիչով պետությունը պարտադիր ուսուցման համար սահմանում է հիմնական հետեւյալ առարկաները. «Հայոց լեզու եւ գրականություն», «Մաթեմատիկա», «Հայոց պատմություն», «Օտար լեզու»: Նշված առարկաներն ունեն երաշխավորված ժամաքանակ բոլոր դպրոցներում` անկախ կազմակերպաիրավական ձեւից:
Ավագ դպրոցի բարեփոխում
Կարեւոր նորույթներից է անհատական բաղադրիչը, որն աշակերտի կարիքներից բխող ուսումնական ծրագիր ձեւավորելու եւ դրա հիմքով ավագ դպրոցի բարեփոխման հնարավորություն է տալիս:
«Այսպիսով կկարողանանք հրաժարվել այս պահին գործող հոսքային ուսուցումից եւ անցնել անհատականացված դասացուցակի` ըստ յուրաքանչյուր աշակերտի նախասիրության եւ մասնագիտական կողմնորոշման: Սա նաեւ թույլ կտա շտկել քաղաքային եւ գյուղական բնակավայրերի միջեւ այս պահին առկա անհավասարությունը, քանի որ գյուղական բնակավայրերում գործում են միջնակարգ դպրոցներ, եւ ի տարբերություն քաղաքների՝ չկան առանձնացված ավագ դպրոցներ:
Ավագ դպրոցի բարեփոխմանը կնպաստի նաեւ մոդուլային ուսուցումը, որը սովորողին հնարավորություն կտա հանրակրթության ավագ աստիճանում կարճաժամկետ դասընթացների միջոցով ձեռք բերել մասնագիտական կողմնորոշում»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:
Մյուս կարեւոր նորությունը 7-րդ դասարանից սկսած նախագծային ուսուցման ներդրումն է, որի նպատակն է զարգացնել աշակերտի ինքնուրույն, հետազոտական եւ ստեղծագործական կարողությունները, ինչը նաեւ համայնքային նախագծերում ներգրավվելու հնարավորություն կընձեռի:
Կրտսեր դպրոցը՝ առանց միավորային գնահատականի
Գնահատման համակարգում եւս կատարվում է կտրուկ փոփոխություն. առաջարկվում է կրտսեր դպրոցում հրաժարվել միավորային գնահատումից` կիրառելով խրախուսական բնութագրումներ, իսկ միավորային գնահատումը կգործի 5-րդ դասարանի 2-րդ կիսամյակից: Առաջարկվում է նաեւ հրաժարվել «անբավարար» գնահատականից, ինչը նշանակում է, որ այլեւս չի գործի հաջորդ դասարան չփոխադրվելու, նույն դասարանում մնալու եւ կրթական ծրագիրը կրկնելու ինստիտուտը:
Վերջնական ներդրումը` 2023 թվականից
Առաջիկա մեկ ամսում կսահմանվի Հանրակրթության պետական չափորոշչի ներդրման ճանապարհային քարտեզ: Մինչ համընդհանուր կիրառումը չափորոշիչը պետք է անցնի փորձարկում, որը կսկսվի 2021 թվականի սեպտեմբերից:
Նախատեսվում է իրականացնել լայնածավալ վերապատրաստումներ, ուսումնական նյութերի մշակումներ: Փորձարկման արդյունքները հաշվի առնելով` չափորոշիչը կլրամշակվի եւ 2023 թվականից կներդրվի բոլոր դպրոցներում:
Տես ավելին՝ https://mediamax.am
Որակյալ հանրակրթությունը Հայաստանում շարունակում է մնալ անհասանելի․ մասնագետները՝ պատճառների մասին
