Պրոբացիա
Հայաստանի Հանրապետությունում իրականացվող բարեփոխումների շրջանակներում առանձնակի կարևորվում է քրեական պատիժների ոլորտում անձանց իրավունքների և օրինական շահերի արդյունավետ պաշտպանությունը, դրանց լիարժեք իրացման երաշխիքների ստեղծումը:
Այս համատեքստում հարկ է ընդգծել այն հանգամանքը, որ ՀՀ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտում դեռևս արդիական են մնում կալանավորված և դատապարտված անձանց իրավունքների իրացմանն ուղղված արդյունավետ կառուցակարգերի ներդրման, վերասոցիալականացման և հասարակությունում վերաինտեգրման, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտում որակյալ կադրերի ապահովման խնդիրները: Կարևորվում է, որ նշված խնդիրներն իրենց լուծումները ստանան ոչ թե պատժողական քաղաքականության արմատավորման, այլ վերականգնողական արդարադատության գաղափարախոսության ամրապնդման ուղիով:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Ազգային ժողովի 2019 թ․ փետրվարի 14-ի ԱԺՕ-002-Ն որոշմամբ հավանության արժանացած ՀՀ կառավարության ծրագրի «Ազատ, արժանապատիվ և երջանիկ քաղաքացի» վերտառությամբ 4-րդ բաժնի «Օրենքի առջև բոլորի հավասարությունը, արդարադատությունը և մարդու իրավունքների պաշտպանությունը» վերտառությամբ 4.1-րդ գլխում ևս շեշտադրված է այն հանգամանքը, որ ՀՀ կառավարությունը վճռական է վերականգնողական արդարադատության սկզբունքների արմատավորման հարցում: Միաժամանակ, կարևորելով ազատությունից զրկված անձանց իրավունքների անխոչընդոտ իրացումը՝ ընդգծվել է, որ պետք է շարունակական քայլեր ձեռնարկվեն ազատությունից զրկված անձանց հիմնական իրավունքների երաշխավորման, այդ թվում՝ արտաքին աշխարհի հետ կապի ամրապնդման, պահման պայմանների բարելավման, նրանց տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման որակի բարձրացման, վերասոցիալականացման գործընթացի արդյունավետության բարձրացման նպատակով:
Հատկանշական է, որ մինչև ՀՀ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թթ․ ռազմավարության ընդունումն առկա չէր որևէ փաստաթուղթ (ռազմավարություն, գործողությունների ծրագիր կամ հայեցակարգ), որով համապարփակ կերպով անդրադարձ կկատարվեր քրեակատարողական և պրոբացիայի համակարգի խնդիրներին և կնախանշվեին այդ խնդիրների լուծմանն ուղղված ուղիները, որպիսի պայմաններում ոլորտային բարեփոխումները որոշ դեպքերում կարող էին հատվածային բնույթ կրել:
Հիմք ընդունելով ՀՀ քրեական նոր օրենսգրքով պատժի նպատակների վերաբերյալ որդեգրված հայեցակարգային նոր մոտեցումները, հաշվի առնելով Խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի առաջարկությունները և ԽԿԿ զեկույցներում (այդ թվում՝ ՀՀ կատարած այցերի վերաբերյալ) տեղ գտած դիտարկումները, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները (այդ թվում՝ ընդդեմ Հայաստանի կայացված), ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցները, այդ թվում՝ որպես Կանխարգելման ազգային մեխանիզմ ներկայացված դիրքորոշումները, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի հրատապ, ընթացիկ և տարեկան հաշվետվությունները, ոլորտային հասարակական կազմակերպությունների կողմից բարձրացված խնդիրները, ինչպես նաև ելնելով քրեակատարողական և պրոբացիայի համակարգի արմատական, կայուն և շարունակական բարեփոխումն ապահովելու, համակարգն ամբողջությամբ արդիականացնելու հրատապությունից՝ անհրաժեշտ էր համապարփակ կերպով, մեկ ռազմավարական փաստաթղթի տեսքով սահմանել առանցքային այն ուղղություններն ու դրանցից բխող միջոցառումները, որոնց արդյունավետ իրագործումը լուծելու է ոլորտի առջև ծառացած կարևորագույն խնդիրները:
Հայաստանի Հանրապետությունում քրեական արդարադատության և պատիժների համակարգում հիմնարար բարեփոխումների փուլի սկիզբը հիմնականում դրվեց վերջին ժամանակների իրավական և դատական բարեփոխումներով:
Այդ բարեփոխումների համար առանցքային նշանակություն ունեցավ Հայաստանի Հանրապետության նախագահի 2012 թ․ հունիսի 30-ի «ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2017 թվականների ռազմավարական ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՆԿ-96-Ա կարգադրության (այսուհետ՝ Ծրագիր) ընդունումը: Ծրագիրն ուղղված էր Հայաստանում իրավունքի գերակայության և ժամանակակից իրավական պետության չափանիշներին համապատասխանող իրավական համակարգի ամրապնդմանը:
Այդ հիմնական նպատակի իրագործման համար Ծրագիրը նախատեսում էին բարեփոխումներ մի շարք ուղղություններով, այդ թվում՝ քրեական արդարադատության և քրեական պատիժների համակարգի արդյունավետության բարձրացում: Նշված հիմնական ուղղություններով իրականացված միջոցառումների արդյունքում, մասնավորապես՝
- ընդունվել է «Պրոբացիայի մասին» օրենքը,
- օրենսդրական մակարդակում բարեփոխվել է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու ինստիտուտը,
- օրենսդրական մակարդակում հստակեցվել են պատժի կրման հետ անհամատեղելի համարվող հիվանդությունների ցանկն ու դրանց չափորոշիչները և համապատասխանեցվել են հիվանդությունների միջազգային դասակարգման տասներորդ վերանայված տարբերակին:
Այդուհանդերձ, հարկ է փաստել, որ Ծրագրի շրջանակներում իրականացված քայլերն արձանագրեցին առաջընթաց միայն օրենսդրական հարթությունում՝ ամբողջ ծավալով չապահովելով դրանց գործնական կիրառումը:
ՀՀ կառավարության ծրագրում շեշտադրվել է, որ շարունակական քայլեր են ձեռնարկվելու ազատությունից զրկված անձանց հիմնական իրավունքների երաշխավորման, այդ թվում՝ արտաքին աշխարհի հետ կապի ամրապնդման, պահման պայմանների բարելավման, նրանց տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման որակի բարձրացման, վերասոցիալականացման գործընթացի արդյունավետության բարձրացման նպատակով: Կառավարությունը վճռական է վերականգնողական արդարադատության սկզբունքների արմատավորման հարցում: Այս համատեքստում կառավարությունը միջոցներ է ձեռնարկելու նաև ազատազրկման այլընտրանք հանդիսացող պատիժների և կալանավորմանն այլընտրանք հանդիսացող խափանման միջոցների կիրառման համար անհրաժեշտ օրենսդրական երաշխիքների նախատեսման, դրանց գործնական կիրառման համար անհրաժեշտ միջոցների ապահովման ուղղությամբ, ինչպես նաև քաջալերելու նման միջոցների կիրառումը:
Հարկ է նշել, որ միջազգային իրավական մի շարք փաստաթղթերով ևս ամրագրվել է (մասնավորապես` «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիա, «Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման մասին» եվրոպական կոնվենցիա, «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» ՄԱԿ-ի կոնվենցիա, Բանտարկյալների հետ վարվեցողության նվազագույն ստանդարտ կանոններ, Եվրոպական բանտային կանոններ և այլ միջազգային փաստաթղթեր) միջազգային չափանիշներին համահունչ քրեակատարողական և պրոբացիայի համակարգ, ինչպես նաև կալանավորված անձանց և դատապարտյալների իրավունքների պաշտպանության ապահովման պատշաճ համակարգ ունենալու անհրաժեշտության պահանջ:
Այս համատեքստում հատկապես մեծ կարևորություն ունեն Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (այսուհետ՝ ԽԿԿ) զեկույցներում արձանագրված խնդիրների գործնական լուծումը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների իրացման ուղղությամբ հստակ միջոցառումների իրականացումը: ԽԿԿ-ն Հայաստանի վերաբերյալ իր վերջին՝ 2015 թվականի զեկույցում առաջարկել է Հայաստանի Հանրապետությանը շարունակել ձեռնարկել արդյունավետ միջոցներ, որպեսզի ապահովի ազատությունից զրկված անձանց պահելու պայմանների՝ մարդու իրավունքների միջազգային ստանդարտների, այդ թվում՝ ՄԱԿ-ի՝ Բանտարկյալների հետ վարվեցողության նվազագույն ստանդարտ կանոնների (Նելսոն Մանդելայի կանոններ) ամբողջական կատարումը, մասնավորապես՝
1) քրեակատարողական հիմնարկներում ուժեղացնել կյանքի պայմանները բարելավելուն ուղղված ջանքերը և այլ խնդիրների շարքում լուծել կյանքի անհավասար պայմանների խնդիրը, ապագայում ուժեղացնել գերծանրաբեռնվածությունը կանխարգելելուն ուղղված միջոցները, մասնավորապես՝ ազատությունից զրկելու հետ չկապված միջոցները՝ որպես ազատազրկման այլընտրանք ավելի լայնորեն կիրառելու միջոցով՝ ազատությունից զրկելու հետ չկապված միջոցների վերաբերյալ ՄԱԿ-ի նվազագույն ստանդարտ կանոնների (Տոկիոյի կանոններ) լույսի ներքո,
2) բարելավել առողջապահության, այդ թվում՝ հոգեբուժական օգնության մատչելիությունը և որակը բոլոր ազատազրկման վայրերում, այդ թվում՝ ցմահ ազատազրկման դատապարտված բանտարկյալների համար, տրամադրել համապատասխան բժշկական սարքավորումներ, ավելացնել մասնագիտական բժշկական անձնակազմի թիվը կալանավորվածներին պահելու բոլոր վայրերում և ապահովել նրանց անկախությունն ու անկողմնակալությունը,