Հայաստանում որակյալ և մրցունակ հանրակրթությունը շարունակում է մնալ անհասանելի կամ քիչ հասանելի: Դրա պատճառներից մեկը սոցիալական կոմպոնենտն է: 2019թ.-ին, ըստ տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտության արդյունքների, նախադպրոցական հաստատություններում համախառն ընդգրկվածությունը (մինչև 6 տարեկան երեխաների թվաքանակից) կազմել է 34% և տարբերվում է ըստ աղքատության մակարդակի: Ոչ աղքատ տնային տնտեսություններում այն կազմել է 37%, աղքատ (առանց ծայրահեղ աղքատների) և ծայրահեղ աղքատ տնային տնտեսություններում համապատասխանաբար՝ 27% և 24%: Այն տնային տնտեսությունները, որոնք 2019թ.-ին ունեին դպրոցում սովորող աշակերտ, միջինում ծախսել են մեկ աշակերտի հաշվով ամսական 7 620 դրամ, որից` դասագրքերի վրա` 6 43 դրամ, մասնավոր դասերի համար` 10 571 դրամ, վարձավճարի համար՝ 30 128 դրամ, իսկ կրթության այլ ծախսերի վրա` 949 դրամ: Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը բացի սոցիալականից` ընդգծում է նաև առաջարկի և պահանջարկի բաղադրիչը: Ըստ նրա` կարևոր է, որ աշակերտի մոտ առաջանա սովորելու պահանջարկ: Միևնույն ժամանակ փորձագետը շեշտում է` հնարավոր չէ ունենալ սովորող աշակերտ, եթե չկա սովորող ուսուցիչ: Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը ևս փաստում է այս խնդրի մասին` հավելելով, որ բնագիտական առարկաների ուսուցիչների պակասն է ամենաշատը աչքի զարնում: Հաջորդ խնդիրը, որը սպառնում է որակյալ հանրակրթություն ունենալուն, ըստ փորձագետի, առնչվում է ծնողական համայնքին: Արտաշես Թորոսյանն էլ իր հերթին հավաստիացնում է` ծնողները հաճախ ուսւոցիչներին սովորեցնում են` ինչպես դասավանդել: Նրա խոսքով` հանրությունը պետք է լինի պահանջ ներկայացնող, բայց ոչ ճնշում գործադրող: Մեր զրուցակիցը բարձրացնում է ևս մեկ խնդրիր, որին բախվում են մանկավարժները: Սերոբ Խաչատրյանը որակյալ հանրակրթության ապահովման հարցում կարևորում է դպրոցների կառավարման հարցը, շեշտում է` առանձնակի ուշադրություն պետք է դարձնել տնօրենի ընտրությանը: Արտաշես Թորոսյանի կարծիքով` մենք չունենք, այսպես ասած, դպրոցի տնօրենի դպրոց, չունենք տնօրենին ուղղված գրականություն, մեթոդական ուղեցույցներ, կոլեկտիվն էլ տնօրենի ընտրության հարցում հաճախ պահպանողական մոտեցում է ցուցաբերում: Կրթության փորձագետը որակյալ հանրակրթություն ունենալու հարցում հատուկ կարևորություն է տալիս Կրթության և գիտության նախարարության աշխատելաոճին. ըստ նրա` փաստաթղթեր մշակելը մի բան է, սկզբունքային կադրերին աշխատանքում ներգրավելը` այլ բան: Վերջին մեկ տարում որակյալ հանրակրթության ապահովման համար լրջագույն խնդիր է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն ու դրանից բխող հետևանքները: Ըստ 2020 թվականի տվյալների` երեխաների մի մեծ խումբ դուրս է մնացել հեռավար ուսուցման շրջանակից. խոսքը ամբողջ հանրապետությունում աշակերտների 15-20 տոկոսի մասին է: Արտաշես Թորոսյանի խոսքով` հեռավար կրթության իրականացման արդյունքում ունենք որակի զգալի անկում: Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնը այս խնդիրը գոնե մասնակի լուծելու նպատակով ուսուցիչներին կտրամադրի հեռավար ուսուցման մեթոդական ծրագրեր և ռազմավարություն:
Տես ավելին՝ https://factor.am
Ի՞նչ փոփոխություններ են լինելու դպրոցների ֆինանսավորման գործընթացում
Ի՞նչ փոփոխություններ են լինելու դպրոցների ֆինանսավորման գործընթացում
Տես ավելին՝ https://youtu.be
Ի՞նչ է փոխում հանրակրթության նոր չափորոշիչը
Օրերս Կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (ԿԳՄՍՆ) շրջանառեց հանրակրթության նոր չափորոշչի նախագիծը. փորձենք քննարկել փաստաթուղթը, հատկապես, որ այն նախ և առաջ քաղաքական փաստաթուղթ է, որն ընդհանրական դրական նպատակներից բացի պետք է անդրադառնա նաև կոնկրետ միջավայրի խնդիրներին և տեսլականին, եթե կրթությունը դիտարկում ենք որպես այդ խնդիրների լուծման և տեսլականի ձգտման միջոց։
Ցանկացած չափորոշիչ փորձում է համակարգել դպրոցում ուսուցանվող գիտելիքը: Համակարգումն ունի երեք հիմնական նպատակ. ա) նույն խմբի կամ գիտելիքի կառուցման միևնույն փիլիսոփայությամբ առարկաներն ապահովել այդ խմբին բնորոշ ուսուցման սկզբունքներով (բուն առարկայական մանկավարժություն, անգլ. subject-specific pedagogy), բ) մասնավորեցնել և փոխկապակցել ակադեմիական «մեծ գիտելիքը» կառավարելի «փոքր գիտելիքի» շրջանակում, գ) որոշ դեպքերում, օրինակ դիպլոմային ծրագրերում, փորձել հավասարակշռել սովորողների ընտրությունը՝ դիպլոմի որևէ մակարդակի համար պարտադրելով համադրել առարկաներ տարբեր գիտակարգերից։
Այս ամենում դրական է, որ
1. նոր չափորոշիչը շատ ավելի տրամաբանական է դարձնում գործող չափորոշչի համակարգումը՝ «Մաթեմատիկա» և «ՏՀՏ» բնագավառները մեկ խմբում են, ինչպես և «Արվեստն» ու «Տեխնոլոգիան».
2. նոր չափորոշչում կա ուսումնական նոր բնագավառ՝ «Հայրենագիտություն», որը ևս մեկ հնարավորություն է առաջարկելու լրացուցիչ առարկաներ և միավորելու դրանք մեկ ընդհանուր ուսումնական տրամաբանության շրջանակում։ Այլ հարց է՝ լինելու՞ է կամ գոյություն ունի՞ արդյոք «Հայրենագիտություն» ուսուցանելու առանձին տրամաբանություն։
Միաժամանակ անհրաժեշտ է, որ ի տարբերություն գործողի՝ նոր չափորոշիչն ու ծրագրերն ունենան ուսումնական բնագավառներով մասնավորեցված ուսուցման սկզբունքներ, այլ կերպ ասած՝ բուն առարկայական մանկավարժություն, որը բխում է այդ ոլորտի ուսուցման հետազոտական վերջին գիտելիքից: Սա կօգնի ուսուցիչներին և սովորողներին հասկանալ գիտելիքի կառուցումն այդ բնագավառներում, փոխկապակցել գիտելիքախմբի տարբեր առարկաները: Սա նաև ուսուցիչների արդյունավետ մասնագիտական զարգացման յոթ պայմաններից մեկն է:
Ցանկացած չափորոշիչ քաղաքական ու քաղաքականության փաստաթուղթ է: Այն ընտրություն է, որ մշակողներն արել են հիմնվելով այս կամ այն սկզբունքի վրա: Նոր չափորոշիչը տալիս է առարկայական զգալի ազատություն և սահմանում է փոքրաթիվ պարտադիր առարկաներ։
Դրական է, որ
1. ի տարբերություն գործողի՝ նոր չափորոշիչը «նախընտրում» է ոչ թե կոնկրետ ժամաքանակ, այլ միջակայքի հնարավորություն.
2. ֆինանսավորում է ոչ թե կոնկրետ, այլ առավելագույն ժամաքանակները.