3) արդյունավետորեն իրականացնել պրոբացիայի իրավական և ինստիտուցիոնալ կարգավորումը, ընդունել դատապարտյալների՝ առողջության հիմքով վաղաժամկետ ազատման հստակ ընթացակարգ, ապահովել նման խնդրանքների պատշաճ ուսումնասիրությունը համապատասխան հանձնաժողովի կողմից, սահմանել վաղաժամկետ ազատման, պայմանական վաղաժամկետ ազատման պահանջների ուսումնասիրության համար պատասխանատու հանձնաժողովների բացասական որոշումների դեմ բողոքարկելու հնարավորություն և հասցեագրել նրանց անկախությունը և անկողմնակալությունը՝ ի թիվս այլոց ապահովելով այդ հանձնաժողովների ավելի հավասարակշռված անդամակցություն, մշակել և շարունակել ամրապնդել սոցիալական վերականգնմանը և ազատմանը նախապատրաստելուն ուղղված գործող ծրագրերը՝ ազատումից հետո դատապարտյալների սոցիալական վերաինտեգրումն ապահովելու նպատակով:
ՀՀ քրեական արդարադատության համակարգում առկա խնդիրներին հաճախ անդրադարձ է կատարվում նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Հայաստանի Հանրապետությանը վերաբերող մի շարք վճիռներում, որոնք վերաբերում են կալանավորված անձանց և դատապարտյալների իրավունքների և ազատությունների պաշտպանության պատշաճ երաշխավորմանը՝ նրանց պահման պայմաններին, բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելուն և այլն:
Մասնավորապես, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ «Աշոտ Հարությունյանն ընդդեմ Հայաստանի», «Դավթյանն ընդդեմ Հայաստանի» վճիռներով մատնանշվում է ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման, մասնավորապես՝ ֆիզիկական անձեռնմխելիության, այդ թվում՝ անհրաժեշտ բժշկական օգնություն տրամադրելու, անհրաժեշտ դեղամիջոցների առկայությունը երաշխավորելու միջոցով նրանց պաշտպանելու պարտականության ապահովման անհրաժեշտությունը, իսկ «Կիրակոսյանն ընդդեմ Հայաստանի», «Կարապետյանն ընդդեմ Հայաստանի», «Թադևոսյանն ընդդեմ Հայաստանի» գործերով Մարդու իրավունքների եվրոպական դատարանն անձնական նվազագույն տարածքի բացակայության առնչությամբ արձանագրել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում:
ՀՀ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թթ․ ռազմավարության շրջանակներում ՀՀ կառավարության նպատակն է օրենսդրական բարեփոխումներից զատ կատարելագործել քրեակատարողական և պրոբացիայի ոլորտում առկա պրակտիկան՝ հիմքում ունենալով դատապարտյալների և պրոբացիայի շահառուների իրավունքների պաշտպանությունը և նրանց վերասոցիալականացումը, քրեական ենթամշակույթի հաղթահարումը, կրկնահանցագործության նվազեցումը, կոռուպցիայից զերծ մշակույթի ձևավորումը:
Քրեակատարողական և պրոբացիայի համակարգում իրավիճակը բարելավելու, ինչպես նաև քրեական պատիժների նպատակային իրագործումն առավել արդյունավետ դարձնելու համար ՀՀ կառավարությունը՝ ՀՀ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թթ․ ռազմավարության շրջանակներում որոշեց, որ պետք է թիրախավորվեն հետևյալ առանցքային նպատակները՝
1) միջազգային չափանիշներին համահունչ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության մեխանիզմների կատարելագործումը,
2) դատապարտյալների պահման պայմանների բարելավումը,
3) անչափահաս դատապարտյալների պահման պայմանների բարելավումը,
4) քրեակատարողական հիմնարկներում գտնվող հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի պայմանների ապահովումը,
5) քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց բժշկական օգնության և սպասարկման պայմանների բարելավումը,
6) դատապարտյալների և պրոբացիայի շահառուների վերասոցիալականացումը,
7) քրեակատարողական հիմնարկների օպտիմալացումն ու արդիականացումը,
8) քրեակատարողական ծառայության և քրեակատարողական հիմնարկների կառավարման մոդելի և կադրային քաղաքականության կատարելագործումը,
9) կոռուպցիայից զերծ մշակույթի ձևավորումը,
10) պրոբացիայի ծառայության գործունեության արդյունավետության բարձրացումը,
11) կադրային քաղաքականության վերանայումը:
Վերոգրյալի արդյունքում քրեակատարողական և պրոբացիայի համակարգում բարեփոխումների ձեռնարկման վերջնական նպատակներն ու ակնկալվող արդյունքներն են լինելու պատժի նպատակների արդյունավետ իրացումը, քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության գործուն երաշխիքների առկայությունը, վերասոցիալականացմանն ուղղված համալիր և արդյունավետ միջոցառումների շարունակական իրականացումը, քրեակատարողական հիմնարկներում անձանց պահման պայմանների էական բարելավումը, կառավարման արդյունավետ համակարգի առկայությունը, քրեակատարողական և պրոբացիայի ծառայողների համար սոցիալական ապահովության բավարար երաշխիքների առկայությունը:
Առավել մանրամասն կարելի է տեսնել ՀՀ կառավարության 2019 թ․ նոյեմբերի 28-ին «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարությունը, դրա իրականացման 2019-2023 թվականների միջոցառումների ծրագիրը, ծրագրի ֆինանսական գնահատականը և ծրագրի կատարումը համակարգող խորհրդի ձևավորման և գործունեության կազմակերպման կարգը հաստատելու մասին» N 1717-Լ որոշման հավելվածներում։
Իսկ ՀՀ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քառամյա ռազմավարության 2020 թ․ մանրամասն տարեկան հաշվետվությունը կարող եք դիտել հետևյալ հղման ներքո։
Documents
- ՀՀ քրեական օրենսգիրք։ 2022/07/01
- ՀՀ քրեակատարողական օրենսգիրք։ 2005/02/10
- ՀՀ օրենքը քրեակատարողական ծառայության մասին։ 2005/08/27
- ՀՀ օրենքը պրոբացիայի մասին։ 2016/06/04
- ՀՀ կառավարության որոշումը ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության` կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին։ 2006/12/02
- ՀՀ արդարադատության նախարարի հրամանը ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովի կազմը և գործունեության կարգը հաստատելու և ՀՀ արդարադատության նախարարի 2005 թվականի ապրիլի 21-ի թիվ ՔՀ-26-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին։ 2012/04/12
- ՀՀ արդարադատության նախարարի հրամանը արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի ձեվավորման և հասարակական վերահսկողության իրականացման կարգը սահմանելու և ՀՀ արդարադատության նախարարի 2005 թվականի նոյեմբերի 18-ի թիվ ՔՀ-66-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին։ 2020/04/20
Links
- ՀՀ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թթ․ ռազմավարությունը, դրա իրականացման 2019-2023 թթ․ միջոցառումների ծրագիրը, ծրագրի ֆինանսական գնահատականը և ծրագրի կատարումը համակարգող խորհրդի ձևավորման և գործունեության կազմակերպման կարգը հաստատելու մասին։ 2019/11/28
- ՀՀ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քառամյա ռազմավարության 2020 թ․ մանրամասն տարեկան հաշվետվություն
- ՄԻՊ տարեկան զեկույցը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2020 թ․ գործունեության վերաբերյալ
- Քրեակատարողական և հարկադիր կատարումն ապահովող ծառայությունների ուսումնական դասընթացում ներգրավելու, դասընթաց անցնելու կարգը, պայմանները և դասընթացի ավարտից հետո պաշտոնի նշանակման կարգը սահմանելու մասին։ 2020/07/30
- ՀՀ Ազգային ժողովի կողմից 2-րդ ընթերցմամբ ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք։ 2021/06/30
- «Պրոբացիայի մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների և կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կառավարության որոշումների նախագծերի փաթեթ։ 2020/08/11
- ՀՀ կառավարության 2006 թ․ օգոստոսի 6-ի N 1543-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ։ 2020/07/08
- 2019 թ․ սեպտեմբերի 2-ից «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ՀՀ երեք քրեակատարողական հիմնարկներում մեկնարկեց ազատազրկման ձևով պատիժ կրող և/կամ կալանավորված անձանց (մինչև 19 տարեկան անձանց) հանրակրթության իրականացումը։ 2019/09/02
- Քրեակատարողական հիմնարկներում ինքնասպանությունների և ինքնավնասումների կանխարգելման 2021-2022 թվականների ռազմավարությունը և դրա իրականացման 2021-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին ՀՀ արդարադատության նախարարի 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 513-Լ հրաման։ 2020/12/11
- «Փի-Էյչ Ինթերնեյշնլ» հայկական մասնաճյուղի կողմից ԱՄՆ դեպարտամենտի՝ թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի ֆինանսավորմամբ տեղի է ունեցել Ծառայության աշխատակիցների եռօրյա աշխատանքային հանդիպում ՀՀ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թթ․ ռազմավարության ու միջոցառումների ծրագրի իրականացման շրջանակներում։ 2020/02/13
- Քրեակատարողական ծառայության համակարգում մեկնարկել են «E-penitentiary» էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման աշխատանքները: 2020/08/17
Փորձագիտական կարծիք, դիտողություններ և առաջարկություններ «ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» նախագծի վերաբերյալ
ՆԱԽԱԳԾԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿ․ Անցումային արդարադատության գործիքակազմի կիրառման միջոցով իրավունքի գերակայության ամրապնդում
1. Նախագծում որպես ռազմավարական ուղղություն նշվել է՝ «Անցումային արդարադատության գործիքակազմի կիրառման միջոցով իրավունքի գերակայության ամրապնդում»: Սակայն, Նախագծի հետագա տեքստի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ անցումային արդարադատության 4 հիմնական գործիքներից կիրառվելու է միայն ճշմարտության որոնման կամ փաստահավաք խմբի գործիքակազմը, առանց անդրադարձ կատարելու անցումային արդարադատության իրականացման այնպիսի կարևորագույն գործիքների, ինչպիսիք են՝ հանդիսանում քրեական արդարադատության իրականացումը, փոխհատուցումները և համակարգային բարեփոխումները: Չնայած այն հանգամանքին, որ փոխհատուցումների և քրեական արդարադատության իրականացման վերաբերյալ որոշակի կարգավորումներ առկա են Նախագծի փաստահավաք հանձնաժողովի վերաբերյալ միջոցառումներում, այդուհանդերձ, այդ գործողությունները բավարար չեն լիարժեք կերպով անցումային արդարադատության իրականացնելու համար: Ուստի, առաջարկում ենք Նախագծով համալիր լուծումներ նախատեսել՝ սահմանելով անցումային արդարադատության չորս մեխանիզմների իրականացմանն ուղղված հստակ նպատակներ, վերջնարդյունք և միջոցառումներ։
2. Պետք է փաստել, որ Նախագծում հստակորեն ներկայացված չէ, թե որն է փաստահավաք հանձնաժողովի ստեղծման նպատակը և վերջնարդյունքը, որը նախատեսվում է նվաճել ռազմավարական այս ուղղության կատարման արդյունքում։ Դա չի երևում նաև ռազմավարական ուղղության անվանումից։ Թերի է ներկայացված նաև այս գործիքակազմի ներդրման անհրաժեշտությունը։ Այսպես, ըստ Նախագծի՝ Հանձնաժողովի գործունեության
վերջնարդյունքը զեկույցի հրապարակումն է, որտեղ արտացոլված են փաստահավաք գործունեության ընթացքում հավաքված տեղեկությունները։ Գտնում ենք, որ այս ձևակերպումը չի կարող որակվել որպես վերջնարդյունք, այն կատարված որոշ աշխատանքների վերաբերյալ սոսկ հաշվետվության ներկայացում է հանրությանը։ Հետևապես, առաջարկում ենք Նախագծում սահմանել, թե որն է այս ռազմավարական ուղղության նպատակը և
վերջնարդյունքը։
3. Ըստ Նախագծի՝ Փաստահավաք հանձնաժողովը ձևավորվելու է 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում: Հանձնաժողովը կազմված է լինելու առավելագույնը 20 անդամից։ Գտնում ենք, որ այս կարգավորումը հիմնավորված չէ, ինչպես նաև՝ խնդրահարույց է։ Նախ՝ Նախագծից պարզ չէ, թե ինչո՞ւ է որոշվել Հանձնաժողովում ունենալ 20 անդամ, որո՞նք են այն հիմնական հայեցակարգային մոտեցումները, որոնց ցուցաբերվելու են Հանձնաժողովի
անդամների նշանակման/ընտրության հարցում, որոնք են այն սկզբունքները, որոնց հիման վրա կազմավորվելու է հանձնաժողովը։ Առաջարկում ենք հիմնավորվել, թե ինչո՞ւ է որոշվել Հանձնաժողովում ունենալ 20 անդամ, որո՞նք են այն հայեցակարգային մոտեցումները և սկզբունքները, որոնցով պայմանավորված ձևավորվելու է Հանձնաժողովը։
4. Նախագծում անցումային արդարադատության իրականացման անհրաժեշտությունը հիմնավորելիս հղումներ են կատարված մի շարք միջազգային կազմակերպությունների զեկույցների: Սակայն այդ զեկույցների բովանդակությունը ներկայացված չէ Նախագծում, որը ընթերցողի մոտ կարող է անցումային արդարադատության կիրառելիության անհրաժեշտության վերաբերյալ ողջամիտ կասկածներ առաջացնել: Ուստիև, առաջարկում ենք նշյալ զեկույցներից առանձնացնել էական նշանակություն ունեցող դրույթները և ներառել դրանք Նախագծում։
Տես ավելին՝ https://armla.am
«Մենք պետք է ունենանք ոչ ավել, քան երեք քրեակատարողական հիմնարկ․ բանտային բարեփոխում անելիս, նոր հիմնարկ չի կառուցվում»
«Մեր ռազմավարական ծրագիրն այնքան լավ պետք է աշխատի, որ մի հիմնարկ փակելուց հետո երկրորդի բացման կարիքը չլինի»
«Մենք պետք է ունենանք ոչ ավել, քան երեք քրեակատարողական հիմնարկ։ Ոչ մի իրեն հարգող երկիր, բանտային բարեփոխում անելիս, նոր հիմնարկ չի կառուցում, այլ հակառակը՝ հակացուցում է, որովհետև նոր հիմնարկներն իրենց հետո բերում են նոր մարդկանց լցնելուն»,- այս մասին Forrights-ի հետ զրույցում նշեց «Սոցիալական արդարություն» հասարակաական կազմակերպության նախագահ Արշակ Գասպաչյանը՝ անդրադառնալով ՀՀ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարական ծրագրին։