3. դպրոցներին ուսումնական բնագավառներից առարկաներ կամ ժամաքանակ ընտրելու զգալի ազատություն է տալիս:
Նոր չափորոշիչը սահմանում է նաև չորս պարտադիր առարկաներ՝ «Հայոց լեզու և գրականություն», «Հայոց պատմություն», «Մաթեմատիկա» և առնվազն մեկ օտար լեզու։ Սրանք կարող են ուսուցանվել առանձին կամ ինտեգրված։
Այդուհանդերձ, անհրաժեշտ է, որ.
1. Չափորոշիչը սահմանի թե ինչու հենց այս չորսը, ընդ որում, կօգներ, եթե չափորոշիչը հստակեցներ, թե կրթության ինչ փիլիսոփայություն կամ մոտեցում է որդեգրում։ Օրինակ՝ եթե ամբողջական կրթության, ապա առնվազն ֆիզիկական կրթության և արվեստի՝ պարտադիր լինելու կարիք կա, եթե քննադատական կրթության՝ ապա այն առարկայի, որը թույլ կտա չվերարտադրել հասարակության անհավասարությունները, եթե ինքնության պահպանման տեսլականի՝ ապա միգուցե պետք է պարտադիր լինի «Ազգային երգն ու պարը», «Նախնական զինվորական պատրաստվածությունը»… Նույնն է «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի պարագան. կարևոր է ուղիղ տեքստով նշել այն առանձին չառաջարկելու կամ դրա ուսուցման փոփոխության նոր սկզբունքները։
2. Չափորոշիչը բացատրի ինչու և ինչպես են ձևավորվել առանձին ուսումնական բնագավառներին հատկացված ժամաքանակային միջակայքերը։
Չափորոշիչը քաղաքականության փաստաթուղթ է. կարևոր է հասկանալ ոչ միայն որոշման «ինչը», այլ հատկապես «ինչուն»։
Նոր չափորոշիչը սահմանում է կարողունակություններ
Դրական է, որ.
1. Ի տարբերություն գործող չափորոշչի, նոր չափորոշիչը որդեգրում է վերջնարդյունքների ավելի համակարգված մոտեցում՝ ութ կոմպետենցիաների տեսքով: Կոմպետենցիան չափորոշիչը սահմանում է որպես «ըստ իրավիճակի արդյունավետ ու պատշաճ արձագանքելու ձև», որ հիմնվում է տարբեր առարկաներից ձեռք բերված գիտելիքի, արժեքների, հմտությունների և դիրքորոշումների վրա։ «Լեզվական կոմպետենցիան», օրինակ, լեզուն դիտարկում է որպես «հասարակական կյանքին մասնակցության համապիտանի գործիք», հետևաբար կարևորվում է դրա իմացության այն աստիճանը, որը թույլ կտա այն կիրառել ակադեմիականից մինչ առօրյա շփման մակարդակում:
2. Կոմպետենցիաները մեծ հաշվով նույնական են Եվրոպական հանձնաժողովի ցկյանս ուսումնառության կարողունակությունների հետ, ինչը հեշտացնում է կրթական տարբեր բարեփոխումներով սկսված համապատասխանեցումները եվրոպական կրթական միջավայրին:
3. Նոր չափորոշիչը կարևորում է նախագծային ուսուցումը որպես կրթության կիրառական արդյունք ապահովող գործիք։
Միևնույն ժամանակ անհրաժեշտ է, որ չափորոշիչը բացատրի, թե ինչու է ընտրվել կոմպետենցիոն մոտեցումը և հենց այդ ութ կարողունակությունները, ի՞նչ դեր ունեն կոմպետենցիաները դպրոցական միջավայրի փոփոխության մեջ (բարդ է պատկերացնել, օրինակ, ժողովրդավարության կոմպետենցիան առանց ժողովրդավար դպրոցական միջավայրի), որքա՞նով կամ արդյո՞ք դրանք պիտի մասնավորեցվեն ըստ հայաստանյան միջավայրի կարիքների ու տեսլականի, կամ արդյոք «Լեզվական կարողունակությունը» ենթադրում է նույնական մոտեցում հայոց լեզվի և օտար լեզուների դեպքում։ Արդյոք երկու դեպքում էլ, օրինակ, նպատակը «գրավոր և բանավոր կերպով գրագետ հաղորդակցումն» է, թե հայոց լեզվի դեպքում «գրագետ հաղորդակցումը» կարող է կամ պետք է ներառի հավելյալ մասնավորեցում, օրինակ՝ գրաբարի կամ բարբառի ուսուցման տեսքով՝ որպես սեփական/տեղական լեզվական, մշակութային կարողունակության խոր զարգացում։
Ընդհանրական դրական նպատակներից բացի, որոնք ճիշտ են անկախ միջավայրից, չափորոշիչը պետք է անդրադառնա կոնկրետ միջավայրի խնդիրներին և տեսլականին, եթե կրթությունը դիտարկում ենք որպես այդ խնդիրների լուծման և տեսլականի ձգտման միջոց։
Պետությունը դպրոցական գիտելիքը «կառավարում է» վերջնարդյունքի միջոցով, նոր չափորոշչում՝ ընդհանուր կոմպետենցիաներից մասնավոր վերջնարդյունքներ տեսքով՝ ըստ ուսումնական բնագավառի/կրթական ծրագրի աստիճանի (տարրական, միջին, ավագ)։
Դրական է, որ
1. նոր չափորոշիչը սահմանում է վերջնարդյունքների ավելի պարզ ստորակարգություն՝ ի տարբերություն գործող չափորոշչի. պարզ ասած՝ կան ութ հիմնական նպատակներ և դրանց ուղղված առանձին վերջնարդյունքներ ըստ ուսումնական բնագավառի/կրթական ծրագրի մակարդակի (տարրական, միջին, ավագ).
2. նոր չափորոշիչը շատ ավելի ամփոփ փաստաթուղթ է, ինչը հեշտացնում է դրան ծանոթանալը և այն մտապահելը.
3. նոր չափորոշչում կան գիտելիքի կառուցման մի շարք դրական վերջնարդյունքային պահանջներ։
Միևնույն ժամանակ անհրաժեշտ է, որ.
1. Ավելի մեծ համապատասխանություն լինի մեծ նպատակների՝ կոմպետենցիաների և մասնավոր վերջնարդյունքների միջև։ Այսպես. «Լեզվական կարողունակությունը» լեզուն դիտում է որպես «հասարակական կյանքին մասնակցության համապիտանի գործիք»։ Հասարակական կյանքը լեզվի կիրառության տարբեր դեպքեր ունի, սակայն սովորողից պահանջվում է միայն «գրական հայերենով» հաղորդակցում, «գրական հայերենով տարբեր ոճերի և ժանրերի խոսքի» ստեղծում։ Արդյո՞ք սրանով չենք խորացնում լեզվական խզումը, որ առանց այդ էլ գոյություն ունի։ Սա ամենևին չի նշանակում «փողոցի լեզվի» ուսուցանում դպրոցում։
2. Դրվեն պահանջներ, որոնք ակնկալելը տրամաբանական կամ իմաստալից է։ Օրինակ՝ տարրական դպրոցի սովորողից պահանջվում է «գիտակցել առողջ և բալանսավորված սնվելու անհրաժեշտությունը»։ Իհարկե, գիտակցել դեռ չի նշանակում վարվել գիտակցաբար, սակայն սովորողների շոշափելի մի մասի համար, ովքեր այդպիսի սննդի հնարավորություն չունեն, այս գիտակցումն իմաստազուրկ է։ Միգուցե այս դեպքում չափորոշիչը նաև սահմանի, որ պետությունը, օրինակ, ստանձնում է առողջ անվճար սննդի կազմակերպումը դպրոցներում։
3. Մեկ այլ օրինակ. տարրական ծրագրի սովորողից պահանջվում է գիտակցել «իր առօրյան կազմակերպելու անհրաժեշտությունը՝ ժամանակ տրամադրելով հանգստին, խաղին և դասերին»։ Հայաստանում հազվադեպ է 4-րդ դասարանցին որոշում ինչպես կազմակերպել իր առօրյան, եթե անգամ մի կողմ թողնենք այս վերջնարդյունքի սոցիալական կողմը։