Արդարադատության նախարարության կողմից մշակված ծրագրով նախատեսվում է ապամոնտաժել «Գորիս» ՔԿՀ-ն և այն տեղափոխել Խնձորեսկ, իսկ «Հրազդան» ՔԿՀ-ի պահման պայմաններով հաշվի առնելով՝ դատապարտյալներին տեղափոխել «Սևան» քրեակատարողական հիմնարկ։ Իրավապաշտպանների դիտարկմամբ՝ նոր քրեակատարողական հիմնարկն իրենից հսկայական ծախսեր է պահանջում, որի իրականացումն ռազմավարական ծրագրի շրջանակներում անշրջահայաց է․
«Պետք է հասկանանք, որ ավելի նախընտրելի է այդ գումարներն ուղղել Պրոբացիայի ծառայությանը, որպեսզի դատապարտյալը, ազատ արձակվելուց հետո, հնարավորություն ունենա վերադառնալ սոցիում և ունենալ աշխատանք։ Այդ գումարը պետք է ուղղվի աշխատատեղեր ստեղծելու համար, մասնագիտության և կրթության համար, զբաղվածություն ապահովելու համար։ Այսօր մեծ մասը կրկնահանցագործություն է կատարում և վերադառնում քրեակատարողական հիմնարկ, քանի որ չունի զբաղվածություն, չգիտի՝ ինչով զբաղվի։ Մեր ռազմավարական ծրագիրն այնքան լավ պետք է աշխատի, որ մի հիմնարկ փակելուց հետո երկրորդի բացման կարիքը չլինի»,- Forrights-ի հետ զրույցում նշում է «Հայաստանի Հելսինկյան ասոցիացիա»-ի նախագահ, փաստաբան Նինա Կարապետյանցը։
Իրավապաշտպանը ռացիոնալ չի համարում այդ քանակի քրեակատարողական հիմնարկները փոքր պետության համար։ Կարապետյանցի դիտարկմամբ, պետք է ստեղծել այնպիսի իրավիճակ, որ համատարած կալանքներ և ազատազրկում չլինեն, այլ կիրառելի դառնան ալտերնավիվ պատժի տեսակները։
Արշակ Գասպարյանի դիտարկմամբ՝ պետությունն ուզում է փոխել պրոբացիայի պետաիրավական տեսակը, սակայն չգիտի ինչպես․
«Մենք ունենք շատ դետալիզացված փոքր գործողություններ, որոնք ընդհանրապես ռազմավարական ծրագրի մեջ չի տեղավորվում և ունենք գործողություննր, որոնք իրենց նշած ուղենիշների մեջ չեն»,- բարձրաձայնում է Արշակ Գասպարյանը։
«Դատապարտյալը պետք է սովորի, որ իր բնակության վայրը տունն է, ոչ թե հիմնարկը»
Ռազմավարական ծրագիրն այսօր քննարկվեց Պրոբացիոն ծառայության, Արդարադատության նախարարության, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, ԱՆ Քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի և իրավապաշտպանների միջև։ Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը նշեց, որ ռազմավարության մշակումը տեղի է ունեցել առաջին անգամ․
«Ռազմավարության հիմնական ուղղություններն օրենսդրական նախաձեռնություններ են, նպատակ կա ունենալ Քրեակատարողական նոր օրենսգիրք, որն, ամենայն հավանականությամբ, կդրվի հանրային քննարկման հաջորդ ամիս։։ Բացի օրենսգրքի փոփոխությունից ուշադրություն է դարձվելու նաև ենթաօրենսդրական ակտերի վրա»,- նշում է նա։
Ըստ փոխնախարարի, ծրագիրն իր առաջ երեք նպատակ է դրել՝ ունենալ միջազգային պահանջներին համահունչ քրեակատարողական և պրոբացիոն համակարգ, ունենալ քրեական ենթամշակույթից և կոռուպցիոն մեխանիզմներից զերծ համակարգ։ Գալյանի պնդմամբ՝ քրեական ենթամշակույթի վերացման ուղղությամբ տարվող աշխատանքներ են լինելու, և բոլոր դատապարտյալների համար ստեղծվելու են հավասար պահման պայմաններ։
«Միայն օրենսդրական դաշտ բերելն ու պատժողական մոդելը քրեական ենթամշակույթի դեմ պայքարում չի կարող արդյունավետ լինել. անհրաժեշտ է վերասոցիալականացման գործիքակազմ ստեղծել»,- փոխնախարարի խոսքին անդրադարձավ Դիտորդական խմբի ղեկավար Հասմիկ Հարությունյանը։
Դատապարտյալներին սոցիում վերադարձելուն արձագանքեց նաև Արշակ Գասպարյանը։ Forrights-ի հետ զրույցում իրավապաշտպանը խնդրի լուծման տարբերակներից մատնանշեց միջազգային փորձերից մեկը․
«Եթե մենք կարողանանաք բանտային օպտիմալացման հաշվին ունենանք շատ խնայված գումար, թե՛ հաստիքների, թե՛ շենք շինությունների վրա, ապա կկարողանանք այդ գումարներով պահել բանտարկյալին այնպես, ինչպես հարկն է։ Եթե ծնողն իմանա, որ իր տղան բանտային պայմաններում սոցիումից չի կտրվում, այլ սոցիումն է մտնում բանտ, բանտարկյալն էլ հաճախ է կարճաժամկետ մեկնումներով տուն գնում, ապա նրա համար անհրաժեշտություն չի լինի, որ բանտը լինի տանը կպած։ Դրա համար հաջորդ բարեփոխումն է պետք․ բանտարկյալին հաճախ բերել դեպի ազատություն, հաճախ փորձել հասարակության մեջ, չվախենալ սխալվելուց։ Դատապարտյալը պետք է սովորի, որ իր բնակության վայրը տունն է, ոչ թե հիմնարկը»,- իր խոսքում նշեց նա։