Չափորոշիչը ընտրություն է, թե ինչպես են սովորողները հարաբերվելու գիտելիքին: Օրինակ՝ պասիվ սպառելո՞ւ են, թե՞ կարող են քննել, կամ կա՞ն արդյոք հարցեր, որոնք դպրոցում քննության ենթակա չեն:
Դրական է, որ նոր չափորոշչում շատ են գիտելիքի ակտիվ սոցիալական կառուցում ենթադրող ձևակերպումները։ Սա մեծացնում է հավանականությունը, որ կունենանք սովորողներ, որոնք իրենց չեն դիտարկի որպես գիտելիքի պասիվ սպառողներ և հասարակության զարգացման ակտիվ գործոն կդառնան:
Այդուհանդերձ, անհրաժեշտ է հնարավորինս խուսափել գիտելիքի պասիվ սպառում պարունակող ձևակերպումներից։ Օրինակ՝ «իմանա հայ մշակույթի տեղն ու դերը համաշխարհային մշակույթում և համաշխարհային մշակույթի դերը համամարդկային արժեքների համատեքստում» վերջնարդյունքը ենթադրում է, որ «տեղն ու դերը» հստակ սահմանված են (արդեն անցյալում են), քանի որ նոր ստեղծվող մշակույթն իր «տեղն ու դերը» գտնելու գործընթացում է, հետևաբար սովորողի դիտանկյունից դու՞րս։ Փոխարենը դրական է, օրինակ, «վերլուծի Հայաստանի Հանրապետության արդի հիմնախնդիրները և մարտահրավերները տեղական, տարածաշրջանային և գլոբալ համատեքստում» վերջնարդյունքը:
Գնահատումը մենք դիտարկում ենք առավելապես «տեխնիկական» մակարդակում՝ տա՞սը միավորանոց, թե՞ հինգ, ամեն տարի՞, թե՞ ամեն կիսամյակ, ո՞ւթ, թե՞ ինը գնահատել, կամ՝ ինչպե՞ս գովասանագիր տալ, եթե միավորային գնահատական չկա…
Գնահատումը նախ և առաջ քաղաքականության մաս է, և եթե մերիտոկրատական համակարգի են ձգտում, ստիպված ենք «սուպերվերահսկողական» գնահատման համակարգ ունենալ։ Բայց եթե ազատականացնում ենք համակարգը, ապա պիտի սահմանենք ինչո՞ւ և ի՞նչն ենք գնահատում (գնահատելու՞ ենք արդյոք արվեստի դասը, և եթե այո, ապա՝ ինչու)։
Դրական է, որ.
1. Նոր չափորոշիչը գնահատումը կապում է կարողունակություններին. սա կոմպետենցիոն ուսուցումը լիարժեքորեն գործարկելու միակ ճանապարհն է։ Ըստ նախագծի՝ ԿԳՄՍՆ-ն դեռ լրացուցիչ հստակեցնելու է գնահատման կարգը, այնպես որ դա հիմա քննարկել չարժե։
2. Նոր չափորոշիչը պահպանում է գնահատման միավորային և ձևավորող տեսակները՝ ինչպես և գործողը, սակայն մասնավորեցմամբ, որ դրանք պիտի սահմանվեն դպրոցի մանկավարժական խորհրդի կարգով։ Սա ևս մեկ անգամ կարևորում է խորհուրդների դերը։
3. Նոր չափորոշչով չկա անբավարար գնահատական. սակայն սա չի նշանակում, թե դպրոցը պիտի բավարարվի անբավարար ստացող սովորողներ ունենալով։ Անբավարար գնահատականը մինչ այս հիմք էր սովորողին կամ նույն դասարանում թողնելու, կամ էլ «ծանոթով» հաջորդ դասարան տեղափոխելու։ Սրանից հրաժարվելը դրական է, եթե ներդրվի գործիքակազմ, որի շնորհիվ ոչ մի սովորող չի զրկվի որակյալ կրթություն ստանալու հնարավորությունից: Առանց այդ գործիքակազմի պարզապես հեշտացվելու է դասարանից-դասարան տեղափոխումը:
4. Նոր չափորոշչով միավորային գնահատումը հանվում է տարրական և 5-րդ դասարանի առաջին կիսամյակից։ Սա միանշանակ ողջունելի է, քանի որ նվազեցնելու է ծնողների՝ կարմիր դիպլոմ ստանալու կամ օլիմպիական հավակնորդներ ունենալու մրցավազքը սկսած տարրական դասարաններից։
Այդուհանդեր, անհրաժեշտ են.
1. Շատ ավելի քաղաքական ձևակերպումներ և բացատրություններ գնահատման նոր մոտեցումների վերաբերյալ. պետք է սահմանել, թե ինչու ենք ընտրում «արտաքին գնահատումը», ինչու ենք հրաժարվում անբավարար գնահատականից, ինչ «փոխարինող» գործիքակազմ ենք ներդնում, և ինչպես է այս որոշումը տեղավորվում քաղաքական նոր տրամաբանության մեջ, ինչպես է այդ տրամաբանությունը փոխկապակցված կոմպետենցիոն այն սկզբունքներին, որ ընտրվել են, կան արդյոք ուսումնական բնագավառներ, որ ազատված են լինելու գնահատումից…
2. Ինչ-որ կերպ պետք է սահմանել, որ գնահատման նոր համակարգի ներդրմանը զուգահեռ կիրականացվի ուսուցիչների ծանրաբեռնվածության՝ այդ թվում դրույքաչափի վերանայում։ Այլապես դրված նպատակներին հասնելը բարդ կլինի։
Ի վերջո, ովքե՞ր են կարդում չափորոշիչը։ Հաստատ՝ դրանք մշակողները, երբեմն՝ տնօրեններն ու ուսուցիչները, հազվադեպ՝ ծնողները, էլ ավելի հազվադեպ՝ սովորողները։ Ինչու՞։
Չափորոշիչները Հայաստանում մշակվել են նախ և առաջ որպես իրավական փաստաթղթեր։ Հայաստանի իրավական լեզուն հայատառ է, բայց ոչ հայերեն։ Այդ լեզուն արհեստական է, միգուցե վերջնական խզում ձևավորելու համար քաղաքացիների և դրանց փոքրաթիվ իրական «տերերի» միջև, որոնք անընդհատ կարող են մանիպուլացնել այս կամ այն ձևակերպումը որպես ճշմարտություն։
Հանրակրթության չափորոշիչը ԲՈԼՈՐԻ համար է, ով ինչ-որ կերպ առնչվում է դպրոցին։
Այս իմաստով դրական է, որ նոր չափորոշիչը, ի տարբերություն գործողի, շատ ավելի ամփոփ փաստաթուղթ է։ Սա մեծացնում է այն մինչև վերջ կարդալու հավանականությունը։
Միևնույն ժամանակ անհրաժեշտ է, որ.
Չափորոշիչը դիտվի նախ որպես բոլորին քաղաքականություն բացատրող, և ապա միայն իրավական փաստաթուղթ։ Ուստի չափազանց կարևոր է, որ այն գրված չլինի որպես հերթական խրթին իրավական փաստաթուղթ։
Չափորոշիչը լինի ոչ միայն հայատառ, այլև հայերեն։ Այսպես, օրինակ, «գրավոր և բանավոր կատարի գործողություններ թվային արտահայտությունների հետ» ձևակերպումը շատ ավելի հասկանալի կլիներ, եթե ձևակերպվեր որպես «կատարի գրավոր և բանավոր գործողություններ թվային արտահայտությունների հետ», կամ՝ «օգտագործի տարբեր եղանակներ թեման պատկերավոր և ընկալելի ներկայացնելու համար»-ի փոխարեն լիներ «թեման պատկերավոր և ընկալելի ներկայացնելու համար օգտագործի տարբեր եղանակներ»։ Սրանք փոքր թվացող, բայց մեծ ազդեցությամբ փոփոխություններ են՝ հայերեն հասկանալի տեքստ փոխանցելու համար։
Բացատրի, թե ինչպես են ապահովվելու այն վերջնարդյունքները, որոնք ամրագրված են չափորոշչով, սակայն «պարտադիր» առարկաների մաս չեն։ Նոր չափորոշչով միջնակարգ կրթության շրջանավարտը պետք է «տիրապետի զինվորական պատրաստվածության հիմունքներին». սակայն ինչպե՞ս է չափորոշիչը սա ապահովելու, եթե ՆԶՊ-ն պարտադիր չէ… Չի բացառվում, որ լուծում կա, սակայն այն բացատրելու-ներկայացնելու կարիք կա հենց փաստաթղթում։