Քննարկման ընթացքում Forrights-ը բանախոսներից փորձեց ճշտել՝ արդյո՞ք ռազմավարական այդ մեծ նախագծում որևէ կետով անդրադարձ է կատարվել նաև ցմահ դատապարտյալներին։ Փոխնախարարը հիշատակեց ամիսներ առաջ ԱՆ ընդունված օրենքը, որով սահմանվեց պատժի կրման ռեժիմի փոփոխությունը։ Սրբուհի Գալյանը հայտարարեց, որ ավելի կդյուրինացվի նաև պայմանական վաղաժամկետ ազատ արձակման գործընթացը։ Forrights-ի այն նկատառմանը, որ դատապարտյալների համար «սև բիծ» է դառնում 10 և ավել տարի առաջ ստացած, սակայն մարված տույժերը, փոխնախարարը պատասխանեց․
«Մարված տույժերը որևէ ձևով չեն կարող պատճառ հանդիսանալ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համար։ Իսկ եթե, այնուամենայնիվ պատճառ են հանդիսանում, ապա դա արդեն դատական համակարգի սխալն է»։
Ռազմավարական ծրագրի նախագիծը e-draft-ում կմնա մինչև սեպտեմբարի 11-ը։ Այս պահին ծրագրի ընդունմանը կողմ է քվերակել 20, դեմ՝ 3 անձ։
Տես ավելին՝ https://forrights.am
Բանտային առողջապահության ոլորտի զարգացմանն ուղղված նոր ծրագիր
Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովայի գլխավորած պատվիրակությանը և քննարկել բանտային առողջապահության ոլորտում բարեփոխումների նոր ծրագրի ուղղությունները: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Սրբուհի Գալյանը, բարձր գնահատելով ԵԽ երևանյան գրասենյակի հետ համագործակցությունն ու համատեղ իրականացված «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագրի արդյունքները, կարևորել է բարեփոխումներին ուղղված նոր փոխգործակցության անհրաժեշտությունը՝ ուղղված «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի կարողությունների զարգացմանը, այդ թվում՝ կադրերի վերապատրաստմանը, դատապարտյալների խնամքին ուղղված համապատասխան ուղեցույցների մշակմանը, բժշկական օգնության և սպասարկման համար անհրաժեշտ իրավական հիմքերի ապահովմանը և մի շարք այլ հարցերի: Նշենք, որ բանտային առողջապահության ոլորտի բարեփոխումը Կառավարության կողմից հաստատված «Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարության միջոցառումների ծրագրի կարևոր ուղղություններից է:
ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան ընդգծել է իրականացված և իրականացվելիք երկու ծրագրերի կարևորությունը և համատեղ ուժերով բանտային առողջապահության ոլորտում էական բարեփոխումներ իրականացնելու պատրաստակամություն է հայտնել:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՔԿՀ-ներում պատշաճ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների, հոգեկան առողջության հետ կապված խնամքի տրամադրան որակի բարձրացման, բժշկական անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման, կադրերի վերապատրաստման, անհրաժեշտ ուղեցույցների մշակմանը վերաբերող մի շարք հարցեր:
Հիշեցնենք, որ Արդարադատության նախարարության և Եվրոպայի խորհրդի կողմից համատեղ իրականացված «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագրի շրջանակում ձեռք էին բերվել բժշկական նորագույն սարքավորումներ, շուրջ 1000 քրեակատարողական ծառայողներ վերապատրաստվել էին՝ բժշկական էթիկայի, բժշկական գաղտնիքի և այլ թեմաներով, ՔԿՀ-ների բժշկական անձնակազմի համար ձեռք էր բերվել անհրաժեշտ կահույք, ինչպես նաև կազմվել էին «Բանտային առողջապահության հիմնախնդիրները և բարեփոխումները Հայաստանի Հանրապետությունում» ձեռնարկը և «Կալանավորված և դատապարտված անձանց առողջապահական իրավունքների և դրանց իրացման մեխանիզմների» ուղեցույցը:
Տես ավելին՝ https://yerevan.today
Պրոբացիայի ծառայությունը Հայաստանի Հանրապետությունում
2016 թ.-ի մայիսի 17-ին Հայաստանի Հանրապետությունն ընդունեց «Պրոբացիայի մասին» օրենքը, որով երկրում հիմք դրվեց պրոբացիային, և ստեղծվեց քրեակատարողական ծառայությունից անկախ պրոբացիայի ծառայություն: Այս ինստիտուտի ներդնումը պայմանավորված էր երկրում քրեական արդարադատության ոլորտում պատժողական քաղաքականությունից վերականգնողական արդարադատության անցնելու անհրաժեշտությամբ: Հանցանք կատարած անձանց վերականգնումն ու սոցիալական վերաինտեգրումն առաջնային նշանակություն ունեն այս գաղափարի համատեքստում։ Օրենքի ընդունումից ու ծառայության գործունեության մեկնարկից ի վեր, սակայն, Պրոբացիայի գործունեության գնահատում, որպես այդպիսին, չի կատարվել, չեն ուսումնասիրվել ոլորտի օրենսդրական