Առնվազն սկզբունքների տեսքով ներկայացնի, թե մարդկային կարողությունների և միջավայրի ինչ փոփոխություններ են ակնկալվում նոր չափորոշիչ իրագործումից։
Որպես ամփոփում
Առհասարակ բարդ է չափորոշիչ քննարկելը, եթե դրա համար անհրաժեշտ հետազոտական միջավայր չկա։ Այստեղ ներկայացվածը առավելապես հետազոտական պատկերացումներից բխող դիտարկումներ են, որոնք չեն ձգտում նոր չափորոշչի մասին ամբողջական պատկերացում տալու։ Նպատակը որոշ կետերի անդրադառնալն է, որոնք առանցքային են չափորոշիչների տեսության շրջանակում։
Նոր չափորոշիչն իսկապես ունի մի շարք դրական բաղադրիչներ համեմատ գործողի։ Այն նաև անուղղակիորեն արտահայտված ինչ-որ տեսլական ունի։
Մենք պետք է չափորոշիչն ընկալենք նախ որպես քաղաքական, ապա միայն քաղաքականություն սահմանող տեխնիկական փաստաթուղթ։ Չափորոշիչը ենթադրում է ընտրություն, որն արել այն մշակողները։ Այն հստակեցնում է, թե ինչ ակնկալել հանրակրթության ոլորտում առաջիկա տարիներին։ Սակայն մենք պետք է իմանանք նաև «ինչուն» և «ինչպեսը»՝ գոնե սկզբունքների մակարդակում։ Սա չափորոշիների մշակման իսկապես նոր մոտեցում կլինի։
Այս փաստաթուղթը պետք է արձանագրի ոչ միայն ընդհանրական նպատակներ, այլև արձագանքի հասարակության կոնկրետ խնդիրների և նպատակների։ Վերջինը, իհարկե, բարդ է միայն ԿԳՄՍ նախարարության շրջանակում պատկերացնելը։
Բացի այդ, ուսուցիչներին չպետք է ընկալել որպես զուտ տեխնիկական փոխանցողներ։ Նոր չափորոշիչը կյանքի կոչելու համար, ըստ էության, մասնագիտական զարգացման և շարունակական աջակցության, աշխատանքային պայմանների վերանայման ամբողջովին նոր հայեցակարգ է անհրաժեշտ (վստահ եմ, ԿԳՄՍՆ-ում ևս հասկանում են, որ շաբաթական 22 ժամ դրույքաչափի և ընթացիկ այլ թղթաբանության հետ ձևավորող գնահատումը բարդ է համադրել)։
Նոր չափորոշիչը դպրոցներին զգալի ազատություններ է տալիս. կարևոր է բացատրել, սկզբունքների կամ կից հայեցակարգի միջոցով, թե ինչպե՞ս է կատարվելու անցումն ազատական նման միջավայրին՝ հաշվի առնելով հիմնական ռիսկերը։
Վերջում մի օրինակ. ժամանակին ԱՄՆ-ում գրվեցին Ֆեդերալիստի նոթերը (անգլ. The Federalist Papers)՝ 85 լրագրային հրապարակում հանրությանը ներկայացնելու և հիմնավորելու սահմանադրության նախագիծը։ Իհարկե, Հայաստանում քաղաքական միջավայրն այլ է։ Սակայն կարևոր է, որ բացի ԿԳՄՍ նախարարից կամ փոխնախարարից չափորոշիչը մշակող թիմը ևս փորձի բացատրել իր աշխատանքը։
Տես ավելին՝ https://www.evnreport.com