հիմքերն ու դեռևս կարգավորում պահանջող հարաբերությունները: Ծառայության գործունեությունը չի գնահատվել նաև պրակտիկայում, ինչը հնարավորություն կտար գործարկման առաջին իսկ տարիներին նախանշելու հիմնական ռիսկերն ու մարտահրավերները: Չնայած Պրոբացիայի ծառայությունը հանրությանն ու ՀՀ արդարադատության նախարարությանը ներկայացնում է իրականացված աշխատանքների վերաբերյալ պարբերական հաշվետվություններ, սակայն դրանք բովանդակային չեն ևորակական տվյալներ չեն պարունակում, չեն գնահատում արդյունավետությունն ու հնարավոր ռիսկերը: Ոլորտի վերաբերյալ իրականացված առավել համապարփակ ուսումնասիրություն թերևս կարելի է համարել ՀՀ մարդու իրավունքների պաշպանի՝ ՀՀ պրոբացիայի պետական
ծառայության գործունեության մշտադիտարկումը և դրա արդյունքներն ամփոփող 2018 թվականի զեկույցը: Այն արձանագրել է, որ չնայած օրենսդրության մեջ ամրագրվել է վերականգնողական արդարադատության գաղափարը, սակայն դեռևս լուրջ քայլեր պետք է ձեռնարկվեն դրա պրակտիկ կիրառելիությունը պատշաճ ապահովելու համար:
Վերոնշյալի համատեքստում հուսադրող են ՀՀ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թթ.-ի ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2023 թթ.-ի միջոցառումների ծրագիրը, որում ներկայացված են ոլորտի հիմնախնդիրներն ու բարեփոխումների ուղենիշները: Մասնավորապես, որպես բարեփոխումների առաջնային ուղենիշ, ի թիվս այլնի, նշվում են օրենսդրական դաշտի կատարելագործումը, գործող ակտերը միջազգային իրավական չափորոշիչներին համապատասխանեցնելը, ինչպես նաև Պրոբացիայի ծառայության գործունեության արդյունավետության բարձրացումը՝ հատկապես օրենսդրության շարունակական զարգացումը, Պրոբացիայի ծառայության կարգավիճակի վերանայումը, սոցիալական երաշխիքների նախատեսումը, տեխնիկական միջոցներով վերազինումը, պրոբացիայի շահառուների վերասոցիալականացումը: Ռազմավարությունն ու գործողությունների ծրագիրն արդեն իսկ հաստատվել
են ՀՀ կառավարության կողմից, ինչը թույլ է տալիս ակնկալել սահմանված նպատակների ու գործողությունների իրականացում:
Սույն հետազոտությունը կատարվել է՝ հիմք ընդունելով Պրոբացիայի ծառայության շուրջ 4-ամյա գործունեության օրենսդրական հիմքերի, պրակտիկ գործունեության արդյունքների ու նախադրյալների, ինչպես նաև դեռևս առկա մարտահրավերների ուսումնասիրման անհրաժեշտությունը:
Ուսումնասիրությունը բաղկացած է երկու մասից: Առաջին փուլում ուսումնասիրության առարկա են դարձել ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտն ու հարակից օրենսդրությունը՝ վեր հանելով առկա բացերը, հակասություններն ու առաջնահերթ բարեփոխումների ուղղությունները: Ըստ այդմ, ուսումնասիրությունը ցույց է տալիս ծառայության արդյունավետ գործունեության և գործառույթների կատարման հիմնական օրենսդրական խոչընդոտները:
Այս փուլում ուսումնասիրության համար որպես տեղեկատվության հիմնական աղբյուր օգտագործվել են.
— «Պրոբացիայի մասին» ՀՀ օրենքը,
— քրեական արդարադատության ոլորտի օրենսդրական կարգավորումները՝ քրեակատարողական, քրեական և քրեական դատավարության օրենսգրքերը,
— քրեական արդարադատության ոլորտի վերոնշյալ օրենսգրքերի նախագծերը,
— քրեակատարողական ու պրոբացիայի ոլորտների ռազմավարությունը,
— ՀՀ կառավարության վերաբերելի որոշումները,
— ՀՀ արդարադատության նախարարության՝ ոլորտի վերաբերելի հրամանները,
— պրոբացիայի ոլորտի ուսումնասիրություններն ու առկա զեկույցները,
— իրավասու մարմիններին հասցեագրված տեղեկատվական
հարցումները։
Հետազոտության երկրորդ փուլը հիմնվում է Պրոբացիայի ծառայության պրակտիկ գործունեության վրա. այն դեռևս ընթացքի մեջ է, արդյունքները հնարավոր կլինի ներկայացնել կարճ ժամանակ անց: Ընթացիկ փուլն իրականացվում է պրոբացիայի ծառայողների ու շահառուների հետ նպատակային առանձնազրույց-հարցազրույցների հիման վրա՝ նախապես մշակված հարցաթերթիկների միջոցով: Ծառայության պրակտիկ գործունեության ուսումնասիրության
արդյունքները վեր կհանեն ծառայության արդյունավետության աստիճանը շահառուների վերասոցիալականացման գործում, օրենքով նախատեսված միջոցառումների իրագործման ծավալները, բացթողումներն ու դրանց պատճառները, ծառայության նյութական ռեսուրների ու պայմանների վիճակը, դրանց առնչությամբ առկա հիմնախնդիրներն ու անհրաժեշտ փոփոխությունները, համագործակցությունը պետական ևոչ պետական մարմինների հետ, կադրային քաղաքականության հիմնահարցերն ու ծառայողների ծանրաբեռնվածությունը:
Տես ավելին՝ https://epfarmenia.am